2007
Հարստացրեք ձեր ամուսնությունը
Ապրիլ 2007թ.


Առաջին Նախագահության Ուղերձ

Հարստացրեք ձեր ամուսնությունը

Նկար

Շատ տարիներ առաջ, երբ որպես իրավաբան էի աշխատում, ես խորհրդատվություն էի մատուցում մի կնոջ, որը ցանկանում էր ամուսնալուծվել իր ամուսնուց, իմ կարծիքով, հիմնավոր պատճառներով: Ապահարզանից հետո, ես նրան մի քանի տարի չհանդիպեցի: Պատահական նրան փողոցում հանդիպելով ես նկատեցի միայնակության և հուսահատության արտահայտությունը մի ժամանակ սքանչելի դեմքին:

Մի քանի հաճոյախոսություններ փոխանակելուց հետո նա արագ ասաց, որ կյանքը հարուստ և հատուցող չի եղել իր համար, և հոգնել է միայնակ պայքարելուց: Ապա նա զարմացրեց ինձ, ասելով. «Որքան էլ վատ լիներ, եթե ես նորից սկսեի և իմանայի, թե ինչ էի անելու հիմա, երբեք ամուսնալուծության չէի գնա: Սա ավելի վատ է»:

Ըստ վիճակագրության, դժվար է խուսափել ամուսնալուծությունից: Մասնագետները կանխատեսում են, որ Միացյալ Նահանգներում կանանց մոտավորապես կեսը իրենց կյանքի ինչ-որ պահին կլուծարեն իրենց ամուսնությունը: Ամուսնալուծությունն աճում է այլ երկրներում ևս: Քանի դեռ անընդհատ աճող ամուսնալուծությունների ցուցանիշն աճում է, ավելի ու ավելի շատ ամուսնություններ ողբերգական ավարտ կունենան:

Ամուսնալուծությունը կարող է արդարացվել միայն հազվադեպ իրավիճակներում: Իմ կարծիքով, ամուսնալուծության «արդար պատճառը» չպետք է լինի պակաս լուրջ, քան երկարատև և ակնհայտ անտանելի հարաբերությունները, որոնք քայքայում են անձի արժանապատվությունը: Ամուսնալուծությունը հաճախ կործանում է մարդկանց կյանքերը և քայքայում ընտանեկան երջանկությունը: Հաճախ ամուսնալուծությամբ կողմերն ավելի շատ կորցնում են, քան ձեռք բերում:

Ամուսնալուծվողի ցավալի ապրումները լավ չեն հասկացվում և մի գուցե ըստ պատշաճի չեն գնահատվում: Անշուշտ, ավելի մեծ կարեկցանք և հոգատարություն պետք է ցուցաբերել նրանց հանդեպ, ովքեր ապրում են այդ մեծ ողբերգությունը, և ում կյանքը չի կարելի հետ փոխել: Ինչևէ, ամուսնալուծվածների համար դեռևս մեծ հույսեր և ակնկալիքներ կան լիարժեք ու երջանիկ կյանքով ապրելու առումով` հատկապես եսը մոռանալով և ուրիշներին ծառայելով:

Դժվար հարցեր

Ինչո՞ւ է ամուսնական երջանկությունն այդքան փխրուն և անցողիկ այնքան շատերի համար, և միևնույն ժամանակ այդքան առատ մյուսների համար: Ինչո՞ւ է արդյունքում սրտի ցավի ու տառապանքի շղթան այդքան երկար և ներքաշում այդքան շատ անմեղ մարդկանց:

Որո՞նք են հարստացնող բաղադրիչները, որ պակասում են այն բազմաթիվ ամուսնություններում, որոնք սկիզբ են առնում այդքան մեծ երջանկությամբ և շատ բարձր հույսերով:

Ես երկար եմ խորհել այս դժվար հարցերի շուրջ: Գրեթե ողջ կյանքս գործ ունենալով մարդկային փորձառությունների հետ, ես փոքր ինչ ծանոթ եմ դժբախտ ամուսնությունների, ամուսնալուծությունների և կործանված ընտանիքների խնդիրներին: Ես կարող եմ նաև խոսել այն մեծ երջանկության մասին, որը, ի շնորհիվ իմ սիրելի Ռութի, գտել եմ ամուսնության մեջ, որը մարդկային գոյության ամենահարուստ նվաճումն է:

Ամուսնալուծության պատճառները

Գոյություն չունեն պարզ ու հասարակ պատասխաններ ամուսնական երջանկության բարդ ու դժվար հարցերին: Ամուսնալուծության բազմաթիվ պատճառներից են եսասիրության, անհասունության, անպատասխանատվության, ոչ բավարար հաղորդակցման և անհավատարմության հետ կապված լուրջ խնդիրները:

Իմ փորձից կարող եմ բերել անհաջող ամուսնության մեկ այլ պատճառ, որն այդքան ակնհայտ չէ, սակայն նախորդում և հետևում է մնացած բոլորին: Դա ամուսնության անընդհատ հարստացման պակասն է, լրացուցիչ մի բանի բացակայությունը, որն այն դարձնում է թանկ, հատուկ և հրաշալի, և առանց որի այն դառնում է աշխատատար կամ դժվար, անգամ ձանձրալի:

Հարստացնել ամուսնությունը

Դուք կարող եք հարցնել. «Ինչպե՞ս կարելի է անընդհատ հարստացնել ամուսնությունը»: Մենք կառուցում ենք մեր ամուսնությունները անվերջ ընկերությամբ, վստահությամբ և անաչառությամբ, նաև ծառայելով և նեցուկ լինելով միմյանց մեր դժվարությունների մեջ: Եվայի մասին խոսելիս Ադամն ասել է. «Սա հիմա ոսկր է իմ ոսկրիցը և մարմին է իմ մարմնիցը» (Ծննդոց Բ.23): Կան մի քանի պարզ և որոշակի հարցեր, որոնք յուրաքանչյուր անձ, ամուսնացած, կամ ամուսնության մասին մտածող, պետք է ազնվորեն տա, փորձելով դառնալ «մեկ մարմնով»: Դրանք են.

Առաջին, ի վիճակի՞ եմ ես արդյոք առաջին հերթին մտածելու իմ ամուսնության և ամուսնու մասին, իմ անձնական ցանկությունների մասին մտածելուց առաջ:

Երկրորդ, որքա՞ն խորն է իմ զուգընկերոջ հանդեպ իմ պատասխանատվությունը, եթե մնացած շահերը մի կողմ դնենք:

Երրորդ, արդյո՞ք նա իմ ամենալավ ընկերն է:

Չորրորդ, արդյո՞ք ես հարգում եմ իմ ամուսնու արժանապատվությունը, որպես արժեքավոր և թանկ անձի:

Հինգերորդ, վիճո՞ւմ ենք մենք փողի շուրջ: Փողն իրենով ոչ երջանկացնում է զույգին, ոչ էլ դրա պակասը պարտադիր դժբախտացնում է նրանց: Փողի շուրջ վեճը հաճախ եսասիրության խորհրդանիշ է:

Վեցերորդ, կա՞ արդյոք մեր միջև հոգևոր սրբացնող կապ:

Կառուցել հարստացման կամուրջներ

Մի քանի կարևոր սովորույթներ կարող են հարստացնել ամուսնությունը:

Աղոթք: Ամուսնական հարաբերությունները կարող են հարստացվել ավելի լավ հաղորդակցման միջոցով: Կարևոր ճանապարհներից է միասին աղոթելը: Սա կլուծի ամուսինների միջև առկա բազմաթիվ անհամաձայնությունների խնդիրը քնելուց առաջ: Ես չեմ ուզում գերագնահատել անհամաձայնությունները, բայց դրանք իրականում կան և ամեն ինչ ավելի հետաքրքիր են դարձնում: Ես համոզված եմ, որ մեր անհամաձայնությունները աղի փոքր կտորներ են, որ մեր ամուսնությունն ավելի համեղ են դարձնում:

Մենք հաղորդակցվում ենք հազարավոր եղանակներով, օրինակ ժպիտի, մազերը շոյելու կամ մեղմ հպման միջոցով: Ամեն օր մենք պետք է հիշենք ասել «Ես քեզ սիրում եմ»: Ամուսինը իր կնոջը պետք է ասի «Դու սքանչելի ես»: Ամուսինների համար մյուս կարևոր խոսքերից է` «Ներողությունը»: Լսելը նույնպես հաղորդակցման հիանալի եղանակ է:

Վստահություն: Միմյանց հանդեպ բացարձակ վստահությունը ամուսնության հարստացման մեծագույն գործոններից է: Ոչինչ չի քայքայում փոխադարձ վստահության հիմքը, որն անհրաժեշտ է լիարժեք հարաբերությունների համար, ինչպես անհավատարմությունը: Երբեք ոչ մի արդարացում չկա դավաճանության համար: Չնայած այս կործանարար վարքի, երբեմն ամուսնությունները փրկվում են և ընտանիքները պահպանվում: Դա տուժած կողմից պահանջում է անսահման սիրո ունակություն, որը բավական կլինի ներելու և մոռանալու համար: Իսկ մեղավոր կողմից պահանջվում է ապաշխարելու և չարիքը թողնելու մեծագույն ցանկություն:

Մեր հավերժական զուգընկերոջ հանդեպ մեր հավատարմությունը չպետք է լինի պարզապես ֆիզիկական, այլ նաև մտավոր և հոգևոր: Քանի որ գոյություն չունի անվնաս սեթևեթում և ամուսնությունից հետո տեղ չպետք է մնա խանդի համար, ավելի լավ է խուսափել չարիքի ցանկացած դրսևորումից պարզապես հրաժարվելով ցանկացած տեսակի կասկածելի շփումից այն անձի հետ, որի հետ ամուսնացած չենք:

Առաքինություն: Առաքինությունն ամուր սոսինձ է, որն ամեն ինչ միասին է պահում: Տերն ասել է. «Սիրի՛ր կնոջդ քո ողջ սրտով ու հարիր նրան և ուրիշ ոչ մեկին» (ՎևՈւ 42.22):

Աստվածային ներկայություն: Այն ամենից, ինչը կարող է օրհնել ամուսնությունը, կա մեկ հատուկ հարստացնող բաղադրիչ, որն ամենաշատն է օգնում միավորել տղամարդուն և կնոջը իրական, սրբազան, հոգևոր իմաստով: Դա աստվածային ներկայությունն է ամուսնության մեջ: Իզաբել թագուհու միջոցով Արքա Հենրի Հինգերորդի մեջ Շեքսպիրն ասում է. «Աստված, բոլոր ամուսնությունների լավագույն կապողը, մեկ է դարձնում ձեր սրտերը» (գործողություն 5, տեսարան 2, տողեր 67–68): Աստված նաև ամուսնությունների լավագույն պահպանողն է:

Կան բազմաթիվ գործոններ, որոնք կարող են հարստացնել ամուսնությունը, սակայն դրանցից ոմանք կարծես հարաբերությունների կեղևը լինեն: Կողակից ունենալը և սուրբ ու աստվածային ներկայության պտուղները վայելելը դառնում է ամուսնության մեծ երջանկության կորիզը: Հոգևոր միասնությունը խարիսխն է: Ամուսնության սրբության ուղղությամբ դանդաղ բացթողումները հաճախ կարող են ամուսնությունները անցքերով անվադողեր դառնալու պատճառ հանդիսանալ:

Ես համոզված եմ, որ ամուսնալուծությունները շատանում են շատ դեպքերում, որովհետև այդ միությունը զրկված է սրբագործող ներգործությունից, որը գալիս է Աստծո պատվիրանները պահելու հետևանքով: Ամուսնությունները կարող են մահանալ հոգևոր սնուցման պակասից:

Տասանորդ: Գրեթե 20 տարի որպես եպիսկոպոս և ցցի նախագահ ծառայելու ընթացքում ես սովորեցի, որ ամուսնալուծության դեմ ապահովագրման լավագույն միջոցը տասանորդի վճարումն է: Տասանորդի վճարումը կարծես օգնում է, որ հոգևոր մարտկոցը լիցքավորված մնա, որպեսզի օգտագործվի այն ժամանակ, երբ հոգևոր շարժիչը կանգ է առել կամ չի աշխատում:

Չկա որևէ գեղեցիկ կամ հրաշագործ երաժշտություն, որը մշտապես մեծ սիրո ներդաշնակություն ապահովի: Ամենակատարյալ երաժշտությունը երկու ձայների միաձուլումն է մեկ հոգևոր երգի մեջ: Ամուսնությունն այն ճանապարհն է, որն Աստված տալիս է մարդկային մեծագույն կարիքների բավարարման համար, հիմնված փոխադարձ հարգանքի, հասունության, զոհաբերության, արժանապատվության, նվիրվածության և ազնվության վրա: Երջանկությունը ամուսնության և ծնող լինելու մեջ կարող է գերազանցել հազարավոր անգամ ցանկացած այլ երջանկության:

Ծնող լինել: Ամուսնության հոգին մեծապես հարստացվում է և հոգևոր աճի ընթացքը մեծապես ամրանում է, երբ զույգը ծնող է դառնում: Այն զույգերի համար, որոնք կարող են երեխաներ ունենալ, ծնող լինելը պետք է նվիրի ամենամեծ երջանկությունը: Տղամարդիկ աճում են, երբ որպես հայրեր նրանք պետք է հոգ տանեն իրենց ընտանիքի համար: Կանայք ծաղկում են, որովհետև մայր լինելով պետք է մոռանան իրենք իրենց: Մենք լավագույնս ենք հասկանում սիրո ամբողջ իմաստը, երբ ծնողներ ենք դառնում: Ինչևէ, այն զույգերը, որոնք երեխաներ չեն կարողանում ունենալ, սակայն սիրով պատրաստ են ունենալու, Տիրոջ կողմից կհարգվեն և կօրհնվեն իրենց հավատարմության համար: Մեր տները պետք է լինեն երկրային բոլոր սրբարաններից ամենասուրբը:

Ընտանիքների հարստացման գործում մեծ բաները փոքր են: Շարունակ պետք է գնահատել միմյանց և արտահայտել երախտագիտությունը: Զույգը պետք է խրախուսի միմյանց և օգնի աճել: Ամուսնությունը միասնական ճանապարհորդություն է դեպի լավը, սքանչելին և աստվածայինը:

Փրկիչն ասել է. «Ահա ես դռան առաջին կանգնած եմ և թակում եմ. եթե մեկը լսե իմ ձայնը և դուռը բանա, կմտնեմ նորա մոտ և ընթրիք կանեմ նորա հետ, և նա ինձ հետ» (Հայտնություն Գ.20):

Թող որ Աստծո ներկայությունը օգնի հարստացնել և օրհնել բոլոր ամուսնությունները և տները, հատկապես Իր Սրբերի, որպես Իր հավերժական ծրագրի մի մաս:

Մտքեր տնային ուսուցիչների համար

Աղոթքով նախապատրաստվելուց հետո կիսվեք այս ուղերձով, օգտագործելով այնպիսի եղանակ, որը կխրախուսի նրանց մասնակցությունը, ում ուսուցանում եք: Ստորև տրվում են մի քանի օրինակներ.

  1. Երկու տարբեր գույների պլաստիլինի կտորներից գնդիկներ պատրաստեք: Բացատրեք, որ յուրաքանչյուր գույնը ներկայացնում է ամուսիններից մեկին: Երկու գնդիկները խառնեք իրար, դարձնելով մեկ գնդիկ: Ընտանիքի անդամներից մեկին խնդրեք առանձնացնել երկու գույները: Քննարկեք Նախագահ Ֆաուստի վեց հարցերը, որոնց մասին պետք է մտածել, երբ ամուսնանում են կամ մտածում են ամուսնանալ: Վկայեք ամուսնության մեջ միասնական լինելու կարևորության մասին:

  2. Ընտանիքին հրավիրեք շրջան կանգնել: Յուրաքանչյուր անդամի խնդրեք ներկայացնել ամուսնությունը հարստացնելու կարևոր սովորույթներից որևէ մեկը: Քննարկելով ներկայացվող սովորույթը, նրանց խնդրեք բռնել իրենց կողքին գտնվող անձի ձեռքը: Բացատրեք, որ կապը կկտրվի, եթե այդ ընտանիքի անդամը դուրս գա շրջանից: Վկայեք ամուսնությունն ամուր պահելու կարևորության մասին:

  3. Աղաման բերեք: Բացատրեք, թե ինչպես է աղը համ տալիս ուտելիքին: Կարդացեք Նախագահ Ֆաուստի նախադասությունն այն մասին, որտեղ նա համեմատում է ամուսնական զույգերի տարբերությունները աղի հետ և քննարկեք, թե ինչպես կարող են տարբերությունները հարստացնել ամուսնությունը: Եթե ուսուցանում եք երիտասարդ զույգի, հարցրեք, թե ինչ են նրանք անում միմյանց հանդեպ իրենց երախտագիտությունը խորացնելու համար: