2011
Սուրբ գրության զորությունը
նախորդ հաջորդ

Սուրբ գրության զորությունը

Սուրբ գրությունները նման են լույսի փաթեթների, որոնք լուսավորում են մեր միտքը և տեղ են տալիս ի վերուստ ստացված ուղղորդությանը և ներշնչմանը:

Elder Richard G. Scott

Մեզանից նրանք, ովքեր համաժողովի ժամանակ մոտենում են այս ամբիոնին, զգում են ձեր աղոթքների զորությունը: Մենք ունենք դրանց կարիքը, և մենք շնորհակալ ենք ձեզ դրա համար:

Մեր Երկնային Հայրը հասկանում էր, որ որպեսզի մենք կարողանանք մեր մահկանացու փորձաշրջանի ժամանակ ցանկալի զարգացում ապրենք, մենք պետք է հանդիպենք դժվար խնդիրների: Դրանցից մի քանիսը կարող են չափից դուրս դժվար լինել: Նա տվել է գործիքներ` օգնելու մեզ հաջողությամբ անցնել մեր մահկանացու փորձաշրջանը: Այդ գործիքների մեկ հավաքածու է հանդիսանում սուրբ գրությունները:

Դարեր շարունակ Երկնային Հայրը ոգեշնչել է ընտրյալ տղամարդկանց և կանանց` Սուրբ Հոգու առաջնորդությամբ գտնել կյանքի առավել բարդ խնդիրների լուծումները: Այդ լիազորված ծառաներին Նա ոգեշնչել է գրի առնել այդ լուծումները ուղեցույցի տեսքով` Իր այն զավակների համար, ովքեր հավատում են երջանկության Իր ծրագրին և Իր Սիրելի Որդուն` Հիսուս Քրիստոսին: Մեզ մատչելի է այդ ուղեցույցը գանձերի շնորհիվ, որոնք մենք անվանում ենք կանոնիկ աշխատանքներ, դրանք են` Հին և Նոր Կտակարանները, Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերը և Թանկագին Մարգարիտը:

Քանի որ սուրբ գրությունները առաջ են գալիս Սուրբ Հոգու միջոցով ոգեշնչված հաղորդակցման շնորհիվ, դրանք անարատ ճշմարտություն են: Մենք չպետք է մտահոգվենք այն գաղափարների ճշմարտության մասին, որոնք պարունակվում են կանոնիկ աշխատանքներում, քանզի Սուրբ Հոգին է եղել այն գործիքը, որը խրախուսել և ոգեշնչել է նրանց, ովքեր գրի են առել սուրբ գրությունները:

Սուրբ գրությունները նման են լույսի փաթեթների, որոնք լուսավորում են մեր միտքը և տեղ են տալիս ի վերուստ ստացված ուղղորդությանը և ներշնչմանը: Դրանք կարող են դառնալ բանալի, որը բացում է մեր Երկնային Հոր և Նրա Սիրելի Որդու` Հիսուս Քրիստոսի հետ հաղորդակցման ուղին:

Սուրբ գրությունները իշխանության ուժ են տալիս մեր հայտարարություններին, երբ ճիշտ են մեջբերվում: Դրանք կարող են դառնալ հաստատուն ընկերներ, որոնք չունեն աշխարհագրական կամ օրացույցային սահմանափակումներ: Նրանք միշտ մատչելի են, երբ անհրաժեշտ են: Նրանց օգտագործումը ճշմարտության հիմք են ծառայում, որը կարող է արթնացվել Սուրբ Հոգու օգնությամբ: Սուրբ գրությունները սովորելը, խորհելը, ուսումնասիրելը և մտապահելը նման է թղթադարանը ընկերներով, արժեքներով և ճշմարտություններով լցնելուն, որոնք կարելի է հանել ցանկացած պահի, աշխարհի ցանկացած վայրում:

Մեծ զորություն է պարունակվում սուրբ գրությունները մտապահելու մեջ: Մտապահել սուրբ գրությունը նման է նոր ընկերություն ստեղծելուն: Այն նման է նոր անձի հայտնաբերելուն, որը կարող է օգնել կարիքի ժամանակ, ոգեշնչում և սփոփանք պարգևել և լինել անհրաժեշտ փոփոխության համար լիցքի աղբյուր: Օրինակ, այս սաղմոսը մտապահելու որոշումը ինձ համար եղել է զորության և հասկացողության աղբյուր:

«Տիրոջն է երկիրը և նորա լիությունը. Աշխարհը և նորա բնակիչները:

Որովհետև նա ինքը ծովերի վրա հիմնեց նորան, և նորան գետերի վրա հաստատեց:

Ո՞վ վեր կգնա Աստծո սարը, և ո՞վ կկանգնի նորա սրբության տեղումը:

Նա, որ սուրբ է ձեռքով և անարատ սրտով. Որ իր անձը անիրավության չէ տալիս, և երդում չէ անում նենգությունով:.

Նա օրհնություն կստանա Տերիցը և արդարություն` իր փրկության Աստվածանից» (Սաղմոս 24.1–5):

Նման սուրբ գրության շուրջ խորհելը մեծ ուղղություն է տալիս կյանքում: Սուրբ գրությունները կարող են ձևավորել աջակցության հիմք: Դրանք կարող են լինել կամեցող ընկներների մի ահռելի աղբյուր, որոնք կարող են օգնել մեզ: Մտապահված սուրբ գրությունը դառնում է հավերժական ընկեր, որի զորությունը չի պակասում ժամանակի ընթացքում:

Սուրբ գրության հատվածի մասին խորհելը կարող է դառնալ բանալի, որը բացում է Սուրբ Հոգու կողմից տրվող հայտնությունը, ուղղությունը և նեշնչումը: Սուրբ գրությունները կարող են խաղաղեցնել անհանգիստ հոգին, պարգևել խաղաղություն, հույս և վերականգնել վստահությունը` կյանքի խնդիրները հաղթահարելու ունակության հանդեպ: Դրանք կրում են ներուժ, որը կարող է բուժել մեր հոգեբանական խնդիրները, երբ կա հավատք առ Փրկիչ: Դրանք կարող են խթանել ֆիզիկական ապաքինումը:

Սուրբ գրությունները կարող են մեր կյանքի տարբեր ժամանակներ տարբեր նշանակություններ ձեռք բերել` կախված մեր կարիքներից: Սուրբ գրությունը, որը մենք, հնարավոր է, կարդացած լինենք շատ անգամ, կարող է իմաստային այնպիսի երանգներ հաղորդել, որոնք թարմություն և ներշնչում կտրամադրեն, երբ մենք հանդիպում ենք կյանքի դժվարություններին:

Ինչպե՞ս եք դուք անձնապես օգտագործում սուրբ գրությունները: Դուք նշումներ անո՞ւմ եք ձեր գրքում: Դուք գրառումներ կատարո՞ւմ եք էջաեզրում, որպեսզի հիշեք հոգևոր ուղղորդության պահը կամ փորձառությունը, որը ձեզ կարևոր դաս է ուսուցանել: Դուք օգտագործո՞ւմ եք բոլոր ստանդարտ աշխատանքները, ներառյալ` Հին Կտակարանը: Ես թանկարժեք ճշմարտություններ եմ գտել Հին Կտակարանի էջերում, որոնք հիմնարար բաղադրիչներ են ճշմարտության այն հիմքի համար, որն առաջնորդում է իմ կյանքը և գործում որպես միջոց, երբ ես փորձում եմ կիսվել ավետարանի ուղերձով ուրիշների հետ: Այդ պատճառով ես սիրում եմ Հին Կտակարանը: Դրա էջերում սփռված ես ճշմարտության թանկարժեք մարգարիտներ եմ գտնում: Օրինակ.

«Եվ Սամուելն ասեց. Մի՞թե Տերը այնքան հավանում է ողջակեզների և զոհերի ինչպես Տիրոջ ձայնին լսելուն. Ահա հնազանդությունը զոհից լավ է, և ականջ դնելը խոյերի ճարպիցը» (Ա Թագավորաց 15.22):

«Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը, և քո հասկացողությանը մի վստահիր:

Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորնա, և նա կուղղէ քո ճանապարհները:

Դու քո աչքի առաջին իմաստուն մի լինիր, վախիր Տերիցը և հեռացիր չարից: …

Որդեակս, մի անարգիր Տիրոջ խրատը, և նորա հանդիմանությունիցը մի ձանձրանար.

Որովհետև Տերը որին որ սիրում է` հանդիմանում է, և ինչպես մեկ հայր, որ իր որդին սիրում է:

Երանի այն մարդին որ իմաստություն է գտել, և այն մարդին, որ հանճար է ստանում» (Առակաց 3.5–7, 11–13):

Նոր Կտակարանը նույնպես ադամանդե ճշմարտության աղբյուր է հանդիսանում.

Յիսուսն էլ ասեց նորան. Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը, քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը:

Սա է առաջին եւ մեծ պատուիրանքը:

Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պէս:

Այս երկու պատվիրանքից կախված են բոլոր օրենքը և մարգարերքը» (Մատթեոս 22.37–40):

«Եվ Տերն ասեց. Սիմոն, Սիմոն. Ահա սատանան ձեզ ուզեց, որ մաղէ ցորենի պես.

Բայց ես աղաչեցի քեզ համար, որ քո հավատքը չպակասի. և դու երբոր դառնաս, եղբայրներիդ հաստատիր:

«Նա էլ ասեց նորան. Տեր ես պատրաստ եմ քեզ հետ բանտը և մահն էլ գնալու:

Եվ նա ասեց. Ասում եմ քեզ, Պետրոս, այսօր հավը չի խոսիլ, մինչև դու երեք անգամ ուրանաս` թե ինձ չգիտես: …

Մի աղախին տեսնելով նորան` լույսի մոտ նստած, դիտեց նորա վերայ և ասեց. Սա էլ նորա հետ էր:

Բայց նա ուրացավ և ասեց. Ով կին, ես նորան չգիտեմ:

Եվ քիչ մի հետո ուրիշը տեսավ նորան և ասեց. Դու էլ նորանցից ես: Պետրոսն էլ ասեց. Ով մարդ, չեմ:

Եվ մեկ ժամի չափ էլ որ անցավ, մեկ ուրիշը վիճում էր և ասում. Ճշմարիտ որ սա էլ նորա հետ էր. Որովհետև Գալիլեացի է:

Պետրոսն էլ ասեց. Մարդ, ես չգիտեմ, թե դու ինչ ես ասում. և իսկույն նա դեռ ասելիս` հավը խոսեց:

Եվ Տերը դարձավ մտիկ արավ Պետրոսին, և Պետրոսը հիշեց Տիրոջ խոսքը, որ ասեց նորան, թե մինչև հավի խոսելը, երեք անգամ կուրանաս ինձ:

Եվ Պետրոսը դուրս գնաց դառնապես լացավ» (Ղուկաս 22.31–34, 56–62):

Որքան է ցավում սիրտս նրա համար, ինչ տեղի ունեցավ Պետրոսի հետ:

Վարդապետություն և Ուխտերից այս սուրբ գրությունը առատորեն օրհնել է իմ կյանքը. «Մի փնտրիր հայտարարել իմ խոսքը, այլ, նախ փնտրիր ձեռք բերել իմ խոսքը, և հետո քո լեզուն պիտի արձակվի. հետո, եթե կամենաս, դու կունենաս իմ Հոգին և իմ խոսքը, այո, Աստծո զորությունը՝ մարդկանց համոզելու համար» (ՎևՈւ 11.21):

Իմ դատելով, Մորմոնի Գիրքը ուսուցանում է ճշմարտություններ առանձնահատուկ հստակությամբ և զորությամբ: Օրինակ.

«Եվ արդ, ես կկամենայի, որ դուք լինեիք խոնարհ, և լինեիք հլու ու մեղմ. մատչելի աղերսելու համար. լի համբերությամբ ու երկայնամտությամբ` լինելով ժուժկալ բոլոր բաներում. լինելով ջանասեր Աստծո պատվիրանները պահելիս բոլոր դեպքերում. խնդրելով ինչ բաների կարիք որ դուք ունեք` և հոգևոր և աշխարհիկ. միշտ վերադարձնելով գոհություն Աստծուն, ինչ բաների համար որ դուք ստանում եք:

Եվ տեսեք, որ դուք ունենաք հավատք, հույս և գթություն, և այն ժամանակ դուք միշտ կհարստանաք բարի գործերով» (Ալմա 7.23–24):

Եվս մեկը.

«Եվ գթությունը երկայնամիտ է և բարի, չի նախանձում, փքված չէ, իրենը չի փնտրում, չի գրգռվում հեշտորեն, չարը չի մտածում և չի հրճվում անօրինությամբ, այլ հրճվում է ճշմարտությամբ, տանում է ամեն բան, հավատում է ամեն բանի, ամեն բանի հույս ունի, ամեն բանի համբերում է:

Ուստի, իմ սիրելի եղբայրներ, եթե դուք չունեք գթություն, դուք ոչինչ եք, քանզի գթությունը երբեք չի խափանվում: Ուստի, հարեք գթությանը, որը բոլորից մեծ է, քանզի բոլոր բաները պիտի խափանվեն,

Բայց գթությունը Քրիստոսի մաքուր սերն է, և այն տևում է հավերժ. և ով որ օժտված լինի դրանով վերջին օրը, նրա համար լավ կլինի:

Ուստի, իմ սիրելի եղբայրներ, աղոթեք Հորը, սրտի ողջ կորովով, որ դուք կարողանաք լցված լինել այդ սիրով, որը նա շնորհել է բոլոր նրանց, ովքեր նրա Որդու` Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներն են. որ դուք կարողանաք դառնալ Աստծո որդիները. որպեսզի երբ նա հայտնվի, մենք լինենք նրա նման. քանզի մենք պիտի տեսնենք նրան, ինչպես որ ինքն է. որ մենք կարողանանք ունենալ այդ հույսը. որ մենք կարողանանք մաքրվել, ճիշտ ինչպես նա է մաքուր» (Մորոնի 7.45):

Իմ թանկագին կինը` Ջենինը, սիրում էր Մորմոնի Գիրքը: Իր դեռահաս տարիներին այն դարձավ նրա կյանքի հիմքը: Այն վկայության և ուսուցանման աղբյուր էր նրա լիաժամկետ միսիոներական ծառայության ընթացքում` Միացյալ Նահանգների հյուսիս-արևմտյան մասում: Երբ մենք ծառայում էինք միսիայում Կորդոբայում, Արգենտինա, նա մեծապես խրախուսում էր օգտագործել Մորմոնի Գիրքը մեր քարոզչական աշխատանքում: Դեռ իր կյանքի վաղ տարիներին Ջենինը համոզվել էր, որ նրանք, ովքեր հետևողականորեն կարդում են Մորմոնի Գիրքը, օրհնվում են Տիրոջ Հոգու ավելի մեծ չափաբաժնով, ավելի մեծ վճռականություն են ունենում հնազանդվելու Նրա պատվիրաններին և ավելի ամուր վկայություն են ունենում Աստծո Որդու աստվածային էության մասին:1 Ես չգիտեմ, թե քանի տարի շարունակ, երբ մոտենում էր տարվա վերջը, ես տեսնում էի, ինչպես նա լուռ նստած ուշադրությամբ կարդում և ավարտում էր ամբողջ Մորմոնի Գիրքը` ևս մեկ անգամ մինչև կբոլորեր տարին:

1991թ. ես ցանկացա Սուրբ Ծննդյան հատուկ մի նվեր անել իմ ընտանիքին: Այդ ցանկության կատարման մասին իմ անձնական օրագրում հետևյալ գրառումն է կատարվել. «Ժամը 12:38-է, չորեքշաբթի, 18 դեկտեմբերի, 1991թ.: Ես հենց նոր ավարտեցի Մորմոնի Գրքի աուդիոձայնագրումը իմ ընտանիքի համար: Այդ փորձառությունը խորացրել է այս աստվածային աշխատանքի մասին իմ վկայությունը և մեծացրել իմ ցանկությունը` ավելի լավ ծանոթանալու դրա էջերի հետ, որպեսզի կարողանամ այս սուրբ գրքից քաղել ճշմարտություններ, որոնք կօգտագործվեն Տիրոջը իմ ծառայության ընթացքում: Ես սիրում եմ այս գիրքը: Ես վկայում եմ իմ հոգով, որ այն ճշմարիտ է, որ այն պատրաստվել է Իսրայելի Տան օրհնության նպատակով և որ դրա բոլոր մասերը սփռված են աշխարհով մեկ: Բոլոր նրանք, ովքեր կուսումնասիրեն դրա ուղերձը խոնարհությամբ, հավատքով առ Հիսուս Քրիստոսը, կիմանան դրա ճշմարտացիության մասին և մեծ գանձեր կգտնեն, որոնք կառաջնորդեն իրենց դեպի ավելի մեծ երջանկություն, խաղաղություն և հաջողություն այս կյանքում: Ես վկայում եմ ողջ սրբությամբ, այս գիրքը ճշմարիտ է»:

Թող որ մեզանից յուրաքանչյուրը սուրբ գրությունների ուսումնասիրության արդյունքում իր համար գտնի օրհնությունների հարստությունը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես Gordon B. Hinckley, “A Testimony Vibrant and True,” Liahona, Aug. 2005, 6: