Գերագույն համաժողով
Մենք խոսում ենք Քրիստոսի մասին
2020 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Մենք խոսում ենք Քրիստոսի մասին

Քանի որ աշխարհը ավելի քիչ է խոսում Հիսուս Քրիստոսի մասին, եկեք մենք ավելի շատ խոսենք Նրա մասին:

Ես հայտնում եմ իմ սերը ձեր՝ մեր սիրելի ընկերների և հավատակիցների հանդեպ: Այս վերջին ամիսների ընթացքում ես հիացել եմ ձեր հավատով և քաջությամբ, քանի որ համաշխարհային այս համավարակը խաթարել է մեր կյանքը և խլել է ընտանիքի թանկագին անդամներին ու սիրելի ընկերներին:

Անորոշության այս ժամանակահատվածում ես անսովոր երախտագիտություն եմ զգացել իմ վստահ և որոշակի գիտելիքների համար, որ Հիսուսը Քրիստոսն է: Դուք երբևէ ունեցե՞լ եք այդպիսի զգացում: Դժվարություններ կան, որոնք ծանրանում են մեզանից յուրաքանչյուրի վրա, բայց միշտ մեր առջև կանգնած է Նա, ով խոնարհաբար հայտարարել է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը»:1 Չնայած մենք ապրում ենք ֆիզիկական մեկուսացման ժամանակաշրջանում, մենք չպիտի հոգևորապես մեկուսանանք Նրանից, ով սիրով թախանձում է մեզ. «Ինձ մօտ եկէք»:2

Ինչպես պարզ ու մութ երկնքում առաջնորդող աստղ՝ Հիսուս Քրիստոսը լուսավորում է մեր ճանապարհը: Նա աշխարհ եկավ մի համեստ ախոռում: Նա ապրեց կատարյալ կյանքով: Նա բժշկեց հիվանդներին, տեսողություն տվեց կույրերին և բարձրացրեց մեռյալներին։ Նա մոռացվածների ընկերն էր: Նա մեզ սովորեցրեց բարիք գործել, հնազանդվել և սիրել միմյանց: Նա խաչվեց խաչի վրա, վեհաշուքորեն բարձրանալով երեք օր անց, թույլ տալով, որ մենք և նրանք, ում սիրում ենք, ապրեն մահից հետո: Իր անզուգական ողորմությամբ և շնորհով Նա Իր վրա վերցրեց մեր մեղքերն ու տառապանքները՝ ներում բերելով, երբ մենք ապաշխարում ենք, և խաղաղություն՝ կյանքի փոթորիկներում: Մենք սիրում ենք նրան: Մենք երկրպագում ենք Նրան։ Մենք հետևում ենք Նրան: Նա մեր հոգիների խարիսխն է:

Հետաքրքիր է, որ մինչ այս հոգևոր համոզմունքն աճում է մեր մեջ, աշխարհում կան մարդիկ, ովքեր շատ քիչ բան գիտեն Հիսուս Քրիստոսի մասին, իսկ աշխարհի որոշ մասերում, որտեղ դարեր շարունակ հռչակվում է Նրա անունը, հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ նվազում է: Եվրոպայի անվեհեր Սրբերը տասնամյակների ընթացքում տեսել են, թե ինչպես է իրենց երկրներում հավատը անկում ապրում:3 Ցավոք, այստեղ՝ Միացյալ Նահանգներում, հավատը նույնպես նահանջում է: Վերջերս կատարված ուսումնասիրությունը պարզել է, որ վերջին տասը տարիների ընթացքում ԱՄՆ-ում 30 միլիոն մարդ հեռացել է Հիսուս Քրիստոսի աստվածությանը հավատալուց:4 Ամբողջ աշխարհում անցկացված մեկ այլ ուսումնասիրություն կանխատեսում է, որ առաջիկա տասնամյակների ընթացքում Քրիստոնեությունից հեռանալու է երկու անգամ ավելի շատ մարդ, քան նրանք, ովքեր ընդունելու են այն:5

Մենք, իհարկե, հարգում ենք յուրաքանչյուրի ընտրության իրավունքը, այնուամենայնիվ, մեր Երկնային Հայրը հայտարարել է. «Դա է իմ սիրելի Որդին. Դորան լսեցէք»:6 Ես վկայում եմ, որ կգա մի օր, երբ ամեն ծունկ կծալվի և ամեն լեզու կխոստովանի, որ Հիսուսը Քրիստոսն է:7

Ինչպե՞ս պետք է արձագանքենք մեր փոփոխվող աշխարհին: Մինչ ոմանք անտեսում են իրենց հավատը, մյուսները փնտրում են ճշմարտությունը: Մենք մեզ վրա ենք վերցրել Փրկիչի անունը։ Ուրիշ ի՞նչ կարող ենք անել:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի պատրաստությունը

Մեր պատասխանի մի մասը կարող է տրվել, երբ մենք վերանայենք, թե Տերն ինչպես է ուսուցանել Նախագահ Ռասսել Մ. Նելսոնին՝ Եկեղեցու նախագահի իր կանչը ստանձնելու նախորդող ամիսներին: Իր կանչից մեկ տարի առաջ Նախագահ Նելսոնը հրավիրեց մեզ ավելի խորը ուսումնասիրել Թեմատիկ ուղեցույցում տրված Հիսուս Քրիստոսի անվան 2200 հիշատակումները:8

Նկար
Նախագահ Նելսոնը ուսումնասիրում է սուրբ գրությունները

Ապրիլյան գերագույն համաժողովից երեք ամիս անց նա խոսեց այն մասին, որ նույնիսկ տասնամյակների իր նվիրված աշակերտությամբ հանդերձ, Հիսուս Քրիստոսի մասին այս ավելի խորը ուսումնասիրությունը մեծապես ազդել է իր վրա: Քույր Վենդի Նելսոնը հարցրել է նրան դրա ազդեցության մասին: Նա պատասխանել է. «Ես ուրի՛շ մարդ եմ»: Նա ուրի՞շ մարդ էր։ 92 տարեկանում ուրի՞շ մարդ: Նախագահ Նելսոնը բացատրեց․

«Երբ մենք ժամանակ ենք ներդնում Փրկիչի և Նրա քավիչ զոհաբերության մասին սովորելու համար, մենք ձգտում ենք դեպի [Նա]: …

… Մեր կենտրոնացումը բևեռվում է Փրկիչի ու Նրա ավետարանի վրա»։9

Փրկիչն ասել է․ «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում»։10

Աշխատանքի, հոգսերի և արժանի ջանքերի աշխարհում մենք պահում ենք մեր սիրտը, միտքը և խոհերը Նրա վրա, ով մեր հույսն ու փրկությունն է:

Եթե Փրկիչի մասին նոր ուսումնասիրությունը օգնեց Նախագահ Նելսոնին պատրաստվել, մի՞թե չի կարող նաև մեզ օգնել պատրաստվել:

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը

Շեշտելով Եկեղեցու անունը, նախագահ Նելսոնն ուսուցանել է. «Եթե … մենք պետք է ունենանք Հիսուս Քրիստոսի Քավության զորությունը, որ մաքրի և բժշկի մեզ, ամրացնի և զորացնի մեզ և, ի վերջո, վեհացնի մեզ, ապա մենք, ակնհայտորեն, պետք է ընդունենք Նրան՝ որպես այդ զորության աղբյուր»։11 Նախագահ Նելսոնը մեզ սովորեցրեց, որ հետևողականորեն օգտագործելով Եկեղեցու ճիշտ անունը, մի բան, որը կարող է փոքր թվալ, բոլորովին էլ փոքր չէ և կերտելու է աշխարհի ապագան:

Ձեր պատրաստության խոստումը

Ես խոստանում եմ ձեզ, որ երբ դուք պատրաստվեք՝ ինչպես նախագահ Նելսոնը պատրաստվեց, դուք նույնպես կփոխվեք՝ ավելի շատ մտածելով Փրկիչի մասին, ավելի հաճախ խոսելով Նրա մասին և ավելի քիչ տարակուսելով: Երբ դուք ավելի խորը ճանաչեք ու սիրեք Նրան, ձեր խոսքերն ավելի սահուն ընթացք կունենան, ինչպես դա տեղի է ունենում, երբ մենք խոսում ենք մեր երեխաներից մեկի կամ սիրելի ընկերոջ մասին: Ձեզ լսողներն ավելի քիչ կուզենան բանավիճել ձեզ հետ և հերքել ձեզ, և ավելի շատ կցանկանան սովորել ձեզանից:

Ես և դուք՝ մենք բոլորս, խոսում ենք Հիսուս Քրիստոսի մասին, բայց գուցե կարող ենք մի փոքր ավելի լավ անել դա: Եթե աշխարհը պատրաստվում է ավելի քիչ խոսել Նրա մասին, ապա ո՞վ է ավելի շատ խոսելու Նրա մասին: Մե՛նք: Մյուս նվիրյալ քրիստոնյաների հետ միասի՛ն:

Խոսենք Քրիստոսի մասին մեր տներում

Արդյո՞ք մեր տներում կան Փրկիչի նկարներ: Հաճա՞խ ենք մեր երեխաների հետ խոսում Հիսուսի առակների մասին: «Հիսուսի պատմությունները նման են մեր երեխաների սրտերում հավատքի կայծը բորբոքող քամու»:12 Երբ ձեր երեխաները ձեզ հարցեր են տալիս, գիտակցաբար ուսուցանեք այն, ինչ ուսուցանել է Փրկիչը: Օրինակ, եթե ձեր երեխան հարցնում է. «Հայրի՛կ, մենք ինչու՞ ենք աղոթում»: Կարող եք պատասխանել. «Հրաշալի հարց է: Դու հիշու՞մ ես՝ ինչպես էր Հիսուսն աղոթում: Արի խոսենք այն մասին, թե Նա ինչու էր աղոթում և ինչպես էր աղոթում»:

«Մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, … որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրների կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար»։13

Քրիստոսի մասին խոսենք Եկեղեցում

Այս նույն սուրբ գրությունը հավելում է, որ «մենք քարոզում ենք Քրիստոսի մասին»:14 Մեր երկրպագության ծառայություններում եկեք կենտրոնանանք Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Նրա քավիչ զոհաբերության պարգևի վրա: Սա չի նշանակում, որ մենք չենք կարող պատմել սեփական կյանքի փորձը կամ կիսվել ուրիշների մտքերով: Չնայած մեր թեման կարող է վերաբերել ընտանիքներին կամ ծառայությանը, տաճարներին կամ վերջին միսիային, սակայն մեր երկրպագության մեջ ամեն ինչ պետք է մատնանշի Տեր Հիսուս Քրիստոսին:

Երեսուն տարի առաջ Նախագահ Դալլին Հ. Օուքսը խոսեց մի նամակի մասին, որը ստացել էր «մի մարդուց, ով ասում էր, որ ինքը մասնակցել էր մի [հաղորդության] ժողովի և լսել տասնյոթ վկայություն՝ առանց Փրկիչի անվան հիշատակման»:15 Նախագահ Օուքսն այնուհետև նշեց. «Գուցե այդ նկարագրությունը չափազանցված է, [բայց] ես մեջբերում եմ, քանի որ դա ցայտուն հիշեցում է բոլորիս համար»:16 Հետո նա հրավիրեց մեզ մեր ելույթներում ու դասարանական քննարկումներում ավելի շատ խոսել Հիսուս Քրիստոսի մասին: Ես նկատել եմ, որ մեր Եկեղեցու ժողովներում մենք ավելի ու ավելի ենք կենտրոնանում Քրիստոսի վրա: Եկեք գիտակցաբար շարունակենք այս շատ դրական ջանքերը:

Քրիստոսի մասին խոսենք ուրիշների հետ

Մեզ շրջապատողների հետ եկեք ավելի անկեղծ և ավելի պատրաստակամ խոսենք Քրիստոսի մասին: Նախագահ Նելսոնն ասել է․ «Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները պատրաստ են առանձնանալ, բարձրաձայնել և տարբերվել աշխարհի մարդկանցից»։17

Երբեմն մենք կարծում ենք, որ ինչ-որ մեկի հետ զրույցը պետք է հանգեցնի նրան, որ նա եկեղեցի գա կամ հանդիպի միսիոներների հետ: Թող Տերն ուղղորդի նրանց, եթե նրանք պատրաստակամ են, մինչ մենք ավելի շատ մտածում ենք Նրա ձայնը հանդիսանալու մեր պատասխանատվության մասին՝ լինելով միշտ խորամիտ և բաց՝ մեր հավատքի վերաբերյալ: Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը մեզ սովորեցրել է, որ երբ ինչ-որ մեկը մեզ հարցնում է մեր հանգստյան օրերի մասին, մենք պետք է պատրաստ լինենք ուրախությամբ պատասխանել, որ սիրում ենք լսել Երեխաների միության երգը՝ «Ես փորձում եմ նմանվել Հիսուսին»:18 Եկեք բարությամբ վկայենք Քրիստոսի հանդեպ մեր հավատքի մասին: Եթե ինչ-որ մեկը խոսում է իր անձնական կյանքի որևէ խնդրի մասին, մենք կարող ենք ասել. «Ջո՛ն, Մե՛րի, դուք գիտեք, որ ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին: Ես մտածում էի Նրա խոսքերի մասին, որոնք կարող են օգնել ձեզ»:

Ավելի անկեղծ եղեք սոցիալական լրատվամիջոցներում՝ խոսելով Քրիստոսի հանդեպ ձեր վստահության մասին: Շատերը կհարգեն մեր հավատքը, բայց եթե մեկը քամահրական վերաբերմունք է դրսևորում, երբ խոսում եք Փրկիչի մասին, համարձակություն վերցրեք Նրա խոստումից. «Երանի ձեզ, երբ կնախատեն ձեզ իմ պատճառովը:… [Քանզի] ձեր վարձքը շատ է երկնքումը»:19 Մենք ավելի շատ մտածում ենք Նրա հետևորդներ լինելու մասին, քան մտածում ենք դուր գալ մեր սեփական հետևորդներին: Պետրոսը խորհուրդ է տվել․ «Եվ միշտ պատրաստ եղէք պատասխան տալու ձեր մէջ եղած հույսի համար պատճառ հարցնէ»։20 Եկեք խոսենք Քրիստոսի մասին։

Մորմոնի Գիրքը հզոր վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին: Փաստորեն յուրաքանչյուր էջ վկայում է Փրկիչի և Նրա աստվածային առաքելության մասին:21 Մորմոնի Գրքի էջերը հագեցած են Նրա Քավության և շնորհի հասկացողությամբ: Որպես Նոր Կտակարանի ուղեկից՝ Մորմոնի Գիրքն օգնում է մեզ ավելի լավ հասկանալ, թե ինչու է Փրկիչը եկել մեզ փրկելու, և մենք ինչպես կարող ենք ավելի լիարժեք գալ Նրա մոտ:

Մեր ընկերակից քրիստոնյաներից ոմանք, երբեմն, անվստահություն են ցուցաբերում մեր համոզմունքների և դրդապատճառների հանդեպ: Եկեք անկեղծորեն ուրախանանք նրանց հետ Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած մեր ընդհանուր հավատքով և Նոր Կտակարանի սուրբ գրություններով, որոնք բոլորս սիրում ենք: Առաջիկա տարիներին նրանք, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին, միմյանց բարեկամության և աջակցության կարիքը կունենան:22

Նկար
Աշխարհի լույսը

Քանի որ աշխարհը ավելի քիչ է խոսում Հիսուս Քրիստոսի մասին, եկեք մենք ավելի շատ խոսենք Նրա մասին: Երբ մեր իրական բնույթը բացահայտվի՝ որպես Նրա աշակերտներ, մեր շրջապատից շատերը պատրաստ կլինեն լսել մեզ: Երբ մենք կիսվենք լույսով, որը ստացել ենք նրանից, Նրա լույսն ու փրկող բացառիկ զորությունը կփայլեն նրանց վրա, ովքեր պատրաստ են բացել իրենց սրտերը: Հիսուսն ասել է. «Ես … [որպես] լույս եկայ աշխարհքը»։23

Մեծացնենք Քրիստոսի մասին խոսելու մեր ցանկությունը

Ոչինչ այնքան չի մեծացնում Քրիստոսի մասին խոսելու իմ ցանկությունը, որքան նրա վերադարձը պատկերացնելը: Չնայած մենք չգիտենք, թե Նա երբ է գալու, Նրա վերադարձի իրադարձությունները ցնցող կլինեն: Նա կգա երկնքի ամպերի մեջ՝ վեհությամբ ու փառքով, Իր բոլոր սուրբ հրեշտակներով: Ոչ թե մի քանի հրեշտակ, այլ Նրա բոլոր սուրբ հրեշտակները: Մենք չենք խոսում Ռաֆայելի նկարած վարդագույն այտերով քերովբեների մասին, որոնք կան «Վալենտինի» օրվա քարտերի վրա: Սրանք դարերի հրեշտակներն են. հրեշտակներ, որոնք ուղարկվել են՝ առյուծների բերանը փակելու և 24 բանտի դռները բացելու համար,25 ազդարարելու Նրա երկար սպասված ծնունդը և26 Գեթսեմանիում Նրան սփոփելու համար,27 հավաստիացնելու աշակերտներին Նրա Համբարձման ժամանակ,28 և բացելու ավետարանի փառահեղ վերականգնումը:29

Նկար
Երկրորդ Գալուստը

Կարո՞ղ եք պատկերացնել, որ մենք «կհափշտակվեն[ք] վեր, որ դիմավորեն[ք]» Նրան` վարագույրի այս կամ այն կողմում:30 Դա Նրա խոստումն է արդարներին: Այդ փորձառությունը հավերժ ազդեցություն կթողնի մեր հոգիների վրա:

Որքան երախտապարտ ենք մեր սիրելի մարգարեի՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնի համար, ով մեծացրել է Փրկիչին սիրելու և Նրա աստվածությունը հռչակելու մեր ցանկությունը: Ես վկա եմ, որ Տիրոջ ձեռքը նրա վրա է և վկա եմ հայտնության պարգևին, որն առաջնորդում է նրան: Նախագահ Նելսոն, մենք անհամբեր սպասում ենք ձեր խորհրդին:

Իմ թանկագի՛ն ընկերներ ամբողջ աշխարհում, եկեք խոսենք Քրիստոսի մասին՝ սպասելով Նրա փառավոր խոստմանը. «Ով որ ինձ մարդկանց առաջին դավանե, ես էլ նորան կդավանեմ իմ Հոր առաջին»:31 Ես վկայում եմ, որ Նա Աստծո Որդին է: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։