Գերագույն համաժողովներ
Տիրոջ ապաւինողները
նախորդ հաջորդ

Տիրոջ ապաւինողները

Հավատալ՝ նշանակում է վստահել Աստծուն լավ և վատ ժամանակներում, եթե նույնիսկ դա ներառում է որոշ տառապանք, մինչև որ կտեսնենք մեզ համար Նրա բացահայտվող բազուկը։

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մենք բոլորս անհամբեր սպասում ենք, և ես առավել ևս, լսելու մեր սիրելի մարգարե Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի եզրափակիչ ելույթը։ Սա հրաշալի համաժողով էր, սակայն երկրորդ անգամն է, որ COVID-19 համավարակը փոխեց մեր ավանդական հավաքի ձևը։ Մենք այնքան ենք հոգնել այս վարակից, որ պատրաստ ենք պոկելու մեր մազերը։ Եվ ինչպես տեսնում եք, իմ Եղբայրներից ոմանք արդեն արել են դա։ Խնդրում ենք, իմացեք, որ մենք շարունակ աղոթում ենք նրանց համար, ովքեր ինչ-որ ձևով տուժել են, հատկապես նրանց համար, ովքեր կորցրել են իրենց սիրելիների մարդկանց։ Բոլորը համաձայն են, որ սա շատ ու շատ երկար է տևում։

Որքա՞ն մենք պետք է սպասենք, որ ազատվենք դժվարություններից, որոնց հանդիպում ենք։ Իսկ ի՞նչ կասենք անձնական փորձություններին դիմանալու մասին, մինչ սպասում ու սպասում ենք, իսկ օգնությունը, կարծես, այնքան դանդաղ է գալիս։ Ինչպե՞ս համբերել, երբ բեռներն ավելի ծանր են թվում, քան մենք կարող ենք տանել։

Նման հարցեր տալիս մենք կարող ենք, եթե փորձենք, լսել ուրիշի աղաղակը, որը արձագանքում է խոնավ, մութ բանտախցից՝ այդ տեղանքում գրանցված ամենացուրտ ձմեռներից մեկի ժամանակ։

«Ո՜վ Աստված, ո՞րտեղ ես դու»,- լսում ենք մենք Լիբերթիի բանտի խորքերից։ «Եվ ո՞րտեղ է տաղավարը, որ ծածկում է քո թաքնված տեղը։ Որքա՞ն պիտի քո ձեռքը ետ պահվի»։1 Որքա՞ն, ո՜վ Տեր, որքա՞ն։

Այսպիսով, մենք առաջինը չենք և ոչ էլ վերջինը կլինենք, որ նման հարցեր կտանք, երբ վիշտը պատում է մեզ, կամ մեր սրտի ցավը շարունակվում է։ Ես հիմա խոսում եմ ոչ թե համավարակների կամ բանտերի, այլ ձեր, ձեր ընտանիքի և ձեր հարևանների մասին, ովքեր բազմազան մարտահրավերների են բախվում։ Ես խոսում եմ շատերի փափագի մասին, ովքեր ցանկանում են ամուսնանալ, բայց ամուսնացած չեն կամ ամուսնացած են և ցանկանում են, որ հարաբերությունները մի փոքր ավելի երկնային լինեն։ Ես խոսում եմ նրանց մասին, ովքեր առողջական լուրջ խնդիրներ ունեն, գուցե անբուժելի, կամ նրանց, ովքեր ողջ կյանքում պայքարում են գենետիկ արատի դեմ, որը չունի բուժում։ Ես խոսում եմ էմոցիոնալ և հոգեկան խնդիրների հետ կապված շարունակական պայքարի մասին, որ ծանրացել է շատ մարդկանց հոգիների վրա և նրանց սիրողների ու նրանց հետ տառապողների սրտերի վրա։ Ես խոսում եմ աղքատների մասին, որ Փրկիչը պատվիրեց երբեք չմոռանալ, և ես խոսում եմ ձեր մասին, ովքեր սպասում են երեխայի վերադարձին, անկախ տարիքից, ով ընտրել է ուղի, որը տարբերվում է ձեր աղոթքներում խնդրածից։

Ավելին, ես ընդունում եմ, որ նույնիսկ այն երկար ցանկը, որը վերաբերում է անձամբ մեզ, չի ներառում տնտեսական, քաղաքական և սոցիալական մեծ խնդիրները, որոնց բոլորս ենք բախվում։ Մեր Երկնային Հայրը հստակ ակնկալում է, որ մենք լուծենք ինչպես հասարակական, այնպես էլ անձնական խնդիրները, բայց մեր կյանքում կլինեն ժամանակներ, երբ նույնիսկ մեր լավագույն հոգևոր ջանքերը և անկեղծ աղոթքները չեն տա այն հաղթանակները, որոնք մենք փափագում ենք, լինի դա համաշխարհային, թե փոքր խնդիրների վերաբերյալ։ Ուստի, մինչ մենք աշխատում ենք և միասին սպասում մեր որոշ աղոթքների պատասխաններին, ես տալիս եմ ձեզ իմ առաքելական խոստումը, որ դրանք կլսվեն և կստանան իրենց պատասխանը, չնայած, գուցե ոչ մեր ուզած ժամանակին կամ այնպես, ինչպես ուզում ենք։ Սակայն դրանք միշտ պատասխանվում են ժամանակին և այնպես, ինչպես ամենագետ ու հավերժ կարեկից ծնողը պետք է պատասխանի նրանց։ Իմ թանկագի՛ն եղբայրներ և քույրեր, խնդրում եմ, հասկացեք, որ Նա, ով երբեք չի քնում կամ ննջում,2 աստվածային բոլոր գործերից առաջ հոգ է տանում Իր զավակների երջանկության և վեհացման մասին։ Նա մաքուր սեր է, փառահեղ անձնավորություն, և Գթասիրտ Հայր է Նրա անունը։

«Եթե դա այդպես է, - կարող եք ասել, - մի՞թե Նրա սերն ու ողորմությունը չպետք է պարզապես ճեղքեն մեր անձնական Կարմիր ծովերը և թույլ տան, որ մեր դժվարությունների միջով անցնենք չոր հողի վրայով։ Արդյո՞ք չպետք է Նա 21-րդ դարի ճայեր ուղարկեր ինչ-որ տեղից թևածելու` 21-րդ դարի մեր բոլոր անհեթեթ ծղրիդներին ոչնչացնելու համար»։

Նման հարցերի պատասխանն է. «Այո, Աստված կարող է ակնթարթորեն հրաշքներ գործել, բայց վաղ թե ուշ մենք սովորում ենք, որ մեր մահկանացու ճամփորդության ժամանակներն ու եղանակները պատկանում են Նրան և ուղղորդվում միայն Նրա կողմից»։ Նա այդ օրացույցը անհատապես վարում է մեզանից յուրաքանչյուրի համար։ Ակնթարթորեն բուժվող յուրաքանչյուր տկար մարդու կողքին, ով սպասում է մտնելու Բեթհեզդա ավազանը,3 կա մեկ ուրիշը, ով պետք է 40 տարի անցկացնի անապատում՝ սպասելով խոստումի երկիր մտնելուն։4 Յուրաքանչյուր Նեփիի և Լեքիի կողքին, ով Աստծո կողմից պաշտպանվում է կրակի օղակով՝ շնորհիվ իր հավատքի,5 մենք ունենք Աբինադի, ով այրվում է կրակի բոցերում՝ շնորհիվ իր հավատքի։6 Եվ մենք հիշում ենք, որ Եղիան, ով մի ակնթարթում կրակ վայր բերեց երկնքից, Բահաղի քահանաների դեմ վկայելու համար,7 այն նույն Եղիան է, ով տարիներ շարունակ համբերում էր, մինչ անձրև չկար, և ով որոշ ժամանակ կերակրվում էր այնքան սնունդով, որը տեղավորվում էր ագռավի ճանկերում։8 Իմ կարծիքով, դա չէր կարող լինել մի լավ համբուրգեր։

Ի՞նչ եմ ուզում ասել այս ամենով։ Ուզում եմ ասել, որ հավատալ՝ նշանակում է վստահել Աստծուն լավ և վատ ժամանակներում, եթե նույնիսկ դա ներառում է որոշ տառապանք, մինչև որ կտեսնենք Նրա բացահայտվող բազուկը մեզ համար։9 Դա կարող է դժվար լինել մեր ժամանակակից աշխարհում, երբ շատերը սկսել են հավատալ, որ կյանքում ամենամեծ հաջողությունը բոլոր տառապանքներից խուսափելն է, որ ոչ ոք երբևէ չպիտի տառապի որևէ պատճառով։10 Սակայն այդ համոզմունքը երբեք չի հանգեցնի նրան, որ մենք աճենք «Քրիստոսի կատարեալ հասակի չափովը»։11

Ներողություն խնդրելով Երեց Նիլ Ա. Մաքսվելից, որ համարձակվում եմ լրացնել իր երբեմնի ասածը, ես նույնպես ընդունում եմ, որ «մեկի կյանքը … չի կարող լինել և՛ հավատով լի, և՛ առանց լարվածության»։ Դուք պարզապես չեք կարող «անհոգ վայելել այս կյանքը» հյութի հերթական բաժակի պես, ասելով․ «Տե՛ր, տուր ինձ Քո բոլոր ամենաընտիր առաքինությունները, բայց միանշանակ ո՛չ տխրություն, ո՛չ վիշտ, ո՛չ ցավ, ո՛չ էլ հակադրություն։ Խնդրում եմ, թույլ մի տուր, որ ինչ-որ մեկը չսիրի ինձ կամ դավաճանի ինձ, և ամենից առաջ` երբեք թույլ մի տուր, որ լքված զգամ Քո կամ նրանց կողմից, ում սիրում եմ։ Բացի դրանից, զգուշությամբ ինձ հեռու պահիր այն բոլոր փորձառություններից, որոնք Քեզ աստվածային դարձրին։ Բայց երբ մյուսներն ավարտեն իրենց դժվարին կյանքը, խնդրում եմ, թույլ տուր գամ և բնակվեմ Քեզ հետ, որտեղ ես կարող եմ պարծենալ, թե որքան նման են եղել մեր ուժեղ կողմերն ու բնավորությունները, մինչ ես վայելել եմ քրիստոնյայի իմ հարմարավետ կյանքը»։12

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, քրիստոնեությունը մխիթարող է, սակայն այն հաճախ հարմարավետ չէ։ Դեպի սրբություն ու երջանկություն տանող ուղին, այս կյանքում և դրանից հետո, երկար, իսկ երբեմն քարքարոտ ուղի է։ Դա ժամանակ և վճռականություն է պահանջում։ Սակայն, իհարկե, այն անցնողները ստանում են մեծ ու կարևոր պարգև։ Այս ճշմարտությունը հստակ և համոզիչ կերպով ուսուցանվում է Մորմոնի Գրքի Ալմա 32 գլխում։ Այնտեղ քահանայապետը սովորեցնում է, որ եթե Աստծո խոսքը սերմանվում է մեր սրտերում, և եթե մենք հոգատարությամբ ջրում ու սնուցում ենք այն, ապա ապագայում առաջ է բերում պտուղ, «որն ամենաթանկարժեքն է, … քաղցր է այն ամենից, ինչ քաղցր է», որով սնվողները այլևս չեն ծարավի և չեն քաղցի։13

Բազմաթիվ դասեր են ուսուցանվում այս ուշագրավ գլխում, բայց ամենակարևորն այն է, որ սերմը պետք է սնուցվի և մենք պետք է սպասենք, որ այն հասունանա՝ «հավատքի աչքով սպասելով դրա պտղին»։14 Ալման ասում է, որ մեր բերքահավաքը գալիս է «շուտով»։15 Զարմանալի չէ, որ նա ավարտում է իր ուշագրավ հրահանգները, երեք անգամ կրկնելով մեր սրտում Աստծո խոսքը սնուցելիս ջանասեր և համբերատար լինելու կոչը, «սպասելով», ինչպես նա է ասում, «երկայնամտությամբ … ծառին, որ պտուղ տա ձեզ համար»։16

COVID և քաղցկեղ, կասկած և վհատություն, ֆինանսական խնդիրներ և ընտանեկան փորձություններ։ Ե՞րբ են վերցվելու այդ բեռները։ Պատասխանն է՝ «շուտով»։17 Իսկ դա կարճ թե երկար ժամանակ կպահանջի, մենք չենք որոշում, բայց Աստծո շնորհով օրհնություններ կտրվեն նրանց, ովքեր ամուր կառչում են Հիսուս Քրիստոսի ավետարանից։ Այդ հարցը որոշվել է Երուսաղեմում շատ տարիներ առաջ՝ մի մեկուսի պուրակում և բոլորին տեսանելի մի բլրի վրա։

Մինչ այժմ կլսենք այս համաժողովի եզրափակիչ ելույթը մեր սիրելի մարգարեի կողմից, թող որ հիշենք, ինչպես Ռասսել Նելսոնն իր օրինակով ցույց է տվել ողջ կյանքում․ «Տիրոջ ապաւինողները կնորոգուին ոյժով [և] թեւերով վեր կսլանան արծիւների պէս, կվազեն եւ չեն վաստակիլ, … կգնան եւ չեն յոգնիլ»։18 Ես աղոթում եմ, որ «շուտով»՝ վաղ թե ուշ, այդ օրհնությունները տրվեն ձեզանից յուրաքանչյուրին, ով սփոփանք է փնտրում իր վշտին և ազատում փորձանքից։ Ես վկայում եմ Աստծո սիրո և Նրա փառահեղ ավետարանի Վերականգնման մասին, որն ինչ-որ կերպով լուծում է առաջարկում այս կյանքում հանդիպած խնդիրներին։ Տեր Հիսուս Քրիստսի փրկարար անունով, ամեն։