2011
Երգեր, որ նրանք չկարողացան երգել

Երգեր, որ նրանք չկարողացան երգել

Թեպետ մենք չգիտենք բոլոր պատասխանները, մենք գիտենք կարևոր սկզբունքներ, որոնք թույլ են տալիս մեզ տանել ողբերգությունները հավատքով և վստահ, որ կա մեզանից յուրաքանչյուրի համար ծրագրված պայծառ ապագա:

Elder Quentin L. Cook

Շատերը մահկանացու կյանքի ճանապարհին հանդիպում են դժվարությունների կամ նույնիսկ ողբերգություն են ապրում: Ողջ աշխարհում մենք տեսնում ենք փորձությունների և դժբախտությունների օրինակներ:1 Մեր հոգին տակնուվրա է լինում, երբ հեռուստացույցով տեսնում ենք մահվան, տառապանքի և վշտի տեսարաններ: Մենք տեսնում ենք ճապոնացիները ինչպես են մաքառում երկրաշարժի և ցունամիի ավերածությունների դեմ: Ցավով համակվեցինք վերջերս Համաշխարհային Առևտրի Կենտրոնի աշտարակների կործանման տեսարանները դիտելով: Մեծ հուզում ենք ապրում, երբ նման ողբերգության մասին ենք տեղեկանում, հատկապես, երբ անմեղ մարդիկ են տառապում:

Երբեմն ողբերգությունները շատ անձնական են: Որդի կամ դուստր է մահանում կյանքի վաղ շրջանում կամ ծանր հիվանդության զոհ է դառնում: Սիրող ծնողի կյանքը ընդհատվում է անմիտ արարքի կամ պատահարի պատճառով: Երբ էլ որ ողբերգությունը տեղի է ունենում, մենք սգում ենք և ձգտում ենք կրել միմյանց բեռը:2 Մենք ողբում ենք անկատար մնացած բաների և չերգված երգերի համար:

Եկեղեցու ղեկավարներին առավել հաճախակի տրված հարցերից են. «Ինչո՞ւ արդար Աստվածը թույլ է տալիս, որ վատ բաներ կատարվեն, հատկապես բարի մարդկանց հետ»: «Ինչո՞ւ արդարակյաց և Տիրոջ ծառայությունը կատարող մարդիկ պաշտպանված չեն նման ողբերգություններից»:

Թեպետ մենք չգիտենք բոլոր պատասխանները, մենք գիտենք կարևոր սկզբունքներ, որոնք թույլ են տալիս մեզ տանել ողբերգությունները հավատքով և վստահ, որ կա մեզանից յուրաքանչյուրի համար ծրագրված պայծառ ապագա: Ամենակարևոր սկզբունքներից են՝

Առաջինը, մենք ունենք Երկնային Հայր, որը գիտի և սիրում է մեզ անձնապես և լիովին հասկանում է մեր տառապանքը:

Երկրորդ, Նրա Որդին, Հիսուս Քրիստոսը, մեր Փրկիչն ու Քավիչն է, որի Քավությունը ոչ միայն բերում է փրկություն և վեհացում, այլև հատուցում է կյանքի բոլոր անարդարությունների համար:

Երրորդ, Իր զավակների համար Հոր երջանկության ծրագիրը ընդգրկում է ոչ միայն նախամահկանացու և մահկանացու կյանքը, այլև հավերժական կյանքը, ներառյալ մեծ և փառավոր վերամիավորումը նրանց հետ, ովքեր արդեն հեռացել են այս կյանքից: Ամեն սխալ կշտկվի, և մենք կտեսնենք կատարյալ պարզությամբ, անաղարտ համայնապատկերով և հասկացողությամբ:

Այս կյանքը կարող է թվալ ճնշող, քաոսային, անարդար, անիմաստ ըստ նրանց սահմանափակ հեռանկարի, ովքեր չունեն գիտելիք, հասկացողություն կամ հավատ Հոր ծրագրի հանդեպ, ովքեր միայն նայում են աշխարհին մահկանացու կյանքի ոսպնյակներով, որոնք ներառում են պատերազմներ, բռնություն, հիվանդություն և չարիք: Եկեղեցու ղեկավարները համեմատել են այս տեսանկյունը այն մարդու հետ, որը մուտք է գործում երեք գործողությամբ պիեսի կեսից:3 Հոր ծրագրի մասին գիտելիք չունեցողները չեն հասկանում, ինչ է կատարվել առաջին գործողության, կամ նախամահկանացու գոյության ժամանակ, և այնտեղ հաստատված նպատակները, ոչ էլ հասկանում են այն պարզաբանումը և լուծումը, որ գալիս է երրորդ գործողության ժամանակ, որը Հոր ծրագրի փառահեղ իրագործումն է:

Շատերը չեն հասկանում, որ Նրա սիրող և ամեն ինչ ընդգրկող ծրագրի ներքո նրանք, ովքեր ձախորդություններ են կրել, չնայած ոչ իրենց մեղքով, ի վերջո չեն տուժում:4

Մի քանի ամսից կլրանա Տիտանիկ նավի ողբերգական խորտակման 100 տարին: Այդ աղետալի միջադեպը պարուրող սոսկալի հանգամանքները դեռևս արձագանքում են այս հարյուր տարիների ընթացքում: Այդ նոր շքեղ շոգենավը ուներ 11 հարկ և համարյա 3 ֆուտբոլի դաշտի երկարություն,5 և այդ նավի տերերը չարդարացված պնդումներ էին առաջ քաշում, որ Տիտանիկը լիովին անխոցելի է սառցաբեկորներով լի ձմեռային ջրերում: Համարվում էր, որ այդ նավը երբեք չի սուզվի, սակայն երբ այն սահեց ատլանտյան օվկիանոսի սառցապատ մակերեսով, ավելի քան 1,500 հոգի զրկվեց մահկանացու կյանքից:6

Փոխաբերական իմաստով, Տիտանիկի խորտակումը կարելի է կապել կյանքի և ավետարանի շատ սկզբունքների հետ: Դա դժվարության կատարյալ օրինակ է, եթե նայենք միայն այս մահկանացու կյանքի ոսպնյակներով: Կյանքերի կորուստը աղետալի էր իր հետևանքներով, սակայն պատահական բնույթ էր կրում: Երկու համաշխարհային պատերազմների սպանդով հանդերձ և վերջերս նշվելով 10 տարին Համաշխարհային Առևտրական Կենտրոնի աշտարակների կործանման 10 տարին, մենք մեր ժամանակներում տեսնում ենք ցնցումների, հոգևարքի պատուհան և այդ դեպքերի հետ կապված բարոյական խնդիրներ, որոնք ազատ կամքի չարակամ գործադրման արդյունք էին: Անկախ պատճառից, այս ողբերգությունները սարսափազդու հարված հասցրեցին ընտանիքներին, ընկերներին և ազգերին:

Ինչ վերաբերում է Տիտանիկին, դասեր քաղվեցին հպարտության և վտանգավոր ջրերում ճամփորդելու մասին, և «որ Աստված աչառ չէ»:7 Ճամփորդողները տարբեր խավերի մարդիկ էին: Ոմանք հարուստ էին և հայտնի, ինչպես Ջոն Ջեքոբ Ասթորը, սակայն կային նաև աշխատողներ, էմիգրանտներ, կանայք, երեխաներ և նավի անձնակազմի անդամներ:8

Առնվազն երկու դեպք է հիշատակվում, երբ Վերջին Օրերի Սրբերի անունները առնչվում են Տիտանիկի հետ: Երկու դեպքն էլ ներկայացնում են, ինչպես ենք մենք հասկանում փորձությունները, դժբախտությունները և ողբերգությունները, և օգնում են մեզ անցնել դրանց միջով: Առաջին դեպքը երախտապարտ լինելու օրինակ է այն օրհնությունների համար, որ ստանում ենք, և խույս տալիս դժբախտությունից: Դա տեղի է ունեցել Ալմա Սոնիի հետ, որը հետագայում ծառայեց որպես Բարձրագույն Իշխանավոր:9 Նա իմ ցցի նախագահն էր, երբ ես ծնվեցի Լոգանում, Յուտա: Իմ միսիայի հարցազրույցը ես անցել եմ Երեց Սոնիի հետ: Այն օրերին բոլոր միսիոներները հարցազրույց էին անցնում Բարձրագույն Իշխանավորների հետ: Նա մեծ ազդեցություն թողեց իմ կյանքում:

Երբ Ալման երիտասարդ էր, նա ուներ Ֆրեդ անունով ընկեր, որը ակտիվ չէր Եկեղեցում: Նրանք բազմաթիվ անգամներ քննարկել էին միսիա ծառայելու հարցը, և ի վերջո, Ալմա Սոնին համոզել էր Ֆրեդին պատրաստվել և ծառայել: Նրանք երկուսն էլ կանչվել էին Բրիտանական Միսիա: Ավարտելով իրենց միսիան, Երեց Սոնին, որը միսիայի քարտուղարն էր, Միացյալ Նահանգներ վերադառնալու համար ճամփորդության համար նախապատրաստություններ տեսավ: Նա Տիտանիկի տոմսեր պատվիրեց իր, Ֆրեդի և չորս այլ միսիոներների համար, ովքեր նույնպես ավարտել էին իրենց միսիան:10

Երբ եկավ ճամփորդության պահը, ինչ-որ պատճառով Ֆրեդը ուշացավ: Երեց Սոնին հետ վերադարձրեց այդ շքեղ շոգենավի բոլոր վեց տոմսերը և հաջորդ օրը ուղևորվող նավի տոմսեր գնեց:11 Չորս միսիոներները, որոնք ոգևորված էին Տիտանիկով ճամփորդելու առիթով, իրենց հիասթափությունը հայտնեցին: Երեց Սոնին Ծննդոցից մեջբերեց Եգիպտոսում Հովսեփի և իր եղբայրների պատմությունից, ասելով. «Ինչպե՞ս կարող ենք վերադառնալ մեր ընտանիքների մոտ առանց մեր տղայի»:12 Նա բացատրեց իր միսիոներ ընկերներին, որ իրենք բոլորը Անգլիա են եկել միասին և պետք է միասին տուն վերադառնան: Երբ Երեց Սոնին իմացավ Տիտանիկի խորտակման մասին, երախտագիտությամբ ասաց իր ընկեր Ֆրեդին. «Դու փրկեցիր իմ կյանքը»: Ֆրեդը պատասխանեց. «Ոչ, ինձ միսիա տանելով, դու փրկեցիր իմ կյանքը»:13 Բոլոր միսիոներները շնորհակալություն հայտնեցին Տիրոջը իրենց պահպանելու համար:14

Երբեմն, Երեց Սոնիի և նրա միսիոներ ընկերների հետ կատարված դեպքի պես, մեծ օրհնություններ են գալիս հավատարիմներին: Մենք պետք է երախտապարտ լինենք այն բոլոր գորովագութ ողորմությունների համար, որ գալիս են մեր կյանք: 15 Մենք անտեղյակ ենք այն բազում օրհնություններից, որ մենք ստանում ենք ամեն օր: Անչափ կարևոր է, որ երախտագիտության ոգին ունենանք մեր սրտերում:16

Սուրբ գրությունները հստակ են՝ ովքեր արդար են, հետևում են Փրկչին և պահում են Նրա պատվիրանները, կբարգավաճեն երկրում:17 Բարգավաճման կարևոր տարրը՝ մեր կյանքում Հոգին ունենալն է:

Ինչևէ, արդարակեցությունը, աղոթքը և հավատարմությունը միշտ չէ, որ մահկանացու կյանքում երջանիկ ավարտի երաշխիքներն են: Շատերը ահավոր փորձությունների միջով կանցնեն: Այդ ժամանակ հավատք գործադրելը և քահանայության օրհնություններ փնտրելը հաստատվել է Աստծո կողմից: Տերը հայտարարել է. «Երեցները … պիտի կանչվեն, որ նրանց համար աղոթեն ու ձեռնադրեն նրանց՝ իմ անունով. և եթե մահանան, նրանք պիտի մահանան ինձ համար, իսկ եթե ապրեն, նրանք պիտի ապրեն ինձ համար»:18

Ուսանելի է, որ Վերջին Օրերի Սրբերի երկրորդ կապը Տիտանիկի հետ լավ ավարտ չի ունեցել: Իռեն Քորբեթը 30 տարեկան էր: Նա երիտասարդ կին և մայր էր Պրովոյից, Յուտա: Նա հրաշալի տաղանդներ ուներ որպես նկարիչ և երաժիշտ. նա նաև ուսուցիչ և բուժքույր էր: Պրովոյում բժշկական մասնագիտության մեջ խորանալու նպատակով նա վեց ամսյա մանկաբարձության դասընթացի մեկնեց Լոնդոն: Նրա մեծ ցանկությունն էր էլ ավելի լավացնել աշխարհը: Նա զգույշ էր, խելամիտ, աղոթքով լի և քաջարի: ԱՄՆ վերադառնալիս նա ընտրեց Տիտանիկը, որովհետև գիտեր, որ միսիոներները ճամփորդելու են իր հետ և դա լրացուցիչ ապահովության զգացում էր պարգևում նրան: Իռենը այն մի քանի կանանց թվում էր, ովքեր չկարողացան փրկվել այդ սոսկալի ողբերգության ժամանակ: Հիմնականում կանանց և երեխաներին իջեցրել էին փրկանավակների մեջ, և նրանք ի վերջո փրկվեցին: Չկային բավականաչափ փրկանավակներ բոլորի համար: Սակայն ասում են, որ նա չի նստել փրկանավակ, որովհետև օգնություն էր ցուցաբերում բազմաթիվ ուղևորների, ովքեր վիրավորվել էին սառցաբերկորի հետ բախման պատճառով:19

Կան տարբեր տեսակի դժվարություններ: Որոշները մեզ կարևոր փորձառություն են տալիս: Այս մահկանացու կյանքում ոչ լավ ավարտը հավատքի պակասի կամ մեր Երկնային Հոր ընդհանուր ծրագրի անկատարության արդյունք չեն: Հալեցնողի կրակը իրական է, և բնավորության գծերը և արդարակեցությունը, որ կոփվում են չարչարանքի վառարանում, կատարելագործում և մաքրագործում են մեզ և պատրաստում Աստծուն հանդիպելուն:

Երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը բանտարկյալ էր Լիբերթի բանտում, Տերը նրան հայտնեց, որ բազում աղետներ կգան մարդկության վրա: Փրկիչը մասնավորապես ասաց. «Եթե քեզ գցեն ջրանդունդը. եթե բարձրացող ալիքը դավ նյութի քո դեմ. եթե կատաղի քամիները դառնան քո թշնամին … և բոլոր տարրերը համախմբվեն՝ ճանապարհը խոչընդոտելու … այս բոլոր բաները փորձառություն կտան քեզ և կլինեն քո օգտի համար»:20 Փրկիչն այսպես է ավարտել Իր հրահանգը. «Քո օրերը հայտնի են, և քո տարիները չեն կրճատվի. հետևաբար, մի վախեցիր … քանզի Աստված քեզ հետ կլինի հավիտյանս հավիտենից»:21

Որոշ դժվարություններ մյուսների ազատ կամքի արդյունք են: Ազատ կամքը կարևոր է անհատի հոգևոր աճի և զարգացման համար: Մեղսագործությունը ազատ կամքի տարր է: Զորավար Մորոնին բացատրել է այս շատ կարևոր վարդապետությունը. «Տերը հանդուրժում է արդարների սպանվելը, որպեսզի իր արդարադատությունը և դատաստանը գա ամբարիշտների վրա»: Նա հստակ ասում է, որ արդարակյացները չեն կորչում, այլ «մտնում են Տիրոջ՝ իրենց Աստծո հանգիստը»:22 Ամբարիշտները հաշվետու կլինեն իրենց չարագործությունների համար:23

Որոշ դժբախտություններ գալիս են Աստծո օրենքներին չհնազանդվելու արդյունքում: Առողջական խնդիրներ են առաջանում են ծխելու, ոգելից խմիչքներ օգտագործելու պատճառով, իսկ թմրանյութի չարաշահումը ապշեցուցիչ է: Ալկոհոլի և թմրանյութի ազդեցության տակ կատարված հանցագործությունների պատճառով բանտերում հայտնվածների թիվը ևս շատ բարձր է:24

Անհավատարմության պատճառով ամուսնալուծությունները նույնպես բազմաթիվ են: Այդ փորձություններից և դժբախտություններից շատերը կարող են տեղի չունենալ Աստծո օրենքներին հնազանդվելու դեպքում:25

Իմ սիրելի միսիայի նախագահ Երեց Մերիոն Դ. Հենքսը (որը մահացավ օգոստոսին), խնդրեց մեզ որպես միսիոներներ մտապահել այս խոսքերը կյանքի դժվարություններին դիմակայելու համար. «Չկա պատահականություն, չկա բախտ, կամ ճակատագիր, որ կարողանա խաբել կամ խանգարել կամ վերահսկել անհողդողդ հոգու հաստատուն վճռականությունը»:26

Նա նշեց, որ դա չի վերաբերում բոլոր դժվարություններին, որոնց հանդիպում ենք, սակայն գործում է հոգևոր հարցերում: Ես գնահատել եմ նրա խորհուրդն իմ կյանքում:

Տիտանիկի մարդկային կյանքերի այդքան մեծ կորստի պատճառներից մեկը փրկանավակների ոչ բավարար քանակն էր: Անկախ այս կյանքում ունեցած մեր փորձություններից, Փրկչի Քավությունը փրկանավակներ է տրամադրում բոլորին: Նրանց համար, ովքեր կարծում են, որ իրենց կրած փորձությունները անարդար են, Քավությունը շտկում է կյանքի ամեն անարդարություն:27

Նրանց համար, ովքեր սիրելիներ են կորցրել, առանձնակի դժվարություն է այս կյանքում կորցրած հնարավորություների վրա չկենտրոնանալը: Հաճախ նրանք, ովքեր շուտ են մահանում, կարևոր ունակություններ, հետաքրքրություններ և տաղանդներ են ցուցաբերած լինում: Մեր սահմանափակ հասկացողությամբ մենք ողբում ենք այն բաների համար, որ էլ չեն կատարվի, և երգերի համար, որ չեն երգվի: Սա նկարագրվել է որպես՝ մեռնել դեռևս քո մեջ գտնվող երգի հետ: Երգը այս դեպքում փոխաբերական իմաստով ներկայացնում է անկատար մնացած որևէ ներուժ: Երբեմն մարդիկ մեծապես պատրաստվում են, սակայն հնարավորություն չեն ունենում իրենց լիովին դրսևորել մահկանացու կյանքում:28 Ամենաշատը մեջբերվող դասական պոեմներից է Թոմաս Գրեյի Եղերգություն գրված գյուղի եկեղեցու բակում, որը պատկերում է նման բացթողված հնարավորությունները.

Շատ ծաղիկներ են աննկատ ծաղկում,

Եվ իրենց գեղեցկությունը անհետ կորցնում:29

Կորսված հնարավորությունը կարող է վերաբերվել ընտանիքին, մասնագիտությանը, տաղանդներին, փորձառությանը և այլն: Այս ամենը անկատար մնաց Քույր Քորբեթի համար: Այս մահկանացու կյանքում չերգված երգեր մնացին և չիրագործված ներուժ: Սակայն նայելով ավետարանի լայն ու մաքուր ոսպնյակներով, և ոչ թե մահկանացու գոյության սահմանափակ ոսպնյակներով, մենք գիտենք, որ սիրելի Հայրը Իր ծրագրում մեծ հավերժական վարձք է խոստացել: Ինչպես Պողոս Առաքյալն է ուսուցանել. «Ինչ որ աչք չտեսավ և ականջ չլսեց և մարդի սիրտ չընկավ, այն պատրաստեց Աստված իրան սիրողների համար»:30 Սիրելի օրհներգի տողերը սփոփանք, խաղաղություն և մաքուր ոսպնյակներ են պարգևում. «Եվ Հիսուսը լսում է երգերը, որ ես չեմ կարող երգել»:31

Փրկիչն ասել է. «Հետևաբար, թող ձեր սրտերը մխիթարվեն … Հանգիստ եղեք և իմացեք, որ ես եմ Աստված»:32 Մենք ունենք Նրա խոստումը, որ մեր զավակների հետ կերգենք «հավիտենական ուրախության երգերը»:33 Հիսուս Քրիստոսի՝ մեր Փրկչի անունով, ամեն:

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. Տես Հովհաննես 16.33:

  2. Տես Մոսիա 18.8–9; տես նաև 2 Նեփի 32.7:

  3. Տես Boyd K. Packer, “The Play and the Plan” (Church Educational System fireside for young adults, May 7, 1995), 3: “In mortality, we are like one who enters a theater just as the curtain goes up on the second act. We have missed Act 1. … ‘And they all lived happily ever after’ is never written into the second act. That line belongs in the third act when the mysteries are solved and everything is put right.” See also Neal A. Maxwell, All These Things Shall Give Thee Experience (1979), 37: “God … sees the beginning from the end. … The arithmetic … is something we mortals cannot comprehend. We cannot do the sums because we do not have all the numbers. We are locked in the dimension of time and are contained within the tight perspectives of this second estate”:

  4. Նրանք, ովքեր մահանում են պատասխանատվության տարիքին չհասած, փրկվում են սելեստիալ արքայությունում (տես Վարդապետություն և Ուխտեր 137.10): Առանց ավետարանի մասին գիտելիք ունենալու մահացածները, որոնք կընդունեին այն, եթե իմանային, նույնպես հնարավորություն կունենան ժառանգելու սելեստիալ արքայությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 137.7); (տես նաև Վարդապետություն և Ուխտեր 76.89):

  5. Տես Conway B. Sonne, A Man Named Alma: The World of Alma Sonne (1988), 83:

  6. Տես Sonne, A Man Named Alma, 84:

  7. Գործք 10.34; տես նաև “The Sinking of the World’s Greatest Liner,” Millennial Star, Apr. 18, 1912, 250:

  8. Տես Millennial Star, Apr. 18, 1912, 250:

  9. Երեց Սոննին Երեց Լ. Թոմ Փերիի քեռին է:

  10. Տես Sonne, A Man Named Alma, 83:

  11. Տես Sonne, A Man Named Alma, 83–84; see also “From the Mission Field,” Millennial Star, Apr. 18, 1912, 254: “Releases and Departures.—The following named missionaries have been honorably released and sailed for home April 13th, 1912, per s.s. Mauretania. From Great Britain—Alma Sonne, George B. Chambers, Willard Richards, John R. Sayer, F. A. [Fred] Dahle. From the Netherlands—L. J. Shurtliff”:

  12. Տես Ծննդոց 44.30–31, 34:

  13. In Frank Millward, “Eight Elders Missed Voyage on Titanic,” Deseret News, July 24, 2008, M6.

  14. Տես “Friend to Friend,” Friend, Mar. 1977, 39:

  15. Տես David A. Bednar, “The Tender Mercies of the Lord,” Liahona, May 2005, 99–102:

  16. Տես Վարդապետություն և Ուխտեր 59.21:

  17. Տես Ալմա 36.30:

  18. Վարդապետություն և Ուխտեր 42.44:

  19. Interview with Irene Corbett’s grandson Donald M. Corbett, Oct. 30, 2010, by Gary H. Cook.

  20. Վարդապետություն և Ուխտեր 122.7:

  21. Վարդապետություն և Ուխտեր 122.9:

  22. Ալմա 60.13:

  23. Ղուկաս 17.1:

  24. Վարդապետություն և Ուխտերի բաժին 89-ը նվիրված է բոլոր սրբերի ֆիզիկական փրկությանը վերջին օրերում:

  25. Տես Վարդապետություն և Ուխտեր 42.22–24:

  26. Տես “Will,” Poetical Works of Ella Wheeler Wilcox (1917), 129:

  27. Տես «Քավություն», Քարոզիր Իմ Ավետարանը՝ Միսիոներական ծառայության ուղեցույց (2004), 51-52:

  28. Տես “The Song That I Came to Sing,” in The Complete Poems of Rabrindranath Tagore’s Gitanjali, ed. S. K. Paul (2006), 64: “The song that I came to sing remains unsung to this day. / I have spent my days in stringing and in unstringing my instrument.”

  29. Thomas Gray, “Elegy Written in a Country Church Yard,” in The Oxford Book of English Verse, ed. Christopher Ricks (1999), 279.

  30. Ա Կորնրթացիս 2.9:

  31. “There Is Sunshine in My Soul Today,” Hymns, no. 227.

  32. Վարդապետություն և Ուխտեր 101.16; տսե նաև Սաղմոս 46.10:

  33. Վարդապետություն և Ուխտեր 101.18; տես նաև Վարդապետություն և Ուխտեր 45.71: