2008
Նախագահ Մոնսոնը հայտարարում է նոր տաճարների մասին
2008թ. ՆՈՅԵՄԲԵՐ


Նախագահ Մոնսոնը հայտարարում է նոր տաճարների մասին

Թվով ավելի շատ Եկեղեցու անդամներ կստանան տաճարային օրհնությունները հինգ նոր տաճարների կառուցման ավարտից հետո, որոնց մասին հայտարարվեց գերագույն համաժողովի ժամանակ: 2008 թվի հոկտեմբերի 4-ին, շաբաթ առավոտյան նիստի իր բացման խոսքում Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հայտարարեց նոր տաճարների ծրագրերի մասին:

Նոր տաճարները կկառուցվեն Քալգարիում, Ալբերտա, Կանադա; Կորդոբայում, Արգենտինա; Կանզաս Սիթիի տարածքում, Միսսուրի, ԱՄՆ; Ֆիլադելֆիայում, Փենսիլվանիա, ԱՄՆ; և Հռոմում, Իտալիա: Նոր տաճարների համար հողակտորներն արդեն ձեռք են բերվել:

«Ինչպիսի փառավոր օր է մեզ համար՝ վկա լինելու հինգ նոր տաճարների հայտարարությանը, որ արվեց մեր սիրելի մարգարեի կողմից», – ասաց Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդականը, հայտարարությանը հաջորդող համաժողովի իր ելույթի ժամանակ: «Ինչպիսի սքանչելի օր է մեր բոլորի համար»:

Տաճարը Քալգարիում, Ալբերտա, Կանադա, կկառուցվի Եկեղեցու սեփականությունը հանդիսացող հողակտորի վրա, որը հարում է քաղաքի հյուսիս-արևմտյան մասում գտնվող ներկա հավաքատանը: Այն կլինի թվով ութերորդ տաճարը Կանադայում և երրորդ տաճարը Ալբերտայում: Կանադայում մյուս տաճարները գտնվում են Հալիֆաքսում, Նովա Սկոչա; Էդմոնտոնում, Ալբերտա; Քարդսթոնում, Ալբերտա; Ռեգինա Սասկաչեվանում; Տորոնտոյում, Օնտարիո; Մոնրեալում, Քվեբեք; և Վանկուվերում, Բրիտանական Կոլումբիա (Բրիտանական Կոլումբիայի տաճարը ներկայումս կառուցման ընթացքում է):

Կորդոբայում, Արգենտինա, տաճարը գտնվելու է Բելգրանո հավաքատան տեղում, ներկա միսիայի տան հարևանությամբ: Այն կլինի թվով 34-րդ տաճարը Լատինական Ամերիկայում, և երկրորդ տաճարը Արգենտինայում: Արգենտինայում առաջին տաճարը նվիրագործվեց 1986թ. մայրաքաղաք Բուենոս Այրեսում:

Եկեղեցու կայուն աճը Միացյալ Նահանգներում արտահայտվում է Կանզաս Սիթի մեծ տարածքում, Միսսուրի, , և Ֆիլադելֆիայում, Փենսիլվանիա, տաճարների կառուցման ծրագրերի հայտարարությամբ: Այս տաճարները Միացյալ Նահանգներում կմիանան մի քանի տասնյակ այլ տաճարների թվին: Կանզաս Սիթիի մեծ տարածքի տաճարը կկառուցվի Քլեյ Քաունթիում, Միսսուրի, Կանզաս Սիթիի սահմաններում Շոուլ Քրիկ բնակելի տարածքում: Ֆիլադելֆիայի տաճարը կկառուցվի քաղաքի կենտրոնում, ինչպես մեծ քաղաքներում, օրինակ Մանհեթենում և Հոնգ Քոնգում, գտնվող այլ տաճարներ:

Միջերկրական ծովի տարածքում գտնվող Սրբերի համար մեծապես օգտակար է Հռոմի, Իտալիա, տաճարի կառուցման ծրագրերի հայտարարությունը: Տաճարը կզբաղեցնի 6 հեկտար Եկեղեցու սեփականությունը հանդիսացող հողատարածքում, որը գտնվում է Հռոմի հյուսիսային հատվածի օղակաձև ճանապարհին կից: Հայտարարված տաճարը կհանդիսանա 12-րդը Եվրոպայում և առաջինը Միջերկրականի տարածքում: Եկեղեցու անդամները մերձակից երկրներից կօգտվեն ճանապարհորդելու համար պահանջվող ավելի քիչ ժամանակից և ավելի ցածր ճանապարհածախսից:

Ներկայումս գործում են 128 նվիրագործված տաճարներ և 17-ի մասին արվել է հայտարարություն կամ կառուցվում են, որի արդյունքում հայտարարված կամ գործող տաճարների ընդհանուր թիվը ողջ աշխարհում հասնում է 145-ի: