2011
Ժամանակը պիտի գա

Ժամանակը պիտի գա

Ձեզ հետ ես կանգնած եմ ապշահար,տեսնելով, թե ինչպես է այս աշխատանքն առաջ մղվում հրաշալի, սքանչելի և անդիմադրելի ձևով:

Elder L. Whitney Clayton

Որպես երիտասարդ միսիոներ ես մի քանի ամիս ծառայել եմ Պերույում` Լիմայի կենտրոնում: Այդ պատճառով ես անցել եմ Պլազա դե Ռիմասը շատ անգամներ: Կառավարության Պալատը` Պերույի նախագահի պաշտոնական նստավայրը, նայում է հրապարակին: Իմ ընկերակիցներն ու ես հրավիրեցինք պալատի մարդկանց լսել վերականգված ավետարանը: Այն ժամանակ ես հաճախ էի մտածում, թե ինչ կլիներ, եթե մտնեինք պալատ, բայց այդ անելու նույնիսկ միտքը թվում էր խիստ անիրական:

Անցած տարի Երեց Դ.Թոդ Քրիստոֆերսոնը` Տասներկուս Առաքյալների Քվորումից, և մի քանի այլ անձինք և ես հանդիպեցինք Ալան Գարսիայի հետ, որն այն ժամանակ Պերույի նախագահն էր, որի նստավայրը Կառավարության Պալատում էր: Մեզ ցույց տվեցին դրա գեղեցիկ սենյակները և մեզ սրտաբաց ընդունեց Նախագահ Գարսիան: Երիտասարդ միսիոների իմ խոհերը պալատի վերաբերյալ իրականացան այնպես, ինչպես ես երբեք չէի կարող երազել 1970 թվականին:

Շատ բաներ են փոխվել Պերույում իմ միսիոներ լինելուց ի վեր, հատկապես` Եկեղեցու համար: Այն ժամանակ այնտեղ կային մոտ 11000 Եկեղեցու անդամներ և միայն մեկ ցից: Այսօր կան ավելի քան 500000 անդամ և մոտ 100 ցից: Քաղաքներում, որտեղ կային անդամների միայն փոքրիկ խմբեր, այժմ աշխույժ ցցերն ու գրավիչ ժողովատները զարդարում են երկիրը: Նույնը տեղի է ունեցել ողջ աշխարհով մեկ շատ այլ երկրներում:

Եկեղեցու այս նշանավոր աճը արժե բացատրել: Մենք սկսում ենք Հին կտակարանի մարգարեությամբ:

Դանիելը եբրայեցի ստրուկ էր Բաբելոնում: Նրան հնարավորություն տրվեց մեկնաբանել թագավոր Նաբուգոդոնոսորի երազը: Դանիելը խնդրեց Աստծուն հայտնել իրեն երազը և դրա մեկնաբանությունը, և նրա աղոթքը պատասխան ստացավ: Նա ասաց Նաբուգոդոնոսորին. «Բայց կայ Աստուած երկնքումը` գաղտնիքներ յայտնող, եւ նա յայտնում է Նաբուգոդոնոսոր թագավորին ինչ որ պիտի լինի յետին օրերումը: Գլխիդ տեսիլքը քո անկողնի վերայ սա է»: Դանիելը ասաց, որ թագավորը գլխով, կրծքավանդակով, ձեռքերով, ոտքերով և ոտնաթաթերով մի սոսկալի պատկեր էր տեսել: Մի քար պոկվեց սարից և առաջ գլորվեց, աստիճանաբար մեծանալով չափսերով: Այդ քարը զարկվեց արձանին և փշրեց այն, «բայց այն քարը, որ զարկեց արձանին, մեծ սար եղավ եւ լցրեց բոլոր երկիրը»:

Դանիելը բացատրեց, որ արձանը ներկայացնում էր ապագա քաղաքական թագավորությունները և որ «այդ [ապագա] թագաւորների օրերումը երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի ավերուիլ. … նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագավորութիւնները. Իսկ նա ինքը կմնայ յաւիտեանս»:1

Մենք այժմ գնում ենք ավելի ուշ ժամանակներ: Մորոնի հրեշտակն առաջին անգամ հայտնվեց Ջոզեֆ Սմիթին 1823 թվականին և ասաց նրան, որ «Աստված աշխատանք ունի [նրա] համար` կատարելու. և որ [նրա] անունը` որպես բարի և չար, կիմացվի բոլոր ազգերի, ցեղերի և լեզուների մեջ»:2 Մորոնիի ուղերձը պետք է որ ապշեցրած լիներ Ջոզեֆին, որն ընդամենը 17 տարեկան էր:

1831 թվականին, Տերն ասաց Ջոզեֆին, որ Աստծո արքայության բանալիները, կրկին «վստահված են մարդուն երկրի վրա»: Նա ասաց. «ավետարանը կգլորվի մինչև աշխարհի ծայրերը, ինչպես քարը, որը կտրվել է սարից` առանց ձեռքի, մինչև որ լցնի ողջ երկիրը»,3 ճիշտ ինչպես Դանիելն էր ասել Նաբուգոդոնոսորին:

1898 թվականին Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը պատմեց Կիրթլենդում քահանայության ժողովին իր փորձառության մասին, որը նա ունեցել էր 1834 թվականին, երբ նոր անդամ էր: Նա պատմեց. «Մարգարեն կանչեց բոլորին, ովքեր քահանայություն էին կրում, հավաքվել փոքրիկ գերանաշեն դպրոցում: Այն փոքրիկ տնակ էր, գրեթե 14 քառակուսի ֆուտ: Երբ հավաքվեցինք, Մարգարեն կոչ արեց Իսրայելի երեցներին վկայություն բերել այս աշխատանքի վերաբերյալ: … Երբ նրանք վերջացրեցին, մարգարեն ասաց. «Եղբայրներ, այստեղ, այս երեկո ես լավ խրատվեցի և ուսուցանվեցի ձեր վկայություններով, բայց ես ուզում եմ ասել ձեզ Տիրոջ առաջին, որ դուք ավելի շատ բան չգիտեք այս Եկեղեցու և թագավորության ճակատագրի մասին, քան իր մոր գրկում եղող մանկիկը: Դուք չեք երևակայում: … Սա ընդամենը մի փոքրիկ քահանայություն է, որ դուք տեսնում եք այստեղ, այս երեկո, բայց այս Եկեղեցին կլցնի Հյուսիսային և Հարավային Ամերիկան, այն կլցնի աշխարհը»:4

Այս մարգարեությունները որ.

  • Աստծո արքայությունը սարից պոկված քարի նման կլցնի աշխարհը,

  • Ջոզեֆ Սմիթի անունը հայտնի կդառնա ողջ աշխարհում, և

  • Եկեղեցին կլցնի Ամերիկաները և կլցնի աշխարհը,

հավանաբար ծիծաղելի կթվային 170 տարի առաջ: Հավատացյալների փոքրիկ խումբը, որը հազիվ էր հայթհայթում իր ապրուստը Ամերիկայի չբնակեցված մասում և տեղափոխվում հալածանքից խուսափելու համար, նման չէր հավատքի այն հիմնաքարին, որը պիտի անցներ միջազգային սահմանները և ամենուրեք սրտեր ներթափանցեր:

Բայց դա հենց այն էր, ինչ պատահեց: Թույլ տվեք բերել մի օրինակ:

1925 թ. Սուրբ Ծննդյան օրը Երեց Մելվին Ջ. Բալլարդը Բուոնես Այրեսում, Արգենտինա, նվիրագործեց Հարավային Ամերիկայի ողջ մայր-ցամաքը Հիսուս Քրիստոսի ավետարանի քարոզման համար: Մինչև 1926 թ. օգոստոսը մի բուռ նորադարձներ մկրտվեցին: Նրանք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու առաջին անդամներն էին, ովքեր մկրտվեցին ողջ Հարավային Ամերիկայում: Դա 85 տարի առաջ էր` այսօր այս համաժողովը լսողներից շատերի կյանքի չափ:

Բուոնես Այրեսում այսօր կա Սիոնի 23 ցից, իսկ Արգենտինայում ընդհանուր առմամբ մեծ թվով ցցեր և տասնյակ հազարավոր Եկեղեցու անդամներ կան` մեծ և փոքր քաղաքներում: Այսօր, Հարավային Ամերիկայում կան ավելի քան 600 ցցեր և մի քանի միլիոն Եկեղեցու անդամներ: Մենք տեսնում ենք, թե ինչպես է Աստծո արքայությունը լցնում մայր-ցամաքը, և Ջոզեֆ Սմիթի անունը հրապարակվում ինչպես մեր կողմից, այնպես էլ նրա քննադատների կողմից այն երկրներում, որոնց մասին երևի իր կյանքի ընթացքում նա չէր էլ լսել:

Այսօր ողջ աշխարհում Եկեղեցին ունի մոտ 3000 ցից` Բոստոնից մինչև Բանգկոկ, և Մեխիկոյից մինչև Մոսկվա: Ծխերի և ճյուղերի թիվը մոտենում է 29000-ի: Շատ երկրներում կան լավ կայացած ցցեր` անդամներով, որոնց նախնիները նորադարձներ են եղել: Այլ վայրերում նոր անդամների փոքր խմբերը հանդիպում են փոքր ճյուղերով Եկեղեցու վարձակալված տներում: Ամեն տարի Եկեղեցին ավելի է սփռվում երկրագնդով մեկ:

Մի՞թե անհեթեթ են աշխարհը լցնելու և աշխարհում հանրահայտ լինելու մասին այս մարգարեությունները: Գուցե: Անհավանակա՞ն են: Անկասկած: Անհնարի՞ն են: Իհարկե ոչ: Դրանք իրականանում են մեր աչքի առաջ:

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին նշել է.

«Ասում էին, որ մի ժամանակ արևը երբեք մայր չէր մտնում Բրիտանական կայսրությունում: Այդ կայսրությունն այժմ վերացել է: Բայց ճիշտ է, որ արևը երբեք մայր չի մտնում Տիրոջ այս աշխատանքում, քանի որ այն ազդում է ողջ երկրագնդի մարդկանց կյանքերի վրա:

Եվ սա միայն սկիզբն է: Մենք դեռ հազիվ ենք սկսել իրականացնել այն ամենը, ինչ կամենում ենք: Մեր աշխատանքը սահմաններ չի ճանաչում: … Այն ազգերը, որոնք այժմ փակ են մեզ համար, մի օր կբացվեն»:5

Այսօր մենք կարող ենք տեսնել, որ Մորմոնի Գրքի մարգարեության իրականացումը մոտենում է.

«Եվ … կլինի այնպես որ թագավորները կփակեն իրենց բերանները. Քանզի այն, ինչ չէր ասվել իրենց, նրանք պիտի տեսնեն. Եւ այն, ինչ նրանք չէին լսել, նրանք պիտի հասկանան:

Քանզի այն օրը, Հայրը հանուն ինձ կգործի մի գործ, որը մեծ և զարմանալի գործ կլինի նրանց մեջ»:6

Տիրոջ այս աշխատանքն իսկապես մեծ է և զարմանալի, բայց այն առաջ է շարժվում հիմնականում աննկատ քաղաքական, մշակութային և գիտական շատ ղեկավարների համար: Այն ժամանակի մի հատվածում փոխում է մեկ սիրտ և մեկ ընտանիք, ընթանում է լուռ և համեստ, դրա սրբազան ուղերձը օրհնում է մարդկանց ամենուրեք:

Մորմոնի Գրքում կա մի հատված, որը հայտնում է այսօր Եկեղեցու զարմանահրաշ աճի գաղտնիքը: «Եվ դեռ ավելին, ես ասում եմ ձեզ, որ պիտի գա ժամանակը, երբ մի Փրկչի մասին գիտելիքը պիտի տարածվի ամենուր` ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի մեջ»:7

Մեր ամենակարևոր ուղերձը, որը մենք աստվածայնորեն լիազորված ենք և պատվիրված հասցնել աշխարհին, այն է, որ կա Փրկիչ: Նա ապրել է ժամանակի գագաթնակետին: Նա քավել է մեր մեղքերը, խաչվել է և հարություն առել: Այդ անզուգական ուղերձը, որը մենք հայտարարում ենք Աստծուց ստացած իշխանությամբ, Եկեղեցու աճի իրական պատճառն է:

Ես վկայում եմ, որ Նա հայտնվեց Իր Հոր հետ Ջոզեֆ Սմիթին: Հոր ղեկավարության ներքո, Նա նորից հաստատեց Իր ավետարանը երկրի վրա: Նա կրկին երկիր ուղարկեց առաքյալներին, մարգարեներին և քահանայության բանալիները: Նա ղեկավարում է Իր Եկեղեցին կենդանի մարգարե Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի միջոցով: Այս Եկեղեցին այն քարն է, որը կտրվեց սարից առանց ձեռքի, որը գլորվում է առաջ երկրագնդի վրայով:

Մենք երախտապարտ ենք Ջոզեֆ Սմիթի համար և զարմանքով հետևում ենք, թե ինչպես է նրա անունը, հարգվում և, այո, նույնիսկ անարգվում ավելի լայնորեն, քան երբևէ ողջ երկրագնդում: Բայց մենք հասկանում ենք, որ վերջին օրերի այս հզոր աշխատանքը նրա վերաբերյալ չէ: Դա Ամենազոր Աստծո և Նրա Որդու` Խաղաղության Իշխանի աշխատանքն է: Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը Փրկիչն է, և ձեզ հետ ես կանգնած եմ ապշահար,տեսնելով, թե ինչպես է այս աշխատանքն առաջ մղվում հրաշալի, սքանչելի և անդիմադրելի ձևով: Իսկապես,«եկել է ժամանակը, երբ Փրկչի մասին մի գիտելիք … տարածվում է ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի մեջ»: Ես բերում եմ վկայություն Նրա` ողջ մարդկության Փրկչի, և այս աշխատանքի մասին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: