2015
Համաժողովը դարձնենք մեր կյանքի մասը
Նոյեմբեր 2015


Նրանք խոսեցին մեզ հետ

Համաժողովը դարձնենք մեր կյանքի մասը

Այս վարժությունները և հարցերը կարող եք օգտագործել ընտանեկան քննարկում սկսելու կամ անհատապես խորհելու համար:

Երեխաների համար

  • Էջ 86. Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը խնդրում է մեզ լինել լավ օրինակ՝ Հիսուս Քրիստոսին հետևելով: Նրան հետևելով մենք կարող ենք լույս լինել աշխարհի համար: Ինչպե՞ս կարող եք օրինակ լինել ձեր ընտանիքի և ընկերների համար: Կարող եք սկսել նպատակ դնելով անել ինչ-որ մի բան, որի շնորհիվ ավելի կնմանվեք Հիսուսին:

  • Էջ 104. Նախագահ Հենրի Բ. Այրինգը՝ Առաջին Նախագահության Առաջին Խորհրդականը, պատմում է, թե ինչպես էր Ավստրալիա այցելություն կատարած իր հայրը մի կիրակի փնտրել եկեղեցին: Փնտրելու ընթացքում նա յուրաքանչյուր խաչմերուկում աղոթում էր, որպեսզի պարզեր, թե որ ուղղությամբ պետք է քայլեր: Շուտով նա երգի հնչուններ լսեց և իմացավ, որ Սուրբ Հոգին օգնել էր իրեն գտնել ճանապարհը: Մտածեք այն պահի մասին, երբ դուք զգացել եք Սուրբ Հոգին: Ինչպե՞ս եք ձեզ զգացել:

  • Էջ 6. Քույր Ռոզմարի Մ. Վիքսոմը, Երեխաների Միության գերագույն նախագահը, պատմում է Էմի անունով մի աղջկա մասին: Էմին աղոթեց, որպեսզի իմանար, թե արդյոք Աստված իրոք սիրում էր իրեն և իր կողքին էր այդ պահին: Կարդացեք կամ պատմեք այս պատմությունը, երբ ընտանիքով միասին եք, և հիշեք այն պահերը, երբ զգացել եք Աստծո սերը: Ինչպիսի՞ զգացում եք ունենում, երբ իմանում եք, որ դուք Աստծո զավակն եք: Ինչպե՞ս կարող եք օգնել մյուսներին իմանալ, որ իրենք Աստծո զավակներն են:

  • Էջ 121. Երեց Ալեն Դ. Հեյնին Յոթանասունից պատմում է, որ մանկության տարիներին իր երկու ավագ եղբայրների հետ մի մեծ փոս են փորել իրենց համար ջրավազան պատրաստելով: Տղաները ամբողջովին ցեխոտվել էին: Երեց Հեյնիի տատիկը չէր թողել, որ նա տուն մտներ, մինչև չէր լվացվել ու մաքրվել: Ի՞նչ է նրա պատմությունը սովորեցնում Հիսուս Քրիստոսի Քավության մասին: Ինչո՞ւ է կարևոր մաքուր լինել Աստծո առաջ:

Երիտասարդների համար

  • Էջ 83. Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է, որ Աստծո պատվիրանները խոչընդոտներ չեն, այլ երջանկություն ձեռք բերելու ուղեցույցներ: «Նա, որ ստեղծել է մեզ և ով կատարելապես սիրում է մեզ,- ասել է նա,- գիտի, թե մենք ինչպես պետք է ապրենք մեր կյանքը, որպեսզի հնարավոր մեծագույն երջանկությունը ձեռք բերենք»: Փորձարկեք Նախագահ Մոնսոնի խոսքերը և պահեք Տիրոջ պատվիրանները: Մի զարմացեք, եթե աստվածային օգնություն և պաշտպանություն ստանաք:

  • Էջ 6. Երբ նայում ենք ուրիշներին մեր ինքնագնահատականը բարձրացնելու համար, մենք հաճախ հուսահատվում ենք: Քույր Ռոզմարի Մ․ Վիքսոմը՝ Երեխաների Միության գերագույն նախագահը, ասել է․ «Մենք կարողանում ենք մեր ինքնագնահատականը տալ [Տիրոջ] չափանիշներով, ով վերևում է, և ոչ թե ըստ մեզ շրջապատող աշխարհի կամ հետևելով Facebook-ին կամ Instagram-ին»: Այս շաբաթ ձեր օրագրում գրեք ձեր աստվածային բնույթի և այն օրհնությունների մասին, որ գալիս են այդ գիտելիքից:

  • Էջ 20. Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը, Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդականը, ասել է. «Եթե դուք երբևէ մտածեք, թե ավետարանը չի աշխատում ձեր կյանքում, ես ձեզ խնդրում եմ՝ մի քայլ ետ գնացեք և ձեր կյանքին նայեք բարձր ինքնաթիռի դիրքից և պարզեցրեք ձեր մոտեցումը աշակերտի ձեր դերին: Կենտրոնացեք ավետարանի հիմնական վարդապետությունների, սկզբունքների և կիրառումների վրա»: Եթե լարված և ճնշված եք ձեզ զգում, մտածեք, թե ինչպես կարող եք պարզեցնել ձեր կյանքը և ավետարանի երկրպագությունը:

  • Էջ 65. Երեց Նիլ Լ. Անդերսենը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, պատմում է մի երիտասարդի մասին, ով ցանկանում էր միսիա ծառայել, սակայն տեղեկանում է, որ պետք է փոխարենը հոգ տաներ իր ընտանիքի համար: Զորավոր հավատքի և Տիրոջ օրհնությունների շնորհիվ, այդ երիտասարդն, ի վերջո, կարողացավ միսիա ծառայել: Ինչպե՞ս կարող ենք նրան նմանվել և հավատքով առաջ գնալ անկախ մեր ճանապարհին հանդիպող խոչընդոտների:

  • Էջ 33. Երեց Լարի Ռ. Լորենսը Յոթանասունից պատմում է վերադարձած մի միսիոների մասին, ով մաքառում էր իր բազում պարտականությունների ներքո, մինչև որ որոշեց Կիրակին նվիրել Աստծո ծառայությանը և ավետարանն ուսումնասիրելուն: «Այդ փոքր շտկումները բերեցին խաղաղություն և հավասարակշռություն, որ նա ձգտում էր ունենալ»,- ասում է Երեց Լորենսը: Ի՞նչ կարող եք անել, որ Կիրակին ավելի լիարժեքորեն նվիրեք Տիրոջը:

Չափահասների համար

  • Էջ 86. Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հիշեցնում է մեզ՝ լինել օրինակ և լույս աշխարհի համար: «Երբ մենք հետևում ենք Փրկչի օրինակին և ապրում ենք, ինչպես Նա ապրեց և Նա ուսուցանեց,- ասաց Նախագահ Մոնսոնը,- այդ լույսը կվառվի մեր ներսում և կլուսավորի մյուսների ճանապարհը»: Ի՞նչ կարող եք անել, որ լինեք ավելի մեծ լույս, որը «կփայլի մթագնող աշխարհում»:

  • Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը՝ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահը, և Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, անդրադարձան կնոջ և մայրության կարևորությանը: Երեց Հոլլանդն ուսուցանում է. «Մահկանացու կյանքում ոչ մի սեր նույնիսկ աննշան չափով իսկ չի մոտենում Հիսուս Քրիստոսի մաքուր սիրուն, որքան անձնուրաց սերը, որ տածում է նվիրված մայրն իր զավակի հանդեպ» (էջ 47): Նախագահ Նելսոնն ուսուցանում է, որ դարձի եկած կանայք, ովքեր պահում են իրենց ուխտերը, «էլ ավելի աչքի կընկնեն բարոյալքվող աշխարհում» (էջ 95): Աղոթքով խորհեք այս ելույթների շուրջ և քննարկեք, թե ինչպես են ընտանիքի անդամները կարողանում աջակցել կանանց իրենց Աստվածատուր կարևոր դերում:

  • Մի քանի խոսնակներ անդրադարձան այն ուժին, որը ձեռք է բերվում դժբախտություն միջով անցնելիս: Յոթանասունական Երեց Հյուգո Մոնտոյան ուսուցանում է, որ բոլորն են փորձություններ և գայթակղություններ ունենում, «որոնք սակայն մեզ համար ուժի և աճի աղբյուր են դառնում, երբ մենք հաջողությամբ հաղթահարում ենք դրանք» (էջ 53): Կարդացեք նրա ելույթը և Յոթանասունական Երեց Ջեյմս Բ. Մարտինոյի (էջ 58), Յոթանասունի պատվավոր անդամ Երեց Կոիչի Աոյագիի (էջ 126) և Երիտասարդ Կանանց գերագույն նախագահության երկրորդ խորհրդական Նիել Մերիոթի (էջ 30) ելույթները: Գտեք, թե ինչպես կարող եք զորացնել առ Հիսուս Քրիստոս ձեր հավատքը և ինչպես Նա կարող է օգնել ձեզ դժբախտության պահին:

  • Էջ 33. Իր ելույթում Յոթանասունական Երեց Լարի Ռ. Լորենսն ուսուցանում է. «Հոգին մշտապես դրդում է մեզ ավելի լավը լինել և էլ ավելի բարձրանալ: … Եթե մենք խոնարհ ենք և ուսուցանվող, Նա ձեռքից բռնած մեզ կառաջնորդի դեպի տուն»: Նրա ելութը կարդալուց հետո, փնտրեք Հոգու առաջնորդությունը, թե ինչպես կարող եք զարգանալ և փոխվել:

  • Էջ 104. Նախագահ Հենրի Բ. Այրինգը, Առաջին Նախագահության Առաջին Խորհրդականը, ուսուցանում է, որ «Հոգին միշտ մեզ հետ ունենալ նշանակում է ունենալ Սուրբ Հոգու առաջնորդությունն ու ուղղորդումը մեր ամենօրյա կյանքում»: Մտածեք, ինչ կարող եք անել կամ ինչ չպիտի անեք Հոգին միշտ ձեզ հետ ունենալու համար: ◼