2011
Զավակների սրտերը կդառնան
նախորդ հաջորդ

Զավակների սրտերը կդառնան

Ես հրավիրում եմ Եկեղեցու երիտասարդներին սովորել Եղիայի Ոգու մասին և զգալ այն:

Elder David A. Bednar

Երբ մենք ուսումնասիրում, սովորում և ապրում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանով, հաջորդականությունը հաճախ ուսուցողական է: Օրինակ, խորհեք դասերի վերաբերյալ, որ մենք սովորում ենք հոգևոր կարևորությունների մասին մեծ իրադարձությունների հաջորդականությունից, որոնք տեղի ունեցան, երբ Փրկչի ավետարանի լրիվությունը վերականգնվեց այս վերջին օրերում:

Սրբազան Պուրակում Ջոզեֆ Սմիթը տեսավ և խոսեց Հավերժական Հոր և Հիսուս Քրիստոսի հետ: Այլ բաների հետ մեկտեղ Ջոզեֆը սովորեց Աստվածագլխի էության ճշմարտության և շարունակվող հայտնության մասին: Այս փառահեղ տեսիլքով սկսվեց «ժամանակների լրության տնտեսությունը» (Եփեսացիս Ա.10): Այն աշխարհի պատմության կարևորագույն իրադարձություններից մեկն է:

Մոտավորապես երեք տարի անց, ի պատասխան անկեղծ աղոթքի, 1823թ. սեպտեմբերի 21-ի երեկոյան, Ջոզեֆի ննջասենյակը լցվեց լույսով, մինչև այն «դարձավ կեսօրից էլ լուսավոր» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.30): Նրա մահճակալի կողքին հայտնվեց մի անձնավորություն, կանչեց երիտասարդ տղային իր անունով և հայտնեց, որ «ինքը սուրհանդակ է, Աստծո ներկայությունից … ուղարկված, և որ նրա անունը Մորոնի է (հատված 33)»: Նա ցուցումներ տվեց Ջոզեֆին Մորմոնի Գրքի առաջ գալու վերաբերյալ: Եվ այնուհետև Մորոնին մեջ բերեց Հին Կտակարանի Մաղաքիայի գրքից, Թագավոր Հակոբոսի տարբերակում օգտագործված լեզվի մի փոքր տարբերությամբ. «Ահա, ես ձեզ կհայտնեմ Քահանայությունը, Եղիա մարգարեի ձեռքով, նախքան Տիրոջ մեծ ու ահեղ օրվա գալը:

Եվ նա զավակների սրտերում կսերմանի հայրերին տված խոստումները, և զավակների սրտերը կդառնան դեպի իրենց հայրերը: Եթե այդպես չլինի, ողջ երկիրն ամբողջովին կամայանա նրա գալստյան ժամանակ» (հատվածներ 38, 39):

Մորոնիի ցուցումները երիտասարդ մարգարեին հիմնականում ներառում էին երկու հիմնական թեմաներ. (1) Մորմոնի Գիրքը և (2) Մաղաքիայի խոսքերը, որոնք կանխագուշակում էին Եղիայի դերը «ամեն բաների հաստատուելու ժամանակներում, որոնց համար խոսեց Աստուած իր բոլոր սուրբ մարգարէների բերանովը յաւիտենից հետէ» (Գործք Առաքելոց Գ.21): Այսպիսով, Վերականգնման նախնական իրադարձությունները հայտնի դարձրեցին Աստվածագլխի վերաբերյալ ճիշտ հասկացողությունը, ընդգծեցին Մորմոնի Գրքի կարևորությունը և կանխատեսեցին փրկության և վեհացման աշխատանքը ապրողների և մահացածների համար: Այս ոգեշնչող հաջորդականությունը ուսուցողական է Աստվածության համար բարձրագույն կարևորություն ունեցող հոգևոր հարցերի շուրջ:

Իմ ուղերձը կենտրոնանում է Եղիայի առաքելության և Եղիայի Ոգու վրա, որի մասին մարգարեացել էր Մորոնին Ջոզեֆ Սմիթին ուղղված իր առաջին ցուցումներում: Ես անկեղծորեն աղոթում եմ Սուրբ Հոգու աջակցության համար:

Եղիայի առաքելությունը

Եղիան Հին Կտակարանի մարգարե էր, ում միջոցով մեծ հրաշքներ էին գործվել: Նա կնքեց երկինքները և անձրև չեկավ Իսրայելում 3,5 տարի: Նա շատացրեց որբևայրու ալյուրն ու յուղը: Նա երիտասարդ տղային կենդանացրեց մեռելներից, և նա կրակ վայր իջեցրեց երկնքից` ի պատասխան Բահաղի մարգարեների (տես Գ Թագավորաց 17–18): Իր մահկանացու առաքելության վերջում, նա «մրրիկով վեր ելաւ երկինքը» (Դ Թագավորաց Բ.11) և փոխակերպվեց:

«Մենք սովորում ենք վերջին օրերի հայտնություններից, որ Եղիան կրել է Մելքիսեդեկյան Քահանայության կնքման զորությունը և եղել է վերջին մարգարեն, որն այն ունեցել է նախքան Հիսուս Քրիստոսի ժամանակները» (Աստվածաշնչի Բառարան, «Եղիա»): Մարգարե Ջոզեֆ Սմիթը բացատրել է. «Եղիայի ոգին, զորությունը և կոչումն է, որ դուք զորություն ունենաք ունենալու Մելքիսեդեկյան Քահանայության լրությունը … և ստանալ … Աստծո թագավորությանը վերաբերվող բոլոր արարողությունները» (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 311; շեշտադրումն ավելացված է): Կնքման այս սուրբ իշխանությունը անհրաժեշտ է քահանայության արարողությունները թե երկրի վրա, և թե երկնքում օրինական և կապող դարձնելու համար:

Եղիան Մովսեսի հետ հայտնվեց Կերպարանափոխության Սարի վրա (տես Մատթեոս ԺԷ.3) և հաստատեց այս իշխանությունը Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի վրա: 1836թ. ապրիլի 3-ին, Կիրթլենդի տաճարում, Եղիան կրկին հայտնվեց Մովսեսի և այլոց հետ և հաստատեց նույն բանալիները Ջոզեֆ Սմիթի և Օլիվեր Քաուդերիի վրա:

Սուրբ գրություններում արձանագրված է, որ Եղիա մարգարեն կանգնեց Ջոզեֆի և Օլիվերի առջև և ասաց.

«Ահա, ժամանակը լիովին մոտեցել է, որը խոսվել է Մաղաքիայի բերանով,- վկայելով, որ նա [Եղիան] կուղարկվի, նախքան Տիրոջ գալստյան մեծ և ահեղ օրը,-

Հայրերի սրտերը դեպի զավակները դարձնելու համար, և զավակներինը` դեպի հայրերը, չլինի թե ողջ երկիրը զարկվի անեծքով,-

Հետևաբար, այս տնտեսության բանալիները հանձնվում են ձեր ձեռքը. և դրանով դուք կարող եք իմանալ, որ Տիրոջ մեծ և ահեղ օրը մոտ է, նույնիսկ դռների մոտ» (ՎևՈՒ 110.14–16):

1836թ. Եղիայի միջոցով կնքման իշխանության վերականգնումը անհրաժեշտ էր երկիրը Փրկչի Երկրորդ Գալստյան համար նախապատրաստելու համար և սկիզբ դրեց մեծապես աճող և աշխարհով մեկ տարածվող հետաքրքրությանը ընտանիքի պատմության ուսումնասիրության վերաբերյալ:

Եղիայի Ոգին և աշխատանքը

Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարել է. «Այս աշխարհում ամենամեծ պարտականությունը, որ Աստված դրել է մեր վրա, մեր մահացածներին գտնելն է: … Քանզի անհրաժեշտ է, որ կնքման զորությունը լինի մեր ձեռքերում, որ կնքենք մեր երեխաներին և մեր մահացածներին ժամանակների լրության տնտեսության համար, տնտեսություն, որում կիրականանան մարդու փրկության վերաբերյալ մինչև աշխարհի ստեղծումը Հիսուս Քրիստոսի կողմից տրված խոստումները: … Ուստի, Աստված ասել է. «Ես կուղարկեմ ձեզ Եղիա մարգարեն»» (Teachings: Joseph Smith, 475):

Ջոզեֆը նաև բացատրել է.

«Բայց ո՞րն է Եղիայի գալու նպատակը կամ ինչպե՞ս է այն իրականանալու: Բանալիները պիտի հանձնվեն, Եղիայի ոգին պիտի գա, Ավետարանը պիտի վերականգնվի, Աստծո Սրբերը հավաքվեն, Սիոնը կառուցվի և Սրբերը որպես ազատիչներ վեր ելնեն Սիոն Սարը [տես Աբդիա 1.21]:

Բայց ինչպե՞ս նրանք կարող են դառնալ ազատիչներ Սիոն Սարի վրա: Իրենց տաճարները կառուցելով … և առաջ գնալով ու ստանալով բոլոր արարողությունները … իրենց բոլոր նախնիների համար, ովքեր մահացած են. և սա է շղթան, որ կապում է հայրերի սրտերը որդիներին, և որդիներինը հայրերին, որը իրականացնում է Եղիայի առաքելությունը» (Teachings: Joseph Smith, 472–73):

Երեց Ռասսել Մ. Նելսոնը սովորեցրել է, որ Եղիայի Ոգին «Սուրբ Հոգու դրսևորումն է, որ վկայություն է բերում ընտանիքի աստվածային էության վերաբերյալ» (“A New Harvest Time,” Ensign, May 1998, 34): Սուրբ Հոգու այս հատկանշական ազդեցությունը մղում է մարդկանց ճանաչել, փաստագրել և փայփայել իրենց նախնիներին և ընտանիքի անդամներին`մահացածներին և ապրողներին:

Եղիայի Ոգին ներգործում է Եկեղեցում և Եկեղեցուց դուրս գտնվող մարդկանց վրա: Այնուամենայնիվ, որպես Քրիստոսի վերականգնված Եկեղեցու անդամ, մենք ունենք ուխտ և պատասխանատվություն` գտնելու մեր նախնիներին և կատարել նրանց համար ավետարանի փրկող արարողությունները: «Առանց մեզ նրանք չեն կարող կատարյալ դառնալ» (Եբրայեցիս ԺԱ.40; տես նաև Teachings: Joseph Smith, 475): Եվ «ոչ էլ մենք կարող ենք կատարյալ դառնալ առանց մեր մահացածների» (ՎևՈՒ 128.15):

Սրանք են պատճառները, որ մենք կատարում ենք ընտանիքի պատմության ուսումնասիրություն, կառուցում տաճարներ և կատարում ծեսեր: Այս պատճառով էր Եղիան ուղարկվել` վերականգնելու կնքման զորությունը, որ կապում է երկրի վրա և երկնքում: Մենք ենք Տիրոջ գործակալները փրկության և վեհացման աշխատանքում, որը թույլ չի տա, որ «ողջ երկիրը զարկվի անեծքով» (ՎևՈՒ 110.15), երբ Նա վերադառնա կրկին: Սա մեր պարտականությունն է և մեծ օրհնությունը:

Հրավեր աճող սերնդին

Այժմ ես հրավիրում եմ աճող սերնդի երիտասարդ կանանց ու տղամարդկանց և երեխաների ուշադրությունը, մինչ ես կընդգծեմ այսօր ձեր կյանքում Եղիայի Ոգու կարևորությունը: Իմ ուղերձը նախատեսված է ընդհանրապես ամբողջ Եկեղեցու համար, բայց հատկապես ձեզ համար:

Ձեզանից շատերը կարող են մտածել, որ ընտանեկան պատմության աշխատանքը պետք է կատարվի հիմնականում տարիքով մարդկանց կողմից: Բայց ես չգիտեմ սուրբ գրություններում կամ Եկեղեցու ղեկավարների կողմից հայտարարված հրահանգներում նկարագրված ոչ մի տարիքային սահմանափակում, որն արգելում է, որ այս կարևոր ծառայությունը կատարեն խելահաս չափահասները: Դուք Աստծո որդիներն ու դուստրերն եք, ուխտի զավակները և արքայության կառուցողները: Կարիք չկա, որ դուք սպասեք որոշակի տարիքի, որպեսզի կատարեք ձեր պարտականությունը մարդկության փրկության աշխատանքին աջակցելու համար:

Տերը մեր օրերում ակնառու միջոցներ է տվել, որոնք ձեզ հնարավորություն են տալիս սովորել այս աշխատանքի մասին և սիրել այն, որը բռնկված է Եղիայի Ոգով: Օրինակ, FamilySearch-ը փաստերի, աղբյուրների և ծառայությունների հավաքածու է, որից կարելի է հեշտությամբ օգտվել սեփական համակարգիչների և բազմազան ձեռքի սարքերի միջոցով, որոնք նախատեսված են օգնելու մարդկանց գտնել և գրառել իրենց ընտանիքի պատմությունը: Այս միջոցները նաև առկա են ընտանիքի պատմության կենտրոններում, որոնք գտնվում են մեր Եկեղեցու բազում շենքերում:

Զուգադիպություն չէ, որ FamilySearch-ը և այլ միջոցները առաջ են եկել այն ժամանակ, երբ երիտասարդները քաջածանոթ են տեղեկատվական և կապի տեխնոլոգիաների լայն տեսականուն: Ձեր մատները վարժված են հաղորդագրություն ուղարկելուն և Տիրոջ աշխատանքը արագացնելուն ու բարելավվելուն, և ոչ միայն ձեր ընկերների հետ արագ հաղորդակցվելուն: Այսօր շատ երիտասարդների ակնհայտ ունակություններն ու ընդունակությունները լավ նախապատրաստություն են փրկության աշխատանքին նպաստելու համար:

Ես հրավիրում եմ Եկեղեցու երիտասարդներին սովորել Եղիայի Ոգու մասին և զգալ այն: Ես խրախուսում եմ ձեզ սովորել, փնտրել ձեր նախնիներին և պատրաստել ձեր անձերը` լինելու փոխանորդ և կատարելու մկրտություններ Տիրոջ տանը ձեր մահացածների համար (տես ՎևՈՒ 124.28–36): Եվ ես հորդորում եմ ձեզ օգնել այլ մարդկանց իմանալ իրենց ընտանիքի պատմությունները:

Եթե դուք հավատքով արձագանքեք այս հրավերին, ձեր սրտերը կդառնան դեպի հայրերը: Աբրահամին, Իսահակին և Հակոբին տրված խոստումները կարմատավորվեն ձեր սրտերում: Ձեր հայրապետական օրհնությունները, բացահայտելով ձեր տոհմաբանական գիծը, կկապեն ձեզ այս հայրերի հետ և ավելի իմաստալից կդառնան ձեր համար: Ձեր սերն ու երախտագիտությունը ձեր նախնիների հանդեպ կմեծանան: Փրկչի մասին ձեր վկայությունը և դարձի ընթացքը կդառնան ավելի խորը ու հաստատուն: Եվ ես խոստանում եմ, որ դուք պաշտպանված կլինեք թշնամու սաստկացող ազդեցությունից: Մինչ դուք մասնակցեք այս սուրբ աշխատանքին և սիրեք այն, դուք պաշտպանված կլինեք ձեր երիտասարդության տարիներին և ձեր ողջ կյանքի ընթացքում:

Ծնողներ և ղեկավարներ, խնդրում եմ, օգնեք ձեր երեխաներին և երիտասարդներին սովորել Եղիայի Ոգու մասին և փորձ ձեռք բերել դրա հետ կապված: Բայց չափից ավելի մեծ ջանքեր մի գործադրեք կամ չափից շատ մանրամասնություններ կամ ուսուցում մի տրամադրեք: Հրավիրեք երիտասարդներին ինքնուրույն հետազոտել, փորձարկել և սովորել (տես Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.20): Ցանկացած երիտասարդ կարող է անել այն, ինչ ես խորհուրդ եմ տալիս` օգտագործելով lds.org/familyhistoryyouth կայք-էջում առկա միջոցները: Ահարոնյան Քահանայության քվորումի և Երիտասարդ Կանանց դասարանի նախագահությունները կարող են կարևոր դեր խաղալ, օգնելով երիտասարդներին ծանոթանալ այս հիմնական աղբյուրների հետ: Երիտասարդները մեծապես կարիք ունեն լինելու սովորողներ, որոնք գործում են և, այդպիսով, ստանում լրացուցիչ լույս և գիտելիք` Սուրբ Հոգու միջոցով, և ոչ թե լոկ պասիվ ուսանողներ, որոնց վրա, հիմնականում, ազդեցություն են գործում ուրիշները (տես 2 Նեփի 2.26):

Ծնողներ և ղեկավարներ, դուք բոլորդ զարմացած կմնաք, թե որքան արագ ձեր երեխաները և Եկեղեցու երիտասարդները կդառնան մեծապես ունակ` օգտվելու այդ գործիքներից: Իսկապես, դուք կսովորեք արժեքավոր դասեր այս երիտասարդներից` այս աղբյուրները արդյունավետ օգտագործելու վերաբերյալ: Երիտասարդությունը կարող է մեծ օգնություն առաջարկել ավելի մեծ անհատներին, ովքեր սովոր չեն կամ ում վախեցնում են արդիական սարքավորումները, կամ ովքեր անծանոթ են FamilySearch-ին: Դուք նաև կհաշվեք ձեր բազում օրհնությունները, մինչ երիտասարդները ավելի շատ ժամանակ նվիրաբերեն ընտանիքի պատմության աշխատանքին և տաճարային ծառայությանը, և ավելի քիչ ժամանակ` վիդեո խաղերին, համացանցին և սոցիալական կայք-էջերին:

Թրոյ Ջեքսոնը, Ջարեն Հոփը և Էնդրյու Ալենը Ահարոնյան Քահանայության կրողներ են, ովքեր կանչվել էին ոգեշնչված եպիսկոպոսի կողմից, որ միասին ընտանեկան պատմության դասեր անցկացնեին իրենց ծխում: Այս երիտասարդ տղաները ներկայացնում են ձեզանից շատերին` սովորելու և ծառայելու ցանկության իրենց ձգտումներով:

Թրոյն ասել է. «Ես սովոր էի գալ եկեղեցի և ուղղակի նստել այնտեղ, բայց այժմ ես հասկանում եմ, որ պետք է գնամ տուն և որոշ բան անեմ: Մենք կարող ենք բոլորս անել ընտանեկան պատմության աշխատանքը»:

Ջարենը հաղորդել է, որ երբ նա սովորեց ավելի շատ բան ընտանիքի պատմության վերաբերյալ, նա հասկացավ, «որ դրանք պարզապես անուններ չէին, այլ իրական մարդիկ: Ես ավելի ու ավելի մեծ ոգևորությամբ էի անուններ տանում տաճար»:

Էնդրյուն պատմում է. «Ես տարվեցի ընտանեկան պատմությամբ այնպիսի սիրով ու եռանդով, որը չգիտեի, թե կարող էի ունենալ: Մինչ ամեն շաբաթ պատրաստվում էի ուսուցանելուն, հաճախ Սուրբ Հոգին ինձ դրդում էր գործել և փորձել դասի մեջ ուսուցանվող որոշ մեթոդներ: Նախկինում ընտանիքի պատմությունը վախեցնող է եղել: Սակայն Հոգու օգնությամբ ես կարողացա կատարել իմ ծառայությունը և օգնել իմ ծխում շատ մարդկանց»:

Իմ սիրելի երիտասարդ եղբայրներ և քույրեր, ընտանեկան պատմությունը Եկեղեցու կողմից հովանավորվող պարզապես հետաքրքիր ծրագիր կամ միջոցառում չէ, այլ փրկության և վեհացման աշխատանքի կարևորագույն մասն է: Դուք պատրաստված եք եղել այս օրվա և Աստծո թագավորությունը կառուցելու համար: Դուք այստեղ երկրի վրա եք` այժմ այս փառահեղ աշխատքանքում աջակցելու համար:

Ես վկայում եմ, որ Եղիան վերադարձել է երկիր և վերականգնել է կնքման սուրբ իշխանությունը: Ես վկայում եմ, որ այն, ինչ կապվում է երկրի վրա, կարող է կապված լինել երկնքում: Եվ ես գիտեմ, որ աճող սերնդի երիտասարդները առանցքային նշանակություն ունեն այս մեծ աշխատանքում: Սա ես վկայում եմ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: