2011
Բոլորս զինվորագրված ենք

Բոլորս զինվորագրված ենք

Յուրաքանչյուր տղամարդուց` երիտասարդ, թե տարեց, ով կրում է քահանայություն, ես խնդրում եմ ավելի ուժեղ ու ավելի նվիրված ձայն, … ձայն ավետարանի համար, ձայն Աստծո համար:

Elder Jeffrey R. Holland

Այս հուզիչ օրհներգի ոգով և Երեց Ռիչորդ Գ. Հինքլիի զորեղ աղոթքը սրտում, ես, եղբայրներ, ցանկանում եմ նման անկեղծությամբ այս երեկո խոսել Ահարոնյան Քահանայության երիտասարդ տղամարդկանց հետ:

Երբ վերապատմում ենք Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի վեհության մասին, մենք երբեմն քիչ ենք խոսում այն սպառնալից առճակատման մասին, որը նախորդեց դրան՝ առճակատում, որի նպատակն էր կործանել պատանուն, եթե հնարավոր էր, և ամեն գնով արգելափակել սպասվող հայտնությունը: Մենք չենք խոսում հակառակորդի մասին ավելի շատ, քան պետք է, և ես առհասարակ չեմ սիրում խոսել նրա մասին, սակայն երիտասարդ Ջոզեֆի փորձը հիշեցնում է մեզ այն, ինչ յուրաքանչյուր տղամարդ, այդ թվում՝ յուրաքանչյուր երիտասարդ, որ այս լսարանում է, պետք է հիշի:

Թիվ մեկ՝ Սատանան կամ Լյուցիֆերը կամ ստերի հայրը, ինչպես կկամենաք նրան անվանել, իրական է՝ չարի իրական մարմնացում: Նրա շարժառիթները, բոլոր դեպքերում, չարակամ են, և նա պրկվում է փրկագնող լույսի՝ ճշմարտության մտքի անգամ հայտնվելուց: Թիվ երկու՝ նա հավերժորեն դեմ է Աստծո սիրուն, Հիսուս Քրիստոսի Քավությանը և խաղաղության և փրկության աշխատանքին: Նա պայքարում է դրանց դեմ՝ երբ և որտեղ որ կարող է: Նա գիտի, որ ի վերջո նա պիտի պարտվի և դուրս գցվի, սակայն նա մտադիր է իր հետ վերցնել որքան կարող է շատերի:

Այսպիսով, որո՞նք են դևի մարտավարություններից մի քանիսն այս պայքարում, երբ հավերժական կյանքը վտանգվում է: Այստեղ կրկին Սուրբ պուրակի փորձն ուսուցանող է: Ջոզեֆն արձանագրել է, որ փորձելով դեմ կանգնել այն ամենին, որ առջևում էր, Լյուցիֆերը «այնպիսի մի ապշելի ազդեցություն ունեցավ ինձ վրա, որ լեզուս կարծես կապվեց, այնպես որ ես չէի կարողանում խոսել»:1

Ինչպես այս առավոտ ուսուցանեց Նախագահ Բոյդ Ք. Փաքերը, Սատանան չի կարող ուղղակիորեն կյանքը խլել: Դա այն շատ բաներից մեկն է, որ նա չի կարող անել: Սակայն, ըստ երևույթին, աշխատանքը դադարեցնելու նրա ջանքերը պետք է ողջամտորեն լավ գործեն, եթե նա կարողանա պարզապես կապել հավատարիմների լեզուն: Եղբայրներ, եթե դա այդպես է, այս երեկո ես փնտրում եմ տղամարդկանց՝ երիտասարդ, թե ծեր, ովքեր այնքան անտարբեր չեն բարու և չարի միջև այս ճակատամարտի նկատմամբ, որ պատրաստ են զինվորագրվելու և չլռելու: Մենք պատերազմի մեջ ենք, և հաջորդ մի քանի րոպեների ընթացքում ես ուզում եմ հավաքագրել ճակատամարտելու պատրաստ մարդկանց:

Կարիք կա՞, որ ես մի քանի տակտ երգեմ «Բոլորս զինվորագրված ենք» երգից: Դուք գիտեք այս տողը. «Մենք սպասում ենք զինվորների, ո՞վքեր կլինեն կամավորներ»:2 Իհարկե, զենքի կոչի հրաշալի մասն այն է, որ մենք հրացանով կրակող կամ ձեռքի նռնակ նետող կամավորներ չենք խնդրում: Ո՛չ, մենք ուզում ենք գումարտակներ, որտեղ որպես զենք կվերցնեն «Աստծո բերանից դուրս եկող ամեն խոսք»:3 Այնպես որ, այս երեկո ես փնտրում եմ միսիոներների, ովքեր կամովին չեն կապում իրենց լեզուները, այլ Տիրոջ Հոգով և իրենց քահանայության իշխանությամբ կամենում են բաց անել իրենց շուրթերը և հրաշքներ խոսել: Նման խոսքերը, ինչպես մի առիթով ուսուցանել են վաղ ժամանակների եղբայրները, այն միջոցն են, որոնցով հավատքի «հզոր գործերը կատարվել են և ապագայում կկատարվեն»:4

Ես առանձնապես խնդրում եմ Ահարոնյան Քահանայության երիտասարդ տղամարդկանց նստել և ուշադրությամբ լսել: Ձեզ համար, թույլ տվեք մեջ բերել մի մարզական նմանություն: Մենք կյանքի և մահվան մրցույթում ենք, երիտասարդ տղամարդիկ, այնպես որ ես պատրաստվում եմ մոտեցնել իմ դեմքը ձեր դեմքին՝ քիթ քթի առաջ, բավական խանդավառությամբ, որ ձեր հոնքերը մի քիչ խանձվեն, ինչպես մարզիչներն են երբեմն անում, երբ խաղը մոտենում է ավարտին և հաղթանակը ճակատագրական է: Եվ քանի որ խաղը ձեզանից է կախված, մարզիչն ասում է ձեզ, որ այս խաղում հաղթելու համար ձեզանից ոմանք պետք է բարոյապես ավելի մաքուր լինեն: Բարու և չարի միջև այս իրական պայքարում դուք չեք կարող ամեն անգամ գայթակղության հանդիպելիս խաղալ հակառակորդի թիմում, ապա ակնկալել, կարծես թե ոչինչ չի պատահել, որ կհավաքագրվեք Փրկչի թիմում, երբ գա միսիայի և տաճարի ժամանակը: Դա, իմ երիտասարդ ընկերներ, դուք չեք կարող անել: Աստծուն հնարավոր չէ ծաղրել:

Այսպիսով, այսօր մենք ունենք երկսայրի ընտրություն՝ դուք և ես: Դա այն է, որ այս Եկեղեցու արձանագրություններում արդեն կան հազարավոր Ահարոնյան Քահանայության տարիքի երիտասարդ տղամարդիկ, որոնք կազմում են մեր ապագա միսիոներական ծառայության թեկնածուների ավազանը: Սակայն խնդիրն այն է, որ այդ սարկավագները, ուսուցիչները և քահանաները մնան բավական ակտիվ է և բավական արժանի, որպեսզի կարգվեն երեցներ և ծառայեն որպես միսիոներներ: Այսպիսով, մենք կարիք ունենք, որ հավաքականի երիտասարդ տղամարդիկ մնան թիմում և դադարեն խաղալ սահմաններից դուրս, որ երբ խաղադաշտ մտնելու ձեր կարիքը լինի, դուք կարողանաք դաշտ մտնել և ողջ սրտով խաղալ: Իմ իմացած գրեթե բոլոր մարզական մրցույթներում, հատակին կամ դաշտում սահմաններ կան գծած, որոնց շրջանակներում պետք է մնա յուրաքանչյուր մասնակից, որպեսզի մրցի: Նույն ձևով Տերը արժանավորության սահմաններ է գծել նրանց համար, ովքեր կոչված են աշխատելու Նրա հետ այս աշխատանքում: Ոչ մի միսիոներ չի կարող չապաշխարել սեռական մեղքից կամ գռեհիկ խոսելաձևից կամ տռփագրությանն անձնատուր լինելուց, և ապա ակնկալել, որ կարող է ուրիշներին ապաշխարության կանչել այդ նույն բաներից: Դուք չեք կարող անել դա: Հոգին չի կարող ձեզ հետ լինել, և խոսքերը կմնան ձեր կոկորդում, երբ դուք փորձեք դրա մասին խոսել: Դուք չեք կարող քայլել Լեքիի ասած «արգելված ճանապարհներով»5 և հույս ունենալ, որ կկարողանաք ուրիշներին առաջնորդել «նեղ և անձուկ»6 արահետով՝ դա անհնարին բան է:

Բայց կա այս մարտահրավերը հաղթահարելու պատասխան՝ ինչպես ձեզ համար, այնպես էլ այն հետաքրքրվողի համար, ում դուք կուսուցանեք: Ով էլ դուք լինեք և ինչ էլ դուք արած լինեք, դուք կարող եք ներում ձեռք բերել: Դուք՝ ամեն մեկդ, երիտասարդներ, կարող եք ետևում թողնել ցանկացած օրինազանցություն, որը չարչարում է ձեզ: Դա «ներման հրաշքն է»՝ Տեր Հիսուս Քրիստոսի Քավության հրաշքը: Սակայն դուք չեք կարող անել դա առանց ավետարանի հանդեպ գործուն պարտավորություն վերցնելու, և դուք չեք կարող անել դա առանց ապաշխարության, եթե դա անհրաժեշտ է: Խնդրում եմ ձեզ, երիտասարդ տղաներ, եղեք ակտիվ և մաքուր: Եթե անհրաժեշտ է, ես խնդրում եմ ձեզ՝ դարձեք ակտիվ և դարձեք մաքուր:

Եղբայրներ, մենք խոսում ենք ձեզ հետ համարձակ, քանի որ ավելի նուրբ խոսելը չի աշխատում: Մենք խոսում ենք համարձակ, քանի որ Սատանան իրական է և սպասում է, որ ձեզ կործանի, և դուք հանդիպում եք նրա ազդեցությանը ավելի ու ավելի վաղ տարիքում: Այնպես որ, մենք մեր բուռն ենք հավաքում ձեր կրծածալը և բղավում, այնքան բարձր, որքան ուժ ունենք.

Լսիր, ճակատամարտի ձայնը հնչում է բարձր և հստակ:

Եկ, միացիր մեր շարքին: Եկ, միացիր մեր շարքին:7

Իմ երիտասարդ ընկերներ, մենք ունենք անելիքներ: Գալիք ամիսներին ու տարիներին մեզ պետք են տասնյակ հազարավոր միսիոներներ: Նրանց համալրողների առավել մեծ մասը պետք է լինի Ահարոնյան Քահանայությունից, ովքեր կարգված, ակտիվ, մաքուր և արժանի կլինեն ծառայելու:

Ձեզանից նրանց, ովքեր ծառայել են կամ այժմ ծառայում են, մենք շնորհակալություն ենք հայտնում այն լավ գործերի համար, որ դուք արել եք, և նրանց համար, ում կյանքին դուք դիպչել եք: Աստված օրհնի ձեզ: Մենք նաև գիտակցում ենք, որ կան ոմանք, ովքեր ողջ կյանքում հույս են փայփայել, որ միսիայում կծառայեն, բայց առողջական կամ իրենց զորությունից վեր այլ խոչընդոտների պատճառներով չեն կարող դա անել: Մենք հրապարակավ և հպարտությամբ ողջունում ենք այս խմբին: Մենք գիտենք ձեր ցանկությունները և գովաբանում ենք ձեր նվիրվածությունը: Դուք վայելում եք մեր սերն ու մեր հիացմունքը: Դուք «թիմի կազմում եք» և միշտ կլինեք, քանի որ պատվով ազատված եք լիաժամկետ ծառայությունից: Բայց մնացածիդ կարիքը մենք ունենք:

Այժմ, դուք՝ Մելքիսեդեկյան քահանայության եղբայրներ, մի ժպտացեք և հետ մի նստեք հարմարավետ ձեր տեղերում: Ես չեմ վերջացրել: Մեզ հարկավոր են Եկեղեցական ծառայության միսիայում ծառայող հազարավոր զույգեր: Յուրաքանչյուր միսիայի նախագահ միսիոներական զույգեր է խնդրում: Ամենուրեք, ուր նրանք ծառայում են, մեր զույգերը հասունություն են բերում աշխատանքում, որը 19 տարեկան երիտասարդների ոչ մի թիվ, որքան էլ լավը լինեն, չի կարող ապահովել:

Ծառայության խրախուսելով ավելի շատ զույգերի, Առաջին Նախագահությունը և Տասներկուսի Քվորումը կատարել է միսիոներական աշխատանքի վերջին 50 տարվա մեջ ամենահամարձակ և ամենամեծահոգի փոփոխություններից մեկը: Այս տարվա մայիս ամսին քահանայության գործող առաջնորդները ծանուցում են ստացել, որ միսիոներական զույգերի բնակարանային վարձավճարները (և մենք խոսում ենք միայն բնակարանների վարձակալության մասին), կարող են համալրվել Եկեղեցու միսիոներական հիմնադրամից, եթե արժեքը գերազանցում է մեկ ամսվա համար նախանշված գումարի սահմանը: Ինչպիսի օրհնություն: Սա երկնքից ուղարկված աջակցություն է մեր զույգերի համար՝ իրենց միսիայի ժամանակ ամենամեծ միջոցները պահանջող ծախսի ուղղությամբ: Եղբայրները նաև որոշել են, որ զույգերի առաքելությունները ավանդական 18 կամ 23 ամիսներին զուգահեռ կարող են տևել 6 կամ 12 ամիս: Մեկ այլ հրաշալի քայլով, միսիոներական զույգերին թույլտվություն է տրվել ընտանեկան կարևոր իրադարձությունների դեպքում, իրենց հաշվին, կարճ ժամանակով վերադառնալ տուն: Եվ դադարեք անհանգստանալ, որ դուք ստիպված եք լինելու դռներ թակել կամ 19 տարեկանների ժամանակացույցով ծառայել: Մենք ձեզ չենք խնդրում դա անել. մենք ունենք հազարավոր այլ բաներ, որ դուք կարող եք անել՝ դրանք անելու լայն հնարավորություններով:

Եղբայրներ, մենք գիտակցում ենք, որ առողջության, ընտանեկան կամ տնտեսական պայմաններից ելնելով, ձեզանից ոմանք գուցէ չկարողանան գնալ հենց հիմա, կամ գուցե՝ երբևէ: Բայց մի փոքր ծրագրավորելու դեպքում, ձեզանից շատերը կարող են ծառայել:

Եպիսկոպոսներ և ցցի նախագահներ, քննարկեք այս կարիքը ձեր խորհուրդներում և համաժողովներում: Նստեք բեմահարթակին ձեր ժողովների ժամանակ և աղոթքով նայենք դեպի ժողովքը, որպեսզի ոգեշնչում ստանաք, թե ով պետք է կոչում ստանա: Ապա խորհրդակցեք նրանց հետ և օգնեք նրանց ծառայության օր սահմանել: Եղբայրներ, երբ դա տեղի ունենա, ասեք ձեր կանանց, որ եթե դուք կարող եք թողնել ձեր թիկնաթոռը և հեռակառավարման վահանակը մի քանի ամսով, ապա նրանք կարող են թողնել իրենց թոռներին: Այդ փոքրիկ թանկագին երեխաների հետ ամեն ինչ լավ կլինի, և ես խոստանում եմ ձեզ, որ Տիրոջ ծառայության մեջ դուք նրանց համար այնպիսի բաներ կանեք, աշխարհներ առանց սահմանի, ինչպիսին դուք երբեք չեք անի տունը մնալով և նրանց ձեր թևերի տակ առնելով: Չկա ավելի մեծ նվեր, որ կարող են տալ պապիկն ու տատիկն իրենց սերնդին, քան գործով և խոսքով ասելը, որ «այս ընտանիքում բոլորը ծառայում են միսիայում»:

Միսիոներական աշխատանքը միակ բանը չէ, որ պետք է անենք այս մեծ, ընդարձակ, հրաշալի Եկեղեցում: Սակայն գրեթե ամեն ինչ, որ մենք պետք է անենք, կախված է նախ՝ Հիսուս Քրիստոսի ավետարանը մարդկանց կողմից լսելուց և հավատքի գալուց: Անշուշտ, այդ է պատճառը, որ Տասներկուսին տրված Հիսուսի վերջին հանձնարարությունն այդքան հասարակ էր. «Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք, մկրտելով նրանց Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով»:8 Այնուհետև, և միայն դրանից հետո, կարող են ավետարանի մնացած օրհնությունները իրականանալ՝ համերաշխությունը ընտանիքում, երիտասարդական ծրագրերը, քահանայության խոստումները և արարողությունները՝ հասնելով մինչև տաճար: Սակայն ինչպես Նեփին է վկայել՝ դրանցից ոչ մեկը չի կարող գալ, քանի դեռ մարդ «ներս չի մտել … դարպասով»:9 Այն ամենի հետ, ինչ պետք է անենք հավերժական կյանքի ճանապարհին, մենք ավելի շատ միսիոներների կարիք ունենք, որպեսզի բացենք դարպասը և օգնենք մարդկանց անցնել դրա միջով:

Յուրաքանչյուր տղամարդուց՝ երիտասարդ, թե տարեց, ով կրում է քահանայություն, ես խնդրում եմ ավելի ուժեղ ու ավելի նվիրված ձայն, ոչ միայն չարի և չարին մարմնավորողի դեմ, այլ ձայն՝ բարու համար, ձայն ավետարանի համար, ձայն Աստծո համար: Եղբայրներ՝ բոլոր տարիքի, արձակեք ձեր լեզուն և տեսեք, թե ձեր խոսքերն ինչպես են հրաշքներ գործում նրանց կյանքում, «ովքեր ետ են պահվել ճշմարտությունից, միայն այն պատճառով, որ չգիտեն որտեղ գտնել այն»:10

Շտապեք ճակատամարտի, արագ դեպի դաշտ:

Ճշմարտությունը՝ սաղավարտ, ասպար և վահան:

Կանգնեք խրոխտ ծածանվող մեր գույների ներքո:

Զվարթ քայլերգով, ուրախ դեպի տուն:11

Հիսուս Քրիստոսի՝ մեր Տիրոջ անունով, ամեն: