Գերագույն համաժողով
Հավատքով ընդունել ապագան
2020 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Հավատքով ընդունել ապագան

Ապագան փառավոր կլինի նրանց համար, ովքեր պատրաստ են և ովքեր շարունակում են պատրաստվել, որպեսզի գործիքներ դառնան Տիրոջ ձեռքում:

Սա շատ անմոռանալի երեկո էր։ Իմ սիրելի՛ քույրեր, ինձ համար պատիվ է լինել ձեզ հետ: Այս մի քանի ամիսների ընթացքում հաճախ եմ մտածել ձեր մասին։ Դուք ավելի քան ութ միլիոն եք: Ձեր ոչ միայն թվերն են մեծ, այլև աշխարհը փոխելու ձեր հոգևոր ուժը։ Ես տեսել եմ, թե ինչպես եք դա անում այս համավարակի ընթացքում:

Ձեզանից ոմանք հանկարծ ունեցան մթերքի պակաս կամ հայտնվեցին նոր աշխատանքի փնտրտուքի մեջ։ Շատերը դաստիարակում էին երեխաներին և հոգ էին տանում հարևանների մասին: Ոմանք միսիոներներին սպասվածից շուտ էին դիմավորում, իսկ ոմանք էլ իրենց տները վերափոխում էին միսիոներների ուսուցման կենտրոնների: Տեխնոլոգիաների միջոցով դուք շփվում եք ընտանիքի և ընկերների հետ, սպասավորում եք նրանց, ովքեր իրենց մեկուսացած են զգում և ուսումնասիրում եք Եկ հետևիր ինձ ծրագիրն ուրիշների հետ: Դուք կիրակին բերկրանք դարձնելու նոր ուղիներ եք գտել: Եվ դուք պատրաստել եք պաշտպանիչ դիմակներ՝ միլիոնավոր դիմակներ:

Անկեղծ կարեկցանքով և սիրով իմ սիրտը ցավում է աշխարհի բազմաթիվ կանանց համար, որոնք կորցրել են սիրելի մարդկանց: Մենք արտասվում ենք ձեզ հետ միասին։ Եվ մենք աղոթում ենք ձեզ համար: Մենք գովաբանում և աղոթում ենք բոլոր նրանց համար, ովքեր անխոնջ աշխատում են ուրիշների առողջությունը պահպանելու համար:

Դուք՝ երիտասարդ կանայք, նույնպես, ուշագրավ եք եղել: Թեպետ սոցիալական լրատվամիջոցները ողողված են եղել հակառակությամբ, սակայն ձեզանից շատերը գտել են ուրիշներին քաջալերելու և մեր Փրկիչի լույսով կիսվելու ուղիներ:

Քույրե՛ր, դուք բոլորդ հերոսաբար եք վարվել: Ես հիանում եմ ձեր ուժով և ձեր հավատով: Դուք ցույց տվեցիք, որ դժվարին պայմաններում համարձակորեն շարունակում եք առաջ գնալ: Ես սիրում եմ ձեզ և վստահեցնում եմ, որ Տերը սիրում է ձեզ և տեսնում է այն մեծ աշխատանքը, որը դուք կատարում եք: Շնորհակալություն: Եվս մեկ անգամ ապացուցեցիք, որ դուք բառացիորեն Իսրայելի հույսն եք:

Դուք մարմնավորում եք այն հույսերը, որոնք Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ունեցել է ձեզ համար, երբ ներկայացրել է «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» հռչակագիրը 25 տարի առաջ՝ 1995 թվականի սեպտեմբերի Սփոփող միության գերագույն ժողովում։ 1 Հատկանշական է, որ նա նախընտրեց այդ կարևոր հռչակագիրը ներկայացնել Եկեղեցու քույրերին: Դրանով նախագահ Հինքլին ընդգծեց կանանց անփոխարինելի ազդեցությունը Տիրոջ ծրագրում:

Այժմ ես կցանկանայի իմանալ, թե ինչ եք սովորել այս տարի: Դուք ավելի՞ եք մոտեցել Տիրոջը, թե՞ ավելի հեռու եք զգում նրանից: Եվ ինչպե՞ս են ընթացիկ իրադարձությունները ստիպում ձեզ մտածել ապագայի վերաբերյալ:

Ընդունված փաստ է, որ Տերը սթափեցնող խոսքերով է խոսել մեր օրերի մասին: Նա նախազգուշացրել է, որ մեր օրերում «մարդկանց սրտերը [կնվաղեն]» 2 և որ նույնիսկ ընտրյալները խաբվելու վտանգի տակ են։ 3 Մարգարե Ջոզեֆ Սմիթին նա ասել է , որ «խաղաղությունը [կվերցվի] երկրի վրայից» 4 և աղետներ կգան մարդկանց վրա։ 5

Այնուամենայնիվ, Տերը նաև պատկերացում է տվել, թե որքան ուշագրավ է այս տնտեսությունը: Նա ոգեշնչեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին հայտարարել, որ «այս վերջին օրերի աշխատանքը հսկայական մեծության է: … Նրա փառքն աննկարագրելի է, իսկ վեհությունն` անգերազանցելի»։ 6

Այժմ, վեհությունն այն բառը չէ, որով դուք կնկարագրեիք այս վերջին մի քանի ամիսները: Ինչպե՞ս ենք մենք վերաբերվում մեր օրերի մասին այս մռայլ մարգարեություններին և փառահեղ հայտարարություններին։ Պարզ, բայց ցնցող հավաստիացմամբ Տերն ասել է. «Եթե պատրաստ լինեք, դուք չեք վախենա»։ 7

Ինչպիսի՜ խոստում: Դա մի խոստում է, որը կարող է բառացիորեն փոխել այն, թե մենք ինչպես ենք տեսնում մեր ապագան: Վերջերս ես լսեցի մի կնոջ անկեղծ վկայությունն այն մասին, որ համավարակը և Սոլթ Լեյքի հովտում տեղի ունեցած երկրաշարժն օգնել էին իրեն հասկանալ, որ ինքն այդքան էլ պատրաստ չէ, որքան կարծում էր: Երբ ես հարցրի, թե արդյոք նա նկատի ունի իր սննդի պահեստը կամ վկայությունը, նա ժպտաց և ասաց «այո»։

Եթե նախապատրաստությունն այս տնտեսությունը և մեր ապագան հավատքով ընդունելու մեր բանալին է, ապա ինչպե՞ս կարող ենք լավագույնս պատրաստվել:

Տասնամյակներ շարունակ Տիրոջ մարգարեները հորդորել են մեզ պահեստավորել սնունդ, ջուր և ստեղծել ֆինանսական պահուստներ նեղ օրերի համար։ Ներկայիս համավարակն ամրապնդեց այդ խորհրդի իմաստությունը: Ես ձեզ հորդորում եմ քայլեր ձեռնարկել նյութապես պատրաստ լինելու համար: Բայց ես ավելի շատ մտահոգված եմ ձեր հոգևոր և հուզական պատրաստվածությամբ:

Դրա վերաբերյալ շատ բան կարող ենք սովորել զորապետ Մորոնիից։ Լինելով նեփիական զորքերի հրամանատար, նա բախվեց հակառակորդի զորքերին, որոնք ավելի ուժեղ էին, քանակով ավելի շատ էին ու չար: Այսպիսով, Մորոնին իր ժողովրդին պատրաստեց երեք կարևոր եղանակով:

Նախ՝ նա նրանց օգնեց ստեղծել տարածքներ, որտեղ նրանք ապահով կլինեին և կոչեց դրանք «պաշտպանության վայրեր»։ 8 Երկրորդ՝ նա պատրաստեց «ժողովրդի միտքը՝ հավատարիմ լինելու Տիրոջը»։ 9 Եվ երրորդ՝ նա երբեք չդադարեց նախապատրաստել իր ժողովրդին ֆիզիկապես և հոգևորապես։ 10 Եկեք քննարկենք այս երեք սկզբունքները:

Սկզբունք համար մեկ. ստեղծել պաշտպանության վայրեր:

Նեփիացիների բոլոր քաղաքները Մորոնին ամրացրեց՝ կառուցելով ամրոցներ և պատեր։ 11 Երբ լամանացիները հարձակվեցին, նրանք «ապշած էին մնացել իրենց համար պաշտպանության տեղեր պատրաստելու նեփիացիների իմաստության պատճառով»։ 12

Նմանապես, երբ մեր շուրջը խառնաշփոթ է տիրում, մենք պետք է ստեղծենք այնպիսի վայրեր, որտեղ մենք ապահով կլինենք և՛ ֆիզիկապես, և՛ հոգևորապես: Երբ ձեր տունը դառնում է հավատի անձնական սրբավայր, մի վայր, որտեղ բնակվում է Հոգին, ձեր տունը դառնում է պաշտպանության առաջին գիծը:

Նմանապես, Սիոնի ցցերը «ապաստան են փոթորիկներից», 13 քանի որ նրանք առաջնորդվում են նրանց կողմից, ովքեր ունեն քահանայության բանալիներ և քահանայության իշխանություն: Երբ շարունակեք հետևել նրանց խորհուրդներին, ովքեր առաջնորդում են ձեզ Տիրոջ լիազորությամբ, դուք ավելի մեծ պաշտպանություն կզգաք:

Տաճարը՝ Տիրոջ տունը, պաշտպանության մի վայր է՝ ի տարբերություն մյուս վայրերի։ Քույրե՛ր, սուրբ քահանայության ուխտերի միջոցով տաճարում դուք օժտված եք քահանայության զորությամբ։ 14 Այնտեղ ձեր ընտանիքները կնքվում են հավերժության համար: Նույնիսկ այս տարի, երբ մեր տաճարների մուտքը խիստ սահմանափակ էր, ձեր օժտման շնորհիվ դուք անընդհատ կարող էիք ստանալ Աստծո զորությունը, քանի որ պատվել էիք Նրա հետ կապած ձեր ուխտերը:

Պարզ ասած՝ անվտանգության վայրն այն վայրն է, որտեղ դուք կարող եք զգալ Սուրբ Հոգու ներկայությունը և առաջնորդվել Նրա կողմից։ 15 Երբ Սուրբ Հոգին ձեզ հետ է, դուք կարող եք ճշմարտություն սովորեցնել, նույնիսկ, եթե դա հակասում է տարածված կարծիքներին: Եվ հայտնության համար բարենպաստ միջավայրում դուք կարող եք մտածել ավետարանի վերաբերյալ անկեղծ հարցերի շուրջ։

Իմ սիրելի՛ քույրեր, ես հրավիրում եմ ձեզ ստեղծել մի տուն, որը պաշտպանության վայր կլինի: Եվ ես նորից եմ հղում իմ հրավերը, որ ավելացնեք ձեր հասկացողությունը քահանայության զորության և տաճարային ուխտերի ու օրհնությունների վերաբերյալ: Պաշտպանության վայրերը, որտեղ կարող եք պատսպարվել, կօգնեն ձեզ հավատքով ընդունել ապագան:

Սկզբունք համար երկու. պատրաստեք ձեր միտքը՝ հավատարիմ լինելու Աստծուն:

Մենք ձեռնարկեցինք մի խոշոր նախագիծ, որպեսզի երկարացնենք Սոլթ Լեյքի տաճարի կյանքն ու կարողությունը:

Նկար
Սոլթ Լեյքի տաճարի շինարարությունը

Ոմանք կասկածի տակ առան նման արտասովոր միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը: Այնուամենայնիվ, երբ այս տարվա սկզբին Սոլթ Լեյքի հովտում տեղի ունեցավ 5.7 բալ ուժգնությամբ երկրաշարժ, այս հինավուրց տաճարն այնքան ուժեղ ցնցվեց, որ Մորոնի հրեշտակի արձանի շեփորն ընկավ: 16

Նկար
Մորոնի հրեշտակն ընկած շեփորով

Ինչպես Սոլթ Լեյքի տաճարի ֆիզիկական հիմքը պետք է լինի այնքան ամուր, որ կարողանա դիմակայել բնական աղետներին, այնպես էլ մեր հոգևոր հիմքերը պետք է ամուր լինեն: Ապա, երբ փոխաբերական երկրաշարժերը ցնցեն մեր կյանքը, կկարողանանք «հաստատուն և անսասան» կանգնել մեր հավատքի շնորհիվ: 17

Տերը մեզ ուսուցանել է, թե ինչպես մեծացնենք մեր հավատքը՝ փնտրելով «ուսում, նույնիսկ ուսումնասիրելով և նաև հավատքով»։ 18 Մենք ամրապնդում ենք մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ, երբ ջանում ենք պահել Նրա պատվիրանները և «միշտ հիշել նրան»: 19 Բացի այդ, մեր հավատքը մեծանում է ամեն անգամ, երբ մենք գործադրում ենք մեր հավատը Նրա հանդեպ: Դա է հավատով սովորելը:

Օրինակ՝ ամեն անգամ, երբ մենք հավատ ենք ցուցաբերում և հնազանդվում Աստծո օրենքներին, նույնիսկ այն ժամանակ, երբ ժողովրդական կարծիքները նսեմացնում են մեզ, կամ ամեն անգամ, երբ դիմադրում ենք ուխտի խախտումը ողջունող զվարճանքներին կամ գաղափարախոսություններին, մենք գործադրում ենք մեր հավատը, որն իր հերթին մեծացնում է մեր հավատքը:

Բացի այդ, հավատն ավելի շատ է ամրապնդվում, երբ կանոնավոր կերպով ընկղմվում ենք Մորմոնի Գրքի մեջ․ շատ քիչ բան է դրանից առավել ամրապնդում հավատը։ Ոչ մի այլ գիրք այդպիսի զորությամբ և պարզությամբ չի վկայում Հիսուս Քրիստոսի մասին: Նրա մարգարեները, ոգեշնչված Տիրոջ կողմից, տեսան մեր օրերը և ընտրեցին այն վարդապետությունն ու ճշմարտությունները, որոնք առավելագույնս կօգնեն մեզ։ Մորմոնի Գիրքը մեր գոյատևման ուղեցույցն է վերջին օրերի համար։

Իհարկե, մենք առավելագույնս պաշտպանվում ենք այն ժամանակ, երբ մոտենում ենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Առանց Աստծո կյանքը՝ վախով լի կյանք է: Աստծո հետ կյանքը՝ խաղաղությամբ լի կյանք է: Դա այն պատճառով է, որ հոգևոր օրհնությունները գալիս են հավատարիմներին: Անձնական հայտնությունն այդ օրհնությունների մեծագույններից մեկն է:

Տերը խոստացել է, որ եթե մենք խնդրենք, մենք կարող ենք ստանալ «հայտնություն հայտնության վրա»: 20 Ես խոստանում եմ, որ երբ դուք մեծացնեք հայտնություն ստանալու ձեր կարողությունը, Տերը կօրհնի ձեզ և ձեր կյանքում կտա ավելի մեծ առաջնորդություն և կօրհնի Հոգու անսահման պարգևներով:

Սկզբունք համար երեք. երբեք մի դադարեք պատրաստվել:

Նույնիսկ, երբ ամեն ինչ լավ էր ընթանում, զորավար Մորոնին շարունակում էր պատրաստել իր ժողովրդին: Նա երբեք կանգ չէր առնում: Նա երբեք ինքնաբավ չէր դառնում։

Հակառակորդը երբեք չի դադարում հարձակվել: Այսպիսով, մենք չենք դադարի պատրաստվել։ Որքան ավելի շատ նյութապես, հուզական առումով և հոգևորապես ինքնապահով լինենք, այնքան ավելի պատրաստ կլինենք տապալել սատանայի անողոք հարձակումները:

Հարգելի՛ քույրեր, դուք հմուտ եք ձեր և ձեր սիրած մարդկանց համար պաշտպանության վայրեր ստեղծելու գործում: Բացի այդ, դուք օժտված եք Աստծուց, որը ձեզ հնարավորություն է տալիս համոզիչ կերպով կառուցել հավատը ուրիշների մեջ։ 21 Եվ դուք երբեք կանգ չեք առնում։ Դուք այս տարի ևս մեկ անգամ ցույց տվեցիք դա:

Խնդրում եմ շարունակեք։ Երբ զգոնություն ցուցաբերեք ձեր տները պաշտպանելու հարցում և հավատք սերմանեք ձեր սիրելիների սրտերում, դուք կքաղեք պտուղները սերունդներ շարունակ։

Իմ սիրելի՛ քույրեր, մենք այնքան շատ ակնկալիքներ ունենք։ Տերը ներկայումս ձեզ այստեղ է նշանակել, քանի որ Նա գիտեր, որ դուք կկարողանաք հաղթահարել այս վերջին օրերի վերջին մասի բարդությունները: Նա գիտեր, որ դուք կընկալեք Նրա աշխատանքի վեհությունը և կցանկանաք այն կյանքի կոչել:

Ես չեմ ասում, որ առաջիկա օրերը հեշտ կլինեն, բայց ես խոստանում եմ ձեզ, որ ապագան փառավոր կլինի նրանց համար, ովքեր պատրաստ են և շարունակում են պատրաստվել, որպեսզի գործիքներ դառնան Տիրոջ ձեռքում:

Իմ սիրելի՛ քույրեր, եկեք պարզապես չդիմանանք այս ներկայիս ժամանակաշրջանում։ Եկե՛ք հավատքով ընդունենք ապագան։ Անհանգիստ ժամանակները հոգևորապես զարգանալու հնարավորություններ են: Դրանք ժամանակներ են, երբ մեր ազդեցությունը կարող է շատ ավելի ազդեցիկ լինել, քան հանգիստ ժամանակներում:

Ես խոստանում եմ, որ երբ մենք ստեղծենք պաշտպանության վայրեր, պատրաստենք մեր միտքը՝ հավատարիմ լինելու Աստծուն և երբեք չդադարենք նախապատրաստվել, ապա Աստված կօրհնի մեզ: Նա «կազատի մեզ. այո, այնպես որ նա խաղաղություն [կխոսի] մեր հոգիներին, և մեծ հավատք [կշնորհի] մեզ, և այնպես [կանի], որ մենք հուսանք մեր ազատմանը նրանով»: 22

Երբ դուք պատրաստվեք հավատքով ընդունել ապագան, այս խոստումները կլինեն ձերը։ Ես այդ մասին վկայում եմ, արտահայտելով իմ սերը ձեր հանդեպ և իմ վստահությունը ձեր հանդեպ, Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն։