2013
Պատանիները և տաճարային ուխտերը

Պատանիները և տաճարային ՈՒԽՏԵՐԸ

Լիաժամկետ միսիոներների տարիքային շեմը նվազեցնելու արդյունքում տասնյակ հազարավոր պատանիներ այժմ կապում են տաճարային սուրբ ուխտեր:

Որպես տաճարային աշխատողներ, մենք օրհնություն ենք ունեցել հանդիպելու երիտասարդ չափահասների, ովքեր գալիս են տաճար իրենց անձնական օժտումը ստանալու համար: Մենք նկատեցինք, որ տաճարային նախապատրաստության սեմինարներն օգտակար էին նրանց համար, սակայն արդարակյաց ծնողների և ղեկավարների ազդեցությունն ավելի նշանակալի դեր էր խաղացել, օգնելով նրանց նախապատրաստվել տաճարային ուխտեր կապելուն: Որպես ծնողներ և ղեկավարներ, մենք պետք է օգնենք պատանիներին ոչ միայն նախապատրաստվել լիաժամկետ միսիայի ծառայությանը, որը տևում է ընդամենը մի քանի ամիս, այլ նաև տաճարային ուխտեր կապելուն և պահելուն, որը տևում է ողջ հավերժություն: Առաջին քայլերը կարող են սկսվել մանկության տարիներին:

Նախապատրաստել երեխաներին

Ծնողները իրենց երեխաներին կարող են ցույց տալ տաճարի կարևորությունը տաճարում երկրպագելով և տաճարային աշխատանքի վերաբերյալ իրենց վկայությամբ կիսվելով: Նույնիսկ այն տարածքներում, որտեղ հնարավոր չէ հաճախ տաճար այցելել, ծնողները կարող են տաճար այցելելու ցանկություն սերմանել իրենց երեխաների մեջ:

Նախագահ Հովարդ Վ. Հանթերը (1907–95) սովորեցրել է ծնողներին. «Եկեք կիսվենք մեր երեխաների հետ հոգևոր զգացմունքներով, որ ունենում ենք տաճարում: Եվ եկեք ավելի լրջորեն և հանգիստ սովորեցնենք նրանց՝ հասկանալի ձևով բացատրելով Տիրոջ տան նպատակների մասին»:1 Մեր երեխաները պետք է իմանան, որ տաճարը մի վայր է, որտեղ մենք ստացել ենք մեր աղոթքների պատասխանները և որտեղ մենք զգում ենք Աստծո սերը:

Ծնողները կարող են նաև սովորեցնել իրենց երեխաներին ուրախությամբ սպասել և արժանիորեն ապրել իրենց անձնական սահմանափակ օգտագործման երաշխավորագրին, որի համար որակվելու հնարավորությունը նրանք կունենան, երբ դառնան 12 տարեկան: Երբ այս պատանիների հաճախելու ժամանակը գալիս է, մենք նկատում ենք ուրախությունը և հպարտությունը, որով նրանք ներկայացնում են այս երաշխավորագրերը տաճարում:

Նախապատրաստել երիտասարդությանը

Ծնողները կարող են օգնել իրենց երեխաներին ներգրավվել ընտանեկան պատմության հետազոտման աշխատանքներում, որպեսզի, երբ դառնան 12 տարեկան, նրանք կարողանան ընտանիքի անունները տանել տաճար: Այն երիտասարդներին, ովքեր անում են դա, Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը խոստացել է. «Ձեր սերն ու երախտագիտությունը ձեր նախնիների հանդեպ կմեծանան: Փրկչի մասին ձեր վկայությունը և դարձի ընթացքը կդառնան ավելի խորը և հաստատուն: Եվ ես խոստանում եմ, որ դուք պաշտպանված կլինեք թշնամու սաստկացող ազդեցությունից»:2

Մենք տեսել ենք այս խոստման իրականացման բազմաթիվ օրինակներ: Վերջերս մի երիտասարդ կին պատմեց մեզ, որ երբ նա գտել էր իր տատիկի անունը, նա եկել էր տաճար, որ նրա համար աշխատանք կատարեր: Նա ասաց, որ երբ նա մկրտվել էր նրա համար, նա պարզ կերպով զգացել էր, որ տատիկը ողջունելու էր իրեն հաջորդ կյանքում: Նման փորձառությունները ամրացնում են վկայությունները և ցանկություն են սերմանում մասնակցելու տաճարի հետագա արարողություններին:

Բազմաթիվ երիտասարդներ հանդիպում են անհամեստ հագնվելու գայթակղությանը: Երբ ծնողները և ղեկավարները կրում են գրավիչ, համեստ հագուստներ, երիտասարդները կհասկանան, որ նրանք նույնպես կարող են դա անել: Երիտասարդները պետք է հասկանան, որ իրենց հագնվելու ձևը և իրենց մարմինների հանդեպ իրենց վերաբերմունքը կարող են ցուցադրել իրենց աշակերտ լինելը:

Ծնողները կարող են օգնել երիտասարդներին նախապատրաստվել տաճար մտնելուն, օգնելով նրանց հասկանալ ուխտերը, որոնք նրանք կապելու են այնտեղ: Տաճարային ուխտերը ներառում են խոստումներ «պահել առաքինության և մաքրաբարոյության ճշգրիտ օրենքը, լինել գթառատ, մեծահոգի, համբերատար և անարատ. նվիրաբերել տաղանդներ և նյութական միջոցներ ճշմարտության տարածման և [մարդկային ընտանիքի] երջանկության համար. նվիրվել ճշմարտության գործին. յուրաքանչյուր միջոցով փորձել նպաստել մեծ նախապատրաստությանը, որ երկիրը պատրաստ լինի ընդունելու իր Թագավորին՝ Տեր Հիսուս Քրիստոսին»:3 Ծնողները կարող են վկայել, որ երիտասարդները կստանան անձնական և հզոր օրհնություններ իրենց կյանքի ընթացքում, երբ նրանք պահեն այս ուխտերը, և այս ուխտերը կդառնան ավելի նշանակալից երիտասարդների համար, երբ նրանց ծնողներն օգնեն նրանց հասկանալ, որ օրհնությունները և ուխտերը հնարավոր են դարձվել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:

Կան տարբեր միջոցներ, որոնցով մենք կարող ենք նախապատրաստել մեր երեխաներին և երիտասարդներին տաճարային օրհնությունները ստանալու համար: Որքան շատ նրանք պատրաստված լինեն, այնքան ավելի հավանական կլինի, որ նրանք խաղաղ լինեն և զգան Հոգին և այսպիսով կարողանան ունենալ հրաշալի հոգևոր փորձառություններ, երբ նրանք ստանան իրենց օժտումը: Երջանիկ տաճարային փորձառությունը կդարձնի նրանց ավելի նվիրված Քրիստոսի հետևորդներ և ավելի լավ միսիոներներ, ովքեր ոգևորված կլինեն օգնելու նրանց, ում ուսուցանում են, որ նախապատրաստվեն ստանալու իրենց անձնական տաճարային սուրբ արարողությունները:

Հղումներ

  1. Howard W. Hunter, “Follow the Son of God,” Ensign, Nov. 1994, 88.

  2. Դեյվիդ Ա. Բեդնար, «Զավակների սրտերը կդառնան», Լիահոնա, նոյեմբեր 2011, 26–27:

  3. James E. Talmage, in Preparing to Enter the Holy Temple (2002), 34–35.

Նկարները Սթիվ Կրոփի