Ի՞նչն է բերել ձեզ Ռեքսբուրգ
Սանդրա Ռաշ, Այդահո, ԱՄՆ
Տասնամյակներ շարունակ ապրելով այնպիսի տեղում, որտեղ Եկեղեցու անդամները փոքրամասնություն էին կազմում, ես և ամուսինս տեղափոխվեցինք Ռեքսբուրգ, Այդահո, ԱՄՆ, այնպիսի թաղամաս, որտեղ միայն երկու ընտանիքներ անդամներ չէին: Մեր բախտը բերեց, որ մենք ապրում էինք նրանցից մեկի կողքին:
Ընտանիքի հայրը կտրում էր իրենց խոտածածկը, երբ մենք մեքենայով մոտեցանք մեր տանը: Ես և ամուսինս մեր խոտածածկի վրայով անցնելով մոտեցանք, որպեսզի ծանոթանայինք: Ձեռքս մեկնելով, ես հարցրեցի. «Ի՞նչն է բերել ձեր ընտանիքը Ռեքսբուրգ»:
Նա պատասխանեց. «Իմ աշխատանքը, և մենք փնտրում էինք հատկապես այնպիսի քաղաք, որտեղ մարդիկ կարիք ունեին ծանոթանալու Քրիստոսի հետ»:
Կարծես դույլով սառը ջուրը լցրեցին գլխիս, բայց ես ժպտացի: Այդ պահին որոշեցի, որ ինչ էլ մեր նոր հարևանն ասեր կամ աներ, մենք պետք է դառնայինք լավագույն հարևանները, որ երբևէ այդ ընտանիքն ունեցել էր: Մեր բոլոր փոխհարաբերություններում պետք է փորձեինք լինել բարի, սիրալիր և ողջամիտ, ինչպես Փրկիչը կլիներ:
Հաջորդող ութ տարիների ընթացքում մեր ընտանիքները շատ համատեղ միջոցառումների մասնակցեցին: Նրանց մայրը հրավիրվեց Սփոփող Միության միջոցառումներին: Նա ինձ և մեր Վերջին Օրերի շատ Սրբերի հրավիրեց Քրիստոնյա կանանց արշավին, որը հովանավորում էր իրենց եկեղեցին: Ամուսինս և ես հրավիրվեցինք իրենց երեխաների պարի և դաշնամուրի համերգներին: Նրանց ընտանիքը ընդգրկվեց մեր թաղամասի պիկնիկներին և երեկույթներին: Նրանց երեխաները զանգահարում էին մեզ, երբ պետք էր նրանց աշխատանքից մեքենայով տուն բերել և երբ նրանք չէին կարողանում կապ հաստատել իրենց ծնողների հետ:
Ծնողներն անհանգստանալով, որ իրենց երեխաները, գուցե, սկսեին շատ սիրել Վերջին Օրերի Սրբերին, թույլ չէին տալիս իրենց որդիներին մասնակցել մեր ծխի սկաուտական ծրագրին: Սակայն մեր տունը համարվում էր ապահով վայր, որտեղ նրանց երեխաները խաղում էին, երբ մեր թոռնիկները գալիս էին հյուր:
Ամեն անգամ, երբ մեր հարևանները փորձում էին օգնել մեզ տեսնել «մեր բռնած սխալ ուղին», մենք հիշեցնում էինք նրանց, որ մեծ հարգանք էինք տածում իրենց համոզմունքների, ապրելակերպի և երեխաների դաստիարակության հանդեպ: Ապա ավելացնում էինք, որ ակնկալում ենք նույն հարգանքը մեր համոզմունքների հանդեպ, որոնք նույնպես կենտրոնացած էին Փրկչի ուսմունքների վրա:
Երբ մայրը փորձում էր մեր տարբերությունները ներկայացնել որպես խորը, անանցանելի անդունդ, պնդելով, որ Վերջին Օրերի Սրբերը հավատում են «այլ Հիսուսի», ես հիշեցնում էի նրան, որ երկուսս էլ հավատում ենք, որ Նա Աստծո աստվածային և սիրելի Որդին է: Ի վերջո, նա և ես վայելում էինք ջերմ ընկերական հարաբերություններ:
Նրանց ընտանիքը տեղափոխվեց այլ վայր՝ առանց միանալու Եկեղեցուն: Սակայն եթե նրանք ասեն. «Մենք ապրել ենք Մորմոնների մեջ, և նրանք անկեղծ սրտով, լավ ու հարգալից մարդիկ են», այդ ժամանակ կզգամ, որ մեզ հաջողվել է լինել լավ հարևան, օգնելով նրանց դառնալ ավելի բաց և արդար Վերջին Օրերի Սրբերի իրենց գնահատականում: