Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 7․ Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը


Դաս 7

Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը

Նախաբան

Որպես Աստվածաշնչի զուգընկեր Մորմոնի Գիրքը վկայում է Հիսուս Քրիստոսի աստվածայնության և որպես աշխարհի Փրկիչ Նրա դերի մասին։ Մորմոնի Գիրքը վերականգնում է պարզ և թանկարժեք ճշմարտությունները, որոնք կորսվել էին Աստվածաշնչից։ Երբ մենք ուսումնասիրում ենք Մորմոնի Գիրքը, Աստվածաշնչում եղած վարդապետությունների վերաբերյալ մեր հասկացողությունը պարզաբանվում է։

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

Եզեկիել 37․15–19, 2 Նեփի 3․11–12, 29․3–10

Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը միասին վկայում են Հիսուս Քրիստոսի մասին։

Հարցրեք ուսանողներին, թե ինչ կարող են ասել մեկին, ով կասկածներ է արտահայտում Մորմոնի Գրքի մասին, քանի որ Աստված արդեն իսկ մեզ տվել է Աստվածաշունչը:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 29․3-10 հատվածները և նշել, թե ինչ պատճառներով Տերը նախապատրաստեց մեկից ավելի սուրբ գրությունների գիրք։

  • Ի՞նչ է Տերն ասել այն մարդկանց մասին, ովքեր կասկածանքով են վերաբերվում Աստվածաշնչին լրացնող սուրբ գրությանը:

  • Համաձայն հատված 8-ի, որն էր Աստվածաշնչին լրացնող սուրբ գրություն ի հայտ բերելու Տիրոջ նպատակը։ (Ուսանողները կարող են առաջարկել տարբեր պատասխաններ, սակայն նրանք պետք է ներկայացնեն հետևյալ ճշմարտությունը․ Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը միասին վկայում են Հիսուս Քրիստոսի մասին։)

  • Ի՞նչ եք սովորում այս հատվածից, որն օգնում է ձեզ հասկանալ լրացուցիչ սուրբ գրությունների վկայությունն ունենալու կարևորությունը։

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի խորությամբ հասկանալ, թե ինչպես են Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը միասին վկայում Հիսուս Քրիստոսի մասին, ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի հետևյալ խոսքերը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք.

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

«Սուրբգրքյան վկայությունները վավերացնում են մեկը մյուսին։ Այս տեսակետը վաղուց է բացատրվել, երբ մի մարգարե գրեց, որ Մորմոնի Գիրքը «գրվել է այն նպատակով, որ դուք հավատաք [Աստվածաշնչին] և եթե դուք հավատաք [Աստվածաշնչին], դուք կհավատաք նաև [Մորմոնի Գրքին]» [Մորմոն 7․9]: Յուրաքանչյուր գիրք հղում է կատարում մյուսին։ Յուրաքանչյուր գիրք ապացույց է հանդիսանում, որ Աստված ապրում է և խոսում իր զավակների հետ՝ Իր մարգարեներին հայտնություն տալու միջոցով։

Մորմոնի Գրքի հանդեպ սերը մեծացնում է սերը Աստվածաշնչի հանդեպ և ճիշտ հակառակը։ Վերականգնման սուրբ գրքերը չեն մրցակցում Աստվածաշնչի հետ» («Սուրբ գրքերի վկայություններ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2007, 43)։

  • Ի՞նչը գրավեց ձեր ուշադրությունը, երբ կարդացիք այս երկու սուրբ գրքերի միջև եղած կապի վերաբերյալ Նախագահ Նելսոնի նկարագրությունը, և ինչո՞ւ։

Հիշեցրեք ուսանողներին, որ Հին Կտակարանի մարգարե Եզեկիելը մարգարեացել էր, որ Հուդայի փայտը և Հովսեփի փայտը պիտի միանային։ Բացատրեք, որ «փայտ» բառը կարող է վերաբերել կամ փայտե հուշատախտակներին, կամ հնագույն ձեռագիր գալարներին, որոնց ծայրերին փայտեր էին ամրացվում (Boyd K. Packer, “Scriptures,” Ensign, Nov. 1982, 51)։ Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Եզեկիել 37.15-19 հատվածները։

  • Ի՞նչ են ներկայացնում այդ փայտերը: (Անհրաժեշտության դեպքում կարող եք բացատրել, որ «Հուդայի փայտը» վերաբերում է Աստվածաշնչին, իսկ «Եփրեմի փայտը»՝ Մորմոնի Գրքին:)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում այն արտահայտությունը, որ սուրբ գրությունների այս հնադարյան ձեռագրերը կամ փայտերը պիտի «միանան քո ձեռքումը» (հատվածներ 17, 19

Որպեսզի օգնեք պատասխանել այս հարցին, կիսվեք Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ` Նախագահ Բոյդ Ք. Փաքերի հետևյալ խոսքերով։ Բացատրեք, որ Նախագահ Փաքերի այս հայտարարությունից կարճ ժամանակ առաջ Եկեղեցին տպագրել էր Մորմոնի Գրքի և Աստվածաշնչի նոր հրատարակությունները։ Գրքերից յուրաքանչյուրում կային ծանոթագրություններ և սուրբ գրքերից վերցված այլ օժանդակ նյութեր, որոնց միջոցով հղումներ էին կատարվում մյուս գրքին, այդպիսով իսկ միավորելով երկուսը նոր եղանակով։ Հրավիրեք դասարանին լսելու այն օրհնությունների մասին, որոնք հասանելի են նրանց, ովքեր ուսումնասիրում են Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը միասին։

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Հուդայի փայտը կամ հիշատակարանը … և Եփրեմի փայտը կամ հիշատակարանը … այժմ այնպես են միահյուսվել, որ երբ խորհում ես մեկի շուրջ, ընկղմվում ես մյուսի մեջ, երբ սովորում ես մեկից, լույս է սփռվում մյուսի վրա։ Դրանք, իրոք, մեկ են մեր ձեռքում։ Այժմ մենք տեսնում ենք Եզեկիելի մարգարեությունն իրականացած։

Տարիների ընթացքում այդ սուրբ գրությունները կպատրաստեն հավատարիմ քրիստոնյաների հաջորդող սերունդներ, ովքեր կճանաչեն Հիսուս Քրիստոսին և պատրաստ կլինեն հնազանդվելու Նրա կամքին։ …

… Այնպիսի հայտնություններ կբացվեն [նոր սերունդներին], որ աշխարհի պատմությունը երբևէ չի գրանցել։ Այժմ նրանց ձեռքերում են գտնվում Հովսեփի և Հուդայի փայտերը։ … Նրանք ավետարանի վերաբերյալ իրենց գիտելիքը կզարգացնեն այն ամենից վեր, ինչին իրենց նախնիները կարող էին հասնել։ Նրանք վկայություն կունենան, որ Հիսուսը Քրիստոսն է և իրավասու կլինեն հռչակելու Նրան և պաշտպանելու Նրան» (“Scriptures,” Ensign, Nov. 1982, 53)։

  • Ի՞նչ օրհնություններ են մատչելի դառնում, երբ ուսումնասիրում ենք Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը միասին։ (Ուսանողները պետք է հիշատակեն հետևյալ սկզբունքը. Երբ մենք ուսումնասիրում ենք Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը միասին, մենք ավելի մեծ վկայություն ենք ստանում առ այն, որ Հիսուսը Քրիստոսն է։)

  • Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը միասին ուսումնասիրելն ինչպե՞ս է խորացնում Հիսուս Քրիստոսի մասին ձեր գիտելիքները և վկայությունը։

Խնդրեք մի ուսանողի կարդալ 2 Նեփի 3.11-12: (Օգտակար կլինի պարզաբանելը, որ այս հատվածները Եգիպտոսի Հովսեփի մարգարեության մի մասն են։ Այս հատվածներում Հովսեփը նշում է երկու գրքերի մասին․ Հովսեփի սերունդների կողմից գրվածը Մորմոնի Գիրքն է, իսկ Հուդայի սերունդների կողմից գրվածը Աստվածաշունչն է:)

  • Ի՞նչ ազդեցություն կունենան երկրի վրա Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը, երբ այս երկու գրքերը «սերտաճեն»։ (Ուսանողները պետք է ներկայացնեն հետևյալ գաղափարները․ Գրքերը կհերքեն կեղծ վարդապետությունները, կդադարեցնեն հակառակությունները և խաղաղություն կհաստատեն։)

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչպես կարող են օգտագործել Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը միասին, որպեսզի ամրացնեն իրենց վկայությունները և Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը։ Ուսանողներին խնդրեք կիսվել իրենց մտքերով և տպավորություններով: Նաև խրախուսեք նրանց գործել ըստ իրենց ստացած հուշումների:

1 Նեփի 13․23–29, 35–36, 38–41

Պարզ և արժեքավոր ճշմարտությունները վերականգնվել են:

Հիշեցրեք ուսանողներին, որ Տերը պատվիրել էր Մարգարե Ջոզեֆ Սմիթին կատարել Աստվածաշնչի Սուրբ Հակոբոսի տարբերակի ոգեշնչված վերանայում։ Այս վերանայված տարբերակը հայտնի է որպես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն: Ցուցադրեք և կարդացեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի (1805-44) հետևյալ խոսքերը.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Ես հավատում եմ Աստվածաշնչին, ինչպես այն կարդացվել է բնագիրը գրողների գրչով գրված ժամանակ։ Անիրազեկ թարգմանիչները, անփույթ արտագրողները կամ խափուսիկ և ապականված քահանաները շատ սխալներ են թույլ տվել» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 219

  • Ինչո՞ւ էր անհրաժեշտ Աստվածաշնչի ոգեշնչված վերանայում։

Հիշեցրեք ուսանողներին, որ Նեփին տեսիլք տեսավ Աստվածաշնչի առաջ գալու վերաբերյալ։ Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ 1 Նեփի 13.23-25 հատվածները: Դասարանին խնդրեք փնտրել Աստվածաշնչի վերաբերյալ Նեփիի նկարագրությունը, երբ այն նոր էր գրվել։

  • Ի՞նչ ուսուցանեց հրեշտակը Նեփիին Աստվածաշնչի վերաբերյալ, երբ այն նոր էր ստեղծվել: (Այն «պարունակում էր Տիրոջ ուխտերը», այն «մեծ արժեք ունի» և այն «պարունակում էր Տիրոջ ավետարանի լրիվությունը»։)

Հրավիրեք ուսանողներին կարդալ 1 Նեփի 13․26–28 հատվածները, որոնելով, թե ինչ Նեփին իմացավ այն մասին, ինչ պիտի տեղի ունենար Աստվածաշնչի հետ և որոնք էին պատճառները։

  • Ի՞նչ արեց Աստվածաշնչի հետ մեծ և պիղծ եկեղեցին: (Շեշտեք, որ մեծ ու պիղծ եկեղեցին որոշակի եկեղեցի կամ կազմակերպություն չէ, այլ ընդհանուր եզրույթ, որը վերաբերում է բոլորին, ովքեր կռվում են Քրիստոսի դեմ [տես 1 Նեփի 13․4–9, 14․10]։)

  • Համաձայն հատված 27-ի, ինչո՞ւ էին հեռացվել այս պարզ ու արժեքավոր մասերը։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ 1 Նեփի 13․29 հատվածը, մինչ դասարանը կփնտրի պարզ ու արժեքավոր մասերը Աստվածաշնչից հեռացնելու հետևանքները։

  • Ի՞նչ պատահեց այն ամենի արդյունքում, երբ Տիրոջ պարզ և արժեքավոր ուսմունքները հանվեցին Աստվածաշնչից:

  • Ի՞նչ ապացույց եք տեսնում այսօր աշխարհում, որ «շատ-շատերը սայթաքում են» պարզ ու արժեքավոր ճշմարտությունների բացակայության արդյունքում։

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 1 Նեփի 13․35–36, 38–41 հատվածները, մինչ դասարանը կփնտրի այս խնդրին տրվող Տիրոջ լուծումը։

  • Ի՞նչ կանի Տերը պարզ ու արժեքավոր ճշմարտությունները Աստվածաշնչից հեռացնելու պատճառով առաջ եկած խնդիրները հաղթահարելու համար։

  • Ի լրացում Մորմոնի Գրքին, ի՞նչ «ուրիշ գրքեր» է Տերն առաջ բերել որպես Վերականգնման մի մաս։ (Խրախուսեք ուսանողներին նշում կատարել իրենց սուրբ գրություններում, որ «ուրիշ գրքերը» կարող են ներառել Վարդապետություն և Ուխտերը, Թանկագին Մարգարիտը և Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը։)

  • Համաձայն հատված 40-ի, ինչպե՞ս են Մորմոնի Գիրքը և «ուրիշ գրքերը» լուծում խնդիրները, որոնք առաջ են եկել պարզ ու արժեքավոր ճշմարտությունները Աստվածաշնչից հեռացնելու պատճառով։ (Ուսանողները պետք է հասկանան հետևյալ ճշմարտությունը. Մորմոնի Գիրքը և վերջին օրերի սուրբ գրությունները օգնում են հաստատել Աստվածաշնչի ճշմարտությունը և վերականգնել պարզ ու արժեքավոր ճշմարտությունները, որոնք հանվել էին։)

Որպեսզի լուսաբանեք, թե ինչպես է Մորմոնի Գիրքը հաստատում մեր հասկացողությունը Աստվածաշնչում գտնվող վարդապետության և սկզբունքների վերաբերյալ, կիսվեք Երեց Թեդ Ռ․ Քալիսթերի հետևյալ խոսքերով, ով ծառայել է Յոթանասունի Նախագահությունում․

Նկար
Երեց Թեդ Ռ. Քալիսթեր

«Աստվածաշունչը մի վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին, իսկ Մորմոնի Գիրքը՝ մեկ այլ վկայություն։ Ինչո՞ւ է այդքան կենսական այս երկրորդ վկայությունը: Հետևյալ պատկերը կարող է օգնել։ Որքա՞ն ուղիղ գծեր դուք կարող եք անցկացնել մեկ կետով մեկ թղթի վրա։ Պատասխանն է` անթիվ: Մի պահ պատկերացրեք, որ մեկ կետը ներկայացնում է Աստվածաշունչը, իսկ հարյուրավոր ուղիղ գծերը, որոնք անցնում են այդ կետով, ներկայացնում են Աստվածաշնչի տարբեր մեկնաբանությունները, և որ այդ մեկնաբանություններից յուրաքանչյուրը մի եկեղեցի է ներկայացնում։

Ի՞նչ է պատահում, երբ այդ թղթի վրա հայտնվում է երկրորդ կետը՝ Մորմոնի Գիրքը։ Քանի՞ ուղիղ գիծ դուք կարող եք տանել այս երկու կետերի՝ Աստվածաշնչի և Մորմոնի Գրքի միջև։ Միայն մեկ։ Քրիստոսի վարդապետությունների միայն մեկ մեկնաբանություն կարող է ճշմարիտ լինել, եթե կա երկու վկաների վկայություն։

Կրկին և կրկին, Մորմոնի Գիրքը հանդիսանում է հաստատող, պարզաբանող, միավորող վկայություն այն վարդապետությունների մասին, որոնք ուսուցանվում են Աստվածաշնչում» («Մորմոնի Գիրք՝ գիրք Աստծուց», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 75):

  • Ինչո՞ւ է կարևոր ունենալ թե Մորմոնի Գիրքը, թե Աստվածաշունչը որպես Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետությունների վկաներ։

Հրավիրեք ուսանողներին բերել իրենց վկայությունները և կիսվել օրինակներով, թե ինչպես է Մորմոնի Գիրքն օգնել նրանց ավելի լավ հասկանալ Աստվածաշունչը կամ ավելի մոտենալ Փրկիչին։

Ուսանողի ընթերցարան