2015
Թող հնչի շեփորի ձայնը
Նոյեմբեր 2015


Թող հնչի շեփորի ձայնը

Աշխարհը Քրիստոսի աշակերտների կարիքն ունի, ովքեր կարող են հաղորդել ավետարանի ուղերձը հստակորեն ու սրտանց:

Անցյալ ամառ կինս ու ես հյուրընկալեցինք մեր երկու երիտասարդ թոռնիկներին այն ընթացքում, երբ նրանց ծնողներն իրենց ցցի հետ մասնակցում էին ռահվիրաների արշավի միջոցառմանը: Մեր դուստրը ցանկանում էր, որ տղաները դաշնամուր պարապեին այդ ընթացքում, որ տանը չէին: Նա գիտեր, որ մի քանի օր տատիկի ու պապիկի հետ անցկացնելով նրանք հեշտությամբ կմոռանային պարապելու մասին: Մի երեկո ես որոշեցի նստեմ իմ 13-ամյա ավագ թոռնիկի՝ Էնդրյուի կողքին և լսեմ, թե ինչպես է նա նվագում:

Այս տղան էներգիայով լի է և սիրում է տնից դուրս գալ: Նա կարող է հեշտությամբ անցկացնել իր ողջ ժամանակը՝ զբաղվելով որսորդությամբ և ձկնորսությամբ: Մինչ նա դաշնամուր էր պարապում ես կասեի, որ նա ավելի հաճույքով ձուկ կորսար մոտակա գետում: Ես լսում էի, թե ինչպես է նա համառորեն դուրս բերում ծանոթ երգի յուրաքանչյուր ակորդը: Նրա նվագած ամեն մի նոտան ուներ նույն շեշտը, իսկ մետրոնոմը խանգարում էր, որ պարզ ընկալեի մեղեդին: Ես նստեցի նստարանին՝ նրա կողքին և բացատրեցի, թե որքան կարևոր է մի փոքր ավելի շեշտադրումով սեղմել մեղեդու ստեղները և մի փոքր ավելի մեղմ՝ մեղեդին ուղեկցող նոտաները: Մենք խոսեցինք դաշնամուրի մասին, որ այն ավելին է, քան մի մեխանիկական հրաշք: Այն կարող է նրա սեփական ձայնի ու զգացմունքների արտահայտումը լինել և դառնալ հաղորդակցման հրաշալի գործիք: Ինչպես մարդն է խոսում և սահուն կերպով անցնում մի բառից մյուսին, այնպես էլ մեղեդին պետք է հնչի, երբ անցնում ենք մի նոտայից՝ մյուսը:

Մենք ծիծաղում էինք միասին, երբ նա փորձում էր կրկին ու կրկին: Նրա փոսիկով այտերի ժպիտը լայնացավ, երբ ծանոթ մեղեդին սկսեց տարբերվել նախկինում նվագած մի փունջ կոպիտ հնչյուններից: Ուղերձը հստակ դարձավ. «Զավակն եմ ես Աստծո, Նա է ինձ ուղարկել»:1 Ես հարցրեցի Էնդրյուին, թե նա կարո՞ղ է զգալ ուղերձի տարբերությունը: Նա պատասխանեց. «Այո՛, պապիկ, ես դա զգում եմ»:

Պողոս Առաքյալը ուսուցանել է մեզ հաղորդակցությունը նմանեցնել երաժշտական գործիքներին, երբ գրել է կորնթացիներին.

«Այնպէս էլ անշունչ բաները որ ձայն են տալիս, թէ փող, թէ քնար, եթէ ձայներով զանազանութիւն չանեն, ինչպե՞ս կճանաչվի փողի փչելը, կամ քնարի հնչելը:

Որովհետև եթե փողն էլ անորոշ ձայն տայ, ո՞վ կպատրաստվի պատերազմի համար»:2

Եթե երբևէ աշխարհը կարիքն ունի Քրիստոսի աշակերտների, ովքեր կհաղորդեն ավետարանի ուղերձը հստակորեն և սրտանց, ապա դա այժմ է: Մենք կարիք ունենք, որ հնչի շեփորի ձայնը:

Քրիստոսն անշուշտ մեր լավագույն օրինակն է: Նա միշտ քաջություն է ցուցաբերել պաշտպանելով ճշմարիտը: Նրա խոսքերն արձագանքում են դարերի միջով, երբ Նա հրավիրում է մեզ հիշել, որ սիրենք Աստծուն և մեր մերձավորին, պահենք Աստծո բոլոր պատվիրանները և ապրենք որպես լույս աշխարհի համար: Նա չէր վախենում դեմ խոսել Իր օրերի երկրի զորավորներին և կառավարիչներին, նույնիսկ երբ այդպիսիք հակառակվում էին Նրա Երկնային Հորից Նրան տրված առաքելությանը: Նրա խոսքերը նախատեսված չէին շփոթեցնելու, այլ՝ շարժելու մարդկանց սրտերը: Նա հստակ գիտեր Իր Հոր կամքը, ինչը երևում էր Նրա բոլոր խոսքերից և գործերից:

Ես նաև սիրում եմ Պետրոսի օրինակը, ով հստակ խոսքերով ու քաջությամբ հակառակվեց աշխարհի մարդկանց Պենտեկոստեի (Հոգեգալուստի) օրը: Այդ օրը մարդիկ հավաքվել էին շատ երկրներից և քննադատում էին վաղեմի սրբերին լեզուներով խոսելու համար և մտածում էին, թե նրանք հարբած են: Պետրոսը, ում մեջ բարձրացավ Հոգին, կանգնեց պաշտպանելու եկեղեցին և անդամներին: Նա վկայեց այսպիսի խոսքերով. «Ով Հրէաստանցի մարդիկ, և ամէնքդ, որ բնակված էք Երուսաղէմումը, սա ձեզ յայտնի լինի, և իմ խօսքերին ականջ դրէք»:3

Այնուհետև Նա մեջբերեց սուրբ գրություններից, որոնք պարունակում են Քրիստոսի մարգարեությունները և բերեց այս անկեղծ վկայությունը. «Հիմա թող ստույգ գիտենայ Իսրայէլի բոլոր տունը, որ Աստուած նորան Տէր և Օծեալ արավ, սոյն այս Յիսուսին, որին դուք խաչեցիք»:4

Շատերը լսեցին նրա խոսքերը և զգացին Հոգին, ու 3,000 հոգի համալրեցին վաղ եկեղեցու շարքերը: Սա մի հզոր ապացույց է, որ մեկ տղամարդը կամ կինը, ով ցանկանում է վկայել, կարող է փոխել ընթացքը, երբ աշխարհը կարծես հակառակ ուղղությամբ է ընթանում:

Երբ մենք որպես անդամներ որոշում ենք կայացնում կանգնել և զորավոր վկայություն բերել Աստծո վարդապետության և Նրա Եկեղեցու մասին, մի բան փոխվում է մեր մեջ: Մենք Նրա դեմքի արտահայտությունն ենք վերցնում մեզ վրա: Մենք մոտենում ենք Նրա Հոգուն: Նա էլ Իր հերթին, կգնա մեր առջևից և կլինի «[մեր] աջ կողմում և [մեր] ձախ կողմում, և [Նրա] Հոգին կլինի [մեր] սրտերում, և [Նրա] հրեշտակները՝ [մեր] շուրջը, որ բարձրացնեն [մեզ]»:5

Քրիստոսի ճշմարիտ աշակերտները չեն փնտրում արդարացումներ վարդապետության համար, որը չի համապատասխանում աշխարհի ներկայիս գաղափարներին: Խիզախ աշակերտներից մյուսը Պողոսն էր, ով համարձակորեն հայտարարում էր, որ նա «Քրիստոսի ավետարանը ամօթ [չի] համարում. որովհետև Աստծո զորություն է փրկելու համար ամեն հավատացողին»:6 Ճշմարիտ աշակերտները ներկայացնում են Տիրոջը այն ժամանակ, երբ հնարավոր է հարմար չէ դա անել: Ճշմարիտ աշակերտները ցանկանում են ոգևորել մարդկանց սրտերը, ոչ թե միայն տպավորել նրանց:

Հաճախ հեշտ ու հանգիստ չէ՝ կանգնել Քրիստոսի համար: Վստահ եմ նույն դրության մեջ էր Պողոսը, երբ կանչվեց Ագրիպպաս թագավորի առաջ և նրան ասացին, որ արդարացնի իրեն և պատմի իր պատմությունը: Պողոսն առանց հապաղելու հռչակեց իր հավատքն այնպիսի իշխանությամբ, որ այս զարհուրելի թագավորը խոստովանեց, որ նա «քիչ է մնում» համոզվի քրիստոնյա լինել:

Պողոսի արձագանքը վկայում էր նրա ցանկության մասին, որ մարդիկ անվերապահորեն հասկանան այն, ինչ նա պետք է ասեր: Նա ասաց Ագրիպպաս թագավորին, որ դա նրա ցանկությունն է, որ բոլորը, ովքեր լսեն նրան, ոչ թե «քիչ թէ շատ» քրիստոնյաներ լինեն, այլ որ «ամբողջությամբ» դառնան Քրիստոսի աշակերտները:7 Նրանք, ովքեր հստակ են խոսում, կարող են դա իրականացնել:

Բազմաթիվ տարիների ընթացքում, երբ ես ուսումնասիրել եմ Լեքիի երազի պատմությունը Մորմոնի Գրքից8, ես միշտ մտածել եմ, որ մեծ ու ընդարձակ շենքը մի վայր է, որտեղ միայն ամենաապստամբներն են ապրում: Շենքը լցված էր մարդկանցով, ովքեր ծաղրում և մատնացույց էին անում հավատացյալներին, ովքեր բռնվել էին երկաթյա ձողից, որը ներկայացնում է Աստծո խոսքը, և քայլում էին իրենց ճանապարհով՝ դեպի կենաց ծառը, որը ներկայացնում է Աստծո սերը: Ոմանք չէին դիմանում ծաղրող մարդկանց ճնշմանը և հեռանում էին՝ մոլորվում: Մյուսները որոշել էին միանալ ծաղրողներին, ովքեր շենքում էին: Արդյոք նրանք չունեի՞ն համարձակություն՝ խիզախորեն դեմ խոսելու աշխարհի քննադատությանը կամ ուղերձներին:

Դիտելով, թե ինչպես է ներկայիս աշխարհը հեռանում Աստծուց, ես կարծում եմ, որ այդ շենքը մեծանում է չափերով: Շատերն են այսօր հայտնվում այդ մեծ ու ընդարձակ շենքի սրահներում քայլելիս, չգիտակցելով, որ նրանք, ըստ էության, դառնում են դրա մշակույթի մի մասը: Նրանք հաճախ զիջում են գայթակղություններին և ուղերձներին: Մենք, ի վերջո, տեսնում ենք նրանց ծաղրելիս կամ համամիտ լինելով նրանց հետ, ովքեր քննադատում, կամ ծաղրում են:

Տարիներ շարունակ ես մտածում էի, որ ծաղրող ամբոխը զվարճանում է այն բանից, թե ինչպես են հավատարիմներն ապրում իրենց կյանքը, բայց այսօրվա շենքից լսվող ձայները փոխվել են իրենց տոնով և մոտեցումով: Նրանք, ովքեր ծաղրում են, հաճախ փորձում են խեղդել ավետարանի պարզ ուղերձը՝ հարձակում գործելով Եկեղեցու պատմության որևէ էջի կամ սուր քննադատություն հղելով մարգարեի կամ այլ առաջնորդի հասցեին: Նրանք նաև հարձակվում են մեր վարդապետության և Աստծո օրենքների հենց սրտի վրա, որոնք տրվել են սկսած երկրի արարումից: Մենք, որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ և Նրա Եկեղեցու անդամներ, երբեք չպետք է թողնենք այդ երկաթյա ձողը: Մենք պետք է թույլ տանք, որ շեփորի ձայնը հնչի մեր սեփական հոգիներից:

Պարզ ուղերձն այն է, որ Աստված մեր սիրող Երկնային Հայրն է և Հիսուս Քրիստոսը Նրա Որդին է: Ավետարանը վերականգնվել է այս վերջին օրերին ապրող մարգարեների միջոցով և ապացույցը՝ Մորմոնի Գիրքն է: Երջանկության ճանապարհը հիմնական ընտանիքի միավորի միջոցով է, ինչպես սկզբում կազմակերպվել և բացահայտվել է մեր Երկնային Հոր կողմից: Սա ուղերձի այն ծանոթ մեղեդին է, որը շատերը կարող են ճանաչել, քանի որ լսել են նախաերկրային կյանքում:

Այժմ ժամանակն է, որ մենք որպես վերջին օրերի սրբեր, կանգնենք և վկայենք: Ժամանակն է, որ ավետարանի մեղեդու նոտաները բարձրանան աշխարհի աղմուկից վեր: Ես ավելացնում եմ իմ վկայությունը այս աշխարհի Փրկչի և Քավիչի ուղերձին: Նա ապրում է: Նրա ավետարանը վերականգնվել է և երջանկության ու խաղաղության օրհնությունները կարող ենք ապահովել այս կյանքում՝ ապրելով Նրա պատվիրաններով և քայլելով Նրա ճանապարհով: Սա է իմ վկայությունը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: