Գերագույն համաժողով
Պահեք տարբերությունը
2020 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Պահեք տարբերությունը

Հիսուս Քրիստոսի միջոցով մեզ ուժ է տրվում տևական փոփոխություններ կատարելու համար։ Երբ մենք խոնարհաբար դիմենք Նրան, Նա կմեծացնի փոխվելու մեր ունակությունը։

Քույրե՛ր, մեծ ուրախություն է լինել ձեզ հետ։

Նկար
Վճարում խանութում

Պատկերացրեք, որ մեկը գնում է խանութ՝ գնումներ կատարելու։ Եթե վաճառողին տալիս են ապրանքների արժեքից ավել գումար, վաճառողը նրանց է վերադարձնում տարբերությունը։

Նկար
Ստանալ տարբերությունը

Բենիամին թագավորը հնադարյան Ամերիկայում սովորեցրեց հրաշալի օրհնությունների մասին, որոնք մենք ստանում ենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսից։ Նա ստեղծել է երկինքները և երկիրը, և ամեն գեղեցիկ բան, որ մենք վայելում ենք։ 1 Իր սիրառատ Քավությամբ Նա մեզ համար ճանապարհ է պատրաստում, որպեսզի ազատվենք մեղքից և մահից։ 2 Երբ մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Նրան, ջանասիրաբար ապրելով Նրա պատվիրաններով, Նա անմիջապես օրհնում է մեզ, և մենք շարունակ մնում ենք Նրան պարտապանը։

Նա մեզ շատ բան է տալիս, ավելին, քան մենք երբևէ կկարողանանք վերադարձնել։ Ուստի, մենք ի՞նչ կարող ենք տալ Նրան, ով վճարեց մեր մեղքերի անհաշվելի գինը։ Մենք կարող ենք տալ Նրան տարբերությունը։ Մենք կարող ենք ցույց տալ Նրան, որ տարբերվում ենք հին մարդուց։ Այդ տարբերությունը կարող է անդրադառնալ մեր մտքերի, արարքների և մեր ընտրած ուղու վրա։ Յուրաքանչյուրիս համար կատարած Իր անգին վճարի դիմաց Տերը մեզանից սրտի փոփոխություն է խնդրում։ Փոփոխությունը, որը Նա պահանջում է մեզանից, Նրա օգտի համար չէ, այլ՝ մեր։ Այսպիսով, մինչ գնորդը հետ է վերցնում իրեն պատկանող տարբերությունը, սիրո, ողորմության և շնորհի Տերը, պարզապես հորդորում է մեզ պահել տարբերությունը կամ այլ կերպ ասած՝ փոփոխությունը։

Բենիամին թագավորի խոսքերը լսելուց հետո նրա ժողովուրդը բացականչեց, հայտարարելով, որ իրենց սրտերը փոխվել էին, ասելով․ «Ամենակարող Տիրոջ Հոգու շնորհիվ, որը մեր մեջ կամ մեր սրտերում մի զորեղ փոփոխություն է առաջացրել, … մենք այլևս հակված չենք գործելու չարիք, այլ շարունակ գործելու բարիք»։ 3 Սուրբ գրությունները չեն ասում, որ նրանք անմիջապես կատարյալ դարձան, այլ որ նրանց փոխվելու ցանկությունը մղեց նրանց գործել։ Նրանց սրտերի փոփոխությունը նշանակում է՝ հանել բնական տղամարդուն կամ կնոջը և, Հոգուն ենթարկվելով, ձգտել ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին։

Նախագահ Հենրի Բ․ Այրինգն ուսուցանում է․ «Ճշմարիտ դարձը կախված է ազատ հավատքով փնտրելուց՝ մեծ ջանքերով և որոշակի ցավով։ Ապա միայն Տերը կարող է շնորհել … մաքրագործման և փոփոխության հրաշքը»։ 4 Մեր ջանքերը միավորելով մեզ փոխելու Տիրոջ ունակության հետ՝ մենք դառնում ենք նոր արարածներ։

Երբ ես ավելի երիտասարդ էի, ես պատկերացնում էի, թե ինչպես եմ քայլում ուղղահայաց արահետով վեր՝ դեպի իմ նպատակը՝ հավերժական կյանքը։ Ամեն անգամ, երբ ինչ-որ բան սխալ էի անում կամ ասում, զգում էի, թե ինչպես եմ ցած սահում արահետով, որպեսզի նորից սկսեմ իմ ճանապարհը։ Դա նման էր մանկական «Սահանքներ և սանդուղքներ» խաղի այն կետին, որտեղից վայրէջք կատարելով, տախտակի վերևից հասնում եք խաղի սկզբին։ Դա հիասթափեցնող էր։ Սակայն, երբ ես սկսեցի հասկանալ Քրիստոսի վարդապետությունը 5 և ինչպես այն ամեն օր կիրառել իմ կյանքում, ես հույս գտա։

Նկար
Փոխվելու գործընթացը ներառում է մինչև վերջ համբերելը

Հիսուս Քրիստոսը մեզ տվել է փոխվելու շարունակական բնույթ կրող օրինաչափություն։ Նա հրավիրում է մեզ հավատալ Իրեն, ինչն էլ ոգեշնչում է մեզ ապաշխարել․ «հավատք ու ապաշխարություն, որը սրտի փոփոխություն է բերում»։ 6 Երբ մենք ապաշխարում և մեր սրտով դառնում ենք Նրան, ձեռք ենք բերում սրբազան ուխտեր և դրանցով ապրելու ավելի մեծ ցանկություն։ Մենք համբերում ենք մինչև վերջ՝ շարունակելով կիրառել այդ սկզբունքները մեր ողջ կյանքի ընթացքում և հրավիրելով Տիրոջը փոխել մեզ։ Մինչև վերջ համբերել նշանակում է փոխվել մինչև վերջ։ Այժմ ես հասկանում եմ, որ ամեն չհաջողված փորձից հետո ես ոչ թե նորից եմ սկսում, այլ ամեն փորձից հետո ես շարունակում եմ փոխվելու իմ գործընթացը։

Մի ոգեշնչված արտահայտություն կա Երիտասարդ կանանց թեմայում․ «Ես փայփայում եմ ապաշխարության պարգևը և ձգտում եմ կատարելագործվել ամեն օր»։ 7 Ես աղոթում եմ, որ մենք փայփայենք այդ գեղեցիկ պարգևը և մենք նպատակասլաց կերպով փոփոխություն փնտրենք։ Փոփոխությունները, որոնք մենք պետք է կատարենք, երբեմն կապված են լուրջ մեղքի հետ։ Սակայն հիմնականում մենք ձգտում ենք կատարելագործել մեր բնավորությունը՝ համապատասխանեցնելով այն Հիսուս Քրիստոսի հատկանիշներին։ Մեր ամենօրյա ընտրությունները կա՛մ կօգնեն, կա՛մ կխանգարեն մեր առաջընթացին։ Փոքր, բայց կայուն, կշռադատված փոփոխությունները կօգնեն մեզ բարելավվել։ Մի՛ հուսահատվեք։ Փոխվելու գործընթացը պետք է շարունակվի ողջ կյանքում։ Ես երախտապարտ եմ, որ փոխվելու մեր պայքարի ընթացքում Տերը համբերատար է մեզ հետ։

Հիսուս Քրիստոսի միջոցով մեզ ուժ է տրվում տևական փոփոխություններ կատարել։ Երբ մենք խոնարհաբար դիմենք Նրան, Նա կմեծացնի փոխվելու մեր ունակությունը։

Ի լրացում մեր Փրկիչի Քավության վերափոխող զորությանը, Սուրբ Հոգին կաջակցի և կառաջնորդի մեզ, երբ մենք ջանքեր գործադրենք։ Նա կարող է նույնիսկ օգնել մեզ իմանալ, թե ինչ փոփոխություններ պետք է կատարենք։ Մենք կարող ենք նաև օգնություն և քաջալերանք գտնել քահանայության օրհնությունների, աղոթքի, ծոմի և տաճար այցելելու միջոցով։

Նմանապես, ընտանիքի վստահելի անդամները, ղեկավարները և ընկերները կարող են օգնել մեզ փոխվելու մեր ջանքերում։ Երբ ես ութ տարեկան էի, ես և իմ ավագ եղբայրը՝ Լին, ժամանակ էինք անցկացնում մեր ընկերների հետ՝ խաղալով մեր բակի ծառի ճյուղերին։ Մենք սիրում էինք միասին ժամանակ անցկացնել մեր ընկերների հետ այդ ծառի ստվերում։ Մի օր Լին ընկավ ծառից ու կոտրեց ձեռքը։ Կոտրված ձեռքով նա դժվարանում էր ինքնուրույն մագլցել ծառը։ Իսկ ծառի վրա կյանքը առանց նրա հետաքրքիր չէր։ Ուստի, մեզանից մի քանիսը հրում էին նրան հետևից, մինչդեռ մյուսները քաշում էին առողջ ձեռքից, և առանց մեծ ջանքերի Լին վերադառնում էր ծառի վրա։ Նրա ձեռքը դեռ կոտրված էր, սակայն նա կրկին մեզ հետ էր և վայելում էր մեր ընկերակցությունը՝ մինչ ապաքինվում էր։

Ես հաճախ մտածել եմ ծառի վրա խաղալու իմ փորձառության մասին՝ որպես Հիսուս Քրիստոսի ավետարանում մեր գործունեության տիպարի։ Ավետարանի ճյուղերի ստվերում մենք վայելում ենք բազմաթիվ օրհնություններ՝ կապված մեր ուխտերի հետ։ Ոմանք գուցե շեղվել են իրենց ուխտերի ապահովությունից և ունեն մեր օգնության կարիքը՝ կրկին բարձրանալու ավետարանի ապահով ճյուղերի վրա։ Գուցե դժվար է նրանց համար ինքնուրույն վերադառնալ։ Արդյոք կարո՞ղ ենք զգուշությամբ օգնել նրանց բարձրանալ և ապաքինվել, մինչ նրանք վայելում են մեր ընկերակցությունը։

Եթե դուք տառապում եք սայթաքելու պատճառով, խնդրում եմ, թույլ տվեք ուրիշներին օգնել ձեզ վերադառնալ ձեր ուխտերին և դրանց առաջարկած օրհնություններին։ Փրկիչը կարող է օգնել ձեզ ապաքինվել և փոխվել, մինչ շրջապատված եք ձեզ սիրող մարդկանցով։

Ես հաճախ հանդիպում եմ ընկերների, որոնց երկար տարիներ չեմ տեսել։ Երբեմն նրանք ասում են․ «Դու ընդհանրապես չես փոխվել»։ Ամեն անգամ դա լսելիս ես մի փոքր տխրում եմ, քանի որ հույս ունեմ, որ տարիների ընթացքում ես փոխվել եմ։ Հուսով եմ, որ ես փոխվել եմ նույնիսկ երեկվա համեմատ։ Հուսամ, որ ես ավելի բարյացակամ եմ, ավելի քիչ դատապարտող և ավելի շատ կարեկցող։ Հուսամ, որ ավելի արագ եմ արձագանքում ուրիշների կարիքներին, և հուսով եմ, որ մի փոքր ավելի համբերատար եմ։

Ես սիրում եմ մագլցել իմ տան մոտակայքում գտնվող սարերը։ Հաճախ մագլցելիս կոշիկիս մեջ փոքրիկ քար է հայտնվում։ Ի վերջո, ես կանգնում և թափ եմ տալիս կոշիկս։ Սակայն ես զարմանում եմ, թե որքան երկար եմ հանդուրժում ցավ զգալով մագլցելը, նախքան ես կանգ կառնեմ և կազատվեմ ինձ նյարդայնացնող քարից։

Մինչ մենք ճամփորդում ենք ուխտի արահետով, երբեմն քարեր են հայտնվում մեր կոշիկների մեջ՝ նման վատ սովորությունների, մեղքերի կամ վերաբերմունքի։ Որքան շուտ կյանքում ազատվենք դրանցից, այնքան ուրախ կանցնի մեր մահկանացու ճամփորդությունը։

Փոփոխության պահպանումը ջանքեր է պահանջում։ Ես չեմ կարող պատկերացնել, որ կանգ կառնեմ ճանապարհին միայն այն բանի համար, որ կրկին կոշիկիս մեջ դնեմ նյարդայնացնող և ցավ պատճառող խճաքարը, որը հենց նոր էի հանել։ Ես չէի ցանկանա երբևէ նորից անել դա, ինչպես գեղեցիկ թիթեռնիկը չէր ցանկանա վերադառնալ իր բոժոժը։

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք կարող ենք փոխվել։ Մենք կարող ենք հարմարեցնել մեր սովորությունները, փոխել մեր մտքերը և կատարելագործել մեր բնավորությունը, որպեսզի ավելի շատ նմանվենք Նրան։ Եվ Նրա օգնությամբ մենք կարող ենք պահել փոփոխությունները։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։