Գերագույն համաժողով
Զգացմունքների միասնականությամբ մենք զորություն ենք ձեռք բերում Աստծո հետ
2020 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Զգացմունքների միասնականությամբ մենք զորություն ենք ձեռք բերում Աստծո հետ

Եթե մենք փնտրենք զգացմունքների միասնականություն, մենք կհրավիրենք Աստծո զորությունը՝ ավելի լիարժեք դարձնելով մեր ջանքերը։

Գորդոնի մայրն ասաց նրան, որ եթե ավարտեր իր գործերը, կարկանդակներ կպատրաստեր նրա համար։ Նրա սիրած կարկանդակները։ Միայն իր համար։ Գորդոնը գնաց ավարտին հասցնելու անհրաժեշտ գործերը, իսկ մայրիկը սկսեց կարկանդակներ պատրաստել։ Նրա մեծ քույրը՝ Քեյթին, տուն եկավ իր ընկերներից մեկի հետ։ Նա տեսավ կարկանդակները և խնդրեց, որ ինքն ու ընկերը մի-մի կարկանդակ վերցնեն։

«Ոչ,- ասաց Գորդոնը,- Դրանք իմ կարկանդակներն են։ Մայրիկը դրանք ինձ համար է պատրաստել, և ես վաստակել եմ դրանք»։

Քեյթին զայրացած նայեց փոքր եղբորը։ Նա այնքան եսակենտրոն և ժլատ էր։ Ինչպե՞ս կարող էր բոլորը պահել իրեն։

Մի քանի ժամ անց, երբ Քեյթին բացեց մեքենայի դուռը, որպեսզի ընկերոջը տուն տաներ, տեսավ երկու գեղեցիկ ծալված անձեռոցիկ՝ վրան պատառաքաղներ, ինչպես նաև ափսեի մեջ դրված երկու մեծ կարկանդակ։ Քեյթին պատմեց այս ամենը Գորդոնի թաղման ժամանակ, ցույց տալով, թե նա որքան պատրաստակամ էր փոխվելու և սեր ցուցաբերելու նրանց հանդեպ, ովքեր ոչ միշտ էին դրան արժանի։

1842 թվականին Սրբերը ջանասիրաբար աշխատում էին կառուցել Նավուի Տաճարը։ Մարտին Սփոփող միությունը հիմնելուց հետո Մարգարե Ջոզեֆը հաճախ գալիս էր նրանց ժողովներին, որպեսզի պատրաստեր նրանց սրբազան, միավորող ուխտերի համար, որոնք նրանք շուտով կապելու էին տաճարում։

Հունիսի 9-ին Մարգարեն «ասաց, որ քարոզելու էր ողորմածության մասին»[։] Պատկերացրեք, որ Հիսուս Քրիստոսը [և] հրեշտակները մեզ չսիրեին չնչին բաների համար, ի՞նչ կլիներ մեզ հետ։ Մենք պետք է ողորմած լինենք և չնկատենք փոքր բաները։ Նախագահ Սմիթը շարունակել է․ «Ինձ վշտացնում է, որ չկա լիարժեք ընկերություն․ եթե անդամներից մեկը տառապում է, դա բոլորը զգում են․ զգացմունքների միասնականությամբ մենք զորություն ենք ձեռք բերում Աստծո հետ»։ 1

Այդ փոքր նախադասությունը կայծակի պես հարվածեց ինձ։ Զգացմունքների միասնականությամբ մենք զորություն ենք ձեռք բերում Աստծուց։ Այս աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին ես եմ ուզում՝ այն լինի։ Կան շատ բաներ, որոնց վրա ես ուզում եմ ազդել և ավելի լավը դարձնել։ Եվ, անկեղծ ասած, շատ մեծ հակադրության են հանդիպում այն բաներում, որոնց հույսը ես ունեմ, և երբեմն ես ինձ անզոր եմ զգում։ Վերջերս ես ինքս ինձ որոնողական հարցեր եմ տալիս․ Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ հասկանալ ինձ շրջապատող մարդկանց։ Ինչպե՞ս կարող եմ ստեղծել այդ «զգացմունքների միասնականությունը», երբ մարդիկ այդքան տարբեր են։ Ի՞նչ զորություն կարող եմ ստանալ Աստծուց, եթե մի փոքր ավելի միասնական դառնամ ուրիշների հետ։ Քննելով իմ հոգին՝ ես ունեմ երեք խորհուրդ։ Գուցե դրանք նաև օգտակար լինեն ձեզ։

Եղեք ողորմած

Հակոբի 2․17 հատվածում կարդում ենք․ «Մտածեք ձեր եղբայրների [և քույրերի] մասին, ինչպես ինքներդ ձեր մասին և բարյացակամ եղեք բոլորի հանդեպ և առատաձեռն՝ ձեր ունեցվածքով, որ նրանք կարողանան լինել հարուստ, ինչպես դուք»։ Եկեք ունեցվածք բառը փոխարինենք ողորմածությունբառով․ առատաձեռն՝ ձեր ողորմածությամբ, որ նրանք կարողանան լինել հարուստ, ինչպես դուք։

Հաճախ ունեցվածք ասելով մենք հասկանում ենք ուտելիք կամ փող, սակայն մենք բոլորս անշուշտ ավելի շատ ունենք ողորմածությամբ սպասավորելու կարիք։

Իմ Սփոփող Միության նախագահը վերջերս ասաց․ «Ես ձեզ … խոստանում եմ … մի բան, որ ապահով կպահեմ ձեր անունը։ … Ես կփորձեմ տեսնել ձեր լավագույն կողմերը։ … Ես երբեք ձեր մասին չեմ ասի որևէ անբարյացակամ բան, որը ձեզ չի բարձրացնի։ Ես խնդրում եմ ձեզ անել նույնը ինձ համար, քանի որ, անկեղծ ասած, վախենում եմ ձեզ հուսահատեցնել»։

Ջոզեֆ Սմիթը 1842 թվականի հունիսին քույրերին ասել է․

«Երբ մարդիկ նվազագույն չափով իսկ բարություն և սեր են դրսևորում իմ հանդեպ, Օ՜, ինչպիսի հզոր ազդեցություն է այն թողնում ինձ վրա։ …

… Որքան ավելի շատ մոտենանք մեր Երկնային Հորը, ավելի շատ տրամադրված կլինենք կարեկցանքով նայել կործանվող հոգիների վրա, [մենք կզգանք, որ կամենում ենք] վերցնել նրանց մեր ուսերին և նետել նրանց մեղքերը մեր մեջքին։ [Իմ ելույթը վերաբերում է] այս ողջ Միությանը․ եթե ուզում եք, որ Աստված ողորմություն ունենա ձեզ վրա, ողորմություն ունեցեք մեկդ մյուսի հանդեպ»։ 2

Այս խորհուրդը հատկապես վերաբերում էր Սփոփող միությանը։ Եկեք չդատենք միմյանց կամ թույլ տանք մեր խոսքով խայթել։ Եկեք ապահով պահենք միմյանց անունները և տանք ողորմության պարգևը։ 3

Ճոճեք ձեր նավակը

Վաշինգտոնի համալսարանի թիավարների ոչ այնքան հայտնի մի թիմ 1936 թվականին մեկնեց Գերմանիա՝ մասնակցելու Օլիմպիական խաղերին։ Դա Մեծ ճգնաժամի ամենավատթար տարին էր։ Այդ տղաները բանվոր դասակարգից էին, որոնց հանքարդյունաբերական քաղաքները մի փոքր գումար էին նվիրաբերել, որպեսզի նրանք կարողանային մեկնել Բեռլին։ Հուսադրող ոչ մի փաստ չկար, բայց մրցման ժամանակ ինչ-որ բան տեղի ունեցավ։ Թիավարները այն կոչում են «ճոճք»։ Լսեք այս նկարագրությունը, որը վերցված է Տղաները նավակում գրքից․

Կա մի բան, որը երբեմն պատահում է, որին դժվար է հասնել և դժվար է սահմանել։ Այն կոչվում է «ճոճք»։ Դա տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ բոլորը թիավարում են այնքան կատարյալ միասնականությամբ, որ ոչ մի շարժում չի վրիպում ճիշտ ընթացքից։

Թիավարները պետք է վերահսկեն իրենց անկախությունը և միևնույն ժամանակ առավելագույնս գործի դնեն իրենց անհատական ունակությունները։ Մրցումների հաղթանակի գրավականը միանմանությունը չէ։ Լավ թիմը լավ համադրություն է․ մեկը ղեկավարն է, մեկը պահեստային խաղացողն է, մեկը հիմնական պայքարը մղողն է, մեկը խաղաղություն հաստատելու համար է։ Ոչ մի թիավարող ավելի արժեքավոր չէ, քան մյուսը, նավում յուրաքանչյուրն ունի իր առավելությունը, բայց որպեսզի նրանք միասին լավ թիավարեն, յուրաքանչյուրը պետք է հարմարվի մյուսների կարիքներին և հնարավորություններին. կարճ ձեռքեր ունեցողը փորձում է առավելագույնս երկարել իր ձեռքը, երկար ձեռք ունեցողը մի փոքր հետ է պահում իրեն։

Տարբերությունները թերության փոխարեն կարող են առավելություն դառնալ։ Միայն այդ ժամանակ այնպիսի տպավորություն կստեղծվի, ասես նավն ինքն իրեն է շարժվում։ Միայն այդ ժամանակ է ցավն ամբողջությամբ իր տեղը զիջում վեհացմանը։ Լավ «ճոճքը» նման է պոեզիայի։ 4

Անկախ անհաղթահարելի թվացող խոչընդոտներից՝ այս թիմը կատարյալ ճոճք կատարեց և հաղթեց։ Օլիմպիական ոսկին ոգևորիչ էր, բայց այն միասնությունը, որի փորձառությունն այդ օրն ունեցավ մասնակիցներից յուրաքանչյուրը, սուրբ պահ էր, որը նրանց հուշերում մնաց ամբողջ կյանքում։

Մաքրեք վատը՝ լավի աճելու հետ մեկտեղ

Հակոբի 5-րդ գլխի այլաբանությունում այգու Տերը լավ ծառ տնկեց լավ հողում, սակայն ժամանակի ընթացքում այն ապականվեց և առաջ բերեց վայրի պտուղ։ Այգու Տերը ութ անգամ ասում է․ «Ինձ վշտացնում է, որ ես պետք է կորցնեմ այս ծառը»։

Ծառան այգու Տիրոջն ասում է. «Խնայիր [ծառը] ևս մի քիչ։ Եվ Տերն ասաց․ Այո՜, ես կխնայեմ նրան մի քիչ էլ»։ 5

Ապա տրվում են հրահանգներ, որոնք կարող են վերաբերել մեզանից յուրաքանչյուրին, ով փորձում է փորել և լավ պտուղ գտնել մեր իսկ փոքրիկ այգում․ «Դուք պետք է մաքրեք վատը՝ լավի աճելու հետ մեկտեղ»։ 6

Միասնությունը հրաշքով չի հայտնվում․ այն պահանջում է աշխատանք։ Երբեմն առաջ է գալիս խառնաշփոթ, անհարմարավետություն և աստիճանաբար ենք հասնում նրան, որ մաքրենք վատը՝ լավի աճելու հետ մեկտեղ։

Մենք երբեք միայնակ չենք լինի միասնություն ստեղծելու մեր ջանքերում։ Հակոբ 5-րդ գլխում շարունակվում է․ «Ծառաները գնացին և աշխատեցին իրենց զորությամբ. և այգու Տերը նույնպես աշխատում էր նրանց հետ»։ 7

Մեզանից յուրաքանչյուրն էլ ունենալու է խորապես վշտացնող փորձառություններ, բաներ, որոնք երբեք չպիտի պատահեին։ Մեզանից յուրաքանչյուրը նաև բազմիցս թույլ է տալու, որ հպարտությունն ու գոռոզությունն ապականեն մեր պտուղները։ Սակայն Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է բոլոր բաներում։ Նրա զորությունը հասնում է ամեն տեղ և հուսալի է, երբ մենք կանչում ենք Նրան։ Մենք բոլորս մուրում ենք ողորմություն մեր մեղքերի և սխալների համար։ Նա առատորեն տալիս է այն։ Եվ նա խնդրում է մեզ, որ մենք այդ նույն ձևով ողորմած լինենք միմյանց հանդեպ և հասկանանք միմյանց։

Հիսուսը հստակ ասել է. «Եղեք մեկ. և եթե դուք մեկ չեք, դուք իմը չեք»։ 8 Բայց եթե մենք մեկ ենք, եթե մենք կարող ենք կիսվել մեր կարկանդակներով կամ մեր անձնական տաղանդները գործածել, որպեսզի ճոճվենք կատարյալ միասնությամբ, այդ դեպքում մենք Նրանն ենք։ Եվ Նա կօգնի մաքրել վատը՝ լավի աճելու հետ մեկտեղ։

Մարգարեական խոստումներ

Գուցե մենք դեռ չենք հասել այնտեղ, որտեղ ուզում ենք լինել, և մենք չգիտենք, թե որտեղ կլինենք։ Ես կարծում եմ, որ փոփոխությունները, որոնք մենք փնտրում ենք մեր մեջ և խմբերի մեջ, որոնց պատկանում ենք, ավելի քիչ կգան ակտիվիստ լինելու միջոցով և ավելի շատ, երբ մենք ակտիվորեն փորձենք ամեն օր հասկանալ միմյանց։ Ինչո՞ւ։ Քանի որ մենք կառուցում ենք Սիոնը՝ «մեկ սրտի և մեկ մտքի» ժողովուրդ։ 9

Որպես ուխտի կանայք, մենք ունենք մեծ ազդեցություն։ Այդ ազդեցությունը կիրառվում է ամեն օր և ամեն պահի, երբ սովորում ենք ընկերոջ հետ, երեխաներին անկողին ուղեկցում, ավտոբուսում զրուցում մեր կողքի նստողի հետ, գործընկերոջ հետ շնորհանդեսի պատրաստվում։ Մենք զորություն ունենք հեռացնելու նախատրամադրվածությունը և կառուցելու միասնություն։

Սփոփող Միությունը և Երիտասարդ կանայք պարզապես դասարաններ չեն։ Դրանք կարող են նաև անմոռանալի փորձառություններ լինել, որտեղ շատ տարբեր կանայք միասին նստում են մի նավում և թիավարում, մինչև մենք գտնում ենք մեր ճոճքը։ Ես հղում եմ այս հրավերը․ եղեք միասնական ուժի մի մասը, որը փոխում է աշխարհը դեպի լավը։ Մեր ուխտի հանձնարարությունն է՝ սպասավորել, բարձրացնել ընկած ձեռքերը, պայքարող մարդկանց դնել մեր ուսերին կամ տանել մեր ձեռքերի վրա։ Դժվար չէ իմանալ, թե ինչ անենք, սակայն այն հաճախ դեմ է մեր եսասիրական հետաքրքրություններին, և մենք պետք է փորձենք։ Եկեղեցու կանայք ունեն հասարակությունը փոխելու ամենամեծ ներուժը։ Ես ունեմ լիարժեք հոգևոր վստահություն, որ եթե մենք փնտրենք զգացմունքների միասնականություն, մենք կհրավիրենք Աստծո զորությունը՝ ավելի լիարժեք դարձնելով մեր ջանքերը։

Երբ Եկեղեցին նշում էր քահանայության վերաբերյալ 1978 թվականի հայտնությունը, Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը հղեց զորեղ մարգարեական օրհնություն․ «Իմ աղոթքն ու օրհնությունը, որ ես թողնում եմ յուրաքանչյուրի վրա, ով լսում է, այն է, որ մենք կարողանանք հաղթահարել նախապաշարմունքի ցանկացած բեռ և ուղիղ քայլենք Աստծո և միմյանց հետ՝ կատարյալ խաղաղությամբ և ներդաշնակությամբ»։ 10

Թող որ մենք օգտվենք այս մարգարեական օրհնությունից և օգտագործենք մեր անհատական և համատեղ ջանքերը՝ մեծացնելու միասնությունը աշխարհում։ Ես թողնում եմ իմ վկայությունը Հիսուս Քրիստոսի խոնարհ հավերժական աղոթքի բառերով․ «Որ ամենքը մէկ լինեն, ինչպէս դու, Հայր, ինձանում, եւ ես քեզանում, որ նորանք էլ մեզանում մէկ լինեն»: 11 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։