2007
Ապաշխարության ուրախությունը
Ապրիլ 2007թ.


Դասեր Նոր Կտակարանից

Ապաշխարության ուրախությունը

Նկար

Իր երկրային ծառայության ընթացքում Փրկիչը մեծ սեր էր ցուցաբերում Աստծո յուրաքանչյուր դստեր և որդու հանդեպ, հատկապես նրանց հանդեպ, ովքեր ընկած վիճակում էին: Կորած ոչխարի, արծաթի կտորի և անառակ որդու առակներում Տերը շեշտել է նրանց օգնելու կարևորությունը, ովքեր շեղվում են ճանապարհից կամ կորում, և համակող այն ուրախությունը, երբ նրանք վերադառնում են (տե’ս Ղուկաս ԺԵ): Օրինակ, Նա ասել է. «Ուրախություն կլինի երկնքումը մեկ մեղավորի համար, որ ապաշխարե, քան թե իննսունինն արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ» (Ղուկաս ԺԵ.7):

Ես կցանկանայի կենտրոնանալ այն մեծ սիրո վրա, որը տրվում է նրանց, ովքեր ապաշխարում են, և ուրախության այն զգացումի վրա, որը մենք ունենում ենք, երբ օգնում ենք մյուսներին ապաշխարության ընթացքում:

«Մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»

Ուրախությունը շատ ավելի խորը զգացում է, քան բավարարվածության կամ երջանկության պահերը: Իրական ուրախությունը, կամ «հավիտենական ուրախությունը» (2 Նեփի 8.11), գալիս է անկեղծ ապաշխարության շնորհիվ Քավության զորությունը զգալու հետևանքով և հոգևոր համոզվածություն ունենալով, որ կարող ենք փրկագնվել մեղքից Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով և ժառանգել հավերժական կյանքը:

Լեքի մարգարեն սովորեցրել է, որ մեր բոլորի համար Երկնային Հոր ծրագիրը հնարավորություն է տալիս «ուրախություն ունենալ» (2 Նեփի 2.25), և հավիտենական ուրախություն ունենալու միակ ապահով ճանապարհը Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով է:

Թեև չենք կարող ստանալ ուրախության լիությունն այս կյանքում (տես ՎևՈւ 93.33–34), մենք կարող ենք ունենալ ուրախության ամենօրյա պահեր, եթե ապրենք ըստ ավետարանի: Մորմոնը ուսուցանել է ուրախություն գտնելու ձևը, երբ ասել է հավատարիմ Նեփիացիներին. «Նրանք հաճախ ծոմ էին պահում ու աղոթում, և դառնում էին ավելի ու ավելի ուժեղ իրենց համեստության մեջ, և ավելի ու ավելի կայուն՝ Քրիստոսի հավատքում, մինչև նրանց հոգիների լցվելն ուրախությամբ ու սփոփանքով, այո, նույնիսկ՝ մինչև նրանց սրտերի մաքրումն ու սրբագործումը, սրբագործում, որը գալիս է իրենց սրտերն Աստծուն ենթարկելուց» (Հելաման 3.35):

Լցվել ուրախությամբ Սուրբ Հոգու միջոցով

Շատ սուրբ գրություններում մարգարեները խոսում են ուրախություն զգալու և Սուրբ Հոգին զգալու մասին գրեթե նույն արտահայտություններով: Օրինակ, Գործք Առաքելոցում մենք սովորում ենք, որ «աշակերտները լցվում էին ուրախությունով` և Սուրբ Հոգով» (Գործք 13.52): Եվ Տերը խոստանում է նրանց, ովքեր հետևում են Իրեն. «Ես քեզ բաժին պիտի հանեմ իմ Հոգուց, որը կլուսավորի քո միտքը, որն ուրախությամբ կլցնի քո հոգին» (ՎևՈւ 11.13):

Երբ հասկանում ենք, որ ուրախությամբ լցվելը կախված է Սուրբ Հոգով լցվելուց, մենք զգում ենք այն իրական երջանկությունը, որը գալիս է մեր մեղքերից ապաշխարելու և Հոգուն արժանի ապրելու արդյունքում: Բացի այդ, երբ զգում ենք Հոգին, մենք մեծ ուրախություն կարող ենք գտնել` իմանալով, որ սրբագործվում ենք Աստծո առաջ:

Ապաշխարությունից եկող ուրախությունը ակնհայտորեն երևում է տարբեր կողմերի վրա: Առաջինը, այն ուրախությունն ու հանգստությունն է, որը գալիս է ապաշխարողի սրտին, երբ վերցվում է մեղքի բեռը: Երկրորդը, ուրախության և սիրո այն խորը զգացումն է, որը տրվում է նրանց, ովքեր օգնում են ուրիշներին անցնել ապաշխարության գործընթացով: Եվ վերջապես, կան ուրախալի զգացումներ, որ գալիս են մեզ սիրող Փրկչից, երբ Նա տեսնում է, թե ինչպես ենք մենք հետևում Իր խրատներին և ապավինում Նրա քավող զոհաբերության բուժող զորությանը:

Երբ մեր կյանքում կիրառում ենք Քավությունը, մենք պետք է հիշենք Փրկչին և մեզ տրված Նրա անսահման պարգևը, պետք է հավատք գործադրենք առ Նա, և հոգևոր հաստատում փնտրենք, որ Նա կարող է և կփրկագնի մեզ մեր բոլոր մեղքերից և թուլություններից: Այդպես, մենք կզգանք ուրախություն և խաղաղություն, որը կբացվի մեզ միայն Նրա Սուրբ Հոգու շնորհիվ: Մեր ապրումները նման կլինեն Զարահեմլայի ժողովրդի զգացումներին. «Տիրոջ Հոգին եկավ նրանց վրա, և նրանք լցվեցին ուրախությամբ, ստացած լինելով իրենց մեղքերին թողություն, և ունենալով խղճմտանքի խաղաղություն այն արտասովոր հավատքի շնորհիվ, որ նրանք ունեին Հիսուս Քրիստոսում, որը պիտի գար» (Մոսիա 4.3):

«Որ ես կարողանամ ապաշխարության բերել հոգիներ»

Երբ զգանք այն ուրախությունը, որը գալիս է Քավության օրհնությունների շնորհիվ, մենք կարող ենք նաև մեծ ուրախություն գտնել` հրավիրելով ուրիշներին գալ դեպի Քրիստոսը: Ուսուցանելով իր որդի Հելամանին, Ալման ասել է. «Ես տքնել եմ առանց դադարելու, որ ես կարողանամ ապաշխարության բերել հոգիներ. որ ես կարողանամ բերել նրանց՝ ճաշակելու այն սաստիկ ուրախությունից, որից ես ճաշակեցի. որ նրանք նույնպես կարողանան ծնվել Աստծուց և լցվել Սուրբ Հոգով:

Այո, և այժմ, ահա, Օ՜, որդի՛ս, Տերը տալիս է ինձ անչափ մեծ ուրախություն՝ իմ աշխատանքի պտղի մեջ» (Ալմա 36.24–25):

Փրկիչն Ինքն է սովորեցրել. «Եթե լինի այնպես, որ դուք տքնեք ձեր բոլոր օրերում՝ ապաշխարություն աղաղակելով այս ժողովրդին, և ինձ մոտ բերեք գեթ մեկ հոգի, որքա՜ն մեծ կլինի ձեր ուրախությունը նրա հետ, իմ Հոր արքայությունում:

Եվ արդ, եթե ձեր ուրախությունը մեծ կլինի … մեկ հոգու հետ, որ դուք բերել եք ինձ մոտ, որքա՜ն մեծ կլինի ձեր ուրախությունը, եթե դուք շատ հոգիներ բերեք ինձ մոտ» (ՎևՈւ 18.15–16):

«Որքա՜ն մեծ է նրա ուրախությունն այն հոգու համար, որն ապաշխարում է»

Վերջապես, ես չեմ կարող չմտածել բավարարվածության այն զգացումի մասին, որը Փրկիչը պետք է ունենա ամեն անգամ, երբ մենք ապաշխարում ենք մեր մեղքերից և կիրառում Նրա քավող զոհաբերությունը մեր կյանքում: Անշուշտ, Հովհաննեսը արտահայտել է Փրկչի զգացումները, երբ հայտարարել է. «Ավելի մեծ ուրախություն չունիմ, որ լսում եմ թե իմ որդիները ճշմարտության մեջ են գնում» (Գ Հովհաննես Ա.4): Խոսելով Իր մասին Քրիստոսն ասել է. «Որքա՜ն մեծ է նրա ուրախությունն այն հոգու համար, որն ապաշխարում է» (ՎևՈւ 18.13):

Երբ Հիսուսը Նեփիացիներին ուսուցանեց Իր Քավության մասին, և թե ինչ նրանք պետք է անեն Իր առաջ անբիծ կանգնելու համար, Նա արտահայտեց Իր զգացումները, ասելով նրանց. «Իմ ուրախությունը մեծ է, մինչև իսկ լիակատար՝ ձեր … շնորհիվ. այո, նույնիսկ Հայրն է ցնծում, և նաև, բոլոր սուրբ հրեշտակները՝ ձեր և այս սերնդի շնորհիվ. քանզի նրանցից ոչ մեկը չի կորչի … Ես լիակատար ուրախություն ունեմ նրանցում» (3 Նեփի 27.30–31):

Ես վկայում եմ, որ մենք նույնպես կարող ենք ուրախություն գտնել այս կյանքում և ուրախության լիություն մյուս կյանքում, եթե «մտիկ տանք հավատքի զորագլուխին և կատարողին` Հիսուսին, որ իր առաջին դրուած ուրախության փոխանակ խաչը հանձն առավ, և ամոթն արհամարհելով` Աստուծոյ աթոռի աջ կողմը նստեց» (Եբրայեցիս ԺԲ.2; շեղագրումն ավելացված է):

Ապաշխարող հոգու ուրախությունը

Մենք շատ բան կարող ենք սովորել այն ուրախության մասին, որը հետևում է անկեղծ ապաշխարությանը, ուսումնասիրելով Պողոս Առաքյալի և Ալմա Կրտսերի կյանքը, թեև մեր փորձն այդքան ծանր կարող է չլինել (տե’ս Գործք 8.1–3; 9.1–31; Մոսիա 27.8–31; Ալմա 36.5–24): Պողոսը և Ալման ազդեցիկ տղամարդիկ էին, որոնք հալածում էին Սրբերին: Իրենց կործանարար վարքի բուռն ժամանակ երկուսին էլ այցելեցին երկնային այցելուները: Տիրոջ հրեշտակը հայտնվեց Ալմային, մինչդեռ Հիսուսն Ինքը խոսեց Պողոսի հետ, հարցնելով. «Ինչո՞ւ ես ինձ հալածում» (Գործք Թ.4):

Երկուսն էլ ընկան գետնին, երբ տեսան և լսեցին դա: Ալման չէր կարողանում խոսել, իսկ Պողոսը` կուրացավ: Ինչն ավելի կարևոր է, երկուսն էլ ապաքինվեցին իրենց հիվանդություններից և ընկած վիճակից նույն ձևով: Պողոսը պարզապես հարցրեց. «Տեր, ի՞նչ ես կամենում, որ անեմ» (Գործք Թ.6): Նա անմիջապես իր կյանքը նվիրեց Փրկչին և ամենայն հստակությամբ հետևեց Տիրոջ հրահանգներին: Ալման այսպես է նկարագրում իր ապաշխարությունը.

«Երբ ես այսպես պրկված էի տանջանքից, մինչ ես տակնուվրա էի եղած իմ բազում մեղքերի հիշողությունից, ահա, ես հիշեցի նաև լսած լինելս՝ իմ հոր մարգարեանալը ժողովրդին, մի Հիսուս Քրիստոսի, մի Աստծո Որդու գալստյան վերաբերյալ՝ քավելու համար աշխարհի մեղքերը:

Արդ, երբ դատողությունս որսաց այս միտքը, ես գոչեցի իմ սրտում. Ո՜վ Հիսուս, դո՛ւ, Աստծո՛ Որդի, ողորմածություն ունեցիր ինձ վրա, որ դառը մաղձի մեջ եմ, և օղակված եմ մահվան հավիտենական շղթաներով:

Եվ արդ, ահա, երբ ես մտածեցի այս, ես այլևս չկարողացա հիշել իմ ցավերը. այո, ես այլևս տակնուվրա չէի լինում իմ մեղքերի հիշողությունից:

Եվ, Օ՜հ, ինչպիսի ուրախություն, և ինչ սքանչելի լույս ես տեսա. այո, իմ հոգին լցվեց ուրախությամբ՝ նույնքան սաստիկ, ինչպիսին իմ ցավն էր» (Ալմա 36.17–20; շեշտադրումն ավելացված է):

Երեց Քրեյգ Ս. Քրիսչենսեն, Յոթանասունական: