2011
Տիրոջն ապավինել` Քո կամքը կատարվի
նախորդ հաջորդ

Տիրոջն ապավինել` Քո կամքը կատարվի

Մեր կյանքի նպատակը Երկրի վրա աճելը, զարգանալը և մեր իսկ փորձառությունների միջոցով ամրանալն է:

Elder Robert D. Hales

Շաբաթ օրվա այս առավոտ, մենք շնորհակալություն ենք հայտնում և վկայում մեր Փրկչի կենդանի իրականության մասին: Նրա ավետարանը վերականգվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Մենք այսօր առաջնորդվում ենք ապրող մարգարեի՝ Թոմաս Ս. Մոնսոնի կողմից: Ամենակարևորը, մենք հանդիսավոր վկայություն ենք բերում Հիսուս Քրիստոսի Քավության և դրանից բխող հավերժական օրհնությունների մասին:

Անցած մի քանի ամիսների ընթացքում, ես հնարավորություն եմ ունեցել ավելի շատ ուսումնասիրել և սովորե մեր Փրկչի քավող զոհաբերության մասին և թե ինչպես Նա պատրաստվեց կատարելու այդ հավերժական զոհաբերությունը մեզանից յուրաքանչյուրի համար:

Նրա նախապատրաստությունը սկսվեց նախաերկրային կյանքում, երբ Նա ապավինեց Իր Հորը, ասելով. «Հայր, քո կամքը կատարվի, և փառքը քոնը լինի հավիտյան»:1 Սկսած այդ պահից մինչ այսօր, Նա գործադրում է Իր ազատ կամքը՝ընդունելու և իրականացնելու Երկնային Հոր ծրագիրը: Սուրբ գրություններն ուսուցանում են մեզ, որ Իր պատանեկությունից Նա գնաց «[Իր] Հոր գործով»2 և «սպասում էր Տիրոջ կողմից իր ծառայության ժամանակի գալուն»:3 30 տարեկանում Նա հանդիպեց ուժեղ գայթակղության, սակայն որոշեց դիմադրել, ասելով. «Գնա յետս, սատանայ»:4 Գեթսեմանում Նա վստահեց Իր Հորը, հայտարարելով. «Սակայն ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի»,5 իսկ հետո գործադրեց Իր ազատ կամքը և տառապեց մեր մեղքերի համար: Հասարակական նվաստացուցիչ դատի և խաչելության հոգևարքի մեջ Նա ապավինեց Իր Հորը, պատրաստ «մեր մեղքերի համար վիրաւոր[վելու] [և] մեր անօրէնութիւնների … համար հարուած[վելու]»:6 Նույնիսկ երբ Նա աղաղակեց. «Իմ Աստուած՝ իմ Աստուած, ինչո՞ւ թողեցիր ինձ»,7 Նա ապավինում էր Իր Հորը՝գոծադրելով Իր ազատ կամքը՝ ներելու Իր թշնամիներին,8 հոգ տանելու Իր մոր համար9 և համբերելու մինչև վերջ, մինչև Իր կյանքը և մահկանացու առաքելությունն ավարտվեին:10

Ես հաճախ եմ խորհրդածել. «Ինչո՞ւ են Աստծո Որդին և Նրա սուրբ մարգարեները և բոլոր հավատարիմ Սրբերը կրում փորձություններ և տառապանքներ, երբ նույնիսկ փորձում են անել Երկնային Հոր կամքը: Ինչո՞ւ է դա այդքան դժվար, հատկապես՝ նրանց համար:

Ես մտածում եմ Ջոզեֆ Սմիթի մասին, որը տառապանք կրեց, երբ տղա էր, և հալածանք՝ իր կյանքի ընթացքում: Փրկչի նման նա աղաղակեց. «Ով Աստված, ո՞րտեղ ես դու»:11 Այնուամենայնիվ, նույնիսկ, երբ նա, թվում էր, միայնակ էր, նա գործադրեց իր ազատ կամքը, ապավինելով Տիրոջը և իրականացնելով իր Երկնային Հոր կամքը:

Ես մտածում եմ մեր ռահվիրա նախնիների մասին. դուրս քշված լինելով Նավուից, տափաստաններում՝ գործադրելով մարգարեին հետևելու իրենց ազատ կամքը, նույնիսկ, տանելով հիվանդություն, զրկանք, նույնիսկ, մահ: Ինչո՞ւ համար էր այդ սոսկալի տառապանք: Ո՞րն էր դրա նպատակը Ո՞րն էր դրա իմաստը:

Երբ տալիս ենք այս հարցերը, հասկանում ենք, որ մեր կյանքի նպատակը Երկրի վրա աճելը, զարգանալը և մեր իսկ փորձառությունների միջոցով ամրանալն է: Ինչպե՞ս ենք մենք անում այս: Սուրբ գրությունները տալիս են մեզ պատասխան մեկ պարզ արտահայտությամբ. Մենք «[ապավինում] ենք Տիրոջը»:12 Ստուգարքներ և փորձություններ տրվում են մեզ բոլորիս: Այս մահկանացու դժվարությունները թույլ են տալիս մեզ և մեր Երկնային Հորը տեսնել, թե մենք արդյոք կգործադրե՞նք Նրա Որդուն հետևելու մեր ազատ կամքը: Նա արդեն գիտի և մենք ունենք հնարավորություն սովորելու, որ որքան էլ դժվարին լինեն մեր հանգամանքները, «այս բոլոր բաները փորձառություն կտան [մեզ] և կլինեն [մեր] օգտի համար»:13

Արդյո՞ք սա նշանակում է, որ մենք միշտ կհասկանանք մեր մարտահրավերները: Մի՞թե մենք բոլորս էլ չենք ունենա պատճառ ինչ որ ժամանակ ասելու. «Ով Աստված, որտեղ ես դու»:14 Այո: Երբ կողակիցն է մահանում, նրա զուգընկերը հարց կտա: Երբ տնտեսական դժվարություններ են ծագում ընտանիքում, հայրը հարց կտա: Երբ երեխաները հեռանում են ուղուց, մայրը և հայրը կաղաղակեն վշտաբեկ: Այո, «իրիկունը լաց է գալիս, իսկ առաւօտը ցնծութիւն»:15 Ապա մեր աճող հավատքի և հասկացողության արշալույսին մենք բարձրանում ենք և ընտրում ապավինել Տիրոջը, ասելով. «Քո կամքը կատարվի»:16

Ուրեմն այդ դեպքում, ի՞նչ է նշանակում ապավինել Տիրոջը: Սուրբ գրություններում ապավինել նշանակում է հուսալ, ակնկալել և վստահել: Տիրոջը հուսալն ու վստահելը պահանջում է հավատք, համբերություն, համեստություն, հեզություն, երկայնամտություն, պատվիրանները պահել և մինչև վերջ համբերել:

Ապավինել Տիրոջը նշանակում է հավատքի սերմ ցանել և սնուցել այն «մեծ ջանասիրությամբ և … համբերությամբ»:17

Դա նշանակում է աղոթել, ինչպես Փրկիչն է աղոթել Աստծուն՝ մեր Երկնային Հորը, ասելով. «Քո թագավորությունը գա: Քո կամքը կատարվի»:18 Դա մի աղոթք է, որը մենք հղում ենք մեր ողջ հոգով, մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով:

Ապավինել Տիրոջը նշանակում է խորհրդածել մեր սրտերում և «ստանալ Սուրբ Հոգին», որպեսզի կարողանանք իմանալ «բոլոր բաները, որոնք [մենք] պիտի անենք»:19

Երբ հետևում ենք Հոգու հուշումներին, մենք հայտնաբերում ենք, որ «նեղութիւնը համբերութիւն է գործում»20 և մենք սովորում ենք «համբերությամբ շարունակել, մինչև որ կատարյալ դարձվենք»:21

Ապավինել Տիրոջը նշանակում է «կանգնել անսասան»22 և «առաջ մղվել» հավատքով, «ունենալով հույսի կատարյալ պայծառություն»:23

Դա նշանակում է «ապավինելով միմիայն Քրիստոսի արժանիքներին»24 և «[Նրա] շնորհի աջակցությամբ ասել. Թող քո կամքը կատարվի, ով Տեր, և ոչ մերը»:25

Երբ մենք ապավինում ենք Տիրոջը, մենք «անխախտ ենք Աստծո պատվիրանները պահելիս»26 իմանալով, որ «պիտի մի օր հանգստանանք բոլոր [մեր] չարչարանքներից»:27

Եվ մենք «դեն [չենք] գցում [մեր] վստահութիւնը»28 որ «բոլոր բաները, ինչով մենք չարչարվել ենք, միաժամանակ կգործեն [մեր] բարիքի համար»:29

Այդ չարչարանքները կգան բոլոր ձևերով և չափերով: Հոբի փորձառությունը հիշեցնում է մեզ, թե ինչի կարող ենք կանչվել դիմանալու համար: Հոբը կորցրեց բոլոր իր ունեցվածքը, ներառյալ իր հողը, տունը և անասունները, իր ընտանիքի անդամներին, իր համբավը, իր ֆիզիկական առողջությունը և, նույնիսկ, իր մտավոր լավ վիճակը: Սակայն, նա ապավինեց Տիրոջը և բերեց հզոր անձնական վկայություն: Նա ասաց.

«Իսկ ես գիտեմ որ փրկիչս կենդանի է, եւ նա վերջը պիտի կանգնէ հողի վերայ:

Եւ իմ … մորթը այսպէս թափուելուց յետոյ, այն ժամանակ իմ մարմնիցը տեսնելու եմ Աստծուն»:30

«Թէ որ ինձ սպանէ, ես նորան եմ յուսալու»:31

Նույնիսկ Հոբի, մարգարեների և Փրկչի փայլուն օրինակներով, մենք դժվարին կհամարենք Տիրոջն ապավինելը, հատկապես, երբ չենք կարողանում լիովին հասկանալ Նրա ծրագիրն ու նպատակները մեզ համար: Այդ հասկացողությունը շատ հաճախ տրվում է «տող առ տող [և] ցուցում առ ցուցում»:32

Իմ կյանքում ես հասկացել եմ, որ երբեմն չեմ ստանում իմ աղոթքի պատասխանը, որովհետև Տերը գիտի, որ ես պատրաստ չեմ: Երբ Նա պատասխանում է, հաճախ դա լինում է «մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ»33, որովհետև սա այն բոլորն է, որ ես կարող եմ տանել կամ որ պատրաստ եմ անել:

Խիստ հաճախ մենք աղոթում ենք համբերություն ունենալու համար, բայց կամենում ենք ունենալ հենց այժմ: Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը, երբ պատանի էր, աղոթեց ավետարանի ճշմարտացիության վերաբերյալ վկայություն ստանալու համար: Շատ տարիներ անց, երբ նա ծառայում էր իր միսիայում Շոտլանդիայում, վերջապես այդ վկայությունն եկավ: Հետագայում նա գրեց. «Դա մի հավաստիացում էր ինձ համար, որ անկեղծ աղոթքը պատասխանվում է «ինչ որ մի ժամանակ, ինչ որ մի տեղում»:34

Մենք, հավանական է, չիմանանք, երբ կամ ինչպես կտրվեն Տիրոջ պատասխանները, բայց Նրա ժամանակին և Նրա ձևով, ես վկայում եմ, պատասխանները կգան: Որոշ պատասխանների համար մենք գուցե ստիպված լինենք սպասել մինչև հանդերձյալ կյանք: Սա կարող է ճիշտ լինել մեր հայրապետական օրհնության որոշ խոստումների համար և ընտանիքի անդամների որոշ օրհնությունների դեպքում: Եկեք հույսներս չկտրենք Տիրոջից: Նրա օրհնությունները հավերժական են, ոչ թե ժամանակավոր:

Տիրոջն ապավինելը մեզ անգին հնարավորություն է ընձեռում հայտնաբերելու, որ կան շատերը, ովքեր ապավինում են մեզ: Մեր երեխաներն ապավինում են մեզ, որպեսզի մենք համբերություն, սեր և ըմբռնում դրսևորենք նրանց հանդեպ: Մեր ծնողներն ապավինում են մեզ, որ մենք դրսևորենք երախտագիտություն և կարեկցանք: Մեր եղբայրներն ու քույրերն ապավինում են մեզ, որ լինենք հանդուրժողական, ողորմած և ներողամիտ: Մեր կողակիցներն ապավինում են մեզ, որ սիրենք նրանց, ինչպես Փրկիչն է սիրում մեզանից յուրաքանչյուրին:

Երբ ֆիզիկական տառապանք ենք տանում, մենք գնալով ավելի լավատեղյակ ենք դառնում այն մասին, թե որքան շատերն են ծառայում մեզանից յուրաքանչյուրին: Բոլոր Մարիամների և Մարթաների, բոլոր բարի Սամարացիների, ովքեր ծառայում են հիվանդներին, օգնության հասնում թույլերին և հոգ տանում մտավոր և ֆիզիկական թուլություն ունեցողների համար, նրանց հանդեպ ես զգում եմ սիրառատ Երկնային Հոր և Նրա Սիրելի Որդու երախտագիտությունը: Ձեր Քրիստոսանման ամենօրյա ծառայության մեջ դուք ապավինում եք Տիրոջը և կատարում ձեր Երկնային Հոր կամքը: Նրա հավաստիացումը ձեզ պարզ է. «Որովհետև այս իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք»:35 Նա գիտի ձեր զոհաբերությունները և ձեր վշտերը: Նա լսում է ձեր աղոթքները: Նրա խաղաղությունը և հանգիստը կլինեն ձերը. եթե դուք շարունակեք ապավինել Նրան հավատքով:

Մեզանից յուրաքանչյուրն ավելի շատ է սիրված Տիրոջ կողմից ,քան մենք հնարավորինս կարող ենք հասկանալ կամ պատկերացնել: Եկեք, ուրեմն, լինենք ավելի բարի մեկմեկու հանդեպ և ավելի բարի ինքներս մեր հանդեպ: Եկեք հիշենք, որ երբ ապավինում ենք Տիրոջը, մենք դառնում ենք «սրբեր [Նրա] քավությամբ, … ենթարկվող, հեզ, խոնարհ, համբերատար, սիրով լի, հոժար՝ ենթարկվելու բոլոր բաներին, որոնք Տերը հարմար է տեսնում բերել [մեզ] վրա՝ ճիշտ ինչպես երեխան է ենթարկվում իր հորը»:36

Այդպիսին էր մեր Փրկչի հոժարակամությունը Իր Հոր հանդեպ Գեթսեմանի պարտեզում: Նա աղերսեց Իր աշակերտներին. «Արթուն կացեք ինձ հետ», սակայն երեք անգամ վերադարձավ նրանց մոտ՝ տեսնելով նրանց աչքերը ծանրացած քնից:37 Առանց այդ աշակերտների ընկերակցության և բացարձակապես առանց Իր Հոր ներկայության, Փրկիչն ընտրեց տանել մեր «ցավերը և չարչարանքները և փորձություններն ամեն տեսակի»:38 Մի հրեշտակ ուղարկվեց զորացնելու Նրան:39 Նա ընկրկեց որ չխմեր այդ դառը բաժակը:40 Նա ապավինեց Իր Հորը, ասելով. «Քո կամքը կատարվի»,41 և Նա խոնարհաբար միայնակ կոխ տվեց գինու հնձանը:42 Այժմ՝ որպես Նրա Տասներկու Առաքյալներից մեկը այս վերջին օրերում, ես աղոթում եմ, որ մենք զորացվենք արթուն մնալու Նրա հետ և ապավինենք Նրան մեր բոլոր օրերում:

Այս շաբաթ առավոտ, ես արտահայտում եմ իմ երախտագիտությունը, որ իմ և ձեր Գեթսեմանում,43 մենք միայնակ չենք: Նա, ով պահպանում է մեզ , «չի ննջիլ եւ չի քնանալ»:44 Նրա հրեշտակներն այստեղ և վարագույրից այն կողմ «[մեր] շուրջն են, որ բարձրացնեն [մեզ]»:45 Ես բերում եմ իմ հատուկ վկայությունը, որ մեր Փրկչի խոստումը ճշմարիտ է. «Բայց Տիրոջն ապաւինողները կնորգուին ոյժով, թեւերով վեր կսլանան արծիվների պէս, կվազեն եւ չեն վաստակիլ, կգնան եւ չեն յոգնիլ»:46 Թող որ մենք ապավինենք Տիրոջը, առաջ մղվելով հավատքով, որպեսզի ասենք մեր աղոթքներում. «Քո կամքը կատարվի»,47 և վերադառնանք Նրա մոտ պատվով: Մեր Փրկչի ու Քավչի, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: