Նախագահների ուսմունքները
Գլուխ 10․ Փայփայել ամուսնության հավերժական ընկերակցությունը


Գլուխ10

Փայփայել ամուսնության հավերժական ընկերակցությունը

«Կյանքի ամենաքաղցր զգացմունքները, մարդկային սրտի շռայլ ու գոհացնող ազդակներն իրենց դրսևորումն են գտնում ամուսնության մեջ, որը կանգնած է մաքուր ու անարատ` աշխարհի չարիքից վեր»:

Գորդոն Բ. Հինքլիի կյանքից

Մի երեկո, երբ Նախագահ և Քույր Հինքլին լուռ նստած էին միասին, Քույր Հինքլին ասաց.«Դու միշտ ինձ թևեր ես տվել թռչելու համար և ես սիրել եմ քեզ դրա համար»:1 Մեկնաբանելով իր կնոջ կողմից արված այդ արտահայտությունը, Նախագահ Հինքլին ասել է. «Ես փորձել եմ ճանաչել [նրա] անհատականությունը, ինքնությունը, նրա ցանկությունները, նախադրյալները, նրա հավակնությունները: Թող նա թռչի: Այո, թող նա թռչի: Թող նա զարգացնի իր սեփական տաղանդները: Թող նա գործի իր ուրույն ձևով: Դուրս եկ նրա ճանապարհից և հիացիր նրանով, ինչ նա անում է»:2 Քույր Հինքլին նմանապես աջակցում էր իր ամուսնուն` որպես հայր, նրա անձնական հետաքրքրություններում և նրա Եկեղեցու լայնածավալ ծառայության մեջ:

Իրենց չափահաս տարիների մեծ մասը Գորդոն Բ. Հինքլին և Մարջորի Փեյը ապրել են նույն ծխում. նրանք ապրումէին փողոցի հակառակ կողմերում։ «Ես նրան առաջին անգամ տեսա Երեխաների Միությունում», հետագայում հիշում էր Նախագահ Հինքլին: «Նա կարդում էր: Ես չգիտեմ, թե դա ինչ արեց ինձ հետ, բայց ես երբեք դա չմոռացա: Ապա նա մեծացավ, դարձավ գեղեցիկ օրիորդ, և ես այնքան ողջամիտ գտնվեցի, որ ամուսնացա նրա հետ»:3

Նրանց առաջին ժամադրությունը Եկեղեցու պարերի ժամանակ էր, երբ Հինքլին 19 տարեկան էր, իսկ Մարջորին` 18 տարեկան: «Այս երիտասարդը ինչ-որ մտադրություն ունի»,- ասաց Մարջորին իր մորը հետագայում:4 Նրանց հարաբերությունները շարունակում էին զարգանալ, մինչ Գորդոնը հաճախում էր Յուտայի Համալսարանը: Ապա 1933 թվականինավարտելուց հետո նա կանչվեց միսիա ծառայելու Անգլիայում: Երբ նա վերադարձավ 1935 թվին, նրանք վերսկսեցին իրենց սիրավեպը և 1937թվին նրանք ամուսնացան Սոլթ Լեյք Տաճարում: Վերհիշելով իրենց ամուսնության վաղ օրերը, Քույր Հինքլին ասել է.

«Փողը քիչ էր, բայց մենք լցված էինք հույսով և լավատեսությամբ: Սկզբում ոչ բոլոր օրերն էին երանելի, բայց դրանք լի էին վճռականությամբ և երջանիկ տուն հիմնելու մեծ ցանկությամբ: Անկասկած, մենք սիրում էինք իրար: Բայց մենք պետք է հարմարվեինք միմյանց: Կարծում եմ, յուրաքանչյուր զույգ պետք է հարմարվի մեկմեկու:

Ավելի ուշ ես հասկացա, որ ավելի լավ կլիներ, եթե մենք ջանասիրաբար ձգտեինք հարմարվել միմյանց, քան անընդհատ փորձեինք միմյանց փոխել, ինչը ես պարզեցի, որ անհնար էր: … Պետք է լինի մի քիչ տալ և վերցնել, և ավելի մեծ ճկունություն, երջանիկ տուն ստեղծելու համար:5

Նախագահ Հինքլին կանչվեց Գերագույն Իշխանավոր 1958 թվին և իր ծառայության վաղ տարիներին Քույր Հինքլին սովորաբար մնում էր տանը` հոգ տանելու իրենց հինգ երեխաներին, մինչ նա ճանապարհորդում էր Եկեղեցու հանձնարարություններով: Երբ նրանց երեխաները մեծացան, Հինքլիները հաճախ էին ճանապարհորդում միասին, մի բան, որը նրանք բարձր էին գնահատում: 1977 թվականի ապրիլին նրանց ամուսնության 40-ամյակն էր, որը համընկավ այն ժամանակի հետ, երբ նրանք երկար ճամփորդում էին Ավստրալիայում`հանդիպելու Սրբերի հետ: Այդ օրը Նախագահ Հինքլին գրել է իր օրագրում.

«Մենք այսօր գտնվում ենք Փերթում, (Ավստրալիա), մեր ներկայությունը վկայում է, թե տարիները ինչ էին բերել մեզ: Մենք անցկացրինք օրը` հանդիպելով Ավստրալիայի Փերթի միսիայի միսիոներների հետ: Դա սքանչելի օր էր, որի ընթացքում մենք լսեցինք վկայություններ և հրահանգավորում: Միսիոներները Մարջորիին նվիրեցին փոքրիկ ծաղկեփունջ, որը ես ինքս ժամանակ չէի ունեցել գնել նրա համար:

«Մենք կարող ենք մի ամբողջ հատոր գրել անցած 40 տարիների մասին: … Մենք ունեցել ենք մեր մաքառումներն ու խնդիրները: Բայց ընդհանուր առմամբ կյանքը հիանալի է եղել: Մենք հրաշալիորեն օրհնված ենք եղել: Այս տարիքում մարդ սկսում է զգալ հավերժության իմաստը և հավերժական զուգընկերության արժեքը: Եթե մենք այս երեկո տանը լինեինք, հավանաբար ընտանեկան ինչ-որ ճաշկերույթ կունենայինք: Քանի որ մենք հեռու ենք տանից՝ Տիրոջ ծառայության մեջ, դա քաղցր փորձառություն էր մեզ համար:6

Քսաներկու տարի անց, երբ նա ծառայում էր Եկեղեցու Նախագահ, Նախագահ Հինքլին մի նամակ գրեց Քույր Հինքլիին՝ արտահայտելով իր զգացմունքները ավելի քան 60 տարի ամուսնացած լինելուց հետո: «Ինչպիսի թանկագին զուգընկեր ես եղել դու»,- ասել է նա: Այժմ մենք միասին ծերացել ենք և դա քաղցր փորձառություն է եղել: … Երբ ապագայում մահվան ձեռքը նրբորեն դիպչի մեզանից մեկն ու մեկին, կլինեն արցունքներ, այո, բայց նաև կլինի մի հանդարտ և հաստատուն համոզվածություն` վերամիավորման և հավերժական ընկերակցության վերաբերյալ:7

2004 թվի սկզբին Հինքլիները տուն էին վերադառնում Ակրա Գանա Տաճարի նվիրագործումից, երբ Քույր Հինքլին հոգնածությունից ուշագնաց եղավ: Նա երբեք չվերականգնեց իր ուժերը և հեռացավ կյանքից 2004 թվի ապրիլի 6-ին: Վեց ամիս անց, հոկտեմբերի գերագույն համաժողովում, Նախագահ Հինքլին ասաց.

«Երբ ես պահել էի նրա ձեռքը և տեսա, թե ինչպես էր կյանքը հեռանում նրա մատներից, խոստովանում եմ, որ սիրտս փլվեց: Նախքան նրա հետ ամուսնանալը, նա իմ երազանքների աղջիկն էր: … Նա իմ սիրելի ընկերն է եղել ավելի քան մի դարի երկու երրորդը, ինձ հավասարը Տիրոջ առջև, իսկապես ինձանից ավելի բարձրը: Եվ այժմ իմ ծեր հասակում նա կրկին դարձել է իմ երազանքների աղջիկը»:8

Իր վշտի մեջ Նախագահ Հինքլին հաստատվեց՝ գիտենալով, որ նա և Մարջորին կնքվել էին հավերժության համար: «Կորցնել մի շատ սիրելի ընկերոջ, ում հետ քայլել ես երկար՝ ուրախության և տխրության պահերին, բացարձակապես անտանելի է»,- ասաց նա: «Կա մի մաշող մենություն, որը գնալով ուժեղանում է: Այն ցավագին տնքում է մարդու հենց հոգում: Բայց գիշերվա լռության մեջ մի լուռ շշուկ է լսվում, որն ասում է. «Ամեն ինչ լավ է: Ամեն ինչ լավ է»։ Եվ անհայտությունից եկած այդ ձայնը բերում է խաղաղություն, համոզվածություն և չտատանվող համոզմունք, որ մահը վերջը չէ, որ կյանքը շարունակվում է կատարվող գործերով և ձեռք բերվող հաղթանակներով: Այդ ձայնը հանդարտ, նույնիսկ, մահկանացուի ականջների համար անլսելի, բերում է հավաստիացում, որ ինչպես եղել է բաժանում, կլինի նաև ուրախ վերամիավորում»:9

Նկար
Նախագահ և Քույր Հինքլի

Նախագահ և Քույր Հինքլին վայելեցին երջանիկ և սիրառատ ամուսնություն և զորացվեցին «վերամիավորման և հավերժական զուգընկերության խաղաղ ու հաստատ համոզմունքով»:

Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները

1

Երկնային Հայրը ծրագրել է ամուսնությունը ի սկզբանե:

Ի՜նչ հրաշալի բան է ամուսնությունը մեր Հավիտենական Հոր ծրագրում, մի ծրագիր, որ տրվել է Նրա աստվածային իմաստությամբ Նրա զավակների երջանկության և ապահովության, ինչպես նաև սերունդների շարունակության համար:

Նա մեր Արարիչն է, և Նա է ծրագրել ամուսնությունը ի սկզբանե: Եվայի ստեղծման ժամանակից ի վեր, «Ադամն ասաց. Սա հիմա ոսկր է իմ ոսկրիցը եւ մարմին է իմ մարմնիցը. …Դրա համար, մարդ կթողնի իր հորն ու մորը, և կհարի իր կնոջը, և նրանք կլինեն մեկ մարմին: Ծն. 2.23–24:)

Պողոսը գրել է Կորնթացի Սրբերին․ «Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը»։ (1 Կոր. 11.11:)

Ժամանակակից հայտնության մեջ Տերն ասել է.«Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նա, ով արգելում է ամուսնանալը, կարգված չէ Աստծու կողմից, քանզի ամուսնությունն Աստծու կողմից է կարգված մարդու համար» (ՎևՈւ 49․15:) …

Անշուշտ, կարդալով սուրբ գրությունները, ինչպես հին, այնպես էլ` ժամանակակից, ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել ամուսնության աստվածային բնույթը: Կյանքի ամենաքաղցր զգացմունքները, մարդկային սրտի շռայլ ու գոհացնող ազդակները, իրենց դրսևորումն են գտնում ամուսնության մեջ, որը կանգնած է մաքուր ու անարատ` աշխարհի չարիքից վեր:

Այսպիսի ամուսնությունը, կարծում եմ, ցանկություն է, որի համար հույս ունեն, որին ձգտում են, և որի համար աղոթում են տղամարդիկ ու կանայք` ամենուրեք:10

2

Տիրոջ տաճարներում ամուսինը և կինը կարող են կնքվել միասին ողջ հավերժության համար:

Տաճարները … տալիս են օրհնություններ, որոնք ոչ մի ուրիշ տեղ չեն տրվում: Այն բոլորը, ինչ տեղի է ունենում այս սրբազան տներում, գործ ունի մարդու հավերժական բնույթի հետ: Այստեղ ամուսինները, կանայք ու երեխաները կնքվում են միմյանց հետ` որպես ընտանիքներ ողջ հավերժության համար: Ամուսնությունը չի տևում «մինչև մահը բաժանի ձեզ»: Այն հավերժ է, եթե կողմերն ապրում են արժանի այդ օրհնությանը:11

Արդյոք չի՞ եղել տղամարդ, որն իրոք սիրի մի կնոջ, կամ կին, որն իսկապես սիրի մի տղամարդու, և չաղոթի, որ իրենց կապը շարունակվի մահից հետո: Արդյոք չի՞ եղել դեպք, երբ ծնողները հողին հանձնելով իրենց զավակին, չեն ցանկացել ունենալ հավաստիացում, որ իրենց սիրելի զավակը գալիք աշխարհում կրկին իրենցը կլինի: Կարո՞ղ է հավերժական կյանքին հավատացողը կասկածել, որ երկնքի Աստվածը Իր որդիներին և դուստրերին չի շնորհի կյանքի այդ ամենաթանկ բանը` սերը, որն իր ամենաիմաստալից դրսևորումն է գտնում ընտանեկան հարաբերություններում: Ոչ, բանականությունը պահանջում է, որ ընտանեկան հարաբերությունը պետք է շարունակվի մահից հետո: Մարդկային սիրտը փափագում է դա, և երկնքի Աստվածը հայտնել է, թե ինչպես կարելի է ապահովել դա: Տիրոջ տան սրբազան ծեսերը ապահովում են դրանք:12

Որքան քաղցր է հավաստիացումը, որքան մխիթարիչ է խաղաղությունը, որոնք գալիս են այն գիտելիքից, որ եթե մենք ճիշտ ամուսնանանք և ապրենք ճիշտ, մեր հարաբերությունը կշարունակվի, չնայած մահվան անխուսափելիությանը և ժամանակի ընթացքին: Տղամարդիկ գուցե սիրային երգեր գրեն և երգեն դրանք: Նրանք կարող են տենչալ և հուսալ ու երազել: Բայց այս բոլորը կլինի միայն ռոմանտիկ ցանկություն, մինչև որ չլինի իշխանության գործադրում, որը դուրս է գալիս ժամանակի և մահվան զորությունների սահմաններից:13

3

Ամուսիններն ու կանայք քայլում են կողք կողքի հավերժական ճանապարհորդության ընթացքում:

Իր մեծ նախագծում, երբ Աստված ստեղծեց մարդուն, Նա ստեղծեց երկու սեռ : Այդ երկակիության ազնվացնող արտահայտությունը գտնվում է ամուսնության մեջ: Մեկ անձնավորությունը լրացնում է մյուսին:14

Ամուսնական ընկերակցության մեջ չկա ոչ անլիարժեքություն, ոչ էլ գերազանցություն: Կինը չի քայլում տղամարդուց առաջ, ոչ էլ տղամարդն է քայլում կնոջից առաջ: Նրանք քայլում են կողք կողքի` որպես Աստծո որդի և դուստր, հավերժական ճանապարհորդության ընթացքում:15

Ամուսնությունը իր իսկական իմաստով հավասարների ընկերակցություն է, ոչ թե իշխանության գործադրում մյուսի վրա, այլ յուրաքանչյուրը պիտի խրախուսի և աջակցի մյուսին, ինչ պարտականություններ կամ ձգտումներ էլ տղամարդը կամ կինը ունենան:16

Կանայք, նայեք ձեր տղամարդկանց որպես ձեր թանկագին ընկերոջ և արժանի ապրեք այդ ընկերակցությանը: Ամուսիններ, տեսեք ձեր կանանց մեջ ամենաթանկ արժանիքները ժամանակի կամ հավերժության մեջ, յուրաքանչյուրը Աստծո դուստր, կողակից է, ում հետ դուք կարող եք քայլել ձեռք ձեռքի, ուրախության, թե տխրության , կյանքի բոլոր վտանգների և հաղթանակների միջով:17

Ես մտածում եմ երկու [ընկերների] մասին, որոնց ես գիտեի… ավագ դպրոցի տարիներին և համալսարանում: Նա գյուղաքաղաքի տղա էր, հասարակ արտաքինով, առանց փողի կամ ակնհայտ խոստումների: Նա մեծացել էր ագարակում, և եթե որևէ գրավիչ հատկանիշ ուներ` աշխատելու կարողությունն էր: … Բայց իր գյուղական արտաքինով, նա մի ժպիտ ուներ և անհատականություն, որը թվում էր, երգում էր բարության մասին: Նա քաղաքի աղջիկ էր, ով դուրս էր եկել ապահովված օջախից: …

Մի ինչ-որ կախարդական բան պատահեց նրանց միջև: Նրանք սիրահարվեցին: … [Նրանք] ծիծաղում էին, պարում ու սովորում միասին այդ տարիների ընթացքում: Նրանք ամուսնացան, երբ մարդիկ զարմանում էին, թե ինչպես նրանք կարող էին երբևէ բավարար փող աշխատել գոյատևելու համար: Նա մաքառում էր իր մասնագիտական դպրոցում և դարձավ իր դասարանի գրեթե լավագույնը: Նա կարիքի մեջ էր, խնայում էր, աշխատում ու աղոթում: Նա խրախուսում էր, աջակցում, և երբ գործերն իսկապես վատացան, նա հանդարտ ասաց.«Մենք մի կերպկհաղթահարենք»: Ոգևորված իր հանդեպ նրա հավատից, նա շարունակում էր անցնել այս դժվարին տարիների միջով: Նրանք երեխաներ ունեցան, և միասին սիրում էին նրանց, սնուցում ու տալիս նրանց ապահովություն, որը գալիս էր իրենց սիրո և միմյանց հանդեպ հավատարմության սեփական օրինակից: Այժմ անցել է մոտ քառասունհինգ տարի : Նրանց երեխաները մեծացել են և պատիվ են բերում նրանց, Եկեղեցուն և համայնքներին , որտեղ նրանք ապրում են:

Վերջերս, երբ մենք ինքնաթիռով գալիս էինք Նյու Յորքից, ես քայլեցի միջանցքի կիսամութ տաղավարով և տեսա սպիտակ մազերով մի կնոջ, ով ննջում էր գլուխն իր ամուսնու ուսին, իսկ ձեռքով ջերմորեն սեղմել էր ամուսնու ձեռքը: Ամուսինն արթուն էր և ճանաչեց ինձ: Կինն արթնացավ, երբ մենք սկսեցինք խոսել: Նրանք նույնպես վերադառնում էին Նյու Յորքից, որտեղ նա զեկուցումով հանդես էր եկել ազգային գիտական մեծ միություններից մեկի առջև: Նա քիչ բան պատմեց այդ մասին, բայց կինը հպարտորեն խոսեց նրան տրված պարգևների մասին: …

Ես մտածեցի այդ մասին, երբ վերադարձա իմ տեղը ինքնաթիռում: Եվ ես ասացի ինքս ինձ, այն ժամանակ նրանց ընկերները տեսան միայն մի գյուղացի տղայի և քթի վրա պեպեններով մի ժպտացող աղջկա: Բայց այդ երկուսը միմյանց մեջ տեսան սեր, հավատարմություն, խաղաղություն, հավատք և ապագա: Կոչեք դա քիմիա, եթե կամենում եք, գուցե մի փոքր բան կար դրանից, բայց կար շատ ավելին : Կար ավելի շուտ աստվածային ծաղկող ինչ-որ բան, սերմանված այնտեղ այն Հոր կողմից, ով մեր Աստվածն է: Համալսարանում ուսանելու տարիներին նրանց ապրած կյանքը արժանի էր այդ ծաղկմանը: Նրանք ապրել էին առաքինությամբ, հավատով, գնահատանքով և հարգանքով` իրենց և միմյանց հանդեպ: Իրենց դժվարին մասնագիտական և տնտեսական մաքառումների տարիներին, նրանք գտել էին իրենց մեծագույն երկրային ուժը և ընկերակցությունը: Այժմ` տարեց հասակում, նրանք գտան իրենց խաղաղությունը, իրենց հանգիստ բավարարվածությունը միմյանցով: Բացի այդ, նրանք համոզված էին ուրախ ընկերակցության հավերժության մեջ` այն ուխտերի ներքո, որոնք երկար տարիներ առաջ արվել էին և խոստումների, որոնք տրվել էին Տիրոջ տանը:18

4

Աստված չի մերժի ոչ մի օրհնություն արժանավոր անձանց, ովքեր ամուսնացած չեն:

Ինչ-որ պատճառով մենք դրել ենք մի նշան Եկեղեցու մի շատ կարևոր խմբի վրա: Այն ասում է. «Միայնակներ»: Կցանկանայի, որ մենք չանեինք դա: Դուք անհատներ եք՝ տղամարդիկ և կանայք, Աստծո որդիներ և դուստրեր, ոչ թե «նմանակիցներ» կամ «գործակցողներ»: Այն, որ դուք ամուսնացած չեք, ձեզ չի դարձնում մյուսներից էականորեն տարբեր: Մենք բոլորս շատ նման ենք արտաքինով և հուզական արձագանքներով, մեր մտածելու, տրամաբանելու, թշվառ լինելու, երջանիկ լինելու, սիրելու և սիրված լինելու կարողությամբ:

Դուք ճիշտ նույնքան կարևոր եք, որքան բոլոր մյուսները մեր Երկնային Հոր ծրագրում և Նրա ողորմածության ներքո ոչ մի օրհնություն, որին դուք այլապես կարող էիք արժանանալ, հավերժ ետ չի պահվի ձեզանից:19

Թույլ տվեք այժմ մի խոսք ասել նրանց, ովքեր երբեք հնարավորություն չեն ունեցել լինել ամուսնացած : Ես հավաստիացնում եմ ձեզ, որ մենք զգայուն ենք ձեր մենակության հանդեպ, որը ձեզանից շատերն են զգում: Մենակությունը դառը և ցավոտ է: Կարծում եմ բոլոր մարդիկ զգացել են դա այս կամ այն պահին: Մեր սրտերը ուղղված են դեպի ձեզ ըմբռնումով և սիրով: …

… Ձեր կյանքի այս շրջանը կարող է սքանչելի լինել: Դուք հասունություն ունեք: Դուք դատողություն ունեք: Ձեզանից շատերն ունեն ուսուցում և փորձառություն: Դուք ունեք ֆիզիկական, մտավոր և հոգևոր ուժ` բարձրացնելու, օգնելու և խրախուսելու:

Այնքան շատ մարդիկ կան դրսում, ովքեր ունեն ձեր կարիքը։ … Ձեր հոգևոր մարտկոցները լրիվ լիցքավորված պահեք և վառեք ուրիշների լամպերը:20

Ձեզ, որ չեք ամուսնացել, … Աստված տվել է այս կամ այն տաղանդը: Նա տվել է ձեզ կարողություն` ծառայելու ուրիշների կարիքներին և օրհնելու նրանց կյանքը բարությամբ և մտահոգությամբ: Օգնության հասեք կարիքի մեջ գտնվող ինչ-որ մեկին: …

Ավելացրեք գիտելիք գիտելիքի վրա: Կատարելագործեք ձեր միտքն ու հմտությունները գիտության որևէ ընտրված բնագավառում: Կան վիթխարի հնարավորություններ ձեզ համար, եթե դուք պատրաստ եք դրանցից օգուտ քաղել: … Մի մտածեք, որ եթե դուք միայնակ եք, Աստված լքել է ձեզ: Աշխարհն ունի ձեր կարիքը: Եկեղեցին ունի ձեր կարիքը: Այնքան շատ մարդիկ և գործեր ունեն ձեր ուժի և իմաստության կարիքը:

Աղոթեք և մի կորցրեք ձեր հույսը: … Ապրեք ամենալավ կյանքով, որը դուք կարող եք, և Տերն Իր ավելի մեծ իմաստությամբ և իր հավերժական ժամանակին կտա պատասխան ձեր աղոթքներին:21

Ձեզ, ովքեր ամուսնալուծված եք, խնդրում ենք իմացեք, որ մենք չենք նայում ձեզ վերևից, որպես ձախողակների, որովհետև ամուսնությունը ձախողվել է: … Մեր պարտականությունն է չդատապարտել, այլ ներել և մոռանալ, բարձրացնել և օգնել: Ձեր մենակության ժամերին դիմեք Տիրոջը, ով ասել է. «Ինձ մոտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ: Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ»: (Մատ. 11.28, 30:)

Տերը ձեզ չի մերժի, ոչ էլ ձեզ հեռու կվանի: Պատասխանները ձեր աղոթքներին, հնարավոր է, չլինեն ազդեցիկ, դրանք կարող են հեշտությամբ չհասկացվել կամ նույնիսկ գնահատվել: Բայց կգա ժամանակը, երբ դուք կիմանաք, որ օրհնվել եք:22

5

Երջանկությունը ամուսնության մեջ գալիս է զուգընկերոջ հանդեպ սիրագորով մտահոգություն ցուցաբերելուց:

Փայփայեք և զարգացրեք ձեր ամուսնությունը: Վերահսկեք այն և աշխատեք ամուր ու գեղեցիկ պահել այն: … Ամուսնությունը պայմանագիր է, այն կուռ է, միություն է տղամարդու և կնոջ միջև` Ամենազորի ծրագրի ներքո: Այն կարող է փխրուն լինել: Այն պահանջում է սնուցում և մեծ ջանքեր:23

Տարիներ շարունակ հարյուրավոր ամուսնալուծությունների հետ գործ ունենալուց հետո, ես բավարարված եմ, որ մի հատիկ գործընթացի կիրառումը ավելի շատ բան կտա, քան բոլոր այլ բաները՝ այս ցավալի խնդիրը լուծելու համար:

Եթե յուրաքանչյուր ամուսին և յուրաքանչյուր կին անընդհատ անի` ինչ կարող է` ապահովելու իր զուգընկերոջ հարմարավետությունն ու երջանկությունը, շատ քիչ թվով ամուսնալուծություններ կլինեին, եթե իհարկե լինեին: Վիճաբանություններ երբեք չեն լսվի Մեղադրանքները երբեք չեն հավասարեցվի: Տեղի չեն ունենա բարկացկոտ պոռթկումներ: Ավելի շուտ սերը և մտահոգությունը կփոխարինեն բռնությանն ու ստորությանը: …

Ամուսնությունների լարվածության մեծամասնության համար բուժումը ամուսնալուծությունը չէ: Այն գտնվում է ապաշխարության և ներման մեջ, բարության և մտահոգության արտահայտությունների մեջ: Այն գտնվում է Ոսկե Կանոնի կիրառման մեջ:

Դա հիանալի գեղեցկության տեսարանի մեջ է, երբ երիտասարդ տղամարդը և երիտասարդ կինը միացնում են իրենց ձեռքերը խորանի մոտ` ուխտի մեջ մտնելով Աստծո առջև, որ նրանք կպատվեն և կսիրեն միմյանց: Այնուհետև որքան թշվառ է պատկերը, երբ մի քանի ամիս կամ մի քանի տարի հետո, լինում են վիրավորական դիտողություններ, ստոր և կտրուկ խոսքեր, բարձրձայներ, ծանր մեղադրանքներ:

Դա չպիտի լինի, իմ սիրելի եղբայրներ և քույրեր: Մենք կարող ենք բարձրանալ այս ստոր և ողորմելի տարրերից վեր մեր կյանքում: (տես Գաղատացիս 4.9): Մենք կարող ենք փնտրել և ճանաչել մեկս մյուսի մեջ այն աստվածային էությունը, որը գալիս է մեզ` որպես մեր Երկնային Հոր զավակներ: Մենք կարող ենք ապրել միասին Աստծո տված ամուսնության օրինակով՝ իրականացնելով այն, ինչ մենք կարող ենք, եթե գործադրենք ինքնակարգավարժում և ձեռնպահ մնանք մեր զուգընկերոջը կարգավարժելուց:24

Նկար
կին և տղամարդ

«Սնուցեք և զարգացրեք ձեր ամուսնությունը: Վերահսկեք և աշխատեք պահել այն ամուր և գեղեցիկ»:

Ամեն ամուսնություն ենթակա է պատահական փոթորկի : Բայց համբերությամբ, փոխադարձ հարգանքով և հանդուրժողականության ոգով, մենք կարող ենք դիմանալ այդ փոթորիկներին: Որտեղ սխալներ են գործվել, կարող է լինել ներողություն, ապաշխարություն և ներում: Բայց դա պետք է լինի երկուստեք պատրաստակամություն: …

Ես պարզել եմ, որ ամուսնության մեջ երջանկության իսկական էությունը կայանում է … զուգընկերոջ հարմարավետության և բարօրության համար անհանգիստ մտահոգության մեջ: Միայն անհատական և անձնական ցանկությունները բավարարելու մասին մտածելը չի կառուցի ոչ վստահություն, ոչ սեր, ոչ երջանկություն: Միայն այն ժամանակ, երբ կա անշահախնդրություն, սերն իրեն ուղեկցող հատկանիշներով կբողբոջի և կծաղկի:25

Մեզանից շատերը պետք է դադարեն որոնել թերություններ և սկսեն փնտրել արժանիքներ: … Դժբախտաբար, որոշ կանայք ուզում են վերափոխել իրենց ամուսիններին ըստ իրենց սեփական մտադրության: Որոշ ամուսիններ համարում են իրենց բացառիկ իրավունքը ստիպել իրենց կանանց հարմարվել իրենց չափանիշներին, նրա վերաբերյալ, ինչ իրենք են համարում իդեալական: Դա երբեք չի աշխատում: Դա միայն տանում է դեպի հակառակություն, թյուրըմբռնում և վիշտ:

Պետք է լինի հարգանք միմյանց հետաքրքրությունների հանդեպ: Պետք է լինեն հնարավորություններ և խրախուսանք` զարգացման անձնական տաղանդի արտահայտման համար:26

Եղեք բացարձակապես ճշմարիտ և հավատարիմ ձեր ընտրած զուգընկերոջ հանդեպ: Ժամանակի և հավերժության տեսակետից, [ինչպես տղամարդը, այնպես էլ կինը] կլինեն մեծագույն արժեքը, որ դուք երբևէ կունենաք: [Ինչպես կինը, այնպես էլ տղամարդը] արժանի են լավագույնին, որ ձեր մեջ է:27

Առաջարկներ ուսումնասիրության և ուսուցման համար

Հարցեր

  • Նախագահ Հինքլին ուսուցանել է, որ Երկնային Հայրն է ծրագրել ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև «Իր զավակների երջանկության և անվտանգության համար» (բաժին 1): Ինչպե՞ս կարող է այս գիտելիքն ազդել տղամարդու և կնոջ միջև փոխհարաբերության վրա: Ինչպե՞ս կարող են ամուսինն ու կինը «մաքուր և անարատ աշխարհի չարիքից վեր» պահել իրենց ամուսնությունը:

  • Որո՞նք են հավերժական ամուսնության օրհնություններն այս կյանքում և հավերժության մեջ: (Տես բաժին 2:) Ո՞ր փորձառություններ են ձեզ տվել ավելի մեծ գնահատանք հավերժական փոխհարաբերությունների համար: Ինչպե՞ս կարող ենք ուսուցանել մեր երեխաներին հավերժական ամուսնության կարևորության մասին:

  • Ինչո՞ւ ամուսնությունը պետք է լինի «հավասարների ընկերակցություն»: (Տես բաժին 3.) Ի՞նչ եք դուք սովորում 3-րդ բաժնում գտնվող պատմությունից: Ինչպե՞ս կարող են ամուսինը և կինը զարգացնել այս տեսակի ուժ իրենց ամուսնության մեջ:

  • Ինչպե՞ս կարող է Նախագահ Հինքլիի խոստումներն ու խորհուրդը բաժին 4-ում օգնել մարդկանց, ովքեր ամուսնացած չեն: Ինչպե՞ս են այս բաժնի ուսմունքները վերաբերում բոլոր մարդկանց։ Ինչո՞ւ է կարևոր օգտագործել մեր տաղանդները և հմտությունները ուրիշներին ծառայելու համար:

  • Որո՞նք են այն ուղիները, որոնցով ամուսինն ու կինը կարող են «սնուցել և զարգացնել» իրենց ամուսնությունը: (Տես բաժին 5:) Ի՞նչ եք դուք սովորել այն մասին, թե ամուսինը և կինը ինչպես կարող են հաղթահարել մարտահրավերները և միասին գտնել ավելի մեծ երջանկություն: Ինչպիսի՞ օրինակներ եք դուք տեսել:

Առնչվող սուրբ գրություններ

1 Կորնթացիս 11.11, Մատթեոս 19.3–6, ՎևՈւ 42.22, 132.18–19, Մովսես 2.27–28, 3.18, 21–24

Օգնություն ուսուցչին

Երբ դուք ժամանակ եք նվիրաբերում ամեն օր, անձնապես և ձեր ընտանիքի հետ Աստծո խոսքի ուսումնասիրությանը, խաղաղությունը կգերիշխի ձեր կյանքում: Այդ խաղաղությունը չի գա դրսի աշխարհից: Այն կգա ձեր տան ներսից, ձեր ընտանիքի ներսից, ձեր իսկ սրտի ներսից:» (Ռիչարդ Գ. Սքոթ, «Դարձրեք հավատքի գործադրումը ձեր առաջնահերթությունը» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 93):

Հղումներ

  1. «Կանայք մեր կյանքում» Ensign կամ Լիահոնա,նոյ. 2004, 85:

  2. In “At Home with the Hinckleys,” Ensign, Oct. 2003, 22.

  3. In Jeffrey R. Holland, “President Gordon B. Hinckley: Stalwart and Brave He Stands,” Ensign, June 1995, 10–11.

  4. In Glimpses into the Life and Heart of Marjorie Pay Hinckley, ed. Virginia H. Pearce (1999), x.

  5. In Glimpses, 184.

  6. Gordon B. Hinckley journal, Apr. 29, 1977.

  7. In Gerry Avant, “A Tender Farewell to an Elect Lady,” Church News, Apr. 17, 2004, 4.

  8. “The Women in Our Lives,” 82.

  9. In Marjorie Pay Hinckley, Letters (2004), 264; see also R. Scott Lloyd, “Apostle’s Work Continues beyond Veil,” Church News, July 31, 2004, 3.

  10. “What God Hath Joined Together,” Ensign, May 1991, 71.

  11. “The Things of Which I Know,” Ensign or Liahona, May 2007, 85.

  12. «Ինչի՞ համար են այս տաճարները» Ensign, Oct. 2010, 24; see also Ensign, Aug. 1974, 39–40.

  13. “The Marriage That Endures,” Ensign, July 2003, 6–7; see also Ensign, May 1974, 24.

  14. “The Women in Our Lives,” 84.

  15. “Personal Worthiness to Exercise the Priesthood,” Ensign, May 2002, 54.

  16. “I Believe,” Ensign, Aug. 1992, 6.

  17. “What God Hath Joined Together,” 74.

  18. “And the Greatest of These Is Love” (Brigham Young University devotional, Feb. 14, 1978), 2–3, speeches.byu.edu.

  19. “To Single Adults,” Ensign, June 1989, 72.

  20. «Երիտասարդ ամուրիներին»,72–73:

  21. “Live Up to Your Inheritance,” Ensign, Nov. 1983, 82–83.

  22. “To Single Adults,” 74.

  23. “Walking in the Light of the Lord,” Ensign, Nov. 1998, 99.

  24. “The Women in Our Lives,” 84.

  25. “I Believe,” 5–6.

  26. Cornerstones of a Happy Home (pamphlet, 1984), 5–6.

  27. “Thou Shalt Not Covet,” Ensign, Mar. 1990, 6.