Գերագույն համաժողով
Միավորել սրտերը արդարությամբ ու միությամբ
2020 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Միավորել սրտերը արդարությամբ ու միությամբ

Մեր Եկեղեցու պատմության 200-ամյա այս հանգուցակետում, եկեք պարտավորվենք ապրել արդար և լինել միաբան՝ ինչպես երբեք նախկինում:

Արդարակեցությունն ու միաբանությունը շատ կարևոր են: 1 Երբ մարդիկ սիրում են Աստծուն իրենց ողջ սրտով և արդարացիորեն ձգտում են նմանվել Նրան, հասարակության մեջ ավելի քիչ հակառակություն և վեճեր են լինում: Եվ ավելի շատ միաբանություն է տիրում: Ես սիրում եմ մի իրական պատմություն, որը սրա վառ օրինակն է:

Երիտասարդ գեներալ Թոմաս Լ. Քեյնը, ով մեր հավատքից չէր, աջակցում և պաշտպանում էր Սրբերին, երբ նրանցից պահանջեցին հեռանալ Նավուից: Երկար տարիներ նա Եկեղեցու պաշտպանն էր: 2

1872 թվականին գեներալ Քեյնը, նրա շնորհալի կինը՝ Էլիզաբեթ Վուդ Քեյնը, և նրանց երկու որդիները Փենսիլվանիայի իրենց տնից ուղևորվեցին դեպի Սոլթ Լեյք Սիթի: Նրանք ուղեկցում էին Բրիգամ Յանգին և նրա պաշտոնակիցներին՝ դեպի Յուտայի Սենթ Ջորջ քաղաքը կատարվող գաղթի ընթացքում: Դեպի Յուտա իր առաջին այցի ժամանակ Էլիզաբեթը վերապահումով էր վերաբերվում կանանց: Նա զարմացավ որոշ բաների վրա, երբ իմացավ դրանց մասին: Օրինակ՝ նա պարզեց, որ Յուտայում ցանկացած մասնագիտություն, որով կինը կկարողանար ապրուստ վաստակել, հասանելի էր նրանց համար: 3 Նա նաև իմացավ, որ Եկեղեցու անդամները բարի ու հասկացող էին, և հարգանքով էին վերաբերվում բնիկ ամերիկացիներին: 4

Ուղևորության ընթացքում նրանք կանգ առան Ֆիլմորում՝ Թոմաս Ռ. և Մաթիլդա Ռոբինսոն Քինգերի տանը: 5

Էլիզաբեթը գրել է, որ երբ Մաթիլդան ուտելիք էր պատրաստում նախագահ Յանգի և նրա խմբի համար, հինգ ամերիկյան հնդկացիներ մտան սենյակ: Չնայած նրանց չէին հրավիրել, սակայն պարզ էր, որ նրանք ակնկալում էին միանալ խմբին: Քույր Քինգը նրանց հետ խոսում էր «նրանց բարբառով»: Նրանք նստել էին իրենց ծածկոցներով՝ հաճելի ժպիտը դեմքերին: Էլիզաբեթը հարցրեց Քինգի երեխաներից մեկին. «Ձեր մայրն ի՞նչ ասաց այդ մարդկանց»:

Մաթիլդայի որդին պատասխանեց. «Նա ասաց՝ այս մարդիկ առաջինն են եկել, և ես միայն նրանց համար եմ ուտելիք պատրաստել, բայց ձեր ուտելիքը կրակի վրա եփվում է հիմա, և ես կկանչեմ ձեզ, երբ այն պատրաստ լինի»:

Էլիզաբեթը հարցրեց. «Նա իրո՞ք կանի դա, թե ուղղակի նրանց կտա ուտելիքի մնացորդները խոհանոցի դռան մոտ»: 6

Մաթիլդայի որդին պատասխանեց. «Մայրիկը ուտելիք կմատուցի նրանց՝ ինչպես ձեզ, և տեղ կտա իր սեղանի շուրջը»:

Եվ նա այդպես էլ արեց, և «նրանք կերան կատարյալ պատշաճությամբ»: Էլիզաբեթը բացատրել է, որ այս հմուտ և գթասիրտ տանտիրուհու մասին ինքը հրաշալի կարծիք կազմեց: 7 Միասնությունն ամրապնդվում է, երբ մարդկանց վերաբերվում են արժանապատվությամբ և հարգանքով, նույնիսկ, եթե նրանք տարբեր են իրենց արտաքին բնութագրերով:

Որպես ղեկավարներ, մենք չենք ապրում պատրանքներով, թե անցյալում բոլոր հարաբերությունները կատարյալ էին, բոլորը Քրիստոսանման վարքագիծ ունեին, կամ բոլոր որոշումներն արդար էին: Սակայն մեր հավատքն ուսուցանում է, որ մենք բոլորս Երկնային Հոր զավակներն ենք, և երկրպագում ենք Նրան ու Նրա Որդի Հիսուս Քրիստոսին, ով մեր Փրկիչն է: Մենք ցանկանում ենք, որ մեր սրտերն ու մտքերը միավորվեն արդարությամբ և միությամբ, և մենք լինենք մեկ՝ Նրանց հետ: 8

Արդարությունը լայն, համապարփակ եզրույթ է, բայց այն, անշուշտ, ներառում է կենդանի Աստծո պատվիրանները: 9 Այն մեզ արժանի է դարձնում սրբազան արարողություններին, որոնք հաստատում են ուխտի արահետը և օրհնում են մեզ, որ Հոգին ուղղորդի մեր կյանքը: 10

Արդար լինելը կախված չէ նրանից, թե արդյոք մեզանից յուրաքանչյուրն այս պահին կունենա մեր կյանքի բոլոր օրհնությունները: Մենք կարող ենք ամուսնացած չլինել, օրհնված չլինել զավակներով կամ չունենալ ուրիշ ցանկալի օրհնություններ հիմա: Բայց Տերը խոստացել է, որ արդարները, ովքեր հավատարիմ են, «կարողանում են բնակվել Աստծո հետ երբեք չվերջացող երջանկության վիճակում»: 11

Միաբանությունը նույնպես լայն, համապարփակ եզրույթ է, բայց անշուշտ, հանդիսանում է առաջին և երկրորդ մեծ պատվիրանների օրինակը՝ սիրել Աստծուն և սիրել մեր մերձավորներին: 12 Այն մատնանշում է Սիոնի ժողովրդին, ում սրտերն ու մտքերը «միավորված են միությամբ»: 13

Իմ ուղերձի համատեքստն է՝ հակադրությունը և դրա տված դասերը սուրբ գրություններում:

200 տարի է անցել այն օրից, երբ Հայրն ու Իր Որդին առաջին անգամ հայտնվեցին և սկսեցին Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնումը 1820 թվականին: Մորմոնի Գրքի 4-րդ Նեփիում նկարագրված պատմությունը ներառում է նմանատիպ 200-ամյա ժամանակաշրջան այն բանից հետո, երբ Փրկիչը հայտնվեց և հիմնեց Իր Եկեղեցին հնադարյան Ամերիկայում:

Պատմական գրանցումը, որը մենք կարդում ենք 4-րդ Նեփիում, նկարագրում է մի ժողովրդի պատմություն, որտեղ չկային նախանձություններ, պայքարներ, խլրտումներ, պոռնկություններ, ստախոսություններ, սպանություններ, ոչ էլ որևէ ձևի հեշտասիրություն: Հիշատակարանն ասում է, որ այս արդարակեցության շնորհիվ. «անկասկած, ավելի երջանիկ ժողովուրդ չէր կարող լինել այն բոլոր ժողովուրդների մեջ, որոնք ստեղծվել էին Աստծո ձեռքով»։ 14

Միաբանության վերաբերյալ 4-րդ Նեփիի գլխում կարդում ենք. «Չկար ոչ մի հակառակություն երկրում Աստծո սիրո շնորհիվ, որը բնակվում էր մարդկանց սրտերում»: 15

Ցավոք, 4-րդ Նեփիի գլխում այնուհետև նկարագրվում է մի կտրուկ փոփոխություն, որը սկսվեց «երկու հարյուր և մեկերորդ տարում», 16 երբ անօրինությունն ու պառակտումը քայքայեցին արդարությունն ու միաբանությունը: Հետագայում ամբարշտությունն այնքան խորացավ, որ ի վերջո, մեծ մարգարե Մորմոնը ողբալով գանգատվում է իր որդուն.

«Բայց ա՜խ, որդի՛ս, ի՞նչպես կարող է այդպիսի մի ժողովուրդ, որի բերկրանքն այդքան շատ պղծության մեջ է:

Ի՞նչպես կարող ենք մենք սպասել, որ Աստված ետ կպահի իր ձեռքը մեր դեմ դատաստանում»: 17

Չնայած այս տնտեսությունում մենք ապրում ենք հատուկ ժամանակում, սակայն աշխարհը չի օրհնվել արդարությամբ ու միաբանությամբ, որը նկարագրված է 4-րդ Նեփիի գլխում: Հիրավի, մենք ապրում ենք ուժեղ պառակտումների մի հատուկ ժամանակաշրջանում: Սակայն միլիոնավոր մարդիկ, ովքեր ընդունել են Հիսուս Քրիստոսի ավետարանը, պարտավորվել են հասնել արդարության և միաբանության: Մենք բոլորս տեղյակ ենք, որ կարող ենք ավելին անել, և սա է մեր այսօրվա մարտահրավերը: Մենք կարող ենք լինել այն ուժը, որը կլավացնի և կօրհնի հասարակությունը՝ որպես մեկ ամբողջություն: Մեր Եկեղեցու պատմության 200-ամյա այս հանգուցակետում, որպես Տիրոջ Եկեղեցու անդամներ, եկեք ապրենք արդար և լինենք միաբան՝ ինչպես երբեք նախկինում: Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը խնդրել է մեզ «ցուցադրել ավելի մեծ բարեկրթություն, ռասայական և էթնիկական ներդաշնակություն, ինչպես նաև փոխադարձ հարգանք»: 18 Սա նշանակում է՝ սիրել միմյանց և Աստծուն, ընդունել բոլորին՝ որպես եղբայրներ և քույրեր, և իսկապես լինել Սիոնի ժողովուրդ:

Մենք կարող ենք միասնության օազիս լինել և ընդունել բազմազանությունը մեր համապարփակ վարդապետությունով։ Միասնությունն ու բազմազանությունը հակադրություններ չեն: Մենք կարող ենք հասնել ավելի մեծ միասնության, երբ հավասարության և հարգանքի մթնոլորտ խթանենք բազմազանության հանդեպ: 15 տարի ես ծառայել եմ Կալիֆորնիա Սան Ֆրանցիսկո ցցի նախագահությունում և մենք ունեցել ենք իսպաներենով, թոնգերենով, սամոերենով, թագալոգ և մանդարին լեզուներով խոսող համայնքներ: Մեր անգլախոս ծխերը կազմված էին տարբեր ռասայական և մշակութային ծագում ունեցող մարդկանցից: Կար սեր, արդարություն և միասնություն:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ծխերն ու ճյուղերը որոշվում են աշխարհագրական տեղակայումով և տեղի լեզվով, 19 այլ ոչ թե ռասայով և մշակույթով։ Ռասան չի նշվում անդամության գրանցումներում:

Մորմոնի Գրքի սկզբում՝ Քրիստոսի ծննդից մոտ 550 տարի առաջ, մեզ ուսուցանվում է այն հիմնարար պատվիրանը, որը վերաբերում է Երկնային Հոր զավակների միջև հարաբերություններին: Բոլորը պետք է պահեն Տիրոջ պատվիրանները, բոլորն են հրավիրվում ճաշակել Տիրոջ բարությունից. «Եվ նա չի մերժում ոչ մեկին, որ գալիս են դեպի իրեն, սև թե սպիտակ, ստրուկ թե ազատ, այր թե կին. և նա հիշում է հեթանոսներին. և բոլորը նույնն են Աստծո համար՝ թե՛ հրեան, թե՛ հեթանոսը»: 20

Փրկիչի ծառայությունն ու ուղերձը հետևողականորեն հայտարարում են, որ բոլոր ցեղերն ու մաշկի տարբեր գույն ունեցողներն Աստծո զավակներ են: Մենք բոլորս եղբայրներ և քույրեր ենք: Մեր վարդապետությունից իմանում ենք, որ Վերականգնումը հյուրընկալող երկրում՝ միացյալ Նահանգներում, Մ. Ն.-ի սահմանադրությունը 21 և առնչվող փաստաթղթերը, 22 որոնք գրվել են անկատար մարդկանց կողմից, ոգեշնչված են եղել Աստծո կողմից, որպեսզի օրհնեն բոլոր մարդկանց: Ինչպես կարդում ենք Վարդապետություն և Ուխտերում, այս փաստաթղթերը պետք է «հաստատվեն և պահպանվեն՝ ամեն մարմնի, իրավունքների ու պաշպանության համար, համաձայն արդար և սուրբ սկզբունքների»: 23 Այս սկզբունքներից երկուսը բարոյական կամքի ազատությունն ու պատասխանատվությունն էին մեր իսկ մեղքերի համար: Տերը հայտարարել է.

«Հետևաբար, արդարացի չէ, որ մի մարդ մեկ ուրիշի գերության տակ լինի:

Եվ այդ նպատակով եմ ես հաստատել այս երկրի Սահմանադրությունը, իմաստուն մարդկանց ձեռքով, որոնց ես բարձրացրել եմ հենց այդ նպատակի համար, և արյուն թափելով փրկագնել եմ երկիրը»: 24

Այս հայտնությունը ստացվեց 1833 թ.-ին, երբ Միսսուրիի Սրբերը ծանր հալածանքների էին ենթարկվում: Վարդապետություն և Ուխտեր 101 բաժնի վերնագրի մեջ մասամբ ասվում է. «Ամբոխները նրանց դուրս էին հանել Ջեքսոն գավառի իրենց տներից:… Մահվան շատ սպառնալիքներ կային Եկեղեցու անհատ անդամների հանդեպ»: 25

Սա լարվածության ժամանակ էր մի քանի առումներով: Միսսուրիի բնակիչներից շատերը բնիկ ամերիկացիներին համարում էին անողոք թշնամի և ցանկանում էին, որ նրանք հեռացվեն երկրից: Բացի այդ, Միսսուրիի վերաբնակիչներից շատերը ստրկատերեր էին և սպառնալիք էին զգում նրանց կողմից, ովքեր դեմ էին ստրկությանը:

Ի տարբերություն դրա՝ մեր վարդապետությունը հարգում էր բնիկ ամերիկացիներին, և մենք ցանկանում էինք նրանց սովորեցնել Հիսուս Քրիստոսի ավետարանը: Ինչ վերաբերում է ստրկությանը, մեր սուրբ գրությունները հստակեցրել են, որ ոչ մի մարդ մեկ ուրիշի գերության տակ չպետք է լինի: 26

Ի վերջո, Սրբերը բռնությամբ դուրս քշվեցին Միսսուրիից, 27 իսկ հետո հարկադրաբար տեղափոխվեցին դեպի Արևմուտք: 28 Սրբերը բարգավաճեցին և գտան այն խաղաղությունը, որն ուղեկցում է արդարությանը, միասնությանը և Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելուն:

Ուրախանում եմ Հովհաննեսի ավետարանում արձանագրված Փրկիչի բարեխոսական աղոթքով: Փրկիչը խոստովանեց, որ Հայրն ուղարկել էր Իրեն, և որ Ինքը՝ Փրկիչը, ավարտել էր այն գործը, որի համար Ինքն ուղարկվել էր: Հետո Նա աղոթեց Իր աշակերտների և նրանց համար, ովքեր կհավատան Քրիստոսին. «Որ ամենքը մեկ լինեն, ինչպես դու, Հայր, ինձանում, և ես քեզանում, որ նորանք էլ մեզանում մեկ լինեն»: 29 Միասնությունն այն է, ինչի համար Քրիստոսն աղոթեց՝ նախքան Իրեն կդավաճանեին ու կխաչեին:

Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման առաջին տարում, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտերի 38-րդ բաժնում, Տերը խոսում է պատերազմների և ամբարշտության մասին և հայտարարում է. «Եղեք մեկ. և եթե դուք մեկ չեք, դուք իմը չեք»: 30

Մեր եկեղեցու մշակույթը ծագում է Հիսուս Քրիստոսի ավետարանից: Հռոմեացիներին ուղղված Պողոս առաքյալի նամակը շատ խորիմաստ է: 31 Հռոմի վաղ շրջանի եկեղեցին բաղկացած էր հրեաներից և հեթանոսներից: Այս վաղեմի հրեաներն ունեին հուդայական մշակույթ և «նվաճեցին իրենց ազատությունը, սկսեցին բազմանալ և ծաղկել»: 32

Հռոմի հեթանոսների մշակույթն իր վրա զգալիորեն կրում էր հելլենիստական ազդեցությունը, որը Պողոս Առաքյալը լավ հասկացել էր Աթենքում և Կորնթոսում իր ունեցած փորձառությունների շնորհիվ:

Պողոսը համապարփակ ձևով ներկայացնում է Հիսուս Քրիստոսի ավետարանը: Նա ժամանակագրում է ինչպես հուդայականության, այնպես էլ հեթանոսական մշակույթի համապատասխան կողմերը, 33 որոնք հակասում են Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ավետարանին: Ըստ էության, նա խնդրում է նրանցից յուրաքանչյուրին թողնել իրենց հավատալիքների և մշակույթների մշակութային խոչընդոտները, որոնք չեն համապատասխանում Հիսուս Քրիստոսի ավետարանին: Պողոսը հրեաներին և հեթանոսներին հորդորում է պահել պատվիրանները, սիրել միմյանց և, հաստատում է, որ արդարությունը տանում է դեպի փրկություն: 34

Հիսուս Քրիստոսի ավետարանի մշակույթը հեթանոսական կամ հուդայական մշակույթ չէ: Այն չի որոշվում մաշկի գույնով կամ բնակության վայրով: Չնայած մենք ուրախանում ենք տարբեր մշակույթներով, մենք պետք է շրջանցենք այդ մշակույթների այն տիրույթները, որոնք հակասում են Հիսուս Քրիստոսի ավետարանին: Մեր անդամները և նորադարձները հաճախ ունեն տարբեր ռասայական և մշակութային ծագում: Եթե մենք հետևենք Նախագահ Նելսոնի հորդորին՝ հավաքելով ցրված Իսրայելը վարագույրի երկու կողմերում, ապա կտեսնենք, որ մենք նույնքան տարբեր ենք, որքան հրեաներն ու հեթանոսները Պողոսի ժամանակներում: Այնուամենայնիվ, մենք կարող ենք միավորված լինել Հիսուս Քրիստոսի հանդեպ սիրո և հավատի մեջ: Պողոսի նամակը հռոմեացիներին հաստատում է այն սկզբունքը, որ մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանի մշակույթին և վարդապետությանը: Դա մեզ համար օրինակ է նույնիսկ այսօր: 35 Տաճարային արարողությունները մեզ միավորում են հատուկ ձևերով և թույլ են տալիս մեզ լինել մեկ՝ հավերժական առանձնահատուկ ձևով:

Մենք պատվում ենք մեր ռահվիրա անդամներին ամբողջ աշխարհում ոչ թե այն պատճառով, որ նրանք կատարյալ էին, այլ այն պատճառով, որ նրանք հաղթահարեցին դժվարությունները, կատարեցին զոհաբերություններ, ձգտեցին լինել Քրիստոսանման, հավատ կառուցել և մեկ լինել Փրկիչի հետ: Փրկիչի հետ միասնությունը նրանց մեկ դարձրեց միմյանց հետ: Այս սկզբունքը այսօր ճիշտ է իմ և ձեզ համար:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներին ուղղված հստակ կոչն է՝ ձգտել լինել Սիոնի ժողովուրդ, ովքեր մեկ սրտի և մեկ մտքի են, և բնակվում են արդարության մեջ: 36

Ես աղոթում եմ, որ մենք արդար և միավորված լինենք, և ամբողջովին կենտրոնանք մեր Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին ծառայելու և երկրպագելու վրա, որի մասին ես վկայում եմ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Տես Վարդապետություն և Ուխտեր 38․27:

  2. Թոմաս Քեյնի ծառայությունը անդամների կողմից հետևողականորեն ներկայացվել է «որպես անձնազոհ զոհաբերության գործողություն՝ մի երիտասարդ իդեալիստի կողմից, ով ականատես է եղել այն անիրավություններին, որոնք դաժան և թշնամական մեծամասնության կողմից իրականացվել են հետապնդվող կրոնական փոքրամասնության հանդեպ» (introduction to Elizabeth Wood Kane, Twelve Mormon Homes Visited in Succession on a Journey through Utah to Arizona, ed. Everett L. Cooley [1974], viii):

  3. Տես Kane, Twelve Mormon Homes, 5:

  4. Տես Kane, Twelve Mormon Homes, 40:

  5. Տես Lowell C. (Ben) Bennion and Thomas R. Carter, “Touring Polygamous Utah with Elizabeth W. Kane, Winter 1872–1873,” BYU Studies, vol. 48, no. 4 (2009), 162:

  6. Ըստ երևույթին, Էլիզաբեթը ենթադրում էր, որ այդ ժամանակ ամերիկացիներից շատերը ամերիկյան հնդկացիներին պարզապես սննդի մնացորդներ կտային և նրանց հանդեպ խտրական վերաբերմունք կցուցաբերեին՝ իրենց մյուս հյուրերի համեմատ:

  7. Տես Twelve Mormon Homes, 64–65: Հատկանշական է, որ շատ ամերիկացի բնիկներ, ներառյալ մի քանի ղեկավարներ, Եկեղեցու անդամ դարձան: Տես նաև John Alton Peterson, Utah’s Black Hawk War (1998) 61; Scott R. Christensen, Sagwitch: Shoshone Chieftain, Mormon Elder, 1822–1887 (1999), 190–95:

  8. Այս տնտեսությունում «արդարները պիտի հավաքվեն բոլոր ազգերի միջից և պիտի գան Սիոն՝ երգելով հավիտենական ուրախության երգեր» (Վարդապետություն և Ուխտեր 45.71):

  9. Տես Վարդապետություն և Ուխտեր 105․3-5: Սուրբ գրությունները, որպես արդարության անհրաժեշտ տարր, հատուկ ուշադրություն են դարձնում աղքատների և կարիքավորների խնամքին:

  10. Տես Ալմա 36.30, տես նաև 1 Նեփի 2.20, Մոսիա 1.7. Ալմա 36.30-ի վերջին հատվածում ասվում է. «Որքան որ դուք չեք պահի Աստծո պատվիրանները, դուք կտրված կլինեք նրա ներկայությունից։ Արդ, սա նրա խոսքի համաձայն է»:

  11. Մոսիա 2.41։ Նախագահ Լորենզո Սնոուն (1814–1901) ուսուցանել է. «Չկա Վերջին Օրերի Սուրբ, ով հավատարիմ կյանքով ապրելուց հետո մահանա և կորցնի որևէ բան, որովհետև նրան չի հաջողվել անել որոշ բաներ, երբ հնարավորություններ չեն տրվել իրեն։ Այլ խոսքով ասած, եթե մի երիտասարդ տղամարդ կամ երիտասարդ կին հնարավորություն չունի ամուսնանալու, բայց ապրում է հաավատարիմ կյանքով մինչև իր մահվան ժամանակը, նա կունենան բոլոր օրհնությունները, վեհացում և փառք, որը կունենա ամեն տղամարդ կամ կին, ովքեր ունեցել են այդ հնարավորությունը և օգտվել այդ հնարավորությունից: Դա հաստատ է, համոզված եմ» ( Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Լորենզո Սնոու [2012], 150): Տես Մոսիա 2․41, տես նաև Richard G. Scott, “The Joy of Living the Great Plan of Happiness,” Ensign, Nov. 1996, 75:

  12. Տես 1 Հովհաննես 5․2։

  13. Մոսիա 18.21, տես նաև Մովսես 7.18:

  14. 4 Նեփի 1.16։

  15. 4 Նեփի 1.15:

  16. 4 Նեփի 1.24:

  17. Մորոնի 9.13-14։

  18. Տես Russell M. Nelson, in “First Presidency and NAACP Leaders Call for Greater Civility, Racial Harmony,” May 17, 2018, newsroom.ChurchofJesusChrist.org; see also “President Nelson Remarks at Worldwide Priesthood Celebration,” June 1, 2018, newsroom.ChurchofJesusChrist.org:

  19. Վարդապետություն և Ուխտեր 90.11-ում ասվում է, որ «ամեն մարդ կլսի ավետարանի լրիվությունն … իր մայրենի լեզվով»: Հետևաբար, լեզվական համայնքի միավորները սովորաբար հաստատվում են:

  20. 2 Նեփի 26․33:

  21. Տես Միացյալ Նահանգերի սահմանադրությունը:

  22. See United States Declaration of Independence (1776); Constitution of the United States, Amendments I–X (Bill of Rights), National Archives website, archives.gov/founding-docs.

  23. Վարդապետություն և Ուխտեր 101․77, շեշտադրումն ավելացված է։

  24. Վարդապետություն և Ուխտեր 101․79-80։

  25. Վարդապետություն և Ուխտեր 101, բաժնի վերնագիրը։

  26. Տես Սրբերը․ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու պատմությունը, հատ. 1, The Standard of Truth, 1815–1846 (2018), 172–74; James B. Allen and Glen M. Leonard, The Story of the Latter-day Saints, 2nd ed. (1992), 93–94; Ronald W. Walker, “Seeking the ‘Remnant’: The Native American during the Joseph Smith Period,” Journal of Mormon History, vol. 19, no. 1 (Spring 1993), 14–16:

  27. Տես Սրբերը, 1:359–83; William G. Hartley, “The Saints’ Forced Exodus from Missouri, 1839,” in Richard Neitzel Holzapfel and Kent P. Jackson, eds., Joseph Smith, the Prophet and Seer (2010), 347–89; Alexander L. Baugh, “The Mormons Must Be Treated as Enemies,” in Susan Easton Black and Andrew C. Skinner, eds., Joseph: Exploring the Life and Ministry of the Prophet (2005), 284–95:

  28. Տես Սրբերը․ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու պատմությունը, հատ. 2, No Unhallowed Hand, 1846–1893 (2020), 3–68; Richard E. Bennett, We’ll Find the Place: The Mormon Exodus, 1846–1848 (1997); William W. Slaughter and Michael Landon, Trail of Hope: The Story of the Mormon Trail (1997):

  29. Հովհաննես 17.21։

  30. Վարդապետություն և Ուխտեր 38.27:

  31. Հռոմեացիներին ուղղված նամակը համապարփակ է վարդապետությունը հռչակելու հարցում: Հռոմեացիները գիրքը պարունակում է Քավության միակ հիշատակումը Նոր Կտակարանում: Ես սկսեցի գնահատել Հռոմեացիներին ուղղված նամակը՝ Հիսուս Քրիստոսի ավետարանի միջոցով բազմազան մարդկանց միավորելու համար, երբ ես ծառայում էի որպես ցցի նախագահ՝ բազմաթիվ ռասայական և մշակութային ծագմամբ, տարբեր լեզուներով խոսող անդամների հետ:

  32. Sես Frederic W. Farrar, The Life and Work of St. Paul (1898), 446:

  33. See Farrar, The Life and Work of St. Paul, 450:

  34. Տես Հռովմայեցիս 13:

  35. Տես Dallin H. Oaks, “The Gospel Culture,” Liahona, Mar. 2012, 22–25; see also Richard G. Scott, “Removing Barriers to Happiness,” Ensign, May 1998, 85–87:

  36. Տես Մովսես 7.18: