2007
Բարև ձեզ: Ես Կլարա Քրիսչենսենն եմ: Ես ապրում եմ Օնտարիոյի Կիվաթին քաղաքում, Կանադա:
Ապրիլ 2007թ.


Ընկերներ ձեռք բերենք

Բարև ձեզ: Ես Կլարա Քրիսչենսենն եմ: Ես ապրում եմ Օնտարիոյի Կիվաթին քաղաքում, Կանադա:

Դեպի բակ նայող տան պատուհանից 11-ամյա Կլարա Քրիսչենսենը վայելում է մի գեղեցիկ տեսարան, որն արժե տպագրել որպես օրացուցային էջ: Նրա տունը գտնվում է սարի լանջին, որտեղից երևում է Վուդս լիճը՝ մեծ ու ընդարձակ, որը դեպի հարավ հասնում է Միացյալ Նահանգներ, իսկ դեպի արևմուտք՝ Մանիտոբա: Ամռանն արևը փայլում է ջրի վրա: Ձմռանը լիճը շողում է ձնածածկ սառույցով:

Լիճն ու շրջակա անտառները երազանքի վայր են այնպիսի կենսուրախ, բնությունը սիրող անձնավորության համար, ինչպիսին Կլարան է: Ամռանը նա լողանում է, թիավարում, ձուկ որսում, սար մագլցում և ճամբարի մասնակցում: Ձմռանը՝ սիրում է չմուշկներով սահել, ձնասահնակ քշել, դահուկով սահել սարից ներքև, և կարպետի կտորի վրա ցած սղղալ զառիթափ լանջից: Ձմռան ջերմաստիճանը գիշերն իջնում է մինչև -40˚C և 1-2 մետր խորությամբ ձյուն է նստում: Թերևս աշունն ու ձմեռը Կլարայի ամենասիրած եղանակներն են:

Այս ամրակազմ, դուրսը սիրող աղջիկն ունի նաև շատ հետաքրքրություններ տանը: Նա սիրում է կարդալ, գործել և նվագել ֆլեյտա ու դաշնամուր: Նա նպատակ է դրել, որ սովորի նվագել բոլոր օրհներգերն ու Երեխաների Միության երգերը: Կլարան շատ փափուկ սիրտ ունի և հաճույք է ստանում հոգ տանելով թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների համար: Նա հաճախ խնամում է իր զարմիկներին ու զարմուհիներին, իսկ երբ չկան երեխաներ, նա մայրություն է անում տիկնիկների իր հավաքածուին: Կատուները մեկ այլ մեծ սիրո առարկա են: Լիլոն, Հիրոն և Հոուփը ուրախացնում են նրան ու հաճախ քնում նրա մահճակալի վրա: Նոյան տապանի պատմությունը սուրբ գրություններից նրա սիրած պատմություններից է շատ կենդանիների պատճառով: Երբ Կլարան մեծանա, նա ցանկանում է աշխատել կամ երեխաների, կամ էլ կատուների հետ:

Ինչ-էլ որ անում է, նա լավ է անում, որովհետև կիսատ չի թողնում, այնքան է աշխատում, մինչև առաջադրանքը ճիշտ կատարվի: Այս հատկանիշը օգնել է նրան որոշ մեծ դժվարություններում: Կլարան ախտորոշվել էր խոսակցական արատով՝ մանկական ապրաքսիայով: Սա նշանակում է, որ թեև ինքը գիտեր, թե ինչ էր ուզում ասել, սակայն ազդանշաններն ինչ-որ կերպ խառնվում էին նրա ուղեղի ու բերանի միջև, և նա չէր կարողանում պարզ խոսել: Կլարան անթիվ ժամեր է անցկացրել, սովորելով, թե ինչպես պետք է շարժի իր ծնոտը, շուրթերը և լեզուն, որպեսզի հնչյունները վերածվեն բառի: Սա շատ դժվար աշխատանք էր, սակայն իր ծնողների օգնությամբ, նա անդադար պարապում էր և շարունակում է պարապել: Այժմ նա լավ է խոսում, թեև կան խոսքեր, որ դեռ մեծ ջանք են պահանջում:

Անցյալ տարի չորրորդ դասարանի երեխաներին, որտեղ սովորում էր Կլարան, հանձնարարվել էր չորս-հինգ րոպեանոց ելույթներ պատրաստել: Կլարան ընտրել էր ելույթ Հոլոքաստի մասին, որը նա այնպես ներկայացրեց, կարծես համակենտրոնացման ճամբարից մի աղջիկ լիներ: Երբ նա առաջին անգամ փորձեց իր ելույթը, այն տևեց 8 րոպե 40 վայրկյան, քանի որ բառերից շատերը դժվար էր արտասանել: Նա կրկին ու կրկին փորձում էր: Ելույթի տևողությունն աստիճանաբար կարճանում էր բառերն ավելի ազատ արտասանելու շնորհիվ: Վերջապես նա ներկայացրեց ելույթը 4 րոպե 40 վայրկյանում և նրա համադասարանցիներն ընտրեցին նրան, որ ելույթը ներկայացնի ամբողջ դպրոցի առաջ: Երբ նա ելույթ ունեցավ, բոլոր աշակերտները ջերմ ծափահարություններով արձագանքեցին: Նրանցից շատերը դեռ առաջին դասարանից էին ճանաչում Կլարային, և նրա առաջընթացը հրաշքի պես էր: «Տնօրենն արտասվում էր», - հիշում է Կլարայի մայրը: «Կլարայի երկրորդ դասարանի ուսուցչուհին նույնպես արտասվում էր: Կլարային քաջալերեց չորրորդ դասարանի ուսուցիչը: Դա այնպիսի հաղթանակ էր` իմ կյանքի խոշորագույն պահերից մեկը»:

Ի՞նչ էր Կլարան սովորել իր փորձից: «Շարունակեք փորձել», - խորհուրդ է տալիս նա ամենուր բոլոր երեխաներին, - «Երբեք կանգ մի առեք»:

Անշուշտ, Կլարայի հաղթանակի կարևոր մասն աղոթքն էր: Նա մեծ հավատ ունի Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ: Նրան օգնեցին Երեխաների Միությունը, ընտանեկան երեկոները, սուրբ գրությունների ընթերցանությունը և ծնողների դասերը: Նրա ավագ քույրերը ևս օգնեցին, երկուսն էլ՝ իրենց լավ օրինակով ու կարդալու նյութերով: Երբ 18-ամյա Կարլին և 15-ամյա Ժոզին 12 տարեկան էին, նրանք ևս New Era ամսագրից ցուցանակները տեղադրում էին իրենց հայելու վրա: Կլարան նույնպես անգիր է սովորել սեմինարիայի սուրբ գրությունների սերտման համար նախատեսված հատվածները և քույրերի հետ սովորել է Նախագահ Հինքլիի վեց Ե-երը:

Նրա հայրը ճյուղի նախագահն է, մայրը՝ Երիտասարդ Կանանց նախագահն է, և Կլարան միշտ ներգրավված է ճյուղի միջոցառումներում: Կենորա ճյուղը փոքր է աշնան, ձմռան և գարնան ընթացքում: Ի դեպ, Կլարան սովորաբար Երեխաների Միության դասարանի միակ անդամն է լինում, որտեղ ուսուցանում է նրա տատիկը՝ Երեխաների Միության նախագահը: Սակայն ամռանը, երբ հազարավոր զբոսաշրջիկներ են գալիս վայելելու Վուդս Լիճը, ամեն կիրակի ճյուղը լցվում է այցելուներով: Կլարան հաճույքով նոր, հրաշալի ընկերներ է ձեռք բերում: Ընտանիքն ամբողջ տարին ակտիվ է լինում Եկեղեցում, հաճախելով ցցի միջոցառումներին Վիննիպեգում, Մանիտոբա, որը երկուս ու կես ժամվա ճանապարհ է այդտեղից դեպի արևմուտք: Երբ գիշերը տուն են վերադառնում, նրանք հաճախ երկնքում պարող հյուսիսափայլն են դիտում:

Կլարան մոտ է նաև իր բազմանդամ ընտանիքին: Սուրբ Ծննդյան նախօրեին զարմիկները, զարմուհիները, քեռիներն ու մորաքույրները՝ բոլորը գիշերում են տատիկի տանը: Նրանք ուտում են, երգում, գուլպաները կախում, բեմականացնում են Հիսուսի ծնունդը, լսում են Սուրբ Ծննդյան պատմությունը և միասին ծնկի գալիս՝ աղոթելու: Սուրբ Ծննդյան առավոտը բնորոշ է տաք շոկոլադով, չամչով բլիթներով, որոնց վրա խաչ է ձևավորված և նվերներով: Սուրբ Ծննդյան գիշերը ընտանիքները կրկին հանդիպում են Կլարայի տանը՝ ճաշելու: Հաջորդ օրը յուրաքանչյուր ընտանիքի տանը տարբեր կերակրատեսակներով հագեցած առատ ճաշկերույթ է լինում:

Կլարան մեծացել է` ոգեշնչվելով գեղեցիկ բնությամբ, ընտանեկան սիրո ջերմությամբ և Հիսուս Քրիստոսի ավետարանի լույսով: Այս բոլոր ազդեցությունները պարզ արտացոլվել են նրա դեմքի և հոգու վրա: Նույնիսկ ձմռան ամենացուրտ օրը նա ջերմացնում է նրանց կյանքը, ովքեր իրեն լավ են ճանաչում: Ինչպես ասում է նրա մայրը` «Փառք Աստծուն, մենք ունենք Կլարային»: