Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 11․ Պաշտպանենք մեզ վերջին օրերի կեղծ վարդապետություններից


Դաս 11

Պաշտպանենք մեզ վերջին օրերի կեղծ վարդապետություններից

Նախաբան

Ի լրումն «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը» (ՎևՈւ 20․9) ուսուցանելուն՝ Մորմոնի Գիրքը Քրիստոսի հետևորդներին օգնում է պաշտպանվել կեղծ ուսմունքներից և գաղափարներից, որոնք լայն տարածում են գտել վերջին օրերում։ Ուղիներից մեկը, որով այն կատարում է դա, Քրիստոսի թշնամիներին և կեղծ վարդապետությունները բացահայտելն է, որը նրանք տարածում են։ Երբ ուսանողները Մորմոնի Գրքում ուսումնասիրեն կեղծ ուսուցիչների պատմությունները, նրանք կսովորեն տարբերել ավետարանի ճշմարտությունները աշխարհի կեղծ հասկացողություններից։

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

2 Նեփի 28․3–9, 12–15, Հակոբ 7․1–12, Ալմա 1․2–6, 30․12–18, 39–44, Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1․22

Բացահայտել և պաշտպանվել կեղծ վարդապետություններից

Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ խնդիրների շուրջ աշխարհում գոյություն ունեցող հակասական կարծիքների մասին․ Աստծո տված ճշմարտությունը դեմ է բարոյական հարաբերականությանը (այն գաղափարը, որ չկա համընդհանուր ճիշտ կամ սխալ), կրոնական ազատությունը դեմ է հատուկ շահեր ունեցող խմբերի իրավունքներին և արհեստական վիժեցման իրավունքը դեմ է կյանքի իրավունքին։ Մինչ կքննարկեք այս խնդիրները, կարող եք գրել դրանք գրատախտակին: Ուսանողներին տվեք մի քանի րոպե, որպեսզի քննարկեն, թե ինչու մենք պետք է զգույշ լինենք, երբ ողջունում ենք գաղափարները, որոնք ճիշտ են։

Բացատրեք, որ իր կյանքի վերջում Հիսուս Քրիստոսը մարգարեացավ հոգևոր վտանգավոր իրավիճակների մասին, որոնք գոյություն էին ունենալու վերջին օրերին։ Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1․22-ը: Դուք կարող եք շեշտել, որ «ընտրվածներին, որոնք ընտրված են՝ ուխտի համաձայն» արտահայտությունը վերաբերում է Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներին։

  • Ի՞նչ սպառնալիքներ են մեր օրերում ներկայացնում «կեղծ քրիստոսները» և «կեղծ մարգարեները»:

Ցուցադրեք և կարդացեք Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի (1899–1994) հետևյալ խոսքերը․

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Մորմոնի Գիրքը բացահայտում է Քրիստոսի թշնամիներին: Այն կործանում է կեղծ վարդապետությունները և տապալում հակառակությունները: (Տես 2 Նեփի 3․12։) Այն ամրացնում է մեր օրերում Քրիստոսի խոնարհ հետևորդներին չարի ծրագրերի, ռազմավարության և դևի վարդապետությունների դեմ: Մորմոնի Գրքի ուրացողները նման են մեր օրերի ուրացողներին։ Աստված Իր անսահման կանխագիտությամբ այնպես է ձևավորել Մորմոնի Գիրքը, որ մենք կարողանանք տեսնել սխալը և իմանալ, թե ինչպես պայքարել մեր օրերի կեղծ կրթական, քաղաքական, կրոնական և փիլիսոփայական տեսակետների դեմ» (Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Էզրա Թաֆտ Բենսոն [2014], 159

  • Ի՞նչ են այս խոսքերն ուսուցանում այն մասին, թե ինչպես կարող է Մորմոնի Գիրքն ուսումնասիրելը պաշտպանել մեզ կեղծ ուսմունքներից։ (Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են այս սկզբունքը. Երբ մենք ուսումնասիրում ենք Մորմոնի Գիրքը և կիրառում ենք դրա ուսմունքները, մենք պաշտպանված ենք լինում դևից և մեր օրերի կեղծ ուսմունքներից ու հասկացություններից։)

  • Ինչո՞վ կարող է օգտակար լինել սատանայի մարտահրավերների մասին իմանալը նախքան իրականում դրանց հանդիպելը։

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 2 Նեփի 28․3-9 հատվածները, մինչ դասարանը կփնտրի կեղծ գաղափարները, որոնք Նեփին ասում էր, որ լայն տարածում պիտի գտնեին մեր օրերում։ Կարող եք խրախուսել ուսանողներին նշել կարևոր բառերն ու արտահայտությունները։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով, ապա հարցրեք․

  • Որո՞նք են այս կեղծ գաղափարների մեր ժամանակների օրինակները: (Հնարավոր օրինակներ․ բարոյականության հարաբերականությունը, համոզմունքը, որ մեր հանդեպ ունեցած Աստծո մեծ սիրո պատճառով Նա չի պատժի մեղքը, նախապաշարմունքներ քրիստոնյաների դեմ, ովքեր հաճախ համարվում են մոլեռանդներ։)

Որպեսզի օգնեք ուսանողներին պատասխանել այս հարցին, կիսվեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ․ Ռասսել Բալլարդի հետևյալ խոսքերով. Խնդրեք ուսանողներին լսել կեղծ ուսմունքները, որոնց նրանք կհանդիպեն։

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Կեղծ մարգարեները և կեղծ ուսուցիչները նրանք են, ովքեր հայտարարում են, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը եղել է կեղծավոր մոլորեցնող, նրանք Առաջին Տեսիլքը համարում են նման մի փորձ։ Նրանք հայտարարում են, որ Մորմոնի գիրքը և մյուս կանոնիկ աշխատությունները սուրբ գրությունների հնադարյան հիշատակարաններ չեն։ Նրանք նաև փորձում են նոր ձևով ներկայացնել Աստվածագլուխը, և նրանք հերքում են, որ Աստված տվել է և շարունակում է հայտնություններ տալ այսօր Իր կարգված և հաստատված մարգարեներին։ …

Հավանաբար ամենադատապարտելին այն է, որ նրանք հերքում են Քրիստոսի Հարությունն ու Քավությունը, վիճաբանելով, որ չկա Աստված, ով կարող է փրկել մեզ։ Նրանք մերժում են Փրկիչ ունենալու կարիքը։ Կարճ ասած, այս զրպարտիչները փորձում են այլ կերպ մեկնաբանել Եկեղեցու վարդապետությունները, հարմարեցնելով դրանք իրենց անձնական կանխակալ տեսակետների հետ, և այդ ընթացքում մերժում են Քրիստոսի առաքելությունը։

Կեղծ մարգարեները և կեղծ ուսուցիչները նաև նրանք են, ովքեր փորձում են փոխել Աստծո կողմից տրված և սուրբ գրությունների վրա հիմնված վարդապետությունները, որոնք պաշտպանում են ամուսնության սրբությունը, ընտանիքի աստվածային էությունը և անձնական բարոյականության առանցքային վարդապետությունը։ Նրանք սատարում են բարոյականության վերասահմանմանը, որպեսզի արդարացնեն պոռնկությունը, շնությունը և միասեռական հարաբերությունները» (“Beware of False Prophets and False Teachers,” Ensign, Nov. 1999, 63–64)։

Խնդրեք ուսանողներին ուսումնասիրել 2 Նեփի 28․12–15-ը, փնտրելով կեղծ ուսմունքներին հավատալու հետևանքները:

  • Որո՞նք են կեղծ ուսմունքներին և գաղափարներին հավատալու հետևանքները:

Ցուցադրեք Յոթանասունի Նախագահությունից Երեց Ուլիսես Սոարեսի հետևյալ խոսքերը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք․

Նկար
Երեց Ուլիսես Սոարես

«Մենք չենք կարող մեզ թույլ տալ շփոթվել հանրաճանաչ ուղերձներով, որոնք հեշտ են ընդունվում աշխարհում և հակասում են Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետությանն ու ճշմարիտ սկզբունքներին։ Աշխարհիկ այդ ուղերձներից շատերը ներկայացնում են ոչինչ ավելի, քան մեր հասարակության մեղքերն արդարացնելու փորձ» («Այո, մենք կարող ենք և կհաղթենք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 75):

  • Ըստ Երեց Սոարեսի, ո՞րն է բազմաթիվ հայտնի ուղերձների նպատակը, որոնք հակասում են Հիսուս Քրիստոսի ավետարանին։ (Օգնեք ուսանողներին հասկանալ այս ճշմարտությունը. Սատանան կեղծ վարդապետություններ է օգտագործում, որպեսզի գայթակղի մեզ մեղք գործելու: Դուք կարող եք անդրադառնալ Ալմա 30․53-ին, որպեսզի ավելի շատ տեղեկություններ ստանաք այս ճշմարտության մասին։)

Դասարանը բաժանեք երեք խմբի: Գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները, և յուրաքանչյուր խմբի հանձնարարեք կարդալ հատվածներից մեկը․ Հակոբ 7․1–7, Ալմա 1․2–6 կամ Ալմա 30․12–18։ Խնդրեք ուսանողներին ներկայացնել Սերեմի, Նեհորի և Կորիհորի կողմից ուսուցանած կեղծ ուսմունքները և գրել դրանք գրատախտակին համապատասխան վերնագրերի տակ։

Սերեմ (Հակոբ 7․1–7)

Նեոր (Ալմա 1․2–6)

Կորիհոր (Ալմա 30․12–18)

  • Ինչպե՞ս եք նկատել, որ կեղծ ուսմունքները կամ գաղափարները, ինչպիսին են գրատախտակին գրվածները, ազդեն Եկեղեցու անդամների վրա այսօր։

Հրավիրեք ուսանողներին համեմատել Հակոբ 7․5, 8–12 և Ալմա 30․39–44 հատվածները, որպեսզի տեսնեք, թե ինչն էր ուժ տալիս Հակոբին և Ալմային Սերեմի և Կորիհորի կեղծ ուսմունքների դեմ պայքարում։ (Նշում․ Համեմատելը սուրբ գրությունների ուսումնասիրության հմտություն է։ Նմանություններ տեսնելը «ուսմունքների, մարդկանց կամ իրադարձությունների միջև կարող է օգնել ավետարանի ճշմարտություններին ավելի մեծ ուշադրություն դարձնել» [Gospel Teaching and Learning: A Handbook for Teachers and Leaders in Seminaries and Institutes of Religion (2012), 22]։)

  • Ի՞նչն էր Հակոբին և Ալմային զորացնում կեղծ ուսմունքների դեմ պայքարում։ (Հնարավոր պատասխաններ․ նախկինում ունեցած հոգևոր փորձառությունները, սուրբ գրությունների իմացությունը, Սուրբ Հոգու միջոցով ստացած գիտելիքը և Քրիստոսի մասին ունեցած վկայությունը։)

  • Ո՞րն է այն սկզբունքը, որը մենք կարող ենք սովորել այս կեղծ ուսմունքներին տրված Հակոբի և Ալմայի պատասխաններից: (Օգնեք ուսանողներին հասկանալ այս սկզբունքը. Երբ մենք ապավինում ենք առ Քրիստոս ունեցած մեր վկայությանը և փնտրում Սուրբ Հոգու առաջնորդությունը, մենք կարող ենք հաղթահարել մեր հավատքի փորձությունները։)

  • Ինչպե՞ս է ձեր վկայությունը զորացրել ձեզ կեղծ ուսմունքների կամ ձեր հավատքը քննադատողների դեմ պայքարում։

Հորդորեք ուսանողներին կիսվել, թե ինչ են անում կեղծ ուսմունքներից պաշտպանվելու համար, որոնք կարող են աղավաղել իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը։

2 Նեփի 26․29, 3 Նեփի 18․24, 27․27

Քահանանենգության վտանգները

Ասացեք ուսանողներին, որ Եկեղեցու որոշ հոգևոր վտանգներ գալիս են հենց Եկեղեցու անդամներից։ Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ 2 Նեփի 26․29 հատվածը, մինչ դասարանը կփնտրի Նեփիի նկարագրած հոգևոր վտանգը։

  • Համաձայն այս հատվածի, ի՞նչ է քահանանենգությունը: (Երբ մարդիկ քարոզում են ավետարանը անձնական համբավի կամ հարստության, այլ ոչ թե Աստծո զավակների բարօրության համար։)

  • Ինչպե՞ս կարող են քահանանեգությունները հոգևոր վտանգներ առաջացնել Եկեղեցու անդամների համար:

Որպեսզի օգնեք պատասխանել այս հարցերին, հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Երեց Մ․ Ռասսել Բալլարդի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Եկեք զգուշանանք կեղծ մարգարեներից և կեղծ ուսուցիչներից՝ տղամարդ, թե կին, ովքեր ինքնակոչ հայտարարում են Եկեղեցու վարդապետությունների մասին և ձգտում տարածել իրենց կեղծ ավետարանը և գրավել հետևորդներ, հովանավորելով քննարկումներ, գրքեր և ամսագրեր, որոնց բովանդակությունը կասկածի տակ է դնում Եկեղեցու վարդապետությունները: Զգուշացեք նրանցից, ովքեր խոսում և հրատարակում են նյութեր ընդդեմ Աստծո ճշմարիտ մարգարեների, ովքեր ակտիվորեն քարոզում են մյուսներին՝ անհոգությամբ անտեսելով նրանց բարօրությունը, ում խաբեության մեջ են գցում» (“Beware of False Prophets and False Teachers,” Ensign, Nov. 1999, 63):

  • Ինչպե՞ս կարող եք պաշտպանել ձեզ և ուրիշներին քահանանենգությունից։

  • Ինչպե՞ս կարող եք պաշտպանել Եկեղեցու վարդապետությունները, երբ ուրիշները դեմ են խոսում Աստծո վերջին օրերի մարգարեներին։

Ասեք ուսանողներին, որ Փրկիչը ուսուցանեց Իր աշակերտներին, թե ինչպես պետք է նրանք, ովքեր ներկայացնում են Իրեն, ուսուցանեն և ներգործեն ուրիշների վրա։ Խնդրեք ուսանողներին ուսումնասիրել 3 Նեփի 18․24 և 3 Նեփի 27․27 հատվածները, փնտրելով, թե ինչպես է ավետարանի ճշմարիտ ծառայությունը տարբերվում քահանանենգությունից:

  • Ինչպե՞ս են արդար ուսուցիչների և ղեկավարների մղումներն ու գործերը տարբերվում նրանց մղումներից և գործերից, ովքեր մեղադրվում են քահանանենգության մեջ։ (Ուսանողները պետք է հիշատակեն հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսի աշակերտները ծառայում և օրհնում են ուրիշներին՝ դարձնելով նրանց դեպի Տերը։)

Մորոնի 7․12–17, Եթեր 4․11–12

Տարբերել ճշմարտությունը կեղծիքից

Խնդրեք ուսանողներին մտածել այն ժամանակի մասին, երբ ինչ-որ մեկը հարցականի տակ է դրել կամ քննադատել է իրենց կրոնական համոզմունքները։ Հրավիրեք մեկ կամ երկու ուսանողների հակիրճ կիսվել իրենց փորձառություններով։

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մորոնի 7․12–17 և Եթեր 4․11–12 հատվածները, մինչ դասարանը կհետևի, որոնելով, թե ինչպես տարբերել, արդյոք տվյալ բանը Տիրոջից է, թե դևից։

  • Այդ հատվածներից ի՞նչ եք սովորում բարու և չարի միջև դատելու մասին: (Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են հետևյալ սկզբունքը. Այն ամենը, ինչը Աստծուց է, հրավիրում է մեզ անելու բարին, հավատալու Հիսուս Քրիստոսին, սիրելու և ծառայելու Աստծուն։)

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Թույլ տվեք առաջարկել ձեզ երեք կարճ փորձարկումներ, որոնք կօգնեն ձեզ խուսափել մոլորություններից: …

1. Ի՞նչ են ասում այդ մասին օրինակելի աշխատությունները: …

2. Երկրորդ ցուցումը. Ի՞նչ են ասում այդ մասին Վերջին Օրերի Եկեղեցու Նախագահները, մասնավորապես՝ ապրող Նախագահը: …

3. Երրորդ և վերջին թեսթը դա Սուրբ Հոգին է՝ Սուրբ Հոգու թեսթը: … Այս թեսթը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե այդ անձի մոտ Աստծո հետ հաղորդակցվելու ուղիները մաքուր են, առաքինի են և մեղքից չաղտոտված» (Conference Report, Oct. 1963, 16–17):

Վերջում խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչպես կարող են ավելի արդյունավետ օգտագործել սուրբ գրությունները, մարգարեների խոսքերը և Սուրբ Հոգու աջակցությունը, որպեսզի զանազանեն կեղծ ուսմունքները և խուսափեն մոլորություններից։ Կարող եք խրախուսել նրանց ուսումնասիրել Հակոբ 7, Ալմա 1 և Ալմա 30 գլուխները ավելի մանրամասնորեն և խորհել, թե ինչպես կարող են այս գլուխները օգնել նրանց ավելի լավ տարբերակել ճիշտը սխալից։

Ուսանողի ընթերցարան