Գերագույն համաժողով
Շարժվելով առաջ
2020 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Շարժվելով առաջ

Տիրոջ աշխատանքը կայուն կերպով առաջ է շարժվում:

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ինչպիսի՜ ուրախություն է լինել ձեզ հետ, երբ սկսում ենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 190-րդ կիսամյա գերագույն համաժողովը: Ես սիրում եմ միանալ ձեզ ձեր տներում կամ որտեղ էլ լինեք, և միասին լսել մարգարեների, տեսանողների, հայտնողների և Եկեղեցու մյուս ղեկավարների ուղերձները:

Մենք շատ երախտապարտ ենք տեխնոլոգիաների համար, որոնք թույլ են տալիս մեզ կապվել միմյանց հետ՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտների համաշխարհային մեծ ժողով: Անցյալ տարվա ապրիլին կայացած գերագույն համաժողովը ավելի շատ մարդ դիտեց, քան դրան նախորդող համաժողովները, և մենք ակնկալում ենք, որ դա կկրկնվի։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում համաշխարհային համավարակը, մոլեգնող անտառային հրդեհները և այլ բնական աղետները գլխիվայր շուռ տվեցին մեր մոլորակը: Ես սգում եմ նրանց հետ, ովքեր այս ընթացքում կորցրել են իրենց սիրելիներին: Եվ աղոթում եմ բոլոր նրանց համար, ովքեր ներկայումս մաքառում են։

Միևնույն ժամանակ, Տիրոջ աշխատանքը կայուն կերպով առաջ է շարժվում: Սոցիալական հեռավորության, դիմակների և Zoom հանդիպումների ֆոնին մենք սովորել ենք որոշ բաներ ուրիշ կերպ կատարել, իսկ մյուսներն էլ՝ ավելի արդյունավետ: Անսովոր ժամանակները կարող են անսովոր ձևով պարգևատրել։

Մեր միսիոներներն ու միսիաների ղեկավարները եղել են հնարամիտ, ճկուն և իսկապես հրաշալի: Չնայած միսիոներների մեծ մասը ստիպված էր գտնել իրենց աշխատանքը կատարելու նոր, ստեղծագործական եղանակներ, շատ միսիաներ հայտնել են, որ ավելի շատ ուսուցում են կատարում, քան երբևէ:

Մենք ստիպված էինք որոշ ժամանակով փակել տաճարները, և որոշ շինարարական ծրագրեր կարճ ժամանակով հետաձգվել են, բայց այժմ դրանք բոլորն առաջ են շարժվում: 2020 օրացուցային տարում մենք կդնենք 20 նոր տաճարների հիմքը:

Ընտանեկան պատմության աշխատանքը մեծապես աճել է։ Ստեղծվել են բազմաթիվ նոր ծխեր և ցցեր: Եվ մենք ուրախ ենք տեղեկացնել, որ Եկեղեցին համավարակային մարդասիրական օգնություն է տրամադրել 150 երկրների՝ 895 նախագծերի շրջանակում:

Շատ տներում ավետարանի ուսումնասիրությունը ստեղծում է ավելի ամուր վկայություններ և ընտանեկան հարաբերություններ: Մի մայր գրել է. «Այժմ մենք մեզ ավելի հարազատ ենք զգում մեր երեխաների և թոռների հետ, երբ ամեն կիրակի հավաքվում ենք Zoom-ի միջոցով»: Ամեն մեկս կիսվում է Եկ, հետևիր ինձ ծրագրի մեր մտքերով։ Մեր ընտանիքի անդամների համար աղոթքները փոխվել են, քանի որ մենք ավելի լավ ենք հասկանում, թե նրանց ինչ է պետք»:

Ես աղոթում եմ, որ մենք՝ որպես եկեղեցու անդամներ, այս եզակի ժամանակն օգտագործենք հոգևորապես աճելու համար: Մենք այստեղ՝ երկրի վրա ենք, որպեսզի փորձվենք և ստուգվենք՝ տեսնելով, թե արդյոք կընտրենք հետևել Հիսուս Քրիստոսին, պարբերաբար ապաշխարել, սովորել և առաջադիմել: Մեր հոգիները կարոտ են առաջընթացի: Իսկ մենք դա լավագույն ձևով ենք անում, երբ ամուր ենք կանգնում ուխտի արահետին։

Չնայած այդ ամենին, մեր Երկնային Հայրը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, սիրում են մեզ: Նրանք հոգ են տանում մեր մասին: Նրանք և նրանց սուրբ հրեշտակները հսկում են մեզ։ 1 Ես գիտեմ, որ դա ճշմարիտ է։

Երբ մենք հավաքվում ենք, որպեսզի լսենք Տիրոջ ձայնը, որոնք Նա ներշնչել է Իր ծառաներին՝ հաղորդելու մեզ, ես հրավիրում եմ ձեզ խորհել Տիրոջ տված խոստման մասին: Նա ասել է, որ «ով որ կամենա կարող է կառչած մնալ Աստծո խոսքին, որը կենդանի է և հզոր, որը կտոր-կտոր է անում դևի ողջ խորամանկությունը և ծուղակները, և առաջնորդում է Քրիստոսի [աշակերտներին] մի անձուկ ու նեղ ուղիով»։ 2

Ես աղոթում եմ, որ դուք ընտրեք կառչած մնալ Աստծո խոսքին, ինչպես հայտարարվեց այս գերագույն համաժողովի ընթացքում: Եվ աղոթում եմ, որ դուք զգաք Տիրոջ կատարյալ սերը ձեր հանդեպ, 3 Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: