Նախագահների ուսմունքները
Գլուխ 8. Մենք ապավինում ենք Քրիստոսին


Գլուխ 8

Մենք ապավինում ենք Քրիստոսին

«Մենք հավատում ենք Քրիստոսին։ Մենք ուսուցանում ենք Քրիստոսի մասին: Մենք ապավինում ենք Քրիստոսին: Նա մեր Քավիչն է, մեր Տերն ու մեր Փրկիչը»:

Գորդոն Բ. Հինքլիի կյանքից

1975 թվականի ապրիլի գերագույն համաժողովի ժամանակ Երեց Գորդոն Բ. Հինքլին` այն ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ, կիսվեց հետևյալ փորձառությամբ:

«Վերջերս մենք անցկացրինք բաց դռների օրեր [Մեսա] Արիզոնա Տաճարում: Այդ կառույցի ամբողջական վերանորոգմանը հաջորդող ժամանակահատվածում մոտ կես միլիոն մարդ տեսան տաճարի ներսի գեղեցկությունը: Բացման հենց առաջին օրը, որպես հատուկ հյուրեր, հրավիրված էին այլ հավատների հոգևորականներ, և հարյուրավորներն արձագանքեցին այդ հրավերին: Ես պատիվ ունեցա խոսել նրանց հետ և պատասխանել նրանց հարցերին` որպես նրանց շրջագայությունների ամփոփում: Ես ասացի նրանց, որ ուրախ կլինենք պատասխանել նրանց յուրաքանչյուր հարցին: Շատերը հարցեր ունեին: Նրանց թվում կար մեկը, ով բողոքական քահանա էր:

Նա ասաց. «Ես շրջեցի այս ամբողջ կառույցով, տեսա այս տաճարը, որն իր ճակատին կրում է Հիսուս Քրիստոսի անունը, բայց ոչ մի տեղ չտեսա խաչ, որը քրիստոնեության խորհրդանիշն է: Ես ձեր շենքերը տեսել եմ նաև ուրիշ տեղերում և նորից նկատել եմ խաչի բացակայությունը: Ինչո՞ւ է դա այդպես, երբ դուք ասում եք, որ հավատում եք Հիսուս Քրիստոսին»։

Ես պատասխանեցի. «Ես չէի ցանկանա վիրավորել իմ քրիստոնյա եղբայրներից որևէ մեկին, որ օգտագործում են խաչը իրենց տաճարների զանգակատների վրա և ժամատների խորաններում, ովքեր կրում են այն իրենց զգեստների վրա և դրոշմում իրենց գրքերի և այլ գրականության վրա: Բայց մեզ համար խաչը մեռնող Քրիստոսի նշանն է, մինչ մեր ուղերձը կենդանի Քրիստոսի հռչակումն է»:

Այնուհետև նա հարցրեց. «Եթե դուք չեք օգտագործում խաչը, ապա ո՞րն է ձեր կրոնի խորհրդանիշը»:

Ես պատասխանեցի, որ մեր ժողովրդի կյանքը պիտի դառնա մեր հավատի միակ իմաստալից արտահայտությունը և հետևաբար մեր երկրպագության խորհրդանիշը: …

… Ոչ մի նշան, ոչ մի արվեստի գործ, ոչ մի պատկեր բավարար չէ՝ արտահայտելու Ապրող Քրիստոսի փառքն ու հրաշքը: Նա հայտնեց մեզ, թե որը պիտի լինի այդ խորհրդանիշը, երբ ասաց. «Եթե սիրում եք ինձ, պահեք իմ պատվիրանները»: (Հովհաննես 14.15:)

Որպես Նրա հետևորդներ, դրսևորելով անազնիվ, տգետ, անբարեկիրթ վարքագիծ, մենք կաղոտացնենք նրա պատկերը: Իսկ եթե լինենք բարի, գթասիրտ և առատաձեռն, ավելի պայծառ կփայլեցնենք նրա խորհրդանիշը, ում անունը մենք վերցրել ենք մեզ վրա:

Եվ այսպիսով, մեր կյանքը պիտի դառնա Կենդանի Քրիստոսի` Կենդանի Աստծո Հավերժական Որդու մասին մեր վկայության հայտարարության խորհրդանիշն ու իմաստալից արտահայտությունը:

Իմ եղբայրներ և քույրեր, սա այնքան պարզ է և այնքան խորիմաստ, ու մենք երբեք չպիտի մոռանանք այդ»:1

Նկար
Լեռան Քարոզը

«Մեր հավատի համար բացարձակապես առաջնային է Հիսուս Քրիստոսի` որպես Աստծո Որդու մասին վկայությունը: … Նա գլխավոր անկյունաքարն է այն Եկեղեցու, որը կրում է Նրա անունը»:

Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները

1

Հիսուս Քրիստոսը Կենդանի Աստծո Կենդանի Որդին է:

Մեր հավատի համար բացարձակապես առաջնային է Հիսուս Քրիստոսի` որպես Աստծո Որդու մասին վկայությունը: … Նա գլխավոր անկյունաքարն է այն Եկեղեցու, որը կրում է Նրա անունը:2

Մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսին։ Մենք ուսուցանում ենք Քրիստոսի մասին: Մենք ապավինում ենք Քրիստոսին: Նա մեր Քավիչն է, մեր Տերը և մեր Փրկիչը:3

Երկրային ծառայություն

Նա, ով Աստծո Որդին էր, Միածին Որդին, թողեց Իր Հոր սելեստիալ պալատը, որպեսզի դառնա մահկանացու: Նրա ծննդյան ժամանակ հրեշտակներն ու մոգերը եկան պարգևներ շնորհելու: Նա մեծացավ ինչպես Գալիլեայի Նազարեթ քաղաքի մյուս տղաները: Այնտեղ Նա «զարգանում էր իմաստութիւնով և հասակով, և շնորհքով` Աստուծոյ և մարդկանց մոտ» (Ղուկաս 2.52):

Մարիամի և Հովսեփի հետ Նա այցելեց Երուսաղեմ, երբ 12 տարեկան էր: Տան ճանապարհին նրանք կորցրին Հիսուսին: Վերադառնալով Երուսաղեմ, նրանք Հիսուսին գտան տաճարում` վարդապետների հետ զրուցելիս: Երբ Մարիամը կշտամբեց Նրան իրենց հետ չգնալու համար, Նա պատասխանեց. «Դուք չգիտեի՞ք, թե պետք է, որ ես իմ Հոր տանը լինեմ» (Ղուկասի 2.49): Նրա բառերը նախազգուշացնում էին Իր ապագա ծառայության մասին:

Այդ ծառայությունը սկսվեց Նրա մկրտության հետ` Հորդանան գետում Իր զարմիկ Հովհաննես Մկրտիչի ձեռքով: Երբ նա դուրս եկավ ջրից, Սուրբ Հոգին եկավ և աղավնու պես իջավ նրա վրա: Եվ մի ձայն երկնքից ասաց. «Դա է իմ սիրելի որդին, որին ես հաւանեցի» (Մատթեոսի 3.17): Այդ հայտարարությունը դարձավ Նրա աստվածության հաստատումը:

Նա ծոմ պահեց 40 օր, գայթակղվեց սատանայի կողմից, որը ձգտում էր Նրանից վերցնել աստվածությամբ նշանակված Նրա առաքելությունը: Իր հակառակորդի հրավերին Նա պատասխանեց. «Մի փորձիր Տիրոջը` քո Աստծուն» (Մատթեոս 4:7), նորից հայտարարելով Իր` Աստծո որդի լինելու փաստը:

Նա քայլեց Պաղեստինի փոշոտ ճամփաներով: Նա չուներ Իր սեփական տունը, ոչ էլ մի տեղ, որ գլուխը դներ: Նրա պատգամը խաղաղության ավետարանն էր: Նրա ուսմունքները վեհանձնության ու սիրո ուսմունքներ էին: «Եւ ով որ ուզէ քեզ հետ դատ վարել ու քո շապիկն առնել, քո բաճկոնն էլ թող նրա մոտ» (Մատթեոս 5.40):

Նա ուսուցանում էր առակներով: Նա գործեց հրաշքներ, որոնց նմանը երբեք չէին կատարվել նախկինում և չէին կատարվելու դրանից հետո: Նա բժշկեց նրանց, ովքեր երկար ժամանակ հիվանդ էին եղել: Նա օգնեց կույրերին տեսնել, խուլերին` լսել, կաղերին` քայլել: Նա կենդանացրեց մահացածներին, և նրանք նորից ապրեցին`փառաբանելու Նրան: Անշուշտ որևէ մարդ նախկինում երբեք այդպես չէր վարվել:

Քիչ մարդիկ հետևեցին Նրան, բայց շատերն էին ատում Նրան: Նա խոսում էր դպիրների ու փարիսեցիների մասին` որպես կեղծավորների, որպես ծեփած գերեզմանների մասին: Նրանք դավադրություն էին նյութում Նրա դեմ: Նա դրամափոխներին դուրս քշեց Տիրոջ տնից։ Դրամափոխներն առանց երկմտելու միացան նրանց, ովքեր ծրագրում էին ոչնչացնել Նրան: Բայց Նա ապստամբ չէր: Նա «ման եկաւ բարի անելով» (Գործք 10.38):

Մի՞թե այսքանը բավական չէր, որ Նա անմահանար: Մի՞թե բավական չէր, որ Նրա անունը դասվեր այն մեծ մարդկանց անունների թվին և նույնիսկ բարձր նրանցից, ովքեր քայլել են այս երկրի վրա, և ում անունները հիշվել են իրենց ասած խոսքերի և կատարած գործերի համար: Անշուշտ, Նա կդասվեր բոլոր ժամանակների մեծագույն մարգարեների շարքում:

Բայց այս ամենը բավարար չէր Ամենազորի Որդու համար: Դա նախաբանն էր այն մեծ գործերի, որոնք հետո պիտի գային: Դրանք եկան տարօրինակ ու սարսափելի ձևով:4

Ձերբակալություն, խաչելություն և մահ

Նրան դավաճանեցին, ձերբակալեցին, դատապարտեցին մահվան, որպեսզի Նա մահանար խաչելության սոսկալի չարչարանքներով: Նրա կենդանի մարմինը գամվեց փայտե խաչին: Նրա կյանքը դանդաղ մարում էր անասելի ցավերի մեջ: Նա, մինչ շնչում էր,աղաղակեց. «Հայր, թողիր դորանց. որովհետև չգիտեն թէ ինչ են անում» (Ղուկասի 23.34):

Երբ Նա ավանդեց հոգին, երկիրը ցնցվեց: Հարյուրապետը, ով տեսել էր այդ, հանդիսավորությամբ հայտարարեց. «Ճշմարիտ, որ սա Աստուծոյ Որդին էր» (Մատթեոսի 27.54):

Նրանք, ովքեր սիրում էին Նրան, Նրա մարմինը հանեցին խաչից: Նրանք հագցրին նրան ու տեղավորեցին նոր գերեզմանում: …

Նրա ընկերները, հավանաբար, արտասվում էին: Առաքյալները, ում Նա սիրում էր և կոչում էր Իր աստվածության վկաներ, արտասվում էին: Կանայք, ովքեր սիրում էին Նրան, արտասվում էին: Ոչ ոք չհասկացավ, թե Նա ինչ ասաց երրորդ օրը հարություն առնելու մասին: Ի՞նչ կարող էին նրանք հասկանալ: Այսպիսի բան նախկինում երբեք չէր պատահել: Դա միանգամայն աննախադեպ էր: Դա անհավատալի էր, նույնիսկ նրանց համար:

Նրանք հավանաբար ունեին ճնշվածության, հուսահատության ու թշվառության զգացում, երբ մտածում էին այն մասին, որ մահը վերցրեց իրենց Տիրոջը:5

Հարություն

Սակայն դա վերջը չէր: Երրորդ օրը առավոտյան Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը վերադարձան գերեզմանի մոտ: Ի մեծ զարմանս նրանց, քարը գերեզմանից հեռու էր գլորված, իսկ գերեզմանը բաց էր: Նրանք ուշադիր զննեցին ներսը: Երկու արարածներ սպիտակ հագած նստել էին գերեզմանի երկու կողմերում: Մի հրեշտակ հայտնվեց նրանց և ասաց. «Ի՞նչ եք կենդանին մեռելների մեջ որոնում:

Այստեղ չէ, այլ յարութիւն առաւ. յիշեցէք ինչպէս նա ձեզ հետ խօսեց, երբոր Գալիլեայումն էր,

Որ ասում էր, թե պետք է մարդի Որդին մեղաւոր մարդկանց ձեռը մատնուի` և խաչուի և երրորդ օրը յարութիւն առնէ» (Ղուկաս 24.5–7):

Այս պարզ խոսքերը` «Նա այստեղ չէ, այլ յարութիւն առաւ», դարձել են գոյություն ունեցող ամբողջ գրականության ամենախորիմաստ խոսքերը: Այդ խոսքերը դատարկ գերեզմանի հռչակումն են: Դրանք իրականացումն են այն ամենի, ինչ Նա խոսել էր նորից հարության առնելու մասին: Սրանք հաղթական պատասխանն են այն հարցին, որին բախվում է յուրաքանչյուր մարդ, կին և երեխա, ով երբևէ ծնվել է երկրի վրա:

Նկար
Քրիստոսն ուսուցանում է

«Նրա պատգամը խաղաղության ավետարանն էր: Նրա ուսմունքները վեհանձնության և սիրո ուսմունքներ էին»:

Հարություն առած Տերը խոսեց Մարիամի հետ, իսկ Մարիամը պատասխանեց: Նա տեսիլք չէր: Դա երևակայություն չէր: Նա իրական էր, որքանով Նա եղել էր մահկանացու կյանքում: Նա թույլ չտվեց նրան դիպչել իրեն: Նա դեռ չէր բարձրացել Իր Երկնային Հոր մոտ: Դա տեղի էր ունենալու շուտով: Ինչպիսի վերամիավորում պիտի լիներ այդ. գրկվել Հոր կողմից, ով սիրում էր Նրան և արտասվում Նրա համար Նրա հոգեվարքի ժամանակ:

Նա պիտի հայտնվեր երկու մարդկանց Էմմաուսի ճանապարհին: Նա պիտի զրուցեր և ճաշեր նրանց հետ: Նա պիտի հանդիպեր Իր Առաքյալներին փակ դռների ետևում և ուսուցաներ նրանց: Թովմասը ներկա չէր առաջին հնարավորության ժամանակ: Երկրորդ հնարավորության ժամանակ Տերը խնդրեց նրանց շոշափել Իր ձեռքերը և Իր կողը: Մեծագույն զարմանքով նա բացականչեց. «Ով իմ Տէրը, և ով իմ Աստուածը» (Հովհաննեսր 20.28): Մի [ուրիշ] անգամ Նա խոսեց 500 մարդու հետ: …

Եվ ահա մեկ այլ վկայություն: Սուրբ Գրքի այս ուղեկիցը` Մորմոնի Գիրքը, վկայում է, որ Նա հայտնվեց ոչ միայն Հին Աշխարհի մարդկանց, այլև Նոր Աշխարհի մարդկանց: Քանի որ մի անգամ նա հայտարարեց. «Եւ ուրիշ ոչխարներ էլ ունիմ, որ այս գավիթիցը չեն, և նորանց էլ պետք է բերեմ. և իմ ձայնին կլսեն, և մի հոտ ու մի հովիվ կլինին» (Հովհաննես 10.16

Այս կիսագնդի մարդկանց Նա հայտնվեց Իր Հարությունից հետո: Երբ Նա իջնում էր երկնքի ամպերի միջով, Հավերժական Հայր Աստծո ձայնը կրկին հանդիսավոր հռչակեց. «Ահա իմ Սիրելի Որդին, որից ես շատ գոհ եմ, որով ես փառավորեցի իմ անունը, լսե՛ք նրան» (3 Նեփի 11.7): …

Եվ եթե այս ամենը բավարար չէ, ահա Ջոզեֆ Սմիթի` այս տնտեսության մեծ մարգարեի հավաստի, վստահելի ու որոշակի վկայությունը: Տղան գնաց իր տան մոտ գտնվող անտառը և աղոթեց` փնտրելով լույս և ըմբռնում: Եվ այնտեղ երկու Անձնավորություն հայտնվեցին նրան, նրանից վեր՝ օդի մեջ կանգնած, ում պայծառությունն ու փառքն ամեն նկարագրությունից վեր էր: Նրանցից մեկը խոսեց նրա հետ, դիմելով նրան «անունով և ասաց՝ մատնացույց անելով մյուսին. Սա է Իմ Սիրելի Որդին: Լսի՛ր Նրան» [Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.17]:

Այս նույն Ջոզեֆը հայտարարեց հաջորդ հնարավորության դեպքում. «Եվ մենք տեսանք փառքը Որդու, Հոր աջ կողմում և ստացանք նրա լիությունից, …

Եվ արդ, բազմաթիվ վկայություններից հետո, որ տրվել են նրա մասին, սա է վկայությունը, ամենավերջինը, որ մենք տալիս ենք նրա մասին. Որ նա ապրո՛ւմ է»: (ՎևՈւ 76.20, 22):6

Բոլոր նրանց համար, ովքեր, հնարավոր է, կասկածներ ունեն, ես կրկնում եմ այն բառերը, որոնք ասվեցին Թովմասին, երբ նա շոշափեց Տիրոջ վիրավոր ձեռքերը: «Մի լինիր անհաւատ` այլ հաւատացեալ» [Հովհաննես 20.27]: Հավատացեք Հիսուս Քրիստոսին` Աստծո Որդուն, ժամանակի և հավերժության մեջ ամենամեծ գործիչին: Հավատացեք, որ նրա անզուգական կյանքը գնում էր ետ` նախքան աշխարհի կազմավորումը: Հավատացեք, որ Նա էր Արարիչը այն երկրի, որի վրա ապրում ենք: Հավատացեք, որ Նա Եհովան էր Հին Կտակարանում և Մեսիան էր Նոր Կտակարանում, որ Նա մահացավ ու հարություն առավ, այցելեց արևմտյան մայրցամաքները և ուսուցանեց մարդկանց այստեղ, որ Նա առաջնորդ էր այս վերջին տնտեսությունում, և որ ապրում է Նա` Կենդանի Աստծո Կենդանի Որդին, մեր Փրկիչը և մեր Քավիչը:7

2

Մեզանից յուրաքանչյուրը կարող է իմանալ, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է և աշխարհի Քավիչը` հարություն առած գերեզմանից:

Մարդիկ պայքար են մղում հավատի համար, բայց սահմանները միշտ չէ, որ հստակ են գծված, քանի որ նույնիսկ քրիստոնեության ուժերի միջև կան այնպիսիները, որոնք կկործանեին Քրիստոսի աստվածությունը, ում անունից խոսում են: Նրանք կարող էին անուշադրության մատնվել, եթե նրանց ձայները չլինեին այդքան գայթակղիչ, եթե նրանց ազդեցությունն այդքան հեռուն գնացող չլիներ, եթե նրանց պատճառներն այդքան նուրբ չլինեին:

Բազմություններ կհավաքվեն հազարավոր բարձունքներում` դիմավորելու Զատիկի օրվա այգաբացը և հիշելու պատմությունը Հիսուս Քրիստոսի մասին, ում հարությունը նրանք կնշեն: Տարբեր հավատների քարոզիչներ գեղեցիկ ու լավատեսական լեզվով կպատմեն դատարկ գերեզմանի պատմությունը: Նրանց ու ձեզ ես ուղղում եմ նույն հարցը: «Դուք իրականում հավատո՞ւմ եք դրան»:

Դուք իրականում հավատո՞ւմ եք, որ Հիսուսը Աստծո որդին էր, Հոր ուղիղ ժառանգը:

Դուք հավատո՞ւմ եք, որ Աստծո` Հավերժական Հոր ձայնը հռչակեց Հորդանանի ջրերի վրա. «Դա է իմ սիրելի Որդին, որին ես հաւանեցի»։ (Մատթեոսի 3.17:)

Դուք հավատո՞ւմ եք, որ այդ նույն Հիսուսը հրաշքներ էր գործում, բժշկում հիվանդներին, վերականգնում թույլերին ու կյանքի կոչում մահացածներին:

Դուք հավատո՞ւմ եք, որ սարի վրա իր մահից և Հովսեփի գերեզմանում իր թաղումից հետո Նա հարություն առավ երրորդ օրը:

Դուք իրականում հավատո՞ւմ եք, որ Նա այնուամենայնիվ ապրում է` իրական, եռանդուն և անձնապես, որ Նա կգա նորից` ինչպես հրեշտակները խոստացան Նրա համբարձման ժամանակ:

Դուք իրականում հավատո՞մ եք այս բաներին։ Եթե այո, ապա դուք մաս եք կազմում այն քչացող իրատեսների, ում քմծիծաղով են վերաբերվում փիլիսոփաները, ում ծաղրում են որոշ մանկավարժներ, և որոնց նեղ շրջանակի կրոնի ծառաներն ու ազդեցիկ աստվածաբանները բոլորից շատ են «անտեղյակ» համարում:

… Այդ մտավորականների աչքում սրանք առասպելներ են. Հիսուս Քրիստոսի` որպես Աստծո Որդու ծնունդը, ում համար հրեշտակները երգեցին Հուդայի հովիտներում, հրաշագործը, ով բժշկեց հիվանդներին, կենդանացրեց մահացածներին, Քրիստոսը հարություն առավ մեռելներից, համբարձումն ու խոստացված վերադարձը:

Այս ժամանակակից աստվածաբանները զրկում են նրան աստվածությունից, իսկ հետո զարմանում են, թե մարդիկ ինչու չեն երկրպագում Նրան:

Նկար
Էմմաուս տանող ճանապարհը

Հարություն առած Տերը երկու մարդու հետ քայլեց Էմմաուս տանող ճանապարհին:

Այս գիտունները Հիսուսից վերցրել են աստվածության թիկնոցը և թողել են միայն մարդուն: Նրանք փորձել են հարմարեցնել Նրան իրենց սեփական մտածողությանը։ Նրանք կողոպտել են Նրան` խլելով նրա աստվածային ծագումը և աշխարհից վերցրել են դրա օրինական Թագավորին: …

… Ես տալիս եմ հանդիսավոր վկայություն, որ Աստված ապրում է, բացառությամբ, եթե Նա չդիտարկվի անկյանք մեկնաբանությամբ: …

… Այստեղ հարկավոր է ավելին, քան խելամիտ հավատը: Անհրաժեշտություն կա հասկանալու Նրա եզակի ու անօրինակ դերը` որպես աստվածային Քավիչի և խանդավառության անհրաժեշտություն` հասկանալու Նրան ու Նրա պատգամը` որպես Աստծո որդու:

Այդ ըմբռնումը և այդ խանդավառությունը մատչելի են բոլորին, ովքեր կվճարեն գինը: Դրանք անհամատեղելի են բարձրագույն կրթության հետ, բայց նրանք չեն գա միայն փիլիսոփայություն կարդալուց։ Ոչ, նրանք գալիս են պարզ գործընթացի արդյունքում: Աստծո բաները հասկացվում են միայն Աստծո Հոգու միջոցով: (Ա Կորնթացիս 2.11:) Այդպես է հայտարարում հայտնության ոգին:

Տիրոջը հասկանալու և Նրա հանդեպ խանդավառություն ձեռք բերելու համար պիտի հետևենք հետևյալ պարզ կանոններին: … Ես կկամենայի առաջարկել երեք կանոն, որոնք տարրական են իրենց հասկացողության մեջ, համարյա մաշված` իրենց կրկնողության մեջ, բայց հիմնարար` իրենց կիրառության մեջ և բեղմնավոր` իրենց արդյունքում: …

Առաջինը` կարդալ, կարդալ Տիրոջ խոսքը: … Օրինակ` կարդալ Հովհաննեսի ավետարանը սկզբից մինչև վերջ: Թող Տերը ինքը խոսի ձեզ հետ, և այս բառերը կգան լուռ համոզմունքով, որն անիմաստ կդարձնի իր քննադատների խոսքերը: Կարդացեք նաև Նոր Աշխարհի վկայությունը` Մորմոնի Գիրքը, որը ստեղծվեց որպես վկայություն այն բանի, «որ Հիսուսը Քրիստոսն է՝ Հավերժական Աստվածը, որն իրեն հայտնում է բոլոր ազգերին»։ (Մորմոնի Գիրք. տիտղոսաթերթ:)

Հաջորդը ծառայելն է` ծառայել Տիրոջ գործին: … Քրիստոսի գործը ձեր կասկածների կարիքը չունի, այն ունի ձեր ուժի, ժամանակի ու տաղանդների կարիքը, և երբ դուք գործադրեք սրանք ծառայության մեջ, ձեր հավատը կաճի, իսկ ձեր կասկածները կպակասեն: …

Երրորդը` աղոթելն է: Խոսեք ձեր Հավերժական Հոր հետ` Իր Սիրելի Որդու անունով: «Ահա,- ասում է նա,- Ես դռան առաջին կանգնած եմ եւ թակում եմ. եթէ մէկը լսէ իմ ձայնը եւ դուռը բանայ, կ’մտնեմ նորա մօտ եւ ընթրիք կ’անեմ նորա հետ, եւ նա ինձ հետ»։ (Հայտն. 3.20:)

Սա Նրա հրավերն է, իսկ խոստումը` վստահելի: Դուք հավանաբար ձայներ չլսեք երկնքից, բայց երկնքից կգա խաղաղ ու վստահելի հավաստիացում: …

… Փայլելով փիլիսոփայության ողջ խառնաշփոթի մեջ, այսպես կոչված բարձրագույն քննադատության և բացասական աստվածաբանության մեջ կգա Սուրբ Հոգու վկան, որ Հիսուսն իրոք Աստծո Որդին է, ծնված մարմնում, աշխարհի Փրկիչը` գերեզմանից հարություն առած, Տերը, ով կգա թագավորելու որպես թագավորների Թագավոր: Դուք հնարավորություն ունեք իմանալու այդ ամենը: Ձեր պարտականությունն է պարզել:8

3

Մենք պիտի մշտապես հարցնենք ինքներս մեզ. «Ապա ի՞նչ անենք մենք Հիսուսին, որ Քրիստոս է կոչվում»:

Ես նորից եմ տալիս հարցը, որն առաջարկվել էր Պիղատոսի կողմից երկու հազար տարի առաջ. «Ապա ի՞նչ անեմ Հիսուսին, որ Քրիստոս է կոչվում»: (Մատթեոսի 27.22:) Իրականում մենք պիտի մշտապես հարցնենք ինքներս մեզ. «Ի՞նչ անենք մենք Հիսուսին, որ Քրիստոս է կոչվում»: Մենք ի՞նչ պիտի անենք Նրա ուսմունքների հետ, և ինչպե՞ս կարող ենք դարձնել դրանք մեր կյանքի անբաժանելի մասը: …

… «Ահա Աստուծոյ Գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը»: ( Հովհաննեսի 1.29:) Որքան աղքատ կլիներ մեր կյանքն առանց Նրա ուսմունքների ազդեցության ու Նրա անզուգական օրինակի: Մյուս այտը շրջելու, երկրորդ մղոնը գնալու, անառակ որդու վերադարձի, և բազմաթիվ այլ անզուգական ուսմունքների դասերը զտվել են դարերի միջով, որպեսզի, կատալիզատոր դառնալով, հայտնաբերեն մարդու բարությունն ու ողորմածությունը նրա դաժանության միջից:

Դաժանությունը թագավորում է այնտեղ, որտեղից Քրիստոսը վտարվում է: Բարությունն ու համբերությունը տիրում են այնտեղ, որտեղ Քրիստոսին ընդունում են և նրա ուսմունքներին հետևում են:

Ապա մենք ի՞նչ անենք Հիսուսին, որ Քրիստոս է կոչվում: «Քեզ հայտնե, ով մարդ, թե ինչ է բարին. և Տերը ի՞նչ է ուզում քեզանից, այլ միայն իրաւունք անել, ողորմութիւն սիրել, և խոնարհութեամբ վարվիլ քո Աստուծոյ հետ» (Միքիա 6.8:)

«Ուստի, ես ասում եմ ձեզ, որ դուք պետք է ներեք միմյանց. քանզի, ով իր եղբորը չի ներում նրա զանցանքները, դատապարտված կանգնած է Տիրոջ առաջ. քանզի նրա մեջ ավելի մեծ մեղք է մնում» (ՎևՈւ 64․9)։ …

Ապա մենք ի՞նչ անենք Հիսուսին, որ Քրիստոս է կոչվում: «Որովհետեւ սովեցի, եւ դուք տուիք ինձ ուտել. Ծարաւեցի եւ խմեցրիք ինձ, օտար էի, եւ ինձ ձեզ մօտ առաք. Օտար էի, և ինձ ձեզ մոտ առաք. Մերկ էի, եւ հագցրիք ինձ. Հիւանդ էի, և ինձ այցելեցիք. Բանտի մէջ էի, եւ ինձ մօտ եկաք»: (Մատթեոսի 25.35–36) …

Ապա մենք ի՞նչ անենք Հիսուսին, որ Քրիստոս է կոչվում:

Նրանից սովորեցեք: Քննեցեք սուրբ գրությունները, քանի որ դրանք վկայում են Նրա մասին: Խորհեք Նրա կյանքի ու առաքելության մասին: Փորձեք մի փոքր ավելի ջանասիրաբար հետևել Նրա օրինակին և ուսումնասիրել Նրա ուսմունքները:9

4

Մենք ապավինում ենք Հիսուս Քրիստոսին` որպես մեր փրկության վեմի, Նա է մեր փրկությունը, մեր ուժը, մեր սփոփանքը և մեր հավատի կենտրոնը:

Մենք չգիտենք, ինչ է սպասվում մեզ ապագայում: Մենք չգիտենք, ինչ կբերեն մեզ գալիք օրերը: Մենք ապրում ենք անորոշության աշխարհում: Ոմանց համար կլինեն մեծ ձեռքբերումներ: Մյուսները կունենան հիասթափություններ: Ոմանց համար կլինի հրճվանք և ուրախություն և կունենան փարթամ ապրելակերպ: Ուրիշները, հավանաբար, կունենան հիվանդություններ և վիշտ: Մենք չգիտենք։ Բայց մի բան մենք գիտենք: Ինչպես բևեռային աստղը երկնքում, անկախ այն բանից, թե ինչ է պահում ապագան մեզ համար, այնտեղ կանգնած է աշխարհի Քավիչը, Աստծո Որդին, որոշակի և վստահ` ինչպես մեր մահկանացու կյանքի խարիսխը: Նա է մեր փրկության վեմը, մեր ուժը, մեր սփոփանքը, մեր հավատի կենտրոնը:

Մենք ապավինում ենք Նրան լավ և վատ ժամանակներում, և Նա այնտեղ է, որպեսզի հավաստիացնի և ժպտա մեզ:10

Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ,

Հաղթական Փրկիչը, Աստծո Որդին,

Հաղթելով ցավն ու մահը

Իմ թագավորը, առաջնորդն ու Տերը:

Նա ապրում է, իմ հավատի միակ ամուր վեմը,

Մարդկանց միակ պայծառ հույսը երկրի վրա,

Նա է փարոսը դեպի լավ կյանք։

Լույսը` մահվան վարագույրից այն կողմ:

Օ, տուր ինձ Հոգու քաղցր հանդարտություն:

Խաղաղություն, որ միայն քեզնից է գալիս,

Հավատ` մենակ քայլելու ճանապարհով,

Որը տանում է դեպի քո հավերժությունը:11

Առաջարկներ ուսումնասիրության և ուսուցման համար

Հարցեր

  • Վերանայեք Նախագահ Հինքլիի վկայության խոսքերը բաժին 1-ում և ժամանակ հատկացրեք խորհելու Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայության վերաբերյալ: Ինչո՞ւ եք դուք երախտապարտ Փրկիչի ծառայության ու Քավության համար: Փրկիչի կյանքի ո՞ր պատմություններն ու ուսմունքներն ունեն հատուկ նշանակություն ձեզ համար:

  • Ինքներդ ձեզ ուղղեք 2-րդ բաժնում տրված հարցերից յուրաքանչյուրը: Ձեր պատասխաններն ինչպե՞ս են անդրադառնում ձեր առօրյա կյանքի վրա: Նույն բաժնում վերանայեք Նախագահ Հինքլիի երեք «պարզ կանոնները», որպեսզի ձեռք բերեք «Աստծո բաների» հասկացողությունը: Այս սկզբունքներն ինչպե՞ս օգնեցին ձեզ խորացնել ձեր հոգևոր ըմբռնումը։

  • Նախագահ Հինքլին բազմիցս հարցնում էր. «Ապա ի՞նչ անենք մենք Հիսուսին, որ Քրիստոս է կոչվում» (բաժին 3): Ի՞նչ կարող ենք սովորել նրա պատասխաններից: Մտածեք, թե դուք ինչպես կպատասխանեիք այդ հարցին։ Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքը, եթե դուք չիմանայիք Փրկիչի ուսմունքների և օրինակի մասին։

  • Նախագահ Հինքլին շեշտել է, որ Հիսուս Քրիստոսը մեր խարիսխն է անորոշության աշխարհում (տես բաժին 4): Ե՞րբ եք զգացել Փրկիչի զորությունն ու սփոփանքը դժվար ժամանակներում: Խորհեք 4-րդ բաժնում գտնվող Նախագահ Հինքլիի ուսմունքների մասին: Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը դառնում մեր «միակ պայծառ հույսը»: Ինչո՞ւ է Նա մեր «խարիսխը դեպի ավելի լավ ուղի»։

Առնչվող սուրբ գրություններ

Ղուկաս 24.36–39, Հովհաննես 1.1–14, Գործք 4.10–12, 2 Նեփի 2.8, 25.26, Ալմա 5.48, ՎևՈւ 110.3–4

Օգնություն ուսումնասիրողին

«Մշակեք ուսումնասիրության այնպիսի վարժություններ, որոնք կկառուցեն Փրկիչի հանդեպ ձեր հավատը» (Քարոզիր Իմ Ավետարանը [2004], 22): Օրինակ, ուսումնասիրելիս ինքներս մեզ կարող ենք տալ նմանատիպ հարցեր. Ինչպե՞ս են այս ուսմունքներն օգնում ինձ մեծացնել իմ հասկացողությունը Հիսուս Քրիստոսի Քավության մասին: Ինչպե՞ս կարող են այս ուսմունքներն օգնել ինձ ավելի նմանվել Փրկիչին:

Հղումներ

  1. “The Symbol of Christ,” Ensign, May 1975, 92, 94.

  2. “Four Cornerstones of Faith,” Ensign, Feb. 2004, 4.

  3. Teachings of Gordon B. Hinckley (1997), 280.

  4. “He Is Not Here, but Is Risen,” Ensign, May 1999, 71.

  5. “He Is Not Here, but Is Risen,” 71.

  6. “He Is Not Here, but Is Risen,” 71–72.

  7. “Be Not Faithless,” Ensign, Apr. 1989, 2.

  8. In Conference Report, Apr. 1966, 85-87.

  9. «Ապա ի՞նչ անեմ Հիսուսին, որ Քրիստոս է կոչվում»: Ensign, Dec. 1983, 3-5.

  10. “We Look to Christ,” Ensign, May 2002, 90.

  11. «Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ»Հիմներ, հ․ 38, խոսքերի հեղինակ՝ Գորդոն Բ․ Հինքլի։