Նախագահների ուսմունքները
Գլուխ 1. Ավետարանի վերականգնումը՝ ավելի պայծառ օրվա լուսաբացը


Գլուխ 1

Ավետարանի վերականգնումը՝ ավելի պայծառ օրվա լուսաբացը

«Հայրն ու Որդին հայտնվեցին և այս փառահեղ ավետարանը ներկայացրին պատանի Ջոզեֆ Սմիթին»:

Գորդոն Բ. Հինքլիի կյանքից

Իր կյանքի ընթացքում Նախագահ Գորդոն Բ. Հինքլին որդեգրեց խորը հարգանք այն մարդկանց և վայրերի հանդեպ, որոնք առնչվում էին ավետարանի վերականգնմանը: Նա առանձնահատուկ երախտագիտություն էր զգում Ջոզեֆ Սմիթի և Վերականգնման մեջ նրա դերի հանդեպ, և նա խոսում էր «Տիրոջ աստվածայնության և Մարգարե Ջոզեֆ Սմիթի առաքելության մասին վկայություն բերելու անընդհատ աճող անհրաժեշտության մասին»:1

1935 թվականին, երբ Գորդոնը տուն էր վերադառնում Անգլիայում կատարած իր միսիայից, նա և մյուս վերադարձած միսիոներներն այցելեցին Սրբազան պուրակ և Կումորա բլուրը: Նրանք կանգ առան նաև Քարթիջի Բանտի մոտ, որտեղ Մարգարե Ջոզեֆը և Հայրում Սմիթը նահատակվեցին: Նրանք քայլեցին Նավուի փոշոտ փողոցներում, որտեղ աքսորված Սրբերը ճահճացած հողը դարձրին մի գեղատեսիլ քաղաք: Անկասկած, վաղ շրջանի Սրբերի փորձությունների ու հաղթանակների մասին մտորումները ճնշում էին Գորդոնի միտքը, երբ նա այդ վայրերում էր, և երբ շարունակում էր ճանապարհը դեպի արևմուտք, ռահվիրաների ուղու երկայնքով՝ դեպի Սոլթ Լեյք Սիթի:

Գորդոն Բ. Հինքլին հաջորդ տասնամյակների ընթացքում ևս շատ անգամներ վերադարձավ Վերականգնման սրբազան վայրերը: 2000 թվականի դեկտեմբերի 3-ին Առաջին Նախագահության Սուրբ Ծննդյան հոգևոր երեկոյի ժամանակ Նա կիսվեց դեպի Սրբազան Պուրակ կատարած իր այցելությունից այս անձնական փորձառությամբ.

«Մի քանի տարի առաջ ինձ հանձնարարված էր նախագահել Ռոչեստրի Նյու Յորք Ցցի համաժողովը: Շաբաթ օրը ես ասացի եղբայրներին, ովքեր ինձ հետ էին. «Եկեք , կիրակի առավոտյան շուտ վեր կենանք և գնանք Սրբազան Պուրակ մինչև համաժողովը»: Նրանք բոլորը համաձայնվեցին: Ուստի, այդ գարնանային կիրակի օրը շատ վաղ, միսիայի նախագահը, ցցի նախագահը, տարածքային ներկայացուցիչները և ես դուրս եկանք դեպի Պալմիրա և քայլեցինք դեպի պուրակը: Այնտեղ ոչ ոք չկար: Այն խաղաղ էր և հիասքանչ: Գիշերն անձրև էր եկել: Ծառերի վրա փոքրիկ նոր տերևներ էին դուրս եկել:

«Մենք կամաց էինք խոսում միմյանց հետ: Մենք ծնկի իջանք խոնավ գետնին և աղոթեցինք: Մենք չլսեցինք պարզորոշ ձայն: Մենք տեսիլք չտեսանք: Բայց անըմբռնելի ձևով մեզանից յուրաքանչյուրի մտքում կարծես լսվեց, որ այո, դա տեղի էր ունեցել այստեղ, դա պատահել էր ճիշտ, ինչպես Ջոզեֆն էր ասել: Այստեղ էր, որ Աստված՝ մեր Հավերժական Հայրը և Նրա Սիրելի Որդին, հարություն առած Տեր Հիսուս Քրիստոսը, հայտնվեցին 14-ամյա պատանուն և խոսեցին նրա հետ: Նրանց անզուգական լույսը հանգչեց նրա վրա և նրան հրահանգվեց այն, ինչ նա պետք է աներ:

«Այդ վեհ առիթը՝ Առաջին Տեսիլքը, բացեց վարագույրները, որի միջով երկիր եկավ Քրիստոսի վերականգնված Եկեղեցին: Այն դուրս եկավ խավարի անապատից, անցյալ դարերի ամայությունից դեպի նոր օրվա փառահեղ արշալույսը: Մորմոնի Գիրքը հաջորդեց՝ որպես ևս մեկ վկայություն Տեր Հիսուս Քրիստոսի մասին: Նրա սուրբ գերբնական քահանայությունը վերականգնվեց նրանց ձեռքերի ներքո, ովքեր կրել էին այն հնում: Բանալիներ և զորություններ շնորհվեցին Մարգարեներին և նրանց ընկերակիցներին: Հինավուրց Եկեղեցին կրկին երկրի վրա էր նախորդ ժամանակաշրջանների բոլոր օրհնություններով, զորություններով, վարդապետություններով, բանալիներով և սկզբունքներով: Սա [Քրիստոսի] Եկեղեցին է: Այն կրում է Նրա անունը: Այն ղեկավարվում է Նրա քահանայությամբ: Չկա ուրիշ անուն երկնքի ներքո, որով մարդիկ պիտի փրկվեն: Ջոզեֆ Սմիթը … դարձավ Նրա մեծ կտակարարը»:2

Նկար
Առաջին Տեսիլք

Առաջին Տեսիլքը սկզբնավորեց «երկրի տղամարդկանց և կանանց հետ Աստծո երկար տարեգրության վերջին գլուխը»:

Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները

1

Փրկիչի մահից հետո Նրա հիմնադրած Եկեղեցին ընկավ ուրացության մեջ:

[Հիսուս Քրիստոսը] եղել է և մնում է մարդկային պատմության կենտրոնական վիթխարի կերպարը, բոլոր մարդկանց ժամանակների և եղանակների բարձրակետը:

Մինչև Իր մահը նա ձեռնադրեց Իր Առաքյալներին: Որոշ ժամանակ նրանք շարունակում էին կրել այն: Նրա եկեղեցին հաստատվեց:3

Փրկիչի մահից հետո Նրա հիմնադրած Եկեղեցին ընկավ ուրացության մեջ: Կատարվեց Եսայիայի խոսքերը, ով ասել է. «Եւ երկիրը պղծուած է լինելու իր բնակիչների տակին, որովհետեւ օրենքները զանց են արել, պատուիրանքը՝ փոխել, յաւիտենական ուխտը ՝ խափանել (Եսայիա 24.5):4

Պողոսի թղթերը Քրիստոսի հետևորդների մեջ աղաղակում էին զորության համար , որպեսզի նրանք չընկնեն ամբարշտության մեջ:: Բայց ուրացության ոգին ի վերջո գերիշխեց:5

Դարեր անցան: Խավարի ամպը պատեց երկիրը: Եսայիան նկարագրել է այն. «Որովհետեւ ահա խաւարը ծածկել է երկիրը, եւ մառախուղն՝ ազգերը» (Եսայիա 60.2):

Դա կողոպուտի և տառապանքի ժամանակաշրջան էր, որին հատուկ էր երկարատև և արյունալի կոնֆլիկտ: … Դա հուսահատության դարաշրջան էր՝ տերերի և ճորտերի ժամանակաշրջան:

Առաջին հազար տարին անցավ և երկրորդ հազարամյակի արշալույսը բացվեց: Դրա առաջին դարերը նախորդի շարունակությունն էին: Դա վախով և տառապանքով լեցուն մի ժամանակաշրջան էր:6

2

Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ցույց տանք մեր երախտագիտությունը ավետարանի Վերականգնման համար։

Ինչ-որ ձևով, խավարի այդ երկար ժամանակաշրջանում մի մոմ վառվեց: Վերածննդի ժամանակաշրջանն իր հետ բերեց գիտելիքի, արվեստի գիտության ծաղկում: Առաջ եկավ քաջարի տղամարդկանց և կանանց համարձակ շարժում, ովքեր նայեցին դեպի երկինք՝ Աստծո և Նրա աստվածային Որդու ճանաչումով: Մենք խոսում ենք այդ մասին որպես Բարեփոխում:7

Բարեփոխողներն աշխատում էին փոխել [Քրիստոնեական] եկեղեցին, նրանց շարքում էին աչքի ընկնող այնպիսի մարդիկ, ինչպես օրինակ՝ Լյութերը, Մելանխթոնը, Հուսը, Զվինգլին և Թինդըլը: Սրանք շատ քաջ մարդիկ էին, որոնցից մի քանիսին իրենց համոզմունքների պատճառով դաժան մահվան դատապարտեցին: Բողոքականությունը առաջացավ է բարեփոխման հետևանքով և իր կանչով: Երբ այդ բարեփոխումը չիրականացավ, բարեփոխողները կազմավորեցին իրենց իսկ եկեղեցիները: Նրանք այդ արեցին առանց քահանայության իշխանության: Նրանց ցանկություններից մեկն էր գտնել մի ապաստարան, որում նրանք կերկրպագեին Աստծուն, ինչպես նրանք էին զգում, որ պետք է երկրպագեն:

Մինչ այս մեծ խմորումը հասունանում էր Քրիստոնեական աշխարհում, քաղաքական ուժերը նույնպես գործում էին: Այնուհետև եկավ Ամերիկյան Հեղափոխական Պատերազմը, առաջացնելով ծնունդը մի ազգի, որի Սահմանադրությունը հայտարարում էր, որ կառավարությունը չպիտի հասցնի իր ագահ ձեռքը կրոնական հարցերին: Մի նոր օր ծագեց, մի փառահեղ օր: Այստեղ այլևս պետական եկեղեցի չկար: Ոչ մի հավատ ավելի արտոնված չէր մյուսից:

Դարերի խավարից, ցավից ու պայքարից հետո ժամանակը հասունացել էր՝ ավետարանի վերականգնման համար: Հնադարյան մարգարեները խոսել էին այդ երկար սպասված օրվա մասին:

Անցյալի ողջ պատմությունը ուղղված էր դեպի այդ ժամանակաշրջանը: Դարերը իրենց ողջ տառապանքով և հույսով եկել ու գնացել էին: Ազգերի Ամենազոր Դատավորը` Կենդանի Աստվածը, վճռեց, որ ժամանակները, որոնց մասին մարգարեները խոսել էին, հասել էին: Դանիելը կանխավ տեսել էր քարը, որը կտրվեց սարից՝ առանց ձեռքի, և որը դարձավ մեծ սար և լցրեց ողջ երկիրը [տես Դանիել 2.35, 44]:8

3

Հայրն ու Որդին հայտնվեցին և Վերականգնումը ներկայացրին Ջոզեֆ Սմիթին:

Շատ սերունդներ երկրի վրա քայլեցին, նրանցից շատերն անցանհակասությունների, ատելության, խավարի և չարի միջով, և հասավ Վերականգնման մեծ, նոր օրը: Հայրն ու Որդին հայտնվեցին և այս փառահեղ ավետարանը ներկայացրին պատանի Ջոզեֆ Սմիթին:9

Իսկապես որքան նշանավոր էր 1820 թվականի այդ տեսիլքը, երբ Ջոզեֆն աղոթեց անտառում, և նրան հայտնվեցին Հայրն ու Որդին: Նրանցից մեկը խոսեց նրա հետ, դիմելով նրան անունով, և ասաց՝ մատնացույց անելով մյուսին. «Սա է Իմ Սիրելի Որդին: Լսի՛ր Նրան»: (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.17):

Ոչ մի նման բան երբևէ տեղի չէր ունեցել նախկինում: Զարմանալի է թվում, թե ինչու էր դա այդքան կարևոր, որ երկուսով՝ Հայրը և Որդին հայտնվեցին: Կարծում եմ, դա այն պատճառով էր, որ Նրանք մուտք էին բացում դեպի ժամանակների լրիվության տնտեսությունը, ավետարանի վերջին և եզրափակիչ տնտեսությունը, երբ մեկի մեջ հավաքվելու էին բոլոր նախկին տնտեսությունների տարրերը: Սա պետք է լիներ երկրի տղամարդկանց և կանանց հետ Աստծո գործերի երկար տարեգրության եզրափակիչ գլուխը:10

Յուրաքանչյուր պնդում, որ մենք կատարում ենք աստվածային իշխանության վերաբերյալ, յուրաքանչյուր ճշմարտություն, որ մենք ներկայացնում ենք այս աշխատանքի վավերականության մասին, իր արմատներն է գտնում պատանի մարգարեի Առաջին Տեսիլքում: Առանց դրա մենք շատ բան չէինք ունենա ասելու: Սա դեպի ժամանակների լրիվության տնտեսություն տանող նախաբանն էր, երբ Աստված խոստացավ, որ Ինքը կվերականգնի բոլոր նախորդ տնտեսությունների ողջ իշխանությունը, պարգևները, օրհնությունները:11

4

Քահանայության իշխանությունն ու բանալիները վերականգնվեցին:

Նկար
priesthood restoration statue

Մելքիսեդեկյան Քահանայության իշխանությունն ու բանալիները վերականգնվեցին երկրի վրա, որպես Վերականգնման մաս:

Վերականգնելով Ահարոնյան Քահանայությունը, հարություն առած Հովհաննես Մկրտիչը իր ձեռքերը դրեց Ջոզեֆ Սմիթի և Օլիվեր Քաուդերիի գլխին և ասաց. «Ընկերակից ծառաներ, Մեսիայի անունով ես շնորհում եմ ձեզ Ահարոնի Քահանայությունը, որը կրում է հրեշտակների սպասավորության, ապաշխարության ավետարանի և մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության բանալիները» (ՎևՈՒ 13.1):12

Սրան հաջորդեց Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալներ Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի այցելությունները, ովքեր շնորհեցին Ջոզեֆին և Օլիվեր Քաուդերիին Մելքիսեդեկյան Քահանայություն, որն այս Առաքյալները ստացել էին Տիրոջից ՝ Նրա ձեռքերի ներքո:13

[Փրկիչի] Առաքյալներից երեքը՝ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը, հայտնվեցին Ջոզեֆին և Օլիվերին ինչ-որ տեղ «անապատում» Սասքուեհանա գետի մոտ (տես ՎևՈՒ 128.20): Նրանք դրեցին իրենց ձեռքերը նրանց գլխին և շնորհեցին նրանց այս սուրբ իշխանությունը: …

Ես կարող եմ հետագծել իմ քահանայությունը ուղիղ գծով՝ մինչև այս իրադարձությունը: Դա հետևյալ ձևով է գնում. Ես ձեռնադրվեցի Դեյվիդ Օ. ՄակՔեյի կողմից, ով ձեռնադրվել էր Ջոզեֆ Ֆ. Սմիթի կողմից, որը ձեռնադրվել էր Բրիգամ Յանգի կողմից, որը ձեռնադրվել էր Երեք Վկաների կողմից, ովքեր ձեռնադրվել էին Ջոզեֆ Սմիթ Կրտսեր-ի և Օլիվեր Քաուդերիի կողմից, ովքեր ձեռնադրվել էին Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի կողմից, ովքեր ձեռնադրվել էին Տեր Հիսուս Քրիստոսի կողմից:

Այն նմանապես եկել է [յուրաքանչյուր Մելքիսեդեկյան Քահանայություն կրողի]: Եղբայրներ, ձեզանից յուրաքանչյուրը, ով կրում է այս քահանայությունը, նույնպես այն ուղիղ գծով ստացել է Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի շնորհումից:14

5

Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը մարգարեությամբ հայտնեց, որ պատերազմ կթափվի բոլոր ազգերի վրա

Թույլ տվեք ինձ նշել բազմաթիվ վարդապետություններից և սահմանված կարգերից մի քանիսը, որոնց միջոցով մենք տարբերվում ենք մնացած բոլոր եկեղեցիներից, և որոնցից յուրաքանչյուրը եկել է պատանի Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված մարգարեության միջոցով: Դրանք ծանոթ են ձեզ, բայց արժե, որ դրանք կրկնեք և դրանց մասին խորհրդածեք:

Աստվածագլուխը

Սրանցից առաջինը … Աստված Ւնքը և Նրա Սիրելի Որդին՝ հարություն առած Տեր Հիսուս Քրիստոսը հայտնվեցին: Այս մեծ Աստվածհայտնությունը, իմ կարծիքով, ժամանակի գագաթնակետին մեր Տիրոջ ծննդից, կյանքից, մահից և Հարությունից սկսած, մեծագույնն էր այդ իրադարձություններից:

Մենք չունենք որևէ այլ իրադարձություն, որը հավասար լիներ դրան:

Դարեր շարունակ մարդիկ հավաքվում էին և վիճում Աստվածության բնույթի վերաբերյալ: 325 թվականին Կոնստանտինոսը հավաքեց տարբեր խմբակցությունների գիտնականների Նիկէայում: Երկու ամսվա սուր քննարկումներից հետո, նրանք փոխզիջման եկան մի սահմանման վերաբերյալ, որը սերունդներ շարունակ եղել է Աստվածագլխի վերաբերյալ վարդապետական դրույթ Քրիստոնյաների մեջ :

Ես հրավիրում եմ ձեզ կարդալ այդ սահմանումը և համեմատել այն պատանի Ջոզեֆի հայտարարության հետ: Նա պարզապես ասաց, որ Աստված կանգնեց իր առջև և խոսեց նրա հետ: Ջոզեֆը տեսավ Նրան և լսեց Նրան: Նա տեսքով նման էր մարդու` նյութական էակի: Նրա կողքին էր հարություն առած Տերը` առանձին էակ, ում Նա ներկայացրեց որպես Իր Սիրելի Որդին և ում հետ Ջոզեֆը նույնպես խոսեց:

Կարծում եմ, որ այդ նշանավոր տեսիլքի կարճ ժամանակահատվածում Ջոզեֆն ավելի շատ բան սովորեց Աստվածության վերաբերյալ, քան անցյալի բոլոր գիտնականներն ու կղերականները:

Այս աստվածային հայտնության ժամանակ վերահաստատվեց կասկածից վեր այն իրողությունը, որ Տեր Հիսուս Քրիստոսը տառացիորեն Հարություն էր առել:

Աստվածության մասին այս գիտելիքը, որը թաքցված էր աշխարհից դարեր շարունակ, առաջին և մեծագույն բանն է, որն Աստված հայտնեց Իր ընտրյալ ծառային:15

Մորմոնի Գիրքը որպես ընկերակից վկա Աստվածաշնչի հետ

Նկար
painting, One Shepherd

Մորմոնի Գիրքը … խոսում է որպես ձայն փոշու միջից՝ որպես վկայություն Աստծո Որդու մասին:

Հաջորդը ես կխոսեմ մեկ այլ շատ կարևոր բանի մասին, որն Աստված է հայտնել:

Քրիստոնեական աշխարհն ընդունում է Աստվածաշունչը որպես Աստծո խոսք: Մեծամասնությունը գաղափար չունի, թե ինչպես է այն եկել մեզ:

Ես հենց նոր եմ ավարտել մի հայտնի գիտնականի նոր հրատարակված գրքի ընթերցանությունը: Նրա տված տեղեկությունից ակնհայտ է, որ Աստվածաշնչի տարբեր գրքեր միացվել են միմյանց, ինչպես երևում է չհամակարգված ձևով: Որոշ դեպքերում ձեռագրում գրվածները չէին ներկայացվում նկարագրված իրադարձություններից երկար ժամանակ հետո: Հարց է ծագում.«Արդյո՞ք Աստվածաշունչը ճշմարիտ է: Արդյո՞ք այն իսկապես Աստծո խոսքն է»:

Մենք պատասխանում ենք, որ այդպես է, այնքանով, որքանով այն ճիշտ է թարգմանված: Տիրոջ ձեռքը մասնակցել է դրա ստեղծմանը: Բայց այն միայնակ չի կանգնած այժմ: Կա ևս մեկ վկա այնտեղ գտնվող նշանակալի և կարևոր ճշմարտությունների վերաբերյալ:

Սուրբ գրությունները հայտարարում են, որ «երկու կամ երեք վկաների բերանից ամեն բան կհաստատուի» (2 Կորնթացիս 13.1):

Մորմոնի Գիրքն առաջացել է Աստծո պարգևով և զորությամբ։ Այն խոսում է որպես ձայն փոշու միջից` վկայելով Աստծո Որդու մասին: «Մորմոնի Գիրքն առաջ է եկել Աստծո պարգևով և զորությամբ: Ինչպես ձայնը փոշու միջից, այն վկայում է Աստծո Որդու մասին: Այն պատմում է Նրա ծննդի, Նրա ծառայության, Նրա Խաչելության, Հարության մասին և ամերիկյան մայր ցամաք` Բաունթիֆուլ երկրի արդարներին Նրա այցի մասին:

Այն շոշափելի բան է, որը կարելի է ձեռքով վերցնել, որը կարելի է կարդալ, որը կարելի է ստուգել: Այն իր կազմերի ներսում խոստում է պարունակում իր աստվածային ծագման վերաբերյալ: Այժմ միլիոնավորները այն ստուգարքի են դրել և գտել, որ այն ճշմարիտ և սրբազան հիշատակարան է: …

Քանի որ Աստվածաշունչը հին աշխարհի կտարակարանն է, Մորմոնի Գիրքը Նոր աշխարհի կտակարանն է: Նրանք ձեռք-ձեռքի տված գնում են՝ հռչակելով Հիսուսին որպես Հոր Որդի …

Այս սուրբ գիրքը, որն առաջ եկավ որպես հայտնություն Ամենազորից, իսկապես ևս մեկ վկայություն է մեր Տիրոջ աստվածայնության մասին:16

Քահանայության իշխանությունը և Եկեղեցու կազմակերպությունը

Քահանայությունը Աստծո անունով գործելու իշխանություն է: … Ես վերջերս [մի] գիրք կարդացի, [որն] առնչվում էր նախնադարյան եկեղեցու Ուրացությանը: Եթե այդ Եկեղեցու իշխանությունը կորել էր, ինչո՞վ պետք է այն փոխարինվեր:

Քահանայության իշխանությունը եկել է այն միակ տեղից, որտեղից այն կարող էր գալ, և դա երկնքից է: Այն շնորհվել է նրանց ձեռքերի ներքո, ովքեր կրել էին այն, երբ Փրկիչը քայլում էր երկրի վրա: …

Որքան գեղեցիկ են բացվում վերականգնման պատկերները, որոնք տարան դեպի Եկեղեցու կազմավորումը 1830 թվականին: … Նույնիսկ Եկեղեցու անունը եկավ հայտնությամբ: Ո՞ւմ Եկեղեցին էր դա: Մի՞թե դա Ջոզեֆ Սմիթինն էր: Մի՞թե դա Օլիվեր Քաուդերիինն էր: Ոչ, դա Հիսուս Քրիստոսի Եկեղեցին էր, որը վերականգնվել էր երկրի վրա այս վերջին օրերում:17

Ընտանիքը

Եվս մի եզակի հայտնություն, որը տրվեց Մարգարեին, ընտանիքի հավերժական կյանքի ծրագիրն էր:

Ընտանիքը Ամենազորի ստեղծագործությունն է: Այն ներկայացնում է բոլոր հարաբերություններից ամենասրբազանը: Այն ներկայացնում է բոլոր նախաձեռնություններից ամենալուրջը: Այն հանդիսանում է հասարակության հիմնական կազմակերպությունը:

Իր Մարգարեին տրված հայտնությունների միջոցով եկավ վարդապետությունը և իշխանությունը, որի ներքո միասին կնքվում են ոչ միայն այս կյանքի համար, այլ ողջ հավերժության համար:18

Փոքր երեխաների անմեղությունը

Փոքր երեխաների անմեղությունը մեկ այլ հայտնություն է, որն Աստված տվել է Մարգարե Ջոզեֆի գործիք լինելու միջոցով: Ընդհանուր առմամբ նորածինների մկրտության գործընթացը նկարագրվում է որպես Ադամի և Եվայի մեղքի հետևանքների վերացում: Վերականգնման վարդապետության համաձայն մկրտությունը անհատական և անձնական մեղքերի թողության համար է: Այն դառնում է ուխտ Աստծո և մարդկանց միջև: Այն կատարվում է պատասխանատվության տարիքում, երբ մարդիկ բավականաչափ մեծ են` տարբերելու ճիշտը սխալից: Դա ընկղմումով է՝ խորհրդանշելով Հիսուս Քրիստոսի մահը և թաղումը և Նրա հայտնվելը Հարության ժամանակ:19

Փրկություն մահացածների համար

Ես շարունակում եմ, նշելով ևս մեկ բացահայտված ճշմարտություն: Մեզ ասվում է, որ Աստված մարդկանց հանդեպ անաչառ է, այնուամենայնիվ, իմ գիտեցած ոչ մի այլ եկեղեցի չի ապահովում մահվան վարագույրից այն կողմ գտնվողների համար ստանալու ամեն օրհնություն, որոնք տրամադրվում են ողջերին: Մահացածների փրկության վերաբերյալ հրաշալի վարդապետությունը առանձնահատուկ է այս Եկեղեցուն:: … Մահացածներին տրվել է նույն հնարավորությունը, ինչ` ողջերին: Կրկին, ինչպիսի փառահեղ և սքանչելի բան է Ամենազորն ապահովել Իր Մարգարեին տրված Իր հայտնության միջոցով:20

Աստծո զավակների էությունը, նպատակը և ներուժը

Բացահայտվել է մարդու հավերժական էությունը: Մենք Աստծո որդիներն ու դուստրերն ենք: Աստված մեր ոգիների Հայրն է: Նախքան այստեղ գալը մենք ապրել ենք: Մենք ունեինք ինքնություն: Մենք ծնվել ենք այս կյանքում աստվածային ծրագրի համաձայն: Մենք այստեղ ենք, որպեսզի ստուգվի մեր արժանավորությունը, գործելով ըստ մեր ազատ կամքի, որն Աստված է տվել մեզ: Երբ մեռնենք, մենք կշարունակենք ապրել։ Մեր հավերժական կյանքը բաղկացած է երեք փուլից,՝ մեկը մեր նախամահկանացու գոյությունն է, երկրորդը՝ մեր մահկանացու գոյությունը, երրորդը՝ հետմահկանացու գոյությունը: Մահվան ժամանակ մենք մեռնում ենք այս աշխարհում և վարագույրի միջով մտնում մի ոլորտ, ուր մենք արժանի ենք մտնել: Սա, նույնպես, այս Եկեղեցու առանձնահատուկ, եզակի և թանկագին վարդապետությունն է, որը եկել է հայտնությամբ:21

Ժամանակակից հայտնություն

Ես առաջարկում եմ, որ գիտելիքի և իշխանության այս վիթխարի համառոտ բովանդակությունը Աստծո կողմից հեղվի Իր Մարգարեի գլխին: … Կա ևս մեկ բան, որը ես պետք է նշեմ: Դա ժամանակակից հայտնության սկզբունքն է: Հավատո հանգանակը, որը Մարգարեն է գրել, հայտարարում է.

«Մենք հավատում ենք նաև այն ամենին, ինչ Աստված հայտնել է, այն ամենին, ինչ Նա այժմ հայտնում է, և հավատում ենք, որ Նա դեռ շատ մեծ ու կարևոր բաներ է հայտնելու Աստծո Արքայության վերաբերյալ» (Հավատո Հանգանակ 1.9):

Աճող եկեղեցին, որը տարածվում է երկրագնդով մեկ այս բարդ ժամանակներում, կարիք ունի մշտական հայտնության երկնային գահից՝ այն առաջնորդելու և առաջ տանելու համար:

Աղոթքով և Տիրոջ կամքը անխոնջ որոնելով, մենք վկայում ենք, որ ստանում ենք ուղղություն, որ գալիս է հայտնություն, և որ Տերն օրհնում է Իր Եկեղեցին, մինչ այն առաջ է շարժվում իր ճակատագրի ուղով:

Մարգարե Ջոզեֆի աստվածային կոչման և Աստծո հայտնությունների ամուր հիմքի վրա, որոնք եկել են նրա միջոցով, մենք առաջ ենք գնում:22

Ջոզեֆ Սմիթից սկսած, կանգնելով շարքում որպես 15-երորդը և կրելով մարգարեական թիկնոցը, որը եկավ նրա վրա, ես հանդիսավոր հայտարարում եմ իմ վկայությունը, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթի պատմությունը [Վերականգնման իրադարձությունների մասին] ճշմարիտ են, որ Հայրը … վկայություն տվեց Իր Որդու աստվածայնության մասին, որ Որդին ուսուցանեց պատանի մարգարեին, և որ հաջորդեցին մի շարք իրադարձություններ, որոնք բերեցին դեպի «ողջ երկրի երեսին միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցու կազմավորմանը»[ՎևՈւ 1.30]:23

Առաջարկներ ուսումնասիրության և ուսուցման համար

Հարցեր

  • Ինչո՞ւ աշխարհի ժողովուրդը Հիսուս Քրիստոսի Եկեղեցու և ավետարանի կարիքն ուներ: (Տես բաժին 1:) Տերն ինչպե՞ս նախապատրաստեց ուղին ավետարանի վերականգնման համար: (Տես բաժին 2:)

  • Խորհեք Առաջին Տեսիլքի վերաբերյալ Նախագահ Հինքլիի ուսմունքների մասին (տես բաժին 3): Ինչպե՞ս է Առաջին Տեսիլքի ձեր վկայությունն ազդել ձեզ վրա:

  • Ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ քահանայությունը վերականգնվեր երկնային սուրհանդակների միջոցով։ (Տես բաժին 4:) Ինչո՞ւ է կարևոր, որ Մելքիսեդեկյան Քահանայություն կրողների քահանայության իշխանությունը ուղիղ գծով հասնի մինչև Հիսուս Քրիստոս:

  • Բաժին 5-ում վերանայեք որոշ ճշմարտությունների բովանդակությունը, որոնք եկել են Մարգարե Ջոզեֆ Սմիթին հայտնության միջոցով: Ինչպե՞ս են այդ ճշմարտություններն օրհնել ձեր կյանքը: Ինչպե՞ս կարող ենք օգնել երեխաներին հասկանալ և գնահատել այս ճշմարտությունները:

Առնչվող սուրբ գրություններ

Եսայիա 2.1–3, Գործք 3.19–21, Հայտնություն 14.6–7, 2 Նեփի 25.17–18, ՎևՈւ 128.19–21

Օգնություն ուսումնասիրողին

Ավետարանի ձեր ուսումնասիրությունը ամենաարդունավետն է, երբ դուք ուսուցանվում եք Սուրբ Հոգու կողմից: Ավետարանի ձեր ուսումնասիրությունը միշտ սկսեք աղոթքով, որպեսզի Սուրբ Հոգին օգնի ձեզ սովորել» (Քարոզիր Իմ Ավետարանը [2004], 21):

Հղումներ

  1. In Sheri L. Dew, Go Forward with Faith: The Biography of Gordon B. Hinckley (1996), 326.

  2. “My Redeemer Lives,” Ensign, Feb. 2001, 72.

  3. “At the Summit of the Ages,” Ensign, Nov. 1999, 73.

  4. “The Stone Cut Out of the Mountain,” Ensign or Liahona, Nov. 2007, 84.

  5. “The Dawning of a Brighter Day,” Ensign or Liahona, May 2004, 82.

  6. “At the Summit of the Ages,” 73.

  7. “The Dawning of a Brighter Day,” 82–83.

  8. “At the Summit of the Ages,” 73.

  9. “The Dawning of a Brighter Day,” 83.

  10. “The Stone Cut Out of the Mountain,” 84.

  11. Teachings of Gordon B. Hinckley (1997), 226.

  12. “The Things of Which I Know,” Ensign or Liahona, May 2007, 84.

  13. “The Great Things Which God Has Revealed,” Ensign or Liahona, May 2005, 82.

  14. Discourses of President Gordon B. Hinckley, Volume 2: 2000–2004 (2005), 411.

  15. “The Great Things Which God Has Revealed,” 80–81.

  16. “The Great Things Which God Has Revealed,” 81–82.

  17. “The Great Things Which God Has Revealed,” 82.

  18. “The Great Things Which God Has Revealed,” 82.

  19. “The Great Things Which God Has Revealed,” 82.

  20. “The Great Things Which God Has Revealed,” 82.

  21. “The Great Things Which God Has Revealed,” 83.

  22. “The Great Things Which God Has Revealed,” 83.

  23. “Special Witnesses of Christ,” Ensign, Apr. 2001, 20–21.