Նախագահների ուսմունքները
Գլուխ 16. Մորմոնի Գրքի զորությունը


Գլուխ 16

Մորմոնի Գրքի զորությունը

«Մորմոնի Գիրքը հզոր վկայություն է Տիրոջ աստվածայնության մասին այս աշխարհում, որը փոփոխական է իր հավատի մեջ»:

Գորդոն Բ. Հինքլիի կյանքից

Երբ Գորդոն Բ. Հինքլին երիտասարդ էր, նա ստեղծեց սուրբ գրությունների ուսումնասիրության մի եղանակ: «Երբ միսիոներ էի, ամեն երեկո անկողին մտնելուց առաջ ես մի քանի գլուխ էի կարդում Մորմոնի Գրքից,- ասել է նա,- և մի համոզմունք պատեց իմ սիրտը, որը երբեք չլքեց ինձ. որ սա Աստծո խոսքն է, որը երկրի վրա վերականգնվել է Ամենազորի զորությամբ, թարգմանվել է Աստծո զորության պարգևով, որպեսզի հավաստիացնի հրեաներին ու հեթանոսներին, որ Հիսուսը Քրիստոսն է»:1

Մորմոնի Գրքի մասին նրա գիտելիքներն ու վկայությունը ներգործել է շատ մարդկանց վրա նրա միսիայից հետո, երբ նա աշխատում էր Եկեղեցու ռադիոյի, հասարակայնության և միսիայի գրականության հանձնաժողովում: Նա հանձնարարություն ստացավ ռադիոյի համար գրել սցենարների մի շարք «Քրիստոսի նոր վկան» վերնագրով: Այս շարքը ռադիոլսողների շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրեց Մորմոնի Գրքի նկատմամբ: Այդ ժամանակ նա մեկնաբանել է իր պաշտոնակցին. «Ես միշտ մտածել եմ, որ մենք կկատարենք ամենալավ գործը, երբ մարդկանց մոտ հետաքրքրություն առաջացնենք Մորմոնի Գրքի հանդեպ մինչև այն կետը, որտեղ նրանք կկարդան այն: Հենց այդ ժամանակ է, որ Հոգին կարող է վկայություն բերել իր աստվածայնության մասին:2

Իր ողջ ծառայության ընթացքում Նախագահ Հինքլին շեշտել է Մորմոնի Գրքի կարևորությունը: 2005 թվականի օգոստոսին, որպես Եկեղեցու Նախագահ, նա Վերջին Օրերի Սրբերին կոչ արեց կարդալ ամբողջ գիրքը մինչև տարվա վերջը: Նա հետագայում հիշում է. «Ապշեցուցիչ է, թե քանի մարդ արձագանքեց այդ կոչին: Բոլոր նրանք, ովքեր կարդացին գիրքը, օրհնվեցին իրենց ջանքերի համար: Երբ նրանք խորասուզվեցին մեր Քավիչի մասին այս հավելյալ վկայության մեջ, նրանց սրտերի բաբախյունն արագացավ, իսկ հոգիները հուզվեցին»:3

Նկար
գիրք կարդացող մարդը

«Դրա [Մորմոնի Գրքի] ճշմարտացիության և վավերականության ապացույցն ընկած է գրքի կազմերի մեջ։ Դրա ճշմարտացիության ստուգումը հիմնված է այն կարդալու մեջ»։

Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները

1

Աստվածաշնչի հետ ձեռք ձեռքի տված Մորմոնի Գիրքը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին:

Ասվել է հին ժամանակներում, ասվել է Փրկիչի կողմից, որ երկու վկաների բերանով բոլոր բաները կհաստատվեն:4

Քանի որ Աստվածաշունչը հին աշխարհի վկայությունն է, Մորմոնի Գիրքը նորի վկայությունն է: Նրանք ձեռք ձեռքի քայլում են` հռչակելու Հիսուսին որպես Հոր Որդին:5

Մորմոնի Գիրքը … վկայում է Նրա մասին, ով ծնվել էր Հրեաստանի Բեթլեհեմում, և ով մահացավ Կումորա բլրի վրա: Մորմոնի Գիրքը հզոր վկայություն է Տիրոջ աստվածայնության մասին մի աշխարհում, որը փոփոխական է իր հավատի մեջ: Գրքի տիտղոսաթերթում, որը գրված է մարգարեի կողմից, ով մեկ ու կես հազարամյակ առաջ քայլեց Ամերիկաներում` վճռական հաստատելով, որ այն գրվել է` «համոզելու հրեային և հեթանոսին, որ Հիսուսը Քրիստոսն է՝ Հավերժական Աստվածը, որն իրեն հայտնում է բոլոր ազգերին»:6

Չկա ավելի կարևոր բան, որ մենք կարողանայինք անել, որպեսզի հարստացնենք մեր անձնական կյանքը անսասան համոզվածությամբ, որ Հիսուսը Քրիստոսն է: … Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, սա է նրա նշանավոր ու հրաշալի գրքի ստեղծման նպատակը:7

2

Սուրբ Հոգու զորությամբ մենք կարող եք վկայություն ստանալ Մորմոնի Գրքի աստվածային ծագման մասին:

Ես կարդացել եմ Մորմոնի Գիրքը, որը [Ջոզեֆ Սմիթը] թարգմանել է Աստծո պարգևով ու զորությամբ: Սուրբ Հոգու զորությամբ ես վկայություն եմ ստացել այս սուրբ գրքի աստվածային ծագման մասին:8

Դրա ծագումը հրաշք է. երբ դրա ծագման մասին առաջին անգամ պատմվում է մեկին, ով անծանոթ է դրա հետ, համարյա անհավանական է թվում: Բայց գիրքն այստեղ է, որպեսզի այն շոշափեն, դիպչեն և կարդան: Ոչ ոք չի կարող կասկածի ենթարկել դրա ներկայությունը: Գրքի ծագման վերաբերյալ բոլոր տեղեկությունները, որոնք տարբերվում են Ջոզեֆ Սմիթի կողմից տրված նկարագրությունից, զուրկ են հիմքից:9

Մի աշխարհում, որը սովոր է հիմնվել ապացույցների վրա, դրա ճշմարտացիության և վավերականության ապացույցը հիմնված չէ հնեաբանության կամ մարդաբանության վրա, թեև դա կարող է օգտակար լինել ոմանց համար։ Այն հիմնված չէ բառերի ուսումնասիրության կամ պատմական վերլուծության վրա, թեև դա կարող է հաստատող լինել։ Դրա ճշմարտացիության և վավերականության ապացույցն ընկած է գրքի կազմերի մեջ։ Դրա ճշմարտացիության ստուգումը հիմնված է այն կարդալու մեջ։ Դա Աստծո գիրքն է։ Խելամիտ մարդիկ կարող են անկեղծորեն հարցականի տակ դնել նրա ծագումը, բայց նրանք, ովքեր աղոթքով կարդացել են այն՝ իրենց բնական զգայարաններից վեր մի զորության միջոցով, իմացել են, որ այն ճշմարիտ է, որ այն պարունակում է Աստծո խոսքը, որ այն ընդգրկում է հավիտենական ավետարանի փրկող ճշմարտությունները, որ այն «ի հայտ է եկել Աստծո պարգևի զորությամբ … համոզելու համար հրեային և հեթանոսին, որ Հիսուսը Քրիստոսն է»:10

[Մորոնին] գրել է իր վերջին վկայությունը մի գրքում, որը կրում է նրա անունը և եզրափակում է Նեփիի հիշատակարանը: Նա գրել է որոշակի իմացությամբ, որ իր արձանագրությունը ի վերջո հայտնի կդառնա: …

Իր ստեղծագործության վերջին գլխում նա բերել է իր ժողովրդի պատմության մասին վկայությունը և վճռականորեն խոստացել է, որ նրանք, ովքեր կարդան այն, Սուրբ Հոգու միջոցով կարող են իմանալ դրա ճշմարտացիությունը [տես Մորոնի 10.3–5]:

Ոչ մի այլ գիրք չի ընդգրկում այսպիսի խոստում: Եթե Մորոնին ուրիշ ոչինչ չգրեր, իր եզրափակիչ վկայության այս խոստումը նրան ընդմիշտ կդարձներ հավերժական ճշմարտության պերճախոս վկան: Քանի որ նա ասել է. «Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ» (Մորոնի 10.5):11

3

Մորմոնի Գրքի վկայությունը հանգեցնում է այլ ճշմարտությունների համոզմունքին:

Ամեն անգամ, երբ մենք քաջալերում ենք ուրիշներին կարդալ Մորմոնի Գիրքը, մենք նրանց օգտի համար ենք դա անում: Եթե նրանք կարդան այն աղոթքով և անկեղծ սրտով` իմանալու ճշմարտությունը, նրանք Սուրբ Հոգու զորությամբ կիմանան, որ գիրքը ճշմարիտ է:

Այդ գիտելիքից կառաջանա համոզմունք շատ այլ բաների ճշմարտության վերաբերյալ: Քանի որ, եթե Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, ապա Աստված ապրում է: Վկայությունը վկայության ետևից գրված է նրա էջերում, որ մեր Հայրը Իրական է, որ նա անձնական է, որ նա սիրում է իր զավակներին և որոնում է նրանց երջանկությունը:

Եթե Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, ապա Հիսուսը Աստծո Որդին է, Հոր Միածինը մարմնում, Մարիամից ծնված, «մի կույս … մնացած բոլոր կույսերից գեղեցկագույն» (տես 1 Նեփի 11.13–21), քանի որ գիրքն այդպես է վկայում նկարագրության մեջ, որն անգերազանցելի է ողջ գրականության մեջ:

Եթե Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, ապա Հիսուսն իսկապես մեր Քավիչն է՝ Փրկիչն աշխարհի: …

Եթե Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, Ջոզեֆ Սմիթը Աստծո Մարգարեն է, քանի որ նա Աստծո ձեռքերում գործիք էր՝ բացահայտելու այս վկայությունը մեր Տիրոջ աստվածայնության մասին:

Եթե այս գիրքը ճշմարիտ է, [Եկեղեցու նախագահը մարգարե է], քանի որ նա կրում է բոլոր բանալիները, պարգևները և իշխանությունը, որը կրում էր Մարգարե Ջոզեֆը, ով ստեղծեց այս վերջին օրերի աշխատանքը:

Եթե Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, Եկեղեցին ճշմարիտ է, քանզի նույն իշխանությունը, որի ներքո այս սրբազան հիշատակարանը բացահայտվեց, ներկա է և դրսևորվում է մեր մեջ այսօր: Սա Պաղեստինում Փրկիչի կողմից հաստատված Եկեղեցու վերականգնումն է: Սա մի Եկեղեցու վերականգնումն է, որը հաստատվեց Փրկիչի կողմից, երբ Նա այցելեց այս մայրցամաք [Ամերիկյան], ինչպես նկարագրվում է այս սրբազան հիշատակարանում:

Քանի որ, եթե Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, ապա Աստվածաշունչը նույնպես ճշմարիտ է: Աստվածաշունչը հին աշխարհի մասին վկայությունն է, Մորմոնի Գիրքը նոր աշխարհի վկայությունն է: Մեկը Հուդայի հիշատակարանն է, մյուսը Հովսեփի հիշատակարանը, և դրանք միասին եկել են Տիրոջ ձեռքը ի կատարումն Եզեկիելի մարգարեության: (Տես Եզեկ. 37.19): Դրանք միասին հռչակեցին աշխարհի Փրկիչի Թագավորությունը և նրա թագավորության իսկությունը:12

4

Մորմոնի Գիրքն առաջարկում է ուսմունքներ, որոնք կարող են օգնել մեզ լուծումներ գտնել այսօրվա հասարակության խնդիրների համար:

[Մորմոնի Գրքի] պատմությունը վաղուց անհետացած ազգերի պատմությունն է: Բայց ներկայիս հասարակության խնդիրների նկարագրության գործում այն այնքան արդիական է, որքան առավոտյան լրագիրը և շատ ավելի ամբողջական, ոգեշնչված ու ոգեշնչող, երբ վերաբերում է այդ խնդիրների լուծմանը:13

Ես բացում եմ դրա էջերը և կարդում, դրա լեզուն թե գեղեցիկ է, թե վսեմ: Հնադարյան հիշատակարանը, որից այն թարգմանվել է, դուրս է եկել երկրագնդի ծոցից` որպես մի ձայն, որը խոսում է փոշու միջից: Այն եկել է որպես տղամարդկանց ու կանանց սերունդների վկայություն, ովքեր ապրել են երկրի վրա, ովքեր մաքառել են ձախորդության դեմ, ովքեր վիճել են ու կռվել, ովքեր տարբեր ժամանակներում ապրել են աստվածային օրենքով և բարգավաճել են, իսկ երբեմն լքել իրենց Աստծուն ու կործանվել:14

Ես չգիտեմ մեկ այլ գրվածք, որն այսպիսի հստակությամբ հասարակությանն է լուսաբանում այն ողբերգական հետևանքները, որոնք հետևում են Աստծո պատվիրաններին հակառակվելիս: Դրա էջերում ներկայացվում են երկու տարբեր քաղաքակրթությունների պատմություններ, որոնք բարգավաճում էին արևմտյան կիսագնդում: Յուրաքանչյուրը սկիզբ է առել, որպես փոքր ազգ, որի ժողովուրդն ապրում էր աստվածավախ կյանքով: Յուրաքանչյուը ծաղկում էր, բայց դրա հետ միասին աճում էր նաև չարը: Ժողովուրդը չէր դիմանում փառասեր ու նենգ ղեկավարների խաբեություններին, ովքեր կեղեքում էին նրանց ծանր հարկերով, ովքեր հանգստացնում էին նրանց դատարկ խոստումներով, ովքեր սատարում և նույնիսկ խրախուսում էին անբարոյական ու վավաշոտ ապրելակերպը, ովքեր տանում էին նրանց սարսափելի պատերազմների, որն էլ հանգեցրեց երկու տարբեր տարածքներում միլիոնավոր զոհերի և երկու մեծ քաղաքակրթությունների ոչնչացման:

Ոչ մի ուրիշ գրավոր վկայություն այնքան պարզորոշ չի լուսաբանում այն փաստը, որ երբ մարդիկ ու ազգերը ապրում են` հետևելով Տիրոջ երկյուղին ու նրա պատվիրաններին հնազանդ, նրանք ծաղկում և աճում են, բայց երբ նրանք անտեսում են նրա խոսքը և մոռանում արդարակյաց ապրելակերպը, անկում են ապրում, որը հանգեցնում է անզորության ու մահվան: Մորմոնի գիրքը Հին Կտակարանի հետևյալ առածի հաստատումն է. «Արդարությունը կբարձրացնէ մի ազգ, բայց մեղքը անարգանք է ժողովուրդներին»: (Առակ. 14.34:)15

5

Մորմոնի Գիրքը զորություն ունի փոխելու մեր կյանքը և մեր հեռանկարը:

1830 թվականի օգոստոսին Փարլի Պարքեր Պրատը, որպես աշխարհիկ քարոզիչ, ուղևորվում էր Օհայոյից արևելյան Նյու Յորք: Նյուարքի Էրի ջրանցքի մոտ նա թողեց իր նավակը և ջրանցքի երկայնքով քայլեց տասը մղոն [16 կիլոմետր] դեպի գյուղական վայրը, որտեղ նա հանդիպեց Մկրտական սարկավագ Համիլին, ով հայտնեց նրան մի գրքի, մի ՏԱՐՕՐԻՆԱԿ ԳՐՔԻ ՄԱՍԻՆ, մի ՇԱՏ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԳՐՔԻ մասին: … «Այս գիրքը,- նա ասաց,- ենթադրվում է, որ սկզբում գրված է եղել կամ ոսկե, կամ պղնձե թիթեղների վրա Իսրայելի ցեղերի մի ճյուղի կողմից և հայտնաբերվել է Նյու Յորք նահանգի Պալմիրայի մոտ ու թարգմանվել մի երիտասարդի կողմից տեսիլքների օգնությամբ ու հրեշտակների ծառայությամբ: Ես նրանից տեղեկացա, թե գիրքը որտեղից պիտի ձեռք բերվի: Նա ինձ խոստացավ դրա ընթերցումը իր տան մոտ հաջորդ օրը: … Հաջորդ օրը ես գնացի նրա տուն, որտեղ առաջին անգամ իմ աչքերը նայեցին «ՄՈՐՄՈՆԻ ԳՐՔԻՆ»` այդ գրքերի գրքին, … որը հիմնական միջոցն էր Աստծո ձեռքերում` ուղղորդելու իմ ողջ կյանքը:

Նկար
Parley P. Pratt reading

Մորմոնի Գիրքը խորը ազդեցություն թողեց Փարլի Պ. Պրատի վրա, ով ավելի ուշ դարձավ Առաքյալ:

«Ես անհամբերությամբ բացեցի այն և կարդացի տիտղոսաթերթը: Ապա կարդացի մի քանի վկաների վկայությունն այն մասին, թե ինչպես էր այն գտնվել և թարգմանվել: Դրանից հետո ես սկսեցի կարդալ բովանդակությունը ըստ հաջորդականության: Ես կարդացի ամբողջ օրը, ուտելը բեռ էր, ես ցանկություն չունեի ուտելու, քնելը բեռ էր, երբ եկավ գիշերը, քանի որ ես նախընտրեցի կարդալը քնելուց:

Երբ ես կարդում էի, Տիրոջ հոգին ինձ վրա էր, ես գիտեի և հասկանում էի, որ գիրքը ճշմարիտ էր, այնպես հստակ և այնպես ակնհայտ, ինչպես մարդն է հասկանում և գիտի, որ ինքը գոյություն ունի»: (Autobiography of Parley P. Pratt, 3rd ed., Salt Lake City: Deseret Book Co., 1938, pp. 36–37.)

Փարլի Պրատը այն ժամանակ քսաներեք տարեկան էր: Մորմոնի Գրքի ընթերցանությունը այնքան խորը ազդեց նրա վրա, որ շուտով մկրտվեց Եկեղեցում ու դարձավ նրա ամենաարդյունավետ ու հզոր պաշտպաններից մեկը: …

Մորմոնի Գրքի հետ կապված Փարլի Պրատի փորձառությունը եզակի չէր: Երբ առաջին հրատարակության գրքերը կարդացին ու շրջանառվեցին, հարյուրավոր տղամարդիկ ու կանայք այնքան խորը հուզվեցին, որ հրաժարվեցին այն ամենից, ինչ ունեին, և հաջորդ տարիների ընթացքում շատերը իրենց կյանքը տվեցին այս գրքում բերված այն ճշմարտության վկայության համար, որը նրանք կրում էին իրենց սրտերում:

Այսօր … այն ավելի շատ է կարդացվում, քան երբևէ պատմության մեջ: … Նրա կոչը նույնքան հավերժ է, որքան ճշմարտությունը, նույնքան տիեզերական, որքան մարդկությունը:16

[Մորմոնի Գիրքը] ընդմիշտ կապվել է միլիոնավոր մարդկանց կյանքին, ովքեր աղոթքով կարդացել են այն և խորհել են դրա լեզվի շուրջ: Կարո՞ղ եմ ասել ձեզ այսպիսի մի բան: …

Նա գործարար էր ու հաջողակ իր ձեռնարկումներում: Իր ճամփորդություններից մեկի ընթացքում նա հանդիպեց մեր երկու միսիոներներին: Նրանք փորձեցին հանդիպում նշանակել նրան ուսուցանելու համար։ Նա հետաձգում էր հանդիպումները, բայց ի վերջո համաձայնվեց լսել նրանց: Նա մասամբ մակերեսայնորեն էր ընդունում այն, ինչ նրանք պիտի ասեին: Նա իր մտքում սկսեց համոզվել, որ նրանք ճշմարտությունն էին խոսում, բայց սրտում փոփոխություն չէր զգում:

Նա վճռեց, որ պիտի կարդա Մորմոնի Գիրքը: Նա ասաց, որ երբեք նախկինում չէր արտասվել։ Բայց երբ նա կարդում էր գիրքը, արցունքները հոսում էին նրա այտերի վրայով: Գիրքն ինչ-որ բան էր արել նրա հետ: Նա կրկին կարդաց այն և ունեցավ նույն զգացումները: Նրա մտքի դարձը դարձավ նրա սրտի դարձը:

Նրա կենսակերպը փոխեց ուղղությունը, նրա հեռանկարը ևս փոխվեց: Նա գլխովին նետվեց Տիրոջ աշխատանքի մեջ: Այսօր նա ունի բարձր ու սուրբ կոչում այն գործում, որն ինքը սիրեց:17

Թույլ տվեք պատմել [մեկ այլ] պատմություն Մորմոնի Գրքի մասին: Մի բանկիր Կալիֆորնիայում պատմել է ինձ հետևյալ պատմությունը: Նա ասաց, որ իր քարտուղարը հաճախակի ծխում էր: Նա կախվածություն ուներ ծխելուց: Նա չէր կարողանում այն դնել մի կողմ: Մի օր քարտուղարը հարցրեց բանկիրին. «Ինչպե՞ս կարող եմ ծխելը թողնել»:

Վերջինս իր սեղանի դարակից հանեց Մորմոնի Գիրքը և մեկնեց նրան: Նա ասաց. «Կարդա այս գիրքը»:

Նա ասաց. «Եղավ, կկարդամ»:

Նա վերադարձավ մի քանի օր անց և ասաց. «Ես կարդացի 200 տող և ոչ մի տեղ չտեսա ծխել բառը: Ես չտեսա ծխախոտ բառը որևէ տեղ: Դրան վերաբերող ոչինչ չտեսա»:

Նա ասաց. «Շարունակեք կարդալ»։

Նա վերադարձավ մի քանի օր անց և ասաց, «Ես կարդացի ևս 200 էջ, ոչ մի նշում ծխելու մասին, ոչինչ նիկոտինի մասին, ծխախոտի հետ կապված ոչ մի նշում»:

Նա ասաց. «Շարունակեք կարդալ»։

Քարտուղարուհին վերադարձավ երեք կամ չորս օր անց: Նա ասաց. «Ես կարդացել եմ ամբողջ գիրքը: Ես ոչ մի տեղ չհանդիպեցի ծխախոտ բառը, ես չտեսա ծխել բառը ոչ մի տեղ»: Բայց,- նա ասաց,-այս գրքի ընթերցանությունը իմ սրտին ինչ-որ ազդեցություն և ուժ է բերել, որն ինձնից խլել է ծխելու ցանկությունը և դա հրաշալի է»:18

Թույլ տվեք պատմել ձեզ մի նամակի մասին, որը մենք ստացել ենք : … Մի մարդ գրել էր. «Ես ֆեդերալ բանտում եմ: Վերջերս բանտի գրադարանում ես հանդիպեցի Մորմոնի Գրքի մի օրինակի: Ես սկսեցի կարդալ այն և երբ կարդացի Մորմոնի ողբը իր ընկած ժողովրդի վրա. «Ա՜խ, դո՛ւք, սիրուննե՛ր, ինչպես կարողացաք հեռանալ Տիրոջ ուղիներից։ Ա՜խ, դո՛ւք, սիրուննե՛ր, ինչպես կարողացաք ուրանալ այն Հիսուսին, որը կանգնած էր՝ գրկաբաց ընդունելու ձեզ: Ահա, եթե դուք արած չլինեիք այս, չէիք ընկնի» (Մորմ. 6.17–18), ես զգացի, որ Մորմոնը խոսում էր ինձ հետ: Կարո՞ղ եմ ձեռք բերել այդ գրքի մի օրինակ»:

Ես նրան ուղարկեցի մի օրինակ: Որոշ ժամանակ անց նա իմ գրասենյակ մտավ որպես մի փոխված մարդ: Նրան դիպել էր Մորմոնի Գրքի ոգին և այսօր նա մի հաջողակ մարդ է, լիովին վերականգնված և ազնվորեն վաստակում է իր ընտանիքի ապրուստը:

Այսպիսին է այս մեծ գրքի ազդեցությունը նրանց կյանքում, ովքեր կարդում են այն աղոթքով:

Եղբայրներ և քույրեր, առանց վերապահության ես խոստանում եմ ձեզ, որ եթե դուք աղոթքով կարդաք Մորմոնի Գիրքը, անկախ այն բանից, թե քանի անգամ եք կարդացել այն նախկինում, Տիրոջ Հոգին հավելյալ չափով կլցվի ձեր հոգիները: Դուք կվճռեք ապրել նրա պատվիրաններին հնազանդ և կունենաք ավելի մեծ վկայություն Աստծո Որդու կենդանի իրականության վերաբերյալ:19

Առաջարկներ ուսումնասիրության և ուսուցման համար

Հարցեր

  • Ինչո՞ւ մենք ունենք Մորմոնի Գրքի կարիքը: Որո՞նք են Մորմոնի Գրքի այն մի քանի հատվածները, որոնք ուժեղացրել են ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին: Ի՞նչ օրինակներ եք տեսել, երբ Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը «ձեռք ձեռքի տված» գնում են` վկայելով Փրկիչի մասին։ (Տես բաժին 1:)

  • Ձեր կարծիքով, Մորոնի 10.3–5 հատվածներում տրված խոստումն ինչո՞ւ է ավելի կարևոր, քան Մորմոնի Գրքի ֆիզիկական վկայությունը: (Sես բաժին 2:) Ինչպիսի՞ փորձառություններ եք ունեցել այս խոստումով։

  • Երբ վերանայեք գլուխ 3-ը, նշեք այն ճշմարտությունները, որոնք մենք կարող ենք իմանալ, երբ վկայություն ունենանք Մորմոնի Գրքի վերաբերյալ: Մորմոնի Գիրքն ինչպե՞ս է վկայում այս ճշմարտությունների մասին:

  • Մտածեք «ժամանակակից հասարակության խնդիրներից» մի քանիսի մասին (բաժին 4)։ Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքն օգնում մեզ լուծումներ գտնել այդ խնդիրներին: Որո՞նք են Մորմոնի Գրքի այն մի քանի հատվածները, որոնք օգնել են ձեզ անձնական դժվարությունների ժամանակ:

  • Խորհեք գլուխ 5-ում նկարագրված պատմությունների մասին: Եթե ինչ-որ մեկը հարցներ ձեզ Մորմոնի Գրքի մասին, ի՞նչ կարող էիք ասել ձեր կյանքի վրա թողած նրա ազդեցության վերաբերյալ:

Առնչվող սուրբ գրություններ

Եսայիա 29.9–18, 1 Նեփի 13.35–41, 2 Նեփի 29.6–9, Մորոնի 10.27–29, ՎևՈւ 20.8–12, 42.12–13

Օգնություն ուսումնասիրողին

«Ես երախտապարտ եմ, որ հատուկ նշանակություն է տրվում սուրբ գրությունների ընթերցանությանը: Ես հուսով եմ, որ ձեզ համար սա կդառնա ավելի շուտ հաճույք, քան պարտականություն, որ այն ավելի շուտ կդառնա սիրային կապ Աստծո խոսքի հետ: Ես խոստանում եմ ձեզ, որ երբ դուք կարդում եք, ձեր միտքը լուսավորվում է և ձեր հոգին բարձրանում է: Սկզբում այն կարող է ձանձրալի թվալ, բայց հետո կփոխակերպվի հրաշալի փորձառության` աստվածային բաների խոհերով ու խոսքերով» (Gordon B. Hinckley, “The Light within You,” Ensign, May 1995, 99):

Հղումներ

  1. “Gifts to Bring Home from the Mission Field,” New Era, Mar. 2007, 2.

  2. In Sheri L. Dew, Go Forward with Faith: The Biography of Gordon B. Hinckley (1996), 100.

  3. “Let Virtue Garnish Thy Thoughts Unceasingly,” Ensign or Liahona, May 2007, 116.

  4. “Inspirational Thoughts,” Ensign, July 1998, 2.

  5. «Մեծ բաներ, որոնք Աստված հայտնությամբ է տվել», Ensign կամ Լիահոնա, May 2005, 82.

  6. “The Symbol of Our Faith,” Ensign, Apr. 2005, 4; quoting the title page of the Book of Mormon.

  7. “Excerpts from Recent Addresses by President Gordon B. Hinckley,” Ensign, July 1997, 72.

  8. “Believe His Prophets,” Ensign, May 1992, 51.

  9. “An Angel from on High, the Long, Long Silence Broke,” Ensign, Nov. 1979, 7.

  10. “Four Cornerstones of Faith,” Ensign, Feb. 2004, 6; quoting the title page of the Book of Mormon.

  11. In Heroes from the Book of Mormon (1995), 198.

  12. “The Power of the Book of Mormon,” Ensign, June 1988, 6.

  13. “The Power of the Book of Mormon,” 4.

  14. “Four Cornerstones of Faith,” 5.

  15. “The Power of the Book of Mormon,” 5.

  16. “The Power of the Book of Mormon,” 2, 4.

  17. Mormon Should Mean ‘More Good,’” Ensign, Nov. 1990, 52.

  18. Discourses of President Gordon B. Hinckley, Volume 2: 2000–2004 (2005), 402–3.

  19. “The Power of the Book of Mormon,” 6.