Նախագահների ուսմունքները
Գլուխ 9. Վկայության անգին պարգևը


Գլուխ 9

Վկայության անգին պարգևը

«Մենք խոսում ենք տարբեր լեզուներով: Մենք ապրում ենք տարբեր պայմաններում: Բայց մեզանից յուրաքանչյուրի սրտում բաբախում է մի ընդհանուր վկայություն»:

Գորդոն Բ. Հինքլիի կյանքից

«Ամենավաղ դեպքը, որից ես հոգևոր զգացմունքների հիշողություն ունեմ,- ասել է Նախագահ Գորդոն Բ. Հինքլին,- պատահեց, երբ ես հինգ տարեկան փոքրիկ տղա էի: Ես լաց էի լինում ականջիս ցավից: … Մայրիկս կերակրի աղի մի տոպրակ պատրաստեց և դրեց գազօջախին տաքանալու: Հայրիկս ձեռքերը քնքշորեն դրեց իմ գլխին` քահանայության իշխանությամբ և զորությամբ հանդիմանելով ցավն ու հիվանդությունը Հիսուս Քրիստոսի անունով: Ապա նա հոգատարությամբ առավ ինձ իր բազուկների մեջ և տաք աղի տոպրակը դրեց ականջիս: Ցավը թուլացավ ու անցավ: Ես ապահով քնեցի հորս գրկում: Երբ քուն էի մտնում, նրա բառերը լողում էին իմ մտքում: Դա ամենավաղ հիշողությունն է, որ ես ունեմ քահանայության իշխանության գործադրման վերաբերյալ` Հիսուս Քրիստոսի անունով:

«Ավելի ուշ, իմ պատանեկության տարիներին, ես ու եղբայրս ձմռանը քնում էինք չջեռուցվող ննջասենյակում: … Նախքան տաք անկողին մտնելը մենք ծնկաչոք աղոթում էինք: Մենք մեր երախտագիտությունն էինք արտահայտում պարզ խոսքերով: … Հիշում եմ, թե ինչպես էի ցատկում անկողնու մեջ «ամեն» ասելուց հետո, վերմակը քաշում մինչև վիզս և մտածում հենց նոր իմ կատարածի մասին` խոսելով իմ Երկնային Հոր հետ` Նրա Որդու անունով: Ավետարանի մասին ես շատ գիտելիքներ չունեի: Բայց մի տեսակ երկարատև խաղաղություն և ապահովություն կար Հիսուս Քրիստոսի միջոցով երկինքների հետ հաղորդակցվելու մեջ: …

Այդ վկայությունն աճեց իմ սրտում, երբ որպես միսիոներ ես կարդում էի Նոր Կտակարանը և Մորմոնի Գիրքը, որը ևս մի վկայություն տվեց Նրա մասին: Այդ գիտելիքը հետագայում դարձավ իմ կյանքի հիմքը` կանգնելով իմ մանկության պատասխանված աղոթքների հենարանի վրա: Այս ժամանակից ի վեր իմ հավատն ավելի շատ է աճել: Ես դարձել եմ Նրա Առաքյալը, ով նշանակված է կատարելու Նրա կամքը և ուսուցանելու Նրա խոսքը: Ես դարձել եմ նրա վկան աշխարհի համար»:1

Նկար
Տեր Հիսուս Քրիստոս

Որպես Վերջին Օրերի Սրբեր, մենք միաբան ենք Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայության մեջ:

Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները

1

Վկայությունը Եկեղեցու մեծ ուժն է և հավատի ու գործունեության անսպառ աղբյուրը:

Մենք դարձել ենք մի մեծ ընտանիք, որը սփռված է այս հսկայական աշխարհում: Մենք խոսում ենք տարբեր լեզուներով: Մենք ապրում ենք տարբեր պայմաններում: Բայց մեզանից յուրաքանչյուրի սրտում բաբախում է մի ընդհանուր վկայություն. Ես և դուք գիտենք, որ Աստված ապրում է և Նա Իր սուրբ գործի ղեկի մոտ է: Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է և այս Եկեղեցու գլուխը, որը կրում է Նրա անունը: Մենք գիտենք, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե էր և մարգարե, ով այս տնտեսության գլուխն է ժամանակների լրության մեջ: Մենք գիտենք, որ քահանայությունը վերականգնվեց նրա միջոցով և ներկայումս անխախտ գծով մեզ է հասել: Մենք գիտենք, որ Մորմոնի Գիրքը Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարտության և աստվածության ճշմարիտ վկայությունն է:2

Այն, ինչը մենք կոչում ենք վկայություն, Եկեղեցու մեծ ուժն է: Այն հավատի ու գործունեության անսպառ աղբյուրն է: … Այն այնքան իրական ու հզոր է, որքան ցանկացած ուժ` երկրագնդի վրա: Տերը նկարագրեց այն, երբ Նա խոսեց Նիկոդեմոսի հետ. «Քամին որտեղ ուզում է` փչում է, և նորա ձայնը լսում ես. բայց չգիտես թե որտեղի՞ց է գալիս և որտե՞ղ է գնում. այսպես է ամեն Հոգուցը ծնուածը» (Հովհաննեսի 3.8): Այն, ինչը մենք վկայություն ենք կոչում, դժվար է սահմանել, բայց դրա պտուղները պարզորեն ակնհայտ են: Այդ Սուրբ Հոգին է վկայում մեր միջոցով:3

2

Վկայությունը մեղմ, քաջալերող ձայն է, որն աջակցում է մեզ, երբ մենք քայլում ենք հավատով և մղում է մեզ գործողության:

Անձնական վկայությունն այն գործոնն է, որը փոխում է մեզ շրջապատող մարդկանց կյանքը, երբ նրանք գալիս են այս Եկեղեցին: Սա այն տարրն է, որը մղում է անդամներին թողնել ամեն բան Տիրոջը ծառայելու համար: Սա այն մեղմ, քաջալերող ձայնն է, որն աջակցում է նրանց, ովքեր հավատով քայլում են դեպի իրենց կյանքի վերջին օրերը:

Այն մի առեղծվածային ու հրաշալի բան է, որն Աստծուց է տրված մարդուն: Այն վեր է կանգնում աղքատությունից կամ հարստությունից, երբ մարդը ծառայության է կանչվում: Այս վկայությունը, որը մեր մարդիկ կրում են իրենց սրտերում, մղում է նրանց կատարելու իրենց պարտականությունները: Այդպիսի վկայություն ունեն և՜ երիտասարդները, և՜ մեծահասակները: Սեմինարիայի ուսանողը, միսիոները, եպիսկոպոսն ու ցցի նախագահը, Սփոփող Միության քույրը և ցանկացած Բարձրագույն Իշխանավոր ունի այսպիսի վկայություն: Այն կարելի է լսել նաև անդամներից: Սա այս աշխատանքի բուն էությունն է: Այն առաջ է շարժում Տիրոջ աշխատանքը ողջ աշխարհում: Այն մղում է գործողության: Այն պահանջում է, որ մենք անենք այն, ինչ մեզանից խնդրվում է: Այն հավաստիացում է տալիս, որ կյանքը նպատակ ունի, որ որոշ բաներ շատ ավելի կարևոր են, քան մյուսները, որ մենք հավերժի ճամփորդներ ենք և հաշվետու Աստծո առաջ: …

Սա այն տարրն է, որը սկզբում թեև թույլ ու մասամբ տկար է, սակայն դեպի դարձն է տանում ամեն լսողի: Այն հավատով առաջ է մղում բոլոր նորադարձներին դեպի ապահովություն: …

Որտեղ էլ որ կազմավորվի Եկեղեցին, դրա ուժը զգացվում է: Մենք ամուր կանգնում ենք մեր ոտքերի վրա և ասում, որ մենք գիտենք: … Պարզ փաստն այն է, որ մենք իրոք գիտենք, որ Աստված ապրում է, որ Հիսուսը Քրիստոսն է, որ սա նրանց աշխատանքն է ու նրանց թագավորությունը: Բառերը պարզ են, քանի որ խոսքերը գալիս են սրտից: Այն աշխատանքի մեջ է, որտեղ էլ որ Եկեղեցին կազմակերպվի, որտեղ էլ որ միսիոներներն ուսուցանեն ավետարանը, որտեղ էլ որ անդամները կիսվեն իրենց հավատով:

Դա մի բան է, որը չի կարող հերքվել: Ընդդիմախոսները կարող են մեջբերել սուրբ գրությունները և անվերջ վիճարկել վարդապետությունը: Նրանք կարող են լինել խելացի ու համոզիչ։ Բայց եթե ասեք. «Ես գիտեմ», այլևս չի կարող լինել որևէ լրացուցիչ փաստարկ: Հնարավոր է, որ հավանություն չլինի, բայց ով կարող է հերքել կամ մերժել հոգու ներքին մեղմ ձայնը, որը խոսում է անձնական համոզվածությամբ:4

«Լույսը մեր կյանքում»

[Դեյվիդ Կաստանեդան], նրա կինը` Թոմասան ու նրանց երեխաներն ապրում էին մի փոքր կիսաքանդ ագարակում Մեքսիկայի Տորրեոն քաղաքի մոտ: Նրանք ունեին 30 հավ, 2 խոզ և մի նիհար ձի: Հավերը մի քանի ձու էին ածում ու դրանով նրանք երբեմն կարողանում էին հազիվ մի պեսո վաստակել: Նրանք ապրում էին աղքատության մեջ: Հետո միսիոներներն այցելեցին նրանց: Քույր Կաստանեդան պատմում էր. «Երեցները վերցրին աչքակապերը մեր աչքերից ու լույս բերեցին մեր կյանք: Մենք ոչինչ չգիտեինք Հիսուս Քրիստոսի մասին: Մինչև նրանց գալը ոչինչ չգիտեինք Աստծո մասին»:

Նա երկու տարի դպրոց էր գնացել, իսկ ամուսինն ընդհանրապես կրթություն չուներ: Երեցներն ուսուցանեցին նրանց, և նրանք ի վերջո մկրտվեցին: … Նրանք աստիճանաբար ստեղծեցին մի ծաղկող բիզնես, որում հայրն ու նրա հինգ որդիներն աշխատում էին: Իրենց պարզ հավատով նրանք տասանորդ էին վճարում: Նրանք ապավինում էին Տիրոջը: Նրանք ապրում էին ավետարանով: Նրանք ծառայում էին, ուր էլ որ կանչվեին: Նրանց որդիներից չորսը և դուստրերից երեքը ծառայեցին միսիայում: … Քննադատները ծաղրում էին նրանց: Իսկ նրանց պատասխանը իրենց կյանքում Տիրոջ զորության մասին վկայությունն է:

Նրանց ազդեցության շնորհիվ մոտ 200 մարդ նրանց ընտանիքներից ու ընկերներից միացան Եկեղեցուն: Ընտանիքի անդամների ու ընկերների ավելի քան 30 որդիներ ու դուստրեր ծառայեցին միսիաներում: Նրանք նվիրաբերեցին հողը, որի վրա այժմ կանգնած է ժողովատունը:

Երեխաները հիմա արդեն հասուն մարդիկ են, իսկ ծնողները ամեն ամիս հերթով գնում են Մեխիկո Սիթի՝ աշխատելու տաճարում: Նրանք կանգնած են որպես կենդանի վկայություն Տիրոջ այս աշխատանքի մեծ զորության, որպեսզի բարձրացնեն ու փոխեն մարդկանց: Նրանք տիպիկ օրինակ են ողջ աշխարհում սփռված այն հարյուր հազարավորների, ովքեր ճաշակում են Մորմոնիզմի հրաշքը` որպես իրենց կյանք մուտք գործած աշխատանքի աստվածության վկայություն:5

«Չէ՞ որ դա ակնհայտ է: Ճիշտ է, այդպես չէ՞: Այդ դեպքում ուրիշ ի՞նչն է ավելի կարևոր»:

Ես հանդիպել եմ ռազմածովային նավատորմի մի սպայի, մի փայլուն երիտասարդի, ով Միացյալ Նահանգներ էր եկել որակավորման բարձրացման դասընթաց անցնելու: Միացյալ Նահանգների Ռազմածովային Նավատորմի նրա գործընկերներից մի քանիսը, ում վարքը գրավել էր նրան, նրա խնդրանքով կիսվել էին իրենց կրոնական համոզմունքներով: Նա քրիստոնյա չէր, բայց դա հետաքրքրել էր նրան: Գործընկերները պատմել էին նրան աշխարհի Փրկիչի` Հիսուս Քրիստոսի մասին, ով ծնվել էր Բեթլեհեմում ու Իր կյանքը տվել էր ողջ մարդկության փրկության համար: Նրանք պատմել էին նաև, թե ինչպես Աստված` Երկնային Հայրն ու հարություն առած Տերը հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին: Նրանք խոսեցին ժամանակակից մարգարեների մասին: Նրանք ուսուցանեցին նրան Տիրոջ ավետարանը: Հոգին դիպավ նրա սրտին և նա մկրտվեց:

Այդ սպային ներկայացրին ինձ իր հայրենիք գնալուց անմիջապես առաջ: Մենք զրուցեցինք այդ ամենի մասին, իսկ հետո ես ասացի․ «Քո ժողովուրդը քրիստոնյա չէ: Ի՞նչ կպատահի, երբ դու տուն վերադառնաս որպես քրիստոնյա և հատկապես` մորմոն քրիստոնյա»:

Նրա դեմքը մթնեց, ու նա պատասխանեց. «Իմ ընտանիքը կհիասթափվի: Նրանք ինձ դուրս կնետեն և մեռած կհամարեն: Ինչ վերաբերում է իմ ապագային ու իմ կարիերային, կասեմ, որ բոլոր հնարավորությունները կփակվեն իմ առաջ»:

Ես հարցրի. «Դու պատրա՞ստ ես այդքան մեծ գին վճարելու ավետարանի համար»:

Արցունքով լցված նրա սև աչքերը փայլում էին նրա գեղեցիկ թուխ դեմքին, երբ նա պատասխանեց. «Չէ՞ որ դա ակնհայտ է։ Ճիշտ է, այդպես չէ՞:»:

Ամաչելով իմ հարցից, ես պատասխանեցի. «Այո, ակնհայտ է, որ ճիշտ է»:

Իսկ նա պատասխանեց. «Այդ դեպքում ուրիշ ի՞նչն է ավելի կարևոր»:

Սրանք այն հարցերն են, որ ես կկամենայի ուղղել ձեզ: «Չէ՞ որ դա ակնհայտ է: Ճիշտ է, այդպես չէ՞: Այդ դեպքում ուրիշ ի՞նչն է ավելի կարևոր»:6

Նոր հայացք կյանքին

Մի անգամ ես լսեցի մի ինժեների փորձառության մասին, ով վերջերս էր միացել Եկեղեցուն: Միսիոներներն այցելել էին նրա տուն, և նրա կինը նրանց տուն էր հրավիրել: Կինն անմիջապես արձագանքել էր նրանց ուղերձին, մինչդեռ նա իր կամքին հակառակ էր ներգրավվել դրա մեջ: Մի երեկո կինը վկայեց, որ ցանկանում էր մկրտվել: Ամուսինը խիստ բարկացավ: Մի՞թե կինը չգիտեր, թե դա ինչ էր նշանակում: Դա նշանակում էր, որ դրան հարկավոր էր ժամանակ հատկացնել: Դա նշանակում էր, որ հարկավոր է տասանորդ վճարել: Նշանակում էր հրաժարվել ընկերներից: Նշանակում էր, որ այլևս ծխել չի կարելի: Նա հագավ վերարկուն ու դուրս եկավ գիշերվա խավարի մեջ` դուռն իր ետևից շրխկացնելով: Նա քայլում էր փողոցներով` անիծելով իր կնոջը, միսիոներներին, իրեն` այն բանի համար, որ նրանց ներս էր թողել իրենց ուսուցանելու: Երբ հոգնեց, զայրույթն անցավ և աղոթքի հոգին կարծես դիպավ նրա սրտին: Նա աղոթեց քայլելիս: Աղոթքով խնդրեց Աստծուն պատասխանել իր հարցերին: Իսկ հետո մի հստակ ու պարզորոշ պատասխան եկավ, ասես մի ձայն խոսեց նրա հետ. «Ակնհայտ է»:

«Ակնհայտ է», ասում էր նա ինքն իրեն կրկին ու կրկին: «Ակնհայտ է»: Խաղաղություն իջավ նրա սրտին: Երբ նա տուն էր քայլում, սահմանափակումները, պարտականությունները, պահանջները, որոնց պատճառով նա այնքան զայրացած էր, սկսեցին թվալ որպես հնարավորություններ: Երբ նա բացեց դուռը, տեսավ իր կնոջը` ծնկի իջած աղոթելիս։

… Հավաքվածներին այս ամենը պատմելուց հետո նա խոսեց այն ուրախության մասին, որ եկել էր իրենց կյանք: Տասանորդի վճարումն այլևս խնդիր չէր: Աստծո հետ, ով նրանց տվել էր ամեն բան, իրենց ունեցածով կիսվելը բավական փոքր բան էր թվում: Ծառայությանը ժամանակ հատկացնելն այլևս խնդիր չէր: Այն ընդամենը պահանջում էր շաբաթվա ժամանակի մի փոքր խնամքով ծրագրավորում: Պատասխանատվությունը խնդիր չէր: Դրանից էր բխում զարգացումը և հայացքը նոր կյանքին: Իսկ հետո այս խելացի և ուսում առած ինժեները սովորեց առնչվել նյութական աշխարհի փաստերի հետ, որում մենք ապրում ենք, թաց աչքերով հանդիսավոր վկայություն բերեց այն հրաշքի մասին, որը եկել էր իր կյանք:7

Նկար
պատանին աղոթելիս

«Ո՞վ կարող է հերքել կամ մերժել ներքին հոգու մեղմ ձայնը, որը խոսում է անձնական համոզվածությամբ»:

«Ամենակարևոր բանն իմ կյանքում»

Մի քանի տարի առաջ մի փայլուն ու կրթված երիտասարդ կին Գերմանիայի Բերքսգադեն քաղաքում ելույթ ունեցավ զինվորական աշխատակազմի համաժողովի ժամանակ, որի մասնակիցները եկեղեցու անդամներ էին: Ես այնտեղ էի ու լսեցի նրան: Նա բանակի մայոր էր, բժիշկ և իր ոլորտում մեծ հարգանք վայելող մասնագետ: Նա ասաց.

«Ամեն ինչից առավել այս աշխարհում ես ցանկանում էի ծառայել Աստծուն: Բայց որքան փորձեցի, չկարողացա գտնել նրան: Ողջ հրաշքը կայանում է նրանում, որ Նա ինձ գտավ: 1969 թվականի սեպտեմբերյան մի շաբաթ օր ցերեկը ես տանն էի` Բերկլիում (Կալիֆորնիա) և լսեցի իմ դռան զանգը: Երկու երիտասարդ էին այնտեղ` կոստյումով, սպիտակ վերնաշապիկով ու փողկապով: Նրանց մազերը կոկիկ սանրված էին: Ես այնքան տպավորված էի նրանց արտաքինով, որ ասացի. «Ես չգիտեմ, թե դուք ինչ եք վաճառում, բայց կգնեմ այն»: Երիտասարդներից մեկն ասաց. «Մենք ոչինչ չենք վաճառում: Մենք Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներներ ենք և կկամենայինք խոսել ձեզ հետ»: Ես երիտասարդներին ներս հրավիրեցի, և նրանք խոսեցին իրենց հավատքի մասին:

Սա վկայության սկիզբն էր: Բառեր չեմ գտնում արտահայտելու իմ երախտագիտությունը Վերջին Օրերի Սուրբ լինելու արտոնության ու պատվի համար: Այն ուրախությունն ու խաղաղությունը, որն այս ուրախ ավետարանը բերել է իմ սիրտ, երկինքն է երկրի վրա: Իմ վկայությունն այս աշխատանքի մասին ամենաթանկն է իմ կյանքում. մի պարգև իմ Երկնային Հորից, որի համար ես հավերժ երախտապարտ կլինեմ»:8

Այսպես է նաև շատ երկրներում ապրող հարյուր հազարավոր տղամարդկանց ու կանաց համար, ովքեր ունեն ունակություն և կրթություն, բիզնես և մասնագիտություն, ովքեր համառ ու գործունյա են, ովքեր աշխարհիկ գործեր են կատարում, և ում սրտում վառվում է մի լուռ վկայություն, որ Աստված ապրում է, որ Հիսուսը Քրիստոսն է, որ այս աշխատանքն աստվածային է, որ այն վերականգնվել է երկրի վրա` ի օրհնություն այն բոլոր մարդկանց, ովքեր կօգտվեն դրա հնարավորություններից:9

3

Մեզանից յուրաքանչյուրը կարող է վկայություն ձեռք բերել Աստծո, Նրա Սիրելի Որդու և Նրանց աշխատանքի վերականգնման ճշմարտության մասին:

Այս վկայությունը կարող է լինել ամենաթանկագինը Աստծո բոլոր պարգևներից: Սա երկնային պարգև է, եթե արդար ջանք է գործադրվում: Այս Եկեղեցու անդամ յուրաքանչյուր կնոջ և տղամարդու հնարավորությունն ու պարտականությունն է ինքնուրույն համոզմունք ձեռք բերել հետևյալ ճշմարտությունների մասին` վերջին օրերի այս հրաշալի աշխատանքի ու դրա ղեկավարների մասին, նաև կենդանի Աստծո և Տեր Հիսուս Քրիստոսի մասին:

Հիսուսը նշեց այսպիսի վկայություն ձեռք բերելու ճանապարհը, երբ Նա ասաց. «Իմ վարդապետութիւնն իմը չէ, այլ ինձ ուղարկողինն է:

Եթե մեկը կամենում է նորա կամքն անել, նա կիմանա այս վարդապետութեան համար, թե արդեոք Աստվածանի՞ց է, կամ եթե ես իմ անձիցն եմ խոսում» (Հովհաննես 7.16–17):

Մեր հավատը և գիտելիքն աճում է, երբ ծառայում, ուսումնասիրում և աղոթում ենք:

Երբ Հիսուսը կերակրեց 5000 մարդու, նրանք տեսան ու զարմացան այն հրաշքի վրա, որը նա կատարեց: Ոմանք նորից վերադարձան: Նա ուսուցանեց նրանց Իր աստվածության վարդապետությունը և Իր մասին` որպես կյանքի հացի: Նա մեղադրեց նրանց, քանի որ վերջիններս հետաքրքրված էին ոչ թե վարդապետությունով, այլ միայն իրենց մարմնի քաղցը հագեցնելով: Ոմանք, լսելով Նրան ու Նրա վարդապետությունը, ասացին. «Խիստ է այդ բանը, ո՞վ կարող է լսել դորան» (Հովհաննես 6.60): Ո՞վ կարող է հավատալ այն ամենին, ինչ այս մարդը սովորեցնում է:

«Սորանից հետո նորա աշակերտներից շատերը ետ գնացին և այլևս ման չէին գալի Նորա հետ:

Հիսուսն էլ ասեց տասնևերկուսին [կարծում եմ հիասթափության որոշ զգացումով]. Մի՞թե դուք էլ եք ուզում գնալ:

Սիմոն Պետրոսն էլ պատասխանեց նորան. Տէր ո՞ւմ մոտ գնանք. հավիտենական կեանքի խոսքերն ունիս դու:

Եվ մենք հաւատացինք և ճանաչեցինք, թե դու ես Քրիստոսը` կենդանի Աստուծոյ Որդին» (Հովհաննես 6.66–69):

Սա այն մեծ հարցն է և պատասխանը, որին մենք բոլորս պիտի բախվենք: «Տեր ո՞ւմ մոտ գնանք. հավիտենական կյանքի խոսքերն ունիս դու: Եվ մենք հաւատացինք և ճանաչեցինք, թե դու ես Քրիստոսը` կենդանի Աստուծոյ Որդին»:

Այս մեծ համոզվածությունն է, կենդանի Աստծո իսկության ներքին լուռ համոզվածությունն է, Նրա Սիրելի Որդու աստվածության, մեր ժամանակներում նրանց աշխատանքի վերականգնման և այն փառավոր դրսևորումների, որին մենք հետևել ենք, որը մեզ համար դարձել է մեր հավատի հիմքը: Սա դառնում է մեր վկայությունը:

… Վերջերս ես եղա Նյու Յորք նահանգի Պալմիրա քաղաքում [մոտիկ այն տեղին, որտեղ Ջոզեֆ Սմիթը ստացավ իր Առաջին Տեսիլքը]: Այս տարածքում տեղի ունեցած իրադարձությունները հանգեցնում են հետևյալ հարցին. «Նրանք կամ տեղի են ունեցել կամ ոչ: Անցումային կամ միջին վիճակ չկա»:

Իսկ հետո հավատի ձայնը շշնջում է. «Այդ ամենը տեղի է ունեցել: Այն տեղի ունեցավ, հենց որ նա ասաց, որ տեղի է ունեցել»:

Մոտակայքում գտնվում է Կումորա բլուրը: Այնտեղից է ծագել այն հին հիշատակարանը, որից թարգմանվել է Մորմոնի Գիրքը: Պետք է ընդունել կամ մերժել դրա աստվածային ծագումը: Վկայության մասին խորհելը պիտի հանգեցնի այն բանին, որ յուրաքանչյուր տղամարդ ու կին, ով կարդացել է, հավատով կասի. «Չէ՞ որ ակնհայտ է»:

Եվ այսպիսով, այս հրաշքը` մյուս տարրերով հանդերձ, մենք կոչում ենք հին ավետարանի, հին քահանայության և հին Եկեղեցու վերականգնում:

Ինչպես միշտ, այս վկայությունը այժմ էլ հայտարարություն է, ազնիվ հաստատումն այն ճշմարտության, ինչպես մենք գիտենք այն:10

4

Մենք պիտի ապրենք ըստ այս վկայության և կիսվենք դրանով:

Պողոսն ասաց Տիմոթեոսին. «Զգույշ կաց անձիդ և վարդապետութեանդ, և դորանում յարատեւիր, որովհետև այդ անելով քո անձն էլ կապրեցնես, և քեզ լսողներին էլ» (Ա Տիմոթեոս 4.16)։ Ինչ հրաշալի հրահանգ է տվել Պողոսը երիտասարդ Տիմոթեոսին:

Նա շարունակել է` ասելով. «Որովհետև Աստուած չտուավ մեզ երկչոտության հոգի, այլ զորության և սերի և զգաստության» (Բ Տիմոթեոսի 1.7): Աստված մեզ երկչոտության ոգի չի տվել, այլ տվել է զորության ոգի, պատգամի զորության և սիրո ոգի, սեր դեպի մարդիկ, սեր այն բանի հանդեպ, ինչը մենք պիտի առաջարկենք, տվել է առողջ միտք և Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի պարզ, հասկանալի սկզբունքները:

«Ուրեմն ամոթ մի համարիր մեր Տիրոջ վկայությունը» (Բ Տիմոթեոս 1.8): Իմ եղբայրներ և քույրեր, երբեք ամոթ մի համարեք մեր Տիրոջ վկայությունը: … Ահա մի մեծ պարտականություն ու լիազորություն, որը դրված է մեզ վրա․ «Որովհետև Աստուած չտուավ մեզ երկչոտության հոգի, այլ զորության և սերի և զգաստության: Ուրեմն ամոթ մի համարիր մեր Տիրոջ վկայությունը»:11

Սա Աստծո սուրբ գործն է: Սա Նրա Եկեղեցին է ու Նրա արքայությունը։ Տեսիլքը, որ տեղի ունեցավ Սրբազան Պուրակում, այնպես էր, ինչպես Ջոզեֆն ասաց, որ եղել է: Իմ սրտում կա մի ճշմարիտ ըմբռնում այնտեղ տեղի ունեցածի կարևորության վերաբերյալ: Մորմոնի Գիրքը ճշմարիտ է։ Այն վկայում է Տեր Հիսուս Քրիստոսի մասին: Նրա քահանայությունը վերականգնվել է և քահանաները մեզ հետ են: Քահանայության բանալիները, որոնք գալիս են երկնային էակներից, գործադրվում են մեր հավերժական օրհնությունների համար: Ասպիսին է մեր վկայությունը` ձերը և իմը, վկայություն, որի համաձայն մենք պիտի ապրենք և որով պիտի կիսվենք ուրիշների հետ: Ես թողնում եմ այս վկայությունը, իմ օրհնությունն ու իմ սերը ձեզանից յուրաքանչյուրի հետ և իմ հրավերը` շարունակել մաս կազմել Վերջին Օրերի այս մեծ հրաշքի, որն է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին:12

Առաջարկներ ուսումնասիրության և ուսուցման համար

Հարցեր

  • Ինչպե՞ս է ձեր անձնական վկայությունն աջակցում Եկեղեցու հզորացմանը։ (Տես բաժին 1:)

  • Նախագահ Հինքլին շեշտում է, որ վկայությունն աջակցում և մեզ «մղում է գործողության» (բաժին 2): Ինչպե՞ս է Տերը սփոփել ձեզ: Ինչպե՞ս է ձեր վկայությունն ազդել ձեր գործողությունների վրա: Ինչպե՞ս կարող եք անձնապես կիրառել բաժին 2-ում տրված պատմությունները:

  • Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքներից ի՞նչ կարող ենք սովորել վկայություն ձեռք բերելու մասին: (Տես բաժին 3:) Ինչպիսի՞ փորձառություններ են օգնել ձեզ վկայություն ձեռք բերել: Ի՞նչ կարող ենք անել մեր վկայությունն ամրացնելու համար։

  • Ձեր կարծիքով, մեր վկայություններն ինչո՞ւ են ավելի ամրանում, երբ կիսվում ենք դրանցով: Ինչպե՞ս եք հաղթահարել վախի զգացումը ձեր վկայությամբ կիսվելու ժամանակ: Ինչպե՞ս եք դուք օրհնվել ուրիշների վկայությամբ: (Տես բաժին 4:)

Առնչվող սուրբ գրություններ

Ա Կորնթացիս 12.3, Ա Պետրոս 3.15, Ալմա 5.43–46, 32.26–30, Մորոնի 10.3–5, ՎևՈւ 8․2–3, 80.3–5

Օգնություն ուսուցչին

Երբ ծանոթանաք ու հասկանաք յուրաքանչյուր մարդու, դուք ավելի լավ կպատրաստվեք ուսուցանելու այն դասերը, որոնք համապատասխանում են նրանց անհատական կարիքներին: Այս հասկացողությունը կօգնի ձեզ ուղիներ գտնել` օգնելու յուրաքանչյուր մարդու մասնակցել քննարկմանը և այլ ուսումնական վարժություններին» (Teaching, No Greater Call [1999], 34):

Հղումներ

  1. “My Testimony,” Ensign, May 2000, 70–71.

  2. “Listen by the Power of the Spirit,” Ensign, Nov. 1996, 5.

  3. “Testimony,” Ensign, May 1998, 69.

  4. “Testimony,” 69-70.

  5. “Testimony,” 70.

  6. «Չէ՞ որ դա ակնհայտ է»: Ensign, July 1993, 2.

  7. «Չէ՞ որ դա ակնհայտ է»: 5.

  8. «Չէ՞ որ դա ակնհայտ է»: 6.

  9. «Չէ՞ որ դա ակնհայտ է»: 5.

  10. “Testimony,” 70–71.

  11. Discourses of President Gordon B. Hinckley, Volume 2: 2000–2004 (2005), 369.

  12. “A Perfect Brightness of Hope: To New Members of the Church,” Ensign, Oct. 2006, 5.