Նախագահների ուսմունքները
Գլուխ 3. Զարգացնել երջանկության զգացում և լավատեսական ոգի


Գլուխ 3

Զարգացնել երջանկության զգացում և լավատեսական ոգի

«Եղեք հավատացող: Եղեք երջանիկ: Մի հուսահատվեք: Ամեն բան լավ կլինի»:

Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի կյանքից

Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի մայրը` Ադա Բիթներ Հինքլին, հաճախ ասում էր, որ «երջանկության զգացումը և դեմքի ժպտացող արտահայտությունը կարող է խրախուսել ցանկացած ձախորդության ժամանակ, և յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իր սեփական երջանկության համար»:1 Նրա հայրը` Բրայենթ Ս. Հինքլին, նույնպես օժտված էր «ժառանգական դրական վերաբերմունքով»:2 Նախագահ Հինքլին վերհիշում էր. «Երբ ես երիտասարդ էի և հակում ունեի քննադատաբար խոսելու, հայրս ասում էր. «Ցինիկները չեն նվիրաբերում, թերահավատները չեն ստեղծում, կասկածողները չեն հասնում»։3 Իր ծնողների խորհրդի և օրինակի ազդեցությամբ երիտասարդ Գորդոն Հինքլին սովորեց կյանքին մոտենալ լավատեսությամբ և հավատով:

Երբ Երեց Հինքլին Անգլիայում ծառայում էր միսիայում, տքնաջան աշխատում էր, որպեսզի հետևեր իր ծնողների օրինակին: Ամեն առավոտ նա և իր զուգընկերները սեղմում էին միմյանց ձեռքերը և ասում. «Կյանքը հրաշալի է»:4 Համարյա 70 տարի անց նա առաջարկեց, որ Ֆիլիպիններում միսիոներների մի խումբ հետևեր նույն փորձին: «Երեկ հրաշալի օր էր իմ կյանքում», նա ասաց նրանց: «Ամեն օրը հրաշալի է իմ կյանքում: Հուսով եմ, որ ամեն օրը հրաշալի է ձեզանից յուրաքանչյուրի կյանքում: Հուսով եմ, կարող եք առավոտյան պատրաստվել ու գնալ սեղմելու ձեր զուգընկերոջ ձեռքը և ասել. «Եղբայր (Քույր), կյանքը հրաշալի է: Եկեք դուրս գանք ու լավ օր անցկացնենք»: Եվ երբ տուն գաք երեկոյան, հուսով եմ դուք կարող եք ասել միմյանց. «Լավ օր էր: Մենք լավ ժամանակ անցկացրինք: Ճանապարհին մենք օգնեցինք մի մարդու: … Մենք կհետևենք նրանց, կաղոթենք ու կհուսանք, որ նրանք կգան Եկեղեցի»: Միսիայի ամեն մի օրը պիտի լինի լավ օր»:5

Այս խորհուրդը կյանքի հանդեպ ունեցած Նախագահ Հինքլիի մոտեցման արտահայտությունն է: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ․ Նելսոնը կիսվել է Նախագահ Հինքլիի և նրա կնոջ` Մարջորիի վերաբերյալ հետևյալ դիտարկումներով․ «Նրանք ժամանակը չեն վատնում, մտորելով անցյալի մասին, և չեն անհանգստանում ապագայի համար: Եվ նրանք շարունակեցին՝ չնայած ձախորդություններին»։6 Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդը, որնը նույնպես Տասներկուսի Քվորումից, մեկնաբանել է․ «Ամեն ինչ լավ կլինի» արտահայտությունը թող միշտ լինի Նախագահ Հինքլիի ամենակրկնվող հավաստիացումը ընտանիքին, ընկերներին և նրանց հետ կապված մարդկանց: «Շարունակեք փորձել», նա կասի: Հավատացեք: Եղեք երջանիկ: Մի հուսահատվեք: Ամեն ինչ լավ կլինի»:7

Նկար
Նախագահ Հինքլին երիտասարդների հետ

«Մենք բոլոր պատճառներն ունենք լավատես լինելու»։

Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները

1

Նույնիսկ, երբ շատ մարդիկ բացասական և հոռետեսական են տրամադրված, մենք կարող ենք զարգացնել երջանկության և լավատեսության ոգի:

Երկրագնդի վրա կա հոռետեսություն կոչված մի սարսափելի հիվանդություն: Այն համարյա նման է համաճարակի: Մեզ մշտապես կերակրում են սպանության, քննադատության և միմյանց մասին չարախոսելու կայուն և թթվահամ սննդակարգով: …

Ես հանդես եմ գալիս … խնդրանքով, որ մենք դադարենք փոթորիկներ փնտրել և ավելի լիարժեք վայելենք արևի լույսը: Ես առաջարկում եմ, որ մենք շեշտադրենք դրականը: Ես խնդրում եմ, որ մենք մի փոքր խորը փնտրենք բարին գտնելու համար, որ հանդարտեցնենք վիրավորանքի ու ծաղրի մեր ձայնը, որ մենք ավելի շռայլ լինենք արժանիքներն ու ջանքերը գովելիս:

Ես չեմ խնդրում, որ քննադատությունն ամբողջովին անձայն լինի: Աճը գալիս է, երբ ուղղվում են սխալները: Զորությունը գալիս է ապաշխարության հետ: Իմաստուն է այն կինը կամ տղամարդը, ով փոխում է իր գործելակերպը, երբ նրա կատարած սխալները մատնացույց են արվում ուրիշների կողմից: Ես չեմ առաջարկում, որ մեր խոսակցությունը լինի մեղրի նման քաղցր: Խելացի արտահայտությունը, որն անկեղծ է ու ազնիվ, մի հմտություն է, որը պիտի փնտրել և զարգացնել: Այն, ինչ ես առաջարկում ու խնդրում եմ, մենք պիտի երես դարձնենք բացասական տրամադրվածությունից, որն այնքան տարածված է մեր հասարակությունում և բարիք փնտրենք այն հողում և այն ժամանակում, որում մենք ապրում ենք, որ մենք ավելի շատ խոսենք միմյանց արժանիքների մասին, քան մենք խոսում ենք միմյանց թերությունների մասին, այնպես, որ լավատեսությունը փոխարինի հոռետեսությանը: Թող մեր վախերը փոխարինվեն մեր հավատով:8

Մենք ունենք ցանկացած պատճառ այս աշխարհում լավատես լինելու համար: Այո, մեր շրջապատում ողբերգություն կա: Խնդիրներ կան ամենուր: Բայց … դուք չեք կարող, դուք չպիտի կառուցված լինեք հոռետեսությունից և լկտիությունից: Երբ դուք նայում եք լավատեսությամբ, աշխատում հավատով, լավ բաները տեղի են ունենում:9

Մի հուսահատվեք: Անձնատուր մի եղեք: Ամպերի մեջ արևի լույս փնտրեք: Հնարավորությունները ի վերջո կբացվեն ձեզ համար: Թույլ մի տվեք, որ խավարի գուշակը սպառնա ձեր հնարավորություններին:10

Զարգացրեք երջանկության զգացում: Զարգացրեք լավատեսական ոգին: Քայլեք հավատով, հրճվելով բնության գեղեցկություններով, ձեր սիրած մարդկանց բարությամբ, աստվածային բաների վկայությամբ, որը կրում եք ձեր սրտում:11

Տիրոջ ծրագիրը երջանկության ծրագիր է: Ճանապարհն ավելի թեթև կլինի, մտահոգություններն ավելի քիչ կլինեն, դիմակայելն ավելի հեշտ կլինի, եթե մենք երջանկության ոգի զարգացնենք:12

2

Մեր խնդիրների վրա կենտրոնանալու փոխարեն մենք կարող ենք թույլ տալ, որ գոհությունը ուղղորդի և օրհնի մեզ:

Որքան հրաշալի ենք մենք օրհնված: Որքան շնորհակալ պիտի լինենք մենք: … Զարգացրեք շնորհակալության ոգին կյանքի օրհնության համար և այն սքանչելի պարգևների ու արտոնությունների համար, որ մեզանից յուրաքանչյուրը վայելում Է: Տերն ասել է, որ հեզերը կժառանգեն երկիրը: (Տես Մատթեոսի 5.5:) Ես չեմ կարող խուսափել մեկնաբանությունից, որ հեզությունը ենթադրում է երախտագիտության ոգի` ի տարբերություն ինքնաբավ վերաբերմունքի, ճանաչում է ավելի մեծ ուժը, որը վեր է մարդու հնարավորություններից, Ճանաչում է Աստծուն և ընդունում Նրա պատվիրանները: Սա իմաստության սկիզբն է: Երախտագիտությամբ քայլեք նրա առաջ, ով կյանք և ամեն բարի պարգևի տվողն է:13

Երկրի վրա ապրելու համար աշխարհի պատմության մեջ երբեք ավելի լավ ժամանակ չի եղել, քան սա է: Որքան երախտապարտ պիտի զգա մեզանից յուրաքանչյուրը` ապրելով այս հրաշալի ժամանակում բոլոր այս սքանչելի օրհնություններով, որ մենք ունենք:14

Երբ ես մտածում եմ այն հրաշքների մասին, որոնք իրականացել են իմ կյանքի ընթացքում և ավելի շատ են, քան մարդկության պատմության մնացած ողջ ընթացքում, ես ոտքի եմ կանգնում ակնածանքով և երախտագիտությամբ: Ես մտածում եմ ավտոմեքենայի և ինքնաթիռի, համակարգիչների, ֆաքսի սարքերի, է-փոստի և համացանցի մասին: Այս ամենն այնքան հրաշալի ու զարմանալի է: Ես մտածում եմ այն հսկայական քայլերի մասին, որոնք կատարվել են բժշկության և առողջապահության բնագավառում: … Եվ այս ամենի հետ միասին տեղի է ունեցել Հիսուս Քրիստոսի իսկական ավետարանի վերականգնումը: Ես և դուք մաս ենք կազմում այս մեծ նպատակի և արքայության հրաշքի, որն ընդգրկում է երկրագունդը, օրհնելով շատ մարդկային կյանքեր, ուր էլ որ հասնում է: Ես խորապես երախտապարտ եմ:15

Մենք ապրում ենք ժամանակների լրության մեջ: Նշեք այդ արտահայտությունը: Նշեք լրություն բառը: Այն մատնանշում է այն ամբողջ բարին, որն ի մի է բերվել անցյալից և վերականգնվել երկրի վրա այս վերջին տնտեսությունում:

Իմ սիրտը լի է երախտագիտությամբ դեպի Ամենազոր Աստված: Նրա Որդու պարգևի շնորհիվ, ով այս աշխարհի Աստվածն է, մենք այնքան հրաշալիորեն օրհնված ենք: Իմ սիրտը ղողանջում է հիմնի բառերից. «Օրհնություններդ հաշվիր, թվիր մեկ առ մեկ: Տես, թե Աստվածը ինչ է տվել քեզ» (Հիմներ, հմր. 8)։16

Երախտագիտությունը մեր սրտում եկեք կանգ չառնենք այն մի քանի խնդիրների վրա, որ մենք ունենք: Եկեք ավելի լավ է հաշվենք մեր օրհնությունները և երախտագիտության մեծ ոգով, թելադրված մեծ հավատով, առաջ գնանք` կառուցելու Աստծո արքայությունը երկրի վրա:17

Թող գոհաբանության ոգին ուղեցույց լինի և օրհնի ձեզ օր ու գիշեր: Աշխատեք այդ ուղղությամբ: Դուք կտեսնեք, որ այն հրաշալի արդյունք կտա:18

3

Հիսուս Քրիստոսի ավետարանը մեզ ուրախանալու առիթ է տալիս։

Տերն ասել է. «Ուստի, բարձրացրու սիրտդ և ցնծա, և հավատարիմ մնա այն ուխտերին, որոնք դու արել ես» [ՎևՈւ 25.13]: Ես հավատում եմ, որ նա ասում է մեզանից յուրաքանչյուրին` երջանիկ եղիր: Ավետարանը ուրախության ավետարան է։ Այն առիթ է տրամադրում ուրախության համար:19

Հիշեք՝ ով եք դուք: … Դուք իրականում Աստծո զավակն եք: … Նա մեր Երկնային Հայրն է: Նա սիրում է ձեզ։ … Նա ցանկանում է, որ Իր որդիներն ու դուստրերը երջանիկ լինեն: Մեղքը երբեք երջանկություն չի բերել: Հանցանքը երբեք երջանկություն չի բերել: Անհնազանդությունը երբեք երջանկություն չի բերել: Երջանկություն տանող ուղին գտնվում է Երկնային Հոր ծրագրում և Նրա Սիրելի Որդու` Հիսուս Քրիստոսի պատվիրաններին հնազանդվելու մեջ:20

Անկախ այն բանից, թե ինչպես էիք անում այդ անցյալում, ես ձեզ կոչ եմ անում … կարգավորել ձեր կյանքը ավետարանի ուսմունքների համաձայն, սիրով վերաբերվել այս Եկեղեցուն և հարգել ու գնահատել որպես ձեր հավատքի մայր, ապրել ձեր կյանքը որպես օրինակ այն բանի, թե Հիսուս Քրիստոսի ավետարանը ինչ կանի, որպեսզի երջանկություն բերի մարդկանց:21

Նկար
Հինքլին փոքր երեխաների հետ

«Շատ ուրախացեք և ծիծաղեք: Կյանքը պիտի վայելել, այլ ոչ պարզապես հանդուրժել»:

Ապաշխարությունն ավետարանի առաջին սկզբունքներից է։ Ներումը աստվածայնության նշան է։ Կա հույս ձեզ համար: Ձեր կյանքն առջևում է, և այն կարող է լցվել երջանկությամբ, չնայած անցյալը աղավաղված է մեղքով: Սա իրենց խնդիրներից մարդկանց փրկելու և օգնելու աշխատանքն է: Սա է ավետարանի նպատակը:22

Ես հանդիպում եմ շատ մարդկանց, ովքեր մշտապես բողոքում են իրենց պարտականությունների բեռից: Իհարկե, ճնշումները մեծ են: Շատ գործ կա կատարելու: Գոյություն ունեն ֆինանսական խնդիրներ, որոնք ավելանում են այս ճնշումներին, և այս բոլորի հետ միասին մենք հակված ենք դժգոհելու` հաճախ տանը, երբեմն էլ հասարակավ: Շրջեք ձեր մտածելակերպը։ Ավետարանը բարի լուր է: Մարդիկ ստեղծվել են, որպեսզի ունենան ուրախություն [տես 2 Նեփի 2.25]: Երջանիկ եղեք: Թող այդ երջանկությունը փայլի ձեր դեմքին և խոսի ձեր վկայությունների միջոցով: Դուք կարող եք խնդիրներ ակնկալել: Կարող են լինել պատահական ողբերգություններ: Բայց Աստծո խնդրանքն է փայլել` այս ամենի միջով անցնելիս․

«Ինձ մոտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ:

Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. Որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. Եւ ձեր անձերի համար հանգստութիւն կ’գտնէք:

Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը թեթև» (Մատթեոսի 11.28–30

Ես բավականություն եմ ստանում Ջեկինս Լոյդ Ջոնեսի հետևյալ խոսքերից, որոնք ես կտրել հանել եմ «Դեզերեթ նյուսից» մի քանի տարի առաջ: Ես ձեզ եմ փոխանցում այդ խոսքերը: … Նա ասել է.

«Ամեն ոք, ով կարծում է, որ երանության մշտական վիճակը նորմալ է, պատրաստվում է շատ ժամանակ վատնել, վազվզելով և բացականչելով, թե իրեն կողոպտել են:

Հարվածների մեծ մասը տեղ չեն հասնում: Տավարի միսը պինդ է: Երեխաների մեծ մասը մեծանում են պարզապես ժողովուրդ դառնալու համար: Հաջող ամուսնությունների մեծ մասը պահանջում են բարձր աստիճանի փոխադարձ հանդուրժողականություն: Աշխատանքների մեծ մասը հաճախ տաղտկալի է: …

Կյանքը նման է հին ժամանակների երկաթուղային ուղևորությանը` ուշացումներ, շեղումներ, ծուխ, փոշի, մոխիր և ցնցումներ, որոնք ընդհատվում են միայն ժամանակ առ ժամանակ գեղեցիկ հեռապատկերով և արագության ցնցող պոռթկումներով:

Բանն այն է, որ շնորհակալություն պիտի հայտնեք Աստծուն, որ ձեզ թույլ է տալիս զբոսնել» (Deseret News, 12 June 1973)։

Ես կրկնում եմ, իմ եղբայրներ և քույրեր, բանն այն է, որ շնորհակալություն պիտի հայտնեք Աստծուն, որ ձեզ թույլ է տալիս զբոսնել և իրոք, մի՞թե դա հրաշալի զբոսանք չէ: Վայելեք այն: Ծիծաղեք դրա վրա: Երգեք դրա մասին: Հիշեք այն բառերը, որ գրել է Առակաց գրքի հեղինակը.

«Ուրախ սիրտը օգտակար է ինչպէս դեղ, բայց կոտրած սիրտը ոսկորները կչորացնէ»: (Առակաց 17.22:)23

Թող ձեր կյանքում լինի հանդարտ տոնայնության նման ինչ-որ բան։ Թող այնտեղ լինի ուրախություն և երջանկություն, հումորի զգացում և ուրախ բաների վրա երբեմն ծիծաղելու կարողություն:24

Շատ ուրախացեք և ծիծաղեք: Կյանքը պիտի վայելել, այլ ոչ պարզապես տոկալ:25

4

Ավետարանը հաղթանակի ուղերձ է, որը պիտի ընդունել խանդավառությամբ, ջերմությամբ և լավատեսությամբ:

Ես կանգնած եմ այստեղ` որպես Տիրոջ աշխատանքին լավատեսորեն վերաբերվող մարդ: Ես չեմ կարծում, որ Աստված հիմնել է իր աշխատանքը երկրի վրա, որ այն ձախողվի: Ես չեմ կարող հավատալ, որ այն թուլանում է: Ես գիտեմ, որ այն գնալով ուժեղանում է: … Ես ունեմ պարզ ու սուրբ հավատ, որ արդարությունը կհաղթի և ճշմարտությունը կգերակշռի:26

Քաղեբի, Հեսուի և Իսրայելի մյուս լրտեսողների պատմությունը միշտ էլ հետաքրքրել է ինձ: Մովսեսն առաջնորդեց Իսրայելի զավակներին Եգիպտոսից դեպի անապատ։ Դեգերումների երկրորդ տարում նա ներկայացուցիչներ ընտրեց յուրաքանչյուր տասներկու ցեղից, որպեսզի ուսումնասիրեին Քանանի երկիրը և տեղեկություն բերեին դրա ռեսուրսների ու ժողովրդի մասին: Քաղեբը ներկայացնում էր Հուդայի ցեղը, իսկ Հեսուն` Եփրեմի: Այդ տասներկուսը գնացին Քանանի երկիրը։ Նրանք տեսան, որ այն բարեբեր երկիր է: Նրանք այնտեղ մնացին քառասուն օր: Նրանք իրենց հետ բերեցին «խաղողի մի ողկույզ»` որպես մի վկայություն երկրի պտղաբերության վերաբերյալ (Թվոց 13.20):

Նրանք կանգնեցին Մովսեսի, Ահարոնի և հավաքված Իսրայելի զավակների առաջ և Քանանի երկրի մասին ասացին հետևալը. «Իրաւ որ կաթ ու մեղր է բղխում նա, և նորա պտուղը սա է» (հ. 27):

Բայց լրտեսողներից տասը իրենց սեփական կասկածների ու վախերի զոհն էին: Նրանք բացասական լուրեր բերեցին Քանանացիների թվի ու հասակի մասին: Նրանք եզրակացրին, որ «նորանք մեզանից զորաւոր են» (հ. 31): Նրանք իրենց մորեխներ համարեցին այդ երկրում տեսած հսկաների համեմատությամբ: Նրանք իրենց իսկ երկչոտության զոհերն էին:

Հետո Հեսուն ու Քաղեբը կանգնեցին ժողովրդի առաջ և ասացին. «Երկիրը, որի միջով մենք անցանք նորան լրտեսելու համար, շատ բարի երկիր է։

Եթե Եհովան մեզ վերայ հաճէ, նա մեզ այն երկիրը կտանէ և այն մեզ կտա, որ կաթ ու մեղր բղխող երկիր է:

Միայն թէ Եհովայի դէմ մի ապստամբիք, և այն երկրի ժողովրդիցը մի վախենաք, որովհետև նորանք մեր կերակուրն են, նորանց պաշտպանութիւնը գնացել է իրանց վերայից, ու Եհովան մեզ հետ է. նորանցից մի վախենաք» (14.7–9):

Բայց մարդիկ ավելի հակված էին հավատալ տասը կասկածողներին, քան հավատալ Քաղեբին ու Հեսուին:

Հետո Տերը հայտարարեց, որ Իսրայելի զավակները պիտի թափառեն անապատում քառասուն տարի, մինչև անհետանա այն սերունդը, որը քայլում էր կասկածով ու վախով: Սուրբ գրությունները գրանցում են, որ «այն մարդիկն, որ այն երկրի վերայ վատ լուր հանեցին, հարուածով մեռան Եհովայի առաջին:

Բայց Յեսուն … և Քաղէբը … , որ երկիրը լրտեսելու գնացող մարդկանցից էին, ողջ մնացին» (հավտած 37–38): Նրանք խմբի միակ մարդիկ էին, ովքեր վերապրել էին այն չորս տասնամյակների թափառումները և ովքեր արտոնություն ունեին մտնելու խոստացված երկիրը, որի վերաբերյալ նրանք դրական հայտարարություն էին արել:

Մեր շրջապատում տեսնում ենք այս գործի ապագայի նկատմամբ անտարբեր որոշ մարդկանց, ովքեր խոսում են սահմանափակումներից, ովքեր վախ են արտահայտում, ովքեր իրենց ժամանակը վատնում են պեղելով և գրելով այն մասին, թե, ըստ իրենց, որոնք են թուլությունները, որոնք իրոք հետևանք չունեն: Դրա անցյալի վերաբերյալ ունեցած կասկածով հանդերձ, նրանք չունեն որևէ տեսիլք դրա ապագայի վերաբերյալ:

«Առանց մարգարէության ժողովուրդը կվայրենանայ» (Առակաց. 29.18): Այս աշխատանքում տեղ չկա նրանց համար, ովքեր հավատում են միայն կործանումի ու խավարի ավետարանին: Ավետարանը բարի լուր է: Այն հաղթանակի ուղերձ է: Այն առիթ է խանդավառությամբ գրկախառնվելու համար:

Տերը չի ասել, որ փորձանքներ չեն լինելու: Մեր ժողովուրդը տեսել է ամեն տեսակի նեղություններ, որոնք եկել են նրանց վրա, ովքեր ընդդիմացել են այս աշխատանքին: Բայց հավատն ուղեկցել է նրանց այդ բոլոր դժբախտությունների ընթացքում: Այս աշխատանքը մշտապես առաջ է շարժվում և երբևէ հետադարձ քայլ չի կատարել ի սկզբանե: …

… Սա Ամենազորի աշխատանքն է: Մեզանից է կախված, թե որպես անհատներ` մենք կգնանք առաջ, թե ոչ: Բայց Եկեղեցու առաջընթացը երբեք չի ձախողվի: …

Երբ Տերը Մովսեսին իր մոտ տարավ, հետո ասաց Հեսուին. «Զօրացիր և քաջ եղիր. մի վախենար և մի զարհուրիր. որովհետև քո Տէր Աստուածը քեզ հետ է ամէն տեղ, ուր որ գնաս» (Յեսուի 1․9): Սա Նրա աշխատանքն է։ Եկեք երբեք չմոռանանք: Ընդունեք այն խանդավառությամբ և սիրով:27

5

Այն գիտելիքով, որ մենք Աստծո զավակներն ենք, մենք կարող ենք կանգնել մի փոքր ավելի բարձր, մի փոքր ավելի աճել և լինել մի փոքր ավելի լավը:

Ժամանակակից աշխարհում մարդիկ մի ցավալի միտում ունեն` վիրավորել մեկը մյուսին: Երբևէ գիտակցե՞լ եք, որ շատ բան չի պահանջվում մտավոր կարողությունների սահմաններում դիտողություններ անել, որը կարող է վիրավորել մեկ ուրիշի: Փորձեք հակառակն անել: Փորձեք հաճոյախոսություններ շռայլել: …

Մեր հասարակության մեջ կա մի տխուր միտում ևս. մեզանից շատերը սիրում են նսեմացնել իրենք իրենց: Երբեմն ուրիշները կարող են մեզ ինքնավստահ թվալ, բայց փաստն այն է, որ մեզանից շատերն ունեն թերարժեքության զգացում: Կարևոր է, որ ինքներս մեզ հետ չխոսենք այդ մասին: … Կարևորն այն է, որ մենք ինքներս լավագույնս օգտագործենք մեր ունեցածը:

Ժամանակ մի վատնեք` խղճալով ինքներդ ձեզ: Մի ստորացրեք ինքներդ ձեզ: Երբեք մի մոռացեք, որ դուք Աստծո զավակն եք: Դուք ի ծնե ունեք այդ աստվածային արտոնությունը: Աստծո բնույթի այդ մի մասնիկը ձեր մեջ է:28

«Աստծո զավակն եմ» (Հիմներ, համար 58): Դա պարզապես հնարովի մի բան չէ կամ բանաստեղծական երևակայություն, այն ապրող ճշմարտություն է: Մեզանից յուրաքանչյուրի մեջ կա աստվածային ինչ-որ բան, որը կարիք ունի զարգանալու, որը պիտի դուրս գա մակերես, որն արտահայտման կարիք ունի: Դուք` հայրեր և մայրեր, սովորեցրեք ձեր երեխաներին, որ նրանք ինչ-որ չափով, թեկուզ մի փոքր, բայց Աստծո որդիներն ու դուստրերն են: Ողջ աշխարհում չկա ավելի մեծ ճշմարտություն, քան այն գիտելիքը, որ մենք ինչ-որ աստվածային բան ենք կրում մեր մեջ:29

Հավատացեք ինքներդ ձեզ: Հավատացեք, որ դուք ունեք մեծ ու բարի գործեր անելու կարողություն: Հավատացեք, որ չկա որևէ բարձր լեռ, որ դուք չկարողանաք մագլցել: Հավատացեք, որ չկա այնպիսի փոթորիկ, որին դուք չկարողանաք դիմանալ: … Դուք Աստծո զավակն եք, ով ունի անսահման կարողություն:30

Կանգնեք մի փոքր ավելի բարձր, մի փոքր ավելի աճեք և եղեք մի փոքր ավելի լավը: Լրացուցիչ ջանքեր ներդրեք: Դուք ավելի երջանիկ կլինեք: Դուք ավելի մեծ բավականություն կստանաք, մի նոր ուրախություն կունենաք ձեր սրտում:31

Իհարկե, ճանապարհին կլինեն որոշ խնդիրներ: Կծագեն դժվարություններ, որոնք պիտի հաղթահարեք: Բայց դրանք հավերժ չեն տևելու: [Աստված] չի լքի ձեզ: …

Դրական տրամադրվեք: Իմացեք, որ Նա հսկում է ձեզ, որ Նա լսում է ձեր աղոթքները և կպատասխանի դրանց, որ Նա սիրում է ձեզ և կդրսևորի այդ սերը:32

Այնքան շատ քաղցր, պատշաճ և գեղեցիկ բաներ կան, որոնց վրա կարելի է կառուցել: Մենք Հիսուս Քրիստոսի ավետարանի մասնակիցներն ենք: Ավետարան բառը նշանակում է «բարի լուր»: Տիրոջ ուղերձը հույս ու փրկություն է։ Տիրոջ ձայնը ուրախ լուրերի ձայն է։ Տիրոջ աշխատանքը փառավոր նվաճումների աշխատանք է:

Խավարի ու փորձանքի ժամին Տերն ասաց իր սիրելիներին. «Ձեր սիրտը չխռովի եւ չվախենայ»։ (Հովհաննեսի 14.27:)

Վստահության այս հրաշալի բառերը փարոս են յուրաքանչյուրիս համար: Նրան մենք իրոք կարող ենք վստահել: Քանի որ նա երբեք չի թերանում իր խոստումները կատարելիս:33

Առաջարկներ ուսումնասիրության և ուսուցման համար

Հարցեր

  • Մտածեք Նախագահ Հինքլիի հետևյալ խորհուրդների մասին` նայել «ավելի խորը» բարին գտնելու համար և «զարգացնել երջանկության զգացում [և] լավատեսական ոգի» (բաժին 1): Ինչո՞ւ մենք այսօր ունենք այս խորհրդի կարիքը: Ինչպե՞ս կարող ենք զարգացնել երջանկության զգացում:

  • Նախագահ Հինքլին ասել է, որ «հրաշալի արդյունքները» գալիս են, երբ մենք «թույլ ենք տալիս, որ երախտագիտության ոգին ուղղորդի [մեզ]» (բաժին 2): Ձեր կարծիքով, ինչո՞ւ են գալիս այս «հրաշալի արդյունքները»։ Ինչպե՞ս եք դուք օրհնվում, երբ երախտագիտության ոգին ձեզ հետ է լինում:

  • Որո՞նք են ձեր խոհերն այն համանմանության մասին, որ կյանքը նման է «հին ժամանակների երկաթուղային ուղևորության»: (Տես բաժին 3:) Ավետարանի «բարի լուրը» ինչպե՞ս է ազդում այն մոտեցմանը, որը դուք ունեք այդ ուղևորության հանդեպ:

  • Ըստ ձեզ Քաղեբի ու Հեսուի պատմությունն ինչպե՞ս է կիրառվում մեր կյանքում: (Տես բաժին 4:) Ի՞նչ օրինակներ եք տեսել, երբ մարդիկ ընդունում են ավետարանը խանդավառությամբ: Երբ մենք հուսալքված ենք, կարո՞ղ ենք վերականգնել լավատեսությունը: Ինչպիսի՞ փորձառություններ ունեցաք, որոնք մեծացրին ձեր հավատը Տիրոջ աշխատանքի վերաբերյալ:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ գոյություն ունի մեզ և ուրիշներին նվաստացնելու միտումը: Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել այս հակումը: Որպես անհատներ և ընտանիքներ, մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք ուրիշներին «կանգնել մի փոքր բարձր» և «բարձրանալ մի փոքր ավելի վեր»: (Տես բաժին 5:)

Առնչվող սուրբ գրություններ

Հովհաննես 16.33, Փիլիպպեցիս 4.13, Մոսիա 2.41, Ալմա 34.38, Եթեր 12.4, ՎևՈւ 19.38–39, 128.19–23

Օգնություն ուսումնասիրողին

«Գործելով ըստ ձեր սովորածի, դուք ձեռք կբերեք մշտապես խորացող հասկացողություն (տես Հովհաննես 7.17)» (Քարոզիր Իմ Ավետարանը [2004], 19): Հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչպես կարող եք կիրառել ավետարանի ուսմունքները տանը, աշխատանքում և Եկեղեցու ձեր պարտականություններում:

Հղումներ

  1. Sheri L. Dew, Go Forward with Faith: The Biography of Gordon B. Hinckley (1996), 37.

  2. Sheri L. Dew, Go Forward with Faith, 37։

  3. “The Continuing Pursuit of Truth,” Ensign, Apr. 1986, 4.

  4. See Sheri L. Dew, Go Forward with Faith, 76․

  5. Discourses of President Gordon B. Hinckley, Volume 1: 1995–1999 (2005), 343.

  6. Russell M. Nelson, “Spiritual Capacity,” Ensign, Nov. 1997, 15.

  7. Jeffrey R. Holland, “President Gordon B. Hinckley: Stalwart and Brave He Stands,” Ensign, June 1995, 4.

  8. “The Lord Is at the Helm” (Brigham Young University devotional, Mar. 6, 1994), 3–4, speeches.byu.edu.

  9. Quoted in Jeffrey R. Holland, “President Gordon B. Hinckley: Stalwart and Brave He Stands,” 4.

  10. “The Continuing Pursuit of Truth,” 4.

  11. “If Thou Art Faithful,” Ensign, Nov. 1984, 92.

  12. “Each a Better Person,” Ensign, Nov. 2002, 100.

  13. “With All Thy Getting Get Understanding,” Ensign, Aug. 1988, 3–4.

  14. “The Spirit of Optimism,” New Era, July 2001, 4.

  15. “Keep the Chain Unbroken” (Brigham Young University devotional, Nov. 30, 1999), 1–2, speeches.byu.edu.

  16. “My Redeemer Lives,” Ensign, Feb. 2001, 70.

  17. “The Lord Is at the Helm,” 6.

  18. “A Prophet’s Counsel and Prayer for Youth,” Ensign, Jan. 2001, 4.

  19. “If Thou Art Faithful,” 91–92.

  20. “Stand True and Faithful,” Ensign, May 1996, 93–94.

  21. “True to the Faith,” Ensign, June 1996, 4.

  22. “Stand True and Faithful,” 94.

  23. “Four Imperatives for Religious Educators” (address to religious educators, Sept. 15, 1978), 4.

  24. “Four Imperatives for Religious Educators” (address to religious educators, Sept. 15, 1978), 4.

  25. “Stand True and Faithful,” 94.

  26. Teachings of Gordon B. Hinckley (1997), 410.

  27. “Stay the Course—Keep the Faith,” Ensign, Nov. 1995, 71–72.

  28. “Strengthening Each Other,” Ensign, Feb. 1985, 3–4.

  29. One Bright Shining Hope: Messages for Women from Gordon B. Hinckley (2006), 90–91.

  30. Discourses of President Gordon B. Hinckley, Volume 2: 2000–2004 (2005), 452

  31. “The Quest for Excellence” (Brigham Young University devotional, Nov. 10, 1998), 5, speeches.byu.edu.

  32. “How Can I Become the Woman of Whom I Dream?” Ensign, May 2001, 96:

  33. “The Continuing Pursuit of Truth,” 6.