2007
Նա ձեզ հանգիստ կտա
Ապրիլ 2007թ.


Նա ձեզ հանգիստ կտա

Իմ սիրտը ցավում էր նրա սրտի հետ: Ես այնքան էի ուզում օգնել նրան, որովհետև զգում էի, թե որքան անկեղծ էին նրա զղջումն ու ճիշտն անելու ցանկությունը:

Ես միսիոներ էի, երբ հանդիպեցի Սյուզիին (անունը փոխված է): Նա և նրա ընտանիքն ավետարանի դասերն էին ուսուցանվում երկու միսիոներների կողմից, որոնք ինձ հետ միասին աշխատում էին միսիայի գրասենյակում: Նրանք ստացել էին բոլոր դասերը և ընդունել էին մկրտվելու ու հաստատվելու հրավերը: Ես պատիվ ունեի հարցազրույց անցկացնելու այդ հրաշալի ընտանիքի հետ, որը բաղկացած էր չորս անդամից` մայրը, հայրը, փոքր եղբայրները և Սյուզին:

Ես ավարտեցի մկրտության հարցազրույցները ընտանիքի երեք անդամների հետ և տեսա, որ նրանք հիանալիորեն պատրաստ են և ուրախ դառնալու Տիրոջ արքայության մի մասը: Սակայն, երբ Սյուզին ներս մտավ, նա լուռ էր և փոքր ինչ տատանվում էր ինձ հետ հանդիպել:

Ես սկսեցի հարցեր տալ այն ամենի մասին, ինչ նրան ուսուցանվել էր: Նա գիտեր Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին պատմությունը և հավատում էր դրան, նա կարդացել էր Մորմոնի Գիրքը և գիտեր, որ այն ճշմարիտ էր, և նա ընդունում էր Եկեղեցին որպես միակ ճշմարիտ և կենդանի Եկեղեցի երկրի վրա, և ցանկանում էր դառնալ դրա մասը: Ես Սյուզիին հարցրեցի տասանորդի օրենքով, Իմաստության Խոսքով և այլ պատվիրաններով ապրելու նրա պատրաստակամության մասին: Նա ասաց, որ հասկանում է դրանք և ցանկանում է ապրել ըստ դրանց իր կյանքի մնացած ժամանակահատվածում: Իրականում, հարցազրույցը նման էր ընտանիքի մյուս անդամների հետ վարած հարցազրույցին:

Ապա ես հարցրեցի. «Կարո՞ղ ես ինձ ասել, թե ինչ է առաքինության օրենքը»: Նրա դեմքն անմիջապես փոխվեց: Ես արագ հասկացա, որ դա էր ինձ հետ հանդիպելիս նրա վարանման պատճառը: Նախքան ես ինչ-որ բան կասեի, նա փակեց դեմքը իր երկու ձեռքով, դեմքը և ձեռքերը իջեցրեց ոտքերին և սկսեց հեծկլտալով արտասվել:

Մի քանի րոպե մենք նստեցինք առանց խոսելու: Ես չգիտեի ինչ ասեի, իսկ Սյուզին չէր կարողանում դադարել արտասվել: Ես աղոթեցի Տիրոջ օգնության համար և հարցրեցի Սյուզիին, թե ինչ է պատահել: Նա վերջապես բարձրացրեց դեմքը և ասաց, որ մինչև միսիոներներին հանդիպելը մի քանի շաբաթ առաջ իր ընկերոջ հետ այնպիսի բաներ է արել, որոնք, ինչպես սովորեցրեցին միսիոներները, դեմ էին Տիրոջ օրենքին: Նա իր ընկերոջն արդեն պատմել է իր սովորածի մասին և ասել, որ այլևս չի շարունակի նման հարաբերություն: Նա անգամ նրան առաջարկել է հանդիպել միսիոներներին և լսել այն, ինչ ինքն այժմ գիտեր, որ ճշմարիտ է: Սակայն այդ ամենի համար մեղավորությունը դեռ ճնշում էր նրա հոգին:

Իմ սիրտը ցավում էր նրա սրտի հետ: Ես այնքան էի ուզում օգնել նրան, որովհետև զգում էի, թե որքան անկեղծ էին նրա զղջումը և ճիշտն անելու ու մկրտվելու ցանկությունը: Այդ պահին իմ աղոթքի պատասխանը եկավ հստակ: Ես նրան հարցրեցի. «Սյուզի, դու ցանկանո՞ւմ ես ազատ լինել այդ մեղքի մեղավորության զգացումից և ցավից»: Կրկին նրա ձեռքերը փակեցին դեմքը և նա գլխով համաձայնեց: Նա միայն մեկ խոսք արտասանեց. «Այո»: Նրա արցունքներն ավելի առատորեն հոսեցին, և ես մխիթարում էի նրան, խոսելով Քավության և այն մասին, թե ինչպես նա կարող էր կիրառել դա իր կյանքում: Ես բացատրեցի, որ մկրտության և հաստատման նպատակներից մեկը նրանց հոգիները բուժելն է, ովքեր անկեղծ են իրենց ապաշխարության մեջ, իսկ ես անկասկած համարում էի, որ նա անկեղծ էր:

Մենք ավարտեցինք հարցազրույցն աղոթքով: Տիրոջ Հոգին անկասկած ներկա էր, ավելի ուժգին, քան ես զգում էի հարցազրույցի սկզբում:

Իմ զուգընկերը և ես հավաքատուն եկանք մկրտությունից մի փոքր առաջ: Ծառայությունից առաջ ժամանակ չեղավ խոսելու Սյուզիի և նրա ընտանիքի հետ: Երգերից և ելույթներից հետո նրանք մկրտվեցին` առաջինը մայրը, ապա հայրը, հետո եղբայրը, և վերջապես Սյուզին: Նա իջավ ջրավազանի մեջ և նրա ժպիտն ամեն ինչ ասաց` Վարդապետի բուժիչ բալասանը աշխատում էր նրա սրտի վրա: Երբ նա ջրից դուրս եկավ, արցունքներով լի էին նրա ու իմ աչքերը: Նրա ժպիտն անգամ ավելի մեծ էր, քան նախկինում, իսկ դեմքը փայլում էր: Ես հասկացա այդ պահին, թե ինչու էր Փրկիչն ուսուցանում. «Ինձ մոտ եկեք ամեն … բեռնավորվուածներ, և ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթեոս ԺԱ.28):

Ծառայությունից հետո մենք միայն կարճ խոսեցինք: Ես ողջունեցի ընտանիքին որպես Տիրոջ արքայության նոր անդամների: Երբ սեղմում էի Սյուզիի ձեռքը, ցանկացա ասել նրան, թե որքան կարևոր էր այդ փորձառությունն ինձ համար: Ես ինքս ապաշխարել էի իմ կյանքում և զգացել Քավության զորությունը, սակայն շնորհակալ էի, որ ավելի ուժգին այն զգացի իր հետ շփվելու արդյունքում:

Եկեղեցուն միանալը հեշտ չէ: Իսկ նման անձնական սուղ իրավիճակում գտնվելիս միանալն էլ ավելի մեծ խնդիր էր Սյուզիի համար, ինչպես շատ նոր անդամների համար է: Սակայն Հիսուս Քրիստոսի Քավությունն այդ դժվարությունը հաղթահարելի է դարձրել և օգնել Աստծո այդ հրաշալի դստերը դարձի գալ և հոգու բուժում ստանալ: Տպավորվող երիտասարդ միսիոներին այն նաև կարևոր դաս է սովորեցրել իր իսկ կյանքում Քավությունն օգտագործելու մասին: