Գերագույն համաժողովներ
Սիրեք ձեր թշնամիներին
նախորդ հաջորդ

Սիրեք ձեր թշնամիներին

Գիտելիքը, որ մենք բոլորս Աստծո զավակներ ենք, պատկերացում է տալիս մյուս մարդկանց արժեքի մասին և տալիս է նաև նախապաշարմունքներից վեր կանգնելու կարողություն:

Տիրոջ ուսմունքները հավերժության և Աստծո բոլոր զավակների համար են: Այս ուղերձում ես մի քանի օրինակ կբերեմ Միացյալ Նահանգներից, բայց իմ ուսուցանած սկզբունքները կիրառելի են ամենուր:

Մենք ապրում ենք քաղաքական հարաբերությունների և քաղաքականության զայրույթի ու ատելության ժամանակներում: Մենք դրա ականատեսը եղանք այս ամառ, երբ ոմանք դուրս եկան խաղաղ ցույցերի սահմաններից և դրսևորեցին կործանարար վարք: Մենք դա տեսնում ենք պետական պաշտոնների համար ընթացող որոշ ներկայիս ընտրարշավներում: Դժբախտաբար, դրանց մի մասը, նույնիսկ, մեր Եկեղեցու ժողովներում տարածվել է քաղաքական հայտարարությունների և անբարյացակամ հղումների մեջ:

Ժողովրդավարական երկրներում մենք միշտ կունենանք տարաձայնություններ առաջարկվող թեկնածուների և քաղաքականության հարցում: Սակայն, որպես Քրիստոսի հետևորդներ, մենք պետք է հրաժարվենք այն բարկությունից և ատելությունից, որով քաղաքական որոշումները քննարկվում կամ դատապարտվում են բազմաթիվ վայրերում:

Ահա մեր Փրկիչի ուսմունքներից մեկը, որը հավանաբար հայտնի է, բայց հազվադեպ է կիրառվում.

«Լսել էք որ ասուեցաւ, քո ընկերին սիրիր, եւ քո թշնամիին ատիր:

«Բայց ես ասում եմ ձեզ, Սիրեցէք ձեր թշնամիներին, օրհնեցէք ձեզ անիծողներին. Բարի արէք ձեզ ատողներին. Եւ աղօթք արէք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար» (Մատթեոս 5․43–441

Սերունդներ շարունակ հրեաներին սովորեցրել էին ատել իրենց թշնամիներին, և նրանք այն ժամանակ տառապում էին հռոմեական տիրապետության և դաժանությունների ներքո: Սակայն Հիսուսը նրանց սովորեցրեց «սիրել իրենց թշնամիներին» և «բարիք գործել նրանց համար, ովքեր չարակամ օգտագործում են իրենց»։

Ինչպիսի՜ հեղափոխական ուսմունքներ անձնական և քաղաքական հարաբերությունների համար: Բայց դա այն է, ինչ մեր Փրկիչը պատվիրում է այսօր։ Մորմոնի Գրքում մենք կարդում ենք․ «Քանզի ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա, որ ունի հակառակության ոգին, ինձանից չէ, այլ դևից է, որը հակառակության հայրն է, և նա դրդում է մարդկանց սրտերը՝ բարկությամբ վիճելու մեկը մյուսի հետ» (3 Նեփի 11․29

Հեշտ չէ սիրել մեր թշնամիներին և մեր հակառակորդներին։ «Մեզանից շատերը չեն հասել… սիրո և ներման այդ փուլին, - նկատել է նախագահ Գորդոն Բ․ Հինքլին՝ հավելելով, որ «դա պահանջում է գրեթե ավելի մեծ ինքնակարգապահություն, քան ընդունակ ենք»:2 Բայց դա պիտի կարևոր լինի, քանի որ դա Փրկիչի երկու մեծ պատվիրաններից մեկն է՝ «սիրիր քո Տէր Աստուծուն» և «սիրիր քո ընկերին քո անձի պէս» (Մատթեոս 22․37, 39)։ Եվ դա նաև պետք է հնարավոր լինի, քանի որ Նա նաև ուսուցանել է․ «Խնդրեցէք եւ կտրուի ձեզ. Որոնեցէք եւ կգտնէք, դուռը թակեցէք եւ կբացուի ձեզ» (Մատթեոս 7․73

Ինչպե՞ս ենք մենք պահում այս աստվածային պատվիրանները մի աշխարհում, որտեղ մենք ենթարկվում ենք նաև մարդկային օրենքներին: Բարեբախտաբար, մենք ունենք Փրկիչի անձնական օրինակը, թե ինչպես հավասարակշռել Իր հավերժական օրենքները մարդկանց ստեղծած օրենքների գործածության հետ: Երբ հակառակորդները փորձեցին ծուղակը գցել Նրան այն հարցով, թե արդյո՞ք հրեաները պետք է հարկեր վճարեն Հռոմին, Նա ցույց տվեց Կեսարի պատկերը նրանց մետաղադրամների վրա և հայտարարեց. «Ուրեմն կայսրինը կայսրին տուէք, եւ Աստուծունը Աստուծուն» (Ղուկաս 20․254

Այսպիսով, մենք պետք է հետևենք մարդկային օրենքներին (տանք կայսրին), որպեսզի խաղաղ ապրենք քաղաքական իշխանության ներքո, և հետևենք Աստծո օրենքներին՝ մեր հավերժական նպատակակետին հասնելու համար: Բայց ինչպե՞ս դա անենք և հատկապես ինչպե՞ս սովորենք սիրել մեր հակառակորդներին և մեր թշնամիներին:

Փրկիչի՝ «բարկությամբ [չ]վիճելու» ուսմունքը առաջին ճիշտ քայլն է։ Դևը հակառակության հայրն է, և նա դրդում է մարդկանց բարկությամբ վիճել միմյանց հետ։ Նա թշնամանք և ատելություն է սերմանում անհատների և խմբերի միջև: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է, որ բարկությունը «Սատանայի գործիքն է», քանի որ «բարկանալիս դուք ենթարկվում եք սատանայի ազդեցությանը: Ոչ ոք չի կարող ստիպել մեզ բարկանալ։ Դա մեր ընտրությունն է»։5 Բարկությունը ստեղծում է երկպառակություն և թշնամանք։ Մենք սկսում ենք սիրել մեր հակառակորդներին, երբ խուսափում ենք բարկանալ վրա և թշնամանալ այն մարդկանց հետ, ում հետ ունենք տարաձայնություններ։ Ավելի շատ է օգնում, երբ ցանկանում ենք սովորել նրանցից։

Ուրիշներին սիրելու զորությունը զարգացնելու այլ միջոցների թվում է այն պարզ եղանակը, որը նկարագրված է հին օրերի մյուզիքլում։ Երբ մենք փորձում ենք հասկանալ և առնչվել այլ մշակույթի մարդկանց, մենք պետք է ձգտենք ճանաչել նրանց: Բազում հանգամանքներում օտարների կասկածը կամ նույնիսկ թշնամանքը տեղի են տալիս ընկերությանը կամ նույնիսկ սիրուն, երբ անձնական շփումները փոխըմբռնում և փոխադարձ հարգանք են ստեղծում:6

Կարող ենք սովորել սիրել մեր հակառակորդներին և մեր թշնամիներին, երբ ձգտենք հասկանալ սիրո ուժը։ Ստորև բերված են դրա վերաբերյալ բազմաթիվ մարգարեական ուսմունքներից երեքը։

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ «դարերից եկող խոսք է, որ սերը սեր է ծնում: Եկեք սեր սերմանենք և ցույց տանք մեր բարությունը ամբողջ մարդկությանը»։7

Նախագահ Հովարդ Վ. Հանթերն ուսուցանել է․ «Աշխարհը, որում ապրում ենք մենք, մեծապես կօգտվեր, եթե տղամարդիկ և կանայք ամենուրեք գործադրեին Քրիստոսի մաքուր սերը, որը բարի է, հեզ, և համեստ: Այն առանց նախանձի է կամ հպարտության: … Այն ոչինչ չի ակնկալում փոխարենը: … Այնտեղ մոլեռանդության, ատելության կամ բռնության համար տեղ չկա: … Այն խրախուսում է տարբեր մարդկանց ապրել միասին Քրիստոնեական սիրո մեջ` անկախ կրոնական հավատքից, ռասայից, ազգությունից, ֆինանսական դիրքից, կրթությունից կամ մշակույթից»:8

Իսկ նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը հորդորել է մեզ «ընդլայնել մեր սիրո շրջանակը և ընդգրկել մարդկային ամբողջ ընտանիքը»:9

Մեր թշնամիներին սիրելու կարևոր մասը կայսրին տալն է՝ պահելով մեր տարբեր երկրների օրենքները: Թեև Հիսուսի ուսմունքները հեղափոխական էին, սակայն Նա չի քարոզել հեղափոխություն անել կամ օրենքը խախտել: Նա ուսուցանեց ավելի լավ ուղի։ Ժամանակակից հայտնությունը նույնն է ուսուցանում․

«Թող ոչ ոք չխախտի երկրի օրենքները, քանզի նա, ով պահում է Աստծո օրենքները, պետք չէ որ խախտի երկրի օրենքները:

Ուստի, ենթարկվեք իշխանություններին» (Վարդապետություն և Ուխտեր 58․21–22

Իսկ մեր հավատո հանգանակը, որը գրվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից այն բանից հետո, երբ վաղ օրերի Սրբերը ծանր հալածանքներ են կրել Միսսուրիի պաշտոնյաների կողմից, հայտարարում է. «Մենք հավատում ենք թագավորներին, նախագահներին, կառավարիչներին և մյուս իշխանավորներին հպատակվելուն, օրենքին հնազանդվելուն, այն հարգելուն և պաշտպանելուն» (Հավատո Հանգանակ 1․12

Դա չի նշանակում, որ մենք համաձայն ենք այն ամենի հետ, ինչ կատարվում է օրենքի ուժով: Դա նշանակում է, որ մենք ենթարկվում ենք գործող օրենքին և օգտագործում ենք խաղաղ միջոցներ՝ այն փոխելու համար: Դա նշանակում է նաև, որ մենք խաղաղությամբ ենք ընդունում ընտրությունների արդյունքները: Մենք չենք մասնակցի բռնություններին, որոնք հրահրում են արդյունքից հիասթափվածները։10 Ժողովրդավարական հասարակության մեջ մենք միշտ ունենք հնարավորություն և պարտականություն՝ խաղաղ գոյատևելու մինչև հաջորդ ընտրությունները:

Մեր թշնամիներին սիրելու Փրկիչի ուսմունքը հիմնված է այն իրողության վրա, որ բոլոր մահկանացուներն Աստծո սիրելի զավակներն են: Այդ հավերժական սկզբունքը և օրենքի որոշ հիմնարար սկզբունքներ վերջերս փորձարկվել են Ամերիկայի մի շարք քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցերում։

Մի կողմից, կարծես, ոմանք մոռացել են, որ Միացյալ Նահանգների սահմանդրության առաջին հոդվածը երաշխավորում է «ժողովրդի խաղաղ հավաքվելու և դժգոհությունները բավարարելու խնդրանքով պետությանը դիմելու իրավունքը»: Դա հանրային իրազեկության բարձրացման և օրենքների բովանդակության կամ վարչարարության անարդարությունների վրա կենտրոնանալու լիազորված միջոցն է: Իսկ անարդարություններ իսկապես եղել են: Հանրային գործողություններում և մեր անձնական վերաբերմունքում մենք բախվել ենք ռասիզմի դրսևորումների և դրան առնչվող դժգոհությունների: Իր համոզիչ անձնական ակնարկում «Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիայից» (NAACP) Պատվելի Թերեզա Ա․ Դիերը հիշեցրել է մեզ, որ «ռասիզմը զարգանում է ատելության, ճնշման, դավաճանության, պասիվության, անտարբերության և լռության պատճառով»։11 Որպես քաղաքացիներ և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, մենք պետք է օգնենք արմատախիլ անել ռասիզմը։

Մյուս կողմից այդ ցույցերի մասնակիցների և կողմնակիցների փոքրամասնությունը, կատարելով անօրինական գործողություններ, կարծես մոռացել է, որ սահմանադրությամբ պաշտպանված ցույցերը խաղաղ ցույցերն են։ Ցուցարարներն իրավունք չունեն ոչնչացնել, խեղաթյուրել, գույք հափշտակել կամ խարխլել պետության օրինական ոստիկանների լիազորությունները: Սահմանադրության և օրենքների մեջ չկան հեղափոխության կամ անիշխանության կոչեր։ Բոլորս՝ ոստիկանությունը, ցուցարարները, աջակիցները և ականատեսները, պետք է հասկանանք մեր իրավունքների սահմանները և գործող օրենքների սահմաններում մնալու մեր պարտականությունների կարևորությունը: Աբրահամ Լինքոլնը ճիշտ էր, երբ ասում էր․ «Չկա դժգոհություն, որը կարելի է լուծել ամբոխի օրենքներով»։12 Ամբոխի միջոցով լուծված դժգոհությունն անօրինական միջոցներով լուծում է։ Դա անիշխանություն է՝ մի վիճակ, որը չունի արդյունավետ կառավարում և չունի պաշտոնական ոստիկանություն, որը խարխլում և ոչ թե պաշտպանում է մարդկանց իրավունքները:

Պատճառներից մեկը, որ Միացյալ Նահանգներում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերը ցնցող էին շատերի համար, այն էր, որ տարբեր երկրներում այլ ազգությունների շրջանում թշնամությունն ու անօրինականությունը չպետք է զգացվեն Միացյալ Նահանգներում: Այս երկիրը պետք է ավելի լավ պայքարի ռասիզմի դեմ ոչ միայն սևամորթ ամերիկացիների դեպքում, որոնք առավել տեսանելի էին վերջին ցույցերում, այլ նաև լատինացիների, ասիացիների և այլ խմբավորումների դեմ: Այս ազգի ռասիզմի պատմությունը երջանիկներից մեկը չէ, և մենք պետք է բարելավվենք:

Միացյալ Նահանգները ստեղծվել են տարբեր ազգությունների և տարբեր էթնիկ խմբերի ներգաղթյալների կողմից: Դրա միավորող նպատակը որոշակի կրոն հաստատելը կամ նախկին երկրների բազմազան մշակույթներից կամ ցեղային սովորույթներից որևէ մեկի պահպանումը չէր: Մեր հիմնադիր սերունդը ձգտել է միավորվել նոր սահմանադրությամբ և օրենքներով: Դա չի նշանակում, որ մեր միավորող փաստաթղթերը կամ այն ժամանակվա դրանց իմաստի ընկալումը կատարյալ էր: Միացյալ Նահանգների առաջին երկու դարերի պատմությունը ցույց տվեց, որ անհրաժեշտ է կատարել բազմաթիվ հղկումներ, ինչպիսիք են՝ կանանց ձայնի իրավունքը և, մասնավորապես, ստրկության վերացումը՝ ներառյալ օրենքները, որով երաշխավորվում էր, որ ստրուկները կունենան ազատ մարդկանց բոլոր իրավունքները։

Վերջերս Յեյլ համալսարանի երկու գիտնականներ հիշեցրին մեզ.

«Միացյալ Նահանգներն իր բոլոր թերություններով հանդերձ՝ ունի յուրօրինակ գործիքակազմ՝ տարբեր և պառակտված հասարակությունները միավորելու համար: …

Նրա քաղաքացիները չպետք է ընտրություն կատարեն ազգային ինքնության և բազմամշակութային ընտրության միջև: Ամերիկացիները կարող են երկուսն էլ ունենալ: Բայց կարևորը սահմանադրական հայրենասիրությունն է: Մենք պետք է միավորված մնանք Սահմանադրությամբ և դրա շնորհիվ՝ անկախ մեր գաղափարական տարաձայնություններից»։13

Շատ տարիներ առաջ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը Ստորին պալատում բանավեճի ժամանակ տվեց այս հրաշալի խորհուրդը. «Մենք չունենք հավերժական դաշնակիցներ և չունենք մշտական թշնամիներ։ Մեր շահերը հավերժական և մշտական են, և այդ շահերին մենք պարտավոր ենք հետևել»։14

Դա լավ աշխարհիկ պատճառ է քաղաքական հարցերում «հավերժական և մշտական» շահերին հետևելու համար։ Բացի այդ, Տիրոջ Եկեղեցու վարդապետությունը մեզ ուսուցանում է մեկ այլ հավերժական շահի մասին, որն առաջնորդում է մեզ. մեր Փրկիչի ուսմունքները, որոնք ոգեշնչեցին Միացյալ Նահանգների Սահմանադրությունը և մեր բազմաթիվ երկրների հիմնական օրենքները: Ժամանակավոր «դաշնակիցների» փոխարեն հավատարիմ մնալով հաստատված օրենքին՝ մեր հակառակորդներին և մեր թշնամիներին սիրելու լավագույն միջոցն է, երբ ձգտում ենք միասնության՝ բազմազանության մեջ:

Գիտելիքը, որ մենք բոլորս Աստծո զավակներ ենք, հոգևոր պատկերացում է տալիս բոլոր մյուս մարդկանց արժեքի մասին և տալիս է նաև նախապաշարմունքներից և ռասիզմից վեր կանգնելու կամք և կարողություն: Քանի որ ես երկար տարիներ ապրել եմ այս երկրի տարբեր վայրերում, Տերն ինձ սովորեցրել է, որ հնարավոր է հնազանդվել և ձգտել կատարելագործել մեր ազգի օրենքները, ինչպես նաև սիրել մեր հակառակորդներին և մեր թշնամիներին: Թեև հեշտ չէ, բայց դա հնարավոր է մեր Տեր Հիսուս Քրիստոսի օգնությամբ: Նա տվեց սիրելու պատվիրան և Նա խոստանում է օգնել, եթե մենք ձգտենք հնազանդվել դրան։ Ես վկայում եմ, որ Երկնային Հայրը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը սիրում են մեզ և կօգնեն մեզ։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Տես նաև Ղուկաս 6․27–28, 30։

  2. Gordon B. Hinckley, “The Healing Power of Christ,” Ensign, Nov. 1988, 59; see also Teachings of Gordon B. Hinckley (1997), 230.

  3. Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 6․5։

  4. Տես նաև Մատթեոս 22․21, Մարկոս 12․17։

  5. Թոմաս Ս. Մոնսոն, «Դաստիարակիր զգացմունքներդ, ով իմ եղբայր», Լիահոնա, նոյեմբեր 2009, 68:

  6. Տես Becky and Bennett Borden, “Moving Closer: Loving as the Savior Did,” Ensign, Sept. 2020, 24–27:

  7. Joseph Smith, in History of the Church, 5:517. Նմանապես, Մարտին Լյութեր Քինգ կրտսերն (1929-68) ասել է. «Բռնությանը բռնությամբ պատասխանելը բազմապատկում է բռնությունը՝ աստղերից զուրկ գիշերվան ավելացնելով ավելի շատ մթություն: Խավարը չի կարող դուրս մղել խավարին. դա կարող է անել միայն լույսը: Ատելությունը չի կարող դուրս մղել ատելությանը. դա կարող է անել միայն սերը» («Ո՞ւր գնանք այստեղից. քաոս, թե համայնք» (“Where Do We Go from Here: Chaos or Community?” [2010], 64-65)։

  8. Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Հովարդ Վ. Հանթեր (2015), 263:

  9. Ռասել Մ. Նելսոն, «Երանի խաղաղարարներին», Լիահոնա, նոյեմբեր 2002 թ․, տես նաև Ռասսել Մ․ Նելսոնի ուսմունքները (2018), 83։

  10. Տես “A House Divided,” Economist, Sept. 5, 2020, 17–20:

  11. Theresa A. Dear, “America’s Tipping Point: 7 Ways to Dismantle Racism,” Deseret News, June 7, 2020, A1.

  12. Աբրահամ Լինքոլն, ուղերձ Երիտասարդ տղամարդկանց ճեմարանում, Սփրինգֆիլդ, Իլինոյս, 27 հունվարի 1838 թ․, in John Bartlett, Bartlett’s Familiar Quotations 18th ed. (2012), 444։

  13. Amy Chua and Jed Rubenfeld, “The Threat of Tribalism,” Atlantic, Oct. 2018, 81, theatlantic.com.

  14. Henry John Temple, Viscount Palmerston, remarks in the House of Commons, Mar. 1, 1848; in Bartlett, Bartlett’s Familiar Quotations, 392; emphasis added.