Գերագույն համաժողով
Սիոնի քույրերը
2020 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Սիոնի քույրերը

Դուք կդառնաք էական ուժ Իսրայելի հավաքման և Սիոն ժողովրդի ստեղծման գործում։

Իմ սիրելի՛ քույրեր, ես օրհնված եմ, որ խոսելու եմ աշխարհի պատմության այս հիանալի ժամանակաշրջանում: Օրեցօր մոտենում ենք այն փառահեղ պահին, երբ Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, նորից երկիր կգա: Մենք որոշ բան գիտենք այն սարսափելի իրադարձությունների մասին, որոնք նախորդելու են Նրա գալուստին, բայց մեր սրտերն ուռչում են ուրախությունից և վստահությունից՝ իմանալով նաև այն փառահեղ խոստումների մասին, որոնք կկատարվեն մինչև Նրա վերադարձը:

Որպես Երկնային Հոր սիրված դուստրեր և որպես Տեր Հիսուս Քրիստոսի դուստրեր Նրա թագավորությունում, 1 դուք վճռական դեր կխաղաք առաջիկա կարևոր ժամանակներում: Մենք գիտենք, որ Փրկիչը կգա մի ժողովրդի մոտ, ովքեր հավաքվել և պատրաստվել են ապրել այնպես, ինչպես մարդիկ ապրում էին Ենովքի քաղաքում: Այնտեղ մարդիկ միավորված էին Հիսուս Քրիստոսի հավատքում և դարձել էին այնքան մաքուր, որ երկինք բարձրացվեցին:

Ահա Տիրոջ տված նկարագրությունը, թե ինչ կպատահի Ենովքի ժողովրդի հետ և ինչ տեղի կունենա ժամանակների լրության այս վերջին տնտեսության մեջ.

«Եվ կգա մի օր, երբ երկիրը կհանգստանա, բայց նախքան այդ օրը երկինքները պիտի խավարեցվեն, և խավարի վարագույրը պիտի ծածկի երկիրը. և երկինքները պիտի ցնցվեն, և նմանապես երկիրը. և մեծ նեղություններ պիտի լինեն մարդկանց զավակների մեջ, բայց իմ ժողովրդին ես կպահպանեմ.

«Եվ ես արդարություն ցած կուղարկեմ երկնքից. և ճշմարտություն առաջ կուղարկեմ երկրից, որ վկայություն բերի իմ Միածնի մասին. մեռելներից նրա հարության մասին. այո՛, և նաև բոլոր մարդկանց հարության մասին. և արդարությունով ու ճշմարտությունով ես կսրբեմ երկիրը, ասես ջրհեղեղով, որպեսզի հավաքեմ իմ ընտրյալներին աշխարհի չորս կողմերից մի վայրում, որը ես կպատրաստեմ, մի Սուրբ քաղաք, որ իմ ժողովուրդը կարողանա գոտեպնդել իր մեջքը և սպասել իմ գալստի ժամանակին. Քանզի այնտեղ կլինի իմ խորանը, և այն կկոչվի Սիոն՝ Նոր Երուսաղեմ:

Եվ Տերն ասաց Ենովքին. Այն ժամանակ դու և քո ողջ քաղաքը կդիմավորեք նրանց այնտեղ, և մենք կընդունենք նրանց մեր ծոցը, և նրանք կտեսնեն մեզ. և մենք նրանց վզով կընկնենք, և նրանք մեր վզով կընկնեն, և մենք կհամբուրենք միմյանց.

Եվ այնտեղ կլինի իմ բնակավայրը, և այն կլինի Սիոն, որն առաջ կգա բոլոր արարչագործությունների միջից, որոնց ես արարել եմ. և հազար տարի շարունակ երկիրը կհանգստանա»: 2

Դուք՝ քույրեր, ձեր դուստրերը, ձեր թոռները և ձեր սնուցած կանայք կլինեն այն մարդկանց հասարակության ստեղծման հիմքում, ովքեր կմասնակցեն Փրկիչի հետ փառահեղ ընկերակցությանը: Դուք կդառնաք էական ուժ Իսրայելի հավաքման և Սիոն ժողովրդի ստեղծման գործում, որոնք խաղաղ կապրեն Նոր Երուսաղեմում:

Տերն Իր մարգարեների միջոցով խոստում է տվել ձեզ: Սփոփող Միության ստեղծման սկզբում Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասաց քույրերին. «Եթե դուք ապրեք ըստ ձեր արտոնությունների, հրեշտակները մշտապես կընկերակցեն ձեզ»: 3

Այդ զարմանահրաշ ներուժը ձեր մեջ է, և դուք պատրաստվել եք դրան:

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է.

«Քույրեր … դուք երկրորդական տեղ չեք զբաղեցնում մեր Հոր` հավերժական երջանկության և Նրա զավակների բարօրության համար ծրագրում: Դուք այդ ծրագրի բացարձակ կարևոր մասն եք:

Առանց ձեզ ծրագիրը չէր կարող գործել: Առանց ձեզ ողջ ծրագիրը կձախողվեր:…

Ձեզանից յուրաքանչյուրն Աստծո դուստրն է՝ օժտված աստվածային անդրանիկությամբ»։ 4

Մեր ներկայիս մարգարեն՝ նախագահ Ռասել Մ. Նելսոնը, տվել է այս նկարագրությունն այն դերի մասին, որը դուք ունեք Փրկիչի գալուստին պատրաստվելիս.

«Անհնար է չափել ազդեցությունը, որ այդ կանայք ունեն, ոչ միայն իրենց ընտանիքներում, այլև Տիրոջ Եկեղեցում` որպես կանայք, մայրեր և տատիկներ, որպես քույրեր և մորաքույրներ, որպես ուսուցիչներ և ղեկավարներ, և հատկապես` որպես հավատքի օրինակներ և բարեպաշտ պաշտպաններ:

Այդպես է եղել Ադամի և Եվայի օրերից ի վեր՝ ավետարանի յուրաքանչյուր տնտեսության մեջ: Սակայն այս տնտեսության կանայք տարբերվում են մյուս բոլոր տնտեսությունների կանանցից, քանի որ այս տնտեսությունը տարբերվում է մյուսներից: Այդ առանձնահատկությունը բերում է թե՛ արտոնություններ և թե՛ պատասխանատվություններ»։ 5

Այս տնտեսությունը տարբերվում է նրանով, որ Տերը մեզ կառաջնորդի, որպեսզի պատրաստվենք և նմանվենք Ենովքի քաղաքին: Նա իր առաքյալների և մարգարեների միջոցով նկարագրել է, թե Սիոնի ժողովրդի այդ վերափոխումն ինչ հետևանքներ կունենա։

Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին ուսուցանել է.

«[Ենովքի] օրոք ամբարիշտության և չարության օրեր էին, խավարի և ապստամբության օրեր էին, պատերազմի ու ամայացման օրեր էին, երկիրը ջրով մաքրելու օրեր էին:

Ենովքը, սակայն, հավատարիմ էր: Նա «տեսավ Տիրոջը» և խոսեց նրա հետ «դեմ առ դեմ», ինչպես մարդը խոսում է այլ մարդու հետ (Մովսես 7․4։ Տերը նրան ուղարկեց, որ ապաշխարություն աղաղակի աշխարհով մեկ և պատվիրեց նրան «մկրտել անունով Հոր, և Որդու, որը լի է շնորհով ու ճշմարտությամբ, և Սուրբ Հոգու, որը վկայում է Հոր և Որդու մասին» (Մովսես 7․18)։ Ենովքը ուխտեր կապեց և հավաքեց ճշմարիտ հավատացյալներին, որոնք բոլորն այնքան հավատարիմ դարձան, որ «Տերը եկավ ու բնակվեց իր ժողովրդի հետ, և նրանք բնակվեցին արդարության մեջ» և օրհնվեցին բարձրից: «Եվ Տերն իր ժողովրդին կոչեց Սիոն, որովհետև նրանք մեկ սրտի և մեկ մտքի էին, և բնակվում էին արդարության մեջ. և ոչ մի աղքատ չկար նրանց մեջ» (Մովսես 7․18

Այն բանից հետո, երբ Տերը իր ժողովրդին կոչեց Սիոն, սուրբ գրություններում ասվում է, որ Ենովքը «կառուցեց մի քաղաք, որը կոչվում էր Սրբության քաղաք, նույնիսկ Սիոն», որ Սիոնը «բարձրացվեց երկինք, որտեղ «Աստված վերցրեց այն իր ծոցը. և այն ժամանակից տարածվեց այս խոսքը՝ Սիոնը փախել է» (Մովսես 7.19, 21, 69

«Նույն Սիոնը, որը երկինք է բարձրացվել, կվերադառնա… երբ Տերը վերադարձնի Սիոնը, և նրա բնակիչները միանան նոր Երուսաղեմին, որն այդ ժամանակ կստեղծվի»: 6

Եթե անցյալը նախաբան է գալիք իրադարձությունների համար, ապա Փրկիչի գալստյան պահին այն դուստրերը, ովքեր խորապես հավատարիմ են Աստծո հետ կապած իրենց ուխտերին, կլինեն նրանց կեսից ավելին, ովքեր պատրաստ են ողջունել Նրան, երբ Նա գա: Բայց անկախ թվերից, այդ Սիոնի համար պատրաստված մարդկանց մեջ միասնություն ստեղծելու գործում ձեր ներդրումը կլինի կեսից շատ ավելին:

Ես ձեզ կասեմ, թե ինչու եմ հավատում, որ այդպես կլինի: Մորմոնի Գրքում պատմվում է Սիոն ժողովրդի մասին: Դուք հիշում եք, որ երբ հարություն առած Փրկիչն ուսուցանեց, սիրեց և օրհնեց նրանց, որ «չկար ոչ մի հակառակություն երկրում Աստծո սիրո շնորհիվ, որը բնակվում էր մարդկանց սրտերում»։ 7

Իմ փորձն ինձ սովորեցրել է, որ Երկնային Հոր դուստրերն օժտված են պարգևով՝ փարատել հակառակությունը և արդարություն խթանել Աստծո հանդեպ իրենց սիրով և Աստծո սերը սերմանել նրանց մեջ, ում ծառայում են:

Ես դա տեսել եմ իմ պատանեկության տարիներին, իմ մանկության փոքրիկ ճյուղում։ Ես ու եղբայրս Ահարոնյան քահանայության միակ կրողն էինք, հայրս՝ Մելքիսեդեկյան քահանայության միակ կրողը: Սփոփող միության նախագահը նորադարձ էր, որի ամուսինը ուրախ չէր Եկեղեցում իր կնոջ ծառայության համար: Բոլոր անդամները մեծահասակ քույրեր էին, որոնց ընտանիքում չկար քահանայություն կրող։ Ես հետևում էի, թե ինչպես են մայրս և այդ քույրերն աննկուն ձևով սիրում, բարձրացնում և հոգ տանում միմյանց մասին: Ես հիմա հասկանում եմ, որ ինձ շնորհվել էր Սիոնի վաղ պատկերացում։

Հավատարիմ կանանց ազդեցության վերաբերյալ իմ ուսումը շարունակվեց Նյու Մեքսիկոյի Ալբուկերկե քաղաքի Եկեղեցու մի փոքր ճյուղում: Ես հետևում էի, թե ինչպես են ճյուղի նախագահի կինը, շրջանի նախագահի կինը և Սփոփող միության նախագահը ջերմացնում յուրաքանչյուր նորեկի և նորադարձի սիրտը: Այդ կիրակի օրը, երբ պետք է հեռանայի Ալբուկերկեից, կազմավորվեց առաջին ցիցը, որտեղ երկու տարի հետևում էի այնտեղ ապրող քույրերի ազդեցությանը։ Այժմ Տերը տաճար է բարձրացրել այնտեղ։

Ես տեղափոխվեցի Բոստոնի մոտակայքը, որտեղ ծառայում էի շրջանի նախագահությունում, որը նախագահում էր երկու նահանգներում սփռված փոքր ճյուղերը: Կային վիճաբանություններ, որոնք մեկ անգամ չէ, որ լուծվեցին սիրող և ներողամիտ կանանց կողմից, ովքեր օգնեցին մեղմել սրտերը: Կիրակի օրը, երբ հեռացա Բոստոնից, Առաջին Նախագահության անդամը կազմավորեց Մասաչուսեթսի առաջին ցիցը: Այժմ այնտեղ մի տաճար կա՝ այն տարածքին մոտ, որտեղ ժամանակին բնակվում էր շրջանի նախագահը: Նա դարձավ Եկեղեցու ակտիվ անդամ, իսկ այնուհետև նրան կանչեցին ծառայելու որպես ցցի նախագահ, իսկ հետո միսիայի նախագահ՝ հավատարիմ և սիրող կնոջ ազդեցության շնորհիվ:

Քույրե՛ր, ձեզ տրվել է հատուկ պարգևներով Աստծո դուստրեր կոչվելու օրհնությունը։ Դուք մահկանացու կյանք եք եկել ուրիշներին սնուցելու և նրանց դեպի վեր՝ այն սերն ու մաքրությունը բարձրացնելու հոգևոր կարողությամբ, որը նրանց իրավունք կտա ապրելու Սիոնի հասարակությունում: Պատահական չէ, որ Սփոփող միությունը՝ Եկեղեցու առաջին կազմակերպությունը, որը հատուկ նախատեսված է Երկնային Հոր դուստրերի համար, ունի իր կարգախոսը՝ «Գթությունը երբեք չի խափանվում»:

Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է: Նրա հանդեպ հավատքի ու Նրա անսահման քավության հետևանքների շնորհիվ, դուք և նրանք, ում սիրում ու ծառայում եք, կարժանանաք այդ գերագույն պարգևին՝ ապրելու երկար սպասված և խոստացված Սիոնի այդ հասարակության մեջ: Սիոնում դուք կլինեք քույրեր, անձամբ սիրված Տիրոջ և նրանց կողմից, ում դուք օրհնել եք:

Ես վկայում եմ, որ դուք երկրի վրա Տիրոջ արքայության քաղաքացիներ եք: Դուք սիրող Երկնային Հոր դուստրերն եք, ով ձեզ աշխարհ ուղարկեց անզուգական պարգևներով, որոնք խոստացել եք օգտագործել ուրիշներին օրհնելու համար: Ես խոստանում եմ ձեզ, որ Տերը կառաջնորդի ձեր ձեռքը բռնած՝ Սուրբ Հոգու միջոցով: Նա կգնա ձեր առջևից, երբ դուք օգնեք Նրան նախապատրաստել Իր ժողովրդին՝ դառնալու Իր խոստացած Սիոնը: Ես դա վկայում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: