2015
Ես մնում եմ զարմացած
Նոյեմբեր 2015


Ես մնում եմ զարմացած

Հիսուս Քրիստոսի մասին իմ վկայությունը կառուցվել է իմ հատուկ փորձառություններից, որոնց միջոցով ես սկսել եմ ճանաչել Նրա մեծ սերը յուրաքանչյուրիս հանդեպ։

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր ամբողջ աշխարհում, ես շատ երախտապարտ եմ Առաջին Նախագահությանը՝ ինձ հրավիրելու համար, որ կիսվեմ իմ խոնարհ վկայությամբ այս կիրակի օրը։ Վերջին Օրերի Սրբերի հայտնի օրհներգի բառերը նկարագրում են իմ զգացմունքները․

Հիսուսի մեծ սիրուց ես մնում եմ զարմացած,

Շփոթված շնորհներից, որ տալիս է ինձ սրտանց …

Զարմանում եմ, որ իջավ իր գահից երկնային՝

Փրկելու այս ապստամբ ու ամբարիշտ իմ հոգին,

Որ ինձ նմանի վրա իր սերը տարածի,

Սեփականացնի ինձ, փրկի և արդարացնի։ …

Հրաշալի է, հոյակապ է, հոյակապ։1

Մի քանի օր առաջ ես մեծ պատիվ ունեցա հանդիպելու Առաջին Նախագահության հետ և ստանալու այս կոչումը մեր սիրելի մարգարե Թոմաս Ս. Մոնսոնից։ Ես ուզում եմ վկայել բոլորիդ Նախագահ Մոնսոնի զորության և սիրո մասին։ Նա ասաց․ «Այս կանչը գալիս է Տեր Հիսուս Քրիստոսից»։

Ես չափազանց հուզված եմ և ցնցված մինչև մարմնիս խորքերը, հասկանալով այդ բառերի կարևորությունը և նշանակությունը, որոնք այդքան մեղմ ձևով ասվեցին մեր սիրված մարգարեի կողմից։ Նախագահ Մոնսոն, Նախագահ Այրինգ, Նախագահ Ուխդորֆ, ես սիրում եմ ձեզ և կծառայեմ Տիրոջը և ձեզ իմ ամբողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով։

Օ, որքա՜ն էի ես սիրում Նախագահ Բոյդ Ք․ Փաքերին, երեց Լ․ Թոմ Փերիին և երեց Ռիչարդ Գ․ Սքոթին։ Ես իսկապես կարոտում եմ նրանց։ Ես օրհնված եմ՝ ուսուցանված և հրահանգված լինելով այս սիրելի եղբայրների ոտքերի մոտ։ Նույնիսկ չնչին չափով ես չեմ կարողանա ոտք մեկնել նրանց հետ, այնուամենայնիվ, ես պատիվ ունեմ ուղիղ կանգնելու նրանց թիկունքում և կրելու Տիրոջ ծառայությունը։

Երբ մտածում եմ նրանց մասին, ովքեր օգնել են ինձ դառնալ այն մարդը, որը կամ այսօր, առաջին հերթին մտածում եմ իմ թանկագին և անձնազոհ հավերժական զուգընկերոջ՝ Մելանիի մասին։ Տարիների ընթացքում նա օգնել է ինձ թրձվել, ինչպես կավի ամանը, դառնալով Հիսուս Քրիստոսի ավելի լավ կերտված աշակերտ։ Նրա սերը և աջակցությունը, նաև մեր հինգ զավակների, նրանց ամուսինների և կանանց, մեր քսանչորս թոռների աջակցությունը սատարում են ինձ։ Իմ սիրելի ընտանիք, ես սիրում եմ ձեզ։

Ինչպես Նեփին հնում, ես ծնվել եմ լավ ծնողներից, ավետարանի մեջ, իսկ նրանք ծնվել են լավ ծնողներից՝ վեց սերունդ շարունակ։ Իմ վաղ նախնիները, ովքեր միացել են Եկեղեցուն, Անգլիայից և Դանիայից էին։ Այդ վաղ ժամանակաշրջանի պիոներները տվել են իրենց ողջ ունեցածը Հիսուս Քրիստոսի ավետարանին և իրենց սերունդներին ժառանգություն թողնելու համար։ Ես անչափ երախտապարտ եմ բազմասերունդ Վերջին Օրերի Սրբերի ընտանիքի համար և ես գիտեմ, որ դա արժանի նպատակ է, որին պետք է ձգտենք բոլորս։

Շատ ուրիշները ներդրում ունեն, պատրաստելով իմ կյանքը այս նոր կոչմանը։ Նրանցից են իմ մանկության ընկերները, ընտանիքս, առաջին ղեկավարներս, ուսուցիչներս և կյանքիս դաստիարակները։ Նրանց մեջ են արևելյան նահանգների իմ առաջին միսիայի մարդիկ և մեր սիրված միսիոներները Նյու Յորքի հյուսիսային միսիայից։ Բոլորին, ովքեր ազդեցություն են գործել և ձևավորել իմ կյանքը, ես մեծապես շնորհակալ եմ։

Ես փափագել են ծառայել Յոթանասունի կազմում իմ եղբայրների հետ։ 15 տարիների ընթացքում ես եղել եմ Եկեղեցու ամենահրաշալի քվորոմներից և սիրող եղբայրություններից մեկում։ Շնորհակալություն, իմ սիրելի ծառայակիցներ։ Այժմ ես ուրախ եմ, որ պատկանելու եմ նոր քվորումի։ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոն, իմ սերը խորն է Ձեր և Տասներկու Առաքյալների Քվորումի յուրաքանչյուր անդամի հանդեպ։

Քույր Ռասբանդը և ես օրհնվել ենք, այցելելով անդամներին տարբեր հանձնարարությունների շրջանակներում՝ ամբողջ աշխարհով մեկ համայնքներում և միսիաներում։ Մենք սիրում ենք Վերջին Օրերի Սրբերին ամենուրեք։ Ձեր հավատքը մեծացրել է մեր հավատքը, ձեր վկայությունները մեծացրել են մեր վկայությունները։

Այժմ, եթե թույլ տաք մի փոքր ուղերձ թողնել ձեզ հետ այսօր, այն կլինի հետևյալը․ Տերն ասել է.«Սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի»։2 Ես վստահ եմ, որ չկա ընտրություն, մեղք կամ սխալ, որը կարող եք կատարել դուք կամ որևէ մեկը, և որը կարող է փոխել ձեր կամ նրանց հանդեպ Նրա սերը։ Դա չի նշանակում, որ Նա անտեսում կամ արդարացնում է մեղսավոր պահվածքը, ես վստահ եմ, որ ոչ, սակայն դա նշանակում է, որ մենք պետք է հասնենք մեր մերձավորներին մեր սիրով, հրավերով, համոզումով, ծառայությամբ և փրկությամբ։ Հիսուս Քրիստոսը ուշադրություն չի դարձրել մարդկանց ազգությանը, կարգին և պայմաններին, երբ ուսուցանել է նրանց այս խորիմաստ ճշմարտությունը։

Ինձ շատ անգամներ են հարցրել, թե երբ եմ ստացել իմ վկայությունը։

Ես չեմ հիշում ժամանակ, երբ չեմ հավատացել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։ Ես սիրել եմ Նրանց այն ժամանակից, երբ լսել եմ Նրանց մասին հրեշտակ մորս ծնկներին նստած, ով կարդում էր սուրբ գրությունները և ավետարանական պատմությունները։ Այդ վաղ հավատքը այժմ աճել է սիրող Երկնային Հոր մասին գիտելիքի և վկայության, ով լսում է մեր աղոթքները և պատասխանում դրանց։ Հիսուսի Քրիստոսի մասին իմ վկայությունը կառուցվել է իմ հատուկ փորձառություններից, որոնց միջոցով ես սկսել եմ ճանաչել Նրա մեծ սերը յուրաքանչյուրիս հանդեպ։

Ես երախտապարտ եմ մեր Փրկչի Քավության համար և ցանկանում եմ, Ալմայի նման, աղաղակել այդ մասին Աստծո փողով։3 Ես գիտեմ, որ Ջոզեֆ Սմիթը Վերականգնման մարգարեն է և որ Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է։ Եվ ես գիտեմ, որ Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը Աստծո ճշմարիտ ծառան է և մարգարեն այսօր երկրի վրա։

Հետևելով մեր մարգարեին, ես աղոթում եմ, որ մենք գթություն ունենանք մեր սրտերում մյուսների հանդեպ, և որ դառնանք կենդանի վկաներ և իսկապես «Հիսուսի մեծ սիրուց մնանք զարմացած»։ Օ¯, թող դա լինի «հրաշալի, հոյակապ» ձեզ և ինձ համար։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։