2007
Երկնքի պատուհանները
Ապրիլ 2007թ.


Երկնքի պատուհանները

Նկար

Իմ առաջին իսկական աշխատանքը ստացա, երբ մոտ 13 տարեկան էի: Ես թերթեր առաքող տղա էի: Դեռ հիշում եմ, թե ինչպես էի վարում հեծանիվս Սոլթ Լեյք Սիթիի մոտակայքում ամեն երեկո, թերթերը գցելով մեր հարևանների շեմի մոտ: Ես շատ փող չէի աշխատում դրանով, բայց ամեն ամիս, երբ ստանում էի աշխատավարձս, կասկած չկար, որ վճարելու էի տասանորդս: Ծնողներս օրինակ էին ցույց տվել տասանորդ վճարելու, և ես գիտեի, որ դա պատվիրան էր Տիրոջից (տես ՎևՈՒ 119.3–4):

Հիշում եմ, երբ պատանի էի, տասանորդի հարցազրույցի էի գնում հայրիկիս և մայրիկիս հետ: Այնքան բնական բան էր ինձ համար հանդիպել եպիսկոպոսին և հայտարարել, որ լրիվ տասանորդ վճարող եմ: Նույնիսկ, երբ մեծացա և սկսեցի ավելի շատ փող վաստակել, ես միշտ առաջինը տասանորդն էի վճարում:

Երբ ծնող դարձա, ինձ համար կարևոր էր, որ իմ երեխաները տասանորդի հարցազրույցի ժամանակ անհատապես հանդիպեն եպիսկոպոսի հետ: Կինս և ես փորձում էինք սովորեցնել նրանց վաղ հասակից տասանորդ վճարել այն փոքր գումարից, որ մենք տալիս էինք նրանց, այնպես որ, երբ նրանք մեծացան, դա մի բան էր, որի օրհնությունները նրանք արդեն տեսել էին և գիտեին, որ պետք է անեն:

Օրհնությունները կգան

Սկզբում, երբ Քույր Ռիչարդսը և ես ամուսնացանք, մենք սովորում էինք և շատ փոքր եկամուտ ունեինք մեր ծախսերը հոգալու համար: Մեր տասանորդը վճարելը մեծ զոհաբերություն էր: Բայց Քույր Ռիչարդսը երբեք, նույնիսկ, չէր էլ մտածում օգտագործել մեր տասանորդի փողն այլ բաների համար, որոնց կարիքը մենք խիստ ունեինք, ինչպես օրինակ ուտելիքը կամ վարձը: Նա պնդում էր, որ առաջինը վճարենք մեր տասանորդը, և մենք միշտ այդպես էլ անում էինք: Երբեմն մեզ մնում էր ընդամենը մեկ պեննի, երբ մեր բոլոր մուծումները կատարում էինք, բայց մենք թվում է միշտ ունենում էինք ճիշտ այնքան, որ բավարարեր մեզ: Դա օրհնություն էր, որը գալիս էր տասանորդ վճարելով մեր հավատքը գործադրելուց:

Մի օրհնություն, որը հավատում եմ, եկել է տասանորդ վճարելուց, այն է, որ իմ աշխատանքային գործունեության ողջ ընթացքում ես երբեք, ոչ մի անգամ երկար ժամանակ առանց աշխատանքի չեմ մնացել: Իմ աշխատանքային գործունեության վաղ շրջանում մեկ անգամ ազատվեցի աշխատանքից և երկու շաբաթվա ընթացքում ես ձեռք բերեցի մեկ այլ աշխատանք ավելի բարձր աշխատավարձով, քան նախորդն էր: 25 տարվա ընթացքում աշխատելով մեկ ընկերությունում, հաճախ եղել են ժամանակներ, երբ ինձ հետ աշխատողներից շատերն ազատվել են աշխատանքից, բայց ես` ոչ: Ես հավատում եմ, որ Տերն օրհնում էր ինձ` տասանորդ վճարելու համար:

Իմ երիտասարդ եղբայրներ և քույրեր, եթե բավականաչափ հավատք գործադրեք տասանորդ վճարելու համար, ես խոստանում եմ ձեզ, դուք կօրհնվեք: Անկախ նրանից, թե որքան փոքր կարող է թվալ ձեր զոհաբերությունը, վճարեք առանց տատանվելու: Երբ որոշ քանակությամբ փող եք վաստակում, դարձրեք դա առաջին բանը, որ դուք պետք է անեք: Դուք կզարգացնեք հավատք` անելու բաներ, որոնք այլապես դուք չէիք կարող մտածել, որ հնարավորություն կունենայիք կատարել: Դուք ավելի իմաստուն կլինեք ձեր փողը տնօրինելիս, և դուք ձեռք կբերեք հաճելի վստահություն, որը գալիս է գիտենալուց, որ դուք անում եք այն, ինչ ձեզանից խնդրել է Տերը: Դա կլինի ուժի աղբյուր, և դուք կկարողանաք ապավինել այդ ուժին ապագայում:

Ես գիտեմ, որ Քույր Ռիչարդսը և ես ստացել ենք շատ օրհնություններ տասանորդ վճարելու հետևանքով: Ես նաև վկա եմ եղել հորդառատ օրհնությունների, որոնք եկել են հավատարիմ Վերջին Օրերի Սրբերին աշխարհի հեռավոր անկյուններում, որովհետև նրանք կամենում էին վճարել տասանորդ:

Եկեղեցին Հնդկաստանում

Մի դեպք հատկապես մեծ տպավորություն թողեց ինձ վրա: 2000 թվականին հնարավորություն ունեցա մասնակցել Վերջին Օրերի Սրբերի ժողովատան հողատարածքի բացման ծիսակատարությանը, որը Հնդկաստանում բոլորովին նոր էր կառուցվելու: Այս աղոթատան տեղը Ռաջահմունդրիում էր` քաղաք, որը գտնվում էր երկրի արևելյան ծովափի մոտ: Հնդկաստանի համար այն համեմատաբար փոքր քաղաք է, չնայած երեք միլիոն մարդ է ապրում այնտեղ:

Ես Ռաջահմունդրի ուղևորվեցի կնոջս, միսիայի նախագահի, Էբենեզեր Սողոմոնի և նրա կնոջ հետ: Երբ մենք հասանք Ռաջահմունդրիի մարդաշատ երկաթուղային կայարանը, սիրտս կարեկցանքով լցվեց տեսնելով ծայրահեղ աղքատության մեջ ապրող այդքան շատ մարդկանց: Չոր գետնի վրա, որտեղ որ դատարկ տարածություն կար, քնած էին բազմաթիվ մարդիկ: Երբ հասանք հողատարածքի բացման վայրը, ես մեծ հակադրություն նկատեցի այն թշվառության միջև, որի ականատեսն էի եղել հենց նոր և այն ուրախության միջև, որը ես տեսա մեզ ողջունելու հավաքված անդամների դեմքին: Նրանք լույս էին ճառագայթում և ձեռքերն էին թափահարում ողջունելով մեզ, երբ մենք մոտեցանք: Նրանք այնքան երջանիկ էին և հուզված: Մինչդեռ նրանք նույնպես ապրում էին թշվառ պայմաններում ըստ որոշ չափանիշների, բայց հուսահատության կամ դատարկության նշաններ չէին երևում:

Ես անմիջապես սկսեցի հասկանալ, թե ինչու էր այս տեղն ընտրվել աղոթատան համար: Ընդունում եմ, ես մի փոքր կասկածանքով էի լցված, թե ինչու էին Եկեղեցու միջոցները կենտրոնացվել այս հեռավոր ծայրամասում: Բայց Ռաջահմունդրիում Սրբերի հետ կարճ հանդիպումից հետո, իմ բոլոր հարցերը պատասխանվեցին: Այս Վերջին Օրերի Սրբերն այնքան հավատարիմ էին և այնքան հուզված, որ ունեին իրենց սեփական ժողովատունը:

Որբևայրու լուման

Հողատարածքի բացման ծիսակատարությունից հետո Նախագահ Սողոմոնը ներկայացրեց ինձ չորս որբևայրիների, որոնք մկրտվել էին մի քանի տարի առաջ: Նրանք բոլորը 70-ին մոտ էին: Նախագահ Սողոմոնն ասաց, որ այդ կանայք բոլորը լրիվ տասանորդ վճարողներ էին սկսած իրենց մկրտությունից: Ես զարմացա, որ այդքան շատ կարիքներ ունեցող մի տարածքում այդ հավատարիմ քույրերը երբեք բաց չէին թողել իրենց տասանորդը վճարելու հնարավորությունը, չնայած համոզված եմ, որ դա զոհաբերություն էր եղել նրանց համար:

Ես հարցրեցի Նախագահ Սողոմոնին, թե յուրաքանչյուր քույր ամեն ամիս որքան տասանորդ է վճարում: Նա թիվը տվեց ռուփիներով, որը Հնդկաստանում օգտագործվող դրամն է: Ես չհասկացա գումարի չափը, այսպիսով նրան հարցրեցի, թե ԱՄՆ դոլարով դա որքան կլիներ: Ես երբեք չեմ մոռանա նրա պատասխանը: «Նրանք վճարում են մեկուկես և երկու սենթ»: Ինձ կրկին հիշեցվեց, որ տասանորդ վճարելը փողի հարց չէ, այլ դա հավատք է պահանջում: Խոնարհեցնող զգացում առաջացրեց հասկանալը, որ աղոթատան օրհնությունը տրվել էր այդ սրբերին տասանորդ վճարելու միջոցով զոհաբերություն կատարելու պատրաստակամության պատճառով, չնայած դրանք ընդամենը սենթեր էին: Համոզված եմ, որ Տերը պետք է այդ սենթերը միլիոնավոր դոլարներ դարձնի:

Տասանորդը դրամական պատվիրան չէ, դա հավատքի սկզբունք է: Տերը պահանջում է 10 տոկոսը մեր եկամտի և սպասում է տեսնի, արդյոք մենք հավատք կգործադրենք Իր հանդեպ` անելու այդ զոհաբերությունը: Ռաջահմունդրիի Սրբերն ունեին այդ հավատքը:

Երբ հասանք շենքի վայրը, ես զարմացա` տեսնելով մի կարմիր գորգ, որը փռված էր ճանապարհից մինչև մեծ բաց վրանը, որտեղ հավաքվել էին Սրբերը: Այն մոտ 30 մետր երկարություն ուներ: Բաց վրանի տակ դրված էին կարմիր թավշեպատ աթոռներ: Դրանք մեծ էին և տպավորիչ: Գորգը և աթոռները մաշված էին, բայց դա լավագույնն էր, ինչ այդ Սրբերը կարող էին առաջարկել: Նրանք չէին տա ավելի քիչ, քան իրենց լավագույնն էր: Դա խոնարհեցնող փորձառություն էր ինձ համար: Ռաջահմունդրիի այդ Սրբերը Տիրոջը հավատարմորեն նվիրաբերելու օրինակ էին, լիներ դա իրենց տասանորդը վճարելը, թե այցելող Եկեղեցու ղեկավարներին իրենց լավագույն հարմարությունները տրամադրելը:

Ձեզ կարող է թվալ, որ ձեր եկամտի 10 տոկոսը, փոքր թե մեծ, չի կարող շատ բարիք գործել կամ այդքան էլ կարևոր չէ: Ես խոստանում եմ ձեզ, որ դա կարևոր է: Կարևոր է, որ դուք ապրեք տասանորդի օրենքով այժմ, որովհետև այն կուժեղացնի ձեր հավատքը և կպատրաստի ձեզ հետագա փորձությունների համար:

Տերը խոստում է տվել մեզ, որ եթե մենք հնազանդվենք Նրա պատվիրաններին, Նա պարտավոր է ապահովել մեզ խոստացված օրհնությունները (տես ՎևՈՒ 82.10, 130.21): Ես վկա եմ եղել այդ օրհնությանը Ռաջահմունդրիի Սրբերի կյանքում և դուք կարող եք վկա լինել այդ օրհնությանը ձեր իսկ կյանքում, եթե դուք հավատարիմ լինեք ձեր տասանորդը վճարելիս: