2015
Աստված ղեկի մոտ է
Նոյեմբեր 2015


Աստված ղեկի մոտ է

Պատվիրանները և ուխտերն այն անգին ճշմարտություններն ու վարդապետություններն են, որոնք գտնվել են «հնամյա Սիոն նավի» վրա, որտեղ Աստված ղեկի մոտ է:

Վերջին հոկտեմբերյան գերագույն համաժողովի ժամանակ ես լսողներին հրավիրեցի հետևել Բրիգամ Յանգի խորհրդին և մնալ «հնամյա Սիոն նավի» վրա, որը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին է, և բռնվել երկու ձեռքով:1 Այդ օրվանից ես ուրախ եմ, որ իմ ընտանիքի անդամներից մի քանիսը և ուրիշ մարդիկ լսել էին և ինձ այս հարցը տվեցին. «Ի՞նչ կա հնամյա Սիոն նավի վրա, որից կարող ենք կառչել»։ Ես նրանց հիշեցրեցի Նախագահ Բրիգամ Յանգի խոսքերը. «Մենք հնամյա Սիոն նավի վրա ենք: … [Աստված] է ղեկի մոտ և կմնա այնտեղ: … Նա թելադրում է, առաջնորդում և ուղղորդում: Եթե մարդիկ ունենան անսասան վստահություն իրենց Աստծո հանդեպ, երբեք չթողնեն իրենց ուխտերը, ոչ էլ իրենց Աստծուն, Նա մեզ ճիշտ կառաջնորդի»։2

Ակնհայտ է, որ մեր Երկնային Հայրը և Տեր Հիսուս Քրիստոսը «հնամյա Սիոն նավը» կահավորել են մաքուր և պարզ հավերժական ճշմարտություններով, որոնք կօգնեն մեզ հունի մեջ մնալ մահկանացու կյանքի պղտոր ջրերում։ Ահա այդ ճշմարտություններից մի քանիսը։

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին մշտապես առաջնորդվել է կենդանի մարգարեների և առաքյալների կողմից։ Չնայած մահկանացու և անկատար լինելուն, Տիրոջ ծառաները ոգեշնչված օգնում են մեզ խուսափել խոչընդոտներից, որոնք հոգևոր առումով վտանգավոր են, ինչպես նաև օգնում են մեզ ապահով անցնել մահկանացու կյանքի միջով՝ դեպի մեր վերջնական և հիմնական, աստվածային նպատակակետը։

Բարձրագույն իշխանավորների հետ մոտ 40 տարի շփվելով, ես անձամբ ականատես եմ եղել, թե հանդարտ ոգեշնչումը և լիակատար հայտնությունն ինչպես են գործի դնում մարգարեներին և առաքյալներին, մյուս Բարձրագույն իշխանավորներին և օժանդակների ղեկավարներին։ Թեև նրանք ոչ կատարյալ, ոչ էլ անսխալական էին, այդ բարի տղամարդիկ և կանայք կատարելապես նվիրված էին առաջնորդելու Տիրոջ աշխատանքն առաջ՝ ինչպես Նա ուղղորդել է:

Վստահ եղեք նրանում, որ Տերն Իր Եկեղեցին առաջնորդում է ապրող մարգարեների և առաքյալների միջոցով։ Այդպես է Նա միշտ կատարել Իր աշխատանքը։ Իսկապես Փրկիչն ուսուցանել է. «Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Ով որ ընդունէ նորան, որ ես կ’ուղարկեմ, ինձ է ընդունում»։3 Մենք չենք կարող Քրիստոսին առանձնացնել Իր ծառաներից։ Առանց Նրա առաջին առաքյալների մենք չէինք ունենա Նրա ուսմունքների, Նրա ծառայության, Գեթսեմանի այգում Նրա տառապանքների և խաչի վրա Նրա մահվան պատմություններն ականատեսի աչքերով։ Առանց նրանց վկայությունների մենք չէինք ունենա դատարկ գերեզմանի և Հարության առաքելական վկայությունները։

Նա այդ առաջին առաքյալներին պատվիրեց.

«Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը.

Նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն»։4

Այդ պարտականությունը նորացվեց մեր օրերում, երբ Տերը Ջոզեֆ Սմիթին կանչեց վերականգնելու Եկեղեցին կարգված Առաքյալների միջոցով, որպեսզի հռչակեն Իր ավետարանը վերջին անգամ, մինչև Նա կրկին գա։

Միշտ էլ աշխարհը դժվարացել է ընդունել ապրող մարգարեներին և առաքյալներին, բայց շատ կարևոր է ընդունել նրանց, որպեսզի լիովին հասկանանք Հիսուս Քրիստոսի Քավությունը և ուսմունքները, և ստանանք քահանայության օրհնությունների լրիվությունը, որոնք տրված են նրանց, ում Նա կանչել է։

Բազմաթիվ մարդիկ կարծում են, որ Եկեղեցու ղեկավարներն ու անդամները պետք է կատարյալ կամ գրեթե կատարյալ լինեն։ Նրանք մոռանում են, որ Տիրոջ շնորհը բավարար է Իր աշխատանքը մահկանացուների միջոցով իրագործելու համար։ Մեր ղեկավարներն օժտված են լավագույն մտադրություններով, բայց երբեմն մենք սխալներ ենք գործում։ Դա եզակի չէ Եկեղեցու համար, քանի որ նույն բանը կարող է տեղի ունենալ մեր ընկերների, հարևանների և գործընկերների շրջապատում, և նույնիսկ ամուսինների և ընտանիքների մեջ։

Մարդկային թուլություններն ուրիշների մեջ փնտրելը շատ հեշտ է։ Սակայն, մենք մեծ սխալ ենք գործում, երբ միմյանց մեջ նկատում ենք միայն մարդկային բնույթը և չենք տեսնում, թե ինչպես է Աստծո աջը գործում նրանց միջոցով, ում Նա կանչել է։

Կենտրոնանալով նրա վրա, թե ինչպես է Տերը ոգեշնչում Իր ընտրյալ ղեկավարներին և ինչպես է Նա մղում սրբերին, չնայած նրանց մարդկային բնույթին, ուշագրավ և արտառոց բաներ անել, կարող է հանդիսանալ մի եղանակ, թե ինչպես կարող ենք կառչել Հիսուս Քրիստոսի ավետարանից և ապահով մնալ «հնամյա Սիոն նավի» տախտակամածին։

Երկրորդ ճշմարտությունը փրկության ծրագրի վարդապետությունն է։ Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը Եկեղեցուն տվեց Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերը և բազմաթիվ այլ ուսմունքներ։ Սրանք ընդգրկում են փրկության ծրագրի գիտելիքը, որն իրենից ներկայացնում է մի քարտեզ, թե որտեղից ենք մենք գալիս, որն է երկրի վրա մեր նպատակը և ուր ենք գնումմահից հետո։ Ծրագրի շնորհիվ մենք նաև իմանում ենք մի եզակի, հավերժական հեռանկար, որ մենք Աստծո հոգևոր զավակներն ենք։ Եթե հասկանանք մեր Երկնային Հոր ինքնությունը և մեր կապը Նրա ու Նրա Սիրելի Որդի՝ Հիսուս Քրիստոսի հետ, մենք կընդունենք Նրանց պատվիրանները և ուխտեր կկապենք Նրանց հետ, որոնք կտանեն մեզ հետ՝ դեպի Նրանց հավերժ ներկայությունը։

Ամեն անգամ գրկելով նորածին երեխայի, ես ինքս ինձ հարց եմ տալիս. «Ո՞վ ես դու փոքրիկ։ Ի՞նչ մարդ կդառնաս Քրիստոսի Քավության շնորհիվ»։

Նմանապես խորհուն հարց ենք տալիս, երբ մեկը, ում սիրում ենք, մահանում է. «Որտե՞ղ են նրանք։ Ի՞նչ են նրանք տեսնում և զգում։ Արդյո՞ք կյանքը շարունակվում է։ Ինչպիսի՞ն կլինի մեր ամենաքնքուշ հարաբերությունների բնույթը մահացածների հոգիների մեծ աշխարհում»։

Այդ աշխարհում մեր ընտանիքն ունի երկու թոռնուհի՝ Սառան և Էմիլին և մեկ թոռ՝ Նաթանը։ Յուրաքանչյուր թոռան մահվան հետ, մենք ընտանիքով երկու ձեռքով կառչել ենք ավետարանի ճշմարտություններից։ Մեր հարցերի պատասխանները գտել ենք Փրկչի Քավության սփոփանքի և հավաստիացման մեջ։ Թեև մենք կարոտում ենք մեր թոռներին, մենք գիտենք, որ նրանք կենդանի են և գիտենք, որ կրկին կտեսնենք նրանց։ Մենք անչափ շնորհակալ ենք այդ հոգևոր հասկացողության համար՝ մեր անձնական և ընտանեկան նեղությունների ժամանակ։

Եկեղեցու մեկ այլ հիմնական ճշմարտությունն այն է, որ Երկնային Հայրը Ադամին և Եվային ստեղծեց վեհ նպատակի համար։ Նրանց և հետևաբար նրանց սերունդների պարտականությունն էր ստեղծել մահկանացու մարմիններ Աստծո հոգևոր զավակների համար, որպեսզի նրանք կարողանային ապրել մահկանացու կյանքով։ Այդ գործընթացի շնորհիվ Երկնային Հայրն Իր հոգևոր զավակներին ուղարկում է երկիր՝ երկրային կյանքի փորձառությունների միջոցով սովորելու և աճելու համար։ Քանի որ Նա սիրում է Իր զավակներին, Աստված երկնային սուրհանդակներ ու Առաքյալներ է ուղարկում, որպեսզի նրանց ուսուցանեն՝ որպես Փրկիչ Հիսուս Քրիստոսի կենտրոնական դերի մասին։

Դարեր շարունակ մարգարեները կատարել են իրենց պարտականությունները և մարդկանց զգուշացրել սպասվող վտանգների մասին։ Տիրոջ Առաքյալները պարտավոր են հետևել, զգուշացնել և օգնության հասնել նրանց, ովքեր պատասխաններ են փնտրում կյանքի հարցերին։

Քսան տարի առաջ Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը հրապարակեցին «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» հռչակագիրը։ Այդ ոգեշնչված փաստաթուղթը մենք եզրափակում ենք հետևյալով.«Մենք զգուշացնում ենք, որ այն անհատները, ովքեր խախտում են ողջախոհության ուխտերը, բռնություն են գործադրում իրենց կանանց, ամուսինների կամ երեխաների հանդեպ, կամ թերանում են ընտանեկան պարտականությունները կատարելիս, մի օր հաշվետու կլինեն Աստծո առջև: Դեռ ավելին, մենք զգուշացնում ենք, որ ընտանիքի քայքայումը անհատներին, համայնքներին և ազգերին կպատճառի այն դժբախտությունները, որոնց մասին կանխագուշակել էին հին ու նոր մարգարեները»։5

Որպես առաքյալներ մենք այսօր վերահաստատում ենք այդ հանդիսավոր նախազգուշացումը։ Հիշեք, որ պատվիրանները և ուխտերն այն անգին ճշմարտություններն ու վարդապետություններն են, որոնք գտնվել են «հնամյա Սիոն նավի» վրա, որտեղ Աստվածն է ղեկի մոտ։

Մեկ այլ կարևոր վարդապետություն, որից պետք է կառչենք, դա կիրակի օրը սուրբ պահելն է։ Դա օգնում է անբիծ պահել մեզ աշխարհից, ապահովում է մեր ֆիզիկական հանգիստը և յուրաքանչյուրիս հնարավորություն է տալիս ամեն կիրակի նորովի երկրպագել Հորը և Որդուն։6 Երբ մենք հրճվում ենք կիրակի օրը, մենք ցույց ենք տալիս մեր սերը Նրանց հանդեպ։7

Որպեսզի կիրակի օրը բաղձանք դարձնենք, մենք խնդրել ենք Եկեղեցու տեղական ղեկավարներին և անդամներին հիշել, որ հաղորդության ժողովը Տիրոջն է և պետք է հիմնովին արմատավորվի Նրա ուսմունքների մեջ։ Հաղորդության արարողության մատուցումն այն է, որ մենք թարմացնում ենք մեր ուխտերը և վերահաստատում մեր սերը Փրկչի հանդեպ և հիշում Նրա զոհաբերությունն ու Նրա Քավությունը։

Երկրպագության այդ նույն ոգին պետք է լցնի մեր ամենամսյա ծոմի և վկայության ժողովները։ Հաղորդության ժողովի ժամանակ անդամները համառոտ կերպով արտահայտում են իրենց երախտագիտությունը, սերը և գնահատանքը մեր Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և վերականգնված ավետարանի հանդեպ և այդ բաների վերաբերյալ բերում են իրենց անձնական վկայությունը։ Ծոմի և վկայության ժողովների ժամանակ պետք է համառոտ կերպով կիսվել ոգեշնչող մտքերով և բերել հանդիսավոր վկայություն։ Դա ելույթ ունենալու ժամ չէ։

Երեխաները պետք է փորձեն իրենց վկայություններով կիսվել Երեխաների Միության դասի և ընտանեկան երեկոների ժամանակ իրենց ծնողների հետ, մինչև որ նրանք հասկանան վկայության կարևոր նշանակությունը։

Կիրակին բաղձանք դարձնելու վերջին շեշտը Տիրոջ կողմից անմիջական ոգեշնչման արդյունք է՝ տրված Եկեղեցու ղեկավարների միջոցով։ Ծխի խորհրդի անդամները պետք է մի քանի շաբաթ առաջ օգնեն եպիսկոպոսին ընտրել յուրաքանչյուր հաղորդության երաժշտությունը և թեմաները։

Բոլորս օրհնվում ենք, երբ կիրակին լցված է Տիրոջ հանդեպ սիրով՝ մեր տներում և Եկեղեցում։ Երբ մեր երեխաները Տիրոջ ձևով են ուսուցանվում, նրանք սկսում են ընկալել և արձագանքել Նրա Հոգուն։ Ամեն կիրակի բոլորս էլ կցանկանանք հաճախել և ճաշակել հաղորդությունը, երբ զգում ենք Տիրոջ Հոգին։ Եվ բոլորը՝ ինչպես երիտասարդներն այնպես էլ ծերերը, ովքեր ծանր բեռ են կրում, հոգևոր բարձրացում և սփոփանք կզգան կիրակի օրը, եթե հավատարմորեն խորհեն մեր Երկնային Հոր և Տեր Հիսուս Քրիստոսի մասին։

Բարեբախտաբար, Քրիստոսը միշտ մոտ է, ով սպասում և ցանկանում է օգնել մեզ, երբ մենք աղոթում ենք օգնության համար և հոժար ենք ապաշխարել ու գալ դեպի Նա։

Այժմ, «հնամյա Սիոն նավի» վրա առկա այս մի քանի ճշմարտությունների շուրջ մտածելիս, եկեք մնանք տախտակամածին և հիշենք, որ ըստ նշանակության նավը փոխադրամիջոց է, իսկ փոխադրամիջոցի նպատակը մեզ դեպի նպատակակետը հասցնելն է։

Մեր նավի նպատակակետը ավետարանի բոլոր օրհնություններն են՝ երկնքի արքայությունը, սելեստիալ փառքը և Աստծո ներկայությունը։

Աստծո ծրագիրը գործում է։ Նա ղեկի մոտ է և Նրա մեծ ու հզոր նավը լողում է փրկությանն ու վեհացմանն ընդառաջ։ Հիշեք, որ մենք չենք կարող այնտեղ հասնել, եթե ցած նետվենք նավից և փորձենք ինքնուրույն լողալ դեպի նպատակակետը։

Վեհացումն այս մահկանացու ճամփորդության նպատակն է և ոչ ոք չի հասնում այնտեղ առանց Հիսուս Քրիստոսի ավետարանի միջոցների՝ Նրա Քավության, արարողությունների և Եկեղեցում տեղ գտած առաջնորդող սկզբունքների և վարդապետությունների։

Սա այն Եկեղեցին է, որտեղ մենք սովորում ենք Աստծո գործերը և ընդունում Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, որը փրկագնում է մեզ։ Եկեղեցու ներսում է, որ մենք հավերժական ընտանիքների պարտավորվածություն և ուխտ ենք կապում, որը դառնում է մեր անցագիրը դեպի վեհացում։ Սա այն Եկեղեցին է, որն ունի քահանայության զորությունը, որը մեզ առաջ կմղի մահկանացու կյանքի անկանխատեսելի ջրերի միջով։

Եկեք երախտապարտ լինենք մեր գեղեցիկ «հնամյա Սիոն նավին», քանզի առանց դրա մենք կհանձնվեինք հոսանքի քմահաճույքին,, միայնակ և անզոր, այս ու այն կողմ կնետվեինք առանց ղեկի և թիավարման ու կպտտվեինք հակառակորդի քամու ու ալիքների ուժգին հոսանքներից։

Եղբայրներ և քույրեր, ամուր բռնեք և նավարկեք այս փառահեղ նավի՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հետ, և մենք կհասնենք մեր հավերժական նպատակակետին։ Այս է իմ վկայությունը և աղոթքը մեր բոլորիս համարնրա՝ ում անունով կոչվել է «հնամյա Սիոն նավը», նույնիսկ մեր Տեր և Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։