Գերագույն համաժողով
Թող Աստված տնօրինի
2020 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Թող Աստված տնօրինի

Դուք պատրա՞ստ եք թույլ տալ, որ Աստված տնօրինի ձեր կյանքը: Դուք պատրա՞ստ եք թույլ տալ, որ Աստված ամենամեծ ազդեցությունն ունենա ձեր կյանքում:

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, որքան երախտապարտ եմ ես այս համաժողովի հրաշալի ուղերձների և այժմ ձեզ հետ խոսելու իմ արտոնության համար:

Ավելի քան 36 տարի ես առաքյալ եմ, և Իսրայելի հավաքման վարդապետությունը միշտ գրավել է իմ ուշադրությունը:1 Ինձ հետաքրքրել է դրա հետ կապված ամեն ինչ, ներառյալ Աբրահամի, Իսահակի և Հակոբի ծառայություններն ու անունները,2 նրանց կյանքն ու նրանց կանայք, ուխտը, որն Աստված կապել է նրանց հետ և տարածել է նրանց սերունդների վրա,3 տասներկու ցեղերի ցրումը և մեր օրերի հավաքման մասին բազմաթիվ մարգարեությունները:

Ես ուսումնասիրել եմ հավաքումը, աղոթել եմ դրա մասին, սնվել եմ դրան առնչվող յուրաքանչյուր սուրբ գրությունով և խնդրել եմ Տիրոջն ավելացնել իմ հասկացողությունը:

Ուստի պատկերացրեք իմ հրճվանքը, երբ վերջերս ես հանգեցի մի նոր գաղափարի: Երկու հրեա գիտնականների օգնությամբ իմացա, որ Իսրայել բառի եբրայերեն իմաստներից մեկն է՝ «թող Աստված տնօրինի»:4 Ուստի, զուտ Իսրայել անունը վերաբերում է այն անձնավորությանը, ով պատրաստ է թույլ տալ, որ Աստված տնօրինի իր կյանքը: Այդ գաղափարը ոգեշնչում է իմ հոգին:

Պատրաստ բառը վճռորոշ է Իսրայել բառի հենց այս մեկնաբանության համար:5 Մենք բոլորս ունենք մեր ազատ կամքը: Մենք կարող ենք ընտրել՝ լինել Իսրայել, թե ոչ: Մենք կարող ենք ընտրել՝ թույլ տալ Աստծուն տնօրինել մեր կյանքը, թե՝ ոչ: Մենք կարող ենք ընտրել՝ թույլ տալ, որ Աստված ունենա ամենահզոր ազդեցությունը մեր կյանքում, թե՝ ոչ:

Մի պահ եկեք հիշենք Աբրահամի թոռան՝ Հակոբի կյանքի բեկումնային պահը: Այն վայրում, որը Հակոբն անվանեց Փանուել (որը նշանակում է «Աստծո դեմքը»),6 նա հաղթեց լուրջ մարտահրավերի հետ գոտեմարտում: Նրա ազատ կամքը փորձվեց: Այս գոտեմարտի միջոցով Հակոբը ապացուցեց, թե ինչն է իր համար ամենակարևորը: Նա ցույց տվեց, որ պատրաստ է թույլ տալ, որ Աստված տնօրինի իր կյանքը: Ի պատասխան՝ Աստված Հակոբի անունը փոխեց Իսրայել,7 ինչը նշանակում է՝ «Թող Աստված տնօրինի»: Հետո Աստված խոստացավ Իսրայելին, որ բոլոր խոստումները, որոնք խոստացվել էին Աբրահամի սերունդներին, կլինեն նաև նրանը:8

Ցավոք, Իսրայելի սերունդները խախտեցին իրենց ուխտերն Աստծո հետ: Նրանք քարկոծեցին մարգարեներին և չէին ցանկանում թույլ տալ, որ Աստված տնօրինի իրենց կյանքը: Հետագայում Աստված նրանց ցրեց աշխարհի բոլոր անկյուններով:9 Ողորմածորեն, Նա հետագայում խոստացավ հավաքել նրանց, ինչպես հայտնում է Եսայիան. «Մի փոքր վայրկեան քեզ թողեցի, բայց մեծ ողորմութիւններով քեզ պիտի ժողովեմ»:10

Հաշվի առնելով Իսրայելի եբրայերեն սահմանումը՝ Իսրայելի հավաքումը ստանում է լրացուցիչ իմաստ: Տերը հավաքում է նրանց, ովքեր պատրաստ են թույլ տալ, որ Աստված տնօրինի իրենց կյանքը: Տերը հավաքում է նրանց, ովքեր կնախընտրեն թույլ տալ, որ Աստված իրենց կյանքում ամենակարևոր ազդեցությունն ունենա:

Դարեր շարունակ մարգարեները կանխագուշակել են այս հավաքումը,11 և այժմ այն տեղի է ունենում: Որպես Տիրոջ Երկրորդ Գալուստի հիմնական նախադրյալ, դա աշխարհի ամենակարևոր աշխատանքն է:

Հազարամյակին նախորդող այս հավաքը միլիոնավոր մարդկանց համար հավատքի ընդլայնման և հոգևոր խիզախության անհատական պատմություն է: Եվ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ կամ «վերջին օրերի ուխտի Իսրայել»,12 մենք պարտավորվել ենք աջակցել Տիրոջը այս կարևոր աշխատանքում:13

Երբ մենք խոսում ենք Իսրայելը վարագույրի երկու կողմերում հավաքելու մասին, իհարկե, նկատի ունենք միսիոներական, տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքները: Մենք նաև նկատի ունենք հավատ և վկայություն կառուցել նրանց սրտերում, ում հետ ապրում, աշխատում և ծառայում ենք։ Ամեն անգամ, երբ մենք ինչ-որ բան ենք անում, որն օգնում է ինչ-որ մեկին վարագույրի այս կամ այն կողմում՝ Աստծո հետ ուխտեր կապելու և դրանք պահելու համար, … մենք օգնում եք հավաքել Իսրայելը:

Վերջերս մեր թոռներից մեկի կինը հոգևոր մաքառումների մեջ էր: Ես նրան կանվանեմ «Ջիլ»: Չնայած ծոմապահությանը, աղոթքին և քահանայության օրհնություններին, Ջիլի հայրը մահանում էր: Նա համակված էր վախով, որ ինքը կկորցնի թե՛ հորը, թե՛ իր վկայությունը:

Մի օր ուշ երեկոյան իմ կինը՝ քույր Վենդի Նելսոնն ասաց ինձ Ջիլի իրավիճակի մասին: Հաջորդ առավոտյան Վենդին հուշում ստացավ Ջիլին ասել, որ իմ պատասխանը նրա հոգևոր պայքարին միայն մեկ բառ էր: Այդ բառն էր՝ անհեռատեսություն:

Ավելի ուշ Ջիլը խոստովանեց Վենդիին, որ ի սկզբանե ինքը հուսահատված էր իմ պատասխանից: Նա ասել էր. «Ես հուսով էի, որ Պապիկն ինձ հրաշք կխոստանար իմ հայրիկի համար: Ես անընդհատ մտածում էի, թե նա ինչու էր ստիպված անհեռատեսություն բառն արտասանել»։

Հոր մահից հետո անհեռատեսություն բառը շարունակ նրա միտքն էր գալիս: Նա բացեց իր սիրտը, որպեսզի ավելի խորը հասկանար, որ անհեռատեսություն նշանակում է «կարճատեսություն»: Եվ նրա մտածողությունը սկսեց փոխվել: Հետո Ջիլն ասաց. «Անհեռատեսություն բառը ստիպեց ինձ կանգ առնել, մտածել և բժշկվել: Այժմ այդ բառն ինձ խաղաղությամբ է լցնում: Այն ինձ հիշեցնում է, որ ես պետք է ընդլայնեմ իմ հեռանկարը և փնտրեմ հավերժական օրհնությունները: Դա ինձ հիշեցնում է, որ կա աստվածային ծրագիր, և որ հայրս դեռ ապրում է, սիրում և հսկում է ինձ: Անհեռատեսությունը առաջնորդեց ինձ դեպի Աստված»:

Ես շատ հպարտ եմ մեր թանկագին թոռնուհի հարսով: Իր կյանքի այս ծանր հուզական պահին մեր սիրելի Ջիլը սովորում է ընդունել Աստծո կամքը իր հայրիկի համար՝ հավերժ հեռանկար ունենալով իր կյանքի համար: Ընտրելով, որ Աստված տնօրինի իրավիճակը, պարգևում է նրան խաղաղություն:

Եթե մենք դա թույլ տանք, Իսրայել բառի այս մեկնաբանությունը կարող է օգնել մեզ բազմաթիվ եղանակներով: Պատկերացրեք, թե ինչպես կարող են փոխվել մեր աղոթքները մեր միսիոներների համար և Իսրայելի հավաքման մեր սեփական ջանքերի համար՝ հաշվի առնելով այս հայեցակարգը: Մենք հաճախ աղոթում ենք, որ մենք և միսիոներները առաջնորդվենք նրանց մոտ, ովքեր պատրաստ են ստանալու Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ճշմարտությունները: Հետաքրքիր է, ո՞ւմ մոտ կառաջնորդվենք մենք, երբ կխնդրենք գտնել նրանց, ովքեր պատրաստ են թույլ տալ, որ Աստված տնօրինի իրենց կյանքը:

Գուցե մենք առաջնորդվենք նրանց մոտ, ովքեր երբեք չեն հավատացել Աստծուն կամ Հիսուս Քրիստոսին, բայց ովքեր այժմ փափագում են իմանալ Նրանց մասին և Նրանց երջանկության ծրագրի մասին: Մյուսները, գուցե, «ծնվել են ուխտի մեջ»14 բայց այդ ժամանակից ի վեր հեռացել են ուխտի արահետից: Նրանք այժմ կարող են պատրաստ լինել ապաշխարելու, վերադառնալու, և թողնելու, որ Աստված տնօրինի: Մենք կարող ենք աջակցել՝ դիմավորելով նրանց գրկաբաց և բաց սրտով: Եվ ոմանք, ում մոտ մենք պետք է առաջնորդվենք, գուցե միշտ զգացել են, որ իրենց կյանքում ինչ-որ բան պակասում է: Նրանք նույնպես փափագում են այն ամբողջականությունն ու ուրախությունը, որոնք գալիս են նրանց, ովքեր ցանկանում են թույլ տալ, որ Աստված տնօրինի իրենց կյանքը:

Ցրված Իսրայելը հավաքելու ավետարանի ցանցն ընդարձակ է: Տեղ կա յուրաքանչյուր մարդու համար, ով լիովին կընդունի Հիսուս Քրիստոսի ավետարանը: Յուրաքանչյուր նորադարձ դառնում է Աստծո ուխտի զավակներից մեկը՝15 լինի ծնունդով, թե որդեգրմամբ: Յուրաքանչյուրը դառնում է լիակատար ժառանգն այն ամենի, ինչ Աստված խոստացել է Իսրայելի հավատարիմ զավակներին:16

Մեզանից յուրաքանչյուրն ունի աստվածային ներուժ, քանի որ յուրաքանչյուրն Աստծո զավակ է: Յուրաքանչյուրը հավասար է Նրա աչքում: Այս ճշմարտության հետևանքները խորն են: Եղբայրնե՛ր և քույրե՛ր, խնդրում եմ, ուշադիր լսեք, թե ինչ եմ ասելու հիմա: Աստված մի ռասային ավելի պակաս չի սիրում, քան մյուսին: Նրա վարդապետությունն այս հարցում պարզ է: Նա հրավիրում է բոլորին գալ Իր մոտ՝ «սև թե սպիտակ, ստրուկ թե ազատ, այր թե կին»:17

Վստահեցնում եմ ձեզ, որ Աստծո առջև ձեր արժանավոր լինելու հեռանկարը չի որոշվում ձեր մաշկի գույնով: Աստծուն սիրելը կամ չսիրելը կախված է Աստծո և Նրա պատվիրանների հանդեպ ձեր նվիրվածությունից, և ոչ թե ձեր մաշկի գույնից:

Ես ցավում եմ, որ ամբողջ աշխարհում մեր սևամորթ եղբայրներն ու քույրերը տառապում են ռասիզմի և նախապաշարմունքների ցավոտ խտրականությունից: Այսօր ես կոչ եմ անում մեր անդամներին ամենուր՝ հրաժարվել նախապաշարմունքների վերաբերմունքից և գործողություններից: Ես խնդրում եմ ձեզ հարգանք ցուցաբերել Աստծո բոլոր զավակների հանդեպ:

Մեզանից յուրաքանչյուրի համար հարցը նույնն է՝ անկախ ռասայից: Դուք պատրա՞ստ եք թույլ տալ Աստծուն տնօրինել ձեր կյանքը: Դուք պատրա՞ստ եք թույլ տալ, որ Աստված ամենամեծ ազդեցությունն ունենա ձեր կյանքում: Թույլ կտա՞ք, որ Նրա խոսքերը, Նրա պատվիրաններն ու ուխտերը ազդեն ձեր ամենօրյա քայլերի վրա: Թույլ կտա՞ք, որ Նրա ձայնը գերակշռի մյուս ձայների վրա: Դուք պատրա՞ստ եք թույլ տալ, որ այն, ինչ Նա է ցանկանում, որ դուք անեք, ավելի կարևոր լինի ձեր մնացած բոլոր նպատակներից: Դուք պատրա՞ստ եք, որ ձեր «կամքը կուլ գնացած լին[ի Նրա] կամքին»:18

Մտածեք, թե նման պատրաստակամությունն ինչպես կարող է օրհնել ձեզ: Եթե դուք ամուսնացած չեք և հավերժական ուղեկից եք փնտրում, «Իսրայելից» լինելու ձեր ցանկությունը կօգնի ձեզ որոշել, թե ում հետ և ինչպես հանդիպել:

Եթե դուք ամուսնացած եք մեկի հետ, ով խախտել է իր ուխտերը, ձեր կյանքն Աստծո կողմից տնօրինելու ձեր պատրաստակամությունը թույլ կտա, որ ձեր ուխտերը Աստծո հետ անխախտ մնան: Փրկիչը կբժշկի ձեր կոտրված սիրտը: Երկինքները կբացվեն, երբ ձգտեք իմանալ, թե ինչպես առաջ շարժվել: Հարկավոր չէ, որ դուք մոլորվեք կամ զարմանաք:

Եթե անկեղծ հարցեր ունեք ավետարանի կամ Եկեղեցու վերաբերյալ, երբ ընտրում եք թույլ տալ, որ Աստված տնօրինի, ձեզ կառաջնորդեն գտնել և հասկանալ բացարձակ, հավերժական ճշմարտություններ, որոնք կուղղորդեն ձեր կյանքը և կօգնեն ձեզ ամուր մնալ ուխտի արահետի վրա:

Երբ բախվում եք գայթակղության, նույնիսկ եթե գայթակղությունը գալիս է, երբ դուք ուժասպառ եք, ձեզ մենակ եք զգում կամ ձեզ սխալ են հասկացել, պատկերացրեք, որ կարող եք զինվել քաջությամբ, երբ նախընտրեք թույլ տալ, որ Աստված տնօրինի ձեր կյանքը, և երբ խնդրեք Նրան զորացնել ձեզ:

Երբ ձեր մեծագույն ցանկությունն է՝ թույլ տալ, որ Աստված տնօրինի, որ լինեք Իսրայելի մի մասը, այնքա՜ն շատ որոշումներ դյուրին կդառնան: Շա՛տ հարցեր կդառնան անկարևոր: Դուք կիմանաք,թե ինչպես հաճելիորեն ներկայացնել ձեզ: Դուք կիմանաք, թե ինչ դիտել և կարդալ, որտեղ անցկացնել ձեր ժամանակը և ում հետ շփվել: Դուք կիմանաք, թե ինչ եք ուզում իրականացնել: Դուք կիմանաք, թե ինչպիսի մարդ եք ցանկանում դառնալ իրականում:

Այժմ, իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, որպեսզի թույլ տաք, որ Աստված տնօրինի, պահանջվում է և՛ հավատք, և՛ համարձակություն: Ապաշխարելու և Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով բնական մարդուն հեռացնելու համար անհրաժեշտ է համառ ու ջանասեր հոգևոր աշխատանք:19 Հետևողական, ամենօրյա ջանքեր են պահանջվում, որպեսզի զարգացնենք անձնական սովորություններ՝ ավետարանն ուսումնասիրելու, Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին ավելին իմանալու, անձնական հայտնություն փնտրելու և դրան պատասխանելու համար:

Այս վտանգավոր ժամանակներում, որոնց մասին մարգարեացավ Պողոս Առաքյալը,20 սատանան այլևս չի էլ փորձում թաքցնել իր հարձակումներն Աստծո ծրագրի վրա: Բազմաթիվ չար գաղափարներ շատ տարածված են աշխարհում: Հետևաբար, հոգևոր գոյատևման միակ միջոցն է՝ վճռել թույլ տալ, որ Աստված տնօրինի մեր կյանքը, սովորել լսել Նրա ձայնը և օգտագործել մեր եռանդը` օգնելով Իսրայելի հավաքմանը:

Այժմ, Տերն ինչպե՞ս է վերաբերվում նրանց, ովքեր թույլ կտան, որ Աստված տնօրինի իրենց կյանքը: Նեփին լավ է ամփոփել սա. «[Տերը] սիրում է նրանց, ովքեր ցանկանում են, որ նա լինի իրենց Աստվածը: Ահա, նա սիրում էր մեր հայրերին, և նա ուխտեց նրանց հետ, այո, հենց Աբրահամի, Իսահակի և Հակոբի. և նա հիշում էր ուխտերը, որ նա արել էր»:21

Եվ ի՞նչ է պատրաստվում Տերն անել Իսրայելի համար։ Տերը խոստացել է, որ Ինքը «կկռվի մեր պատերազմներում, և մեր երեխաների պատերազմներում, և մեր երեխաների երեխաների … մինչև երրորդ և չորրորդ սերունդը»:22

Երբ հաջորդ վեց ամիսների ընթացքում դուք ուսումնասիրեք ձեր սուրբ գրությունները, խրախուսում եմ, որ կազմեք այն ամենի ցուցակը, որ Տերը խոստացել է անել ուխտի Իսրայելի համար: Կարծում եմ, որ դուք շատ կզարմանաք: Խորհեք այս խոստումների շուրջ: Դրանց մասին խոսեք ձեր ընտանիքների և ընկերների հետ։ Հետո ապրեք ու հետևեք, թե այդ խոստումներն ինչպես են կատարվում ձեր իսկ կյանքում:

Իմ թանկագի՛ն եղբայրներ և քույրեր, երբ ընտրեք թույլ տալ, որ Աստված տնօրինի ձեր կյանքը, ինքներդ կզգաք, որ մեր Աստվածը «հրաշքների Աստված է»:23 Որպես ժողովուրդ, մենք Նրա ուխտի զավակներն ենք, և մեզ կանչելու են Նրա անունով: Սրա մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

Հղումներ

  1. Որպես առաքյալ իմ կոչման 36 տարիների ընթացքում Իսրայելի մասին ես խոսել եմ իմ 800 ելույթներից առնվազն 378-ում:

  2. Եբրայերենում Աբրամը ազնվական անուն է, որը նշանակում է «վեհացած հայր»: Բայց երբ Աստված այդ անունը վերափոխեց Աբրահամի, այն ավելի մեծ նշանակություն ստացավ՝ «բազմության հայր»: Իսկապես, Աբրահամը պետք է լիներ «շատ ազգերի հայր»: (Տես Ծննդոց 17.5, Նեեմիա 9.7:)

  3. Տեր Աստված Եհովան ուխտ կապեց Աբրահամի հետ, որ աշխարհի Փրկիչը ծնվելու է Աբրահամի սերնդի միջոցով, որոշ երկրներ կժառանգվեն, և բոլոր ազգերը կօրհնվեն Աբրահամի տոհմի միջոցով (տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Աբրահամ, Աբրահամի ուխտ»)։

  4. Տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Իսրայել»։

  5. Իսրայել բառը սուրբ գրություններում կրկնվում է ավելի քան հազար անգամ: Այն կարող է վերաբերել Հակոբի (Իսրայելի) ընտանիքի 12 որդիներին, ինչպես նաև դուստրերին (տես Ծննդոց 35.23–26, 46.7): Այսօր այն կարող է աշխարհագրորեն կիրառվել որպես վայր՝ Երկիր մոլորակի վրա: Բայց դրա վարդապետական օգտագործումը վերաբերում է այն մարդկանց, ովքեր պատրաստ են թույլ տալ, որ Աստված տնօրինի իրենց կյանքը:

  6. Տես Ծննդոց 32.30, կարդացվում է նաև Փանուել Ծննդոց 32.31:

  7. Sես Ծննդոց 32.28:

  8. Տես Ծննդոց 35.11–12:

  9. Լրացուցիչ ուսումնասիրման համար տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Իսրայելի հավաքումը»։

  10. Եսայիա 54․7։

  11. Տես Եսայիա 11.11–12, 2 Նեփի 21.11–12, Մոսիա 15.11:

  12. Տես Encyclopedia of Mormonism (1992), “Solemn Assemblies,” 1:330-31:

  13. Մինչ մենք մասնակցում ենք Իսրայելի հավաքին, Տերը հրաշալի եղանակով նկարագրում է հավաքվողներին: Նա մեզ հավաքականորեն դիմում է որպես «սեպհական ժողովուրդ» (Ելից 19.5, Սաղմոս 135.4), որպես Իր «գոհարները» (Մաղաքիա 3.17, Վարդապետություն և Ուխտեր 101.3), և որպես «սուրբ ժողովուրդ» (Ելից 19.6, տես նաև Երկրորդ Օրինաց 14.2, 26.18):

  14. Այս արտահայտությունը վերաբերում է հենց այն ուխտին, որը Աստված կապեց Աբրահամի հետ, ասելով. «Քո սերունդների մեջ երկրի բոլոր ցեղերը պիտի օրհնվեն» (3 Նեփի 20․27): «Ուխտի մեջ ծնված» նշանակում է, որ մինչև մարդու ծնունդը, նրա մայրն ու հայրը կնքվել են տաճարում:

  15. Նման խոստում Աստծո կողմից ուսուցանվել է Աբրահամին . «Բոլոր նրանք, ովքեր ստանում են այս Ավետարանը, ձեր անունով կկոչվեն, և ձեր սերունդը հաշվելու են, և հարություն կառնեն և կօրհնեն ձեզ, ինչպես իրենց հայրը» (Աբրահամ 2.10, տես նաև Հռովմայեցիս 8.14–17, Գաղատացիս 3.26–29):

  16. Յուրաքանչյուր հավատարիմ անդամ կարող է խնդրել հայրապետական օրհնություն: Սուրբ Հոգու ներշնչմամբ հայրապետը հայտարարում է այդ մարդու տոհմը Իսրայելի տանը: Այդ հայտարարությունը պարտադիր չէ, որ արտահայտի իր ցեղը, ազգությունը կամ գենետիկ կազմը: Փոխարենը, հայտարարված տոհմը նույնացնում է Իսրայելի ցեղը, որի միջոցով այդ անհատը կստանա իր օրհնությունները:

  17. 2 Նեփի 26․33

  18. Տես Մոսիա 15․7: Իսրայելից լինելը սրտից թույլ մարդկանց համար չէ: Որպեսզի ստանանք այն բոլոր օրհնությունները, որոնք Աստված պահում է Աբրահամի սերնդի համար, յուրաքանչյուրս կարող է ակնկալել, որ մեզ կտրվի մեր յուրահատուկ «Աբրահամյան փորձությունը»: Ինչպես ուսուցանել է Մարգարե Ջոզեֆ Սմիթը, Աստված կփորձի այնպես, որ կդիպչի մեր սրտի լարերին: (See recollection of John Taylor in Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 231.)

  19. Տես Մոսիա 3․19։

  20. Sես Բ Տիմոթեոս 3.1-13:

  21. 1 Նեփի 17.40, շեշտադրումն ավելացված է:

  22. Վարդապետությւոն և Ուխտեր 98.37, տես նաև Սաղմոս 31.23, Եսայիս 49.25, Վարդապետություն և Ուխտեր 105.14:

  23. Մորմոն 9.11: