Գերագույն համաժողովներ
Խնդրեք, փնտրեք և թակեք
նախորդ հաջորդ

Խնդրեք, փնտրեք և թակեք

Երկնային Հոր ծրագրում կարևոր մաս է հանդիսանում ցանկացած ժամանակ Նրա հետ հաղորդակցվելու հնարավորությունը:

Չորս ամիս առաջ, սուրբ գրությունների իմ ուսումնասիրության ժամանակ, ես կարդում էի Ալմայի միսիայի մասին Ամմոնիայում, երբ ես հանդիպեցի այս առաջարկին Եկ, հետևիր ինձ ձեռնարկում. «Երբ կարդաք այն մեծ օրհնությունների մասին, որ Աստված տվել էր Նեփիի ժողովրդին Ալմա 9.19–23), խորհեք այն մեծ օրհնությունների մասին, որ Նա տվել է ձեզ»:1 Ես որոշեցի Աստծո օրհնությունների մի ցուցակ կազմել ինձ համար և գրանցել դրանք իմ դասագրքի թվային տարբերակում: Րոպեների ընթացքում ես գրեցի 16 օրհնություններ:

Ամենագլխավորը՝ դրանց շարքում էին Փրկիչի ողորմածության և քավիչ զոհաբերության մեծ օրհնությունները ինձ համար: Ես նաև գրեցի այն օրհնության մասին, որ ունեցա՝ ներկայացնելու Փրկիչին որպես երիտասարդ միսիոներ Պորտուգալիայում, իսկ հետո Բրազիլիա Պորտո Ալեգրե Հարավային միսիայում, որտեղ իմ սիրելի հավերժական զուգընկեր Պատրիցիայի հետ մենք ծառայեցինք 522 հզոր և սքանչելի միսիոներների: Խոսելով Պատրիցիայի մասին, պետք է ասեմ, որ այդ օրը իմ գրանցած օրհնությունների մեծ մասը այն օրհություններ են, որոնք մենք միասին վայելել ենք 40 տարիների ամուսնության ընթացքում` ներառյալ մեր կնքումը Սան Պաոլո Բրազիլիայի տաճարում, մեր երեք հիանալի երեխաները, նրանց կողակիցները և մեր 13 թոռնիկները:

Իմ մտքերն ուղղվեցին նաև դեպի իմ արդարակյաց ծնողները, ովքեր մեծացրին ինձ ավետարանի սկզբունքներով: Ես հիշեցի հատկապես մի պահ, երբ իմ սիրելի մայրիկը ծնկի իջավ ինձ հետ՝ աղոթելու իմ մահճակալի կողքին, երբ ես մոտ 10 տարեկան էի: Նա պետք է որ զգար, որ եթե իմ աղոթքները պետք է գնային և հասնեին իմ Երկնային Հորը, դրանք պետք է բարելավվեին: Այսպիսով նա ասաց. «Ես առաջինը կաղոթեմ, իսկ իմ աղոթքից հետո դու աղոթիր»: Նա շարունակեց այդ ձևով շատ գիշերներ, մինչև համոզվեց, որ ես սովորել էի սկզբունքով և գործնականում, թե ինչպես խոսեի Երկնային Հոր հետ: Ես հավիտյան երախտապարտ եմ նրան ինձ աղոթել սովորեցնելու համար, քանի որ իմացա, որ իմ Երկնային Հայրը լսում է իմ աղոթքները և պատասխանում է դրանց:

Փաստորեն, դա մեկ այլ օրհնություն էր, որը ես ներառեցի իմ ցուցակում՝ Տիրոջ կամքը լսել կարողանալու և իմանալու պարգև: Երկնային Հոր ծրագրում կարևոր մաս է հանդիսանում ցանկացած ժամանակ Նրա հետ հաղորդակցվելու հնարավորությունը:

Հրավեր Տիրոջից

Երբ Փրկիչը այցելեց Ամերիկա մայրցամաք Իր Հարությունից հետո Նա կրկնեց մի հրավեր, որը Նա տվել էր Իր աշակերտներին Գալիլեայում: Նա ասաց.

«Խնդրեք, և ձեզ կտրվի. փնտրեք, և դուք կգտնեք. թակեք, և ձեզ համար կբացվի:

Քանզի անեն մեկը, որ խնդրում է, ստանում է, և նա, ով փնտրում է, գտնում է, և նրան, որ թակում է, կբացվի» (3 Նեփի 14.7–8, տես նաև Մատթեոս 7.7–8):

Մեր մարգարե, նախագահ Ռասսել Մ. Նելսոնը տվել է մի նմանատիպ հրավեր մեր օրերում: Նա ասել է. «Աղոթեք Հիսուս Քրիստոսի անունով ձեր մտահոգությունների, ձեր երկյուղների, ձեր թուլությունների մասին, այո, ձեր սրտի բուն ձգտումների մասին: Իսկ հետո լսե՛ք: Գրեք խոհերը, որոնք ձեր միտքն են գալիս: Գրի առեք ձեր զգացմունքները և հետևեք, որ կատարեք ձեզ հուշված գործողությունները: Երբ կրկնեք այս գործընթացը օրեցօր, ամիս առ ամիս, տարեց տարի, դուք «կաճեք հայտնության սկզբունքի մեջ»:2

Նախագահ Նելսոնը նախազգուշացրել է. «Գալիք օրերում հնարավոր չի լինի հոգևորապես գոյատևել առանց Սուրբ Հոգու առաջնորդության, ուղղորդման և մշտապես սփոփող ազդեցության»:3

Ինչո՞ւ է հայտնությունը այդքան կարևոր մեր հոգևոր գոյատևման համար: Որովհետև աշխարհը կարող է լինել շփոթեցնող և աղմկոտ, լի խաբեությամբ և շեղումներով: Հաղորդակցությունը մեր Երկնային Հոր հետ հնարավորություն է ընձեռում մեզ տարբերակել, թե ինչն է ճշմարիտ և ինչն է կեղծ, ինչն է համապատասխանում Տիրոջ ծրագրին մեզ համար, և ինչը՝ ոչ: Աշխարհը կարող է լինել նաև կոպիտ և մտահոգիչ: Բայց, երբ մենք բացենք մեր սրտերը աղոթքով, կզգանք հանգստություն, որը գալիս է մեր Երկնային Հորից, և հավաստիացում, որ Նա սիրում և գնահատում է մեզ:

Հարցրեք

Տերն ասել է, որ «ամեն խնդրող առնում է»: Խնդրելը թվում է պարզ և, այնուամենայնիվ, այն հզոր է, որովհետև բացահայտում է մեր ցանկությունները և մեր հավատքը: Սակայն, ժամանակ և համբերություն է պահանջվում, որ սովորենք հասկանալ Տիրոջ ձայնը: Մենք ուշադրություն ենք դարձնում մտքերին և զգացումներին, որոնք գալիս են մեր միտքն ու սիրտը, և մենք դրանք գրի ենք առնում՝ ինչպես մեր մարգարեն է խորհուրդ տվել մեզ անել: Ստանալու կարևոր մասն է տպավորությունների արձանագրումը: Այն օգնում է մեզ հիշել, վերանայել և վերզգալ այն, ինչ Տերն է ուսուցանում մեզ:

Վերջերս իմ սիրելի մարդկանցից մեկն ասաց ինձ. «Ես հավատում եմ, որ անձնական հայտնությունը ճշմարիտ է: Հավատում եմ, որ Սուրբ Հոգին ցույց կտա ինձ բոլոր բաները, որ պիտի անեմ»:4 Հեշտ է հավատալ, երբ զգում եմ, որ կուրծքս այրվում է չկասկածող համոզմունքով:5 Բայց ինչպե՞ս կարող եմ ունենալ Սուրբ Հոգին, որ միշտ խոսի ինձ հետ այս մակարդակում»:

Իմ սիրելիին և ձեզ բոլորիդ, ես կասեի, որ ես ևս կկամենայի անընդհատ զգալ այդ ուժեղ տպավորությունները Հոգուց և միշտ հստակ տեսնել արահետը` հետևելու համար: Բայց ես չեմ տեսնում: Սակայն, այն ինչը մենք ավելի հաճախ ենք զգում, Տիրոջ հանդարտ ցածր ձայնն է, որը շշնջում է մեր մտքին և սրտին. «Ես այստեղ եմ: Ես սիրում եմ ձեզ: Գնա առաջ, արա այն ամենը ինչ կարող ես: Ես կաջակցեմ քեզ: Միշտ չէ, որ մենք պետք է իմանանք ամեն ինչ կամ տեսնենք ամեն ինչ:

Հանդարտ ցածր ձայնը վերահաստատում է, խրախուսում և հանգստացնում է, և շատ դեպքերում, դա հենց այն է, ինչի կարիքը մենք ունենք այդ օրվա համար: Սուրբ Հոգին իրական է և Նրա տպավորություններն իրական են, ինչպես մեծերը, այնպես էլ փոքրերը:

Փնտրել

Տերը շարունակեց խոստանալ. «Եվ որոնողը գտնում է»: Փնտրելը ներառում է մտավոր և հոգևոր ջանք` խորհել, ստուգել, փորձել և ուսումնասիրել: Մենք փնտրում ենք, որովհետև վստահում ենք Տիրոջ խոստումներին: «Որովհետև Աստուծուն մօտեցողը պէտք է հաւատայ, թե նա կայ, եւ թէ իրան խնդրողներին վարձահատույց կլինի» (Եբրայեցիս 11.6): Երբ մենք փնտրում ենք, մենք խոնարհաբար ընդունում ենք, որ մենք դեռ շատ բան ունենք սովորելու, և Տերը կընդարձակի մեր հասկացողությունը՝ մեզ նախապատրաստելով ստանալ ավելի շատ: «Քանզի ահա, այսպես է ասում Տեր Աստված. Ես կտամ մարդկանց զավակներին տող առ տող, ցուցում առ ցուցում, մի քիչ այստեղ մի քիչ այնտեղ, … քանզի նրան, ով ընդունում է, ես կտամ ավելին» (2 Նեփի 28.30):

Թակեք

Ի վերջո Տերն ասաց. «Եւ դուռը թակողին կ’բացուի»: Թակել նշանակում է գործել հավատքով: Երբ մենք ակտիվորեն հետևում ենք Նրան, Տերը մեր առջև ճանապարհ է բացում: Կա մի գեղեցիկ հիմն, որն ուսուցանում է մեզ «արթնացիր և մի բան ավելի արա, քան երազելը [մեր] ապարանքի մասին վերևում: Բարին գործելը հաճույք է, չափից դուրս ուրախություն, պարտականության և սիրո մի օրհնություն»:6 Տասներկու Առաքյալների Քվորումից Գերիթ Վ. Գոնգը վերջերս բացատրեց, որ հայտնությունը հաճախ գալիս է, երբ մենք բարի գործ անելու ընթացքի մեջ ենք: Նա ասաց. «Երբ մենք փորձում ենք հասնել օգնության` ծառայելով նրանց, ովքեր մեր շրջապատում են, կարծում եմ, Տերը տալիս է մեզ Իր սիրուց հավելյալ բաժին նրանց համար և հետևաբար մեզ համար»: Կարծում եմ, մենք լսում ենք Նրա ձայնը, մենք զգում ենք Նրան այլ ձևով, երբ աղոթում ենք` օգնելով նրանց, ովքեր մեր շրջապատում են, որովհետև դա այն աղոթքներից մեկն է, որին Նա ամենաշատն է կամենում պատասխանել»:7

Ալմայի օրինակը

Այդ հասարակ առաջարկը Եկ, հետևիր ինձ ձեռնարկում իմ օրհնությունների մասին մտածելու վերաբերյալ բերեց քաղցր ոգի և մի քանի անսպասելի հոգևոր ներըմբռնումներ: Երբ շարունակեցի կարդալ Ալմայի և Ամմոնիայում նրա ծառայության մասին, ես հայտնաբերեցի, որ Ալման հիանալի օրինակ է տալիս, այն մասին, թե ինչ է նշանակում խնդրել, փնտրել և թակել: Մենք կարդում ենք, որ «Ալման շատ տքնեց հոգով, գոտեմարտելով Աստծո հետ հզոր աղոթքում, որպեսզի դուրս թափի իր Հոգին ժողովրդի վրա»: Այդ աղոթքըի պատասխանը, այնուամենայնիվ, այն ձևով չէր, որ նա հույս ուներ, և Ալման դուրս նետվեց քաղաքից: «Կքված լինելով վշտից», Ալման մոտ էր հանձնվելուն, երբ մի հրեշտակ հանձնեց այս ուղերձը. «Օրհնված ես դու, Ալմա, հետևաբար, բարձրացրու գլուխդ և ուրախացիր, քանզի դու մեծ պատճառ ունես ուրախանալու»: Այնուհետև հրեշտակը պատվիրեց նրան վերադառնալ Ամմոնիա և կրկին փորձել, և Ալման «արագ վերադարձավ»:8

Ի՞նչ ենք սովորում Ալմայից` խնդրելու, փնտրելու և թակելու մասին: Մենք սովորում ենք, որ աղոթքը պահանջում է հոգևոր աշխատանք և միշտ չէ, որ առաջնորդում է դեպի այն արդյունքը, որի համար մենք հույս ունենք: Բայց երբ մենք հուսահատված ենք զգում կամ վշտից կռացած, տարբեր ուղիներով Տերը տալիս է մեզ սփոփանք և ուժ: Նա գուցե չպատասխանի մեր բոլոր հարցերին, կամ լուծի մեր բոլոր խնդիրները հենց հիմա, ավելի շուտ Նա խրախուսում է մեզ շարունակել փորձել: Եթե մենք այնուհետև արագ համապատասխանեցնենք մեր ծրագիրը Նրա ծրագրին, Նա մեր առջև ճանապարհ կբացի, ինչպես արեց Ալմայի համար:

Իմ վկայությունն այս է, որ սա ավետարանի լրիվության ժամանակաշրջանն է: Մենք կարող ենք վայելել Հիսուս Քրիստոսի Քավության օրհնությունները մեր կյանքում: Մենք ունենք սուրբ գրությունները, որոնք լայնորեն մատչելի են մեզ համար: Մենք առաջնորդվում ենք մարգարեների կողմից, ովքեր ուսուցանում են մեզ Տիրոջ կամքը դժվարին ժամանակների համար, որոնցում մենք ապրում ենք: Բացի այդ, մենք ուղիղ հասանելիություն ունենք դեպի մեր անձնական հայտնությունը, այնպես որ Տերը կարող է սփոփել և ուղեկցել մեզ անձնապես: Ինչպես հրեշտակն ասաց Ալմային, մենք «մեծ պատճառ ունենք ուրախանալու» (Ալմա 8.15): Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։