2017
Նոր ուղղություն Մելքիսեդեկյան Քահանայության և Սփոփող Միության ժողովների համար
November 2017


Նոր ուղղություն Մելքիսեդեկյան Քահանայության և Սփոփող Միության ժողովների համար

«Ի՞նչ եմ անելու առանց ձեռնարկի», – մտածել է Նենսի Ֆերագենը՝ Սփոփող Միության ուսուցիչը, երբ առաջին անգամ ընթերցել է «Եկ, հետևիր ինձ ուղերձը Մելքիսեդեկյան Քահանայության և Սփոփող Միության համար» նյութը: «Սկզբում խուճապի մեջ էի», – խոստովանել է նա: «Այնուհետև մի միտք ծագեց. Տերը ցանկանում է, որ ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենանք ինքնուսուցման հարցին և մեծացնենք մեր հոգևորությունը՝ որպես եղբայրներ և քույրեր ավետարանում»:

« Անվստահ ես զգում քննարկում վարելու գալ առանց մեծաքանակ նյութերով պատրաստվելու և միայն Տիրոջ վրա հույս դնելով, – ասել է Սփոփող Միության նախագահ Լինդա Հարմոնը, – բայց եթե պատրաստվել եք աղոթքով, ուսումնասիրությամբ, տաճար գնալով և էլի ինչ-որ եղանակներով, ապա զարմանալի կերպով դուք ոգեշնչված կլինեք դա կատարելու»:

Ուսուցանել Փրկիչի ձևով

«Նոր ուսումնական ծրագրի մարտահրավերներից մեկն այն է, որ մարդիկ չուսուցանեն հին ձևով», – ասել է եպիսկոպոս Բոյդ Ռոբերթսը: «Մենք պարզապես պետք է դադարենք տեղեկատվություն տարածել, դուրս գանք այդ ուղուց և թույլ տանք, որ Հոգին ուսուցանի»:

«Դա ուսուցանելու նոր եղանակ է, որը կարող է դժվար լինել որոշ մարդկանց համար», – ասել է Սփոփող Միության նախագահ Լիզա Սմիթը` անդրադառնալով «Ուսուցանել Փրկիչի ձևով» ծրագրին: «Դրա համար կարևոր է ձևավորել ուսուցման լավ մեթոդներ և խրախուսել ղեկավարներին հետևողականորեն հաճախել ուսուցիչների խորհրդի ժողովներին», – ասել է նա:

Պատրաստվել և ուսուցանել

Դեյվիդ Մայքլսոնը՝ քահանայապետերի խմբի ուսուցիչը, ասել է, որ Վարդապետություն և Ուխտեր 88.78-ում գրված «ուսուցանել ջանասիրությամբ» արտահայտությունը վերաբերում է մեր նախապատրաստվելուն և մեր ունակությանը՝ ուսուցանելու ընթացքում ջանասիրաբար հետևել Հոգուն: Եթե ուսուցանենք ջանասիրաբար, Տիրոջ շնորհը կայցելի մեզ, և մենք կուսուցանվենք կատարյալ կերպով: Ես կարծում եմ, որ դա ուսուցման Տիրոջ կատարյալ եղանակն է: Ուսուցիչը, որը վարում է քննարկումը, պետք է ցանկանա ուսուցանվել Տիրոջ կողմից:

Ադամ Բուշմենը, ով երեցների քվորումի ուսուցիչ է, պատրաստվում է դասերին, վերընթերցելով գերագույն համաժողովից որոշ ընտրված ելույթներ, այնուհետև աղոթքով որոշելով, թե որ գաղափարներն են կարևոր քվորումի համար: «Որպեսզի օգնենք մարդկանց ավելի շատ ժամանակ ունենալ խորհելու համար, – բացատրում է նա, – շաբաթվա ընթացքում մի էլեկտրոնային նամակ է ուղարկվում, որում ասվում է. «Սա այն ելույթն է, որը մենք քննարկելու ենք և կցանկանայինք, որ մտածեիք հետևյալ հարցերի շուրջ»:

Խորհրդակցել և սովորել միասին

«Կիրակիները Սփոփող Միությունում այլևս միայն ղեկավարների պարտականությունների ցանկում չեն, – ասել է Սփոփող Միության նախագահության խորհրդական Բրուք Ջենսենը: Յուրաքանչյուր անդամ ակտիվ դեր ունի»:

Եղբայր Բուշմենի կարծիքով, երբ շրջանաձև են նստում դասին, այն ավելի լավ է ընթանում: «Ինձ դուր է գալիս այդպես, – ասել է նա: Դա փոխում է զրույցի բնույթը: Փոխում է մարդկանց ակնկալիքները: Հիմա ավելի շատ մարդիկ են հաճախում: Եթե նախկինում եղբայրներից մեկը կամ երկուսն էին սովորաբար պատասխանում հարցերին, այժմ նոր մարդիկ են միանում զրույցին»:

Երբ Ռեբեկկա Սիբախը՝ մի քույր Սփոփող Միությունից, առաջին անգամ լսեց խորհուրդները նորովի անցկացնելու մասին, անմիջապես մտածեց ընկերների մասին, ովքեր ակտիվ չէին: «Ես գիտեի նրանց մտահոգությունները, – ասել է նա: Նրանք ինձ հետ կիսվել էին Եկեղեցի գալու հետ կապված իրենց մտավախություններով և դժվարություններով և ես մտածեցի, որ այս փոփոխությունը հիանալի հնարավորություն է նրանց հետ կապվելու և ասելու, որ նրանց կարիքը կա խորհրդում: Խնդրում եմ, եկե՛ք և արտահայտվե՛ք»:

«Երբ ես վերջապես արտահայտվեցի խորհրդի ժողովի ժամանակ, – ասել է Սփոփող Միության նախագահության խորհրդական Լոնա Մարի Քուքը, զարմանալի էր զգալ, որ մարդիկ համամիտ էին, և որ դու այդ համայնքի մի մասն ես»:

Ստանալ ոգեշնչում և գործել համապատասխան

«Մենք այնպիսի մթնոլորտ ենք ստեղծում, որտեղ Հոգին կարող է ուսուցանել, իսկ մենք՝ լսել», – ասել է եպիսկոպոս Ռոբերթսը: «Հոգին դառնում է ուսուցիչ, ցույց է տալիս մեզ, թե ինչ պետք է անենք մեր անձնական կյանքում, ընտանիքում և կոչումներում: Այն, ինչ մենք անում ենք այդ հուշումների արդյունքում, հանգեցնում է ճշմարիտ դարձին և ծառայությանը»:

Սփոփող Միության նախագահ Սյուզան Ֆարրը ասել է. «Այս մեթոդը մեզ դրդում է վեր կենալ և գործել, ոչ թե հեռանալ դասից, մտածելով, որ այն ոգեշնչող էր, բայց շուտով մոռանալ դրա մասին: Միասին խորհրդակցելը օգնում է մեզ հասկանալ, որ ուսումը և գործողությունները բոլորիս համար են, ոչ թե միայն ուսուցչի»:

«Երբ գրի ենք առնում մեր տպավորությունները, այնուհետև գործում ըստ դրանց, մենք սրտի փոփոխություն ենք զգում և դառնում ենք Տիրոջ ավելի լավ ծառաները», – ասել է Սփոփող Միության նախագահության խորհրդական Սյուզան Միտչելը:

«Իմանալով, որ հաշվետու ենք լինելու ինչ-որ բանի համար, և ինչ-որ մեկը հարցնելու է մեր կարծիքը, – ասել է քույր Սմիթը, – մենք ավելի ակտիվ մասնակից ենք դառնում մեր վկայությունների կառուցման գործում»:

Քահանայապետերի խմբի ղեկավար Լանդեն Ռոնդին ասել է, որ է-փոստով տեղեկացնելը, թե ինչ է պլանավորվել և քննարկվել, «օգնում է անդամներին ուշադրություն դարձնել շաբաթվա ընթացքում իրենց ունեցած փորձին, որով կցանկանային կիսվել հաջորդ կիրակի օրը»:

Եպիսկոպոս Ռոբերթսը հավելել է. «Այդ հաղորդագրություններից ես զգացել եմ կիսվելու և ուսուցանվելու շարունակական ոգին, երբ շաբաթվա ընթացքում եղբայրները էլեկտրոնային փոստով փոխանակվում էին մտքերով և զգացումներով, որոնք ամրապնդում են իրենց քվորումը»:

«Տերը ցանկանում է, որ մենք ի սրտե հաղորդակցվենք միմյանց հետ, և դա կարող է տեղի ունենալ, երբ մենք նպատակային հանդիպենք», – եզրափակել է քույր Սիբախը: «Այս նոր ուսումնական ծրագիրն օգնում է մեզ բացահայտել հետաքրքրող թեմաները, նպատակներ դնել, պատասխաններ ստանալու համար օգտվել ճիշտ աղբյուրից, ստանալ անձնական հայտնություն և բարձրացվել մեկս մյուսով, երբ դառնում ենք դեպի ապրող մարգարեները մեր օրերում մեզ անհրաժեշտ պատասխանների համար»: