2007
Բանաստեղծությունը
Ապրիլ 2007թ.


Բանաստեղծությունը

Երբ երեխա էի, ես մի բանաստեղծություն գտա մի էջի վրա, որը ինչ որ մեկը պոկել էր գրքույկից, պատառոտել և թափել մայթին: Ես մեծացել եմ պետական շենքի էժան բնակարանում և մենասեր էի, բայց ունեի երեք փրկություն` գրքերը, Էլվիս Փրեսլիի կինոնկարները և պոեզիան: Ես սիրում էի պոեզիան: Այն ներգործում էր իմ էության այն մասի վրա, որն ինձ համար անծանոթ էր: Թվում էր խոսքեր չկային այն նկարագրելու համար: Հետաքրքրվելով բանաստեղծությամբ, ես վերցրեցի այն և տարա տուն:

Հետագա տարիներին ես կարդում էի այդ բանաստեղծությունն ամեն օր, երբեմն օրը մի քանի անգամ: Դասարանում նստած, քայլելով դասամիջոցներին, ընդմիջումներին միայնակ նստած ես այդ բանաստեղծության պատառիկներն էի հիշում: Նախկինում ես երբեք բանաստեղծություններ անգիր չէի սովորել, բայց այս մեկը տարբեր էր: Դրանում կար մի բան, որն ազդում էր իմ վրա և հուզում ինձ:

Բայց ասել է հաճախ մի ձայն

«Օտարական ես այստեղ»,

Զգացել եմ, որ եկել եմ,

Մի այլ վայրից հրաշագեղ:

Ես միշտ մյուս երեխաներից տարբեր էի զգում ինձ: Երբեմն զգում էի, որ կար մի այլ տուն ինչ որ մի տեղ, և եթե իսկապես փորձեի, ինչ որ ձևով կկարողանայի հիշել այն: Բանաստեղծությունն առաջացնում էր այդպիսի զգացումներ: Ժամանակ առ ժամանակ իմ դարակից հանում էի այն և կարդում: Ես մտածում էի, թե որքան իմ նման մարդիկ կան աշխարհում և արդյոք երբևէ կհանդիպե՞մ նրանցից որևէ մեկին:

Նպատակի համար վսեմ

Ուղարկել ես ինձ երկիր,

Եվ ինձանից թաքցրել ես

Ծնունդն ու կյանքն իմ նախկին:

Պատկերացրեք իմ զարմանքը շատ տարիներ հետո, երբ որպես ունկնդիր նստած էի իմ առաջին հաղորդության ժողովին, ես բացեցի օրհներգերի գիրքը նշված էջում և տեսա բանաստեղծությունը, որը ես գտել էի այդքան տարիներ առաջ: Երաժշտությունը տարբեր էր այն մեկից, որը ես բարձրաձայն երգում էի ինձ համար, երբ չէի կարողանում քնել կամ արթնանում էի կեսգիշերին արտասվելիս, բայց ես ճանաչեցի նույնիսկ նոտաները, որոնք հնչում էին դաշնամուրից:

Հայր իմ, Դու որ բնակվում ես,

Բարձր շքեղ երկնքում,

Երբ եմ կրկին տեսնելու Քեզ,

Ու լինելու Քո գրկում:

Մինչ բոլոր մյուսները երգում էին «Ով Հայր իմ» (Հիմներ և մանկական երգեր, էջ 42), ես կարողացա միայն նստել և արտասվել, իմանալով, որ Աստված այդ երգը իմ ճանապարհին էր դրել, երբ երեխա էի:

Քո սրբազան տան հարկի տակ

Չե՞մ ապրել ես մի ժամանակ

Իմ առաջին մանկությունը

Չի՞ անցել Քո ձեռքի տակ:

Երբ նստած էի այդ հաղորդության ժողովին, լսելով ներկաների կողմից իմ բանաստեղծության երգի կատարումը, ես գիտեի, որ ճիշտ ուղու վրա եմ: Ես գիտեի, որ այն ինչ սովորեցնում են միսիոներները ճիշտ է: Ես գիտեի, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին միակ ճշմարիտ Աստծո Եկեղեցին է երկրի վրա: Այսպիսով, երբ ես ծնկի իջա և հարցրեցի Աստծուն, թե ճի՞շտ է Նրա առջև, որ ես մկրտվեմ և հաստատվեմ Եկեղեցում, ես չզարմացա, երբ պատասխանը եղավ` այո:

Երեց Ուոքերի և Երեց Ուիթակերի երեքշաբաթյա դասերից հետո, Երեց Ուոքերը իջեցրեց ինձ մկրտության ջրերի մեջ: Ես մաքուր լվացվեցի, ավելի մաքուր, քան երբևէ զգացել էի և երբևէ կարող էի պատկերացնել: Երեցների հետ, ովքեր քահանայության կրողների հետ շրջան էին կազմել ինձ հաստատելու որպես անդամ, իմ առաջին եպիսկոպոսն էր, այն մարդը, որը պատասխանել էր այն օրը, երբ ես զանգահարեցի առաջարկելով միսիոներներին այցելել ինձ:

Ես լսում էի իմ սիրելի բանաստեղծության խոսքերը որպես մի քաղցր կրկներգ, որը լողում էր օդում` միահյուսվելով բոլոր նրանց ձայներին, որոնց ես հանդիպել էի և այն քայլերին, որոնք ինձ բերել էին Եկեղեցի: Այդ խոսքերն արթնացրել էին Երկնային Հորը կրկին անգամ ճանաչելու ցավող սրտի մի տենչ:

Սովորեցի Հայր կոչել Քեզ,

Քո մեծ Հոգու օգնությամբ,

Բայց գիտելիք չունեցած ես,

Չգիտեի, թե ինչու: