Նախագահների ուսմունքները
Գլուխ 5. Աստծո դուստրեր


Գլուխ 5

Աստծո դուստրեր

«Սքանչելի է հավատքի կանանց զորությունը»:

Գորդոն Բ․ Հինքլիի կյանքից

Իր ողջ կյանքի ընթացքում Գորդոն Բ. Հինքլին տվել է իր բարձր գնահատականը կանանց կարողությունների և զոհաբերությունների վերաբերյալ: Նա արտահայտել է նաև իր ամուր վկայությունը Աստծո հավերժական ծրագրում կանանց դերի մասին: Նա հիացած էր կանանց ավելացող հնարավորություններով, ինչպես նաև Փրկիչի հանդեպ ունեցած նրանց հավատով և իրենց ընտանիքների հանդեպ ունեցած նրանց նվիրումով:

Գորդոն Բ. Հինքլիի մայրը` Ադան, խելացի, կրթված կին էր, սիրում էր գրականություն, երաժշտություն և նկարչություն: 29 տարեկանում նա ամուսնացավ այրի Բրայանթ Հինքլիի հետ և ստանձնեց նրա ութ երեխաների խնամքը, ովքեր սգում էին իրենց մոր մահը: Նա մեծացրեց նրանց սիրով, տվեց նրանց այն աջակցությունը, որի կարիքն ունեին և սովորեց կառավարել մեծ տնտեսությունը: Գորդոնը առաջինն էր հինգ երեխաներից, որոնք Ադան ու Բրայանթը համատեղ ունեցան: Չնայած Ադան մահացավ, երբ Գորդոնը 20 տարեկան էր, նրա ուսմունքներն ու օրինակը ընդմիշտ մնացին նրա հետ և ուժ տվեցին նրան ողջ կյանքում: Երբ նա խոսում էր իր մոր մասին, միշտ նշում էր վերջինիս վիթխարի ազդեցությունն իր վրա:

Գորդոն Բ․ Հինքլիի կինը` Մարջորի Փեյը, նույնպես խորը ազդեցություն է ունեցել նրա վրա: Նա ուժեղ կին էր, ով նվիրված էր Հիսուս Քրիստոսի ավետարանին: Նա ուներ արտասովոր հավատ, ուրախ բնավորություն և սեր կյանքի հանդեպ: Նրան ուղղված մի քնքուշ նամակում Նախագահ Հինքլին արտահայտել է իր սերն ու հարգանքը նրա հանդեպ.

«Մենք միասին ենք ճամփորդել ամեն տեղ: Մենք այցելել ենք յուրաքանչյուր մայրցամաք: Մենք ժողովներ ենք անցկացրել աշխարհի մեծ ու փոքր շատ քաղաքներում: … Մենք խոսել ենք միլիոնավոր մարդկանց հետ, ովքեր քեզ այնքան բարձր են գնահատել: Քո հայտնի բառերով դու ձեռք ես բերել բոլոր նրանց սերը, ովքեր լսել են քեզ: Քո առողջ դատողությունը, փայլուն և անսովոր խելքը, հանդարտ ու անվրեպ իմաստությունը և քո մեծ ու հաստատուն հավատը գերել են բոլոր նրանց սրտերը, ովքեր լսել են քեզ: … Ընթերցանության հանդեպ քո անհագ ցանկությունը և գիտելիքի քո անդադար փնտրտուքը քեզ պահում են աչալուրջ և աշխույժ քո երկար ու բեղմնավոր կյանքի ընթացքում»:1

Նախագահ Հինքլին հաճախ էր խոսում կանանց աստվածային բնույթի մասին և խրախուսում էր նրանց դեպի ավելի մեծ ձեռքբերումների ու հավատի: Երիտասարդ կանանց դիմելիս նա հայտարարել է. «Դուք Ամենազորի իսկական դուստրերն եք: Ձեր ներուժը սահմանափակում չունի: Եթե դուք վերահսկում եք ձեր կյանքը, ապա ձեր ապագան լի է հնարավորություններով և ուրախությամբ: Դուք չեք կարող վատնել ձեր տաղանդներն ու ձեր ժամանակը: Մեծ հնարավորություններ են փռված ձեր առջև»:2 Չափահաս կանանց մասին խոսելիս նա ասել է. «Աշխարհն ունի կանանց ձեռքի կարիքը, նրանց սիրո, նրանց սփոփանքի ու նրանց ուժի կարիքը: Մեր դաժան միջավայրը ունի նրանց քաջալերող ձայնի կարիքը, գեղեցկության կարիքը, որը կարծես դրված է նրանց բնույթի մեջ և գթության ոգու կարիքը, որը նրանց ժառանգությունն է»:3

Իր կնոջ` Մարջորիի մահվանը հաջորդող գերագույն համաժողովի ժամանակ Նախագահ Հինքլին եզրափակեց իր ելույթներից մեկը երախտագիտության սրտառուչ արտահայտությամբ. «Որքան երախտապարտ եմ ես, որքան երախտապարտ պիտի լինենք մենք` բոլորս, այն կանանց համար, ովքեր կան մեր կյանքում: Աստված օրհնի նրանց: Թող Նրա մեծ սերը հեղվի նրանց վրա և թագադրի նրանց շուքով ու գեղեցկությամբ, շնորհով և հավատով»:4

Նկար
մայր, դուստրեր

«Ձեզանից յուրաքանչյուրն Աստծո դուստրն է: Խորհեք այդ կարևոր փաստի ողջ սքանչելի իմաստի շուրջ»:

Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները

1

Աստծո հավերժական ծրագրում կանայք ունեն բարձր ու սուրբ տեղ:

Ձեզանից յուրաքանչյուրը Աստծո դուստրն է: Խորհեք այդ կարևոր փաստի ողջ սքանչելի իմաստի շուրջ: …

Ես հիշեցնում եմ ձեզ Ջոզեֆ Սմիթի խոսքերը` ուղղված Սփոփող Միության կանանց 1842 թվականի ապրիլին: Նա ասել է. «Եթե դուք ապրեք ըստ ձեր առավելությունների, հրեշտակները չեն վարանի լինել ձեր ընկերակիցը» [Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ (2007), 454]։ Ինչ հրաշալի ներուժ է թաքնված ձեր մեջ:5

Դուք շատ թանկ եք, ձեզանից յուրաքանչյուրն անհատապես: … Դուք բարձր ու սուրբ տեղ եք զբաղեցնում Աստծո` մեր Երկնային Հոր ծրագրում: Դուք Նրա դուստրերն եք, թանկ եք Նրա համար և շատ կարևոր եք Նրա համար: Նրա մեծ ծրագիրը չի հաջողվի առանց ձեզ:6

Թույլ տվեք ասել ձեզ, քույրեր, որ դուք երկրորդական տեղ չեք զբաղեցնում մեր Հոր` հավերժական երջանկության և Նրա զավակների բարօրության համար ծրագրում: Դուք այդ ծրագրի բացարձակ կարևոր մասն եք: Առանց ձեզ ծրագիրը չէր կարող գործել: Առանց ձեզ ողջ ծրագիրը կձախողվեր:7

Ի ծնե դուք օժտված եք ինչ-որ գեղեցիկ ու աստվածային բանով: Երբեք մի մոռացեք այդ: Ձեր Երկնային Հայրը տիեզերքի մեծ Տերն է: Նա կառավարում է ամենի վրա, բայց Նա կլսի ձեր` որպես Իր դուստրերի, աղոթքները և կունկնդրի ձեզ, երբ դուք խոսեք Նրա հետ: Նա կպատասխանի ձեր աղոթքներին: Նա ձեզ մենակ չի թողնի:8

2

Էմմա Սմիթին տված Տիրոջ խորհուրդը կիրառելի է բոլորի համար:

Վարդապետություն և Ուխտերի քսանհինգերորդ բաժինը … հայտնություն է, որը Ջոզեֆ Սմիթի միջոցով տրվել է նրա կնոջը` Էմմա Սմիթին: … Նա ասաց Էմմային և մեզանից յուրաքանչյուրին:

«Մի հայտնություն եմ տալիս քեզ իմ կամքի վերաբերյալ, և եթե դու հավատարիմ լինես ու իմ առաջ քայլես առաքինության շավիղներում, ես կպահպանեմ քո կյանքը, և դու ժառանգություն կստանաս Սիոնում» [ՎևՈւ 25.2, տես նաև հատված 16]: …

Մեծ չափով մեզանից յուրաքանչյուրն իր վրա կրում է Ամենազորի օրհնությունների բանալին: Եթե մենք ցանկանում ենք այդ օրհնությունները, մենք պիտի վճարենք գինը: Այդ գնի մի մասը գտնվում է հավատարիմ լինելու մեջ։ Հավատարիմ ինչի՞ն: Հավատարիմ մեզ, այն ամենալավին, ինչը մեր ներսում է: Ոչ մի կին չպիտի ստորացնի ինքն իրեն, չնվաստացնի ինքն իրեն, չթերագնահատի իր կարողություններն ու ընդունակությունները: Թող որ մենք հավատարիմ լինենք այս մեծ, աստվածային հատկություններին, որ նա ունի: Եղեք հավատարիմ ավետարանին: Եղեք հավատարիմ Եկեղեցուն: Մեր մեջ կան մարդիկ, ովքեր ջանում են քայքայել այն, թուլություններ փնտրել նրա վաղ շրջանի ղեկավարների մեջ, թերություններ փնտրել դրա ծրագրերում, քննադատաբար խոսել դրա մասին: Ես վկայություն եմ բերում, որ սա Աստծո գործն է և նրանք, ովքեր դրա դեմ են խոսում, խոսում են Նրա դեմ:

Հավատարիմ եղեք Նրան: Նա է ձեր ուժի միակ ճշմարիտ աղբյուրը: Նա ձեր Հայրն է երկնքում: Նա ապրում է: Աստված լսում և պատասխանում է աղոթքներին։ Հավատարիմ եղեք Աստծուն:

Տերը շարունակեց, ասելով Էմմային. «Եթե դու … քայլես առաքինության շավիղներում»:

Կարծում եմ յուրաքանչյուր կին … հասկանում է դրա իմաստը: Ես կարծում եմ այդ բառերը, որոնք տրվել են Էմմա Սմիթին և հետևաբար մեր բոլորին, տրվել են որպես մի պայման, որին պիտի հետևել, եթե մենք պիտի ժառանգություն ստանանք Աստծո արքայությունում: Առաքինության պակասը ամբողջովին անհամատեղելի է Տիրոջ պատվիրաններին հնազանդվելու հետ: Չկա ավելի գեղեցիկ բան, քան առաքինությունը: Չկա մի ուժ, որն ավելի մեծ է, քան առաքինության ուժը: Չկա մեկ այլ վեհանձնություն, որը հավասար լինի առաքինության վեհանձնությանը: Չկա որևէ հատկանիշ, որն այնքան պատշաճ լինի, և չկա ոչ մի զարդարանք, որն այնքան գրավիչ լինի: …

Տերն Էմմային կոչեց «ընտրյալ տիկին» [ՎևՈւ 25.3]: Այսինքն, ըստ սուրբ գրության մեկ այլ տողի, նա «Տիրոջ ընտրյալ անոթ» էր: (Տես Մորոնի 7.31:) Ձեզանից յուրաքանչյուրը ընտրյալ տիկին է: Դուք աշխարհ եք եկել որպես Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մասնակիցներ: Դուք կատարել եք ձեր ընտրությունը, և եթե դուք ապրում եք դրան արժանավոր կյանքով, Տերը կմեծարի ու կզորացնի ձեզ: …

Էմման պիտի կարգվեր9 Ջոզեֆ Սմիթի ձեռքի ներքո «բացատրելու սուրբ գրքերը և հորդորելու եկեղեցին՝ համաձայն նրա, ինչ կտրվի քեզ իմ Հոգու կողմից» [ՎևՈւ 25.7]:

Նա պիտի ուսուցիչ լիներ: Նա պիտի լիներ արդարության ու ճշմարտության ուսուցիչ: Քանի որ Տերն ասաց այս կոչման վերաբերյալ. «Դու կստանաս Սուրբ Հոգին, և քո ժամանակը պիտի նվիրվի գրելուն և շատ սովորելուն» [ՎևՈւ 25.8]:

Նա պիտի սովորեր ավետարանը: Նա պիտի սովորեր նաև այն աշխարհի մասին, որտեղ ինքն ապրում էր: Դա պարզ դարձավ այն բանից հետո, երբ տրվեցին մեզ` բոլորիս վերաբերող հայտնություններ: Նա պիտի իր ժամանակը նվիրեր «շատ սովորելուն»: Նա պիտի գրեր` արտահայտելով իր խոհերը:

Ձեզ` այսօրվա կանայք, երիտասարդ կամ ծեր, կարող եմ առաջարկել, որ դուք գրեք, օրագրեր պահեք և ձեր խոհերը հանձնեք թղթին: Գրառումներ կատարելը կարգապահության հրաշալի օրինակ է: Այն հսկայական կրթական ջանք է: Դա կօգնի ձեզ տարբեր ուղիներով, իսկ դուք կօրհնեք շատերի կյանքը: …

Հայտնության բառերով արտահայտած, [Էմման] պիտի «բացատրեր սուրբ գրքերը և հորդորեր եկեղեցին՝ համաձայն նրա, ինչ կտրվի քեզ իմ Հոգու կողմից»:

Ինչ ուշագրավ պարտականություն է նրա ու Եկեղեցու բոլոր կանանց համար։ Պիտի լինի ուսումնասիրություն, նախապատրաստություն, պիտի լինի մտքերի կազմակերպում, պիտի լինի սուրբ գրությունների մեկնաբանում, պիտի լինի բարի գործեր կատարելու հորդորանք` ինչպես կուղղորդի Սուրբ Հոգին:

Տերը շարունակեց. «Եվ ճշմարիտ եմ ասում քեզ, որ դու մի կողմ պետք է դնես այս աշխարհի բաները, և ավելի լավ բաների ձգտես» [ՎևՈւ 25.10]:

Ես կարծում եմ, որ Տերը չէր ասում Էմմային, թե նա չպիտի անհանգստանար գլխավերևում ծածկ ունենալու, սեղանի վրա ուտելիք ու հագին հագուստ ունենալու համար: Տերն ասում էր, որ նա իր միտքը չպիտի սևեռեր այս խնդիրների վրա միայն, և մեզանից շատերը նույնպես չպիտի այդպես վարվեն: Տերը հորդորում էր նրան մտքերը կենտրոնացնել կյանքի ավելի բարձր գաղափարների վրա` արդարության ու բարության, գթության և ուրիշների հանդեպ սիրո, ինչպես նաև հավերժության բաների վրա: …

Շարունակելով, Տերն ասել է. «Ուստի, բարձրացրու սիրտդ և ցնծա, և հավատարիմ մնա այն ուխտերին, որոնք դու արել ես» [ՎևՈւ 25.13]:

Ես հավատում եմ, որ նա ասում է մեզանից յուրաքանչյուրին` երջանիկ եղիր: Ավետարանը ուրախության ավետարան է։ Այն մեզ առիթ է տրամադրում ուրախության համար: Իհարկե կլինեն նաև վշտի ժամանակներ: Իհարկե կլինեն մտահոգության ու անհանգստության ժամեր: Մենք բոլորս անհանգստանում ենք: Բայց Տերը հորդորել է մեզ բարձրացնել մեր սրտերն ու ցնծալ:10:

Նկար
կին, մայր, տատիկ Թայլանդում

«Աստված օրհնի ձեզ, մայրեր: … Դուք կլինեք այնտեղ, դուք պիտի լինեք այնտեղ` որպես ուժ նոր սերնդի համար:

3

Մայրերը սուրբ կոչում ունեն` դաստիարակելու իրենց երեխաներին լույսի և ճշմարտության մեջ:

Յուրաքանչյուր ազգի, հասարակության կամ ընտանիքի ուժը գտնվում է բնավորության այն հատկանիշների մեջ, որոնք ձեռք են բերվել գլխավորապես երեխաների միջոցով, որոնք ուսուցանվել են իրենց մայրերի ամենօրյա խաղաղ ու պարզ վարվելակերպի շնորհիվ:11

Տունն այն տեղն է, որտեղ դաստիարակվում է նոր սերնդի մանուկների հիմնական մասը: Հուսով եմ, որ մայրերը կգիտակցեն, որ երբ ամեն բան ասված ու արված է, դուք այլևս չունեք անհաղթահարելի պարտականություն, ոչ էլ որևէ բեռ` ավելի մեծ հատուցումով, քան այն խնամքը, որը դուք տալիս եք ձեր երեխաներին ապահովության, խաղաղության, սիրո ու նպատակասլացության միջավայրում:12

Ես հիշեցնում եմ մայրերին ամենուր ձեր կոչման սրբության մասին։ Ոչ ոք համարժեք չի կարող լինել ձեզ: Չկա ավելի մեծ պարտականություն, ոչ մի պատասխանատվություն ավելի պարտավորեցնող չէ, քան այն, որ դուք սիրո, խաղաղության ու ազնվության մեջ դաստիարակում եք նրանց, ում աշխարհ եք բերել:13

Մեծացրեք ձեր երեխաներին լույսի ու ճշմարտության մեջ: Երեխաներին աղոթել սովորեցրեք վաղ հասակից: Սուրբ գրություններ կարդացեք նրանց համար, նույնիսկ եթե նրանք չեն հասկանում այն ամենը, ինչ դուք կարդում եք: Սովորեցրեք նրանց վճարել իրենց տասանորդն ու նվիրատվությունները այն առաջին գումարից, որ նրանք ստացել են: Թող այս գործառույթը սովորություն դառնա նրանց համար: Ձեր որդիներին սովորեցրեք մեծարել կանանց: Ձեր դուստրերին սովորեցրեք քայլել առաքինության շավիղներում: Պարտականություն ստանձնեք Եկեղեցում և Տիրոջը վստահեք ձեզ` ձեր կոչմանը հավասար դարձնելու գործը: Ձեր օրինակը նախատիպ կծառայի ձեր երեխաների համար:14

Աստված օրհնի ձեզ, մայրեր: Երբ մարդկային ջանքերի բոլոր հաղթանակներն ու պարտությունները համատեղված են, երբ կյանքի պայքարի փոշին սկսում է նստել, երբ այն ամենն, ինչի համար մենք այդքան տքնաջան աշխատում ենք նվաճումների այս աշխարհում, թոշնում է մեր աչքի առաջ, դուք կլինեք այնտեղ, դուք պիտի լինեք այնտեղ` որպես ուժ նոր սերնդի համար, որպես մրցավազքի մշտապես կատարելագործվող առաջադեմ շարժում: Դրա որակը կախված կլինի ձեզանից:15

4

Կանայք մեծ պարտականություններ ունեն փրկության ծրագրում:

Այս Եկեղեցու կանանց մեջ մեծ ուժ ու կարողություն կա: Կա առաջնորդություն և ուղղություն, որոշակի անկախության ոգի, և սակայն Տիրոջ արքայության մի մասը լինելու մեծ բավականությունը և ձեռք ձեռքի տված քահանայություն կրողների հետ աշխատելը այն առաջ կտանի:16

Աստված այս Եկեղեցու կանանց աշխատանք է տվել կատարելու իր արքայությունում: Դա վերաբերում է մեր եռակի պարտականությունների բոլոր կողմերին. նախ` ուսուցանել ավետարանն աշխարհին, երկրորդը` ուժեղացնել Եկեղեցու անդամների հավատը և կառուցել նրանց երջանկությունը, և երրորդը` առաջ տանել փրկության մեծ աշխատանքը մահացածների համար:17

Եկեղեցու կանայք զուգընկերներ են իրենց եղբայրների հետ` Տիրոջ այս հզոր աշխատանքն առաջ տանելու գործում: … Կանայք կրում են վիթխարի պարտականություններ, և նրանք հաշվետու են այդ պարտականությունների կատարման համար: Նրանք գլխավորում են իրենց սեփական կազմակերպությունները, և այդ կազմակերպությունները մշտապես ուժեղ, կենսունակ ու կարևոր ուժեր են աշխարհում: Նրանք կանգնած են քահանաների կողքին որպես գործընկերներ, և բոլորը միասին ջանում են կառուցել Աստծո արքայությունը երկրի վրա: Մենք մեծարում ու հարգում ենք ձեզ` ձեր կարողության համար: Մենք ակնկալում ենք առաջնորդություն, ուժ և տպավորիչ արդյունքներ այն կազմակերպությունների կառավարումից, որոնց համար դուք պատասխանատու եք: Մենք խրախուսում և աջակցում ենք ձեզ` որպես Աստծո դուստրեր, ովքեր աշխատում են հրաշալի ընկերության մեջ աջակցելու նրան իրականացնելու Աստծո բոլոր որդիների ու դուստրերի անմահությունը և հավերժական կյանքը:18

Նկար
տաճարի առջև կանգնած կանայք

«Ես … հրավիրում եմ կանանց ամենուր` աճեք ձեր ներուժի սահմանում»:

5

Սփոփող Միությունը անչափելի օրհնությունների աղբյուր է:

Սփոփող Միության կանայք բառացիորեն շրջապատված են Աստծո հավերժական բազուկներով: Իմ կարծիքով, սա կանանց ամենամեծ կազմակերպությունն է ողջ աշխարհում: Սա Աստծո կողմից տրված ստեղծագործություն է: Ջոզեֆ Սմիթը ելույթ ունեցավ և հանդես եկավ որպես մարգարե, երբ 1842 թվականին կազմավորեց Սփոփող Միությունը:19

Անչափ կարևոր է, որ Եկեղեցու կանայք ամուր և անսասան կանգնեն այն ամենի համար, ինչը Տիրոջ ծրագրի լույսի ներքո ճիշտ է ու պատշաճ: Ես համոզված եմ, որ ոչ մի տեղ չկա մի այլ կազմակերպություն, որ հավասար լինի այս Եկեղեցու Սփոփող Միությանը: … Եթե նրա անդամները միավորված լինեն և խոսեն մի լեզվով, նրանց ուժը անչափելի կլինի:20

Ես մասնակցել եմ ցցի մի համաժողովի, որտեղ մի երիտասարդ կին, ով ամուրիների ծխի Սփոփող Միության նախագահն էր, խոսում էր ծառայության ու այն հրաշալի հնարավորության մասին, որը տրված է իր ծխի երիտասարդ կանանց: Դուք ունեք այդ ամենը: Դուք ունեք ձեր կազմակերպությունը: Դուք ունեք ունակ ղեկավարներ, ովքեր ձեզ խորհուրդներ կտան: Եկեղեցում դուք ունեք անդամներ, ովքեր կհասնեն ձեզ, որպեսզի օգնեն ձեզ ձեր փորձանքի ու վշտի ժամին:21

Ո՞վ կարող է չափել այն հրաշագործ ազդեցությունը միլիոնավոր կանանց կյանքի վրա, ում գիտելիքը աճել է, ում մտապատկերն ընդարձակվել է, ում կյանքն ընդլայնվել է, և ում հասկացողությունը Աստծո բաների վերաբերյալ հարստացել է այն անթիվ դասերի շնորհիվ, որոնք արդյունավետորեն ուսուցանվել ու սովորել են Սփոփող Միության դասերին:

Ո՞վ կարող է չափել այն ուրախությունը, որ եկել է այս կանանց կյանք, երբ նրանք շփվել են միմյանց հետ ճյուղի կամ ծխի միջավայրում, հարստացնելով միմյանց կյանքը ընկերակցության միջոցով, որը քաղցր է ու բարձր գնահատելի:

Երևակայության ամենախելացնոր թռիչքում անգամ ո՞վ կարող է հաշվել գթության անհաշվելի գործողությունները, որոնք կատարվել են` ուտելիքը, որը դրվել է դատարկ սեղաններին, հավատը, որը սնուցվել է հիվանդության հուսահատ ժամերին, վերքերը, որոնք վիրակապվել են, ցավերը, որոնք ամոքվել են սիրող ձեռքերով և հանգիստ ու համոզիչ բառերով, սփոփանքը, որը ցուցաբերվել է մահվան ու դրան հաջորդող մենակության պահերին: …

Ոչ ոք չի կարող հավանաբար հաշվարկել այն ծրագրերը, որոնք նախաձեռնել և ավարտին են հասցրել տեղական Սփոփող Միությունները: Ոչ ոք հավանաբար չի կարող գնահատել այն լավը, որը եկել է այն կանանց կյանք, ովքեր պատկանում են այս կազմակերպություններին և նրանց, ում նրանք օգուտ են տվել իրենց լավ գործերով: …

Աստված օրհնի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Սփոփող Միությունը: Թող սիրո ոգին, որը մղում է իր անդամներին … շարունակի աճել և թող աշխարհը զգա այն: Թող նրանց բարի գործերն ընդմիշտ դիպչեն անթիվ մարդկանց կյանքին, որտեղ էլ դրանք կատարվեն: Եվ թող լույսն ու ըմբռնումը, ուսումնասիրությունն ու գիտելիքը և հավերժական ճշմարտությունը զարդարի այն բազմաթիվ սերունդների կանանց կյանքը, ովքեր դեռ պիտի գան երկրագնդի բոլոր ազգերի մեջ այս եզակի ու աստվածայնորեն հիմնված հաստատության շնորհիվ:22

6

Ձեր մեջ զարգացրեք աստվածային հատկանիշներ:

Դուք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հսկայական միավորում եք: … Ոչ ոք երբեք չի կարող հաշվել այն վիթխարի ուժը, որը դուք կարող եք դառնալ: … Ես պարտավորեցնում եմ ձեզ կանգնել բարձր և լինել ուժեղ` ի պաշտպանություն այն մեծ արժանիքների, որոնք հանդիսանում են մեր սոցիալական առաջընթացի հիմքը: Երբ դուք միաբան եք, ձեր ուժը անսահմանափակ է: Դուք կարող եք իրականացնել ամեն բան, որ ցանկանում եք իրականացնել: Եվ o~, որքան մեծ է ձեր կարիքը քայքայվող արժեքների աշխարհում, որտեղ թվում է, թե հակառակորդը հսկողության տակ է:23

Ցանկանում եմ կոչ անել կանանց ամենուր` աճեք ձեր մեծ ներուժի սահմանում: Ես չեմ խնդրում, որ դուք հասնեք ձեր կարողությունից վեր սահմանների: Հուսով եմ, ինքներդ ձեզ չեք տանջի ձախողման մտքերով: Հուսով եմ, դուք չեք փորձի նպատակ սահմանել ձեր կարողությունների սահմաններից դուրս: Ես հուսով եմ, որ դուք պարզապես կանեք այն ամենն, ինչ կարող եք ձեր իմացած լավագույն ձևով: Եթե դուք այդպես անեք, դուք վկա կլինեք կատարվող հրաշքների:24

Ես իմ երախտագիտությունն եմ արտահայտում ձեզ` Վերջին Օրերի Սուրբ կանայք, ովքեր հիմա հաշվվում են միլիոններով և ապրում են ողջ աշխարհում: Մեծ է բարին կատարելու ձեր ուժը: Սքանչելի են ձեր տաղանդներն ու նվիրումը: Մեծ է ձեր հավատը և ձեր սերը Աստծո հանդեպ, Նրա աշխատանքի հանդեպ և Նրա որդիների ու դուստրերի հանդեպ: Շարունակեք ապրել ավետարանով: Մեծարեք այն ձեր բոլոր ընկերների մոտ: Ձեր լավ աշխատանքը ավելի մեծ կշիռ կունենա, քան ցանկացած այլ բառ, որ դուք կխոսեք: Քայլեք առաքինության ու ճշմարտության մեջ, հավատով ու հավատարմությամբ: Դուք հավերժական ծրագրի մասն եք, մի ծրագրի, որը նախատեսված է Երկնային Հոր կողմից: Յուրաքանչյուր օրը այդ հավերժության մի մասն է:

Ես գիտեմ, որ ձեզանից շատերը ծանր բեռներ են կրում: Թող Եկեղեցու ձեր ընկերները` ձեր եղբայրներն ու քույրերը, օգնեն ձեզ այդ բեռների հետ: Թող ձեր աղոթքները բարձրանան Նրա մոտ, ով ամենազորավորն է, ով սիրում է ձեզ, և ով կարող է կենտրոնացնել ուժերն ու գործոնները, որոնք կարող են օգնել ձեզ: Սա հրաշքների աշխատանք է: Դուք գիտեք դա, ես ևս գիտեմ: Ինձ համար հեշտ է ասել ձեզ, որ չհուսահատվեք, այնուհանդերձ ես ասում եմ այդ, քանի որ ես հորդորում եմ ձեզ առաջ գնալ հավատի մեջ:25

Սքանչելի է հավատի կանանց ուժը: Այն նորից ու նորից է ցուցադրվել այս Եկեղեցու պատմության մեջ: Այն շարունակվում է այսօր: Ես կարծում եմ, որ այն աստվածայնության մի մասն է ձեր մեջ:

Քույրեր, բարձրացեք աստվածայնության աստիճանի: Ջանքեր գործադրեք, որպեսզի այս աշխարհը ավելի լավ ապրելու վայր դարձնեք ձեր և բոլոր նրանց համար, ովքեր կգան ձեզանից հետո:26

Աստված շնորհակալ է այս Եկեղեցու հրաշալի կանանց համար: Թող նա հպարտության զգացում սերմանի ձեր սրտերում, ձեր հնարավորություններում և ճշմարտության ձեր համոզվածության մեջ, որը որպես ղեկ կծառայի, որպեսզի ձեզ ապահով պահի բոլոր փոթորիկների ժամանակ:27

Առաջարկներ ուսումնասիրության և ուսուցման համար

Հարցեր

  • Ի՞նչ ենք մենք սովորում Նախագահ Հինքլիի ուսմունքներից այն մասին, թե Երկնային Հայրն ինչպե՞ս է վերաբերվում Իր դուստրերին: (Տես բաժին 1:) Ինչո՞ւ է կարևոր հասկանալ կանանց «բարձր ու սուրբ տեղը» Աստծո հավերժական ծրագրում:

  • Տիրոջ կողմից Էմմա Սմիթին տրված խորհրդի ո՞ր կողմերն են ձեզ համար հատկապես կարևոր: (Տես բաժին 2:) Ի՞նչ կարող ենք սովորել 2-րդ բաժնից հավատարիմ լինելու մասին: Ի՞նչ կարող ենք մենք սովորել «ընտրյալ տիկին» լինելու մասին: Ի՞նչ կարող ենք մենք սովորել այն մասին, թե ինչպես կիրառել սուրբ գրությունները մեզ համար:

  • Ի՞նչ տպավորություններ ունեցաք, մինչ կարդում էիք Նախագահ Հինքլիի խորհուրդները մայրերին: (Տես բաժին 3:) Ինչպե՞ս եք դուք օրհնվել ձեր մոր ազդեցությամբ: Ինչո՞ւ ծնողների համար «չկա ավելի պարտավորեցնող պարտականություն», քան իրենց երեխաներին «սիրո, խաղաղության և ազնվության» մեջ մեծացնելը:

  • Կանանց «ուժի և մեծ կարողության» ի՞նչ օրինակներ եք տեսել Եկեղեցում։ (Տես բաժին 4:) Որո՞նք են այն մի քանի եղանակները, որոնցով կանայք կարող են օգնել իրականացնել «Աստծո բոլոր դուստրերի ու զավակների անմահությունն ու հավերժական կյանքը»։ Ինչո՞ւ է կարևոր, որ կանայք ու տղամարդիկ աշխատեն միասին, որպեսզի առաջ տանեն Տիրոջ աշխատանքը: Այս համատեղ աշխատանքի ինչպիսի՞ օրինակներ եք տեսել:

  • Վերանայեք այն օրհնությունները, որոնք գալիս են Սփոփող Միությունից, ինչպես Նախագահ Հինքլին է նկարագրում բաժին 5-ում: Ի՞նչ օրհնություններ եք ստացել Սփոփող Միության քույրերի ջանքերի շնորհիվ, ներառյալ նրանց, ովքեր ծառայում են Երիտասարդ Կանանց և Երեխաների Միությունում: Դուք ինչպե՞ս կարող եք զորացնել ձեր Ծխի Սփոփող Միությունը: Ինչպե՞ս կարող է Սփոփող Միությունն օգնել կանանց ընդմիշտ ավելացնել իրենց ազդեցությունը:

  • Խորհեք Նախագահ Հինքլիի քաջալերանքի մասին` «բարձրանալ մեր ներուժի սահմաններին» (բաժին 6): Մենք ինչպե՞ս կարող ենք ավելի լավ ըմբռնել, թե ըստ Աստծո ցանկության ինչպիսի՞ն պիտի լինի մեր ներուժը: Ինչպե՞ս կարող ենք առաջ ընթանալ մեր ներուժի սահմանին հասնելու համար: Ե՞րբ եք դուք տեսել «հավատքի կանանց սքանչելի … զորությունը»։

Առնչվող սուրբ գրություններ

Առակաց 31.10–31, Ղուկաս 10.38–42, Գործք 9․36–40, Հռովմայեցիս 16.1–2, Բ Տիմոթեոս 1.1–5, Ալմա 56.41–48

Օգնություն ուսուցչին

Պատրաստվելով ուսուցանել յուրաքանչյուր դասը, աղոթեք, որ Հոգին օգնի ձեզ իմանալ, թե երբ կիսվել ձեր սուրբ զգացմունքներով: Հնարավոր է, դուք հուշում ստանաք բերել ձեր վկայությունը դասի ընթացքում մի քանի անգամ, ոչ միայն ավարտելիս» (Ուսուցում, չկա ավելի մեծ կոչում [1999], 44):

Հղումներ

  1. In Glimpses into the Life and Heart of Marjorie Pay Hinckley, ed. Virginia H. Pearce (1999), 194–95.

  2. «Թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար», Ensign կամ Լիահոնա, Մայիս 2007, 115;

  3. Discourses of President Gordon B. Hinckley, Volume 2: 2000–2004 (2005), 509–10.

  4. “Կանայք մեր կյանքում” Ensign կամ Լիահոնա, Նոյեմբեր 2004, 85։

  5. “Stand Strong against the Wiles of the World,” Ensign, Nov. 1995, 98․

  6. “Daughters of God,” Ensign, Nov. 1991, 97.

  7. “To the Women of the Church,” Ensign, Nov. 1996, 67–97.

  8. «Մնացեք ուղիղ ճանապարհի վրա» Ensign կամ Լիահոնա, Մայիս 2004, 112։

  9. Նախագահ Հինքլիի կողմից կկարգվես բառի օգտագործումը արտացոլում է այդ բառի կիրառումը Վարդապետություն և Ուխտերի 25.7-ում, որի մի մասը նա մեջբերում է այս նախադասության մեջ: Սուրբ գրության անգլերեն հրատարակության մեջ կկարգվես բառի ծանոթագրությունը այս հատվածում ասում է «քո ընդունակություններն ի սպաս կդրվեն»: Վերականգնման վաղ օրերին կարգվել և ի սպաս դրվել բառերը հաճախ կիրառվում են փոխարինաբար. կարգվել բառը միշտ չէ, որ վերաբերում է քահանայության պաշտոններին (տես օրինակ` ՎևՈւ 63.45):

  10. “If Thou Art Faithful,” Ensign, Nov. 1984, 90–92.

  11. Մայրություն. A Heritage of Faith (pamphlet, 1995), 6.

  12. “Stand Strong against the Wiles of the World,” Ensign, 99.

  13. “Bring Up a Child in the Way He Should Go,” Ensign, Nov. 1993, 60.

  14. “Stand Strong against the Wiles of the World,” Ensign, 99.

  15. Մայրություն. A Heritage of Faith, 13.

  16. “Women of the Church,” 68.

  17. “Live Up to Your Inheritance,” Ensign, Nov. 1983, 84.

  18. “If Thou Art Faithful,” 89.

  19. “In the Arms of His Love,” Ensign or Liahona, Nov. 2006, 115.

  20. Գորդոն Բ. Հինքլի, «Կանգնենք ամուր ու անսասան», Ղեկավարների համաշխարհային ուսուցում, հունվ. 10, 2004, 20:

  21. “The BYU Experience” (Brigham Young University devotional, Nov. 4, 1997), 2, speeches.byu.edu.

  22. “Ambitious to Do Good,” Ensign, Mar. 1992, 4–6.

  23. “Your Greatest Challenge, Mother,” Ensign, Nov. 2000, 97.

  24. Teachings of Gordon B. Hinckley (1997), 696.

  25. “Daughters of God,” 100.

  26. “Rise to the Stature of the Divine within You,” Ensign, Nov. 1989, 97–98.

  27. “Live Up to Your Inheritance,” 84.