2007
Հաղորդությունը և Զոհաբերությունը
Ապրիլ 2007թ.


Ավետարանի դասականները

Հաղորդությունը և Զոհաբերությունը

Դեյվիդ Բ. Հեյթը ծնվել է 1906թ. սեպտեմբերի 2-ին, Օուքլիյում, Այդահո, Հեկտոր Ք. և Կլարա Թաթլ Հեյթերի ընտանիքում: Նա ամուսնացել է Ռուբի Օլսոնի հետ Սոլթ Լեյք Սիթիի Տաճարում 1930թ. սեպտեմբերի 4-ին: Որպես Բարձրագույն Իշխանավոր իր կոչումից առաջ նա հաջողությամբ աշխատել է մեծածախ առևտրի բնագավառում, ծառայել է որպես Կալիֆորնիա նահանգի Պալո Ալտո քաղաքի քաղաքապետ, և նախագահել է Շոտլանդական Միսիայում: Նա կարգվել է որպես Առաքյալ 1976թ. հունվարի 8-ին: Մահացել է 2004թ. հուլիսի 31-ին 97 տարեկան հասակում:

Նկար

Վեց ամիս առաջ ապրիլյան գերագույն համաժողովին ես ազատված էի ելույթ ունենալուց, քանի որ ապաքինվում էի լուրջ վիրահատությունից հետո: Իմ կյանքը փրկվել էր, իսկ այժմ ես հաճելի հնարավորություն ունեմ հայտնելու երախտագիտությունս այն օրհնությունների, մխիթարության և պատրաստակամ օգնության համար, որ ցուցաբերեցին Առաջին Նախագահության և Տասներկուսի իմ Եղբայրները և հիանալի այլ ծանոթներս ու ընկերներս, որոնց ես այնքան պարտական եմ, և ովքեր եղել են իմ սիրելի կնոջ` Ռուբիի և իմ ընտանիքի կողքին, տալով իրենց ժամանակը, ուշադրությունը և աղոթքները: …

Առողջական ճգնաժամի այդ երեկո ես հասկանում էի, որ ինձ հետ լուրջ բան է կատարվում: Իրադարձություններն այնքան արագ էին ծավալվում` ցավը, որ մեծ ուժգնությամբ հարվածեց, իմ սիրելի Ռուբին, որ զանգում էր բժշկին և մեր ընտանիքին, և ես` ծնկներիս վրա հենվելով լոգարանին, փնտրելով հենարան և որոշ հարմարություն` հուսալով, որ ցավը կթեթևանա: Ես աղոթում էի իմ Երկնային Հորը փրկել իմ կյանքը մի փոքր ավել ժամանակ տալով անելու Նրա աշխատանքը, եթե դա էր Նրա կամքը:

Դեռ աղոթում էի, երբ կորցրեցի գիտակցությունս: Շտապ օգնության մեքենայի ազդանշանային ձայնը վերջինն էր, որ հիշում եմ գիտակցությունս կորցնելուց առաջ, ինչը տևեց մի քանի օր:

Սաստիկ ցավը և մարդկանց իրարարանցումը վերջացավ: Այժմ ես հանգիստ, խաղաղ վիճակում էի, ամեն ինչ հանգիստ ու լուռ էր: Ես տեսնում էի երկու անձնավորություն, որ կանգնած էին բլրին որոշ հեռավորության վրա, մեկը մի փոքր ավելի բարձր էր կանգնած, քան մյուսը: Դիմագծերի մանրամասները չէին երևում: Բարձր կանգնած անձնավորությունը մատնանշում էր մի բան, որը ես չէի կարողանում տեսնել:

Ես ձայներ չէի լսում, սակայն գիտակցում էի, որ սուրբ ներկայության և միջավայրի մեջ եմ գտնվում: Հաջորդ ժամերի և օրերի ընթացքում իմ մտքում կրկին ու կրկին տպավորվում էր Մարդու Որդու հավերժական առաքելությունը և վեհացած դիրքը: Ես վկայում եմ ձեզ, որ Նա Հիսուս Քրիստոսն է, բոլորի Փրկիչը, ողջ մարդկության Քավիչը, անսահման սեր, գթություն և ներում Պարգևողը, աշխարհի Լույսն ու Կյանքը: Ես այս ճշմարտությունը նախկինում գիտեի, ես երբեք չեմ կասկածել կամ երկմտել: Սակայն այժմ իմ սրտի և հոգու վրա Սուրբ Հոգու գործած տպավորության շնորհիվ աստվածային այդ ճշմարտությունների մասին ես իմացա առավել անսովոր ճանապարհով:

Ինձ ցույց տրվեց Նրա երկրային ծառայության համայնապատկերը` Նրա մկրտությունը, Նրա ուսուցանումը, հիվանդի և կաղի բուժումը, կեղծ դատավարությունը, Նրա Խաչումը, Նրա Հարությունը և Համբարձումը: Ապա իմ մտքում տպավորիչ մանրամասնություններով հետևեցին Նրա երկրային ծառայության տեսարանները, հաստատելով սուրբ գրություններում տրված ականատեսների պատմությունները: Ես ուսուցանվում էի և իմ հասկացողության աչքերը բացվել էին Աստծո Սուրբ Հոգու առաջ, որպեսզի շատ բաներ տեսնեի:

Առաջին տեսարանը Փրկչի ու Նրա Առաքյալների մասին էր, Նրա մատնության նախօրեին` վերնահարկում: Զատկի ընթրիքից հետո Նա սովորեցրեց Տիրոջ Ընթրիքի մասին և պատրաստեց հաղորդությունը Իր սիրելի ընկերների համար որպես Իր գալիք զոհաբերության հիշատակ: Դա այնքան տպավորիչ էր երևում ինձ` յուրաքանչյուրի հանդեպ Փրկչի առատ սերը: Ես տեսա, թե որքան ուշադիր էր Նա ամեն նշանակալից մանրամասի հանդեպ` բոլոր Առաքյալների փոշոտ ոտքերի լվանալու, սև հացը կիսելու և օրհնելու, գինին օրհնելու, ապա տխրությամբ հայտնելով, որ մեկը մատնելու է Իրեն:

Նա բացատրեց Հուդայի հեռացումը և պատմեց մյուսներին այն իրադարձությունների մասին, որոնք պետք է տեղի ունենային:

Ապա Փրկիչը լուրջ հայտարարեց, ասելով Տասնմեկին. «Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք. աշխարհքումը նեղություն կունենաք. բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհքին» (Հովհաննես ԺԶ.33):

Մեր Փրկիչն աղոթեց Իր Հորը և շնորհակալություն հայտնեց Հորը որպես Իր իշխանության ու զորության աղբյուր, մինչև իսկ հավերժական կյանքի պարգևի համար, որը հասանելի է բոլոր նրանց, ովքեր արժանի են:

Նա աղոթեց. «Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստված. և նրան, որ ուղարկեցիր` Հիսուսին Քրիստոսին»:

Հիսուսն ապա ակնածանքով ավելացրեց.

«Ես քեզ փառավորեցի երկրի վրա. այն գործը կատարեցի, որ տուիր ինձ` որ անեմ:

Եվ հիմա, փառավորիր ինձ դու, Հայր, քեզ մոտ այն փառքովը, որ աշխարհքի լինելուցն առաջ ունեի քեզ մոտ» (Հովհաննես ԺԷ.3–5):

Նա խնդրեց ոչ միայն աշխարհից կանչված աշակերտների համար, ովքեր հավատարիմ մնացին Իր մասին իրենց վկայությանը, «այլ նրանց համար էլ, որ նրանց խոսքովը կհավատան ինձ» (Հովհաննես ԺԷ.20):

Երբ նրանք երգեցին օրհներգը, Հիսուսն ու Տասնմեկը գնացին Ձիթենյաց Սարը: Այնտեղ, այգում, մեր հասկացողությունից դուրս ինչ-որ ձևով Փրկիչն Իր վրա վերցրեց ողջ մարդկության մեղքերի բեռը սկսած Ադամից մինչև աշխարհի վերջը: Այգում Նրա տանջանքը, ինչպես Ղուկասն է մեզ նկարագրում, այնքան սաստիկ էր, որ «նրա քրտինքն էր ինչպես արյունի կաթիլներ, որ թափվում են երկրի վրա» (Ղուկաս ԻԲ.44): Նա կրեց տառապանքը և վերցրեց բեռը, որի նմանը չէր կարող կրել ոչ մի մարդկային էակ: Տառապանքի այդ ժամին մեր Փրկիչը հաղթահարեց Սատանայի բոլոր զորությունները:

Փառավորված Տերը Ջոզեֆ Սմիթին հայտնեց ողջ մարդկությանն ուղղված այս հորդորը.

«Հետևաբար, ես պատվիրում եմ քեզ՝ ապաշխարել …

Քանզի … ես՝ Աստվածս, տառապել եմ … բոլորի համար, որ նրանք կարողանան չտառապել, եթե նրանք ապաշխարեն…

Տառապանք, որը ստիպեց ինձ, նույնիսկ Աստծուս, բոլորից մեծագույնիս, ցավից դողալ, և արյունահոսել ամեն մի ծակոտիից …

Ուստի, ես կրկին պատվիրում եմ ձեզ` ապաշխարել, չլինի թե ես խոնարհեցնեմ ձեզ իմ ամենակարող զորությամբ. և, որ դու խոստովանես քո մեղքերը, չլինի թե դու կրես այս պատիժները» (ՎևՈւ 19.15–16, 18, 20):

Այդ օրերին անգիտակից վիճակում գտնվելիս` Սուրբ Հոգու զորությամբ Նրա առաքելության մասին ավելի կատարյալ գիտելիք տրվեց ինձ: Ինձ նաև տրվեց ավելի լիարժեք հասկացողություն այն մասին, թե ինչ է նշանակում գործածել Նրա անունով այն իշխանությունը, որը բացում է երկնքի արքայության խորհուրդները բոլոր նրանց փրկության համար, ովքեր հավատարիմ են: Իմ հոգին կրկին ու կրկին սովորեց Աստվածագլխի անդամներից մեկի մատնության, կեղծ դատավարության, մարմնական տանջանքների մասին: Ես վկա էի, երբ Նա տառապում էր բլրի վրա իր թուլացած վիճակում, կրելով իր խաչը, երբ Նրան պառկացրեցին գետնին և դաժան մեխերը մխրճեցին Նրա ձեռքերի և դաստակների ու ոտքերի մեջ, որպեսզի Նրա մարմինը կախված մնար խաչի վրա` ի ցուցադրումն հանրությանը:

Խաչումը, այն դաժանագույն ու ցավալի մահը, որը նա տարավ, ընտրված էր ամենասկզբից: Այդ սոսկալի մահվան միջոցով Նա բարձրացավ բոլոր բաներից վեր, ինչպես գրված էր, որ Իր Հարության միջոցով Նա կբարձրանա բոլոր բաներից վեր (տես ՎևՈւ 88.6):

Բառացիորեն, Հիսուս Քրիստոսը մահացավ, ինչպես մենք բոլորս կմահանանք: Նրա մարմինը դրվեց գերեզմանում: Հիսուսի անմահ հոգին, որն ընտրվել էր լինելու մարդկության Փրկիչը, գնաց հոգիների այն բազմությունների մոտ, որոնք հեռացել էին մահկանացու կյանքից Աստծո օրենքների հանդեպ տարբեր աստիճանի հավատարմություն ունենալով: Նա նրանց ուսուցանեց «մահվան կապանքներից փրկագնվելու և հնարավոր փրկության փառավոր օրհնությունները … , որոնք Փրկչի նախանշանակված և մարդու ընտանիքին մատուցվող առանձնահատուկ ծառայության մասն են»:1

Ես չեմ կարող նկարագրել ձեզ այն խորը ազդեցությունը, որ այդ տեսարանները գործեցին իմ հոգու վրա: Ես զգում եմ դրանց հավիտենական նշանակությունը և հասկանում եմ, որ «փրկության ողջ ծրագրի մեջ ոչինչ իր կարևորությամբ չի կարող համեմատվել բոլոր իրադարձություններից այդ ամենանշանավորի հետ, մեր Տիրոջ քավող զոհաբերության հետ: Դա ամենակարևոր ու բացառիկ երևույթն է, որ տեղի է ունեցել ամեն ինչի արարումից ի վեր պատմության ընթացքում, դա այն հիմնաքարն է, որի վրա են հիմնվում ավետարանը և մնացած բոլոր բաները»2,- ինչպես հայտարարվել է:

Հայր Լեքին սովորեցրել է իր որդուն Հակոբին և մեզ այսօրվա համար.

«Ուստի, փրկագնումը գալիս է Սուրբ Մեսիայի մեջ և նրա միջոցով. քանզի նա լի է շնորհքով և ճշմարտությամբ:

Ահա, նա իրեն զոհ է մատուցում մեղքի համար՝ բավարարելու օրենքի պահանջները, բոլոր նրանց համար, ովքեր ունեն կոտրված սիրտ ու ապաշխարող հոգի. և ուրիշ ոչ մեկի համար օրենքի պահանջները չեն կարող բավարարվել:

Ուստի, որքա՜ն մեծ է այս բաները հայտնի դարձնելու կարևորությունը երկրի բնակիչներին, որպեսզի նրանք կարողանան իմանալ, որ չկա մարմին, որ կարողանա բնակվել Աստծո ներկայության մեջ, ոչ այլ կերպ, քան Սուրբ Մեսիայի արժանիքների, ողորմածության և շնորհի միջոցով, որը վայր է դնում իր կյանքը՝ ըստ մարմնի, և վերցնում է այն կրկին՝ Հոգու զորությամբ, որպեսզի կարողանա իրագործել մեռելների հարությունը՝ լինելով առաջինը, որ պիտի հարություն առնի»:

Ուստի, նա առաջնապտուղ է Աստծո համար, այնպես որ նա բոլոր մարդկանց զավակների համար բարեխոսություն կանի. և նրանք, ովքեր հավատում են նրան, կփրկվեն» (2 Նեփի 2.6–9):

Հաղորդության ժողովի մեր ամենաարժեքավոր երկրպագությունը հաղորդության սուրբ արարողությունն է, քանի որ այն հնարավորություն է տալիս կենտրոնացնել մեր միտքն ու սիրտը Փրկչի ու Նրա զոհաբերության վրա:

Պողոս Առաքյալը նախազգուշացրել է առաջին Սրբերին այդ հացը անարժանորեն ճաշակելու և Տիրոջ գավաթից անարժանորեն խմելու մասին (տես Ա Կորնթացիս 11.27–30):

Մեր Փրկիչն Ինքն է հրահանգել Նեփիացիներին. «Ով որ ուտում և խմում է իմ մարմինն ու արյունը՝ անարժանորեն, նզովք է [բերում] իր հոգուն» (3 Նեփի 18.29):

Հաղորդության արժանի ճաշակողները ներդաշնակության մեջ են Տիրոջ հետ և իրենց ուխտի մեջ են պահում` Նրա հետ, որպեսզի միշտ հիշեն Նրա զոհաբերությունը աշխարհի մեղքերի համար, վերցնեն Քրիստոսի անունը և միշտ հիշեն Նրան և պահեն Նրա պատվիրանները: Փրկչի ուխտերը հնարավորություն են մեզ տալիս` ունենալ Իր Հոգին մեզ հետ և մինչև վերջ հավատարիմ մնալով ժառանագել հավերժական կյանքը:

Մեր Տերը բացահայտել է Ջոզեֆ Սմիթին, որ «չկա ավելի մեծ պարգև, քան փրկության պարգևն է» (ՎևՈւ 6.13), որի ծրագիրը ընդգրկում է հաղորդության արարողությունը, որը մշտական հիշեցում է Փրկչի քավող զոհաբերության մասին: Նա հրահանգներ է տվել, որ «նպատակահարմար է, որ եկեղեցին հաճախ հավաքվի՝ ճաշակելու հացից և գինուց՝ ի հիշատակ Տեր Հիսուսի» (ՎևՈւ 20.75):

Անմահությունը տրվում է մեզ բոլորիս որպես անվճար պարգև, միայն Աստծո շնորհով, առանց արդարակեցության գործերի: Սակայն հավերժական կյանքը վարձք է Իր ավետարանի օրենքներին և արարողություններին հնազանդվելու համար:

Ես ձեզ բոլորիդ վկայում եմ, որ մեր Երկնային Հայրը պատասխանում է մեր արդար աղոթքներին: Այն լրացուցիչ գիտելիքը, որը տրվեց ինձ, մեծ հետք թողեց իմ կյանքի վրա: Սուրբ Հոգու պարգևն անգին ունեցվածք է և դուռ է բացում դեպի Աստծո և հավերժական ուրախության մասին շարունակական գիտելիքները:

1989 թվի հոկտեմբերի գերագույն համաժողովի ուղերձից, մեծատառերը և կետադրական փոփոխությունները արդիականացվել են:

Հղումներ

  1. James E. Talmage, Jesus the Christ, 6th ed. (1922), 671.

  2. Bruce R. McConkie, Mormon Doctrine, 2nd ed. (1966), 60.