Նախագահների ուսմունքները
Գլուխ 19. Քահանայական ղեկավարումը Հիսուս Քրիստոսի Եկեղեցում


Գլուխ 19

Քահանայական ղեկավարումը Հիսուս Քրիստոսի Եկեղեցում

«Տերը հսկում է Իր աշխատանքը: Սա Նրա աշխատանքն է։ Մենք ոչխարներ չենք առանց հովվի: Մենք բանակ չենք առանց հրամանատարի»:

Գորդոն Բ. Հինքլիի կյանքից

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է. «Իմ առաջին պարտականությունը Եկեղեցում, առաջին կոչումը, որը ես երբևէ ունեցել եմ, այն էր, որ ես խորհրդական էի մի տղայի, ով մեր սարկավագների քվորումի նախագահն էր: Մեր լավ եպիսկոպոսը կանչեց ինձ և խոսեց ինձ հետ այս կոչման մասին: Ես չափազանց տպավորված էի: Ես անհանգիստ էի ու մտահոգ: Հավատում եք, թե ոչ, ես բնույթով բավական ամաչկոտ էի և կարծում եմ, որ սարկավագների քվորումի նախագահի խորհրդականի այս կոչումը ինձ համար մեծ մտահոգություն էր` ելնելով իմ տարիքից և փորձից, ինչպես իմ ներկայիս կոչումը` ելնելով իմ տարիքից ու փորձից»:1

Նախագահ Հինքլին ուներ նույն զգացումները, երբ 1961 թվին կանչվեց ծառայելու որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ: Որպես Առաքյալ, իր առաջին գերագույն համաժողովում նա ասաց.

«Կարծում եմ, ես ունեմ այս պարտականության բեռի որոշակի զգացում` կանգնել որպես Տեր Հիսուս Քրիստոսի վկա աշխարհի առաջ, որը դժկամությամբ է ընդունում նրան: «Հիսուսի մեծ սիրուց ես մնում եմ զարմացած»: Ես ճնշվում եմ Տիրոջ Մարգարեի ունեցած վստահությունից իմ հանդեպ և ձեր արտահայտած սիրուց, իմ սիրելի եղբայրներ: … Ես աղոթում եմ զորության համար, ես աղոթում եմ օգնության համար, ես աղոթում եմ հավատի ու հնազանդ լինելու կամքի համար»:2

1995 թվականի ապրիլին Նախագահ Հինքլին ելույթ ունեցավ գերագույն համաժողովի քահանայության նիստում, երբ անդամներն առաջին անգամ աջակցեցին նրան որպես իրենց մարգարե ու Նախագահ: Նախորդ 14 տարիների ընթացքում նա ծառայել էր որպես Եկեղեցու երեք այլ Նախագահների խորհրդական: Նա բազմիցս վկայել էր նրանց աստվածային կոչման մասին և խորհուրդ էր տալիս Վերջին Օրերի Սրբերին հետևել նրանց խորհրդին: Հիմա, հայտնվելով այդ պաշտոնում, Տիրոջից նրա կախվածության զգացումը չէր տարբերվում այն ժամանակվա նրա զգացումներից, երբ նա սարկավագ էր կամ նոր կանչված Առաքյալ: Ավելի շուտ, նա ավելի իրազեկ էր դարձել, որ ինքը Տիրոջ աջակցող զորության կարիքն ուներ: Նա ասել է.

«Այս առավոտ հանդիսավոր ժողովի ժամանակ ձեր բարձրացրած ձեռքերը դարձան ձեր պատրաստակամության ու ցանկության արտահայտությունը աջակցելու մեզ` ձեր եղբայրներին ու ձեր ծառաներին, ձեր վստահությամբ, հավատով ու աղոթքով: Ես խորապես երախտապարտ եմ այդ արտահայտության համար: Ես շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին: Ինչպես դուք արդեն գիտեք, և ես հավաստիացնում եմ ձեզ, որ Տիրոջ գործընթացում չկա պաշտոնի ձգտում: Ինչպես Տերն ասաց Իր աշակերտներին. «Ոչ թէ դուք ինձ ընտրեցիք. այլ ես ընտրեցի ձեզ, և կարգեցի ձեզ» (Հովհաննեսի 15.16): Այս պաշտոնին չեն ձգտում: Ընտրության իրավունքը Տիրոջն է: Նա է մահվան ու կյանքի տերը: Նրանն է կանչելու զորությունը: Նրանն է ետ կանչելու զորությունը: Նրանն է պահպանելու զորությունը: Ամեն բան Նրա ձեռքերում է:

Ես չգիտեմ, թե ինչու Նրա մեծ ծրագրում պիտի տեղ գտներ ինձ նման մեկը: Բայց կրելով այս թիկնոցն ինձ վրա, ես այժմ կրկին Տիրոջ գործին եմ նվիրում այն, ինչ ունեմ` ուժ, ժամանակ, տաղանդ ու կյանք՝ իմ եղբայրներին ու քույրերին ծառայելու գործում: Կրկին շնորհակալ եմ ձեզ … ձեր այսօրվա գործողությունների համար: Իմ աղոթքի բեռը կլինի այն, որ ես արժանավոր լինեմ: Ես հուսով եմ, որ ինձ կհիշեք ձեր աղոթքներում»:3

Նկար
Առաջին Նախագահություն

Առաջին Նախագահությունը, 1995 թվական Նախագահ Գորդոն Բ. Հինքլի (կենտրոնում), Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն, Առաջին Խորհրդական (ձախից) և Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստ, Երկրորդ Խորհրդական (աջից):

Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները

1

Տերը կանչում է Եկեղեցու յուրաքանչյուր Նախագահի նրան փորձելուց, մաքրելուց և հղկելուց հետո:

Ես աշխատել եմ Եկեղեցու Նախագահների հետ` սկսած Նախագահ Հեբեր Ջ. Գրանտի ժամանակից: … Ես ճանաչել եմ այս մարդկանց բոլոր խորհրդականներին, և ես ճանաչել եմ Տասներկուսի Խորհրդին այս նախագահների ղեկավարության տարիներին: Նրանք բոլորը մարդիկ էին: Նրանք ունեին մարդկային հատկանիշներ և հավանաբար, մարդկային թուլություններ: Բայց այդ ամենից զատ, նրանց յուրաքանչյուրի կյանքում եղել է Աստծո ոգեշնչման անհաղթահարելի դրսևորում: Նրանք, ովքեր եղել են Նախագահներ, եղել են նաև իսկական մարգարեներ: Ես անձամբ վկա եմ եղել այն բանին, թե հայտնության ոգին ինչպես է իջնում նրանց վրա: Յուրաքանչյուր մարդ Նախագահ է դառնում երկար տարիներ որպես Տասներկուսի Խորհրդի անդամ և այլ պաշտոններում ծառայելուց հետո: Տերը մաքրել ու հղկել է յուրաքանչյուրին, թույլ տալով, որ նա ճանաչի հիասթափությունն ու ձախողումը, հիվանդանա, իսկ որոշ դեպքերում էլ կրի խորը վիշտ: Այս ամենը դարձել է մաքրման մեծ գործընթացի մի մասը, և այդ գործընթացի արդյունքը շատ հրաշալի ակնհայտ է նրանց կյանքում:

Իմ սիրելի ավետարանական բարեկամներ, սա Աստծո գործն է: Սա նրա Եկեղեցին է և Եկեղեցին է Նրա Սիրելի Որդու, ում անունը այն կրում է: Աստված երբեք թույլ չի տա, որ որևէ ինքնակոչ մարդ կանգնի նրա գլխին: Նա կնշանակի իր մարգարեներին և կոգեշնչի ու կուղղորդի նրանց:4

Որոշ մարդիկ մտահոգություն են արտահայտում, որ Եկեղեցու Նախագահը միշտ պիտի լինի բավական տարեց մարդ, որին ես պատասխանում եմ. «Ինչպիսի օրհնություն»: … Նա չպիտի լինի երիտասարդ: Նա ունի և կունենա ավելի երիտասարդ տղամարդիկ, ովքեր կճամփորդեն աշխարհով մեկ` ծառայություն կատարելով: Նա նախագահող քահանայապետ է, սուրբ քահանայության բոլոր բանալիների պահոցը և հայտնության ձայնը` Աստծուց իր ժողովրդին: …

Իմ կարծիքով ինչ-որ մեծ ու հուսալի բան կա այն իմացության մեջ, որ … մենք կունենանք Նախագահ, ում կարգավարժել են և ուսուցանել, փորձել են ու ստուգել, ում նվիրվածությունը գործին, ում ազնվությունը աշխատանքում կոփվել է ծառայության դարբնոցում, ում հավատը հասունացել է, ում մոտիկությունը Աստծուն զարգացել է երկար տարիների ընթացքում:5

Ես խոսում եմ … ի երախտագիտություն մեր մարգարեի, ով կառաջնորդի մեզ այս վերջին օրերում: Ես խնդրում եմ, որ հավատարիմ լինեք նրան, ում Տերը կանչել ու օծել է: Ես խնդրում եմ, որ անսասան հավատարմությամբ աջակցեք նրան և ուսումնասիրեք նրա ուսմունքները: Ես ասել եմ, … որ եթե մենք ունենք մարգարե, ապա ունենք ամեն ինչ: Եթե մենք մարգարե չունենք, մենք ոչինչ չունենք: Բայց մենք մարգարե ունենք: Մենք մարգարե ենք ունեցել Եկեղեցու հիմնադրումից սկսած: Մենք երբեք չենք լինի առանց մարգարե, եթե ապրենք մարգարեին արժանավոր կյանքով:

Տերը հսկում է Իր աշխատանքը: Սա Նրա աշխատանքն է։ Մենք ոչխարներ չենք առանց հովվի: Մենք բանակ չենք առանց հրամանատարի:6

2

Երբ Եկեղեցու Նախագահը մահանում է, ավագ Առաքյալը դառնում է հաջորդ Նախագահը։

Իշխանության անցումը [Եկեղեցու նոր նախագահին], որին ես մասնակցել եմ մի քանի անգամ, գեղեցիկ է իր պարզությամբ: Սա այն հատկանշական ուղին է, որով Տերը կատարում է իր գործը: Նրա ընթացակարգի համաձայն մարգարեի կողմից ընտրվում է մի մարդ, ով դառնում է Տասներկու Առաքյալների Խորհրդի անդամ: Նա չի ընտրում սա որպես մասնագիտություն: Նա կանչվում է այնպես, ինչպես Առաքյալները Հիսուսի ժամանակ, ում Տերն ասաց. «Ոչ թէ դուք ինձ ընտրեցիք. Այլ ես ընտրեցի ձեզ, և կարգեցի ձեզ» (Հովհաննեսի 15.16)։ Տարիներն անցնում են: Նա ուսուցանվում և կարգավարժվում է իր պաշտոնի պարտականություններին համապատասխան: Նա ճամփորդում է աշխարհով մեկ` կատարելով իր առաքելական պարտականությունները: Սա նախապատրաստական երկար ընթացք է, որի ժամանակ նա ծանոթանում է Վերջին Օրերի Սրբերին, ուր էլ որ նրանք լինեն, իսկ նրանք ծանոթանում են նրա հետ: Տերը ստուգում է նրա սիրտը և էությունը։ Իրադարձությունների բնականոն ընթացքում թափուր պաշտոններ են ի հայտ գալիս այդ խորհրդում և կատարվում են նոր նշանակումներ: Ընթացակարգի համաձայն մի հատուկ մարդ դառնում է ավագ Առաքյալ: Քահանայության բոլոր բանալիները կարգման ժամանակ տրվում են նրան ու նրա գործընկեր Եղբայրներից յուրաքանչյուրին։ Սակայն այդ բանալիները գործածելու իշխանությունը տրված է Եկեղեցու Նախագահին։ Երբ [մարգարեն] մահանում է, այդ իշխանությունը գործում է ավագ Առաքյալի միջոցով, ով այնուհետև նշանակվում, ձեռնադրվում և կարգվում է որպես մարգարե և Նախագահ` Տասներկուսի Խորհրդի իր գործընկերների կողմից:

Չկա նախընտրական կամպանիա: Չկա քարոզարշավ: Կա միայն աստվածային ծրագրի խաղաղ ու պարզ մի գործընթաց, որն ապահովում է ոգեշնչված ու ստուգված առաջնորդություն:

Ես ականատես և մասնակից եմ եղել այս հրաշալի գործընթացին: Ես բերում եմ ձեզ իմ վկայությունը, որ Տերն է [ընտրում մարգարեին]:7

Նախագահ [Հովարդ Վ.] Հանթերի մահից հետո Առաջին Նախագահությունը լուծարվեց: Ես և Նախագահ Մոնսոնը, նրա խորհրդականները, գրավեցինք մեր տեղերը Տասներկուսի Քվորումում, որը դարձավ Եկեղեցու նախագահող իշխանությունը:

… Բոլոր ապրող կարգված Առաքյալները ծոմապահության ու աղոթքի ոգով հավաքվեցին տաճարի վերևի սենյակում: Այստեղ մենք երգեցինք մի սուրբ հիմն և միասին աղոթեցինք: Մենք մասնակցեցինք Տիրոջ ընթրիքի հաղորդությանը, այս սուրբ խորհրդանշական վկայությամբ նորոգելով մեր ուխտերն ու մեր կապը Նրա հետ, ով մեր աստվածային Քավիչն է:

Հետո վերակազմավորվեց նախագահությունը, հիմնվելով նախադեպի վրա, որը հաստատվել է անցյալի սերունդների միջոցով:

Չկար քարոզարշավ, մրցակցություն և պաշտոնի հավակնություն: Այն հանգիստ էր, խաղաղ, պարզ և սուրբ: Դա կատարվեց, հետևելով այն օրինակին, որը Տերն Ինքն էր սահմանել:8

3

Տերը տրամադրել է սկզբունքներ և ընթացակարգ Իր Եկեղեցին ղեկավարելու համար, եթե Նախագահը ի վիճակի չլինի լիարժեք կատարել իր պաշտոնի պարտականությունները:

1992 թվականին Նախագահ Հինքլին, որ ծառայում էր որպես Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական, կատարել է հետևյալ հայտարարությունը. Եկեղեցու ղեկավարը Տեր Հիսուս Քրիստոսն է: Սա Նրա Եկեղեցին է։ Բայց երկրային ղեկավարը մեր մարգարեն է: Մարգարեները մարդիկ են, ովքեր օժտված են աստվածային կոչումով: Չնայած այդ կոչման աստվածայնությանը, նրանք մարդիկ են: Նրանք ենթակա են մահկանացու կյանքի բոլոր փորձություններին:

Մենք սիրում, հարգում, մեծարում և ապավինում ենք ներկայիս մարգարեին` Էզրա Թաֆտ Բենսոնին: Նա եղել է մեծ ու տաղանդավոր առաջնորդ, մի մարդ, ում ձայնը հնչել է ողջ աշխարհով մեկ` այս աշխատանքի մասին վկայությամբ: Այսօր նա կրում է քահանայության բոլոր բանալիները երկրի վրա: Բայց նա հասել է մի տարիքի, երբ չի կարող անել շատ բաներ, որոնք մի ժամանակ անում էր: Սա չի նսեմացնում նրա կոչումը որպես մարգարե: Բայց այն որոշ սահմանափակումներ է դնում նրա ֆիզիկական ակտիվության վրա:9

1994 թվականին Նախագահ Հինքլին, որ ծառայում էր որպես Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական, կատարել է հետևյալ հայտարարությունը: Մարդիկ ողջ Եկեղեցում իրոք մտահոգված են Նախագահի առողջական վիճակով: Նախագահ Բենսոնը հիմա իննսունհինգ տարեկան է: … Նա տառապում է ծերունական հիվանդության լուրջ հետևանքներից և չի կարողացել կատարել իր սուրբ պաշտոնի կարևոր պարտականությունները: Այս իրավիճակը աննախադեպ չէ: Եկեղեցու այլ Նախագահներ նույնպես հիվանդ են եղել և չեն կարողացել լիարժեք կատարել իրենց պաշտոնի պարտականությունները: Հնարավոր է, որ սա նորից տեղի կունենա ապագայում:

Սկզբունքներն ու ընթացակարգերը, որոնք Տերը սահմանել է Իր եկեղեցու կառավարման համար, նախատեսված են … բոլոր նման հանգամանքների համար: Կարևոր է, … որ չլինի որևէ կասկած կամ մտահոգություն եկեղեցու կառավարման և մարգարեական պարգևների գործածության վերաբերյալ, այդ թվում այն իրավունքի, որը տրված է ոգեշնչմամբ և հայտնությամբ Եկեղեցու գործերն ու ծրագրերը ղեկավարելու համար այն իրավիճակում, երբ նախագահը հիվանդ է կամ ի վիճակի չէ լիարժեք գործել:

Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների խորհուրդը կանչված և կարգված են կրելու քահանայության բանալիները, ունենալու իշխանություն և պատասխանատվություն` կառավարելու Եկեղեցին, սպասավորելու եկեղեցական արարողությունները, ինչպես նաև մեկնաբանելու եկեղեցու վարդապետությունը, սահմանելու և վարելու նրա գործերը: Յուրաքանչյուր մարդ, ով ձեռնադրվում է որպես Առաքյալ և կարգվում որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ, հաստատվում է որպես մարգարե, տեսանող և հայտնող: Ինչպես իրենից առաջ եղած Նախագահները, Նախագահ Բենսոնը նույնպես ավագ Առաքյալ էր, երբ նա կանչվեց որպես Եկեղեցու Նախագահ: Նրա խորհրդականները կանչվել էին Տասներկուսի Խորհրդից: Հետևաբար, Առաջին Նախագահության Քվորումի պարտադիր անդամները և Տասներկուսի Խորհրդի անդամները եղել են սուրբ աշակերտության բանալիների, իրավունքների և իշխանության ստացողները:

Ես մեջբերում եմ Վարդապետություն և Ուխտերից.

«Մելքիսեդեկյան Քահանայությունից երեք Նախագահող Քահանայապետ, ընտրվելով Տասներկուսի կողմից, նշանակվելով ու կարգվելով այդ պաշտոնին, և աջակցվելով եկեղեցու վստահությամբ, հավատքով ու աղոթքով, կազմում են Եկեղեցու Նախագահության քվորումը» (ՎևՈւ 107.22):

Երբ նախագահը հիվանդ է կամ չի կարողանում լիարժեք կատարել իր պաշտոնի բոլոր պարտականությունները, նրա երկու խորհրդականները միասին կազմում են Առաջին Նախագահության Քվորումը: Նրանք շարունակում են Նախագահության ամենօրյա աշխատանքը: Բացառիկ հանգամանքներում, երբ միայն մեկն է ի վիճակի աշխատել, նա կարող է գործել Նախագահության պաշտոնի լիազորությամբ` ինչպես պարզաբանված է Վարդապետություն և Ուխտերի 102-րդ բաժնի հատվածներ 10-11-ում: …

… Առաջին Նախագահության խորհրդականները կատարում են այս պաշտոնի սովորական աշխատանքը: Իսկ եթե քաղաքականության, ընթացակարգերի, ծրագրերի կամ վարդապետության վերաբերյալ լուրջ հարց է առաջանում, ապա այն միասնաբար խորաքննվում է ու այդ մասին աղոթում են և Առաջին Նախագահությունը, և Տասներկուսի քվորումը: Այս երկու քվորումները` Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումները հանդիպում են, և յուրաքանչյուր մարդ ունի լիակատար ազատություն արտահայտվելու և քննարկելու յուրաքանչյուր կարևոր հարց:

Իսկ հիմա ես կրկին մեջբերում եմ Տիրոջ խոսքը. «Եվ յուրաքանչյուր որոշում, որը կայացվում է այս քվորումներից որևէ մեկի կողմից, պետք է լինի միաբան ձայնով. այսինքն՝ ամեն մի քվորումի յուրաքանչյուր անդամ պետք է համաձայն լինի նրա որոշումների հետ, որպեսզի նրանց որոշումները մեկը մյուսի հետ նույն զորությունը կամ օրինականությունն ունենան» (ՎևՈւ 107.27): …

… Թող բոլորը հասկանան, որ Հիսուս Քրիստոսն այս եկեղեցու գլուխն է, որը կրում է Նրա անունը: Նա հսկում է այն: Նա առաջնորդում է այն: Կանգնելով Իր Հոր աջ կողմում, Նա ուղղորդում է մեզ: Նա ունի բացառիկ արտոնություն, զորություն, ընտրություն` կանչելու մարդկանց Իր բարձր ու սուրբ պաշտոններին և ազատել նրանց համաձայն Իր կամքի` ետ կանչելով նրանց: Նա կյանքի ու մահվան Տերն է: Մենք չենք անհանգստանում այն հանգամանքների համար, որոնցում հայտնվում ենք: Ես ընդունում եմ այս հանգամանքները` որպես Նրա կամքի արտահայտություն: Ես նաև ընդունում եմ պատասխանատվությունը, գործելով իմ Եղբայրների հետ, անելու հնարավոր ամեն բան` առաջ տանելու այս սուրբ աշխատանքը նվիրաբերման ոգով, սիրով, համեստությամբ, պատասխանատվությամբ ու հավատարմությամբ:10

4

Առաքյալները Քրիստոսի անվան հատուկ վկաներն են ողջ աշխարհում:

Կարգվելով սուրբ աշակերտությանը և … ձեռնադրվելով որպես Տասներկուսի Խորհրդի անդամներ, ակնկալվում է, որ [Առաքյալները] հիմնականում նվիրվեն ծառայության գործին: Նրանք … իրենց կյանքում ամեն բանից առավել առաջին տեղում դնում են աշխարհում Քրիստոսի անվան հատուկ վկաները լինելու պարտականությունը: …

Ինչպես մենք բոլորս, նրանք նույնպես մարդիկ են: Նրանք ունեն իրենց ուժեղ և թույլ կողմերը: Բայց այսուհետև, իրենց կյանքի մնացած մասի համար, քանի դեռ հավատարիմ են, նրանց միակ գլխավոր մտահոգությունը պիտի լինի Աստծո գործի զարգացումը երկրի վրա: Նրանք պիտի մտահոգվեն Հոր զավակների բարօրության խնդրով` լինի Եկեղեցում, թե Եկեղեցուց դուրս: Նրանք պիտի անեն հնարավոր ամեն բան` սփոփելու վշտի մեջ գտնվողներին, ուժ տալու նրանց, ովքեր թույլ են, քաջալերել նրանց, ովքեր վարանում են, ընկեր դառնան միայնակին, կերակրեն չքավորին, օրհնեն հիվանդներին, բերեն վկայություն ըստ հատուկ գիտելիքի Աստծո Որդու` իրենց Ընկերոջ ու Տիրոջ մասին, ում ծառաներն են նրանք: …

… Ես վկայություն եմ բերում նրանց եղբայրության, նրանց նվիրումի, նրանց հավատի, նրանց աշխատասիրության ու նրանց վիթխարի աշխատանքի մասին` Աստծո արքայությունն առաջ տանելու գործում:11

Նկար
Տասներկու Առաքյալների Քվորում

Տասներկու Առաքյալների Քվորումը, 1965 թվական։ Ձախից աջ նստած են՝ Էզրա Թաֆտ Բենսոնը, Մարկ Ի․ Պետերսենը (բազկաթոռին), Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը (քվորումի նախագահը) և Լեգրան Ռիչարդսը։ Ձախից աջ կանգնած են՝ Գորդոն Բ․ Հինքլին, Դելբերտ Լ․ Ստեպլին, Թոմաս Ս․ Մոնսոնը, Սպենսեր Վ․ Քիմբալը, Հարոլդ Բ․ Լին, Մարիոն Գ․ Ռոմնին, Ռիչարդ Լ․ Էվանսը և Հովարդ Վ․ Հանթերը։

5

Առաջին Նախագահությունը և Տասներկուսը կարիք ունեն հայտնության և լիակատար ներդաշնակության, նախքան որոշում կայացնելը:

Ոչ մի որոշում չի կայացվում Առաջին Նախագահության և Տասներկուսի քննարկումների արդյունքում, առանց բոլոր ներգրավվածների ընդհանուր համաձայնության։ Քննարկվող գործի սկզբում կարող են լինել տարակարծություններ։ Դրանք պիտի ակնկալվեն։ Այդ մարդիկ պատկանում են հասարակության տարբեր խավերին։ Նրանք ինքնուրույն մտածող մարդիկ են։ Սակայն նախքան վերջնական որոշում կայացնելը, տիրում է մտքի ու խոսքի համերաշխություն։

Սա պիտի ակնկալվի, եթե Տիրոջ հայտնած խոսքը հետևում է դրան [տես ՎևՈւ 107.27, 30–31]: …

… [Երբ] ես ծառայում էի Տասներկուսի Խորհրդի անդամ, և [երբ] ես ծառայում էի Առաջին Նախագահությունում, երբեք որևէ մեծ քայլ չի ձեռնարկվել առանց այդ ընթացակարգը պահպանելու։ … Իրենց մտքերն արտահայտող տղամարդկանց հենց այդ գործընթացի ժամանակ տիրում է գաղափարների ու հասկացողությունների վերլուծություն ու տեսակավորում։ Սակայն իմ եղբայրների շրջանում ես չեմ նկատել որևէ լուրջ տարաձայնություն կամ անձնական թշնամանք։ Ընդհակառակը, ես նկատել եմ հրաշալի և ուշագրավ մի բան, որ տարբեր հայացքների տեր մարդիկ հավաքվում են Սուրբ Հոգու առաջնորդող ազդեցության և հայտնության զորության ներքո այնքան ժամանակ, մինչև որ տիրում է լիակատար ներդաշնակություն և լիարժեք համաձայնություն։ …

Ես չգիտեմ մեկ այլ կառավարման մարմին, որի մասին կարելի է նույնը ասել:12

6

Ցցի նախագահը կանչվում է ոգեշնչման միջոցով` ծառայելու որպես խորհրդական եպիսկոպոսներին ու ղեկավար ժողովրդի համար:

Ցցի նախագահը այն պաշտոնյան է, ով կանչվում է հայտնությամբ` կանգնելու ծխերի եպիսկոպոսների և Եկեղեցու Բարձրագույն Իշխանությունների միջև: Դա ամենապատասխանատու պարտականությունն է: Նա ուսուցանվում է Բարձրագույն Իշխանությունների կողմից և իր հերթին ուսուցանում եպիսկոպոսներին: …

Ցցի նախագահը ծառայում է որպես եպիսկոպոսների խորհրդական: Յուրաքանչյուր եպիսկոպոս գիտի, որ երբ նա ստիպված է առնչվել դժվար խնդրի հետ, կա մեկը, ում նա կարող է դիմել, որպեսզի կիսվի իր բեռով և խորհուրդ ստանա:

Նա տրամադրում է ապահովության երկրորդական միջոց` որոշելու նրանց արժանավորության աստիճանը, ովքեր պիտի գնան Տիրոջ տուն: … Նախագահը նմանապես դառնում է երկրորդ պաշտպանությունը` որոշելու նրանց արժանավորությունը, ովքեր գնում են ներկայացնելու Եկեղեցին միսիոներական դաշտում: Նա նույնպես հարցազրույց է ունենում թեկնածուների հետ, և միայն այն ժամանակ, երբ նա համարում է նրան արժանավոր, հաստատում է երաշխավորագիրը: Նմանապես, նրան իշխանություն է տրվում ձեռնադրել նրանց, ովքեր կանչվում են միսիայի և ետ կանչել, երբ նրանք արդեն ավարտում են ծառայությունը:

Ամենակարևորը` նա ցցի կարգապահական գլխավոր պաշտոնյան է։ … Նա շատ ծանր պարտականություն ունի հետևելու, որ ցցում ուսուցանված վարդապետությունը պահվի մաքուր ու անբիծ: Նրա պարտականությունն է հետևել, որ չուսուցանվի կեղծ վարդապետություն և չկատարվի կեղծ գործառույթ: Եթե կա որևէ Մելքիսեդեկյան Քահանայություն կրող, ով շեղվում է ընդունված կարգից կամ մեկ ուրիշը ևս ունի այդ խնդիրը` որոշակի հանգամանքների բերումով, նախագահը պիտի խորհրդակցի նրանց հետ, և եթե մարդը շարունակում է իր գործողությունները, ապա նախագահը պարտավոր է միջոցներ ձեռք առնել: Նա օրինախախտին կհրավիրի կարգապահական խորհրդի, որտեղ միջոցներ ձեռք կառնվեն նշանակելու փորձաշրջան, կամ զրկելու անդամությունից, կամ հեռացնելու Եկեղեցուց:

Սա ամենածանր և տհաճ հանձնարարությունն է, բայց նախագահը պիտի պատրաստ լինի դրան առանց վախի ու համակրանքի: Այս ամենն արվում է Հոգու ուղղորդմանը համահունչ և ինչպես հաստատված է Վարդապետություն և Ուխտերի 102-րդ բաժնում:

Հետագայում նա պիտի անի ամեն բան իր կարողությունների սահմաններում, որպեսզի աշխատի ու ժամանակին ետ բերի այն մարդուն, ում կարգավարժել են:

Այս ամենը և շատ ավելի ուրիշ բաներ կազմում են նրա պարտականությունների շրջանակը: Այստեղից հետևում է, որ նրա անձնական կյանքը պիտի օրինակ լինի իր ժողովրդի համար: …

… Քանի որ մենք շատ ենք վստահում [ցցի նախագահներին], տեղական անդամներին խնդրում ենք խորհրդի և իրենց օրհնելու համար չդիմել Բարձրագույն Իշխանավորներին: Նրանց ցցի նախագահները կանչվել են նույն ոգեշնչումով, որով կանչվել են Բարձրագույն Իշխանավորները:13

7

Եպիսկոպոսները իրենց հոտի հովիվն են:

[Եկեղեցին] կարող է աճել և անդամների թիվը բազմապատկվել, որն անշուշտ տեղի կունենա: Ավետարանը պիտի տարվի բոլոր ազգերին, ցեղերին, լեզուներին և ժողովուրդներին: Կանխատեսելի ապագայում երբեք չի կարող լինել փակուղի կամ ձախողում, պիտի առաջ շարժվենք, կառուցենք և տարածենք Սիոնը ողջ աշխարհում: Բայց այս ամենի հետ միասին պիտի լինեն մշտական մտերմիկ հովվական հարաբերություններ յուրաքանչյուր անդամի և իմաստուն ու հոգատար եպիսկոսպոսի կամ ճյուղի նախագահի միջև: Նրանք հոտի հովիվներն են, ում պատասխանատվությունն է հոգ տանել համեմատաբար փոքր քանակությամբ մարդկանց մասին այնպես, որ ոչ ոք չմոռացվի, բաց թողնվի կամ անտեսվի: Հիսուսը ճշմարիտ հովիվ էր, ով մեկ առ մեկ հասնում էր բոլոր նրանց, ովքեր վշտի մեջ էին, նրանց շնորհելով անհատական օրհնություն:14

Եկեղեցու եպիսկոպոսները … Իսրայելի հովիվներ են իսկական իմաստով: Բոլորը [Եկեղեցում] պատասխանատու են եպիսկոպոսի և ճյուղի նախագահի առաջ: Վիթխարի է այն բեռը, որը նրանք կրում են, և ես հրավիրում եմ Եկեղեցու յուրաքանչյուր անդամի անել ամեն հնարավորը, որպեսզի բարձրացնեն այն բեռը, որի տակ աշխատում են մեր եպիսկոպոսներն ու ճյուղի նախագահները:

Մենք պիտի աղոթենք նրանց համար: Նրանք օգնության կարիք ունեն իրենց ծանր բեռները կրելու համար: Մենք կարող ենք լինել ավելի աջակցող և ավելի քիչ կախում ունենալ նրանցից: Մենք կարող ենք աջակցել նրանց բոլոր հնարավոր եղանակներով: Մենք կարող ենք շնորհակալ լինել նրանցից այն ամենի համար, որ նրանք անում են: Մենք կարճ ժամանակում ուժասպառ ենք անում նրանց այն բեռներով, որոնք դնում ենք նրանց վրա:

… Յուրաքանչյուր [եպիսկոպոս] կանչված է մարգարեության ու հայտնության ոգով և ձեռնադրված ու կարգված է: Յուրաքանչյուրը կրում է իր ծխի նախագահության բանալիները: Յուրաքանչյուրը քահանայապետ է և իր ծխի նախագահող քահանայապետն է։ Յուրաքանչյուրը կրում է տնտեսվարության վիթխարի պարտականություններ: Յուրաքանչյուրը կանգնած է որպես հայր իր ժողովրդի համար:

Ոչ մեկը գումար չի ստանում իր ծառայության համար: Ոչ մի ծխի եպիսկոպոս փոխհատուցում չի ստանում իր աշխատանքի համար:

Եպիսկոպոսին ներկայացված պահանջները ներկայումս նույնն են, ինչ որ Պողոսի ժամանակ էին, ով գրել է Տիմոթեոսին [տես Ա Տիմոթեոս 3.2–6]: …

Տիտոսին գրված իր նամակում Պողոսն ավելացնում է, որ «եպիսկոպոսը պետք է անարատ լինի ինչպէս Աստուծոյ տնտես. …

Հաստատ բռնելով վարդապետութեան հաւատարիմ խոսքը, որ կարող լինի ողջամիտ վարդապետութիւնով հորդորել էլ և հակառակողներին հանդիմանել էլ» (Տիտոս 1.7, 9):

Այդ բառերը պատշաճ կերպով բնութագրում են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու եպիսկոպոսին այսօր:15

Ես խորհուրդ եմ տալիս Եկեղեցու ժողովրդին` ուր էլ որ լինեք, երբ բախվում եք խնդիրների հետ, նախ փորձեք լուծել դրանք ինքներդ: Մտածեք դրանց մասին, ուսումնասիրեք ձեզ հասանելի այլընտրանքները, աղոթեք դրանց մասին և դիմեք Տիրոջը առաջնորդության համար: Եթե դուք չեք կարող լուծել ձեր խնդիրները ինքներդ, ապա խոսեք ձեր եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի հետ: Նա Աստծո մարդն է, ով կանչվել է սուրբ քահանայության իշխանության ներքո` որպես հոտի հովիվ:16

Առաջարկներ ուսումնասիրության և ուսուցման համար

Հարցեր

  • Ինչու՞ մենք ապրող մարգարեների կարիք ունենք: Ի՞նչն է ձեզ վրա տպավորություն գործում Տիրոջ «մաքրող գործընթացում»` Եկեղեցու Նախագահ պատրաստելու և կանչելու համար: (Տես բաժին 1:)

  • Որո՞նք են ձեր տպավորությունները, երբ վերանայում եք Նախագահ Հինքլիի նկարագրությունը այն եղանակի մասին, որով ընտրվում են Եկեղեցու Նախագահները: (Տես բաժին 2:) Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Նախագահն ընտրվում է համաձայն «աստվածային ծրագրի, որն ապահովում է ոգեշնչված և ստուգված առաջնորդություն»:

  • Ի՞նչ սկզբունքներ ու ընթացակարգեր է հաստատել Տերը Եկեղեցին ղեկավարելու համար, եթե Նախագահն ի վիճակի չէ լիարժեք կատարել իր պարտականությունները: (Տես բաժին 3։)

  • Վերջին Օրերի Սրբերն ինչպե՞ս են արտահայտում մտահոգությունը Աստծո բոլոր զավակների համար` «ինչպես Եկեղեցու անդամների, այնպես էլ ոչ անդամների»: (Տես բաժին 4:) Համաժողովի ելույթներն ինչպե՞ս են արտացոլում այս մտահոգությունը: Դուք ինչպե՞ս եք օգտվել կենդանի մարգարեների և առաքյալների ուսմունքներից:

  • Վերանայեք Նախագահ Հինքլիի ուսմունքներն այն մասին, թե Առաջին Նախագահությունն ու Տասներկուսի Քվորումը ինչպես են որոշումներ կայացնում (տես բաժին 5): Ի՞նչ կարող ենք սովորել այն եղանակից, որով նրանք կայացնում են որոշումները: Ինչպե՞ս կարող ենք կիրառել այդ սկզբունքները մեր ընտանիքներում և Եկեղեցում:

  • Երբ վերանայում եք բաժիններ 6-ը և 7-ը, ի՞նչ եք սովորում ցցի նախագահի և եպիսկոպոսի կոչումների մասին: Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ աջակցել Եկեղեցու ղեկավարներին։

Առնչվող սուրբ գրություններ

Եփեսացիս 2.19–20, 4.11–14, ՎևՈւ 1.38, 21.1–6, Աբրահամ 3.22–23, Հավատո Հանգանակներ 1.5–6

Օգնություն ուսուցչին

«Վկայեք, երբ Հոգին ձեզ հուշում է անել այդ, ոչ թե ուղղակի ամեն դասի վերջում: Հնարավորություն տվեք նրանց, ում ուսուցանում եք, բերել իրենց վկայությունը» (Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում [1999], 45):

Հղումներ

  1. “In … Counsellors There Is Safety,” Ensign, Nov. 1990, 49.

  2. In Conference Report, Oct. 1961, 115–16; quoting “I Stand All Amazed,” Hymns, no. 193.

  3. “This Work Is Concerned with People,” Ensign, May 1995, 51.

  4. “Strengthening Each Other,” Ensign, Feb. 1985, 5.

  5. “He Slumbers Not, nor Sleeps,” Ensign, May 1983, 6–7.

  6. “Believe His Prophets,” Ensign, May 1992, 53.

  7. “Come and Partake,” Ensign, May 1986, 46–47.

  8. “This Is the Work of the Master,” Ensign, May 1995, 69.

  9. “The Church Is on Course,” Ensign, Nov. 1992, 53–54.

  10. “God Is at the Helm,” Ensign, May 1994, 54, 59.

  11. “Special Witnesses for Christ,” Ensign, May 1984, 49–51.

  12. “God Is at the Helm,” 54, 59.

  13. “The Stake President,” Ensign, May 2000, 50–51.

  14. “This Work Is Concerned with People,” 52–53.

  15. «Իսրայելի հովիվները» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2003, 60.

  16. “Live the Gospel,” Ensign, Nov. 1984, 86.