2017
Երեք քույրեր
November 2017


Երեք քույրեր

Մենք պատասխանատու ենք մեր աշակերտ լինելու կոչման համար և այն քիչ կամ ոչ մի կապ չունի այն բանի հետ, թե ուրիշներն ինչպես են վերաբերվում մեզ։

Սիրելի՛ քույրեր, սիրելի՛ընկերներ, գերագույն համաժողովիմեկնարկումը քույրերի ընդհանուր նիստով նշանակալից և հրաշալի է։ Միայն պատկերացրեք․ տարբեր տարիքային խմբերի, տարբեր պատմություններով և տարբեր լեզուներով խոսող քույրերը համախմբվել են Տեր Հիսուս Քրիստոսի հավատքով և սիրով։

Երբ վերջերս հանդիպեցինք մեր սիրելի մարգարե Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետ, նա արտահայտեց իր մեծ սերը Տիրոջ հանդեպ: Եվ ես գիտեմ որ Նախագահ Մոնսոնը շատ երախտապարտ է ձեր սիրո, ձեր աղոթքների և Տիրոջը ձեր նվիրվածության համար։

Շատ տարիներ առաջ մի հեռավոր վայրում միասին ապրում էին երեք քույրեր։

Առաջին քույրը տխուրն էր։ Նրա կարծիքով իր մեջ՝ ոտնաթաթից մինչև մազերի ծայրը, ինչ-որ բան այնքան էլ ճիշտ չէր։ Երբ նա խոսում էր, նրա բառերը հաճախ տարօրինակ էին հնչում, և մարդիկ ծիծաղում էին։ Երբ ինչ-որ մեկը քննադատում էր նրան կամ «մոռանում» էր հրավիրել նրան, նա կարմրում և հեռանում էր, գտնում էր առանձին մի վայր, տխուր հոգոց հանում ու մտածում, թե ինչու էր կյանքն այդքան դժգույն և տխուր։

Երկրորդ քույրը զայրացկոտն էր։ Նա կարծում էր, որ ինքն ամենախելացին է, բայց միշտ գտնվում էր ինչ-որ մեկը, ովավելի բարձր էր ստանում դպրոցի քննություններին։ Նա ինքն իրեն համարում էր զվարճալի, գեղեցիկ, նորաձև և հմայիչ։ Բայց միշտ ինչ-որ մեկն ավելի զվարճալի, գեղեցիկ, նորաձև կամ ավելի հմայիչ էր։

Նա երբեք ինչ-որ բանում առաջինը չէր և չէր կարողանում համակերպվել դրա հետ։ Կյանքն այդպիսին չպիտիլիներ։

Երբեմն նա հարձակվում էր ուրիշների վրա և կարծես ինչ-որ բանի կամ մեկի վրա վրդովվելու համար պատճառ էր փնտրում։

Անշուշտ, դրա պատճառով նրան չէին սիրում և նա այնքան էլ ճանաչված չէր։ Երբեմն նասեղմում էր ատամներն ուբռունցքները ևմտածում․ «Կյանքը շատ անարդար է»։

Կար նաև երրորդ քույրը։ Ի տարբերություն իր տխուր և զայրացկոտ քույրերի, նա ուրախն էր։ Եվ դա նրանից չէր, որ ավելի խելացի կամ ավելի գեղեցիկ և ունակ էր, քան իր քույրերը։ Ո՛չ, երբեմն, մարդիկ խուսափում կամ անտեսում էին նաև նրան։ Երբեմն, նրանք ծաղրում էին նրանկրած հագուստի կամ ասածխոսքերի պատճառով։ Երբեմն, նրանք վատ էինարտահայտվում նրա հասցեին։ Բայց նա թույլ չէր տալիս, որ այդ ամենը շատ մտահոգեր իրեն։

Այդ քույրը սիրում էր երգել։ Նա լավ ձայն չուներ և մարդիկ ծիծաղում էին այդ պատճառով, բայց դա չէր կանգնեցնում նրան։ Նա ասում էր․ «Ես թույլ չեմ տա, որ մարդիկ կամ նրանց կարծիքները ինձ հետ պահեներգելուց»։

Այն փաստը, որ նա շարունակում էր երգել, տխրեցնում էր առաջին քրոջը և զայրացնում երկրորդին։

Անցան շատ տարիներ և, ի վերջո, քույրերի կյանքի տարիները լրացան այս երկրի վրա։

Առաջին քույրը, ով մեկ անգամ ևս համոզվեց, որ հիասթափությունները շատ են այս կյանքում, ի վերջո մահացավ տխուր։

Երկրորդ քույրը, ով ամեն օր մի նոր բանի համար վրդովվում էր, մահացավ զայրացած։

Եվ երրորդ քույրը, ով իր կյանքն ապրեց ողջ ուժով և վստահ ժպիտը դեմքին իր երգը երգելով, մեռավ ուրախ։

Իհարկե, կյանքն այդքան պարզ չէ, և մարդիկ այդքան անփոփոխ չեն, որքան այս պատմության քույրերը։ Բայց, նույնիսկ, այսպիսի ծայրահեղ օրինակները կարող են մեզ ինչ-որ բան հուշել մեր եսի մասին։ Եթե դուք շատերի նման եք, հնարավոր է, դուք ճանաչեցիք ձեզ այս քույրերից մեկի, երկուսի կամ, գուցե, երեքի մեջ։ Եկեք ավելի մոտիկից նայենք նրանցից յուրաքանչյուրին։

Զոհը

Առաջին քույրն իրեն որպես զոհ էր տեսնում, ինչպես մեկը, ովշուտ էր ազդվում։1 Թվում էր, թե շարունակ նրա հետ ինչ-որ վատ բան էր պատահում, որը նրան թշվառ էր դարձնում։ Կյանքի հանդեպ այդպիսի մոտեցում ունենալով, նա ուրիշներին թույլ էր տալիս վերահսկել իր զգացմունքներն ու վարքագիծը։ Երբ մենք այդպես ենք վարվում, մենք քամուց քշվածների նման ենթարկվում ենք ցանկացած կարծիքի, իսկ մեր օրերումսոցիալական լրատվամիջոցների մշտական առկայության դեպքումայդ քամիները փչում են փոթորիկի ուժգնությամբ։

Սիրելի՛ քույրեր, դուք ինչո՞ւպետք է ձեր երջանկությունը հանձնեք ինչ-որ մեկին կամ մի քանիսին, ովքեր շատ քիչ են հոգ տանում ձեր կամ ձեր երջանկության մասին։

Եթե զգում եք, որ սկսում եք անհանգստանալ, թե ուրիշներն ինչ են մտածում ձեր մասին, ապա թույլ տվեք առաջարկել ձեզ հետևյալ հակաթույնը՝ հիշեք, թե ով եք դուք։ Հիշեք, որ դուք Աստծո արքայության թագավորական տնից եք, Երկնային ծնողների դուստրերը, ովքեր թագավորում են ողջ տիեզերքում։

Ձեզ է պատկանում Աստծո հոգևոր ԴՆԹ-ն։ Դուք ունեք եզակի պարգևներ, որոնք սկիզբ են առել ձեր հոգևոր ստեղծման ժամանակ և որոնք զարգացրել եք ձեր նախաերկրային երկար կյանքի ընթացքում։ Դուք զավակն եք մեր ողորմած և հավիտենական Երկնային Հոր, Զորաց Տիրոջ, Մեկի, ով ստեղծել է տիեզերքը, ով պտտվող աստղերը սփռել է տիեզերքի հսկայական տիրույթումև մոլորակները տեղադրել իրենց համապատասխան ուղեծրերում։

Դուք Նրա ձեռքերում եք։

Շատ լավ ձեռքերում։

Սիրող ձեռքերում։

Հոգատար ձեռքերում։

Եվ որևէ մեկի խոսքը ոչինչ չի կարող փոխել։ Նրանց խոսքերն անիմաստ են այն խոսքերի համեմատ, ինչ Աստված է ասել ձեր մասին։

Դուք Նրա թանկագին զավակն եք։

Նա սիրում է ձեզ։

Նույնիսկ, երբ դուք սայթաքում եք, նույնիսկ, երբ երես եք թեքում Նրանից, Աստված սիրում է ձեզ։ Մի վախեցեք, եթե մոլորված, լքված կամ մոռացված եք զգում։ Բարի Հովիվը կգտնի ձեզ։ Նա կդնի ձեզ Իր ուսերին։ Եվ Նա ձեզ տուն կտանի։2

Իմ սիրելի՛ քույրեր, խնդրում եմ թույլ տվեք, որ այս աստվածային ճշմարտությունները ամուր նստեն ձեր սրտերում։ Եվ կհասկանաք, որ կան բազմաթիվ պատճառներ տխուր չլինելու համար, քանի որ դուք ստեղծվել եք հավերժական ճակատագիր ունենալու նպատակով։

Աշխարհի սիրված Փրկիչը տվեց Իր կյանքը, որպեսզի դուք կարողանաք իրականություն դարձնել այդ ճակատագիրը։ Ձեր վրա եք վերցրել Նրա անունը․ դուք Նրա աշակերտներն եք։ Եվ Նրա շնորհիվ դուք կարող եք հագնել հավերժական փառքի պատմուճանը։

Ատելությամբ լցվածը

Երկրորդ քույրը զայրացած էր աշխարհի վրա։ Իր տխուր քրոջ նման նա զգում էր, որ իր կյանքի խնդիրներն առաջանում են ինչ-որ մեկի պատճառով։ Նա մեղադրում էր ընտանիքին, ընկերներին, իր տնօրենին և աշխատակիցներին, ոստիկաններին, հարևաններին, Եկեղեցու ղեկավարներին, ներկայիս նորաձևության միտումներին և նույնիսկ արևային ճառագայթների ուժգնությանը և պարզապես վատ բախտին։ Եվ նահարձակվում էր նրանց վրա։

Նա չէր կարծում, որ ինքը բարկացկոտ մարդ էր։ Ընդհակառակը, նա մտածում էր, որ միայն ինքն էր իրեն պաշտպանում։ Նրա կարծիքով բոլորըգործում էին եսասիրությունից, փոքրոգությունից և ատելությունից դրդված։ Մյուս կողմից նագործում էր բարի մտադրություններից՝ արդարությունից, նվիրվածությունից և սիրուց դրդված։

Դժբախտաբար, զայրացկոտ քրոջ մտածելակերպը շատ տարածված է։ Դա նշվել է վերջերս արված ուսումնասիրության մեջ, որի ժամանակ հետազոտվել է երկու մրցակից խմբերի միջև տեղ գտած հակամարտությունը։ Ուսումնասիրության շրջանակներում հետազոտողները Մերձավոր Արևելքում հարցազրույց են անցկացրել պաղեստինցիների ու իսրայելացիների հետ, իսկ Միացյալ Նահանգերում՝ հանրապետականների և դեմոկրատների հետ։ Նրանք պարզեցին, որ «յուրաքանչյուր կողմ գտնում էր, որ իր խմբի շարժառիթն ավելի շատ սերն է, քան ատելությունը, սակայն, երբ հարցնում էին, թե ինչու [էր] իրենց մրցակից խումբն ընդգրկված հակամարտության մեջ, [նրանք] նշում էին, որ [մյուս] խմբի շարժառիթն ատելությունն է»։3

Այլ խոսքերով ասած, յուրաքանչյուր խումբ կարծում էր, որ իրենք «լավ տղաներն են», արդար, բարի և ճշմարիտ։ Ի տարբերություն մյուս խմբի, նրանք կարծում էին, որ մրցակիցները «վատ տղաներն են», անտեղյակ, անազնիվ, նույնիսկ՝ չար։

Այն տարի, երբ ես ծնվեցի, աշխարհն ընկղմված էր սարսափելի պատերազմի մեջ, որը աշխարհին պատճառեց տառապալից վիշտ և դառը ցավ։ Այդ պատերազմը սկսվեց իմ ազգակից մի խումբ մարդկանց պատճառով, ովքեր որոշակի խմբերին դասում էին չարի շարքում և խրախուսում էին ատելություն նրանց հանդեպ։

Նրանք լռեցնում էին նրանց, ում չէին սիրում։ Նրանք խայտառակում ու նվաստացնում էին նրանց։ Նրանք համարում էին նրանց ցածր դասի՝ նույնիսկ մարդուց ավելի ցածր։ Երբ դուք ցածրացնում եք որևէ մարդկային խմբի, հավանականությունն ավելի է մեծանում, որ դուք կարդարացնեք նրանց դեմ ուղղված բռնության խոսքերը կամ արարքները։

Ես սարսուռ եմզգում, երբ մտածում եմ, թե ինչ պատահեց 20-րդ դարի Գերմանիայի հետ։

Երբ ինչ-որ մեկը հակառակվում կամ ընդդիմանում է մեզ, հեշտ է մտածել, որ ինչ-որ բան այն չէ այդ մարդու հետ։ Իսկ այդ կարծիքից հետո մի փոքր քայլ է մնում՝ ավելացնելու համար վատագույն շարժառիթները նրանց խոսքերին կամ արարքներին։

Անշուշտ, մենք պետք է պաշտպանենք ճշմարտությունը և կան պահեր, երբ պետք է բարձրաձայնենք այդ մասին։ Սակայն, երբ մենք դա անում ենք զայրույթով և ատելությամբ լցված մեր սրտերով, երբ հարձակվում ենք ուրիշների վրա, որպեսզի վիրավորենք, ամաչեցնենք կամ լռեցնենք նրանց, ապա, հնարավոր է, որ մենք դա անում ենք ոչ արդար կերպով։

Ի՞նչ է Փրկիչն ուսուցանել մեզ։

«Ես ասում եմ ձեզ, սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարի արէք ձեզ ատողներին և աղոթք արեք ձեզ չարչարողների ու ձեզ հալածողների համար.

«Որ որդիք լինիք ձեր Հօրն, որ երկնքումն է»։4

Դա է Փրկիչի ճանապարհը։ Դա առաջին քայլն է կոտրելու այն պատնեշը, որն աշխարհում ծնում է այդքան շատ զայրույթ, ատելություն, պառակտություն և բռնություն։

«Այո»,- հնարավոր է դուք պատասխանեք,- Ես կուզենայի սիրել իմ թշնամիներին, եթե միայն նրանք ցանկանան նույն կերպ վարվել»։

Բայց դա այդքան էլ կարևոր չէ, այդպե՞ս չէ։ Մենք պատասխանատու ենք մեր աշակերտ լինելու կոչման համար և այն քիչ կամ ոչ մի կապ չունի այն բանի հետ, թե ուրիշներն ինչպես են վերաբերվում մեզ։ Մենք ակնհայտորեն հույս ենք տածում, որ նրանք ըմբռնումով և մեծահոգությամբ կպատասխանեն, բայց մեր սերը նրանց հանդեպ կախված չէ մեր հանդեպ նրանց զգացմունքներից։

Հավանաբար, մեր թշնամիներին սիրելու մեր ջանքերը կփափկեցնեն նրանց սրտերը և լավ ազդեցություն կթողնեն նրանց վրա։ Իսկ միգուցե հակառակը։ Բայց դա չի նվազեցնում Հիսուս Քրիստոսին հետևելու մերհանձնառությունը։

Այսպիսով, որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, մենք կսիրենք մեր թշնամիներին։

Մենք կհաղթահարենք զայրույթը կամ ատելությունը։

Մենք սիրով կլցնենք մեր սրտերը Աստծո զավակների հանդեպ։

Մենք կձգտենք օրհնել և ծառայել նրանց՝ նույնիսկ նրանց, ովքեր «չարչարում են [մեզ] և հալածում են [մեզ]»։5

Հավատարիմ աշակերտը

Երրորդ քույրը ներկայացնում է Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտին։ Նա վարվեց այնպես, որը շատ դժվար է անել՝ նա վստահեց Աստծուն, նույնիսկ, ծաղրանքի և դժվարությունների ենթարկվելու պարագայում։ Ինչ-որ կերպ նա պահպանեց իր հավատքն ու հույսը, չնայած նրա շուրջը ծաղրանք ու նենգություն էր տիրում։ Նա ապրեց ուրախ ոչ թե այն պատճառով, որ նրա պայմաններն ուրախալի էին, այլ որովհետև նա էր ուրախ։

Ոչ ոք այս կյանքն առանց ընդդիմությունների չի անցնում։ Ներքև ձգող այդքան շատ ուժերի պարագայում ինչպե՞ս ենք կենտրոնացնում մեր նպատակները հավատարիմներին խոստացված փառահեղ երջանկության վրա։

Կարծում եմ, պատասխանը կարելի է գտնել այն երազի մեկնաբանության մեջ, որը տեսավ մարգարեն հազարավոր տարիներ առաջ։ Մարգարեի անունը Լեքի էր, և նրա երազը գրված է թանկարժեք և հրաշալի Մորմոնի Գրքում։

Իր տեսիլքում Լեքին տեսավ մի ընդարձակ դաշտ և այդ դաշտում մի հրաշալի ծառ, որն անասելի գեղեցիկ էր։ Նա տեսավ նաև մեծ թվով մարդիկ, ովքեր քայլում էին դեպի ծառը։ Նրանք ցանկանում էին ճաշակել դրա բաղձալի պտղից։ Նրանք զգացին և վստահեցին, որ դա նրանց կշնորհի մեծ երջանկություն և տևական խաղաղություն։

Այնտեղ կար մի նեղ արահետ, որը տանում էր դեպի ծառը և դրա երկայնքով ձգվում էր երկաթյա մի ձող, որն օգնում էր նրանց մնալ ուղու վրա։ Բայց այնտեղ կար նաև խավարի մեգ, որը մթագնում էր դեպի արահետը և ծառը տանող նրանց տեսողությունը։ Եվ, միգուցե, առավել վտանգավորը մոտակա մեծ ու ընդարձակ շենքից եկող բարձր ծիծաղի ու ծաղրի ձայներն էին։ Զարմանալիորեն, այդ ծաղրը նույնիսկ համոզեց այն մարդկանցից մի քանիսին, ովքեր հասել էին ծառին և ճաշակել դրա հրաշալի պտղից, և նրանք սկսեցին ամաչել ու մոլորվել։6

Միգուցե, նրանք սկսեցին կասկածել, որ ծառն իրոք այդքան էլ գեղեցիկ չէ, որքան մի ժամանակ կարծում էին։ Միգուցե, նրանք սկսեցին կասկածի տակ դնել իրենց ապրումների իրողությունը։

Միգուցե, նրանք մտածեցին, որ եթե հեռանան ծառից, կյանքն ավելի հեշտ կլինի։ Միգուցե, նրանց այլևս չծաղրեն ու չծիծաղեն նրանց վրա։

Եվ իրականում, այն մարդիկ, ովքեր ծաղրում էին նրանց, շատ երջանիկ ու լավ ժամանակ անցկացնող մարդկանց տպավորություն էին թողնում։ Այսպիսով, միգուցե, եթե նրանք լքեն ծառը, այդ հավաքվածները կողջունեն նրանց այդ մեծ ու ընդարձակ շենքում և կծափահարեն նրանց այդ որոշման, բանականության ու իմաստության համար։

Մնացեք ուղու վրա

Սիրելի քույրեր, սիրելի ընկերներ, եթե ձեզ համար դժվար է ամուր բռնել երկաթյա ձողից և հաստատակամորեն քայլել դեպի փրկությունը, եթե վստահ մարդկանց ծիծաղն ու ծաղրը ստիպում են ձեզ երերալ, եթե դուք մտահոգված եք անպատասխան հարցերով կամ վարդապետություններով, որոնք դուք դեռևս չեք հասկանում, եթե հիասթափությունների արդյունքում դուք տրտմած եք, ես հորդորում եմ ձեզ հիշել Լեքիի երազը։

Մնացե՛ք ուղու վրա։

Երբեք բաց մի թողեք երկաթյա ձողը, որը խորհրդանշում է Աստծո խոսքը:

Իսկ եթե որևէ մեկը փորձում է այնպես անել, որ դուք ամաչեք Աստծո սերը ճաշակելուց, անտեսեք նրան։

Երբեք մի մոռացեք, որ դուք Աստծո զավակն եք․ հարուստ օրհնություններ են սպասվում ձեզ, եթե դուք սովորեք ենթարկվել Նրա կամքին, դուք կրկին կապրեք Նրա հետ։7

Աշխարհի խոստումները, գովքը և ճանաչումը անվստահելի, կեղծ ու անբավարար են։ Աստծո խոստումները անխախտ, ճշմարիտ ու երջանկաբեր են՝ այժմ և հավիտյան։

Հրավիրում եմ ձեզ կրոնի ու հավատքի մասին մտածել բարձր տեսանկյունից։ Մեծ ու ընդարձակ շենքի ներսում առաջարկվող որևէ բան չի կարելի համեմատել Հիսուս Քրիստոսի կենդանի ավետարանի պտուղի հետ։

Իսկապես, «Ինչ որ աչք չտեսավ և ականջ չլսեց և մարդի սիրտ չընկավ, այն պատրաստեց Աստված իրան սիրողների համար»:8

Ես իմ անձնական փորձից հասկացել եմ, որ Հիսուս Քրիստոսի ավետարանի աշակերտության ուղին ուրախություն տանող ուղին է։ Այն ապահովություն և խաղաղություն տանող ուղին է։ Այն ճշմարտության ուղին է։

Ես վկայում եմ, որ Սուրբ Հոգու զորությամբ և պարգևով դուք ինքներդ կարող եք համոզվել դրանում։

Միևնույն ժամանակ, եթե ուղին դժվարին դառնա ձեզ համար, ես հուսով եմ, որ դուք ապաստան և ուժ կգտնեք Եկեղեցու մեր հրաշալի կազմակերպություններում՝ Երեխաների, Երիտասարդ Կանանց և Սփոփող Միություններում։ Դրանք կանգառներ են ճանապարհին, որտեղ դուք կարող եք նոր ուժ հաղորդել ձեր վստահությանը և հավատքին՝ ձեր առջև սպասվող ճամփորդությունից առաջ։ Դրանք ապահով տներ են, որտեղ դուք կարող եք զգալ ինչպես տանը և քաջալերանք ստանալ ձեր քույրերից ու ընկերակից անդամներից։

Երեխաների Միությունում սովորած դասերը պատրաստում են ձեզ հետագա ճշմարտությունների համար, որոնք դուք կսովորեք Երիտասարդ կանանց մոտ։ Երիտասարդ Կանանց դասարանում ձեր կատարած հավատարիմ քայլերը տանում են Սփոփող Միության ընկերակցության և քույրերի միջավայր։ Ճանապարհի ամեն քայլափոխում դուք ստանում եք հավելյալ հնարավորություններ, որպեսզի ցուցադրեք ձեր սերն ուրիշներին՝ հավատքի, կարեկցանքի, գթության, առաքինության և ծառայության շնորհիվ։

Աշակերտության այդ ուղին ձեր աստվածային էությանը կշնորհի անասելի երջանկություն և ինքնակայացում:

Այն հեշտ չի լինի։ Այն կպահանջի ձեր լավագույն ունակությունները՝ ձեր ողջ բանականությունը, ստեղծագործական ուժը, հավատքը, նվիրվածությունը, զորությունը, վճռականությունը և սերը։ Բայց մի օր դուք հետ կնայեք ձեր ջանքերին և կզարմանաք, թե որքան երախտապարտ եք նրա համար, որ մնացիք ամուր, որ հավատացիք և որ չհեռացաք ձեր ուղուց։

Առաջ մղվեք։

Կյանքում կլինեն բազմաթիվ հանգամանքներ, որոնք մեր վերահսկողությունից վեր կլինեն։ Բայց, ի վերջո, կյանքի ճանապարհին դուք հնարավորություն կունենաք ընտրել ձեր նպատակակետը և ձեր փորձառությունները։ Ոչ այնքան ձեր ունակությունները, որքան ձեր ընտրություններն են փոխում ձեր կյանքը։9

Դուք չպետք է թույլ տաք, որ հանգամանքները ձեզ տխրեցնեն։

Դուք չպիտիթույլ տաք, որ դրանք ձեզ զայրացնեն։

Դուք կարող եք ուրախանալ, որ դուք Աստծո դուստրն եք։ Դուք կարող եք ուրախություն և երջանկություն գտնել Աստծո շնորհի և Հիսուս Քրիստոսի սիրո մեջ։

Դուք կարող եք ուրախ լինել:

Ես կոչ եմ անում ձեր սրտերը լցնել երախտագիտությամբ՝ Աստծո լիառատ և անսահման բարության նկատմամբ։ Իմ սիրելի՛ քույրեր, դուք կարող եք դա անել։ Իմ ողջ հոգով աղոթում եմ, որ դուք դեպի կյանքի ծառն առաջ մղվելու որոշում կայացնեք։ Ես աղոթում եմ, որ դուք բարձրացնեք ձեր ձայնը և ձեր կյանքը դարձնեք գովքի փառահեղ սիմֆոնիա, ուրախանալով նրանով, թե ինչ կարող են պարգևել աշխարհին Աստծո սերը, Նրա Եկեղեցու հրաշքները և Հիսուս Քրիստոսի ավետարանը։

Որոշ մարդկանց համար աշակերտ լինելու երգի հնչյուններըկարող են կեղծ թվալ, իսկ ոմանց՝ բարձրաձայն: Ժամանակների սկզբից ի վեր դա եղել է այդպես։

Սակայն, մեր Երկնային Հոր և նրանց համար, ովքեր սիրում և պատվում են Նրան, դա ամենաթանկագին և գեղեցիկ երգն է՝ Աստծո և մերձավորների հանդեպ քավիչ սիրո և ծառայության վեհ ու սրբագործող երգը։10

Որպես Տիրոջ Առաքյալ, ես թողնում եմ իմ օրհնությունը, որ դուք ուժ ու խիզախություն գտնեք և որպես Աստծո դուստրեր, ուրախությամբ զարգանաք և բոլոր օրերը ուրախությամբ քայլեք աշակերտության փառավոր ուղիով։ Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: