Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 13․ Մկրտության ուխտը, Հանգստության օրը և հաղորդությունը


Դաս 13

Մկրտության ուխտը, Հանգստության օրը և հաղորդությունը

Նախաբան

Մկրտության արարողության միջոցով Հիսուս Քրիստոսի հետևորդները ուխտում են իրենց վրա վերցնել Նրա անունը։ Այս դասի ընթացքում ուսանողները կսովորեն, որ Մորմոնի Գիրքը ուսուցանում է, որ Քրիստոսի Եկեղեցու անդամները պետք է միասին հավաքվեն Հանգստյան օրը և վայելեն հաղորդությունն ընդունելու սրբազան արտոնությունը։ Երբ մենք ճաշակում ենք հաղորդությունը, մենք վերանորոգում ենք մկրտության ուխտերը և հրավիրում ենք Սուրբ Հոգուն լինելու մեզ հետ։

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

Մոսիա 18․8–10, 25․23–24

Մեզ վրա վերցնել Քրիստոսի անունը

Խնդրեք մի քանի ուսանողների նկարագրել մի իմաստալից բան, որ հիշում են իրենց մկրտությունից, օրինակ՝ մկրտության արարողությունը կամ իրենց ունեցած մտքերն ու զգացողությունները։ Ապա թող ուսանողները մի պահ մտածեն, թե որքանով է նրանց հաջողվել պահել իրենց մկրտության ուխտերը։

Հիշեցրեք ուսանողներին, որ Ալման ուսուցանել է Մորմոնի Ջրերի մոտ կապած մկրտության ուխտի մասին, ապա խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 18․8-10 հատվածները։ Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ ենք մենք ուխտում անել, երբ մկրտվում ենք։

Գրատախտակին գրեք հետևյալը․

Երբ մկրտվում ենք, մենք ուխտում ենք …

  • Ի՞նչ ենք մենք ուխտում անել, երբ մկրտվում ենք: (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին` լրացնելով վարդապետական հայտարարությունը․ Երբ մենք մկրտվում ենք, մենք ուխտում ենք կրել մեկս մյուսի բեռը, կանգնել որպես Աստծո վկաներ, ծառայել Նրան և պահել Նրա պատվիրանները։

Օգնեք ուսանողներին հասկանալ սուրբ գրության հաջորդ հատվածի ենթատեքստը, բացատրելով, որ երբ Ալման ու նրա ժողովուրդը միացան հավատացյալներին Զարահեմլայում, Ալման հաստատեց հավատացյալների բազմաթիվ խմբեր։ Մի քանի ուսանողների հրավիրեք բարձրաձայն կարդալ Մոսիա 25․23-24 հատվածները և խնդրեք դասարանին փնտրել լրացուցիչ մտքեր, որոնք վերաբերում են մեր մկրտության ուխտին։ Երբ ուսանողները կիսվեն իրենց գտած նյութով, հարցրեք.

  • Ինչպե՞ս էին մարդիկ օրհնվել մկրտվելու և Աստծո Եկեղեցուն միանալու արդյունքում: (Օգնեք ուսանողներին հասկանալ հետևյալ սկզբունքը. Երբ մենք մեզ վրա ենք վերցնում Հիսուս Քրիստոսի անունը և ապրում համապատասխան ձևով, Տերը դուրս է թափում Իր Հոգին մեզ վրա:)

  • Երբ դուք ապրել եք ձեր մկրտության ուխտի համաձայն, ի՞նչ ազդեցություն է ձեր կյանքում եղել՝ ունենալով Տիրոջ Հոգին դուրս թափված ձեզ վրա։

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչպես կարող են նրանց մկրտության ուխտերը ամրացնել իրենց պարտավորությունը՝ լինելու Հիսուս Քրիստոսի հետևորդը իրենց որոշումներում և արարքներում։

Ելից 31․13, 16–17, Մոսիա 18․17, 23–25, Մորոնի 6․4–6

Երկրպագել Հանգստության օրը

Բացատրեք, որ Մորմոնի Գիրքը ցույց է տալիս ուղիներից մի քանիսը, որոնցով Քրիստոսի Եկեղեցու անդամները պետք է պահեն մկրտության ուխտը։

Դասարանի մի մասին հանձնարարեք ուսումնասիրել Մոսիա 18․17, 23-25 հատվածները, մինչ մյուս մասն ուսումնասիրում է Մորոնի 6․4-6-ը։ Խորհուրդ տվեք, որ ուսանողներն ընդգծեն բառերը կամ արտահայտությունները, որոնք նկարագրում են Քրիստոսի հետևորդների մոտ նկատվող երկրպագության սովորությունները։ Ապա հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով։

  • Ինչո՞ւ էին անդամները հաճախ մեկտեղ հավաքվում։ (Ուսանողները պետք է հիշատակեն հետևյալ ճշմարտությունները. Երբ մենք դառնում ենք Քրիստոսի Եկեղեցու անդամ, մեզ պատվիրվում է հիշել հանգստության օրը և այն սուրբ պահել։ Որպես Եկեղեցու անդամներ մենք պետք է հաճախ մեկտեղ հավաքվենք, որպեսզի սնուցվենք Աստծո բարի խոսքով, ծոմ պահենք, աղոթենք, զորացնենք միմյանց և ճաշակենք հաղորդությունը։)

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Հիմնականում մարդիկ եկեղեցի են գալիս ոչ թե պարզապես մի քանի ավետարանական նոր փաստեր որոնելու կամ հին ընկերներին տեսնելու համար, չնայած այդ ամենը կարևոր է։ Նրաք գալիս են՝ փնտրելով հոգևոր փորձառություն։ Նրանք խաղաղություն են ուզում։ Նրանք ցանկանում են ամրացնել իրենց հավատքը և վերանորոգել իրենց հույսը։ Մի խոսքով, նրանք ցանկանում են սնուցվել Աստծո բարի խոսքով, զորացվել երկնքի զորությունների կողմից» (“A Teacher Come from God,” Ensign, May 1998, 26)։

  • Ինչպե՞ս է հանգստության օրը Եկեղեցու մյուս անդամների հետ մեկտեղ հավաքվելն օգնում ձեզ զգալու զորացված երկնքի զորությունների կողմից։

  • Ի՞նչ եք անում Եկեղեցում, որպեսզի ավելի մոտենաք և պատշաճ ձևով երկրպագեք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչու է Եկեղեցու անդամներին պատվիրված հիշել Հանգստյան օրը և այն սուրբ պահել, հրավիրեք նրանց կարդալ Ելից 31․13, 16-17 հատվածները և հղում կատարել Մոսիա 18․23-ին։

  • Ի՞նչ է նշանակում այն, որ Հանգստյան օրը «նշան» է մեր և Տիրոջ միջև:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Ռասսել Մ. Նելսոն

«Ինչպե՞ս ենք մենք սուրբ պահում Հանգստության օրը։ Իմ ավելի երիտասարդ տարիքին ես ուսումնասիրել եմ այն մարդկանց աշխատությունները, ովքեր ցուցակ են կազմել այն բաների համար, որոնք պետք է անել, և այն բաների համար, որոնք չպետք է անել Հանգստության օրը։ Ավելի ուշ ես սուրբ գրություններից իմացա, որ իմ վարքն ու վերաբերմունքը Հանգստության օրվա հանդեպ կազմավորում են մի նշան իմ և Երկնային Հոր միջև։ Դա իմանալով, ես այլևս կարիք չունեի այդ ցուցակի։ Երբ պետք է որոշում կայացնեի, թե արդյոք միջոցառումը համապատասխանում էր Հանգստության օրվան, թե ոչ, ես պարզապես ինքս ինձ հարց էի տալիս․ «Ի՞նչ նշան եմ ցանկանում փոխանցել Աստծուն»։ Այդ հարցը Հանգստության օրվա վերաբերյալ իմ որոշումները պարզից էլ պարզ էր դարձնում» («Կիրակին բերկրանք է», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 130)։

  • Ինչպե՞ս կարող է «Ի՞նչ նշան եմ ցանկանում փոխանցել Աստծուն» հարցը ինքներս մեզ ուղելն օգնել մեզ ավելի լավ ընտրություններ կատարել և որոշել, թե ինչ ենք մենք անում Հանգստության օրը։

  • Ինչպե՞ս են Հանգստության օրը սուրբ պահելու ձեր ջանքերը ներգործում շաբաթվա մյուս օրերի վրա։

Հրավիրեք ուսանողներին գնահատել Հանգստյան օրը սուրբ պահելու իրենց ջանքերը: Խնդրեք նրանց խորհել, թե արդյոք իրենց մտքերը և գործողությունները արտահայտում են այդ օրը Հորը երկրպագելու անկեղծ ցանկություն։ Հրավիրեք ուսանողներին հատուկ նպատակ դնել՝ լավացնել իրենց Հանգստյան օրվա երկրպագությունը:

3 Նեփի 18․1–11, 20․3–9, Մորոնի 4․3, 5․2

Ճաշակել հաղորդությունը

Գրատախտակին գրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Լ․ Թոմ Փերի (1922–2015) հետևյալ խոսքերը (“As Now We Take the Sacrament,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2006, 39)։

«Հաղորդությունը ճաշակելը մեզ պարգևում է սրբազան պահ սուրբ վայրում»։ (Երեց Լ. Թոմ Փերի:)

  • Ինչպե՞ս կարող են «սուրբ պահ» և «սուրբ վայր» գաղափարները ներգործել մեր մտքերի և գործողությունների վրա, երբ մենք ճաշակում ենք հաղորդությունը։

Հիշեցրեք ուսանողներին, որ հարություն առած Հիսուս Քրիստոսը հաստատեց հաղորդությունը, երբ այցելեց նեփիացիներին Լիառատ երկրում։ Մի քանի ուսանողների հրավիրեք հերթով բարձրաձայն կարդալ 3 Նեփի 18․1-11 հատվածները, մինչ դասարանը կփնտրի, թե ինչ է Փրկիչն ուսուցանում հաղորդության նպատակի մասին։

  • Ի՞նչ սկզբունք ուսուցանեց Փրկիչը հաղորդության նպատակի վերաբերյալ։ (Երբ ուսանողները պատասխանեն, հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին․ Եթե մենք ճաշակենք հաղորդությունը և միշտ հիշենք Հիսուս Քրիստոսին, մենք Նրա Հոգին մեզ հետ կունենանք։)

  • Ի՞նչ եք դուք անում, որպեսզի հիշեք Փրկիչին հաղորդությունն ընդունելիս և ողջ շաբաթվա ընթացքում:

Հիշեցրեք ուսանողներին, որ Մորոնին գրի է առել բառերը, որոնք Հիսուս Քրիստոսի հետևորդներն օգտագործել են, երբ օրհնել են հաղորդությունը։ Կարող եք խնդրել ուսանողներին արագ աչքի անցկացնել հաղորդության աղոթքները, որոնք գտնվում են Մորոնի 4․3 և 5․2 հատվածներում և ընդգծել արտահայտությունները, որոնք կապված են գրատախտակին գրված սկզբունքի հետ։

  • Ի՞նչ հետևանքներ կարող են լինել, եթե մենք չկարողանանք «միշտ հիշել նրան»: (Մորոնի 4․3, 5․2

Հիշեցրեք ուսանողներին, որ երբ Հիսուսը այցելեց նեփիացիներին հաղորդությունը հաստատելու հաջորդ օրը, Նա կրկին կատարեց այդ արարողությունը նրանց համար։ Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 3 Նեփի 20.3-9 հատվածները: Դասարանին հանձնարարեք փնտրել լրացուցիչ օրհնությունները, որոնք հետևում են հաղորդություն ընդունելուն։

  • Ի՞նչ է նշանակում այն, որ մեր հոգին «երբեք չպիտի քաղցի, ոչ էլ ծարավի, այլ պիտի հագենա»։

  • Ինչպե՞ս է հաղորդություն ընդունելը հագեցրել ձեր հոգևոր քաղցը և ծարավը։

  • Ինչպե՞ս կարող է հաղորդությունը խոնարհաբար և երախտագիտությամբ ընդունելն օգնել մեզ ողջ շաբաթվա ընթացքում հիշել Փրկիչին:

Հրավիրեք ուսանողներին խորհել հաղորդության արարողության ժամանակ իրենց վարքագծի մասին, մինչ ուսանողներից մեկը բարձրաձայն կկարդա Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը․

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Հաղորդության ժողովի և հատկապես հաղորդության արարողության ժամանակ, մենք պետք է կենտրոնանանք երկրպագության վրա և զերծ մնանք ուրիշ որևէ բան անելուց, հատկապես, այնպիսի պահվածքից, որը կարող է խանգարել ուրիշների երկրպագությանը։ … Հաղորդության ժողովը գրքեր կամ ամսագրեր կարդալու ժամանակ չէ։ Երիտասարդներ, դա հեռախոսով շշուկով խոսելու կամ հաղորդագրություններ գրելու ժամանակ չէ։ Երբ ճաշակում ենք հաղորդությունից, մենք սրբազան ուխտ ենք կապում, որ միշտ կհիշենք Փրկիչին։ Որքան տխուր է տեսնել մարդկանց, ովքեր բացահայտորեն խախտում են այդ ուխտը հենց այն ժողովին, որտեղ կապում են այն» («Հաղորդության ժողովը և հաղորդությունը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 18–19)։

Ձեր ուսանողների կարիքների և Հոգու հուշումների շուրջ խորհելով դուք կարող եք կարդալ Մարկոս 14․37 հատվածը նրանց հետ միասին և շեշտել, որ այս հատվածը հորդորում է մեզ մի կողմ թողնել բոլոր խանգարող հանգամանքները և մեր ողջ ուշադրությունը կենտրոնացնել Տիրոջ վրա ամեն շաբաթ հաղորդության ժողովի մեր երկրպագության ժամանակ։

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչ իրենք կարող են անել, որպեսզի ավելի սուրբ փորձառություն ունենան, երբ ճաշակում են հաղորդությունը։ Հարցրեք, թե արդյոք որևէ մեկը ցանկություն կունենա կիսվել Հանգստության օրվա և հաղորդության կարևորության մասին վկայությամբ։ Կիսվեք ձեր վկայությամբ, որ Տերը կօրհնի մեզ Իր Հոգով, եթե մենք պատվենք մեր մկրտության ուխտերը և ջանանք միշտ հիշել Նրան։

Ուսանողի ընթերցարան