Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 19․ Պաշտպանել կրոնական ազատությունը


Դաս 19

Պաշտպանել կրոնական ազատությունը

Նախաբան

Կրոնական ազատությունը սուրբ արտոնություն է՝ հավատալու և գործելու մեր հայեցողությամբ. ինչպես որոշում ենք և ապա՝ ապրում մեր խղճի թելադրանքով, միևնույն ժամանակ հարգելով մյուսների իրավունքները (տես ՎևՈւ 134.4): Այս դասին ուսանողները կուսումնասիրեն պատմություններ Մորմոնի Գրքից, որտեղ անհատներն ու խմբերը փորձել են տապալել Աստծո եկեղեցին և խախտել կրոնական իրավունքներն ու ազատությունը: Ուսանողներին կհիշեցվի, որ կրոնական ազատությունը պետք է պաշտպանվի և պահպանվի այսօր:

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

Մոսիա 29.10–11, 16–18, 25–26, 32, Ալմա 30.7–9

Ազատ կամքի և կրոնական ազատության կարևորությունը

Հիշեցրեք ուսանողներին, որ մինչև երկիր գալը մենք մասնակցել ենք Երկնային Խորհրդին: Խնդրեք ուսանողներին կիսվել այդ խորհրդի որոշ կարևոր նպատակներով և արդյունքներով: Ապա ցուցադրեք և բարձրաձայն կարդացեք Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի (1899–1994) հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Այդ նախաերկրային խորհրդի առանցքային թեման հետևյալն էր. Արդյոք Աստծո զավակները պետք է ունենան անսահմանափակ ազատ կամք՝ ընտրելու ուղղությունը, որին պիտի հետևեն՝ լինի դա բարի, թե՝ չար, թե՞ նրանք պետք է հարկադրվեն ու ստիպվեն՝ հնազանդ լինել: Քրիստոսը և բոլորը, ովքեր հետևում էին Նրան, պաշտապանում էին առաջին առաջարկը՝ ազատ ընտրությունը, սատանան պաշտպանում էր վերջինը՝ հարկադրանքն ու ստիպողականությունը» (Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Էզրա Թաֆտ Բենսոն [2014], 60–61

«Սուրբ գրքերը հստակեցնում են, որ մեծ պատերազմ էր երկնքում, պայքար ազատության սկզբունքի՝ ընտրության իրավունքի համար» (Ուսմունքներ․ Էզրա Թաֆտ Բենսոն, 61

«Պատերազմը, որը սկսվեց երկնքում այս հարցի կապակցությամբ, դեռ չի ավարտվել: Հակամարտությունը շարունակվում է մահկանացու կյանքի ճակատամարտի դաշտում» (Ուսմունքներ․ Էզրա Թաֆտ Բենսոն, 61

  • Ի՞նչ ապացույցներ եք տեսել, որ ազատության և ազատ ընտրության համար մղվող նախաերկրային հակամարտությունը շարունակվում է մահկանացու կյանքում:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է սատանան փորձում կործանել ազատությունը:

Ուսանողների պատասխաններից հետո կիսվեք Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյի (1873-1970) հետևյալ խոսքերով.

Նկար
Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյ

«Մարդուն կյանք շնորհելուց հետո, Աստծո մեծագույն պարգևը մեր կյանքն ուղղորդելու իրավունքն է» (Teachings of Presidents of the Church: David O. McKay [2003], 208

Հիշեցրեք ուսանողներին, որ դարեր շարունակ այն բանից հետո, երբ Լեքին ժամանել էր խոստացված երկիր, նեփիացիները ղեկավարվում էին թագավորների կողմից: Մոսիա թագավորը, սակայն, առաջարկեց, որ կառավարության նոր ձև կիրառվեր: Խնդրեք ուսանողներին ուսումնասիրել Մոսիա 29.10–11, 16–18, 25–26 հատվածները և փնտրեք, թե ինչու Մոսիան առաջարկեց կառավարության նոր ձև:

  • Ի՞նչ պատճառներով էր Մոսիա թագավորը ցանկանում կիրառել կառավարության նոր ձև:

Բացատրեք ուսանողներին, որ դատավորների համակարգը տեղին էր և անհրաժեշտ՝ նեփիական հասարակությունում ազատությունը պահպանելու համար: Այլ հասարակությունները նմանապես ձգտում էին հաստատել և պահպանել ազատությունը, թեև նրանց կառավարության համակարգերը այլ կերպ էին կազմակերպված: Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Մոսիա 29.32 հատվածը, մինչ դասարանը կփնտրի, թե ինչու էր Մոսիան ցանկանում պահպանել իր ժողովրդի ազատությունը:

  • Ինչո՞ւ էր անհրաժեշտ պահպանել նեփիացիների ազատությունը:

  • Ու՞մ պարտականությունն է՝ օգնել մեզ պահպանել մեր իրավունքներն ու արտոնությունները: Ինչպե՞ս կարող է այդ պահպանումը իրականացվել։

Բացատրեք, որ անհատական ազատության կիրառումը չպետք է փոխարինի երկրի օրենքներին հնազանդվելու սկզբունքը:

Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել Ալմա 30.7–9 հատվածները և հայտնաբերել իրավունքներից մեկը, որը երաշխավորվում էր նեփիական նոր կառավարության կողմից:

Կարող եք բացատրել, որ այս հատվածները ցույց են տալիս, որ Տերն արգելում է խտրականորեն մոտենալ մարդկանց, կախված նրանից, թե նրանք Աստծուն հավատում են, թե՝ ոչ (տես նաև ՎևՈւ 134.4):

  • Ինչո՞վ է օգուտ բերում հասարակությանը կրոնական ազատության պաշտպանումը:

Որպեսզի օգնեք ուսանողներին պատասխանել այս հարցին, հրավիրեք որևէ ուսանողի կարդալ հետևյալը․

«Կրոնական ազատությունը, կամ խղճի ազատությունը ծայրահեղ կարևոր է բազմազան հասարակության առողջ լինելու համար: Այն թույլ է տալիս, որ տարբեր հավատքներն ու դավանանքները բարգավաճեն: Կրոնական ազատությունը պաշտպանում է բոլոր անհատներին ու խմբերին ներառյալ ամենախոցելի խմբերին, անկախ նրանից՝ հավատացյալ են, թե՝ ոչ» (“Religious Freedom,” mormonnewsroom.org/official-statement/religious-freedom

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ կրոնական ազատության հիմնական տարրերը, ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի հետևյալ խոսքը և խնդրեք որևէ ուսանողի կարդալ այն.

Նկար
Երեց Ռոբերտ Դ.Հեյլս

«Կան կրոնական ազատության չորս անկյունաքարեր, որոնց մենք, որպես Վերջին Օրերի Սրբեր, պետք է ապավինենք և պաշտպանենք։

Առաջինը՝ հավատալու ազատությունն է։ …

Կրոնական ազատության երկրորդ անկյունաքարը՝ ուրիշների հետ մեր հավատքով կիսվելու ազատությունն է։ …

Կրոնական ազատության երրորդ անկյունաքարը՝ կրոնական կազմակերպություն, եկեղեցի հիմնելն է և ուրիշների հետ խաղաղությամբ երկրպագություն անելն է։ …

Կրոնական ազատության չորրորդ անկյունաքարը մեր հավատքով ազատ ապրելու իրավունքն է՝ հավատքի ազատ գործադրումը ոչ միայն տներում և ժողովատներում, այլ նաև հասարակական վայրերում» («Պահպանել կամքի ազատությունը, պաշտպանել կրոնական ազատությունը», Ensign կամ Լիահոնա, մայ. 2015, 112)։

Ամփոփեք այս չորս անկյունաքարերը՝ գրատախտակին գրելով հետևյալը .

Ազատություն՝ հավատալու, կիսվելու, կազմակերպելու և ապրելու:

  • Ինչպե՞ս կխոչընդոտի հոգևոր աճի հնարավորությունները այս չորս անկյունաքարերից որևէ մեկի սահմանափակումը:

  • Ինչպե՞ս են դիպչել ձեր կյանքին կրոնական ազատության այս տարրերը:

Ալմա 2.1–10, 12, 27–28, 44.1–5, 46.4–5, 10–16, 19–22

Պահպանել կրոնական ազատությունը

Գրեք հետևյալ հղումները գրատախտակին և բացատրեք, որ այս հատվածները պարունակում են կրոնական ազատության սպառնալիքների օրինակներ.

Ալմա 2․1-4

Ալմա 46․4-5, 10

Դասարանի մի կեսին հանձնարարեք կարդալ առաջին հատվածը, իսկ մյուս կեսին՝ երկրորդը: Խնդրեք ուսանողներին տեսնել, թե ո՞րն էր այն մարդկանց նպատակը, ովքեր սպառնում էին կրոնական ազատությանը։

  • Համաձայն այս հատվածների՝ ո՞րն էր Ամղիկիի և Ամաղիկիայի նպատակը։

  • Կրոնական ազատության կորուստը ինչպե՞ս կազդեր հասարակության վրա այս պատմություններում:

Ավելացրեք հետևյալ տեքստը գրատախտակի հղումներին.

Ալմա 2.1–4, 5–10, 12, 27–28

Ալմա 46.4–5, 10, 11–16, 19–22

Հրավիրեք ուսանողներին կարդալ այն հատվածները, որոնք ավելացվել են իրենց կարդացածներին, և խնդրեք նրանց փնտրել, թե ինչ արեցին արդար մարդիկ, որպեսզի պաշտպանեն իրենց կրոնական ազատությունը:

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս հատվածներից կրոնական ազատությունը պահպանելու կարևորության մասին։ (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը. Մեր պարտականությունն է՝ պաշտպանել մեր ընտանիքները, մեր կրոնը և մեր ազատությունը: Երբ մենք կանչում ենք Աստծո անունը և ուխտում՝ պահել Նրա պատվիրանները, Նա կզորացնի մեզ՝ պաշտպանելու մեր իրավունքները և կրոնը:)

Եթե ժամանակը ներում է, կարող եք նաև կարդալ Ալմա 44.1-5 հատվածները դասարանի հետ և քննարկել, թե ինչպես նեփիացիների հավատքը զորացրեց նրանց Զերահեմնայի և լամանացիների դեմ:

  • Մորմոնի Գրքում կրոնական ազատությունը հաճախ է վտանգվել հալածանքների և պատերազմի միջոցով: Ինչպե՞ս են այսօր սպառնում կրոնական ազատությանը որոշ անհատներ կամ խմբեր:

Եթե օգնության կարիք կա այս հարցին պատասխանելու համար, կարդացեք հետևյալը՝ Միացյալ Նահանգներում կրոնական ազատությանը սպառնացող աճող վտանգի մասին: Նշեք, որ թեև այս հոդվածը վերաբերում է մասնավորապես Միացյալ Նահանգներին, բազմաթիվ այլ երկրներ նույնպես կանգնած են կրոնական ազատությանը վերաբերող նմանատիպ մարտահրավերների առջև: (Նշում․ Այս գրությունն օգտագործեք միայն օրինակ բերելու համար, թե ինչպես է վտանգվում կրոնական ազատությունը։ Թույլ մի տվեք, որ այն դառնա քննարկում՝ համասեռամոլների իրավունքների կամ այլ քաղաքական հարցերի շուրջ։)

«Կրոնական ազատությանը սպառնացող մարտահրավերներն ի հայտ են գալիս տարբեր աղբյուրներից: Համասեռամոլների իրավունքների զարգացող պաշտպանությունը սպառնում է նվազեցնել կրոնական ազատությունը մի շարք ձևերով: Փոփոխություններն առողջապահության ոլորտում սպառնում են նրանց իրավունքներին, ովքեր ունեն որոշակի բարոյական համոզմունքներ մարդկային կյանքի վերաբերյալ: Այս և այլ զարգացումները ծնում են հակառակություն և սկսում են պարտադրել կրոնական կազմակերպություններին և խղճով մարդկանց: Նրանք սպառնում են … սահմանափակել կրոնական կազմակերպությունների կողմից իրենց աշխատանքի և իրենց սեփականության կառավարումը: Նրանք պարտադրանք են կիրառում կրոնի հետ առնչվող համալսարանների, դպրոցների և սոցիալական սպասարկման միավորումների հանդեպ: … Այս և այլ պարագաներում մենք տեսնում ենք, թե ինչպես է կրոնական ազատությունը և խղճի ազատությունը նրբորեն, բայց անշեղորեն քայքայվում» (“An Introduction to Religious Freedom,” mormonnewsroom.org/article/introduction-religious-freedom

Շեշտեք, որ եկեղեցին պաշտպանում է արդարությունը բոլորի համար: Համաձայն Հավատո Հանգանակ 1.11-ի, մենք պետք է պահանջենք կրոնական ազատության մեր իրավունքը արդար և հավասարակշռված ձևով, հարգելով նաև ուրիշների իրավունքներն ու շահերը (տես “Mormon Leaders Call for Laws That Protect Religious Freedom,” mormonnewsroom.org/article/church-news-conference-on-religious-freedom-and-nondiscrimination

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի (1805–1844) հետևյալ հայտարարությունը.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Եթե ես ակնարկեցի, որ կկամենամ մահանալ ցանկացած «մորմոնի» համար, ես համարձակություն ունեմ հայտարարել երկնքի առջև, որ ես պատրաստ եմ իմ կյանքը տալ, պաշտպանելով ցանկացած երիցականի կամ մկրտականի կամ որևէ այլ դավանանքի պատկանող լավ մարդու, քանի որ նույն սկզբունքը, որը ոտնակոխ կարող է անել Վերջին Օրերի Սրբերի իրավունքները, ոտնակոխ կանի նաև հռոմեական կաթոլիկների իրավունքները կամ՝ որևէ այլ դավանանքի, որը կարող է ժողովրդականություն չվայելել և խիստ թույլ լինել իրեն պաշտպանելու համար։

Ազատության սերն է, որ ոգեշնչում է հոգիս՝ քաղաքացիական և կրոնական ազատությունը ողջ մարդկային ցեղի համար» (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 345

  • Ինչո՞ւ է կարևոր պաշտպանել կրոնական ազատությունը բոլոր մարդկանց և ոչ թե միայն Վերջին Օրերի Սրբերի համար: (Այդպիսի պաշտպանությունը թույլ է տալիս ուրիշներին օգտագործել իրենց ազատ կամքը՝ համաձայն Աստծո ծրագրի և նպաստել խաղաղ և արդար հասարակությանը: Եթե մենք ուզում ենք, որ մեր կրոնական համոզմունքները պաշտպանված և հարգված լինեն, ապա մենք պետք է պաշտպանենք և հարգենք մյուսների համոզմունքները։)

  • Ինչպիսի՞ քայլեր մենք կարող ենք ձեռնարկել, որպեսզի պահպանենք և ամրապնդենք կրոնական ազատությունը:

Որպեսզի օգնեք ուսանողներին պատասխանել այս հարցին, հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

«Եղբայրներ և քույրեր, մենք պարտավոր ենք պաշտպանել այս սրբազան ազատությունն ու իրավունքները մեր և մեր սերունդների համար։ Ի՞նչ կարող ենք դուք և ես անել։

Առաջինը, մենք կարող ենք տեղեկացված լինել։ Տեղյակ եղեք ձեր համայնքի խնդիրներին, որոնք կարող են ազդեցություն ունենալ կրոնական ազատության վրա։

Երկրորդ, ձեր կարողության սահմաններում միացեք նրանց, ովքեր կիսում են կրոնական ազատության նկատմամբ մեր նվիրվածությունը։ Միասնական գործեք կրոնական ազատությունը պաշտպանելու համար:

Երրորդ, ձեր ապրած կյանքով եղեք ձեր հավատքի վառ օրինակ՝ խոսքի և գործի մեջ։ Այն, թե ինչպես ենք մենք ապրում մեր կրոնով ավելի կարևոր է, քան այն, թե ինչ կարող ենք մենք ասել մեր կրոնի մասին» («Պահպանել կամքի ազատությունը», 112)։

  • Ինչպե՞ս կարող եք դուք տեղեկանալ խնդիրներին, որոնք ազդում են ձեր համայնքում կրոնական ազատության վրա:

  • Ի՞նչ այլ խմբեր կան ձեր տարածքում, որոնք կիսում են կրոնական ազատության հանդեպ ձեր նվիրվածությունը:

  • Ի՞նչ եք դուք արել կամ տեսել եք, որ մյուսներն են անում՝ կրոնական ազատությանը նպաստելու համար:

Տեղեկացրեք ուսանողներին mormonnewsroom.org կայքում առկա կրոնական ազատության վերաբերյալ աղբյուրների մասին: Քաջալերեք ուսանողներին մտածել, թե նրանք ինչ կարող են անել, որպեսզի խթանեն և պաշտպանեն կրոնական ազատությունը, և կիսվեք ձեր վկայությամբ, որ Երկնային Հայրը կառաջնորդի նրանց իրենց ջանքերում:

Ուսանողի ընթերցարան