Գերագույն համաժողով
Համբերութիւնը թող կատարեալ գործ ունենայ, և բոլորովին ուրախութիւն համարեցէք
2020 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Համբերութիւնը թող կատարեալ գործ ունենայ, և բոլորովին ուրախութիւն համարեցէք

Երբ համբերատար ենք, մեր հավատքը մեծանում է։ Երբ մեծանում է մեր հավատքը, մեծանում է նաև մեր ուրախությունը։

Երկու տարի առաջ իմ կրտսեր եղբայրը՝ Չադը, անցավ վարագույրի մյուս կողմը։ Նրա մահը դատարկ տեղ թողեց հարսիս՝ Ստեֆանիի, նրանց երկու փոքր երեխաների՝ Բրեյդընի և Բելլայի ինչպես նաև ընտանիքի մնացած անդամների սրտերում: Մենք սփոփանք գտանք երեց Նիլ Լ․ Անդերսենի խոսքերում, որոնք հնչել էին Չադի մահից մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած գերագույն համաժողովում. «Երկրային փորձությունների խաչմերուկում համբերությամբ առաջ գնացեք և Փրկիչի բուժիչ ուժը կբերի լույս, հասկացողություն, խաղաղություն և հույս» («Խոցվածը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 85)։

Նկար
Չադ Յագիի ընտանիքը

Մենք հավատք ունենք Հիսուս Քրիստոսի հանդեպ, մենք գիտենք, որ կրկին կմիանանք Չադին, բայց նրա ֆիզիկական բացակայությունը ցավ է պատճառում: Շատերն են կորցրել իրենց սիրելիների մարդկանց։ Դժվար է համբերատար լինել և սպասել այն ժամանակին, երբ մենք նորից կմիանանք նրանց:

Նրա մահից մեկ տարի անց մենք այնպիսի զգացում ունեինք, որ մութ ամպը ծածկել էր մեզ: Մենք ապաստան էինք փնտրում, ուսումնասիրելով սուրբ գրությունները, ավելի ջերմեռանդ աղոթելով և ավելի հաճախ այցելելով տաճար։ Այս օրհներգի տողերը արտացոլում են այդ ժամանակ ունեցած մեր զգացմունքները. «Լույսը բացվում է, աշխարհն արթնանում է, գիշերվա մութ ամպերը փախչում են» (“The Day Dawn Is Breaking,” Hymns, no. 52)։

Մեր ընտանիքը որոշեց, որ 2020 թվականը թարմության տարի կլինի: 2019 թվականի նոյեմբերի վերջն էր։ Մենք ուսումնասիրում էինք Եկ, հետևիր ինձ ծրագրի մեր դասը Նոր կտակարանի Հակոբոսի գրքից, երբ մի թեմա բացահայտեցինք մեզ համար։ Հակոբոսի գրքի 1-ին գլխի 2-րդ հատվածում կարդում ենք․ «Եղբայրնե՛րս, բոլորովին ուրախություն համարեք, երբ շատ նեղությունների մեջ եք ընկնում» (Ջոզեֆ Սմիթի թարգմանություն, Հակոբոս1․2 [Հակոբոս 1․2, ծանոթագրություն ա])։ Նոր տարին, նոր տասնամյակը ուրախությամբ սկսելու ցանկությամբ հանդերձ, մենք որոշեցինք, որ 2020 թվականը «բոլորովին ուրախություն համարենք»: Մեր այդ ցանկությունն այնքան մեծ էր, որ անցյալ Սուրբ ծննդյան տոներին մենք մեր եղբայրներին ու քույրերին վերնաշապիկներ նվիրեցինք, որոնց վրա թավատառ գրված էր․ «բոլորովին ուրախություն համարեք»։ 2020 թվականն, անշուշտ, ուրախության և ուրախանալու տարի կլիներ:

Եվ ահա, թե ինչ եղավ՝ հակառակ դրան, 2020 թվականը բերեց COVID-19 համավարակը, քաղաքացիական անկարգություններ, ավելի շատ բնական աղետներ և տնտեսական մարտահրավերներ: Մեր Երկնային Հայրը կարող է մեզ ժամանակ տալ մտածելու և խորհելու համբերության մասին մեր պատկերացման շուրջ և ուրախությունն ընտրելու մեր գիտակցված որոշման մասին:

Այդ պահից սկսած Հակոբոսի գիրքը նոր իմաստ ստացավ մեզ համար։ Հակոբոս, գլուխ 1, հատվածներ 3 և 4-ում շարունակվում է․

«Գիտենալով որ ձեր հաւատքի փորձառութիւնը համբերութիւն է գործում։

Իսկ համբերութիւնը թող կատարեալ գործ ունենայ. որ կատարեալ եւ ամբողջ լինիք, եւ ոչ մի բանի պակասութիւն չ’ունենաք»։

Երբ փորձում էինք ուրախություն գտնել մեր փորձությունների կիզակետում, մենք մոռացել էինք, որ համբերությունն էր բանալին, որը թույլ կտար, որ այդ փորձություններն աշխատեին մեր օգտի համար:

Բենիամին թագավորն ուսուցանել է մեզ, որ հանենք բնական մարդուն և դառնանք «սուրբ, Տեր Քրիստոսի քավությամբ, և դառնա[նք] ինչպես մի երեխա` ենթարկվող, հեզ, խոնարհ, համբերատար, սիրով լի, հոժար` ենթարկվելու բոլոր բաներին» (Մոսիա 3․19

Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի 6-րդ գլխում ուսուցանվում է Քրիստոսի այն հատկանիշների մասին, որոնք մենք պետք է ընդօրինակենք․ «Համբերությունը, առանց զայրանալու, հուսահատվելու կամ տագնապելու, արգելքի, նեղության, ընդդիմության կամ տառապանքի դիմանալու ունակությունն է։ Դա Աստծո կամքը կատարելու և Նրա ժամանակացույցն ընդունելու մեր ունակությունն է։ Երբ դուք համբերատար եք, դիմանում եք փորձություններին և կարողանում եք հանգիստ և հույսով դիմակայել ձախորդությանը» (Քարոզիր Իմ Ավետարանը. Միսիոներական ծառայության ուղեցույց, խմբ․ հրատ․ [2019], 126)։

Համբերության կատարյալ գործը պատկերված է նաև Քրիստոսի վաղեմի աշակերտներից մեկի՝ Սիմոն Կանանացու կյանքում: Զելոտները հրեա ազգայնականների խումբ էին, որոնք կտրականապես դեմ էին հռոմեական կառավարմանը: Զելոտական շարժումը բռնություն էր քարոզում հռոմեացիների, նրանց հրեա համագործակիցների և սադուկեցիների հանդեպ։ Նրանք մթերքի պաշարներ էին թալանում և հետապնդում այլ նպատակներ` հանուն իրենց գործի (տես Encyclopedia Britannica, “Zealot,” britannica.com)։ Սիմոն Կանանացին զելոտ էր (տես Ղուկաս 6․15)։ Պատկերացրեք, որ Սիմոնը փորձում էր համոզել Փրկիչին զենք վերցնել, ղեկավարել զինված խումբ կամ քաոսի վերածել Երուսաղեմը։ Հիսուսն ուսուցանել է.

«Երանի հեզերին, որ նորանք կժառանգեն երկիրը: …

Երանի ողորմածներին, որ նորանք ողորմություն կգտնեն: …

Երանի խաղաղութիւն անողներին, որ նորանք Աստուծոյ որդիք կկոչվին» (Մատթեոս 5․5, 7, 9

Սիմոնը գուցե նախանձախնդրորեն և կրքով էր ընդունում ու պաշտպանում իր փիլիսոփայությունը, բայց սուրբ գրություններն ասում են, որ Փրկիչի ազդեցության և օրինակի շնորհիվ նրա մտադրությունը փոխվեց: Քրիստոսի աշակերտը դառնալու նպատակը դարձավ նրա կյանքի հիմնական ուղղվածությունը:

Երբ Աստծո հետ ուխտեր ենք կապում և պահում, Փրկիչն օգնում է մեզ «վերստին ծնվել, այո, Աստծուց ծնվել, [մեր] մարմնական ու ընկած վիճակից փոխված դեպի արդարության մի վիճակի, փրկագնվելով Աստծո կողմից, դառնալով նրա որդիներն ու դուստրերը» (Մոսիա 27․25

Մեր օրվա սոցիալական, կրոնական և քաղաքական բոլոր նախանձախնդիր ջանքերից, թող Հիսուս Քրիստոսի աշակերտը լինելու ջանքը լինի մեր ամենաակնառու և հավաստի պատկանելությունը: «Որովհետեւ ինչ տեղ որ ձեր գանձն է, այն տեղ կ’լինի եւ ձեր սիրտը» (Մատթեոս 6․21)։ Եկեք նաև չմոռանանք, որ նույնիսկ այն բանից հետո, երբ հավատարիմ աշակերտները «Աստուծոյ կամքն [արեցին]», նրանց նույնպես «համբերութիւն է[ր] պէտք» (Եբրայեցիս 10․36

Ինչպես մեր հավատքի փորձառությունն է համբերություն գործում մեր մեջ, այնպես էլ երբ մենք համբերություն ենք գործադրում, մեր հավատքը մեծանում է: Երբ մեծանում է մեր հավատքը, մեծանում է նաև մեր ուրախությունը։

Այս անցած մարտ ամսին մեր երկրորդ դուստրը՝ Էմման, եկեղեցու շատ միսիոներների նման, պարտադիր մեկուսացման մեջ էր: Միսիոներներից շատերը վերադարձան տուն։ Շատերը սպասեցին վերանշանակման։ Նրանցից շատերը չստացան իրենց տաճարային օրհնությունները` նախքան միսիա մեկնելը: Շնորհակալությու՛ն, երեցնե՛ր և քույրե՛ր։ Մենք սիրո՛ւմ ենք ձեզ:

Էմման և նրա զուգընկերուհին Նիդեռլանդներում շատ լարված էին այդ առաջին մի քանի շաբաթների ընթացքում. այնքան լարված՝ որ հաճախ արտասվում էին։ Միայն կարճատև անհատական շփումների և տնից դուրս գալու սահմանափակ հնարավորությունների շնորհիվ Էմման ավելի շատ սկսեց ապավինել Աստծուն։ Մենք առցանց աղոթեցինք նրա հետ և հարցրինք, թե ինչով կարող էինք օգնել։ Նա խնդրեց, որ առցանց կապ հաստատենք այն ընկերների հետ, ում նա ուսուցանում էր։

Մեր ընտանիքը սկսեց առցանց կապվել Նիդեռլանդներում գտնվող Էմմայի ընկերների հետ: Մենք նրանց հրավիրեցինք միանալ մեր ամենշաբաթյա ընտանեկան Եկ, հետևիր ինձ առցանց ուսումնասիրությանը։ Ֆլորը, Լաուրան, Ռենսկեն, Ֆրիկը, Բենջամինը, Սթալը և Մուհամմադը՝ բոլորը դարձան մեր ընկերները: Նիդեռլանդների մեր ընկերներից շատերը ներս մտան «նեղ դռնով» (3 Նեփի 14․13)։ Մյուսներին ցույց է տրվել «արահետի անձկությունը և դռան նեղությունը, որով նրանք պետք է մտնեն» (2 Նեփի 31․9)։ Նրանք մեր եղբայրներն ու քույրերն են Քրիստոսում։ Ամեն շաբաթ մենք «բոլորովին ուրախություն ենք համարում», երբ միասին աշխատում ենք ուխտի ուղու վրա մեր առաջընթացի համար:

Մենք թույլ ենք տալիս, որ «համբերութիւնը կատարեալ գործ ունենայ» (Հակոբոս 1․4), այն ժամանակ, երբ որպես ծխի ընտանիքներ, չենք կարող անձամբ հանդիպել միմյանց։ Բայց մենք ուրախություն ենք համարում մեր ընտանիքի հավատքի աճը՝ նոր տեխնոլոգիաների և Մորմոնի Գիրքը Եկ, հետևիր ինձ ծրագրով ուսումնասիրելու շնորհիվ։

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը խոստացել է․ «Այս ուղղությամբ ձեր հետևողական ջանքերը, անգամ այն ժամանակ, երբ զգում եք, թե հաջողության չեք հասնում, կփոխեն ձեր կյանքը, ձեր ընտանիքի կյանքը և ամբողջ աշխարհը» («Առաջ գնացեք հավատքով», Լիահոնա, մայիս 2020, 114)։

Տաճարը,, որտեղ մենք սուրբ ուխտեր ենք կապում Աստծո հետ, փակ է: Տունը, որտեղ մենք պահում ենք Աստծո հետ կապած մեր ուխտերը, բաց է: Տանը մենք հնարավորություն ունենք ուսումնասիրելու և խորհելու տաճարային ուխտերի բացառիկ գեղեցկության մասին: Նույնիսկ այդ սուրբ տարածք ֆիզիկապես մուտք գործելու անհնարինության պայմաններում, մեր «սրտերը մեծապես կցնծան այն օրհնությունների հետևանքով, որոնք պիտի թափվեն» (Վարդապետություն և Ուխտեր 110․9

Շատերը կորցրել են աշխատանքը, մյուսները՝ հնարավորությունները: Այնուամենայնիվ, մենք ուրախանում ենք Նախագահ Նելսոնի հետ միասին, ով վերջերս հայտարարեց․ «Մեր անդամների ծոմի կամավոր նվիրատվությունները փաստացի աճել են, ինչպես նաև մեր հումանիտար ֆոնդերի հաշվին կատարվող կամավոր նվիրատվությունները։ … Միասին մենք կհաղթահարենք այս դժվար ժամանակները։ Տերը կօրհնի ձեզ, երբ դուք շարունակում եք օրհնել մյուսներին» (Russell M. Nelson’s Facebook page, post from Aug. 16, 2020, facebook.com/russell.m.nelson)։

«Քաջ եղեք» խոսքերը պատվիրան են Տիրոջից, ինչպես նաև՝ «մի՛ վախենաք» (Մատթեոս 14․27

Երբեմն անհամբեր ենք դառնում, երբ մտածում ենք, որ «ամեն ինչ ճիշտ ենք անում», և դեռ չենք ստանում մեր ուզած օրհնությունները: Ենովքը Աստծո հետ քայլեց 365 տարի, մինչ նա և իր ժողովուրդը վերցվեցին երկինք: Ամեն ինչ ճիշտ անելու երեք հարյուր վաթսունհինգ տարի տևած ձգտումներից հետո միայն դա տեղի ունեցավ: (Տես Վարդապետություն և Ուխտեր 107․49

Եղբայրս՝ Չադը մահացավ, երբ մի քանի ամիս էր անցել Յուտայի Օգդեն միսիայի նախագահությունից մեր ազատվելուց հետո։ Հրաշք էր, որ մինչ մենք ապրում էինք Հարավային Կալիֆորնիայում, բոլոր 417 միսիաներից, որոնց կարող էինք նշանակվել 2015 թվականին, մենք նշանակվել էինք հյուսիսային Յուտա։ Միսիայի տնից մինչև Չադի տուն 30 րոպե մեքենայի ճանապարհ էր։ Չադի քաղցկեղն ախտորոշվեց այն ժամանակ, երբ մենք արդեն ստացել էինք մեր միսիայի նշանակումը: Նույնիսկ ամենավատ հանգամանքներում մենք գիտեինք, որ մեր Երկնային Հայրը մտածում էր մեր մասին և օգնում էր մեզ ուրախություն գտնել։

Ես վկայում եմ Փրկիչ Հիսուս Քրիստոսի փրկագնող, սրբագործող, խոնարհեցնող և ուրախ զորության մասին։ Ես վկայում եմ, որ եթե մենք աղոթենք մեր Երկնային Հորը Հիսուս Քրիստոսի անունով, Նա կպատասխանի մեզ։ Ես վկայում եմ, որ լսելով, ականջ դնելով և ուշք դարձնելով Տիրոջ և Նրա կենդանի մարգարե՝ Նախագահ Ռասել Մ. Նելսոնի ձայնին, մենք թույլ կտանք, որ «համբերութիւնը կատարեալ գործ ունենայ» և «բոլորովին ուրախութիւն համարենք»: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: