2013
Դառնալ խաղաղության մարդ

Դառնալ խաղաղության մարդ

Տաճարը, միսիաները և ծառայությունը օգնեցին Ռոջերին և նրա ընտանիքին առաջ գնալ՝ դառնալով հավերժական ընտանիք:

Ռոջեր Ռանդրիանարիսոնը գիտեր, որ իր ընտանեկան կյանքում ինչ-որ բան պակասում էր:

«Ես աղոթում էի Աստծուն, որպեսզի օգներ ինձ գտնել այն, ինչը կօգներ առաջնորդել իմ ընտանիքը, - ասել է նա: - Ես ցանկացել եմ առաջնորդել իմ ընտանիքը ինչ-որ լավ ձևով, տանելով ճիշտ ուղով»:

Նա մտածում էր, թե ինչպես պետք է մեծացներ իր երեք երեխաներին, որդիներին՝ Ռանդրիանանդրիին և Սեդինիրինային, և դստերը՝ Նիրինային: Նա մտահոգվում էր, որ իր բռնկուն բնավորության պատճառով խնդիրներ էին ծագել իր ընտանիքում: Նա ցանկանում էր լինել բարի ծնող:

«Որոշեցի, որ ես պետք է փոխվեմ, քանի որ տեսնում էի, թե ինչպիսին եմ դարձել»,- ասել է նա:

Մի քանի տարի առաջ Ռոջերը կորցրել էր իր շինարարական բիզնեսը և աշխատում էր որպես տաքսու վարորդ Անտանանարիվոյում, Մադագասկար: Մի օր իր մեքենան նստեցին երկու քույր միսիոներներ:

«Նստելով մեքենան, նրանք անմիջապես հարցրեցին իմ անունը և հետաքրքրվեցին, թե արդյոք ընտանիք ունեմ,- պատմում է նա: - Նրանք հարցրեցին, թե արդյոք գիտեմ Աստծո մասին և աղոթում եմ Նրան»:

Ճանապարհին միսիոներները երգեր երգեցին Ռոջերի հետ և նրան հրավիրեցին եկեղեցի: Նա մի քանի անգամ փորձեց գնալ, սակայն չէր կարողանում աշխատանքային ժամերը հարմարեցնել ժողովների հետ և կորցրեց կապը միսիոներների հետ:

Հինգ ամիս անց մի օր Ռոջերն աշխատում էր տանը, երբ լսեց երկու միսիոներներ զրուցում են ինչ-որ մեկի հետ իր ցանկապատից այն կողմ: Ռոջերը գիտեր, որ նրանք կմոտենան և կխոսեն իր հետ: Նա զգաց, որ պետք է դրական պատասխան տար իրեն ուղղված բոլոր հարցերին:

Ներկայանալուց հետո միսիոներները հարցրեցին նրան, թե արդյոք նա գիտեր Աստծո մասին: Պատասխանն էր՝ այո: Արդյոք ցանկանո՞ւմ է աղոթել Աստծուն: Այո: Արդյո՞ք ցանկանում է զրուցել միսիոներների հետ: Այո: Ե՞րբ: Այժմ: Միսիոներները խոստացան վերադառնալ 20 րոպեից: Նրանք վերադարձան, իրենց հետ բերելով մոտակայքում ապրող մի անդամի:

Մոտ մեկ ամիս նրանք ուսուցանում էին Ռոջերին իր տանը: Եկեղեցու մասին լսելով, իր ընտանիքի մյուս անդամները չցանկացան ուսուցանվել միսիոներների կողմից: Մեկ ամիս ավետարանի մասին սովորելուց հետո, Ռոջերը միսիոներների հետ գնաց եկեղեցի: Բարյացակամ ընդունելությունը նրա վրա լավ տպավորություն թողեց: «Անդամները ընդունեցին ինձ այնպես, կարծես երկար ժամանակ ճանաչում էին ինձ»,- ասում է նա:

Ռոջերը եկեղեցուց տուն վերադառնալով, ասաց իր ընտանիքին, որ պատրաստվում է մեկ ամսից մկրտվել, և նրանք ցանկության դեպքում կարող էին միանալ Եկեղեցուն: Ընտանիքի անդամները խնդրեցին նրան սպասել, մինչև կկարողանային միանալ իրեն: Նրանք սկսեցին հաճախել ժողովներին և նույնպես հաճելիորեն տպավորված էին:

Առաջին անգամ Եկեղեցու ժողովներին ներկա լինելը տևական տպավորություն թողեց Ռոջերի ավագ որդու՝ Ռանդրիանանդրիի վրա: «Առաջին անգամ գալով եկեղեցի, զարմացած էի, թե որքան խոնարհ էին մարդիկ,- ասաց նա: - Նախ նրանք եկեղեցուն հարիր հագնված էին: Ապա նկատեցի, որ նրանք եկել էին նպատակով, ոչ թե մարդկանց մոտ իրենց ցուցադրելու»:

Ռանդրիանարիսոնները մկրտվեցին որպես ընտանիք 2003թ. փետրվարի 20-ին: Այդ ժամանակ Նիրինան 8 տարեկան էր, Սեդինիրինան՝ 17, իսկ Ռանդրիանանդրին՝ 19: Ընտանիքն այլևս չէր աշխատում կիրակի օրերին և առաջնահերթություն դարձրեց ավետարանով ապրելը:

Փոփոխություններ

«Մկրտվելուց հետո ես շատ փոփոխություններ տեսա մեր տանը,- ասում է Ռոջերի կինը՝ Արելինան: «Այն դարձավ հոգևոր տուն, և աշխարհիկ ու հոգևոր բազում օրհնություններ եկան ավետարանով ապրելու արդյունքում»:

Աշխարհիկ տեսակետից, Ռոջերը երախտապարտ է Երկնային Հորը, որն օգնեց իրեն վերսկսել իր բիզնեսը: Երկու տարի տաքսի վարելուց և ընտանիքը պահելու համար ձեռքից եկածն անելուց հետո նա սկսեց շինարարական պայմանագրեր կնքել: «Ես հավատում եմ, որ Աստված միշտ օրհնում է ինձ, երբ որոշում եմ հետևել Իրեն»,- ասում է նա:

Բայց նրա որդիներն ասում են, որ մեծագույն փոփոխությունը տեսել են իրենց հոր խառնվածքում: Այժմ նրան նկարագրում են որպես խոնարհության և բարության օրինակ: Ռոջերն ասում է, որ ավետարանը համոզել է իրեն, որ պետք է փոխվի: Սկսելով ուսումնասիրել այն, Ռոջերը փորձել է համալրել իր կյանքը լավ բաներով:

«Ավետարանի ուսմունքների շնորհիվ ես երբեք ափերիցս դուրս չեմ գալիս, - ասում է նա: - Երբեմն սադրանքներ լինում են, բայց ավետարանն իմ սրտում է, իմ գլխում և իմ հոգում: Այն օգնում է ինձ հանդարտ մնալ»:

Անհանգիստ պահերին Ռոջերը հանգստացնում է ընտանիքի անդամներին և հիշեցնում նրանց, որ պետք է Փրկչի օրինակին հետևել:

«Հայրս դարձել է խոնարհ և այժմ սիրով հոգ է տանում մեր ընտանիքի համար,- ասել է Սեդինիրինան: ,- Տեսնելով փոփոխություն նրա մեջ, ես այնքան երախտապարտ եմ Երկնային Հոր, ավետարանի և Եկեղեցու անդամ լինելու համար»:

Հավերժական ընտանիք

2006թ. Տաճարի Այցելուների Օժանդակության Ընդհանուր Հիմնադրամի աջակցությամբ Ռոջերը և Արելինան գնացին Յոհաննեսբուրգ, Հարավային Աֆրիկա, տաճարում կնքվելու:

2009-2011թթ. Սեդինիրինան և Ռանդրիանանդրին միսիա են ծառայել Հարավային Աֆրիկայում՝ Սեդինիրինան Քեյփ Թաունում, Ռանդրիանանդրին՝ Յոհաննեսբուրգում: Նրանց համար ծառայելու գրավական է հանդիսացել նաև այն, որ իրենք ցանկանում էին օգնել մյուս ընտանիքներին փոխվել, ճիշտ ինչպես փոխվեց իրենց ընտանիքը:

«Այսպիսի հրաշք կարող է կատարվել, և այն կատարվեց, որովհետև միսիոներները եկան մեր տուն, - ասում է Ռանդրիանանդրին: - Եվ ես ցանկանում եմ նույնն անել մեկ ուրիշ ընտանիքի համար»:

Այդ որոշումը մեկ այլ օրհնություն բերեց Ռանդրիանարիսոնների ընտանիք: Ինը օր Սեդինիրինան և Ռանդրիանանդրին պետք է անցկացեին Յոհաննեսբուրգի Միսիոներների Ուսուցման Կենտրոնում: Ռոջերը պատրաստվում էր Արելինայի և իրենց դստեր՝ Նիրինայի հետ թռչել Հարավային Աֆրիկա, որպեսզի ողջ ընտանիքը կնքվեր տաճարում: Նիրինան, որն այդ ժամանակ 14 տարեկան էր, ասում է, որ դժվարանում է նկարագրել այդ փորձառությունը և իր զգացողությունը:

«Դա զորացրեց իմ հավատքը և օգնեց ինձ ավելի մոտ զգալ Աստծուն»,- ասում է նա:

Այսօր ընտանիքի անդամներն աշխատում են շենացնել և ամրացնել իրենց շրջապատի մարդկանց: Ռոջերը ծառայում է որպես իր ծխի եպիսկոպոս: Արելինան աշխատում է Երեխաների Խմբում Հավատք առ Աստված ծրագրով: Սեդինիրինան ցցի գործավարի օգնականն է: Ռանդրիանանդրին ծխի գործավարի օգնականն է: Նիրինան ծխի երաժշտական խմբավարն է:

Ավետարանը եղել է աղոթքների պատասխանը Ռանդրիանարիսոնների տանը: Այն ամոքել է հին վերքերը, նրանց ավելի մտերմացրել է և հավերժ միասին լինելու հնարավորություն է ընձեռնել: Այն սովորեցրել է Ռոջերին սիրել: «Ընտանեկան կյանքը սիրով լի կյանք է»,- ասում է նա:

Ռոջեր Ռանդրիանարիսոնի համար սկսվեց աշակերտի ուղին, երբ միսիոներները նստեցին նրա մեքենան:

Ռանդրիանարիսոնների ընտանիքի լուսանկարները՝ Մեթյու Դ. Ֆլիթոնի:

Ընտանիքով ավետարանն ուսումնասիրելն օգնել է Ռանդրիանարիսոնների ընտանիքին էլ ավելի մտերմանալ:

Ճամփորդելով Հարավային Աֆրիկա և կնքվելով Յոհաննեսբուրգի տաճարում, Ռանդրիանարիսոններն ամրացրեցին իրենց ընտանիքը:

Վերևում. լուսանկարը՝ Դեյվիդ Վիլիամ Նյումենի © IRI; ներքևում՝ լուսանկարը © Լորա Պարկեր