Գերագույն համաժողովներ
Փնտրեք Քրիստոսին ձեր բոլոր մտորումներում
նախորդ հաջորդ

Փնտրեք Քրիստոսին ձեր բոլոր մտորումներում

Գայթակղության դեմ պայքարը պահանջում է աշխատասիրություն և հավատարմություն ամբողջ կյանքի ընթացքում: Բայց խնդրում եմ, իմացեք, որ Տերը պատրաստ է աջակցել մեզ:

Իր բանաստեղծական օրհներգում Սաղմոսերգուն հայտարարել է.

«Տէր, դու քննում ես ինձ եւ ճանաչում ես ինձ։

Դու գիտես իմ նստիլն ու վեր կենալը, հեռուանց իմանում ես իմ մտածմունքները։

Իմ գնալն ու պառկելը քննում ես. Եւ իմ բոլոր ճանապարհները գիտես».1

Այս բանաստեղծության իմաստային զուգահեռության մեջ Սաղմոսերգուն գովաբանում է Տիրոջ՝ ամենագետ լինելու աստվածային հատկությունը, որովհետև Նա իսկապես գիտի մեր հոգիների բոլոր տիրույթները:2 Տեղյակ լինելով այն ամենի մասին, ինչ մեզ անհրաժեշտ է այս կյանքում, Փրկիչը մեզ հրավիրում է փնտրել Իրեն բոլոր մտորումներում և մեր ողջ սրտով հետևել Իրեն:3 Սա մեզ խոստանում է, որ մենք կարող ենք քայլել Նրա լույսի ներքո, և որ Նրա առաջնորդությունը կանխում է խավարի ազդեցությունը մեր կյանքում;4

Բոլոր մտորումներում Քրիստոսին փնտրելու և ամբողջ սրտով Նրան հետևելու համար պահանջվում է, որ մեր միտքը և ցանկությունները համապատասխանեցնենք Նրա մտքի և ցանկությունների հետ:5 Սուրբ գրություններն անդրադառնում են այս համապատասխանեցմանը որպես՝ «հաստատ կացէք Տէրումը»:6 Գործողությունների այս ծրագիրը ենթադրում է, որ մենք միշտ վարում ենք Քրիստոսի ավետարանին ներդաշնակ կյանք և ամեն օր կենտրոնանում ենք այն ամեն վրա, ինչը բարի է:7 Միայն այդ ժամանակ մենք կհասնենք «Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է» և որը «կ’պահպանէ [մեր] սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը»:8 1831 թվականի փետրվարին Փրկիչն Ինքը հրահանգեց Եկեղեցու երեցներին. «Գանձեք այս բաները ձեր սրտերում, և թող հավերժության հանդիսավոր բաները հանգչեն ձեր մտքերում»:9

Չնայած Տիրոջը փնտրելու մեր շարունակական ջանքերին, անպատշաճ մտքեր կարող են թափանցել մեր միտքը: Երբ թույլ ենք տալիս, որ այդպիսի մտքերն ընթացք ունենան, դրանք կարող են ազդել մեր սրտի ցանկությունների վրա և առաջնորդել մեզ դառնալու այն, ինչ կդառնայինք այս կյանքում, և ի վերջո, այն, ինչը մենք ժառանգելու ենք հավերժության համար:10 Երեց Նիլ Ա. Մաքսվելը այսպես է ձևակերպել այս սկզբունքը. «Ցանկություններն են … որոշում արդյունքների աստիճանակարգերը, ներառյալ այն, թե ինչու «շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված»:11

Մեր հնադարյան և ժամանակակից մարգարեներն անընդհատ հիշեցնում են մեզ դիմակայել գայթակղությանը, որպեսզի խուսափենք կյանքում մեր հոգևոր սթափությունը կորցնելուց և մոլորվելուց, ապակողմնորոշվելուց և հիասթափվելուց:

Փոխաբերական իմաստով՝ գայթակղությանը տրվելը նման է մետաղական առարկայով մագնիսին մոտենալուն: Մագնիսի անտեսանելի ուժը գրավում է մետաղական առարկան և ամուր պահում է այն: Մագնիսը դրա վրա կորցնում է իր զորությունը միայն այն ժամանակ, երբ մետաղական առարկան նրանից հեռու է դրվում: Հետևաբար, ինչպես մագնիսը ի վիճակի չէ ուժ գործադրել հեռավոր մետաղական առարկայի վրա, ճիշտ այդպես էլ, երբ մենք դիմակայում ենք գայթակղությանը, այն մարում է և կորցնում է իր ուժը մեր մտքի ու սրտի վրա, և, համապատասխանաբար, մեր գործողությունների վրա:

Այս նմանությունն ինձ հիշեցնում է մի փորձառություն, որով Եկեղեցու շատ հավատարիմ մի անդամ վերջերս կիսվեց ինձ հետ: Այդ անդամն ինձ ասաց, որ մի առավոտ, երբ արթնացավ, անսպասելիորեն մի անպատշաճ միտք ծագեց իր գլխում, որը նախկինում երբեք չէր ունեցել: Չնայած նա շատ զարմացավ, սակայն շատ արագ արձագանքեց իրավիճակին՝ ինքն իրեն և այդ մտքին ասելով. «Ո՛չ», ապա այն փոխարինեց մի լավ մտքով, որպեսզի շեղվի իր համար անցանկալի մտքից: Նա ասաց ինձ, որ երբ ինքն արդարությամբ գործադրեց իր բարոյական ազատությունը, այդ պատահական բացասական միտքն անմիջապես անհետացավ:

Երբ Մորոնին կոչ արեց մարդկանց հավատալ Քրիստոսին և ապաշխարել, նա հորդորեց նրանց Փրկիչի մոտ գալ իրենց ողջ սրտով՝ հանելով իրենցից ամեն անմաքրությունը: Ավելին, Մորոնին հրավիրեց նրանց անկոտրում վճռականությամբ խնդրել Աստծուց, որ նրանք գայթակղության մեջ չընկնեն:12 Այս սկզբունքների կիրառումը մեր կյանքում ավելին է պահանջում, քան զուտ հավատք. դա պահանջում է մեր մտքերն ու սրտերը հարմարեցնել այս աստվածային սկզբունքներին: Փրկիչին ապավինելուց բացի՝ նման հարմարեցումը պահանջում է ամենօրյա և մշտական անձնական ջանքեր, քանի որ մեր մահկանացու հակումներն ինքնին չեն վերանա: Գայթակղության դեմ պայքարը պահանջում է աշխատասիրություն և հավատարմություն ամբողջ կյանքի ընթացքում: Բայց խնդրում եմ, իմացեք, որ Տերը պատրաստ է աջակցել մեզ մեր անձնական ջանքերում և խոստանում է հրաշալի օրհնություններ, եթե մենք տոկանք մինչև վերջ:

Հատկապես մի դժվարին ժամանակաշրջանում, երբ Ջոզեֆ Սմիթն ու իր ընկերակից բանտարկյալները Լիբերթիի բանտում ոչ մի տեսակի ազատություն չունեին՝ բացի իրենց մտորումներից, Տերը նրանց օգտակար խորհուրդ և խոստում տվեց, որոնք կիրառելի են բոլորիս համար.

«Թող քո որովայնը գթությամբ լցված լինի բոլոր տղամարդկանց [և կանանց], հանդեպ և հավատքի ընտանիքի հանդեպ, և թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար. այն ժամանակ քո վստահությունը կամրանա Աստծո ներկայության մեջ. …

«Սուրբ Հոգին կլինի քո մշտական ընկերը, և քո գավազանը կլինի արդարության ու ճշմարտության անփոփոխ գավազան»:13

Երբ այդպես վարվենք, սուրբ մտքերը անընդհատ կզարդարեն մեր միտքը, և մաքուր ցանկությունները մեզ կառաջնորդեն դեպի արդար գործողություններ:

Մորոնին նույնպես հիշեցրեց իր ժողովրդին՝ չվատնվել իրենց ցանկությունների վրա:14 Ցանկություն բառը վերաբերում է բուռն ցանկությանը և ինչ-որ բանի անպատշաճ ցանկությանը:15 Այն ընդգրկում է ցանկացած խավար մտորում կամ չար ցանկություն, որը ստիպում է անհատին ավելի շատ կենտրոնանալ եսասիրական գործելակերպի կամ աշխարհիկ ունեցվածքի վրա, քան թե բարիք գործելու, բարի լինելու և Աստծո պատվիրանները պահելու և այլնի վրա: Այն հաճախ դրսևորվում է հոգու առավել մարմնական զգացմունքների միջոցով: Պողոս Առաքյալը բացահայտել է այս զգացմունքներից մի քանիսը՝ պղծությունը, հեշտասիրությունը, …թշնամությունը, … բարկությունը, հակառակությունը, … նախանձը … և նման այլ բաներ:16 Ցանկության բոլոր կործանարար կողմերից բացի, մենք չենք կարող մոռանալ, որ թշնամին այն օգտագործում է որպես գաղտնի և խաբուսիկ զենք մեր դեմ, երբ մեզ գայթակղում է ինչ-որ սխալ բան անել:

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես վկայում եմ, որ երբ մենք ապավինում ենք փրկության վեմին՝ մեր հոգու Փրկիչին, և հետևում ենք Մորոնիի խորհրդին, մեր մտքերը կառավարելու մեր ունակությունը էապես կբարձրանա: Ես կարող եմ հավաստիացնել ձեզ, որ մեր հոգևոր հասունությունը մեծանալու է աճող տեմպերով՝ փոխելով մեր սիրտը, մեզ ավելի նմանեցնելով Հիսուս Քրիստոսին: Բացի այդ՝ Սուրբ Հոգու ազդեցությունն ավելի բուռն ու շարունակական կլինի մեր կյանքում: Այդ ժամանակ թշնամու գայթակղությունները քիչ-քիչ կկորցնեն իրենց զորությունը մեզ վրա՝ հանգեցնելով ավելի երջանիկ և ավելի մաքուր ու սրբադասված կյանքի:

Նրանց համար, ովքեր անկախ պատճառից գայթակղության մեջ են ընկնում և շարունակաբար մտածում կամ կատարում են անարդար գործողություններ, ես հավատացնում եմ ձեզ, որ կա հետդարձի ճանապարհ, որ հույս կա Քրիստոսում: Մի քանի տարի առաջ ես հնարավորություն ունեցա այցելելու Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մի սիրելի անդամի, ով մեծ մեղք գործելուց հետո անցնում էր իր կյանքի շատ դժվարին ժամանակաշրջան: Երբ ես առաջին անգամ տեսա նրան, նկատեցի նրա աչքերի տխրությունը, որն ուղեկցվում էր դեմքի հույսի պայծառությամբ: Դեմքի այդ արտահայտությունն արտացոլում էր խոնարհ և փոփոխված սիրտ: Նա նվիրված քրիստոնյա էր և մեծապես օրհնված էր Տիրոջ կողմից: Այնուամենայնիվ, նա թույլ էր տվել, որ մի անպատշաճ միտք ներխուժի իր միտքը, որը հետո հանգեցրել է ուրիշ մտքերի: Քանի որ նա մշտապես այսպիսի մտքեր էր թույլ տալիս, շուտով դրանք արմատավորվեցին նրա մտքում և սկսեցին խորանալ նրա սրտում: Նա, ի վերջո, գործեց ըստ այդ անարժան ցանկությունների, ինչը նրան ստիպեց որոշումներ կայացնել՝ հակառակ այն ամենի, ինչն ամենաթանկն էր իր կյանքում: Նա ասաց ինձ, որ եթե սկզբում ինքը տեղ չտար այդ հիմար մտքին, չէր դառնա խոցելի և ենթակա թշնամու գայթակղություններին. գայթակղություններ, որոնք այդքան տխրություն էին բերել նրա կյանք՝ գոնե որոշակի ժամանակահատվածով:

Բարեբախտաբար, Ղուկասի ավետարանի հայտնի առակի անառակ որդու նման, «ինքն իրան եկավ» և արթնացավ այդ մղձավանջից:17 Նա նորոգեց իր վստահությունը Տիրոջ հանդեպ և զգաց ճշմարիտ վիշտ և, ի վերջո, ցանկություն ունեցավ վերադառնալ Տիրոջ հոտը: Այդ օրը երկուսս էլ զգացինք Փրկիչի քավիչ սերը մեր հանդեպ: Մեր կարճատև այցի ավարտին երկուսս էլ հուզված էինք, և ես մինչ օրս հիշում եմ, որ նրա դեմքը փայլում էր ուրախությունից, երբ նա լքեց իմ աշխատասենյակը:

Իմ սիրելի՛ ընկերներ, երբ մենք դիմադրենք փոքրիկ գայթակղություններին, որոնք հաճախ անսպասելի են գալիս մեր կյանք, մենք ավելի լավ զինված կլինենք՝ խուսափելու լուրջ օրինազանցություններից: Ինչպես ասել է Սպենսեր Վ Քիմբալը. «Մարդը հազվադեպ է ավելի խորը հանցանքի մեջ մտնում, առանց նախապես ենթարկվելու ավելի փոքրերին, որոնք դուռ են բացում դեպի ավելի մեծերը: … Մաքուր դաշտը [չի] կարող հանկարծակի ծածկվել մոլախոտերով»:18

Պատրաստվելով իրականացնել իր աստվածային առաքելությունը երկրի վրա՝ Փրկիչ Հիսուս Քրիստոսը ցույց տվեց, թե որքան կարևոր է անընդհատ դիմակայել այն ամենին, ինչը կարող է խանգարել մեզ իրականացնել մեր հավերժական նպատակը: Թշնամու կողմից մի քանի անհաջող գրոհներից հետո, որոնք փորձեցին շեղել Նրան Իր առաքելությունից, Փրկիչը կտրականապես հեռացրեց սատանային՝ ասելով. «Դէն գնա, սատանայ. … Այն ժամանակ սատանան թողեց նորան, եւ ահա հրեշտակներ մօտ եկան եւ ծառայում էին նորան»:19

Պատկերացնո՞ւմ եք, իմ եղբայրներ և քույրեր, թե ինչ կլիներ, եթե մենք Փրկիչից ուժ և խիզախություն քաղեինք և անառողջ մտքերին ասեինք՝ «Ոչ» և «Դէն գնա» առաջին իսկ վայրկյանին, երբ դրանք հայտնվեին մեր մտքում: Ինչպիսի՞ն կլինի ազդեցությունը մեր սրտերի ցանկությունների վրա: Արդյունքում ստացված գործողությունները մեզ ինչպե՞ս մոտ կպահեին Փրկչին և թույլ կտային Սուրբ Հոգու շարունակական ազդեցությունը մեր կյանքում: Ես գիտեմ, որ Հիսուսի օրինակին հետևելով մենք կխուսափենք բազմաթիվ ողբերգություններից և անցանկալի վարքից, որոնք կարող են հարուցել ընտանեկան խնդիրներ և տարաձայնություններ, բացասական հույզեր և հակումներ, անարդարություններ և չարաշահումներ, ստրկություն՝ կործանարար կախվածություններից և ցանկացած այլ բան, ինչը դեմ կլինի Տիրոջ պատվիրաններին:

Այս տարվա ապրիլի պատմական և հուզիչ ուղերձում մեր սիրելի մարգարեն՝ նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը խոստացավ, որ բոլոր նրանք, ովքեր պատրաստ են «լսել Նրան»՝ լսել Հիսուս Քրիստոսին և հնազանդվել Նրա պատվիրաններին, «ավելի մեծ ուժ կստանան՝ պայքարելու գայթակղության, դժվարության և թուլության դեմ», և որ ուրախություն զգալու մեր կարողությունը կաճի, նույնիսկ ներկայիս աճող խռովությունների ընթացքում:20

Ես վկայում եմ ձեզ, որ մեր սիրելի մարգարեի տված խոստումները հենց Փրկիչի կողմից տրված խոստումներն են: Ես հրավիրում եմ մեզ բոլորիս «լսել Նրան» բոլոր մտորումներում և ամբողջ սրտով հետևել Նրան, որպեսզի ուժ և քաջություն ստանանք «Ոչ» և «Դէն գնա» ասելու այն բոլոր բաներին, որոնք կարող են դժբախտություն բերել մեր կյանք: Եթե այդպես վարվենք, ես խոստանում եմ, որ Տերը կուղարկի Իր Սուրբ Հոգու ավելի մեծ չափաբաժինը՝ զորացնելու և մխիթարելու մեզ, և մենք կարող ենք անհատներ դառնալ՝ «Տիրոջ սրտի համեմատ»:21

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է, և Նրա միջոցով մենք կարող ենք հաղթել թշնամու չար ազդեցությունները և արժանի լինել հավերժ ապրելու Տիրոջ հետ և մեր սիրելի Երկնային Հոր ներկայությամբ: Այս ճշմարտությունների մասին ես վկայում եմ իմ ամբողջ սիրով՝ ձեր և մեր գեղեցիկ Փրկիչի հանդեպ, ում անունին ես փառք ու պատիվ եմ տալիս և գովաբանում եմ հավիտյան: Ես ասում եմ այս ամենը Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: