2008
Հրեշտակների ծառայությունը
2008թ. ՆՈՅԵՄԲԵՐ


Հրեշտակների ծառայությունը

Աստված երբեք չի թողնում մեզ մենակ, երբեք չի թողնում մեզ անօգնական այն դժվարություններում, որոնց մենք դիմակայում ենք:

Նկար
Elder Jeffrey R. Holland

Երբ Ադամն ու Եվան պատրաստակամորեն մտան մահկանացու կյանք, նրանք գիտեին, որ այս թելեստիալ աշխարհը պարունակելու էր փշեր և տատասկափշեր և ամեն ձևի դժվարություններ: Սակայն նրանց համար ամենադժվարը, այնուամենայնիվ, ոչ թե նեղություններն էին և վտանգը, որոնց նրանք պիտի դիմանային, այլ փաստը, որ նրանք այժմ հեռու էին լինելու Աստծուց, առանձնացված Նրանից, ում հետ նրանք քայլել էին և զրուցել, որը նրանց դեմ առ դեմ խորհուրդ էր տվել: Այդ գիտակցված ընտրությունից հետո, ինչպես ծննդոց հիշատակարանն է ասում. «նրանք չէին տեսնում նրան, քանզի նրանք զրկված էին նրա ներկայությունից»:1 Բացի այն բոլոր բաներից, որ նրանց պիտի մտահոգեր, անշուշտ սա պետք է որ նրանց ամենաշատը մտահոգեր:

Բայց Աստված գիտեր մարտահրավերները, որոնց նրանք պիտի հանդիպեին, և Նա, իհարկե, գիտեր, թե երբեմն որքան միայնակ և դժբախտ էին իրենց զգալու: Այսպիսով, նա անընդհատ հետևում էր Իր մահկանացու ընտանիքին, միշտ լսում էր նրանց աղոթքները և ուղարկում էր մարգարեներ (իսկ ավելի ուշ առաքյալներ) սովորեցնելու, խորհուրդ տալու և նրանց առաջնորդելու համար: Իսկ հատուկ կարիքի դեպքում, Նա ուղարկում էր հրեշտակներ, աստվածային սուրհանդակներ` օրհնելու Իր զավակներին, վերահավաստիացնելու նրանց, որ երկինքը միշտ մոտ է և Իր օգնությունը` միշտ հասանելի: Իսկապես, հետո երբ Ադամն ու Եվան իրենց գտան միայնակ և մռայլ աշխարհում, մի հրեշտակ հայտնվեց նրանց,2 որը սովորեցրեց նրանց զոհաբերության իմաստը և խոստացված Քավչի քավող դերը, որը պիտի գար:

Երբ այս Փրկչի գալստյան ժամանակը մոտ էր, մի հրեշտակ ուղարկվեց Մարիամի մոտ հայտարարելու, որ նա պետք է լինի Աստծո Որդու մայրը:3 Ապա հրեշտակների մի խումբ նշանակվեցին երգելու այն գիշեր, երբ մանուկ Հիսուսը ծնվեց:4 Այնուհետև, ոչ շատ անց, մի հրեշտակ հայտարարեց Հովսեփին, որ նորածին մանուկը վտանգի մեջ է, և որ այս փոքրիկ ընտանիքը պետք է փախչի Եգիպտոս ապահովության համար:5 Երբ ապահով էր վերադառնալ, մի հրեշտակ հայտնեց այդ տեղեկությունն ընտանիքին և երեքով նրանք վերադարձան իրենց ժառանագության երկիրը:6

Սկզբից ի վեր ողջ տնտեսությունների ընթացքում Աստված օգտագործել է հրեշտակներին որպես Իր պատվիրակներ՝ հայտնելու սեր և մտահոգություն Իր զավակների հանդեպ: Ժամանակն այս ժողովում թույլ չի տալիս անգամ թռուցիկ քննություն կատարել սուրբ գրությունների կամ մեր սեփական վերջին օրերի պատմության մեջ, որոնք այնքան լի են երկրի վրա գտնվողներին մատուցվող հրեշտակների ծառայության պատմություններով, բայց սա հարուստ վարդապետություն է և իսկական հարուստ պատմություն:

Սովորաբար, այսպիսի էակները տեսանելի չեն: Երբեմն տեսանելի են: Սակայն, տեսանելի, թե ոչ տեսանելի, նրանք միշտ մոտիկ են: Երբեմն նրանց հանձնարարությունները շատ վիթխարի են և կարևորություն ունեն ողջ աշխարհի համար: Երբեմն ուղերձներն ավելի անձնական են: Սովորաբար, հրեշտակային սպասավորման նպատակն է նախազգուշացնել: Բայց շատ ավելի հաճախ՝ մխիթարել, արտահայտել ինչ-որ ձևի ողորմած ուշադրություն, առաջնորդություն դժվարին պահերին: Երբ Լեքին երազում իրեն մի երկյուղալի վայրում գտավ՝ «մի մութ ու մռայլ անապատում», ինչպես նա է նկարագրել այն, նրան մի հրեշտակ դիմավորեց, «մի մարդ… . հագած սպիտակ պարեգոտ… . խոսեց ինձ հետ,– ասաց Լեքին,– և առաջարկեց հետևել իրեն»:7 Լեքին հետևեց նրան դեպի ապահովություն և վերջապես դեպի փրկության արահետը:

Կյանքի ընթացքում մեզանից բոլորն անցկացնում են պահեր «մութ և մռայլ վայրերում», անապատում, վշտի, երկյուղի կամ հուսահատության պայմաններում: Մեր ներկա օրը լի է համաշխարհային մտահոգություններով` կապված ֆինանսական ճգնաժամերի, էներգետիկ խնդիրների, ահաբեկչական հարձակումների և բնական աղետների հետ: Սրանք միախառնվում են անձնական և ընտանեկան մտահոգություններին՝ ոչ միայն տների համար, թե որտեղ ենք ապրելու և ուտելիքի համար, թե ինչ ենք ուտելու, այլ նաև տարրական անվտանգության և մեր երեխաների բարօրության համար և մեր մոլորակի վերջին օրերի մարգարեությունների վերաբերյալ: Ավելի քան կարևոր, քան սրանք և երբեմն սրանց հետ են կապված բարոյագիտական, բարոյական և հոգևոր քայքայվածության հարցերը, որոնք նկատվում են բնակավայրերում մեծ թե փոքր, տանը թե արտասահմանում: Բայց ես վկայում եմ, որ հրեշտակները դեռ ուղարկվում են օգնելու մեզ, ճիշտ ինչպես նրանք ուղարկվեցին օգնելու Ադամին ու Եվային՝ օգնելու մարգարեներին և իսկապես օգնելու հենց Իրեն` աշխարհի Փրկչին: Մատթեոսը հիշատակում է իր ավետարանում, որ հետո, երբ սատանան գայթակղեց Քրիստոսին անապատում, «հրեշտակները եկան և ծառայում էին նրան»:8 Նույնիսկ Աստծո Որդին՝ Աստված Ինքը, երկնային մխիթարության կարիք ուներ մահկանացու կյանքի Իր ճամփորդության ժամանակ: Եվ ուրեմն, արդարներին այսպիսի ծառայություններ կլինեն մինչև ժամանակի վերջը: Ինչպես Մորմոնն ասաց իր որդուն` Մորոնիին, որը մի օր լինելու էր հրեշտակ.

«Մի՞թե հրաշքների օրը դադարել է:

«Կամ մի՞թե հրեշտակները դադարել են հայտնվել մարդկանց զավակներին: Կամ մի՞թե նա նրանցից ետ է պահել Սուրբ Հոգու զորությունը: Կամ մի՞թե նա կանի դա, քանի դեռ ժամանակը կտևի, կամ երկիրը կանգուն կլինի, կամ նրա երեսին մեկ մարդ կլինի` փրկվելու:

«Ահա, ես ասում եմ ձեզ` Ոչ. Քանզի հավատքով է, որ հրաշքներ են գործվում և հավատքով է, որ հրեշտակներ են հայտնվում և սպասավորում մարդկանց: …

«Քանզի ահա, նրանք ենթարկվում են նրան՝ սպասավորելու համաձայն նրա հրամանի խոսքի, իրենց ցույց տալով նրանց, ովքեր ուժեղ են հավատքով և կայուն՝ մտքով, ամեն ձևի աստվածապաշտությամբ»: 9

Ես խնդրում եմ բոլորին իմ ձայնի ողջ ուժով` սրտապնդվեք, լցված եղեք հավատքով և հիշեք` Տերն ասել է, որ Նա «կկռվի [մեր] պատերազմներում, … [մեր] երեխաների պատերազմներում, և [մեր] երեխաների երեխաների [պատերազմներում]»:10 Ի՞նչ ենք անում մենք այդպիսի պաշտպանության արժանանալու համար: Մենք պետք է «փնտրենք ջանասիրաբար, աղոթենք անդադար և լինենք հավատացող: [Այն ժամանակ] բոլոր բաները միաժամանակ կգործեն [մեր] բարիքի համար, եթե [մենք] ուղիղ քայլենք և հիշենք ուխտը, որով ուխտ ենք կապել միմյանց հետ»:11 Վերջին օրերը վախենալու և դողալու ժամանաներ չեն : Դրանք հավատացող լինելու և մեր ուխտերը հիշելու ժամանակներ են:

Այստեղ ես խոսեցի երկնային օգնության մասին, կարիքի դեպքում, մեզ օրհնելու համար հրեշտակներին ուղարկելու մասին: Բայց, երբ մենք խոսում ենք նրանց մասին, ովքեր Աստծո ձեռքում գործիքներ են, մեզ հիշեցվում է, որ ոչ բոլոր հրեշտակներն են վարագույրի այն կողմից: Ոմանց հետ մենք քայլում ենք և խոսում` այստեղ, այժմ, ամեն օր: Նրանցից ոմանք ապրում են մեր իսկ շրշակայքում: Նրանցից ոմանք ծնել են մեզ և իմ դեպքում նրանցից մեկը համաձայնվեց ամուսնանալ ինձ հետ: Իսկապես, երկինքը երբեք այնքան մոտիկ չի թվում, քան այն ժամանակ, երբ տեսնում ենք բարություն և նվիրում դրսևորող Աստծո սերը հրաշալի և անբիծ մարդկանց կողմից, որոնց վերաբերյալ «հրեշտակային» բառը միակն է, որ մարդու միտքն է գալիս: Երեց Ջեյմս Դաննը այս ամբիոնից միայն մի քանի րոպե առաջ օգտագործեց այդ բառը իր բացման աղոթքում, նկարագրելով այդ Երեխաների Միության երգչախումբը: Ինչո՞ւ ոչ: Պահելով մեր մտքում և մեր աչքերի առաջ այդ երեխաների ոգին, դեմքերը և ձայները, թույլ տվեք կիսվել ձեզ հետ ընկերոջս` ԲՅՀ-ի իմ գործընկեր՝ հանգուցյալ Քլին Դ. Բարրուսի մասին մի պատմությամբ: Ես անում եմ դա նրա կնոջ` Մերիլինի և նրա ընտանիքի թույլտվությամբ:

Խոսելով Այդահոյի մի մեծ ագարակում իր մանկության մասին՝ Եղբայր Բարրուսը պատմել է կթելու ժամին կովերը մեկտեղ հավաքելու իր գիշերային հանձնարարության մասին: Քանի որ կովերն արածում էին մի դաշտում, որը սահմանակից էր երբեմն վտանգավոր դարձող Թեթոն գետին, Բարրուսի ընտանիքում խիստ կանոն կար, որ գարնանային հեղեղումների ժամանակ երեխաները երբեք չպետք է գնային կովերի ետևից, որոնք համարձակվում էին անցնել գետը: Նրանք միշտ պետք է վերադառնային տուն և օգնության կանչեին մեծահասակներին:

Մի շաբաթ օր անմիջապես իր յոթներորդ ծննդյան օրից հետո, Եղբայր Բարրուսի ծնողները խոստացան ընտանիքին կինոնկարի դիտման երեկո, եթե ամենօրյա գործերը ժամանակին վերջացնեին: Բայց երբ պատանի Քլինը հասավ արոտավայր, տեսավ, որ կովերը, որոնց նա փնտրում էր անցել էին գետը, չնայած այն հոսում էր հեղեղման բարձրակետով: Հասկանալով, որ կինոնկարի դիտմամբ իր հազվագյուտ երեկոն վտանգի տակ էր, նա որոշեց կովերի ետևից ինքը գնալ, չնայած նրան զգուշացված էր եղել, բազմաթիվ անգամներ, երբեք դա չանել:

Երբ յոթնամյա տղան խթանեց իր ծեր ձիուն` Բաններին, դեպի սառը, արագ հոսանքի մեջ, ձիան գլուխը հազիվ էր ջրից դուրս մնում: Ձիու վրա նստած մեծահասակ մարդը ապահով կլիներ, բայց Եղբայր Բարրուսի մատաղ հասակում հոսանքը լիովին ծածկեց նրան, բացառությամբ այն պահերից, երբ ձին առաջ մղվելով մի քանի անգամ ջրից դուրս բերեց Քլինի գլուխը, որի ընթացքում նա հազիվ հասցրեց շունչ քաշել:

Այստեղ ես բերում եմ եղբայր Բարրուսի սեփական խոսքերը.

«Երբ Բանները, ի վերջո, դուրս եկավ մյուս ափը, ես հասկացա, որ իմ կյանքը եղել էր սոսկալի վտանգի տակ, և որ ես ահավոր բան էի կատարել` ես գիտենալով չէի հնազանդվել հորս: Ես զգացի, որ կարող էի ինձ փրկել միայն, եթե կովերն ապահով տուն հասցնեի: Միայն այդ դեպքում միգուցե հայրս ներեր ինձ: Բայց արդեն մթնշաղ էր, և ես հաստատ չգիտեի, թե որտեղ էի: Հուսահատությունը պաշարեց ինձ: Ես թաց էի և մրսած, կորած էի ու ահաբեկված:

Ես վար իջա ծեր Բանների վրայից, ընկա գետնին նրա ոտքերի մոտ և սկսեցի լաց լինել: Խորը հեկեկոցների միջև ես փորձեցի աղոթել, կրկնելով կրկին ու կրկին իմ Երկնային Հորը «Ներողություն: Ներիր ինձ: Ներողություն: Ներիր ինձ»:

Ես երկար աղոթեցի: Երբ ի վերջո վեր նայեցի, արցունքներիս միջից տեսա, որ մի սպիտակ հագած կերպարանք է մոտենում ինձ: Մթության մեջ ես համոզված էի, որ պետք որ հրեշտակ լիներ, որն ուղարկվել էր ի պատասխան իմ աղոթքների: Ես չէի շարժվում, ոչ էլ ձայն էի հանում, մինչ կերպարանքը մոտենում էր, այնպես ապշահար էի նրանից, ինչ տեսնում էի: Մի՞թե Տերն իսկապես հրեշտակ էր ուղարկել ինձ մոտ՝ մեկի մոտ, որն այնքան անհնազանդ էր եղել:

«Ապա մի ծանոթ ձայն ասաց. «Որդի՛ս, ես քեզ էի որոնում»: Մթության մեջ ես ճանաչեցի հորս ձայնը և վազեցի դեպի նրա ինձ պարզած ձեռքերը: Նա ինձ ամուր գրկեց, ապա մեղմորեն ասաց. «Ես անհանգստացած էի: Ուրախ եմ, որ գտա քեզ»:

«Ես փորձեցի պատմել նրան, թե որքան էի ափսոսում, բայց իմ դողացող շուրթերից միայն անկապ բառեր էին դուրս թռչում. «Շնորհակալություն… . մթություն… . վախեցա… . գետը… . մենակ»: Ավելի ուշ, այդ երեկո, ես իմացա, որ երբ ես չէի վերադարձել արոտավայրից, հայրս եկել էր ինձ որոնելու: Երբ չէր գտել ոչ ինձ, ոչ կովերին, նա հասկացել էր, որ անցել էի գետը և վտանգի մեջ էի: Քանի որ մութ էր և կարևորը ժամանակ չկորցնելն էր, նա հանել էր իր շորերը և մնացել իր տաք երկարաթև նեքնահագուստով, կապել իր կոշիկները վզից և լողացել վտանգավոր գետով` փրկելու իր քմահաճ որդուն:12

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ես վկայում եմ հրեշտակների մասին, թե՛ երկնային, թե՛ մականացու տեսակի: Այդ անելով, ես վկայում եմ, որ Աստված երբեք չի թողնում մեզ մենակ, երբեք չի թողնում մեզ անօգնական այն դժվարություններում, որոնց մենք դիմակայում ենք: «Ոչ էլ նա կանի դա քանի դեռ ժամանակը կտևի, կամ երկիրը կանգուն կլինի, կամ նրա երեսին մեկ մարդ [կամ կին կամ երեխա] կլինի` փրկվելու»:13 Համաշխարհային կամ անձնական առիթներով մենք գուցե զգանք, որ հեռացած ենք Աստծուց՝ երկնքից դուրս փակված, կորած և մենակ, մութ և մռայլ վայրերում: Բավականին հաճախ այդ փորձանքը կարող է մեր իսկ արածը լինել, բայց նույնիսկ այդ ժամանակ մեր Հայրը հետևում է ամեն ինչին և օգնում: Եվ կան այն հրեշտակները, ովքեր գալիս են և գնում մեր շուրջ բոլորը, տեսանելի և ոչ տեսանելի, հայտնի և անհայտ, մահկանացու և անմահ:

Թող որ մենք բոլորս հավատանք ավելի պատրաստակամորեն և ունենանք ավելի մեծ երախտագիտություն Տիրոջ խոստման համար, որ գտնվում է Նախագահ Մոնսոնի սիրված սուրբ գրությունների մեջ. «Ես կգնամ ձեր առջևից: Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում… . իմ Հոգին կլինի ձեր սրտերում, և իմ հրեշտակները` ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ»:14 Աղոթելով, որ այդ հրեշտակներն այցելեն մեզ, արդյոք կարող ենք մենք բոլորս այդ ընթացքում փորձել ինքներս լինել ավելի հրեշտակային` բարի խոսքով, ամուր ձեռքով, հավատքի հռչակմամբ և «ուխտով, որով [մենք] ուխտել ենք»:15 Հավանաբար, այդ ժամանակ մենք կարողանանք Աստծո կողմից ուղարկված պատվիրակներ լինել, երբ ինչ-որ մեկը, մի գուցե Երեխաների Միության մի երեխա, բացականչի. «Մթություն… . վախեցա… . գետ… . մենակ»: Սրա համար ես աղոթում եմ, Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

Աղբյուրներ

  1. Մովսես 5.4:

  2. Տես Մովսես 5.6-8:

  3. Տես Ղուկաս Ա.26–38:

  4. Տես Ղուկաս Բ.8–14:

  5. Տես Մատթեոս Բ.13–15:

  6. Տես Մատթեոս Բ.19–23:

  7. 1 Նեփի 8.7, 5–6:

  8. Մատթեոս Դ.11:

  9. Մորոնի 7.35-37, 30:

  10. ՎևՈՒ 98.37, շեշտադրումն ավելացված է:

  11. ՎևՈՒ 90.24:

  12. Տես Clyn D. Barrus, “Coming Home,” Liahona, Nov. 1995, F5–F7:

  13. Մորոնի 7.36:

  14. ՎևՈՒ 84.88:

  15. ՎևՈՒ 90.24: