Նախագահների ուսմունքները
Գլուխ 6. Ինչ հզոր բան է աղոթքը


Գլուխ 6

Ինչ հզոր բան է աղոթքը

«Ինչ կարևոր ու հրաշալի է, երբ մենք հնարավորություն ունենք դիմելու Տիրոջը մեր կարողություններից վեր իմաստություն ստանալու համար, ուժ ստանալու համար` անելու այն, ինչ մենք պիտի անենք, սփոփանք ու մխիթարություն ստանալու և երախտագիտություն արտահայտելու համար»:

Գորդոն Բ. Հինքլիի կյանքից

«Մեզանից ոչ ոք իրականում չի կարող անել այդ մենակ», ասել է Նախագահ Գորդոն Բ. Հինքլին: «Մենք օգնության կարիք ունենք, այնպիսի օգնության, որը գալիս է ի պատասխան աղոթքին»:1 Նախագահ Հինքլին կիրառում էր այս սկզբունքը այն որոշումները կայացնելիս, որոնց նա բախվում էր որպես Եկեղեցու Նախագահ: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը հետևյալն է ասել նրա մասին. «Նա փայլուն անձնավորություն է` արտասովոր դատողությամբ, բայց երբ բախվում է անլուծելի խնդրի, նա ծնկի է իջնում»:2

Նախագահ Հինքլին ու նրա կինը` Մարջորին, այս սկզբունքը կիրառել են նաև իրենց տանը: Նրանց որդի Ռիչարդն ասել է. «Ես չեմ հիշում մի օր, երբ մենք ընտանիքով չենք աղոթել: Երբ Հայրիկի հերթը գալիս էր, նա աղոթում էր շատ անկեղծորեն, բայց ոչ երբեք թատերական կամ զգացմունքային տեսքով: Մենք շատ բան էինք սովորում նրա հավատի խորության մասին, երբ լսում էինք, թե ինչպես էր նա աղոթում: Նա դիմում էր Աստծուն ակնածանքով, կարծես մի իմաստուն ու հարգալից ուսուցիչ կամ դաստիարակ լիներ և Փրկիչին դիմում էր խորին զգացմունքով: Ես երեխա էի, բայց գիտեի, որ նրանք իրական անձեր էին նրա համար, որ նա սիրում ու պաշտում էր նրանց»:3 Մարջորին նկատել է. «Ես կարծում եմ, որ ընտանեկան աղոթքը խորապես կախված է այն ձևից, որով մեր զավակները պատասխանում են մեզ: Չնայած Գորդոնը նրանց չէր քարոզում, նրանք լսում էին ամեն բան, որն, ըստ մեզ, պիտի լսեին ընտանեկան աղոթքում»:4

Որպես Բարձրագույն Իշխանավոր, իր ողջ ծառայության ընթացքում Նախագահ Հինքլին խրախուսում էր Եկեղեցու անդամներին «հավատալ աղոթքին ու աղոթքի զորությանը»:5 Նա վկայում էր, որ «աղոթքը մեզ համար բացում է երկնքի զորությունը»:6 Նա խոստացել է. «Շատ աղոթեք և երկնքի Աստվածը կժպտա ու կօրհնի ձեզ և կտա երջանկություն ձեր սրտին ու խաղաղություն` ձեր կյանքին»:7

Նկար
աղոթող կինը

«Խնդրեք և կտրուի ձեզ. որոնեցէք և կգտնէք, դուռը թակեցէք և կբացուի ձեզ» (Մատթեոս 7.7):

Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները

1

Աստված մեր Հայրն է, և Նա հրավիրում է մեզ աղոթել Իրն անհատապես։

Բոլոր այն մեծ, հրաշալի ու ոգեշնչող խոստումներից, որոնք ես կարդացել եմ, ամենից հավաստիացնողը ինձ համար Փրկիչի խոսքերն են. «Խնդրեք և կտրուի ձեզ. որոնեցէք և կգտնէք, դուռը թակեցէք և կբացուի ձեզ»: (Մատթ. 7.7:)8

Երբեք մի մոռացեք` ով եք դուք: … Իրականում, դուք Աստծո զավակն եք: … Նա մեր Երկնային Հայրն է: Նա սիրում է ձեզ: Դուք կարող եք դիմել Նրան աղոթքով: Նա հրավիրել է ձեզ` այդպես վարվել։ … Ինչ հրաշալի է սա: Նա է Ամենամեծը: Նա ողջ տիեզերքի Արարիչն ու Կառավարիչն է։ Այնուամենայնիվ, Նա կլսի ձեր աղոթքները:9

Մեր աղոթքներով մենք կարող ենք մոտենալ Տիրոջը: Սրանք կարող են գոհության խոսակցություններ դառնալ: Ես երբեք լիովին չեմ հասկանա, թե ինչպես է Տիեզերքի մեծ Աստվածը` Ամենազորը, հրավիրում մեզ` որպես Իր զավակների, խոսել Իր հետ անհատապես: Ինչ անգնահատելի հնարավորություն է սա: Ինչ հրաշալի է, որ սա իրականում տեղի է ունենում: Ես վկայում եմ, որ Տերը լսում է խոնարհությամբ ու անկեղծությամբ ասված մեր աղոթքները և պատասխանում դրանց: Սա նման է հրաշքի, բայց այն իսկական է:10

Եղբայրներ և քույրեր, ես գիտեմ, որ դուք աղոթասեր ժողովուրդ եք: Սա հրաշալի է մեր օրերի ու ժամանակների համար, երբ աղոթքի կիրառությունը դուրս է մղվում շատերի կյանքից: Կարևոր ու հրաշալի բան է, երբ մենք հնարավորություն ունենք դիմել Տիրոջը մեր կարողություններից վեր իմաստություն ստանալու համար, ուժ ստանալու համար` անելու այն, ինչ մենք պիտի անենք, սփոփանք ու մխիթարություն ստանալու և երախտագիտություն արտահայտելու համար:11

Ես խնդրում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը ջանք գործադրի ապրել Տիրոջն ավելի մոտ և զրուցի նրա հետ ավելի հաճախ ու աճող հավատով:

Հայրեր և մայրեր, աղոթեք ձեր երեխաների համար: Աղոթեք, որ նրանք պաշտպանված լինեն աշխարհի չարիքից: Աղոթեք, որ նրանք կարողանան աճել հավատով ու գիտելիքով: Աղոթեք, որ նրանք կարողանան ուղղորդվել կյանքում, որը կլինի օգտակար ու լավը: Ամուսիններ, աղոթեք ձեր կանանց համար: Ձեր երախտագիտությունն արտահայտեք Տիրոջը նրանց համար և խնդրեք Նրան նրանց անունից: Կանայք, աղոթեք ձեր ամուսինների համար: Նրանցից շատերը քայլում են շատ դժվար ճանապարհներով, որոնք լի են բազում խնդիրներով ու մեծ խոչընդոտներով: Խնդրեք Աստծուց, որ առաջնորդի, օրհնի, պաշտպանի ու ոգեշնչի նրանց իրենց արդար ջանքերում:

Աղոթեք խաղաղության համար երկրի վրա, որ Ամենազորը, ով կառավարում է տիեզերքը, ձգի Իր ձեռքը և թույլ տա, որ Իր Հոգին մտորի իր ժողովրդի մասին, որ ազգերը ցասում չթափեն միմյանց վրա: … Աղոթեք իմաստություն ու հասկացողություն ձեռք բերելու համար, երբ քայլում եք ձեր կյանքի դժվար ճանապարհով:12

Աղոթքի մի հրաշալի կողմն այն է, որ այն անձնական է, այն անհատական է, և ոչ ոք չի կարող միջամտել ձեր խոսակցությանը ձեր Երկնային Հոր հետ` Հիսուս Քրիստոսի անունով: Հաճախակի աղոթեք: Խնդրեք Տիրոջից ներել ձեր մեղքերը: Տիրոջից օգնություն խնդրեք: Տիրոջից խնդրեք օրհնել ձեզ: Խնդրեք Տիրոջից օգնել ձեզ հասկանալ ձեր արդար ձգտումները: … Խնդրեք Տիրոջից այն բոլոր կարևոր բաների համար, որոնք ձեր կյանքում այնքան մեծ նշանակություն ունեն ձեզ համար: Նա պատրաստ է օգնել ձեզ: Երբեք մի մոռացեք այդ:13

2

Ընտանեկան աղոթքը հրաշքներ է բերում անհատներին, ընտանիքներին ու հասարակությանը:

Մեր ժամանակներում ազնվությունը, վարքագիծն ու շիտակությունը նորովի շեշտադրման կարիք ունեն: Մեր ժամանակների մոդելը կփոխվի միայն այն դեպքում, երբ մենք նորովի կառուցենք մեր բնավորությունը այն արժեքներով, որոնք ճշմարիտ քաղաքականության էությունն են: Հարցը, որին մենք բախվում ենք, այն է, թե որտեղից սկսենք:

Ես բավարարված եմ, որ այն պիտի սկսվի Աստծո` որպես մեր Երկնային Հոր ճանաչումից, Նրա ու Նրա զավակների հետ ունեցած մեր հարաբերություններից, Նրա հետ հաղորդակցումից` ընդունելով Նրա գերիշխանությունը, և մեր առօրյա գործերի համար Նրա առաջնորդությունը ստանալու համար խնդրանքից:

Ես հաստատում եմ, որ վերադարձը աղոթքի հին ձևին` ընտանեկան աղոթքին, հանդիսանում է հիմնական դեղը, որը կկասեցնի սարսափելի հիվանդությունը, որը քայքայում է հասարակության բնույթը: Մենք չենք կարող հրաշք ակնկալել մեկ օրում, բայց մի սերունդ հետո մենք կունենանք այդ հրաշքը: …

Ծնկի իջնելու դիրքի մեջ կա ինչ-որ բան, որը հակասում է Պողոսի նկարագրած վերաբերմունքին. «ամբարտավան … հանդուգն, գոռոզ»:

Երբ հայրը, մայրը և երեխաները միասին ծնկի են իջնում, ինչ-որ ձևով անհետանում են այն հատկանիշները, որ նա նկարագրել է. «ծնողներին անհնազանդ, … անգութ»:

Ինչ-որ բան կա Աստվածությանը դիմելու գործում, որը հավասարակշռում է միտումը դեպի սրբապղծությունն ու հաճույքի սիրահարներ դառնալը ավելի, քան Աստծո երկրպագուներ դառնալը: [Sես Բ Տիմոթեոս 3.1-4:]

Ոչ սուրբ լինելու հակումը, ինչպես Պողոսը նկարագրել է որպես անշնորհակալ, մաքրվում է, երբ ընտանիքի անդամները միասին շնորհակալություն են հայտնում Տիրոջը կյանքի ու խաղաղության և իրենց ունեցած ամեն բանի համար: Եվ երբ նրանք շնորհակալություն են հայտնում Աստծուն միմյանց համար, ընտանիքում զարգանում է նոր արժեքավորում, նոր հարգանք, նոր կապվածություն միմյանց հանդեպ: …

Երբ Աստծո առաջ միասին հիշում ենք աղքատներին, կարիքավորներին, կեղեքվածներին, մեր մեջ զարգանում է չգիտակցված, բայց իրական ու անշահախնդիր սեր ուրիշների հանդեպ և ցանկություն` ծառայելու ուրիշների կարիքներին: Մենք չենք կարող Աստծուն խնդրել օգնել վշտի մեջ գտնվող մեր մերձավորին, առանց այդ մերձավորին օգնելու մեր ցանկության: Ինչ հրաշքներ կպատահեն աշխարհի զավակների կյանքում, եթե նրանք մի կողմ դնեն սեփական եսասիրությունը և կորցնեն իրենց ուրիշներին ծառայելու մեջ: Սերմը, որը կաճի այս պաշտպանիչ ու պտղաբեր ծառից, կաճի, եթե լավ տնկվի ու խնամվի ամենօրյա ընտանեկան աղոթքներում: …

Ես չգիտեմ մի ուրիշ բան, որն այնքան շատ կօգնի թուլացնել ընտանեկան լարվածությունը, նուրբ հարգանք կառաջացնի ծնողների հանդեպ և կհանգեցնի հնազանդության, որը կմեծացնի ակնածանքի ոգին, ինչն էլ զգալիորեն կմաքրի հուսահատությունը քայքայված ընտանիքներից, քան միասին աղոթելը, միասին թուլությունները խոստովանելը Տիրոջ առաջ և Տիրոջից օգնություն խնդրելը մեր տների ու այնտեղ ապրողների համար: …

Ընտանիքը հասարակության հիմնական միավորն է: Աղոթող ընտանիքը ավելի լավ հասարակության հույսն է: «Խնդրեցէք Տիրոջը, քանի որ նա գտնվում է»: (Եսայիա 55.6:)14

Ես հուզվեցի … մի երիտասարդ միսիոների սրտաճմլիկ հայտարարությունից: Նա ասաց. «Ես արդեն մի քանի ամիս այստեղ եմ: Ես չեմ կարողանում սովորել լեզուն: Ես չեմ սիրում մարդկանց: Ես ընկճված էի ցերեկը և արտասվում էի գիշերները: Ես ցանկանում էի մեռնել: Ես գրեցի մայրիկիս ու պատճառ խնդրեցի, որ տուն վերադառնամ: Ես ստացա նրա պատասխանը: Նա ասում է. «Մենք աղոթում ենք քեզ համար: Մենք բոլորս ամեն օր միասին ծնկի ենք իջնում առավոտյան նախաճաշից առաջ և երեկոյան` նախքան քնելը ու խնդրում ենք Տիրոջից, որ օրհնի քեզ: Բացի աղոթքից, մենք նաև ծոմ ենք պահում, և երբ քո փոքր եղբայրներն ու քույրերն աղոթում են, նրանք ասում են. «Երկնային Հայր, օրհնիր Ջոննին … և օգնիր, որ նա սովորի լեզուն և կատարի այն աշխատանքը, որին նա կանչվել է»:

Այդ երիտասարդը շարունակեց, ասելով արցունքների միջից. «Ես նորից կփորձեմ: Ես իմ աղոթքներն ու ծոմը կավելացնեմ նրանց աղոթքներին ու ծոմին»:

Հիմա, չորս ամիս անց, ես մի նամակ եմ ստացել նրանից, որում ասվում է. «Մի հրաշք է պատահել: Լեզուն տրվել է ինձ որպես պարգև Տիրոջից: Ես սովորեցի սիրել մարդկանց ու այս գեղեցիկ երկիրը: Շնորհակալություն Աստծուն իմ ընտանիքի աղոթքների համար»:15

Կարո՞ղ ենք մենք մեր տներն ավելի գեղեցիկ դարձնել: Այո, եթե մեր ընտանիքներին վերաբերվենք որպես ողջ ճշմարիտ գեղեցկության Սկզբնաղբյուրի: Արդյո՞ք մենք կարող ենք ուժեղացնել հասարակությունը և դարձնենք այն ավելի լավ վայր ապրելու համար: Այո, ուժեղացնելով մեր ընտանեկան կյանքի առաքինությունը, միասին ծնկի գալով ու խնդրելով Ամենազորին` Սիրելի Որդու անունով:

Նկար
աղոթող ընտանիք

Մենք կարող ենք ուժեղացնել մեր ընտանիքը միասին ծնկի եկած աղոթքով:

Վերադարձը դեպի ընտանեկան երկրպագության, որը կտարածվի ողջ երկրով ու երկրագնդով մեկ, մի սերնդի սահմաններում զգալի չափով կվերացնի հուսահատությունը, որը քայքայում է մեզ: Այն կվերականգնի ազնվությունը, փոխադարձ հարգանքը և երախտագիտության ոգին մարդկանց սրտերում:16

Արդյո՞ք աղոթքն այսպիսի դժվար բան է: Մի՞թե այդքան դժվար է քաջալերել հայրերին ու մայրերին ծնկի իջնել իրենց փոքր երեխաների հետ և դիմել Աստվածությանը, արտահայտելով երախտագիտություն օրհնությունների համար, աղոթել վշտի մեջ գտնվողների և իրենց համար, իսկ հետո խնդրել այն աշխարհի Փրկիչի ու Քավիչի անունով: Ինչ հզոր բան է աղոթքը: Ես կարող եմ վկայել դրա մասին և դուք նույնպես կարող եք: Ինչ ողբերգական է ցանկացած ընտանիքի համար, որը թերանում է օգտվել այս անգին ու պարզ գործառույթից:17

Եթե ձեր մեջ կան այնպիսիները, ովքեր չեն աղոթում ընտանիքով, թող սկսեն աղոթել հիմա, միասին ծնկի իջնեն, եթե դուք կարողանաք անել այդ ամեն առավոտ ու երեկո, խոսել Տիրոջ հետ և շնորհակալություն հայտնել, խնդրել, որ Նրա օրհնությունները տարածվեն կարիքավորների վրա և խոսել Նրա հետ ձեր բարեկեցության համար ևս:18

Ես բերում եմ ձեզ իմ վկայությունը, որ եթե դուք անկեղծորեն կիրառեք ընտանեկան աղոթքը, դուք առանց հատուցման չեք մնա: Հնարավոր է, փոփոխությունները միանգամից ակնհայտ չլինեն: Դրանք կարող են չափազանց աննկատ լինել: Բայց դրանք կլինեն իսկական, քանի որ Աստված «իրան խնդրողներին վարձահատույց կլինի»: (Եբր. 11.6։)

Թող մենք հավատարիմ լինենք այս գործում աշխարհին օրինակ ծառայելիս և այդպես վարվելու համար ուրիշներին խրախուսելիս:19

3

Մենք պիտի շատ աղոթենք և լսենք, քանի որ մենք կստանանք աղոթքների պատասխանը:

Երբեք պատասխանատվություն մի ստանձնեք, որ կարող եք անել դա մենակ: Դուք ունեք Տիրոջ կարիքը: Երբեք մի տատանվեք ծնկի իջնելու որևէ մեկուսի տեղ և խոսելու Նրա հետ: Ինչ սքանչելի ու հրաշալի բան է աղոթքը: Մտածեք այդ մասին: Իրականում, մենք կարող ենք խոսել մեր Երկնային Հոր հետ: Նա կարող է լսել ու պատասխանել, բայց մենք պիտի ականջալուր լինենք այդ պատասխանին: Ոչինչ չափազանց լուրջ չէ և ոչինչ չափազանց կարևոր չէ Նրա հետ կիսվելու համար:20

Աղոթեք Տիրոջը` պատասխանի ակնկալիքով: … Մեր աղոթքի հետ կապված խնդիրներից մեկն այն է, որ մենք աղոթում ենք այնպես, կարծես վերցնում ենք հեռախոսը և պատվիրում նպարեղեն` տալիս ենք պատվերն ու անջատում հեռախոսը: Մենք պիտի խորհենք, մտածենք, թե ինչի մասին և ինչի համար ենք աղոթում, իսկ հետո խոսենք Տիրոջ հետ` կարծես մի մարդ խոսում է մեկ ուրիշի հետ: «Հիմա եկէք ու վիճաբանենք, ասում է Տերը» (Եսայիա 1.18):21

Ոչինչ մեզ այնքան չի օգնում, որքան երբ խնդիրը հանձնում ենք Տիրոջ ձեռքը: … Ես չեմ երկմտում ասել, որ ես ստացել եմ աղոթքների պատասխանը: Ես գիտեմ դա։ Ես չեմ կարող ժխտել դա: Այս դժվար դարում մենք պիտի աղոթենք առաջնորդություն ստանալու համար: … Սքանչելին այն է, որ պարտադիր չէ, որ դուք հանճար լինեք աղոթելու համար: Նա կլսի ամենախոնարհների ձայնը: … Դիմեք Տիրոջը: Նա է հրավեր առաջարկում և Նա էլ կպատասխանի:22

Հավատացեք աղոթքի զորությանն ու վեհությանը: Տերը պատասխանում է մեր աղոթքներին: Ես գիտեմ դա։ Ես այդ հրաշքին կրկին ու կրկին ականատես եմ եղել։ Աղոթքի շնորհիվ մենք ընկերակցում ենք Աստծո հետ: Այն մեզ հնարավորություն է տալիս խոսել Նրա հետ, շնորհակալություն հայտնել Նրան Իր հրաշալի օրհնությունների համար և խնդրել Նրանից ուղղորդություն և պաշտպանություն, երբ մենք քայլում ենք կյանքի ճանապարհով: Այս մեծ աշխատանքը, որը տարածվում է երկրի վրա, գտավ իր արմատները մի տղայի աղոթքի մեջ: Նա կարդացել էր ընտանեկան Աստվածաշնչում. «Եթե մեկը ձեզանից իմաստության պակասություն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատությամբ և չէ նախատում, և կտրուի նորան: Միայն թե թող հավատքով խնդրէ առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծուած և տատանուած ալիքին» (Հակոբոսի 1.5–6): Սա է խոստումը: Կա՞ ավելի մեծ խոստում որևէ տեղ այս երկրի վրա, քան այս խոստումը:23

Աղոթեք, իմ ընկերներ և լսեք: Հնարավոր է, դուք երբեք ձայն չլսեք: Հնարավոր է: Բայց ինչ-որ ձևով, որը դուք չեք կարող բացատրել, կստանաք հուշում և կօրհնվեք: Քանի որ Տերը խոստացել է. «Ես կասեմ քեզ … քո սրտում, Սուրբ Հոգով, որը կիջնի քո վրա …» (ՎևՈւ 8.2

Աղոթեք և դուք կիմանաք, որ Աստված լսում և պատասխանում է աղոթքներին: Միշտ չէ, որ նա կցանկանա պատասխանել, բայց երբ տարիներն անցնեն, մենք կհասկանանք, որ ինչպես արևածագն է անտարակուսելի, այնպես էլ Նա է լսում ու պատասխանում:24

Պահպանեք այդ խոնարհությունը, որը կստիպի ձեզ ծնկի իջնել աղոթքով` որպես Նրա զորության և բարության հասատում: Նա չի լքի ձեզ: Նա կլսի ձեր աղոթքները: Նա կպատասխանի ձեր աղոթքներին: Գիշերվա լռության մեջ դուք կլսեք Նրա Հոգու շշուկները, որոնք կուղղորդեն ձեզ վշտի ու կարիքի ժամանակ: Այդպիսի ժամանակները կգան ձեզ համար, ինչպես որ այցելում են բոլորին: Հավատացեք Աստծուն, և Նա երբեք չի հիասթափեցնի ձեզ: Նա երբեք չի շրջվի ձեզանից:25

Թող որ ձեր Երկնային Հայրը միշտ լինի ձեր ընկերը, ում դուք կարող եք դիմել աղոթքով:26

Առաջարկներ ուսումնասիրության և ուսուցման համար

Հարցեր

  • Ինչպե՞ս է աղոթքն օգնել ձեզ ավելի մոտենալ ձեր Երկնային Հորը: Վերանայեք Նախագահ Հինքլիի խորհուրդն այն մասին, թե ինչ ընդգրկել աղոթքի մեջ (տես բաժին 1): Ե՞րբ է աղոթքն օգնել ձեզ գտնել «ավելի մեծ իմաստություն»: Ե՞րբ է աղոթքը ձեզ «հանգստություն ու սփոփանք» բերել: Ինչո՞ւ պիտի որոշ աղոթքներ լինեն «գոհության զրույցներ»:

  • Խորհեք յուրաքանչյուր օրհնության մասին, որն, ըստ Նախագահ Հինքլիի, կարող է գալ ընտանեկան աղոթքի միջոցով (տես բաժին 2): Ինչպե՞ս է ձեր ընտանիքն օրհնվել` միասին աղոթելով: Ի՞նչն է խոչընդոտում հետևողական ընտանեկան աղոթքին: Ընտանիքի անդամներն ինչպե՞ս կարող են աշխատել միասին, որպեսզի հաղթահարեն այս խոչընդոտները:

  • Բաժին 3-ում տրված Նախագահ Հինքլիի ուսմունքներն ինչպե՞ս կարող են օգնել մեզ մեր աղոթքներն ավելի իմաստալից դարձնել։ Ըստ ձեր սովորածի, Տերն ինչպե՞ս է պատասխանում մեր աղոթքներին: Աղոթքն ինչի՞ շնորհիվ զորություն ունի մեզ «ընկերակից դարձնել Աստծո հետ»:

Առնչվող սուրբ գրություններ

Մատթեոս 6.5–15, Ղուկաս 18.9–18, 2 Նեփի 32.8–9, Ալմա 34.17–28, 37.36–37, 3 Նեփի 18.15–25, ՎևՈւ 19.28

Օգնություն ուսումնասիրողին

«Վերանայեք` արագ կարդալով գիրքը, բաժինը, հատվածը կամ վերանայելով վերնագրերը: Փորձեք հասկանալ ենթատեքստը և նախապատմությունը» (Քարոզիր Իմ Ավետարանը [2004], 23): Կարդացեք որևէ գլուխ կամ հատված ավելի քան մեկ անգամ, որպեսզի կարողանաք ավելի խորը հասկանալ այն: Երբ այդպես վարվեք, կհայտնաբերեք հիմնարար գաղափարներ:

Հղումներ

  1. “Stand True and Faithful,” Ensign, May 1996, 94.

  2. Robert D. Hales, in Sheri L. Dew, Go Forward with Faith: The Biography of Gordon B. Hinckley (1996), 444.

  3. Richard G. Hinckley, in Sheri L. Dew, Go Forward with Faith, 171.

  4. Marjorie Pay Hinckley, in Sheri L. Dew, Go Forward with Faith, 171.

  5. Teachings of Gordon B. Hinckley, (1997), 469.

  6. Teachings of Gordon B. Hinckley, 470.

  7. “Dedication of Gordon B. Hinckley Building” (Brigham Young University–Idaho, Oct. 22, 2002), byui.edu/Presentations/transcripts/devotionals/2002_10_22_hinckley.htm; accessed Sept. 21, 2015.

  8. “Pillars of Truth,” Ensign, Jan. 1994, 2.

  9. “Stand True and Faithful,” 93.

  10. “An Humble and a Contrite Heart,” Ensign, Nov. 2000, 89.

  11. “The Fabric of Faith and Testimony,” Ensign, Nov. 1995, 89.

  12. “Benediction,” Ensign or Liahona, May 2003, 99–100.

  13. Teachings of Gordon B. Hinckley, 638.

  14. “The Blessings of Family Prayer,” Ensign, Feb. 1991, 2, 4–5.

  15. In Conference Report, Apr. 1963, 128.

  16. “The Blessings of Family Prayer,” 5.

  17. “Four Simple Things to Help Our Families and Our Nations,” Ensign, Sept. 1996, 8.

  18. Teachings of Gordon B. Hinckley 217.

  19. “The Blessings of Family Prayer,” 5.

  20. “Stay on the High Road,” Ensign or Liahona, May 2004, 114.

  21. Teachings of Gordon B. Hinckley, 469.

  22. Teachings of Gordon B. Hinckley, 469.

  23. Fear Not; Only Believe,” New Era, Jan. 2000, 6; bold and italics removed.

  24. “Watch the Switches in Your Life,” Ensign, Jan. 1973, 93.

  25. Discourses of President Gordon B. Hinckley, Volume 2: 2000–2004 (2005), 346.

  26. “Born of God,” Ensign, July 1991, 100.